Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 նոյեմբերի 2004 թվականի N 47

 

5. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ գեղարվեստական կրթության հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թ. նոյեմբերի 18-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Գեղարվեստական կրթությունը` ազգային և համամարդկային գեղարվեստական մշակույթի տիրապետման և յուրացման գործընթաց է, անհատի ամբողջական զարգացման և ստեղծագործական անհատականության, մտավոր և հոգևոր ներաշխարհի հարստության ձևավորման կարևորագույն միջոցներից մեկը:

Գեղարվեստական կրթության գործընթացը ներառում է արվեստների ուսուցումը և գեղագիտական դաստիարակությունը:

Գեղարվեստական կրթության համակարգում ընդգրկված են ընդհանուր և մասնագիտական գեղարվեստական կրթություն իրականացնող կրթական հաստատությունները: Գեղարվեստական կրթության ծրագրեր են իրականացվում նախադպրոցական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, արտադպրոցական կրթադաստիարակչական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, բարձրագույն և հետբուհական մշակութային մասնագիտական կրթության, լրացուցիչ կրթության հաստատություններում, այդ թվում նաև արվեստի մանկական դպրոցներում, գեղագիտական դաստիարակության մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում: Գեղարվեստական կրթության բնագավառում կարևոր դեր են խաղում նաև մշակութային և արվեստագիտական կազմակերպությունները:

Գեղարվեստական կրթության հայեցակարգը /այսուհետ` Հայեցակարգ/ հիմնվում է հիմնարար պետական փաստաթղթի` «Հայաստանի Հանրապետությունում մշակույթի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթների» վրա և սահմանում է գեղարվեստական կրթության տեղը պետական մշակութային քաղաքականության մեջ, որոշում է գեղարվեստական կրթության համակարգի ռազմավարությունը, զարգացման ուղղությունները, մատնանշում է նպատակներն ու խնդիրները, գեղարվեստական կրթության բովանդակությունը և հիմնական մեթոդաբանական սկզբունքները:

Հայեցակարգը արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում մարդու հետևյալ իրավունքներն ու ազատությունները.

ա) մշակութային կյանքին մասնակցության, մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքը.

բ) մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը.

գ) ստեղծագործական գործունեություն իրականացնելու ազատությունը.

դ) գեղարվեստական կրթություն ստանալու և այդ կրթության ձևերն ու միջոցները ընտրելու իրավունքը:

Հայեցակարգի իրականացումը հնարավորություն կընձեռի գեղարվեստական կրթության բնագավառում իրականացնել միասնական պետական քաղաքականություն` սահմանել իրավական դաշտի կարգավորման ուղղությունները, սահմանել միասնական կրթական չափորոշիչների մշակման սկզբունքներն ու նյութատեխնիկական բազայի բարելավման և արդիականացման ժամանակակից չափանիշները, իրականացնել գեղարվեստական կրթության միասնական ծրագրային և մեթոդական ապահովումը, ապահովել մշակույթի բնագավառի կադրային պահանջարկի համալրման պայմանների ստեղծումը, գեղարվեստական կրթությունը համապատասխանեցնել ժամանակակից համակարգի չափանիշներին:

 

2. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Նախկինում գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները պետական կրթական համակարգում էին, և իրականացվում էր միասնական պետական քաղաքականություն /գործում էին ընդհանուր չափորոշիչներ, ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, ընդհանուր տարիֆաորակավորման բնութագրերի հիման վրա տարվում էր միասնական կադրային քաղաքականություն, գործում էր կադրերի պատրաստման և վերապատրաստման ընդհանուր համակարգ/: Գեղարվեստական կրթությունն իրականացվում էր երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում, ուսումնարաններում և տեխնիկումներում, ԲՈՒՀ-երում: Գեղարվեստական մասնագիտական կողմնորոշմանն էին ուղղված արտադպրոցական հաստատությունները /պիոներ-պալատներ, մշակույթի տներ, ստեղծագործական կենտրոններ, ուսումնական հաստատությունների խմբակներ և այլն/, որտեղ իրականացվում էր նաև գեղագիտական դաստիարակություն:

1996 թվականին երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներն անցան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ: 2004 թվականի տվյալներով Հանրապետությունում գործում է 170 դպրոց, որտեղ դասավանդում է 4678 ուսուցիչ, սովորում` 24858 աշակերտ: 2001 թվականի տվյալներով գործել է 204 դպրոց, դասավանդել է 7438 ուսուցիչ, սովորել է 34185 աշակերտ: Երեք տարիների ընթացքում դպրոցների թիվը նվազել է 17%, ուսուցիչներինը` 37%, աշակերտներինը` 27%:

Գեղարվեստական կրթության ծրագրեր իրականացնող հաստատություններում ուսման տևողությունը կազմում է երաժշտական դպրոցներում` 7 տարի, գեղարվեստի դպրոցներում` 4 տարի, արվեստի դպրոցներում` 4-7 տարի: ՈՒսումը հիմնականում վճարովի է: Կրթության ավարտին տրվում է ավարտական վկայական, որը հնարավորություն է տալիս ուսումը շարունակելու համապատասխան միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում: ՈՒսումնական պլանները և առարկայական ծրագրերը չեն փոփոխվել:

Հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է գեղարվեստական կրթական համակարգում առկա հետևյալ իրավիճակով`

 

2.1. Կառավարման ոլորտում

1991 թ. հետո Հայաստանի Հանրապետությունում, նոր ժամանակների պահանջներին համապատասխան տեղի ունեցած պետական կառավարչական, կրթական, տնտեսական և այլ բարեփոխումները մշակույթի բնագավառում առաջադրեցին նոր նպատակներ ու խնդիրներ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո գեղարվեստական կրթության համակարգի մասը կազմող երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները /մոտ 200 դպրոց/ անցան համայնքային ենթակայության և անհրաժեշտ իրավական դաշտի բացակայությունը, համայնքների ոչ բավարար տնտեսական ներուժը, ոչ բավարար բարոյահոգեբանական պատրաստվածությունը, առկա սոցիալ-տնտեսական պայմանները, ընդհանուր չափորոշիչների բացակայությունը առաջացրին մի շարք նոր հիմնախնդիրներ: Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները մշակույթի ոլորտում մասամբ հստակեցվեցին «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Թեև հիշյալ օրենքի 24-րդ հոդվածն ամրագրում է, որ համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները` սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, համայնքների մեծ մասում մշակութային կազմակերպությունների պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացվում:

Գեղարվեստական կրթության ուսումնական հաստատությունները այսօր գործում են տարբեր կառավարման մարմինների ենթակայությամբ: Պետական չափորոշիչների /այդ թվում` ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, կադրային նշանակումների տարիֆաորակավորման բնութագրերի, մասնագիտական առարկաների ցանկերի և այլն/ բացակայությունը խոչընդոտում է միասնական քաղաքականության իրականացմանը:

Գեղարվեստական կրթության համակարգում անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն պետական կառավարման լիազորված մարմինների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Սերտ չեն նաև կապերը վերոնշյալ ուսումնական հաստատությունների և մշակութային կազմակերպությունների միջև:

 

2.2. Կադրային ապահովում

Մինչև 1993 թ. կադրերի հաշվառումը, տեղավորումը և վերապատրաստումը իրականացնում էր ՀԽՍՀ մշակույթի նախարարության ուսումնական հաստատությունների վարչությունը, որն էլ պատասխանատու էր կադրային քաղաքականության իրականացման համար: Կադրային քաղաքականությանը մասնակցում էին նաև շրջանային և քաղաքային գործադիր մարմինները: Գործում էին տարիֆաորակավորման ընդհանուր չափորոշիչներ, որոնք սահմանում էին կադրերին ներկայացվող անհրաժեշտ չափանիշներն ու պահանջները:

Պետական չափորոշիչների բացակայության պայմաններում այսօր ճիշտ չի տարվում նաև կադրային քաղաքականությունը, և բազմաթիվ դեպքեր կան, երբ համայնքներում, համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող անձինք, գլխավորել կամ դասավանդել են գեղարվեստական կրթություն իրականացնող դպրոցներում: Երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները դժվարություններ ունեն նաև որակյալ ուսուցչական կադրերի համալրման գործում: Նման իրավիճակում հիմնախնդիր է դառնում մշակույթի ոլորտում նոր կադրերի համալրումը և ուսուցման ճանապարհով ազգային մշակութային ժառանգության պահպանումը:

Տարիֆաորակավորման չափորոշիչների բացակայության պայմաններում, ֆինանսատնտեսական հիմնախնդիրների արդյունքում դպրոցներում վերջին տարիների ընթացքում կատարված կադրային կրճատումների արդյունքում համակարգից դուրս մնացին բարձր որակավորում ունեցող մանկավարժները:

1991 թ. հետո գեղարվեստական կրթության համակարգում մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման աշխատանքներ չեն իրականացվել: Վտանգված է շատ մասնագիտությունների դասավանդումը /ժողովրդական, փողային, լարային գործիքներ և այլն/:

 

2.3. Ֆինանսական, տնտեսական և նյութատեխնիկական ապահովում

Համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունների մի մասը /հատկապես աղետի գոտում և հեռավոր և սահմանամերձ մարզերում/ կարիք ունեն շենքային պայմանների բարելավման: Որոշ գյուղական համայնքների մի մասում գեղարվեստական կրթության հաստատությունները տեղակայված էին մշակույթի տներում և ակումբներում, որոնց մի մասը այսօր չի գործում և նույնպես ունի հիմնանորոգման կարիք: Համայնքային բյուջեները այսօր մեծ դժվարությամբ են կարողանում ապահովել ամենաանհրաժեշտ պահպանման ծախսերի միայն մի մասը: Ֆինանսական դժվարությունները դառնում են առանձին դպրոցների փակման հիմնական պատճառը:

Գույքային պայմանները անբավարար են, եղած գործիքները բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Երաժշտական դպրոցներում հատկապես մեծ է ժողովրդական, փողային և լարային գործիքների պահանջարկը, նկարչական դպրոցներում չեն բավարարում ամենատարրական նյութերը` թուղթ, ներկեր և այլն: Դպրոցների ուսման վարձավճարները հավաքագրվում են համայնքային բյուջեներում, սակայն դպրոցները դրանք տնօրինելու հնարավորություն չունեն:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքներում գործող մշակութային կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչը հնարավորություն կընձեռեր ձեռնարկատիրական և լրացուցիչ վճարովի ծառայությունների մատուցման միջոցով իրականացնելու ավելի ինքնուրույն տնտեսական գործունեություն: Սակայն, համայնքներից շատերում դպրոցները չեն վերակազմակերպվել:

Կանոնակարգված չէ ուսման վարձավճարների խնդիրը, որը որոշ տեղերում բերում է գների չհիմնավորված բարձրացման: Այսօր ուսման վարձավճարները տատանվում են 1500-ից մինչև 10000 դրամի սահմաններում: ՀՀ մարզերում ու համայնքներում վիճակն առավել անմխիթար է: Համայնքային բյուջեներում դպրոցների պահպանման համար նախատեսված միջոցներն անբավարար են:

ՈՒսուցիչների ցածր աշխատավարձի, ուսման վարձավճարների չհիմնավորված քաղաքականության արդյունքում նվազեցման ուսուցիչների և աշակերտների թվաքանակը, որն էլ իր հերթին բացասաբար անդրադարձավ մի շարք մասնագիտությունների /հիմնականում ժողովրդական, լարային, փողային գործիքներ, քանդակագործության և այլն/ դասավանդման որակի և ծավալի վրա:

Կապված ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, շնորհալի շատ երեխաներ դուրս են մնում մշակութային կրթական համակարգի ոլորտից: Արդյունքում` որոշ մասնագիտություններ չեն ուսուցանվում դիմորդներ չլինելու պատճառով, ինչն էլ իր հերթին հիմնախնդիրներ է առաջացնում միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների ընթացքում:

Բացակայում են ժամանակակից էլեկտրոնային ինֆորմացիոն միջոցները, այդ թվում նաև ինտերները, ինչը խանգարում է ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը և միջազգային փորձի ուսումնասիրմանը: Ամբողջ ոլորտը համակարգչային դասարաններով ապահովման կարիք ունի:

 

2.4. Ծրագրային և մեթոդական ապահովում

Մինչև 1993 թ. մեթոդական և ծրագրային աշխատանքները կազմակերպում էին ՀՀ մշակույթի նախարարությանը կից մեթոդական կենտրոնը և շրջանային մեթոդական կենտրոնները, որոնց կողմից մշակվում էին անհրաժեշտ մեթոդական ցուցումները, կազմվում յուրաքանչյուր մասնագիտության համար ընդհանուր ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակման նախապատրաստվում անհրաժեշտ մեթոդական գրականությունը:

Այսօր երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցները կարիք ունեն նոր ուսումնական պլանների, մեթոդական ցուցումների, առարկայական ծրագրերի և մասնագիտական գրականության: Արդյունքում, ուսումնական հաստատությունները, չունենալով կամ ունենալով թվերի հնացած ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր, դժվարանում են ապահովել ուսուցման բավարար որակը: Անհրաժեշտ է ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել ուսուցման գործընթացը, ներդնել ուսուցման ժամանակակից մեթոդներ և նոր մասնագիտություններ:

Կանոնակարգման կարիք ունի վերջին տարիներին տարբեր հասարակական և մասնավոր կազմակերպությունների ու ուսումնական կենտրոնների կողմից իրականացվող գեղարվեստական կրթությունը:

 

2.5. Իրավական դաշտում

Պետական չափորոշիչների բացակայությունը, մշակութային ուսումնական հաստատությունների ներկա վիճակը խոչընդոտում է մշակույթի ասպարեզում լիարժեք կադրերի պատրաստմանը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մշակութային ուսումնական հաստատությունները, գտնվելով տարբեր ենթակայությունների ներքո (պետական, համայնքային), չունեն ընդհանուր նպատակներ, խնդիրներ և ծրագրեր: Չկա ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի այն փաթեթը, որը կկարգավորի նրանց գործունեությունը: Մասնագիտական կրթության, լրացուցիչ կրթության նորմատիվային ակտերի, գեղագիտական դաստիարակության հայեցակարգի բացակայությունը չեն նպաստում առկա իրավիճակի բարելավմանը:

Երաժշտական, գեղարվեստական և արվեստի դպրոցները, բացի գեղագիտական դաստիարակությունից, իրականացնում են նաև արվեստների ուսուցում, և այդ գործառույթն անհրաժեշտ է նկատի ունենալ համապատասխան իրավական ակտեր մշակելիս և ընդունելիս:

 

3. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Գեղարվեստական կրթության հիմնախնդիրներն են.

ա) գեղարվեստական կրթության բնագավառում պետական միասնական քաղաքականության բացակայությունը.

բ) պետական և տեղական մարմինների անհամաձայնեցված գործունեությունը, ընդհանուր չափորոշիչների բացակայությունը.

գ) ընդհանուր ծրագրային և մեթոդական ապահովվածության բացակայությունը.

դ) գեղարվեստական կրթության նյութատեխնիկական և կադրային անբավարար ապահովվածությունը:

Հասարակության առկա հակասությունների հաղթահարումը և սուր հիմնախնդիրների լուծումը գեղարվեստական կրթության համակարգի առջև կանգնած նպատակների և խնդիրների հիմնական մասն են:

 

4. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Արդի ժամանակահատվածում գեղարվեստական կրթության նպատակներն են.

ա) ազգային և համամարդկային մշակույթի ճանաչումը, ուսումնասիրումը, պահպանումը, տարածումը և զարգացումը արվեստների ուսուցման և գեղագիտական դաստիարակության ճանապարհով.

