Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

24.03.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2011  -ից մինչեւ   24.03.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-21-Ն օրենք)

i

010.0083.190604

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի մայիսի 26-ին

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, դրա մասնակիցների իրավասությունները և պատասխանատվությունը, կարգավորում է հարաբերությունները չափումների միասնականության ապահովման բնագավառում և ուղղված է քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև տնտեսության մեջ չափումների հավաստիության ապահովմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

չափագիտություն` գիտություն չափումների մասին.

օրենսդրական չափագիտություն` չափումների միասնականության ապահովմանն ուղղված չափագիտության մաս, որն իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմեր, կանոններ և պահանջներ, որոնք կանոնակարգում և հսկում է պետությունը.

չափումների միասնականություն` չափումների այնպիսի աստիճան, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների` օրենքով և իրավական այլ ակտերով ընդունված միավորներով, իսկ չափումների սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից.

չափման միջոց, չափիչ սարք` տեխնիկական միջոց, որը նախատեսված է չափում կատարելու համար, ինքնուրույն կամ այլ լրացուցիչ սարքի հետ, որն ունի նորմավորված չափագիտական բնութագրեր.

մեծության միավորի էտալոն` չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է մեկ կամ մի քանի արժեքների կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման և կիրառման համար.

ազգային էտալոն` էտալոն, որը չափագիտության ազգային մարմնի որոշմամբ ճանաչվել է որպես ելակետային Հայաստանի Հանրապետության համար.

աշխատանքային էտալոն` էտալոն, որը նախատեսված է աշխատանքային չափման միջոցներին չափի փոխանցման համար.

չափագիտության ազգային մարմին` կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում.

չափման միջոցների ստուգաչափում` գործողություն, որը նպատակ ունի որոշել և հավաստել պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտներում կիրառվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի համապատասխանությունը չափումների միասնականության ապահովման համակարգի` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին.

չափման միջոցների ստուգաճշտում (կալիբրավորում)` գործողություն, որը որոշակի առաջադրված պայմաններում որոշում է չափման միջոցով, չափողական համակարգով, չափով կամ ստանդարտ նմուշով ստացված մեծությունների արժեքների և էտալոններով վերարտադրված համապատասխան արժեքների հարաբերակցությունը.

չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատ` չափագիտության ազգային մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է, որ տվյալ չափման միջոցի տեսակը հաստատված է և համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին.

չափումների կատարման մեթոդիկա` գործողությունների և կանոնների ամբողջություն, որոնց կատարումն ապահովում է երաշխավորված ճշտությամբ չափման արդյունքների ստացումն ընդունված մեթոդի համաձայն.

չափման միջոցների չափագիտական վկայագրում` եզակի օրինակով արտադրվող (կամ ներմուծվող) չափման միջոցները կիրառման համար սույն օրենքով սահմանված կարգով ճանաչելը.

հավատարմագրում` ընթացակարգ, որի միջոցով իրավասու մարմինը ճանաչում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավասությունը` կատարել ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում.

հավատարմագրված անձ` սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

պետական գրանցամատյան` սահմանված կարգով տեսակը հաստատված չափման միջոցների, ստանդարտ նմուշների գրանցման համար նախատեսված գրանցամատյան:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում չափագիտության և չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ոլորտում չափումների միասնականության ապահովման գործունեության առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2.
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 5. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգը (այսուհետ` ՉՄԱԱՀ) բաղկացած է հետևյալ իրար հետ փոխհամագործակցող ենթահամակարգերից` իրավական, կազմակերպական և տեխնիկական:

2. ՉՄԱԱՀ-ի իրավական ենթահամակարգն իրավական ակտերի համալիր է, որով սահմանվում են չափագիտական ընդհանուր կանոնները և նորմերը, պետական ստուգաչափական սխեմաները, ստուգաչափման և չափումների կատարման մեթոդիկաները:

3. ՉՄԱԱՀ-ի կազմակերպական ենթահամակարգն ընդգրկում է`

1) չափագիտության ազգային մարմինը.

2) չափագիտության ազգային ինստիտուտը.

3) չափագիտության ոլորտում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինները, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. ՉՄԱԱՀ-ի տեխնիկական ենթահամակարգն ընդգրկում է`

1) մեծությունների միավորների ազգային էտալոնները, աշխատանքային էտալոնները.

2) բարձր ճշտության սարքավորումները.

3) ստանդարտ նմուշները.

