Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

18.06.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.2007  -ից մինչեւ   18.06.2009  -ը:
 
i

(ուժը կորցրել է 09.06.09 ՆՀ-140-Ն հրամանագիր)

i

030.0727.060597

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով ապահովել Երևան քաղաքում պետական կառավարման արդյունավետ իրականացումը, որոշում եմ.

1. Սահմանել Երևան քաղաքում պետական կառավարման իրականացման հետևյալ կարգը.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Երևան քաղաքում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն հրամանագրով և այլ իրավական ակտերով:

i

1.2. Պետական կառավարումը Երևանում ապահովվում է Երևանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:

Երևանի քաղաքապետը օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում Երևանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`

- ֆինանսներ,

- քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն,

- տրանսպորտ և ճանապարհաշինություն,

- առևտուր, հանրային սնունդ և սպասարկում,

- գյուղատնտեսություն և հողօգտագործում,

- կրթություն,

- առողջապահություն,

- սոցիալական ապահովություն,

- մշակույթ և սպորտ,

- բնության և շրջակա միջավայրի պահպանություն:

Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում Երևանի քաղաքապետը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

i

Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների հիմնադրումը, վերակազմավորումն ու լուծարումը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է Երևանի քաղաքապետը:

(1.2 կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

i

1.3. Երևանի քաղաքապետը համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, Երևանի քաղաքապետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է`

ա) Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ու թաղային համայնքների ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.

i

բ) Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով, տեղեկատվության ստացումը.

գ) այլ լիազորությունների իրականացումը:

(1.3 կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

1.4. Երևանում պետական կառավարումն իրականացվում է պետական, Երևանի քաղաքային ու թաղային համայնքների շահերի ներդաշնակման, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և հանրապետական գործադիր մարմինների ու Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

1.5. Երևանի քաղաքապետը`

i

ա) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը.

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կառավարության նիստերին.

գ) սահմանված կարգով կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.

դ) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն Երևան քաղաքում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

ե) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևան քաղաքին առնչվող հարցերը.

զ) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

է) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և Երևան քաղաքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.

ը) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում է ձեռնարկված միջոցների մասին.

թ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.

ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.

ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.

ժբ) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում Երևանի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

ժգ) (ժգ ենթակետը հանվել է 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

i

ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.

ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից թաղային համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.

i

ժզ) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու հարցը.

ժէ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

ժը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.

ժթ) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(1.5 կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1066, 17.06.06 ՆՀ-134-Ն հրամանագրեր)

1.6. Երևանի քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

Երևանի քաղաքապետի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները ուժը կորցրած են ճանաչվում վարչապետի կամ դատարանի որոշմամբ:

Երևանի քաղաքապետը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

1.6.1. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում Երևանի քաղաքապետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) նկատողություն,

բ) խիստ նկատողություն,

գ) պաշտոնից ազատում:

(1.6.1 կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն հրամանագիր)

1.6.2. Պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ և օրինակելի կատարելու համար Երևանի քաղաքապետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

ա) շնորհակալագրով պարգևատրում,

բ) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

գ) հուշամեդալով պարգևատրում:

(1.6.2 կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն հրամանագիր)

1.6.3. Սույն հրամանագրի 1.6.1-րդ և 1.6.2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ 1.6.1-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարն իրավունք ունի առաջարկություն ներկայացնել սույն հրամանագրի 1.6.1-րդ և 1.6.2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կամ խրախուսանքի միջոցները կիրառելու վերաբերյալ:

(1.6.3 կետը լրաց. 13.01.07 ՆՀ-5-Ն հրամանագիր)

i

1.7. Երևանի քաղաքապետը գլխավորում է Երևանի քաղաքապետարանը, որի միջոցով իրականացնում է պետական կառավարումը Երևան քաղաքում:

i

Երևանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և ազատում Հանրապետության Նախագահը: Երևանի քաղաքապետը հաշվետու և պատասխանատու է կառավարության առջև:

Երևանի քաղաքապետն ունի տեղակալ (տեղակալներ), որոնք իրականացնում են Երևանի քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Երևանի քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այլ լիազորություններ:

Երևան քաղաքապետի տեղակալներին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Երևանի քաղաքապետի առաջարկությամբ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործունեության մեջ դնելը:

i

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկը փոխարինում է Երևանի քաղաքապետին նրա բացակայության ժամանակ:

Երևանի քաղաքապետի տեղակալները չեն կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Երևանի քաղաքապետի խորհրդականների և օգնականների, մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է Երևանի քաղաքապետարանի կանոնադրությամբ: Երևանի քաղաքապետի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը:

Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը` վարչապետը:

(1.7 կետը փոփ. 07.07.98 թիվ ՆՀ-80, 17.11.98 թիվ ՆՀ-151, 16.03.02 ՆՀ-1066 հրամանագրեր)

i

1.8. Երևանի քաղաքապետարանի գործունեությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի տեղակալի (տեղակալների), խորհրդականների, օգնականների, մամուլի, քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողներ են համարվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

Երևանի քաղաքապետարանի շենքի վրա և Երևանի քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

(1.8 կետը խմբ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

i

1.9. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` Երևանի քաղաքապետի կողմից` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը`

i

ա) իր լիազորության շրջանակում կազմակերպում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների վարչական համակարգումը,

բ) ապահովում է Երևանի քաղաքապետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքը և զեկուցում Երևանի քաղաքապետին,

գ) մշակում և Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է Երևանի քաղաքապետին,

դ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

ե) ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը,

զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը,

է) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է Երևանի քաղաքապետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը` վերջնական լուծման համար:

Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին օրենքով նախատեսված դեպքում և կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Երևանի քաղաքապետը:

(1.9 կետը խմբ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

1.10. Երևանի խորհրդի նիստերին Երևանի քաղաքապետը`

i

ա) թաղային համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին, կարգադրություններին և դրանցից բխող թաղային համայնքների ինքնակառավարման մարմինների խնդիրներին.

բ) ծանոթանում է թաղային համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.

գ) լսում է թաղային համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.

դ) ապահովում է Երևանի քաղաքապետարանի և թաղային համայնքների ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում է կազմակերպական այլ հարցեր:

(1.10 կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

i

1.11. Երևանի խորհուրդը Երևանի քաղաքապետի ներկայացմամբ քննարկում և մինչև Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը իր եզրակացությունն է տալիս`

ա) Երևանի քաղաքապետի հաշվետվությունների վերաբերյալ.

բ) Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ.

գ) Երևանի գլխավոր հատակագծի վերաբերյալ.

դ) պետական բյուջեի նախագծի` Երևան քաղաքին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից Երևանի թաղային համայնքների բյուջեներին նախատեսվող հատկացումների վերաբերյալ Երևանի քաղաքապետի առաջարկների առնչությամբ:

Երևանի խորհրդի նիստերին Երևանի քաղաքապետի հրավերով կարող են մասնակցել նաև Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլ անձինք:

(1.11 կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

1.12. Ֆինանսների բնագավառում Երևանի քաղաքապետը`

ա) սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` Երևան քաղաքին վերաբերող հատվածի, ինչպես նաև թաղային համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.

բ) տնօրինում է պետական բյուջեով Երևան քաղաքին հատկացված միջոցները, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.

գ) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից թաղային համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.

դ) օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս թաղային համայնքների ինքնակառավարման մարմինների թաղային համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:

i

1.13. Քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում Երևանի քաղաքապետը`

ա) սահմանված կարգով կազմում է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը և հողերի օգտագործման սխեման ու ներկայացնում կառավարության հաստատմանը.

բ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթները, քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.

գ) Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան հաստատում է Երևան քաղաքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը և կազմակերպում կառուցապատման աշխատանքները.

դ) առաջարկություններ է ներկայացնում կառավարություն Երևան քաղաքի, ինչպես նաև թաղային համայնքների սահմանների փոփոխման վերաբերյալ.

i

ե) օրենսդրությամբ նախատեսված կարգով Երևան քաղաքի գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում Երևան քաղաքի տարածքում գտնվող հողերը.

զ) կազմակերպում է Երևան քաղաքի ջրմուղ-կոյուղու, ոռոգման, գազի և ջեռուցման ցանցերի ու ինժեներական այլ կառույցների շահագործումն ու սպասարկումը, վերանորոգումը.

է) կազմակերպում է սանմաքրման կայանքների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը.

ը) ապահովում է գերեզմանների պատշաճ պահպանությունն ու բարեկարգումը.

թ) վերահսկողություն է իրականացնում Երևան քաղաքի տարածքում գտնվող շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի և շահագործման նկատմամբ` համագործակցելով համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ.

ժ) վերահսկողություն է իրականացնում Երևան քաղաքի տարածքում բնակարանային ֆոնդի ընդլայնման, նորոգման, բարեկարգման և շահագործման նկատմամբ.

i

ժա) իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման համար ամփոփ տվյալներ ստեղծելու նպատակով իրականացնում է բազմաբնույթ կադաստրի /բնապահպանական, անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների և այլ/ վարումը.

իրականացնում է տների, շենքերի և այլ շինությունների համարակալումը.

/ժա ենթակետը խմբ. 19.12.97, լրաց. 07.07.98 թիվ ՆՀ-80 հրամանագրեր/

ժբ) վերահսկում է աղբահանությունը, կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը.