բ) հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը.

գ) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը.

դ) արվեստի և մշակույթի բնագավառներում Հայաստանում ձևավորված գեղարվեստական կրթության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, համապատասխանեցումը նոր տնտեսական հարաբերություններին, ժամանակակից պահանջներին և միջազգային կրթական չափորոշիչներին:

 

5. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Գեղարվեստական կրթությունը կոչված է իրականացնելու հետևյալ խնդիրները.

ա) հասարակության սոցիալական և տարիքային բոլոր խմբերի գեղագիտական պահանջմունքների ձևավորում ու զարգացում.

բ) մշակույթի պահպանման և զարգացման նպատակով գեղագիտորեն զարգացած և շահագրգիռ լսարանի ստեղծում.

գ) արվեստի և մշակույթի բնագավառում ստեղծագործողների և մանկավարժական կադրերի առաջնային նախապատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համակարգի ձևավորում.

դ) արվեստի բնագավառի մասնագիտական կրթության ավանդույթների պահպանում և հետագա զարգացում.

ե) ազգաբնակչության հաղորդակցում ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին.

զ) արվեստի բարոյական ներուժի իրացումը` որպես անհատի ու հասարակության բարձրագույն նպատակների, բարոյական սկզբունքների ձևավորման ու զարգացման, գեղագիտական ճաշակի, արվեստի, գեղարվեստական գործունեության հնարավորությունների օգտագործում` հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման միջոցի.

է) համաշխարհային մշակութային ժառանգության ուսումնասիրում.

ը) աջակցություն ստեղծագործական ինքնագործունեության և ժողովրդական արվեստի ուղղությունների զարգացմանը, ստեղծագործական ակտիվ կյանքին ազգաբնակչության մասնակցության պայմանների ապահովում.

թ) տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովում:

 

6. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գեղարվեստական կրթության զարգացման ռազմավարական ուղղություններն են.

ա) մշակույթի կրթական համակարգում միասնական քաղաքականության սկզբունքների սահմանում և կրթության հաջորդականության, շարունակականության, անընդհատության և ամբողջականության ապահովում.

բ) գեղարվեստական կրթության համակարգի իրավական դաշտի կարգավորում.

գ) գեղարվեստական կրթական համակարգում միասնական չափորոշիչների ընդունում.

դ) գեղարվեստական կրթության համակարգի միասնական ծրագրային և մեթոդական ապահովում.

ե) նյութատեխնիկական բազայի համալրում և արդիականացում.

զ) գեղարվեստական կրթություն ստանալու մատչելիության ապահովում.

է) մշակույթի բնագավառի կադրային հետագա համալրման պայմանների ապահովում:

 

7. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Գեղարվեստական կրթության բովանդակությունը և հիմնական մեթոդաբանական սկզբունքները պետք է համապատասխանեն հասարակության զարգացման հրատապ խնդիրներին, համաշխարհային մշակութային գործընթացին, անհատի հոգևոր պահանջմունքների բազմակողմանի բավարարմանը:

Գեղարվեստական կրթության բովանդակությունը ներառում է.

ա) պատմամշակութային իրազեկության ձևավորում` տարբեր դարաշրջանների և ժողովուրդների մշակույթի պատմության և տեսության ուսումնասիրությամբ.

բ) գեղարվեստագործնական իրազեկության ձևավորում, որը ենթադրում է արվեստի տարբեր տեսակների գեղարվեստական արտահայտչամիջոցների տիրապետում.

գ) գեղարվեստական ճաշակի և գնահատման չափանիշների ձևավորում հոգևոր-բարոյական և գեղագիտական բարձրագույն նպատակների ենթատեքստում:

Գեղարվեստական կրթության բովանդակության իրագործումը կատարվում է երեք մակարդակներով.

ա) արվեստի նկատմամբ վերաբերմունքի ձևավորում` որպես անհատի ազատ և բազմակողմանի զարգացման կարևորագույն պայմանի.