4) փորձարկման սարքավորումները, որոնք անհրաժեշտ են պետական չափագիտական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ԷՏԱԼՈՆՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում չափումների ժամանակ կիրառվում են Չափի և կշռի միջազգային գլխավոր համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները:

2. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևը և դրանց կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության թույլատրած մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ:

4. Արտաքին առևտրում միջազգային պայմանագրերի համաձայն կարող են կիրառվել մեծությունների այլ համակարգի միավորներ:

5. Արտահանվող արտադրանքի, այդ թվում` չափողական տեխնիկայի և ծառայությունների բնութագրերը և ցուցանիշները կարող են արտահայտվել պատվիրատուի սահմանած միավորներով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԷՏԱԼՈՆՆԵՐԸ

 

1. Չափումների միասնականության ազգային համակարգի տեխնիկական հիմքը կազմում են մեծությունների միավորների ազգային էտալոնները, աշխատանքային էտալոնները, որոնք ելակետային են Հայաստանի Հանրապետության տարածքում և նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման և պահպանման համար, ինչպես նաև տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին իրենց չափերի փոխանցման համար:

2. Էտալոններն ստեղծվում, պահպանվում և կիրառվում են չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով:

3. Ազգային էտալոնները պետության սեփականություն են և հաստատվում են չափագիտության ազգային մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Չափման միջոցներն օգտագործվում են կիրառման թույլատրված միավորներով արտահայտված մեծությունների արժեքը որոշելու համար և պետք է համապատասխանեն դրանց շահագործման պայմաններին և չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտների պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ

 

1. Չափումների կատարման մեթոդիկան սահմանում է չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, չափումների կատարման նախապատրաստման կանոնները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:

3. Չափումների կատարման մեթոդիկաների մշակման և չափագիտական վկայագրման կարգը սահմանվում է չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

Ստանդարտ նմուշը չափ է, որն օգտագործվում է չափման միջոցների ստուգաչափման, ճշգրտության գնահատման, ինչպես նաև նյութերի բաղադրության, հատկությունների տեխնիկական բնութագրերը բնորոշող մեծությունների արժեքների որոշման ժամանակ: Ստանդարտ նմուշների տեսակը հաստատված է համարվում հաստատված ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում դրա գրանցելու պահից:

 

ԳԼՈՒԽ 4.
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 11. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը:

2. Չափագիտության ազգային մարմինը`

1) մշակում և իրականացնում է պետական քաղաքականությունը չափումների միասնականության ապահովման բնագավառում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում կիրառման թույլատրվելիք մեծությունների միավորների վերաբերյալ.

3) համակարգում է չափագիտության ազգային ինստիտուտի գործունեությունը չափումների միասնականության ապահովման բնագավառում.

4) լիցենզավորում է տնտեսավարող սուբյեկտների չափման միջոցների արտադրության, նորոգման գործունեությունը.

5) իրականացնում է պետական չափագիտական վերահսկողություն.

6) հաստատում է ստանդարտ նմուշների, պետական փորձարկումներ անցած չափման միջոցների տեսակը, վարում է տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանը.

7) վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանը.

8) որոշումներ է կայացնում չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատների, պետական փորձարկումների, ստուգաչափման արդյունքների ճանաչման (չճանաչման) մասին` միջպետական և միջկառավարական պայմանագրերի համաձայն.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

10) հավատարմագրում է չափման միջոցների ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

 

1. Չափագիտության ազգային ինստիտուտն ազգային մարմնի ենթակայության կազմակերպություն է, որի նպատակն է իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնել չափագիտության բնագավառում պետական քաղաքականություն:

2. Չափագիտության ազգային ինստիտուտը`

1) ստեղծում, կատարելագործում, պահպանում և կիրառում է մեծությունների միավորների էտալոններ, ստեղծում է մեծությունների միավորների չափերի փոխանցման համակարգը.

2) իրականացնում է չափագիտության բնագավառում գիտական հետազոտություններ.

3) պահում, պահպանում է ազգային էտալոնները.

4) ապահովում է ազգային էտալոնների միջպետական և միջազգային էտալոնների հետ բաղդատումը.

5) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի և հաճախականության չափումների միասնականությունը.

6) իրականացում է չափման միջոցների պետական փորձարկումներ և հաստատված տեսակին համապատասխանության փորձարկումներ.

7) տալիս է չափման միջոցի տեսակի հաստատման հնարավորության և (կամ) մերժման մասին եզրակացություն.

