Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱ ...

01.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2005  -ից մինչեւ   01.01.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 06.10.05 թիվ 1806-Ն որոշում` 01.01.06 թվականից)

i

040.1460.021104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1460-Ն

 

i

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1460-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում) կարգն ու պայմանները:

2. Քրեակատարողական ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քրեակատարողական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների ցուցակները (N 1 ձև):

4. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով: Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման ժամանակի մասին: Նրանցից դրա մասին վերցվում է ստորագրություն (N 2 ձև):

5. Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն ատեստավորման օրվանից առնվազն 2 շաբաթ առաջ քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում է ներկայացնում քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը (N 3 ձև): Ծառայողական բնութագիրը կազմվում է ազատ ոճով` «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաև եզրահանգումներ տվյալ քրեակատարողական ծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին:

6. Քրեակատարողական ծառայողը ծառայողական բնութագրի կապակցությամբ առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր (N 3 ձև):

7. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն իր պաշտոնին չհամապատասխանելու հիմքով ազատվել է պաշտոնից, ապա նրա ներկայացրած ծառայողական բնութագիրը համարվում է իրավական ուժ չունեցող: Եթե այդ ղեկավարի տված ծառայողական բնութագիրն ընդգրկում է ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

8. Ատեստավորումն անցկացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից (այսուհետ` նախարար) ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը կամ հանձնաժողովները:

9. Ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներ և գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից, որոնցից առնվազն 3-ը` քրեակատարողական ծառայությունից: Հանձնաժողովի անդամների թեկնածուները ներկայացվում են քրեակատարողական վարչության պետի միջնորդությամբ:

Հանձնաժողովի նախագահին հանձնաժողովի կազմից նշանակում է նախարարը: Եթե նախարարն ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ապա նա ի պաշտոնե իրականացնում է հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների մեկ երրորդից ավելին: Հանձնաժողովի նիստը քվորումի բացակայության դեպքում հետաձգվում է: Հանձնաժողովի նիստը 3 անգամ հետաձգվելու դեպքում հանձնաժողովի նախագահը նախարարին է ներկայացնում միջնորդություն բացակայող անդամներին փոխարինելու վերաբերյալ:

11. Հանձնաժողովի նախագահը նախքան ատեստավորման սկիզբը ձեռնարկում է համապատասխան միջոցներ հանձնաժողովի մյուս անդամների և քարտուղարի ներկայությունն ապահովելու համար, բացառությամբ հարգելի բացակայողների, ստուգում է պահանջվող փաստաթղթերի առկայությունը, այդ թվում` նաև ծառայողական բնութագրերը, որոնք ներկայացնելու համար պատասխանատու է քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Դրանից հետո հայտարարվում է ատեստավորման սկիզբը:

12. Քրեակատարողական ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` համազգեստով և ծառայողական վկայականով:

13. Ատեստավորվելու համար ներկայացած քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

14. Ատեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողին արգելվում է ատեստավորման բնականոն ընթացքին խոչընդոտող գործողությունների կատարումը:

15. Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ ատեստավորման սենյակ տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ տեխնիկական այլ սարքեր բերելը:

16. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորմանը կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ:

17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

ա) փաստաթղթային և հարցազրույցի,

բ) թեստավորման և հարցազրույցի:

 

IV. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

18. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են զբաղեցրած պաշտոնի խմբի համար քրեակատարողական ծառայության` օրենքով նախատեսված առավելագույն կոչում ունեցող քրեակատարողական ծառայողները:

19. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է փաստաթղթային և հարցազրույցի փուլերից:

20. Փաստաթղթային փուլն անցկացվում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալների համապատասխանությունն ստուգելու նպատակով:

21. Փաստաթղթային փուլի անցկացման ընթացքում վերանայվում են քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալները, և քննարկվում է ծառայողական բնութագիրը: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է փաստաթղթային փուլում հանձնաժողովի հրավերով մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

22. Փաստաթղթային փուլում դրական արդյունքների դեպքում քրեակատարողական ծառայողին թույլատրվում է մասնակցել հարցազրույցի փուլին: Բացասական արդյունքների դեպքում հանձնաժողովն ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը:

23. Հարցազրույցի փուլը քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա կազմված հարցաթերթերի միջոցով:

24. Հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ կազմում է քրեակատարողական վարչությունը, հաստատում` նախարարը:

Հարցաշարի կազմման աշխատանքներին մասնակցում են նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, կարող են մասնագետներ հրավիրվել նաև գիտական կամ ուսումնական հաստատություններից:

Հարցաթերթերն ատեստավորման նախորդ օրը հաստատված հարցաշարից կազմում է հանձնաժողովը` սույն կարգի 37-րդ կետում նշված բնագավառներից:

Կազմված հարցաթերթերը ծրարվում և կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո քրեակատարողական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որևէ մեկը: Հարցաթերթում զետեղված հարցերին պատասխանելուն պատրաստվելու համար քրեակատարողական ծառայողին տրվում է 10 րոպե ժամանակ:

25. Հարցաթերթը կազմված է`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 5 հարցից,

բ) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 4 հարցից,

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 3 հարցից:

26. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Ատեստավորման հանձնաժողովին ներկայացած քրեակատարողական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և զբաղեցրած պաշտոնը:

27. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները քրեակատարողական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ լրացուցիչ հարցեր: Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել բանավոր փուլի ընթացքում ծավալված անհարկի բանավեճը:

28. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում է քրեակատարողական ծառայողին տրված հարցերի (հիմնական և լրացուցիչ) և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը (N 4 ձև):

29. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, մասնավորապես`

ա) 50 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը,

բ) 50-ից մինչև 75 տոկոս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը,

գ) 75-ից մինչև 100 տոկոս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» կամ «Կարող է ներկայացվել խրախուսման» որոշումներից որևէ մեկը,

դ) 100 տոկոս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» որոշումը:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

30. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են այն քրեակատարողական ծառայողները, ովքեր փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա չեն:

31. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

32. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է թեստավորման և հարցազրույցի փուլերից:

33. Թեստավորման փուլն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում` գրավոր:

34. Թեստավորման փուլին միաժամանակ կարող են մասնակցել ոչ ավելի, քան 20 քրեակատարողական ծառայող:

35. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումը, թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների թվին համապատասխան, կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի կոդավորվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:

36. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման անցկացման դեպքում` 40 թեստ.

բ) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման անցկացման դեպքում` 30 թեստ.

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման անցկացման դեպքում` 20 թեստ:

37. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ` հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս,

բ) քրեակատարողական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 40 տոկոս,

գ) քրեաիրավական և քրեադատավարական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս,

դ) քրեակատարողական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջներ` 20 տոկոս,

ե) համապատասխան պետական մարմնի իրավասությունը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս,

զ) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` 10 տոկոս:

38. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպական բնույթի հարցերը:

39. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին տրամադրում է սույն կարգի 35-րդ կետով նախատեսված ամփոփաթերթ` 2 օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ քրեակատարողական ծառայողը, ներկայացնելով քրեակատարողական ծառայողի ծառայողական վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

40. Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է «0» միավոր:

41. Թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

42. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:

43. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքներ: Այդ առաջադրանքները նույնպես կազմվում են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

44. Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ` իր կարծիքով` ճիշտ պատասխանը:

45. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում քրեակատարողական ծառայողը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

46. Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Այդ դեպքում քրեակատարողական ծառայողին թեստավորման միջոցով կրկին ատեստավորման թույլատրելը հնարավոր է ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ: Եթե քրեակատարողական ծառայողն իր պահվածքով խոչընդոտում է թեստավորման ընթացքին, ապա նրա նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը, ինչպես նաև համապատասխան մարմին ներկայացվում է միջնորդություն քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

47. Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

48. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

49. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողը, աշխատանքը հանձնելիս հանձնաժողովի նախագահին ներկայացնելով ծառայողական վկայականը, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

50. Համակարգչային թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչային օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և դրանց համակարգչային տոկոսային վերլուծությունը: Քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

51. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե.

բ) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե.