բ) արվեստի տարբեր տեսակների հետ գեղարվեստական հաղորդակցման պահանջմունքի ձևավորում համարժեք գեղագիտական գնահատանքի հիման վրա.

գ) գեղարվեստական գործունեության ինքնուրույն հմտությունների ձևավորում և դրա ընկալումը` որպես անհատի կյանքի անքակտելի մաս:

Գեղարվեստական կրթության հիմնական բովանդակությունը իրականացվում է մեթոդաբանական հետևյալ սկզբունքների հիման վրա.

ա) կրթության սկիզբ վաղ հասակից, գեղարվեստական կրթության տարբեր մակարդակների անընդհատություն և հաջորդականություն.

բ) բազմամշակութային մոտեցում, որը հիմնվելով ազգային մշակույթի վրա, ենթադրում է արվեստի ծրագրերում ներառել գեղարվեստական ոճերի և ազգային ավանդույթների հնարավոր լայն շրջանակ.

գ) արվեստի առարկաների ուսումնական ծրագրերը կազմելիս հիմք ընդունել ազգային մշակութային առանձնահատկությունները.

դ) արվեստի տարբեր տեսակների փոխներգործության հիմքի վրա գեղարվեստական առանձին մասնագիտությունների դասավանդման համակարգված մոտեցում.

ե) տարբեր աստիճանների տարբերակված կրթական ծրագրերի տարածում` հարմարեցված յուրաքանչյուր սովորողի հնարավորություններին և ընդունակություններին.

զ) ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակ նկատի ունենալ երեխաների տարիքային առանձնահատկություններն ու անհատականությունը.

է) անհատապես կողմնորոշված գեղարվեստակրթական մեթոդների ներդրում, անհատականացված մոտեցում առանձնահատուկ շնորհալի և այլ կարգի սովորողներին:

 

8. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն հայեցակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է.

8.1. Կառավարման համակարգի բարելավում.

ա) մշակույթի և կրթության լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գեղարվեստական կրթության ոլորտում լիազորությունների հստակեցում, համագործակցություն հանրապետական և մարզային մակարդակներում` համատեղ և նպատակային ծրագրերի իրականացման հիմքի վրա.

բ) գեղարվեստական կրթության նկատմամբ պետական աջակցության ցուցաբերում` առաջնայնություն տալով ազգային և ժողովրդական արվեստներին.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններին կազմակերպչական, մեթոդական և այլ կարգի աջակցության ցուցաբերում.

դ) Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գեղարվեստական կրթության զարգացում:

8.2. Իրավական դաշտի կատարելագործում.

ա) ընդհանուր կրթական համակարգում մշակույթի և արվեստի կրթական հաստատությունների գործունեության իրավական նորմատիվային հիմքերի սահմանում և լրացուցիչ կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և ընդունում.

բ) գեղարվեստական կրթության զարգացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունում:

8.3. Ծրագրային և մեթոդական ապահովում և ուսումնական գործընթացի կատարելագործում.

ա) գեղարվեստական կրթության համակարգի միասնական նոր ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և մեթոդական ուղեցույցների մշակում.

բ) մշակույթի բնագավառում կրթական պետական միասնական չափորոշիչների կազմում.

գ) գեղարվեստական կրթության ծրագրային-մեթոդական ապահովում, ձևերի և մեթոդների մշտական թարմացում` նկատի ունենալով հայրենական փորձն ու համաշխարհային նվաճումները.

դ) նոր դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, արվեստի մենագրությունների, գեղարվեստական մշակույթի պատմության և տեսության հրատարակում.

ե) հասարակության գեղարվեստական կրթության և մշակույթի զարգացման իրավիճակի և շարժընթացի բացահայտման նպատակով սոցիալ-տնտեսական և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում.

զ) գեղարվեստական կրթական գործընթացում ժամանակակից տեղեկատվական միջոցների և տեխնոլոգիաների դերի բարձրացում:

8.4. Գեղարվեստական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների տնտեսական ապահովման, նյութատեխնիկական բազայի համալրման և արդիականացման նպատակով.