ժգ) կազմակերպում է Երևան քաղաքի կառուցապատումը, ապահովում է Երևանի քաղաքային նշանակության օբյեկտների բարեկարգումը, սանիտարական մաքրումը:

i

1.14. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում Երևանի քաղաքապետը`

ա) կազմակերպում է Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը, Երևանի քաղաքային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.

բ) կազմակերպում է Երևանի քաղաքային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:

(1.14 կետը փոփ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագիր)

i

1.15. Գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում Երևանի քաղաքապետը`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է պետական սեփականության հողերը.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում Երևան քաղաքի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում և վերացնում է հողերի ապօրինի զբաղեցումը և օգտագործումը.

գ) գ ենթակետը վերացվել է 19.12.97 հրամանագիր/

i

դ) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և /կամ/ հողօգտագործողների հետ` Երևան քաղաքի տարածքում Երևանի քաղաքային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ:

/դ ենթակետը խմբ. 19.12.97 հրամանագիր/

i

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը.

զ) իրականացնում է Երևանի քաղաքային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.

է) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.

ը) համակարգում է Երևան քաղաքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.

թ) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում:

i

1.16. Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում Երևանի քաղաքապետը`

օրենսդրությանը համապատասխան սահմանում է առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեության Երևան քաղաքի կանոնները:

(1.16 կետ` լրաց. 20.01.98 թիվ ՆՀ-879, 3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 28.09.00 թիվ ՆՀ-679, փոփ. 16.03.02 ՆՀ-1066 հրամանագրեր)

1.17. Կրթության բնագավառում Երևանի քաղաքապետը`

i

ա) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգերի.

(1.17 կետի ա ենթ. խմբ. 06.11.98 ՆՀ-147 հրամանագիր)

բ) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

1.18. Առողջապահության բնագավառում Երևանի քաղաքապետը`

ա) իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, կազմակերպում Երևանի քաղաքային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

բ) Երևան քաղաքի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.

գ) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.

դ) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

1.19. Սոցիալական ապահովության բնագավառում Երևանի քաղաքապետը`

i

ա) իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է Երևան քաղաքի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

բ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը.

գ) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.

դ) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.

ե) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

զ) աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.

է) աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը:

1.20. Մշակույթի և սպորտի բնագավառներում Երևանի քաղաքապետը`

ա) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, Երևանի քաղաքային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է Երևան քաղաքի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

բ) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

գ) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.

դ) համագործակցում է Երևան քաղաքի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:

1.21. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում Երևանի քաղաքապետը`

ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը Երևան քաղաքի տարածքում.

բ) Երևան քաղաքի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.

գ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.

դ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

1.22. Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ հրավիրում է Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ և վերջիններիս ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Երևան քաղաքի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով Երևանի քաղաքապետն իրավասու է ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալ և կարգադրություններ անել`

ա) տարերային և տեխնոլոգիական աղետների, վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, Երևան քաղաքի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

բ) Երևան քաղաքի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաև հողազավթումների, ապօրինի ծառահատման և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ.

գ) Երևան քաղաքի տարածքում ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ.

i

դ) թաղային համայնքներում զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ:

1.23. Երևանի քաղաքապետը հանդիսանում է Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն է կրում Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության համար:

Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Երևանի քաղաքապետը կազմակերպում և համակարգում է Երևան քաղաքի տարածքում համապատասխան Երևանի քաղաքային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, թաղային համայնքների ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետը իր իրավասության սահմաններում համապատասխան հանձնարարականներ է տալիս և կարգադրություններ անում Երևան քաղաքում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության ղեկավարին:

1.24. Երևան քաղաքի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների առնչությամբ Երևանի քաղաքապետը հրավիրում է Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Երևանի քաղաքապետը իրավասու է Երևան քաղաքում կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անել`

ա) Երևան քաղաքի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

բ) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:

i

1.25. Երևան քաղաքի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում Երևանի քաղաքապետն օժանդակում է Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը, ապահովում համագործակցությունը Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և թաղային համայնքների ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:

1.26. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը Երևան քաղաքում համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման ու ազատման մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Երևանի քաղաքապետին:

Երևանի քաղաքապետը կարող է համապատասխան հանրապետական գործադիր մարմին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաև ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ` նրա նշանակվելուց վեց ամիս հետո:

Հանրապետական գործադիր մարմինը պարտադիր քննության է առնում Երևանի քաղաքապետի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետին տեղեկացնում է արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցները անբավարար համարելու դեպքում Երևանի քաղաքապետը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` վերջնական լուծման համար:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 մայիսի 1997 թ.

ՆՀ-727

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.05.1997
N ՆՀ-727
Հրամանագիր