Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ...

02.09.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.11.2001  -ից մինչեւ   02.09.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 25.08.04 թիվ 561-Ն որոշում)

i

041.0181.080597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 1997 թ. թիվ 181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կանոնադրությունը (կցվում է):

(1-ին կետն ուժը կորցրել է ազգային անվտանգության մարմինների մասով 25.08.99 թիվ 514 որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի մարտի 4-ի «Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 106 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 296 վգ որոշումները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 8-Ի

ԹԻՎ 181 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(կանոնադրությունն ուժը կորցրել է ազգային անվտանգության մարմինների մասով 25.08.99 թիվ 514 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) հանրապետական գործադիր մարմին է, որն իրականացնում է ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների կառավարումը:

Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

Նախարարության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության` իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոշում է նախարարության համակարգի մարմինների գործունեության առաջնային ուղղությունները, մշակում և իրագործում դրանց աշխատանքի կատարելագործման համալիր ծրագրերը:

3. Նախարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

5. Նախարարությունը միասնական կենտրոնացված մարմին է, որի համակարգի մեջ մտնում են ներքին գործերի և ազգային անվտանգության կենտրոնական մարմիններն ու մարզային վարչությունները, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով ստեղծված հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները: Նախարարության համակարգում են գտնվում ներքին զորքերն ու սահմանապահ զորքերը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Նախարարության ընդհանուր խնդիրներն ու գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, հասարակական կարգի պաշտպանության ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ու նրանց հանձնարարությամբ` պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին իրազեկումը.

գ) ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության, ռազմավարական օբյեկտների, ինչպես նաև առաջնային նշանակության գիտական մշակումների ոլորտում անվտանգության ապահովումը.

դ) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության անվտանգության ապահովումը.

ե) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անվտանգության ապահովումը.

զ) այլ պետական մարմինների հետ համատեղ` հասարակական-քաղաքական, կրոնական և զանգվածային այլ միջոցառումների անվտանգության ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու և նրա սահմաններից դուրս գալու, անձնագրային, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծումը.

ը) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածության ապահովումը.

թ) սեփական անվտանգությունն ապահովող միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը (այդ թվում` նախարարության համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական միջոցներին հակազդելը).

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումներին.

ժա) տեղեկատվական համակարգերի ստեղծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` նախարարության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման և օգտագործման կարգի սահմանումը.

ժբ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը, մասնակցությունը համապատասխան նորմատիվ ակտերի նախագծերի նախապատրաստմանը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպվելիս ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարման իրականացումը.

ժգ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգի սահմանումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախարարության մարմիններում գործավարության և արխիվային գործի կազմակերպման նպատակով միասնական պահանջների սահմանումն ու կատարումը.

ժե) զինծառայողների (ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմի) և նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական անձնակազմի, նախարարության համակարգից զորացրված աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ապահովման կարգի սահմանումն ու դրա իրականացումը.

ժզ) պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների կենտրոնացված ֆինանսավորման, նյութատեխնիկական պահանջների բավարարման ապահովումը (այդ թվում` ռազմական և հատուկ տեխնիկայով, սպառազինությամբ).

ժէ) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումների, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների քննարկումների կազմակերպումը.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ խնդիրների ու գործառույթների իրականացումը:

i

7. Ներքին գործերի բնագավառում նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխմանը, հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

բ) (7-րդ կետի բ ենթակետը հանվել է 16.10.01 թիվ 742 որոշում)

գ) ներքին գործերի մարմինների և ներքին զորքերի գործունեության կազմակերպումն ու կատարելագործումը.

դ) հանրապետության տարածքում ներքին գործերի մարմինների օպերատիվ-հետախուզական և փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներքին գործերի մարմինների իրավասությանը վերապահված քրեական գործերի հետաքննությունն ու նախաքննությունը, քննչական ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը.

ե) հանրապետության տարածքում հանցագործություն կատարած, հետաքննության, նախաքննության և դատական մարմիններից թաքնվող, քրեական պատիժը կրելուց խուսափող, անհայտ կորած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ անձանց, ինչպես նաև հափշտակված գույքի հետախուզման կազմակերպումը.

զ) պետավտոտեսչության աշխատանքների ղեկավարումը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների ու տրանսպորտային կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտի և քաղաքային էլեկտրատրանսպորտի վթարները կանխելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերահսկումը, հանրապետության ավտոճանապարհային և բնակավայրերի փողոցներում ճանապարհային երթևեկության կազմակերպման ապահովումը.