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 40 րոպե:

52. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:

53. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում է «0», ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

54. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և անվնասությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:

55. Աշխատանքները համակարգչով ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչային օպերատորին, որը տեսաներածիչի միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթում զետեղված պատասխանների տվյալները: Պատասխանների համակարգչային տոկոսային վերլուծությունից հետո արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

56. Հանձնաժողովը սույն կարգի 33-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

57. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

58. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:

59. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` «0» միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

60. Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են ատեստավորման սենյակ:

61. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:

62. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 61-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր ծառայողական վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:

63. Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:

64. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

65. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 63-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

66. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար «0» միավոր ստացած բոլոր քրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

67. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է քրեակատարողական ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:

68. Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար:

69. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում, բողոքարկման համար սույն կարգի 65-րդ կետում նախատեսված ժամանակի ավարտից հետո, հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, իսկ 90 տոկոսից ավելի ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ:

70. Հարցազրույցի փուլն անցկացվում է ատեստավորման թերթիկի և ծառայողական բնութագրի հիման վրա:

71. Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Հանձնաժողովի հրավերով քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը հարցազրույցի փուլում կարող է մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

72. Հարցազրույցի փուլն ընթանում է սույն կարգի 24-28-րդ կետերում նշված կարգով:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

73. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ (N 5 ձև):

74. Հանձնաժողովի նախագահը և անդամները ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված կարծիքի թերթերի թիվը:

75. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Ցանկության դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

76. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է նախքան այդ արդյունքները նախարարին ներկայացնելը դրանք բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում համապատասխան որոշում: Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում:

77. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները նախարարին է ներկայացվում հաշվետվության տեսքով (N 6 ձև):

78. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները քրեակատարողական ծառայողի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

79. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը նախարարի կողմից հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները կատարելու համար` հետևյալ ժամկետներում`

ա) «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» որոշումը` համապատասխան թափուր պաշտոնի առկայության դեպքում` 3 ամսվա ընթացքում,

բ) «Կարող է ներկայացվել խրախուսման» որոշումը` մեկ ամսվա ընթացքում,

գ) «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը` 4 ամսվա ընթացքում,

դ) «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը` 7 օրվա ընթացքում:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

80. Օրենքով և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քրեակատարողական ծառայողի ատեստավորումը վերադասության կամ դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:

 

Ձև N 1

 

ՑՈՒՑԱԿ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ատեստավորվողի   |Զբաղեցրած|Վերջին   |Վերջին     |Հերթական |Արտահերթ  |

|ը/կ|անունը,         |պաշտոնը, |ատեստա-  |ատեստա-    |ատեստա-  |ատեստա-   |

|   |հայրանունը,     |կոչումը  |վորման   |վորման     |վորման   |վորման    |

|   |ազգանունը       |         |անցկացման|արդյունքում|անցկացման|անցկացման |

|   |                |         |ժամանակը |ընդունված  |ժամանակը |հիմքերը և |

|   |                |         |         |որոշումը   |         |ժամանակը  |

|___|________________|_________|_________|___________|_________|__________|

|1. |                |         |         |           |         |          |

|___|________________|_________|_________|___________|_________|__________|

|2. |                |         |         |           |         |          |

|___|________________|_________|_________|___________|_________|__________|

|3. |                |         |         |           |         |          |

|___|________________|_________|_________|___________|_________|__________|

|4. |                |         |         |           |         |          |

|___|________________|_________|_________|___________|_________|__________|

|5. |                |         |         |           |         |          |

|___|________________|_________|_________|___________|_________|__________|

|6. |                |         |         |           |         |          |

._________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

    ____ _______________ 200 թ.                    քաղ. ________________

 

Ես`__________________________________________________________________

(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________________________________________________________________________,

(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

 

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի` տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 200 թ. ______________________ ____-ի N ______ հրամանին` 200 թ. _______________ ___ -ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:

 

    ___________________              __________________________________

     (ստորագրությունը)                       (անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________

 

Անմիջական ղեկավարի եզրահանգումները _______________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

_________________________________________________________________________:

 

    ___________________              __________________________________

     (ստորագրությունը)                       (անունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

 

(տպվում է բնութագրի հետևի մասում)

 

Ես`___________________________________________________________________

(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________________________________________________________________________,

(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

 

ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ` ______________

_________________________________________________________________________

(քրեակատարողական ծառայողի առարկությունները կամ նշումը դրանց

բացակայության մասին)

__________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

_________________________________________________________________:

 

    ___________________              __________________________________

     (ստորագրությունը)                       (անունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

 

Ձև N 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔԻ

 

    ____ _______________ 200 թ.                      քաղ. ________________

 

Մասնակցությամբ` հանձնաժողովի նախագահ _________________________________

(անունը, ազգանունը)

անդամներ _________________________________

(անունը, ազգանունը)

_________________________________

                                                (անունը, ազգանունը)

                                         _________________________________

                                                (անունը, ազգանունը)

                                         _________________________________

                                                (անունը, ազգանունը)

                                         _________________________________

                                                (անունը, ազգանունը)

