Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈ ...

11.04.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.12.1993  -ից մինչեւ   11.04.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 15.03.01 ՆՀ-836 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Վերջին շրջանում հանրապետության տարածքում իրենց աշխատանքն են աշխուժացրել օտարերկրյա մի շարք կրոնական կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված որոշ կրոնական խմբավորումներ: Կան նաև գրանցված կրոնական կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ հակասում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: Դրանք խարխլում են բարոյա-հոգեբանական մթնոլորտը հանրապետությունում, որոշ դեպքերում անհարգալից վերաբերմունք սերմանում զինվորական ծառայության նկատմամբ, խոչընդոտում գրանցված կրոնական կազմակերպությունների օրինաչափ գործունեությանը և առաջացնում վերջիններիս արդարացի վրդովմունքը:

Այս ամենը խոչընդոտում է նաև հանրապետության ներքին կայունության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու` հայ ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու զորացման ջանքերին:

Հայաստանի Հանրապետության տարածքում կրոնական կազմակերպությունների նման գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը կարգավորելու և կրոնական գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական կառավարման համապատասխան մարմիններին` վերանայել հանրապետությունում գործող հասարակական և այլ կազմակերպությունների, ձեռնարկությունների կանոնադրությունները, որոնցով կրոնական գործունեությամբ զբաղվելու իրավունք նախատեսելու դեպքում, չեղյալ հայտարարել դրանց գրանցման մասին որոշումները` առաջարկելով վերանայել իրենց կանոնադրությունները, հետագայում կազմակերպությունները, ձեռնարկությունները ներկայացնելու գրանցման` որպես հասարակական, կրոնական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ տիպի կազմակերպություններ (ձեռնարկություններ):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդին`

ուսումնասիրել գրանցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը և անհրաժեշտության դեպքում կատարել վերագրանցում, իսկ օրենսդրության խախտումների հայտնաբերման դեպքում` միջոցներ ձեռնարկել լուծարքի ենթարկելու այդ կազմակերպությունները.

միջոցներ ձեռնարկել հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա կրոնական կազմակերպությունների այն ներկայացուցիչների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ, ովքեր զբաղվում են իրենց կարգավիճակով չնախատեսված գործունեությամբ.

պատշաճ հսկողություն իրականացնել կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության և վաճառքի նկատմամբ:

i

3. Սահմանել, որ պետական զանգվածային լրատվության միջոցներով կրոնա-դավաբանական քարոզչություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի գիտությամբ:

i

4. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին` կրոնական արարողությունների անցկացման նպատակով դահլիճներ, համերգասրահներ, մարզասրահներ, կինոթատրոններ, թատերական դահլիճներ և այլ տարածքներ հատկացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպություններին` նախապես այդ հարցը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի հետ:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունները, այլ կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի միջոցով` վերջինիս տեղյակ պահելով հրավիրվողների առաքելության մասին:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում, ճամբարներում անցկացվող կրոնական բնույթի միջոցառումները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի հետ:

Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում կրոնի դասավանդումը թույլատրվում է միայն պետական կառավարման համապատասխան մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի համաձայնությամբ` դասավանդումը կատարելով Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության հիման վրա:

7. Սահմանել, որ օտարերկրյա կրոնական կազմակերպությունների հրավերով, ուսումնական, հանգստանալու կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեկնումը արտասահման կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի գիտությամբ:

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին միջոցներ ձեռնարկել հանրապետության տարածքում կրոնական գործունեության օրինականության ապահովման ուժեղացման ուղղությամբ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկամսյա ժամկետում`

i

առաջարկություններ նախապատրաստել օրենսդրական համապատասխան ակտերում կրոնական գործունեության մասին օրենսդրության պահանջների խախտումների համար պատասխանատվության վերաբերյալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի հաշվետվությունը իր կողմից տարվող աշխատանքների մասին և միջոցառումներ իրականացնել ու անհրաժեշտ նախապայմաններ ստեղծել վերջինիս գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

10. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 դեկտեմբերի 1993 թ.

ՆՀ-269

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.12.1993
N ՆՀ-269
Հրամանագիր