8) կազմակերպում և իրականացնում է պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքները.

9) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափումը, չափագիտական վկայագրումը, չափումների կատարումը.

10) մասնակցում է չափումների միասնականության ապահովման հարցերով միջպետական, միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.

11) կազմակերպում է չափագիտության բնագավառում տեղեկատվության և դրանց վերաբերյալ նյութերի հրապարակում.

12) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

1. Պետական չափագիտական հսկողությունը և վերահսկողությունը տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են`

1) մարդու կյանքի պահպանման, առողջության, ախտորոշման աշխատանքների ժամանակ.

2) արտադրանքի և ծառայությունների որակի և անվտանգության հսկողության և փորձարկումների ժամանակ.

3) շրջակա միջավայրի վիճակի հսկողության ժամանակ.

4) աշխատանքի պայմանների անվտանգության հսկողության ժամանակ.

5) առևտրային գործողություններում, գնորդի ու վաճառողի, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում.

6) բանկային, հարկային և մաքսային գործարքներում.

7) էներգետիկ և բոլոր տեսակի նյութական պաշարների (էլեկտրական և ջերմային էներգիայի, գազի, ջրի, նավթամթերքի և այլն) հաշվառման ժամանակ.

8) արտադրանքի, ծառայությունների համապատասխանության հսկողության ժամանակ.

9) հատուկ կարևորության օբյեկտներում իրականացվող աշխատանքներում.

10) տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելիս:

 

ԳԼՈՒԽ 5.
ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 14. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Պետական չափագիտական հսկողության տեսակներն են`

1) չափման միջոցների պետական փորձարկումները, տեսակի հաստատումը, հաստատված տեսակին համապատասխանության փորձարկումները.

2) չափման միջոցների ստուգաչափումը և չափագիտական վկայագրումը.

3) չափման միջոցների արտադրության, նորոգման գործունեության լիցենզավորումը.

4) չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրումը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

i

1. Չափման միջոցների տեսակի հաստատման մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը` չափագիտության ազգային ինստիտուտի տված տեսակի հաստատման հնարավորության կամ մերժման մասին եզրակացության հիման վրա:

2. Տեսակը հաստատված չափման միջոցները գրանցվում են Հայաստանի Հանրապետության չափման միջոցների պետական գրանցամատյանում:

3. Տեսակը հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը և գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

4. Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի:

5. Եզակի օրինակով արտադրված կամ ներմուծված պետական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները ենթակա են չափագիտական վկայագրման, տեսակի հաստատման և պետական գրանցման:

6. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում տեսակը չհաստատված չափման միջոցների շահագործումը և իրացումը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Տեսակի հաստատման նպատակով իրականացվող չափման միջոցների պետական փորձարկումները կատարվում են հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա:

2. Հայտին կից ներկայացվում են`

1) փորձարկման ենթակա չափման միջոցի երեք նմուշ.

2) տվյալ չափման միջոցի վերաբերյալ տեխնիկական պահանջներ սահմանող նորմատիվ փաստաթուղթ կամ դրա վերաբերյալ սպառիչ տեղեկություն.

3) շահագործման պահանջները սահմանող փաստաթղթերը.

4) ստուգաչափման մեթոդիկան.

5) չափման միջոցի տեսակի նկարագիրը:

3. Հայտի ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացված փաստաթղթերի փորձաքննության, չափման միջոցների փորձարկումների կամ չափագիտական վկայագրման արդյունքների հիման վրա չափագիտության ազգային ինստիտուտը կազմում է տեսակի հաստատման հնարավորության կամ մերժման մասին եզրակացություն:

4. Դրական եզրակացության դեպքում չափագիտության ազգային ինստիտուտը հաստատում է չափման միջոցի տեսակի նկարագիրը և հայտին կից փաստաթղթերի, փորձաքննության և փորձարկման արդյունքների և իր եզրակացության հետ ներկայացնում է չափագիտության ազգային մարմին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո չափագիտության ազգային մարմինը երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում չափման միջոցի տեսակը հաստատելու կամ մերժելու մասին, որի մասին տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

6. Աննպատակահարմարության պատճառով չափման միջոցի տեսակի հաստատման մերժումն արգելվում է:

7. Չափման միջոցի տեսակը հաստատելու մասին որոշումն ընդունելուց և հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո` երկու օրվա ընթացքում, չափագիտության ազգային մարմինը չափման միջոցի հաստատված տեսակը գրանցում է տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում, ձևակերպում և հայտատուին է հանձնում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատը կամ չափման միջոցի չափագիտական վկայագրման մասին վկայականը:

8. Չափման միջոցի տեսակը հաստատված է համարվում տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում գրանցման պահից:

9. Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի և չափագիտական վկայագրման մասին վկայականի ձևերը և գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

 

i
ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-20-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 17.1. ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում չափագիտության ազգային մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(17.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-20-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 18. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄԸ

 

i

1. Չափման միջոցները, որոնց վրա տարածվում է պետական չափագիտական հսկողությունը` արտադրությունից, նորոգումից հետո և շահագործման ժամանակ, չափագիտության ազգային ինստիտուտի կողմից ենթակա են ստուգաչափման:

2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք արտադրում, նորոգում, վաճառում և կիրառում են չափման միջոցներ, սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոլորտներում չափումներ կատարելու համար պարտավոր են դրանք ներկայացնել ստուգաչափման` սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցում:

3. Չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

4. Համապատասխան ազգային էտալոններ և մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` չափագիտության ազգային մարմնի ներկայացմամբ:

5. Չափման միջոցների ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական:

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:

7. Չափման միջոցների ստուգաչափման դրոշմի, ստուգաչափման մասին վկայականի և ծանուցագրի ձևը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

8. Չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄԸ (ԿԱԼԻԲՐԱՎՈՐՈՒՄԸ)

 

1. Չափման միջոցների ստուգաճշտումն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը:

2. Չափման միջոցների ստուգաճշտման դրոշմի, ստուգաճշտման մասին վկայականի և ծանուցագրի ձևը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ, ՆՈՐՈԳԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Չափման միջոցների արտադրության, նորոգման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

i
ՀՈԴՎԱԾ 21. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

1. Չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում են իրականացնում միայն սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Հավատարմագրումն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը սույն օրենքին և չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան (այսուհետ` հավատարմագրման չափանիշներ):

3. Հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:

4. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հավատարմագրված լինելը հավաստվում է չափագիտության ազգային մարմնի տված հավատարմագրման վկայագրով:

5. Հավատարմագրման վկայագրի ձևը և գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

6. Հավատարմագրման վկայագրի առավելագույն ժամկետը սահմանվում է երկու տարի:

7. Հավատարմագրման նպատակով հայտատուն չափագիտության ազգային մարմին է ներկայացնում հայտ:

8. Հայտին կից երկու օրինակից ներկայացվում է`

1) հավատարմագրման ոլորտի նախագիծը.

2) հայտատուի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի, տարածքի վերաբերյալ, ինչպես նաև հայտատուի ցանկությամբ այլ տեղեկություններ.

3) հայտատուի պետական գրանցման վկայականի և կանոնադրության (եթե հայտատուն իրավաբանական անձ է) պատճենները:

9. Հայտն ընդունելուց հետո այն գրանցվում և դրան կից փաստաթղթերի հետ տասն օրվա ընթացքում ենթարկվում է փորձաքննության:

10. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա հայտը մերժվում է:

11. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք համապատասխանում են սույն օրենքի պահանջներին, ապա չափագիտության ազգային ինստիտուտն ստեղծում է փորձագետներից և մասնագետներից կազմված հանձնաժողով` հայտատուի հավատարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար` ըստ հայտատուի գտնվելու վայրի:

12. Գնահատման հանձնաժողովից գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունն ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, չափագիտության ազգային ինստիտուտն ամփոփում է փաստաթղթերի փորձաքննության արդյունքներն ու գնահատման հանձնաժողովի հաշվետվությունը և ազգային մարմին է ներկայացնում եզրակացություն` հայտատուին հավատարմագրելու կամ հայտը մերժելու մասին:

13. Հայտատուին հավատարմագրելու և (կամ) հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը: Հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո` երեք օրվա ընթացքում, չափագիտության ազգային մարմինը ձևակերպում, գրանցում է հավատարմագրման վկայագիրը հավատարմագրված անձանց գրանցամատյանում և հանձնում է հավատարմագրված իրավաբանական անձին:

14. Հայտատուն հավատարմագրված է համարվում հավատարմագրման վկայագրի գրանցման պահից:

15. Հավատարմագրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

Պետական տուրքը չվճարելը կամ դրա վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք է հավատարմագրման վկայագրի գրանցումը մերժելու համար:

16. Հավատարմագրման վկայագրի հետ հավատարմագրված անձին է հանձնվում հավատարմագրման նպատակով նրա ներկայացրած փաստաթղթերի մեկ օրինակը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հայտատուն կամ հավատարմագրված անձը կարող է հավատարմագրման վերաբերյալ չափագիտության ազգային մարմնի ընդունած որոշումները բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6.
ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 23. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Պետական չափագիտական վերահսկողության նպատակն է չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը:

2. Պետական չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոլորտների վրա:

3. Պետական չափագիտական վերահսկողության խնդիրներն են`

1) հաստատված տեսակին թողարկվող չափման միջոցների համապատասխանության որոշումը.