է) հրշեջ պահպանության մարմինների գործունեության ղեկավարումը, հանրապետության տարածքում հրդեհների առաջացման պատճառների և պայմանների հայտնաբերման ու վերացման աշխատանքների կազմակերպումը.

ը) ուղղիչ հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց ուղեկցումը.

թ) անհրաժեշտության դեպքում հանրապետության համար նախատեսված հատուկ, զինվորական և այլ փոխադրումների ապահովումը.

ժ) աջակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարմիններին` ժամկետային զինվորական ծառայության զորակոչն իրականացնելու և զինվորական հաշվառման կանոնների պահպանումն ապահովելու բնագավառում:

(7-րդ կետը փոփ. 16.10.01 թիվ 742 որոշում)

8. Ազգային անվտանգության բնագավառում նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը.

բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ գործունեության բացահայտումը, նախազգուշացումը, կանխումը և խափանումը.

գ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման մարմինների մարտունակության ու մարտական պատրաստության պահպանմանն աջակցելը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության միջոցառումների իրականացումը.

ե) պետական այլ մարմինների հետ համագործակցելով` պետական կառավարման մարմիններում կազմակերպված հանցագործության, գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում առանձնապես խոշոր չափերի կաշառակերության, օտարերկրյա պետությունների հետ զենքի և թմրանյութերի անօրինական շրջանառության, մաքսանենգության, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և փոխելու նպատակ հետապնդող առանձին անձանց, ինչպես նաև հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և դրանց միավորումների դեմ պայքարի միջոցառումների մշակումն ու իրականացումը.

զ) այն հանցագործությունների բացահայտումը, նախազգուշացումը և կանխումը, որոնց հետաքննության և նախաքննության կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված է ազգային անվտանգության մարմիններին, նշված հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.

է) ահաբեկչական գործողությունների բացահայտումը, նախազգուշացումը, կանխումը և խափանումը.

ը) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասում, այլ զինվորական կազմավորումներում ու դրանց կառավարման մարմիններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պետական մարմիններում անվտանգության ապահովումը.

թ) մասնակցությունը պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին քաղաքացիների առնչվելու հետ կապված միջոցառումների սահմանված կարգով իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը.

ժա) հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցման և կենտրոնացված հաշվառման իրականացումը, ռադիոհսկողության միջոցով` Հայաստանի Հանրապետության տարածքում հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոսարքավորումների բացահայտումը.

ժբ) ծածկագրային աշխատանքների անվտանգության ապահովման գործունեության համակարգումը (այդ թվում` տեղեկատվական-վերլուծական ցանցերի, տվյալների բազայի տեխնիկական միջոցների համալիրների ստեղծման, զարգացման, շահագործման փուլերում), Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում` ազգային անվտանգության), ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական տեսակից) ծածկագրային տեղեկություններին առնչվելիս գաղտնիության ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառավարման համակարգում տեղեկությունների հաղորդման գաղտնիությունն ապահովող կառավարական կապի (գաղտնագրված կապի հատուկ համակարգի) իրականացումը.

ժդ) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների քայքայիչ գործունեությանը հակազդելու հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Նախարարությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության հիման վրա և, ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների ու մարզային վարչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) իր իրավասության սահմաններում սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

10. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը: Նախարարի պաշտոնը համապատասխանում է գեներալ-գնդապետի զինվորական կոչմանը:

Նախարարն ունի երկու առաջին տեղակալ (մեկը` ներքին գործերի բնագավառում, մյուսը` ազգային անվտանգության բնագավառում) և տեղակալներ: Նրանց պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ նախարարի առաջարկությամբ:

11. Նախարարը`

ա) կազմակերպում և ղեկավարում է նախարարության գործունեությունը.

բ) պատասխանատվություն է կրում նախարարության և դրա համակարգի մարմինների առջև դրված խնդիրների կատարման համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության վարչությունների, ծառայությունների ու բաժինների պետերի և նախարարության համակարգի մյուս մարմինների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության կենտրոնական մարմինների ու մարզային վարչությունների գործունեության համար.

դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

ե) հաստատում է նախարարության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ներքին գործերի և ազգային անվտանգության ամբողջ համակարգի համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.

ը) վերացնում է նախարարության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

ժ) նախարարության աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է կրծքանշաններ, հաստատում կրծքանշանների և դրանց նկարագրության վերաբերյալ կանոնադրությունը.