                                         _________________________________

                                                (անունը, ազգանունը)

                                         _________________________________

                                                (անունը, ազգանունը)

 

քարտուղար _________________________________

(անունը, ազգանունը)

 

ատեստավորվող _____________________________________________________________

(քրեակատարողական ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը,

ազգանունը)

__________________________________________________________________________

 

Արձանագրվեց հարցազրույցի ընթացքը, որի արդյունքում _______________________________________________________________________-ին

(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

տրվել է ընդամենը (հիմնական և լրացուցիչ) ____ հարց:

 

Տրված հարցերը`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Տրված հարցերի պատասխանները`

__________________________________________________________________________

               (տրված պատասխանների համառոտ բովանդակությունը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

____________________________

 

Ճիշտ _____________________________________

(քանակը` թվերով և տառերով)

 

Սխալ _____________________________________

(քանակը` թվերով և տառերով)

 

    Նախագահ                  _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

    Հանձնաժողովի անդամներ    _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

    Քարտուղար                _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Ատեստավորվող             _________________ ___________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

_____ ______________ 200 թ.

 

Ձև N 5

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ

 

Ատեստավորման ձևը

[] Փաստաթղթային և հարցազրույց

[] Թեստավորում և հարցազրույց

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը _________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

4. Փաստաթղթային փուլի արդյունքը ______________________________________

5. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _________________________

6. Թեստավորման արդյունքը (տոկոսով) ___________________________________

7. Հարցազրույցի արդյունքը (տոկոսով) __________________________________

8. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ __________________ _____________________________

                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ __________________ _____________________________

                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                          __________________ ______________________________

                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                          __________________ ______________________________

                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                          __________________ ______________________________

                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                          __________________ ______________________________

                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                          __________________ ______________________________

                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Ատեստավորման օրը, ամիսը, տարեթիվը ______ ___________________ 200 թ.

 

Ատեստավորման թերթին ծանոթացա _________________ _______________________

                                 (ստորագրությունը)    (քրեակատարողական

                                                       ծառայողի անունը,

                                                       ազգանունը)

 

_____ _________________ 200 թ.

 

Ձև N 6

 

«Հաստատում եմ»

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարար

 

___________________________

                                                (անունը, ազգանունը)

 

_____ ______________ 200 թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

__________________________________________________________________________

(ատեստավորման անցկացման հիմքերը, ժամանակահատվածը, ատեստավորվողների թիվը)

__________________________________________________________________________

                 (արդյունքների համառոտ նկարագրությունը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

«Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն»

._______________________________________________________________.

|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և  պաշտոնը      |

|ը/կ|                                                           |

|___|___________________________________________________________|

|1. |                                                           |

|___|___________________________________________________________|

|2. |                                                           |

|___|___________________________________________________________|

|3. |                                                           |

|___|___________________________________________________________|

._______________________________________________________________.

 

«Կարող է ներկայացվել խրախուսման»

._______________________________________________________________.

|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և  պաշտոնը      |

|ը/կ|                                                           |

|___|___________________________________________________________|

|1. |                                                           |

|___|___________________________________________________________|

|2. |                                                           |

|___|___________________________________________________________|

|3. |                                                           |

|___|___________________________________________________________|

._______________________________________________________________.

 

«Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»

._______________________________________________________________.

|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և  պաշտոնը      |

|ը/կ|                                                           |

|___|___________________________________________________________|

|1. |                                                           |

|___|___________________________________________________________|

|2. |                                                           |

|___|___________________________________________________________|

|3. |                                                           |

|___|___________________________________________________________|

._______________________________________________________________.

 

«Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման»

._______________________________________________________________.

|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և  պաշտոնը      |

|ը/կ|                                                           |

|___|___________________________________________________________|

|1. |                                                           |

|___|___________________________________________________________|

|2. |                                                           |

|___|___________________________________________________________|

|3. |                                                           |

|___|___________________________________________________________|

._______________________________________________________________.

 

«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»

._______________________________________________________________.

|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և  պաշտոնը      |

|ը/կ|                                                           |

|___|___________________________________________________________|

|1. |                                                           |

|___|___________________________________________________________|

|2. |                                                           |

|___|___________________________________________________________|

|3. |                                                           |

|___|___________________________________________________________|

._______________________________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ __________________ ____________________________

                           (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի քարտուղար _________________ ____________________________

                           (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

______ _______________ 200 թ.

 

քաղ. Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.2004
N 1460-Ն
Որոշում