Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

100.0581.160604

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         06           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204166

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 հունիսի 2004 թվականի N 581-Ն

 

i

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.3-04-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-04-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-04-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2004 թվականի հունիսի 1-ի

N-581-Ն հրամանով

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր

 

N 2-III-4.3-04-2003

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում (տաղավարներ, կրպակներ, սայլակներ, ավտոկրպակներ, ավտոմատ սարքեր և այլն) սննդամթերքի ստացմանը, պահմանը և իրացմանը (վաճառքին), ինչպես նաև սննդամթերքի փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները:

1.2. Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպությունները լինում են ստացիոնար (տաղավարներ, կրպակներ և այլն) և շարժական (սայլակներ, ավտոկրպակներ, ավտոմատ սարքեր և այլն):

 

2. ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2.1. Կազմակերպության ներսային պատերը ծածկվում են խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող հիգիենիկ ծածկով, իսկ հատակը լինում է հարթ, առանց ճեղքերի: Չի թույլատրվում պատերը և առաստաղը պաստառապատել:

2.2. Վաճառողների անձնական իրերի պահման համար հատկացվում է պահարան կամ առանձնացված տեղ:

2.3. Սննդամթերքի մանրածախ առևտրի ստացիոնար կազմակերպությունները ապահովվում են օժանդակ հարմարություններով` օրվա ընթացքում վաճառվող սննդամթերքի և տարաների պահման համար:

2.4. Բոլոր կազմակերպությունները, բացի միայն փաթեթավորված սննդամթերք վաճառողներից, ապահովվում են «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող հոսող սառը և տաք ջրով, լվացարանով, մաքրման և անձնական հիգիենայի պարագաներով, կափարիչով փակվող տարողությունով` աղբի հավաքման համար, իսկ միայն փաթեթավորված սննդամթերք վաճառող կազմակերպությունները` հոսող սառը ջրով, լվացարանով, մաքրման և անձնական հիգիենայի պարագաներով:

 

3. ԳՈՒՅՔԻՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Կազմակերպությունը կահավորվում է հեշտ մաքրման և լվացման հնարավորություն ընձեռող նյութերից պատրաստված վաճառատեխնոլոգիական գույքով:

3.2. Սարքավորումները, գույքը, տարաները, ամանեղենը պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:

3.3. Սննդամթերքի տարաները և փաթեթավորման թաղանթները լինում են մաքուր, առանց կողմնակի հոտի և ամբողջականությունը չխախտված:

3.4. Սննդամթերքի մանրածախ առևտրի կրպակները լինում են մասնագիտացված և կրպակներում իրացվում է սննդամթերքի սահմանափակ տեսականի (միայն մեկ խմբի սննդամթերք, օրինակ` կաթ-կաթնամթերք, հաց-հացաբուլկեղեն, միս-մսամթերք և այլն):

Տաղավարներում սննդամթերքի պահման և իրացման համապատասխան պայմանների առկայության դեպքում թույլատրվում է տարբեր խմբի սննդատեսակների վաճառքը:

3.5. Կազմակերպություններում իրացվող հատկապես արագ փչացող սննդամթերքը ձեռք է բերվում միայն որակը և մարդու առողջության համար անվտանգությունը հավաստող, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում, որոնցում նշվում են սննդամթերքի արտադրման ամսաթիվը, ժամը, պահման պայմանները (ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը) և պիտանիության ժամկետը:

Չի թույլատրվում առանց նշված փաստաթղթերի առկայության, ինչպես նաև ըստ սահմանված կարգի մակնշում չունեցող սննդամթերքի իրացումը:

3.6. Կազմակերպություն ընդունվող հատկապես արագ փչացող սննդամթերքի պահումը և իրացումը կատարվում է «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմանները և ժամկետները» N2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի, ինչպես նաև տվյալ սննդատեսակի նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ քանակը որոշվում է ելնելով այդ տեսակի սննդամթերքի պահման համար առկա սառնարանային սարքավորումների ծավալից:

3.7. Սառնարանային սարքավորումներով չապահովված սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում չի թույլատրվում հատկապես արագ փչացող սննդամթերքի ստացումը և իրացումը:

3.8. Սննդամթերքի պահման և իրացման ժամանակ պահպանվում է սննդամթերքի թույլատրելի հարևանությունը (չի թույլատրվում հում մթերքի և կիսապատրաստվածքների պահումը պատրաստի սննդատեսակների հետ համատեղ):

Յուրահատուկ հոտով սննդամթերքը (ձկնեղեն, երշիկեղեն, ապուխտներ, համեմունքներ և այլն) պահվում է հոտ կլանող մթերքից առանձին:

3.9. Չի թույլատրվում ընդունել անասնաբուժական ծառայության կողմից չդրոշմված, ճեղքվածքներ ունեցող, կեղևի ամբողջականությունը խախտված, կեղտոտված հավի ձվեր, ձվի զանգված:

3.10. Հացի և հացաբուլկեղենի պահման ու վաճառքի գործընթացում կարտոֆիլային հիվանդության նշանների հայտնաբերման դեպքում դրանք անմիջապես հանվում են վաճառքից: Հացի կարտոֆիլային հիվանդության առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ տաք ջրով և օճառով լվանալ հացի պահման դարակները, սրբել քացախաթթվի 1%-անոց լուծույթով, ապա չորացնել:

3.11. Կրեմային հրուշակեղենի ընդունման ժամանակ չի թույլատրվում վերջիններիս տեղափոխումը մատակարարի տարայից խանութի տարայի մեջ:

Չի թույլատրվում կրեմային հրուշակեղենի ընդունումը օգտագործված ստվարաթղթե արկղերով կամ ամուր չփակվող մետաղյա տեփուրներով, չփաթեթավորված վիճակում, ինչպես նաև տորթերի և հատով կրեմային հրուշակների փոխադրումը բաց վիճակում` թերթերի, տեփուրների կամ սկուտեղների վրա:

Ամռան շոգ ժամանակաշրջանում, սննդային թունավորումների կանխարգելման նպատակով, չի թույլատրվում սերուցքային, ջերմային մշակման չենթարկված սպիտակուցային (բեզե), կաթնաշոռով, եփած կրեմներով, ինչպես նաև ջրային ֆազայում 60%-ից ցածր շաքար պարունակող կրեմներով կրեմային հրուշակեղենի իրացումը:

3.12. Չի թույլատրվում իրացնել թերություններ ունեցող` արտափքված կափարիչով, ձևափոխված տարայով, փաթիլավորում, արտահոս, միջանցիկ ճեղքեր, արտահայտված մանրէային աղտոտվածությամբ (բորբոսասնկեր, լորձավորում, խմորում) պահածոներ:

3.13. Պատրաստի տաք արտադրանքը (կարկանդակներ, փքաբլիթներ և այլն), իրացվում է հավասարաջերմ կամ տաքացվող տարողություններից, սայլակներից:

Սառեցված սննդատեսակները (պաղպաղակ, մրգեր, հատապտուղներ) իրացվում են հավասարաջերմ կամ սառեցնող տարողություններից, սարքավորումներից:

Չփաթեթավորված սննդատեսակները իրացվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից պատրաստված փաթեթավորման թաղանթներով (թղթե անձեռոցիկներ, տոպրակներ, պոլիմերային փաթեթներ, ստվարաթղթե տուփեր և այլն):

3.14. Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինները կատարում են սննդամթերքի հիգիենիկ փորձաքննություն միայն հատուկ սանիտարահամաճարակային ցուցումների դեպքում: Անորակ, փչացած և ոչ ստանդարտ սննդամթերքի փորձաքննությունը, որը չի պահանջում հատուկ բժշկական գիտելիքներ, կատարվում է տնօրինության կողմից:

3.15. Սննդամթերքի մանրածախ առևտուր կատարող կազմակերպություններում աշխատանքն ավարտվելուց հետո կատարվում է խոնավ մաքրում` լվացող նյութերի օգտագործմամբ: Առևտրի և մեխանիկական սարքերը (կշեռքներ, վաճառասեղաններ, ցուցափեղկեր, ձևավորող սարքեր, գույք և այլն) մշակվում են հիմնային (կալցիումացված սոդայի) լուծույթով, ապա լվացվում տաք ջրով:

3.16. Շաբաթը մեկ անգամ կատարվում է հիմնական մաքրում` լվացող և ախտահանող միջոցների օգտագործմամբ:

3.17. Մանրածախ առևտուր կատարող կազմակերպություններում չի թույլատրվում`

- կազմակերպել սննդատեսակների արտադրություն ու խոհարարական արտադրանքի պատրաստում,

- իրացնել հատկապես արագ փչացման ենթակա սննդատեսակներ, եթե չկան դրանց վաճառքի համար հիգիենիկ պայմաններ և սառնարանային սարքավորումներ,

- սննդամթերքի հետ համատեղ վաճառել քիմիական նյութեր, տնտեսական, արդյունաբերական, կենցաղային քիմիայի և այլ ապրանքներ,

- սննդամթերքը կշռել անմիջապես կշեռքի վրա` առանց փաթեթավորման,

- համատեղ պահել և իրացնել պարենահումք (ձու, հում միս, ձուկ, թռչնի միս, բանջարեղեն և այլն) ու պատրաստի սննդատեսակներ (կարագ, պանիր, երշիկեղեն, հրուշակեղեն և այլն),

- պահել սննդամթերքը բաց տարայի մեջ, հատակի վրա,

- գնորդի տարայից սննդամթերքը ետ լցնել կազմակերպության տարայի մեջ,

- կազմակերպությունում պահել առևտրին չվերաբերող կողմնակի առարկաներ, իրեր, սարքեր,

- կողմնակի անձանց մասնակցությունը սննդամթերքի վաճառքին,

- շարժական սարքավորումները և չիրացված արտադրանքը պահել վաճառողների տներում,

- ստանալ ու վաճառել պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:

 

4. ԳԱՐԵՋՐԻ ԵՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Զովացուցիչ ջրերի, ոչ ալկոհոլային ըմպելիքների ավտոմատ սարքավորումներն ապահովվում են աղտոտումից պաշտպանող հարմարանք ունեցող բաժակների լվացման սարքով: Սարքը ապահովում է բաժակների միաժամանակյա լվացումը դրսից և ներսից` ջրի բավարար ճնշում ունեցող շիթով:

4.2. Հոսող ջրի և ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում չի թույլատրվում տարողություններ (բաժակ, գավաթ և այլն) լցնելու եղանակով վաճառել զովացուցիչ ջրեր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, գազեցված ջրեր:

4.3. Միանգամյա օգտագործման բաժակները օգտագործելուց հետո ձևափոխվում ու նետվում են աղբարկղ: Չի թույլատրվում միանգամյա օգտագործման բաժակների լվացումը և կրկնակի օգտագործումը:

4.4. Չի թույլատրվում գավաթների և բաժակների լվացումը դույլերի, թասերի ու նմանատիպ տարողությունների մեջ: Մանրածախ առևտրի կազմակերպություններում զովացուցիչ, ոչ ալկոհոլային ըմպելիքի ու հյութերի վաճառքի ժամանակ բաժակները ներարկիչների օգնությամբ լվացվում են կրկնակի անգամ: Աշխատանքային օրվա վերջում բաժակները լվացվում են այդ նպատակի համար նախատեսված լվացող միջոցներով, ապա պարզաջրվում հոսող տաք ջրով (60oC-ից ոչ պակաս):

4.5. Գավաթների, բաժակների լվացման համար օգտագործված ջուրը բաց է թողնվում ջրահեռացման համակարգ:

4.6. Լվացված գավաթները և բաժակները պահվում են հատուկ մատուցարանի կամ տեփուրների վրա, շրջված վիճակում: Վերջիններս օգտագործելուց առաջ ողողվում են հոսող ջրով:

4.7. Օշարակից պատրաստված գազեցված ջրի վաճառքի դեպքում օշարակը լցվում է վերևից փակ, իսկ ներքևից ծորակ ունեցող, օշարակի անվան և բաղադրության նշումով պիտակավորված չափանշված ապակյա տարայի մեջ:

4.8. Ապակյա տարաներով հյութը և ջուրը վաճառքից առաջ ստուգվում է լույսի տակ` պղտորության, նստվածքի, օտար մասնիկների հայտնաբերման նպատակով, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում դրանց վաճառքը:

4.9. Առևտուրն ավարտելուց հետո տարողությունները, ներարկիչները մանրակրկիտ մաքրվում, լվացվում են, իսկ գազավորիչ սարքերի մեջ մնացած ջուրը` դատարկվում:

4.10. Յուրաքանչյուր գազավորիչ սարք ունենում է տեխնիկական անձնագիր` տրված պատրաստող կազմակերպության կողմից:

4.11. Չի թույլատրվում.

ա) վաճառել զովացուցիչ ջրեր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ բաց տարայից,

բ) գազավորիչ սարքի մեջ թողնել ջուր հաջորդ օրվա համար,

գ) տեղում պատրաստել զովացուցիչ ըմպելիք` ներկանյութերի, բուրահաղորդիչների և այլ սննդային հավելումների օգտագործմամբ,

դ) իրացնել զովացուցիչ ջրեր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, հյութեր ինքնաշեն սարքերից:

4.12. Զովացուցիչ ջրերը, ոչ ալկոհոլային ըմպելիքները պահվում են չոր, լավ օդափոխվող, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, օդի հարաբերական խոնավության 75%-ից ոչ բարձր պայմաններում: Ոչ ալկոհոլային ըմպելիքների պիտանիության ժամկետներն ու պահման ջերմային ռեժիմները համապատասխանում են նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

4.13. Ըմպելիքի իրացման բաքերը, բաժնեչափիչ սարքերը, ֆիլտրերը, ավտոմատների խողովակաշարերը և բաժակ լվացող սարքերը լվացվում են կալցիումացված սոդայի 0,5% կամ դրան համարժեք լվացող այլ լուծույթով, ապա մանրակրկիտ ողողվում են 65oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրով:

 

5. ՊԱՂՊԱՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Սառնարաններից, հավասարաջերմ կամ սառեցնող սարքավորումներից պաղպաղակը վաճառվում է արտադրող կազմակերպության փաթեթավորումով:

5.2. Վաֆլիով պաղպաղակները իրացվում են թղթե անձեռոցիկներով կամ սննդամթերքի հետ շփման համար նախատեսված այլ նյութերից պատրաստված փաթեթավորման թաղանթներով:

5.3. Չի թույլատրվում փաթեթավորված պաղպաղակը բաժանել փոքր կտորների:

5.4. Չի թույլատրվում չփաթեթավորված պաղպաղակի վաճառքը փողոցներում:

5.5. Օրվա ընթացքում չիրացված պաղպաղակը պահվում է սառեցված վիճակում:

5.6. Չի թույլատրվում հալված և կրկնակի սառեցված պաղպաղակի վաճառքը:

5.7. Սառեցման միջոցներով ապահովված սննդամթերքի մանրածախ վաճառքի կազմակերպություններում պաղպաղակը պահվում է -12oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում` 5 օրից ոչ ավելի:

5.8. Չի թույլատրվում պաղպաղակի համար նախատեսված սառնարաններում, սառեցնող սարքավորումներում պաղպաղակի հետ համատեղ պահել և իրացնել այլ արագ փչացող սննդատեսակներ` միս, ձկնեղեն, երշիկեղեն, ձու և այլն:

 

6. ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ, ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6.1. Մրգերի և բանջարեղենի խառը վաճառքի դեպքում, մրգերը առանձնացվում են և դրանց համար հատկացվում է առանձին կշեռք:

6.2. Կանաչեղենի թարմացման համար օգտագործվում է «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջուր:

Չի թույլատրվում կանաչեղենի թարմացման համար օգտագործել կենցաղային քիմիայի, թունավոր նյութերի և սուր հոտով այլ ապրանքի տարաներ:

6.3. Չի թույլատրվում փչացած կամ նեխած կանաչեղենի, բանջարեղենի, մրգերի և հատապտուղների վաճառքը:

6.4. Մրգերով և բանջարեղենով լցված տարաները պահվում են դարակների վրա:

6.5. Ձմերուկը, դդումը, կարտոֆիլը, կաղամբը կարող են պահվել կույտերով` փայտյա արգելքներով առանձնացված հարթակներում: Հարթակի ներսում ձմերուկը, դդումը, կաղամբը պահվում են դարակների կամ բրեզենտի վրա, ծածկվում բրեզենտով կամ այլ ծածկոցներով:

 

7. ՄՍԻ ԵՎ ՄՍԵՂԻՔԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1. Միսը ընդունվում է միայն անասնաբույժի զննումը հավաստող փաստաթղթի և դրոշմի առկայության դեպքում:

7.2. Չի թույլատրվում պայմանական պիտանի մսի ստացումը և վաճառքը:

7.3. Պաղեցված միսը (մսեղիք և կիսամսեղիք) պահվում է կախված վիճակում այնպես, որ դրանք չհպվեն միմյանց, սենքի հատակին և պատերին: Սառեցված միսը թույլատրվում է պահել դարակաշարերի և ապրանքատակերի վրա: Մսի կիսապատրաստվածքները, ենթամթերքը, սառեցված և պաղեցված թռչունը պահվում է մատակարարողի փաթեթներում: Փաթեթները դարսելիս արկղերի միջև տեղադրվում են փայտյա ձողիկներ` դրանց միջև օդի լավ շրջանառություն ապահովելու համար:

7.4. Մսի կախիչները պատրաստվում են կոռոզիայի չենթարկվող մետաղից:

7.5. Մսի մշակման տախտակները և կոճղերը պատրաստվում են ամուր փայտատեսակներից և ունենում հարթ, առանց ճեղքերի մակերես: Մսի կոտրատման կոճղը դրվում է հատուկ տակդիրի վրա, դրսից ներկվում յուղաներկով, ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո մաքրվում դանակով, լվացվում տաք ջրով և ծածկվում աղի շերտով: Կոճղի մակերեսը պարբերաբար նորոգվում է (սղոցվում)` դրա սանիտարական մշակումն ապահովելու նպատակով:

7.6. Յուրաքանչյուր անգամ միս աղալուց հետո մսաղացները կազմատվում են և լվացվում հոսող տաք ջրով, լվացող միջոցների օգտագործմամբ, այնուհետև շոգեհարվում:

 

8. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Սննդամթերքի փոխադրումը կատարվում է հատուկ այդ նպատակի համար հատկացված փոխադրամիջոցներով:

8.2. Չի թույլատրվում սննդամթերքը տեղափոխել նախկինում թունաքիմիկատներ, բենզին, նավթ, այլ սուր հոտ ունեցող և թունավոր նյութեր տեղափոխած, պատահական փոխադրամիջոցներով, ինչպես նաև փոխադրել հում մթերքը և կիսապատրաստվածքները պատրաստի սննդամթերքի հետ:

8.3. Վարորդ-առաքողը, առաքողը ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` համաձայն «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003 թ. N 347-Ն որոշման պահանջների:

Վարորդ-առաքողը, առաքողը պահպանում են անձնական հիգիենայի և սննդամթերքի տեղափոխման կանոնները, սննդամթերք բեռնաթափելու ժամանակ` հագնում հատուկ արտահագուստ:

8.4. Հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրումը կատարվում է համապատասխան մակնշում ունեցող, սառեցնող հարմարանքով ապահովված կամ հավասարաջերմ փոխադրամիջոցով:

8.5. Հացը և հացաբուլկեղենը փոխադրվում են տեփուրներում, հատուկ փակ ավտոմեքենաներով: Վերջիններս ունենում են համապատասխան մակնշում:

8.6. Կրեմային հրուշակեղենը փոխադրվում է սառեցնող հարմարանքով ապահովված կամ հավասարաջերմ փոխադրամիջոցով, ջերմաստիճանի +6oC-ից բարձրացումը բացառող պայմաններում: Արտադրանքը դասավորվում է կափարիչ ունեցող մետաղյա բեռնարկղերում, տեփուրներում: Տորթերը դրվում են ստվարաթղթե տուփերում:

 

9. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9.1. Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003 թ. N 347-Ն որոշմանը համապատասխան:

9.2. Յուրաքանչյուր աշխատող իր մոտ ունենում է բժշկական բոլոր զննումները հավաստող փաստաթուղթ (անձնական սանիտարական գրքույկ):

9.3. Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում աշխատողները պարտավոր են.

- պահպանել անձնական հիգիենայի կանոնները, կրել մաքուր արտահագուստ, մշտապես հետևել ձեռքերի մաքրությանը,

- մարմնի ջերմության բարձրացման, ձեռքերի մաշկի թարախային, աղեստամոքսային ուղու և վարակիչ այլ հիվանդությունների ախտանիշերի ի հայտ գալու դեպքում դիմել բուժկանխարգելիչ հիմնարկներ` խորհրդատվություն ու համապատասխան բուժում ստանալու համար,

- հետևել ստացվող և իրացվող սննդամթերքի որակին, պիտանիության ժամկետին: Սննդամթերքի լավորակության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում դադարեցնել իրացումը, հայտնել այդ մասին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն և արտադրանքը վերադարձնել այն արտադրող կազմակերպությանը` կազմելով համապատասխան արձանագրություն,

- սննդամթերքն իրացնելու ժամանակ օգտվել ունելիներից, բռնիչներից և այդ նպատակի համար նախատեսված այլ պարագաներից,

- զերծ պահել սննդամթերքը աղտոտումից, փոշուց, ճանճերից ու միջատներից:

 

10. ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

10.1. Սննդամթերքի մանրածախ առևտուր կատարող կազմակերպությունում չի թույլատրվում միջատների և կրծողների առկայությունը:

10.2. Կրծողների և միջատների հայտնվելը կանխելու նպատակով անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պահպանել սահմանված սանիտարահիգիենիկ ռեժիմը:

10.3. Տարվա տաք եղանակին բացվող բոլոր խորշերը ծածկվում են միջատների ներթափանցումը կանխող մետաղյա կամ այլ ցանցերով:

10.4. Կրծողների ներթափանցումը կանխելու նպատակով հատակի, առաստաղի, պատերի բոլոր անցքերը, տեխնիկական գծերի շուրջ եղած մուտքային ճեղքերը փակվում են երկաթի կամ ապակու կտորներով ցեմենտի շաղախով: Կրծողների հայտնաբերման դեպքում կիրառվում են դրանց ոչնչացման մեխանիկական միջոցներ (թակարդներ):

10.5. Միջատների հայտնաբերման դեպքում կատարվում է տարածքի մանրակրկիտ հարդարում և հատուկ մշակում:

10.6. Կրծողների և միջատների ոչնչացման նպատակով քիմիական կրծողասպան և միջատասպան միջոցների կիրառումը (դեռատիզացիա և դեզինսեկցիա) կատարվում է այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների կողմից:

10.7. Կրծողասպան և միջատասպան աշխատանքները կատարվում են սանիտարական օրերի ընթացքում` սննդամթերքի մեջ քիմիական պատրաստուկների հայտնվելը բացառող պայմաններում:

11. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման համար պատասխանատու է կազմակերպության տնօրինությունը:

12. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
01.06.2004
N 581-Ն
Հրաման