ժա) իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում և ազատում ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների ղեկավար կազմին, ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին արձակում է զինվորական ծառայությունից (ինչպես նաև` ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմին).

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների հաստիքացուցակները.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար անհրաժեշտ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ստեղծման, վերակազմավորման և լուծարման հարցերը.

ժդ) սահմանում է ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների գիտահետազոտական, ռազմաբժշկական ստորաբաժանումների և հիմնարկների զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև ծառայողական շինությունների և շենքերի շահագործման, պահպանության ու սպասարկման անձնակազմի (ներառյալ զինծառայողները) թվաքանակը` այդ նպատակների համար նախարարությանը հատկացված միջոցների սահմաններում.

ժե) ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին, սահմանված կարգով թողնելով զինծառայության մեջ, գործուղում է այլ նախարարություններ, գերատեսչություններ, ինչպես նաև ձեռնարկություններ, հիմնարկներ և կազմակերպություններ (անկախ կազմակերպաիրավական տեսակից).

ժզ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությանը և ներքին գործերի մարմինների աշխատողների կարգապահական կանոնադրությանը համապատասխան խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության զինծառայողներին, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային ու ղեկավար կազմին.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որոշում է նախարարության զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմի համատեղությամբ աշխատանքի պայմանները.

ժը) նախարարության զինծառայողներին, աշխատողներին և ծառայողներին, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմին թույլատրում է սահմանված կարգով դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից:

ժթ) հանդիսանում է նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչը.

ի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության (ծառայության) է ընդունում ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում ժամկետային և պայմանագրային զինվորական ծառայության (ծառայության) է ընդունում զինապարտներին ու պահեստազորի մեջ չգտնվող 20-35 տարեկան կանանց.

իա) սահմանված կարգով շնորհում է զինվորական և հատուկ կոչումներ` մինչև գնդապետի, միլիցիայի գնդապետի, ներքին ծառայության գնդապետի կոչումը ներառյալ, միջնորդություն է հարուցում նախարարության ղեկավարի աշխատողներին զինվորական, միլիցիայի և ներքին ծառայության բարձրագույն կոչումներ շնորհելու վերաբերյալ.

իբ) նախարարության ղեկավար կազմի` բարձր որակավորում ունեցող զինծառայողների համար սահմանում է անհատական պաշտոնային դրույքաչափեր.

իգ) սահմանված կարգով առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

իդ) հրավիրում և վարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

իե) հաստատում է նախարարության գիտատեխնիկական խորհրդի կազմն ու խորհրդի կանոնադրությունը.

իզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում է այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հրամանով, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալներից մեկը, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

13. Նախարարության համակարգում կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նրա տեղակալները, ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

Նախարարության կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, վավերացնում` Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Կոլեգիայի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

15. Նախարարության կոլեգիան իր նիստերում քննության է առնում նախարարության գործունեությանը վերաբերող կարևորագույն, ինչպես նաև ղեկավար կազմի (վարչության պետ և բարձր) պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հարցերը, նախարարության համակարգի մարմինների կանոնադրությունների, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում կենտրոնական ապարատի մարմինների և մարզային վարչությունների ղեկավարների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամաններով:

Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջե և հատուկ միջոցների հաշվին:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ

 

17. Նախարարության հիմնական կադրերն են նրա զինծառայողները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմը: Բացառիկ դեպքերում նախարարությունում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ): Նախարարության զինծառայողներն են նախարարությունում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք (սպաները, ենթասպաները և շարքայինները): Նախարարության պահեստազոր արձակված զինծառայողները մտնում են նախարարության կամ զինված ուժերի պահեստազորի մեջ:

18. Ազգային անվտանգության մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, գերատեսչություններ, ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ (անկախ կազմակերպաիրավական տեսակից) գործուղվող, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող սպաներին կենսաթոշակ նշանակվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

19. Նախարարության զինծառայողներն ու ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար աշխատողները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք (բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից), եթե այն չի խոչնդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ` ծառայողական անհրաժեշտության հետ կապված դեպքերի):

20. Նախարարության զինծառայողները զինվորական ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

21. Նախարարության քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և նախարարության գերատեսչական նորմատիվ ակտերով:

22. Նախարարության աշխատողներին թույլատրվում է սահմանված կարգով պահել, կրել, գործադրել հաշվեցուցակային զենք և հատուկ միջոցներ:

23. Նախարարության համար կադրերի նախապատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.05.1997
N 181
Որոշում