ա) գեղարվեստական կրթության ոլորտում կազմակերպատնտեսական նոր մեխանիզմների մշակում և ներդրում.

բ) միջոցառումների և ծրագրերի մշակում գեղարվեստական կրթության համակարգի կրթական հաստատությունների նյութատեխնիկական բազայի նշանակալի ամրապնդման, ուսուցիչների աշխատանքի արժանի վարձատրման և նյութական շահագրգռվածության բարձրացման ուղղությամբ:

8.5. Գեղարվեստական կրթություն ստանալու մատչելիության ապահովման նպատակով.

ա) մշակույթի և արվեստի առկա կրթական հաստատությունների համակարգի պահպանում և զարգացում.

բ) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար նպատակային պետպատվերի ներդրում.

գ) պետական և համայնքային ենթակայության գեղարվեստական կրթության ուսումնական հաստատությունների և մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվող սոցիալապես անապահով խավերի համար ծախսերի փոխհատուցման համակարգի ստեղծում:

8.6. Շնորհալի երեխաների բացահայտման և մշակույթի բնագավառի կադրային համալրում.

ա) մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» և այլ միջոցառումների կազմակերպում.

բ) շնորհալի երեխաների բացահայտում և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերում, այդ թվում` համապատասխան խորացված մշակութային նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանների ստեղծում.

գ) մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի ստեղծում:

8.7. Ստեղծագործական ակտիվ կյանքին ազգաբնակչության մասնակցության պայմանների ապահովման նպատակով.

ա) ստեղծագործական ինքնագործունեության և ժողովրդական արվեստի ուղղությունների զարգացման ծրագրերի մշակում և միջոցառումների կազմակերպում.

բ) լրատվական միջոցների ակտիվ մասնակցություն գեղարվեստալուսավորչական գործունեությանը.

գ) մշակույթի և արվեստի կազմակերպությունների գործունեության կատարելագործում, բնակչության տարբեր խմբերի համար գեղարվեստական կրթության և գեղարվեստական գործունեության մատչելի ձևերի զարգացում:

 

9. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հայեցակարգային խնդիրների կենսագործումն ու լուծումները նախատեսվում են մշակույթի և կրթության լիազորված պետական մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջնաժամկետ ծախսային, տարեկան, եռամյա և հեռանկարային, ինչպես նաև նպատակային ծրագրերով, մշակույթի և կրթության բոլոր տեսակի ու տիպերի պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների զարգացման ծրագրերով, որոնց ապահովման ֆինանսական աղբյուրներն են ՀՀ պետական բյուջեն, համայնքային բյուջեները, գեղարվեստական կրթության վճարովի ուսուցման եկամուտները, վճարովի ծառայությունները և օրենսդրորեն չարգելված այլ աղբյուրները:

Սույն հայեցակարգը ներկայացվում է որպես ամբողջական համակարգ, որն ամփոփում է գեղարվեստական կրթության խնդիրներն ու նպատակները, դրանց իրագործման դրույթների և սկզբունքների փոխկապակցված ամբողջությունը:

Հայեցակարգի իրագործման նպատակով մինչև 2004 թ. դեկտեմբերի 30-ը մշակույթի և կրթության ոլորտներում պետական լիազորված մարմինները մշակելու և ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացնելու գեղարվեստական կրթության զարգացման ծրագիր` որպես բնագավառի նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, ծրագրամեթոդական ապահովմանը, կադրերի համալրման և վերապատրաստմանն ուղղված միջոցառումների ամբողջություն, որը գործնականում կապահովի հայեցակարգում շարադրված դրույթների կիրառումը:

Սահմանելով գեղարվեստական կրթության ոլորտի գերակայությունները` հայեցակարգը տվյալ ոլորտի մշակութային քաղաքականության ռազմավարական փաստաթուղթն է: Այդ քաղաքականության իրագործումը կնպաստի հասարակության ստեղծագործական ներուժի և ազգային մշակույթի հետագա զարգացմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2004
N 47
Արձանագրային որոշում