2) չափման միջոցների ստուգաչափման համար կիրառվող չափման միջոցների, այդ թվում` էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշումը.

3) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.

4) չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին համապատասխան չափագիտական կանոնների և նորմերի պահպանումը:

4. Պետական չափագիտական վերահսկողությունը ներառում է`

1) չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողությունը.

2) օտարման ենթակա ապրանքների քանակը որոշող չափումների կատարման ճշտության նկատմամբ վերահսկողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Պետական չափագիտական վերահսկողությունն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը` իր կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` տեսչություն) միջոցով, որի ղեկավարը Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ):

2. Պետական չափագիտական վերահսկողությունն իրականացնում են գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչները` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

i

3. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատում է չափագիտության ազգային մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գլխավոր պետական տեսուչը`

1) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` քննում է վարչական իրավախախտումների մասին գործերը և իր իրավասության սահմաններում ընդունում համապատասխան որոշումներ.

2) կարգադրագրով արգելում է չափման միջոցների արտադրությունը և իրացումը, եթե դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին կամ չափագիտական կանոններին ու նորմերին.

3) կարգադրագրով արգելում է չափման միջոցների շահագործումը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում, չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ.

4) կարգադրագրով արգելում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործումը, եթե այն ոչ ճիշտ ցուցմունք է տալիս.

5) լիցենզավորված անձանց կողմից չափագիտական կանոնների ու նորմերի խախտման դեպքում չափագիտության ազգային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն` չափման միջոցների արտադրման, նորոգման լիցենզիաների գործողության դադարեցման վերաբերյալ.

6) օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին կամ դատարան` օրենքով սահմանված միջոցներ կիրառելու համար.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պետական տեսուչը`

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի առաքումը և իրացումը.

2) գլխավոր պետական տեսուչին ներկայացնում է առաջարկություններ` վերջինիս իրավասության հարցերով.

3) չափագիտական կանոններին ու նորմերին ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանության ստուգման նպատակով հրավիրում է չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական և (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

2. Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

3. Պետական տեսուչների գործողությունները կարող են բողոքարկվել գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:

4. Գլխավոր պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել չափագիտության ազգային մարմնի ղեկավարին կամ դատարան:

5. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

 

i
ՀՈԴՎԱԾ 28. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԸ

 

1. Կարգադրագիրը գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`

1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների արտադրության կամ իրացման արգելմանը` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը.

2) չափման միջոցների շահագործման արգելմանը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին.

3) ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունքներ է տալիս.

4) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի առաքման, իրացման արգելմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:

3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչությանը:

4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնում է գլխավոր պետական տեսուչը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 7.
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 29. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`

1) ազգային էտալոնների ստեղծումը (ձեռքբերումը), կատարելագործումը, պահպանումը, սպասարկումը, միջպետական կամ միջազգային էտալոնների հետ բաղդատումը.

2) չափագիտության բնագավառում հետազոտական աշխատանքների կատարումը.

3) չափագիտության բնագավառի նորմատիվ, իրավական փաստաթղթերի մշակումը.

4) միասնական ժամանակի և հաճախականության ապահովման և ստանդարտ նմուշների մշակման հետ կապված աշխատանքները.

5) չափագիտության բնագավառի պետական, գիտատեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները.

6) պետական չափագիտական վերահսկողության աշխատանքները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄԸ

 

1. Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցվող ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:

i

2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գներով:

3. Պատվիրատուն փոխհատուցում է կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:

 

ԳԼՈՒԽ 8.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 31. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև պետական մարմինները և պաշտոնական անձինք սույն օրենքի դրույթները խախտելու համար կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 32. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-112 Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

19 հունիսի 2004 թվականի

ՀՕ-83-Ն

 

 

pin
ՀՀ 26.05.2004
N ՀՕ-83-Ն օրենք