Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱ ...

 

 

040.0592.310505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2005 թվականի N 592-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված ու 2005 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով նշված համաձայնագրի 7-րդ հոդվածի 7.1-ին բաժնով և N 3 հավելվածի 1-ին կետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը համարել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր գործակալություն:

2. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վարչական, ֆինանսական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 461-Ն որոշում)

i

4. Ստեղծել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհուրդ:

i

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

6. Գյուղատնտեսության ծառայությունների ծրագրի ավարտման պատճառով դադարեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» և «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկների գործունեությունը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված պետական հիմնարկների լուծարման և գործունեության դադարեցման գործընթացը.

բ) ներկայացնել համապատասխան առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ.

գ) հաստատել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

8. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրին Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման մասնաբաժինը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 67177500,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 19-ի

N 592-Ն որոշման

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 461-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` ԾՎԿԳ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: ԾՎԿԳ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն որոշման համաձայն:

2. ԾՎԿԳ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԳԶՄՀ) միջև ստորագրված փոխառության համաձայնագրով (այսուհետ` փոխառության համաձայնագիր), Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հիմնադրի և ԾՎԿԳ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. ԾՎԿԳ-ն և դրա ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում են հիմնադրին:

5. ԾՎԿԳ-ի անվանումն է`

 

հայերեն լրիվ` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի

վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ,

 

ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննօյե ՈՒչռեժդենիյե «Բյուռօ պօ անալիզու ի

ուպռավլենիյու պռօգռամմի էկօնօմիչեսկօգօ ռազվիտիյա

սելսկիխ տեռռիտօռիյ»,

 

անգլերեն լրիվ` «Rural Areas Economic Development Programme Analaysis

and Administration Unit» State Institution,

 

հայերեն կրճատ` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ,

 

ռուսերեն կրճատ` ԳՈՒ «ԲԱՈՒ պռօգռամմի էկօնօմիչեսկօգօ ռազվիտիյա

սելսկիխ տեռռիտօռիյ»,

 

անգլերեն կրճատ` «Rural Areas Economic Development Programme AAU» SI:

 

6. ԾՎԿԳ-ի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Վ. Վաղարշյան 12:

 

II. ԾՎԿԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. ԾՎԿԳ-ի գործունեության հիմնական նպատակը ԳԶՄՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխառության համաձայնագրով նախատեսված գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի (այսուհետ` ծրագիր) աշխատանքների գործառնական խնդիրների իրականացման ընթացիկ վերահսկողությունը, կառավարումն ու ծրագրի համակարգումն է:

8. ԾՎԿԳ-ի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառնությունների իրականացումը.

բ) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման տարեկան աշխատանքային պլանի և բյուջեի կազմումը.

գ) մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը և փոխառության համաձայնագրով նախատեսված ձեռքբերումների խորհրդի հաստատմանը ներկայացնելը.

դ) ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումը և ստորագրումը` համաձայն փոխառության համաձայնագրով սահմանված կանոնակարգի.

ե) ծրագրի իրականացման մոնիտորինգը, հաշվետվությունները, միջանկյալ ուսումնասիրությունները, ավարտական զեկույցը, գնահատումները` ներառյալ ԳԶՄՀ-ի համար ընդունելի ձևով հաշվետվությունները պատրաստելն ու ներկայացնելը.

զ) ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

է) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` խորհրդատվական) ձեռքբերումը.

ը) ԾՎԿԳ-ի գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

թ) ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումները նախապատրաստելն ու ներկայացնելը.

ժ) ծրագրի իրականացման հետ կապված վճարումները:

 

III. ԾՎԿԳ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

9. ԾՎԿԳ-ն օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:

10. ԾՎԿԳ-ի իրավունակությունը ծագում է սույն կանոնադրությունը հաստատվելու պահից:

11. ԾՎԿԳ-ի իրավունքները և պարտականությունները սահմանվում են փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ, պայմանագրերով և այլ համաձայնագրերով:

12. ԾՎԿԳ-ն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ: ԾՎԿԳ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, ԾՎԿԳ-ն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

13. ԾՎԿԳ-ն ունի անվանում, օգտագործում է հիմնադրի անունից իրեն ամրագրված գույքը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

14. ԾՎԿԳ-ն հիմնադրի անունից իրավունք ունի`

ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

15. ԾՎԿԳ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում փոխառության համաձայնագրին:

16. ԾՎԿԳ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

17. ԾՎԿԳ-ն պարտավոր է`

ա) փոխառության համաձայնագրի պահանջներին համապատասխան, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել ԾՎԿԳ-ի փաստաթղթերի (ԾՎԿԳ-ի կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ԾՎԿԳ-ի ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.

գ) պայմանագրեր կնքել ծրագրի բաղադրիչներն իրականացնող կառույցների հետ.

դ) իր իրավասությունների սահմաններում վերահսկել ծրագրի իրականացման ընթացքը և անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ:

 

IV. ԾՎԿԳ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. ԾՎԿԳ-ի հիմնադրին է պատկանում ԾՎԿԳ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը, որը պետք է համաձայնեցված լինի ԳԶՄՀ-ի հետ:

19. ԾՎԿԳ-ի հիմնադրի իրավասության հարցերն են`

ա) ԾՎԿԳ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

բ) ԾՎԿԳ-ի գործունեության դադարումը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

20. ԾՎԿԳ-ի ղեկավար պաշտոնատար անձը տնօրենն է, որին պաշտոնի է նշանակում գլխավոր գործակալության ղեկավարը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

21. ԾՎԿԳ-ի տնօրենը գործում է փոխառության համաձայնագրի, սույն կանոնադրության, գլխավոր գործակալության ղեկավարի և ԳԶՄՀ-ի հանձնարարականների համաձայն:

22. ԾՎԿԳ-ի տնօրենը`

ա) տիրապետում և օգտագործում է ԾՎԿԳ-ին ամրացված գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.

բ) պատասխանատու է փոխառության համաձայնագրով սահմանված ԾՎԿԳ-ի գործառույթների իրականացման համար.

գ) ներկայացնում է ԾՎԿԳ-ն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

դ) փոխառության համաձայնագրով սահմանված կարգով ծրագրի համապատասխան բաղադրիչներն իրականացնող կառույցների հետ կնքում է համաձայնագրեր, որոնցում նախանշվում են ծրագրի բաղադրիչի իրականացման նպատակներն ու գործունեության ոլորտը` ներառյալ աշխատակարգի մշակումը և ֆինանսական փոխհարաբերությունները.

ե) գործում է առանց լիազորագրի.

զ) տալիս է լիազորագրեր.

է) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ը) բանկերում բացում է ծրագրի հատուկ հաշիվը, ԾՎԿԳ-ի հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային).

թ) լիազորված է տնօրինելու ծրագրի գործառնական ծախսերի ընթացիկ հաշիվը.

ժ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) մրցութային կարգով (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ԾՎԿԳ-ի աշխատողներին.

ժբ) ԾՎԿԳ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ, գլխավոր գործակալության և ԳԶՄՀ-ի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

23. ԾՎԿԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի և ԳԶՄՀ-ի կողմից սահմանված կարգով:

 

V. ԾՎԿԳ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

24. ԾՎԿԳ-ի աշխատակազմի աշխատողներն աշխատանքի են նշանակվում տնօրենի կողմից` պայմանագրային հիմունքներով:

25. ԾՎԿԳ-ի աշխատակազմի աշխատողների ընտրությունը կատարվում է տնօրենի կողմից` ազատ հաստիքների համար հրապարակային հայտարարությունից հետո:

26. ԾՎԿԳ-ի աշխատակազմը (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) նշանակումից առաջ պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի կողմից:

 

VI. ԾՎԿԳ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

27. ԾՎԿԳ-ն իր հիմնադրից առանձնացված գույք չունի: ԾՎԿԳ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

28. ԾՎԿԳ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները,

բ) աշխատանքները և ծառայությունները,

գ) տեղեկատվությունը,

դ) ոչ նյութական արժեքները:

29. ԾՎԿԳ-ի գույքի գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VII. ԾՎԿԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

30. ԾՎԿԳ-ի գործունեությունը կարող է դադարել ծրագրի ավարտից հետո` հիմնադրի որոշմամբ` ԳԶՄՀ-ի նախնական համաձայնության դեպքում:

31. ԾՎԿԳ-ի կազմակերպության գործունեության դադարման մասին հիմնադրի կողմից որոշման ընդունումից հետո ստեղծվում է լուծարման հանձնաժողով, սահմանվում լուծարման կարգն ու ժամկետները: ԾՎԿԳ-ի լուծարման ժամկետը չի կարող 2 ամսվանից պակաս լինել:

32. ԾՎԿԳ-ի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2005
N 592-Ն
Որոշում