Սեղմել Esc փակելու համար:
1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՆՎԱԶ ...

 

 

020.0579.070605

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 հունիսի 2005 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1973 թվականի հունիսի 6-ին Ժնևում ստորագրված` Նվազագույն տարիքի մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1973թ. հունիսի 6-ին` մանկական աշխատանքի արդյունավետ վերացմանը նպաստելու նպատակով:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1976թ. հունիսի 19-ին:

2. Կոնվենցիան ճշգրտում է դրա կիրառման շրջանակը` միաժամանակ մասնակից պետություններին հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել զբաղվածության կամ աշխատանքի սահմանափակ կատեգորիաները:

Մասնակից պետությունների կողմից սահմանվող` աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը չի կարող ցածր լինել դպրոցական պարտադիր ուսումն ավարտելու տարիքից և բոլոր դեպքերում չպետք է ցածր լինի 15-ից: Իր բնույթով կամ իրագործման հանգամանքների բերումով դեռահասի առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը հնարավոր վնաս հասցնող աշխատանքի ընդունելու տարիքը չպետք է ցածր լինի 18-ից: Մասնակից պետությունների ներպետական օրենսդրությունը կարող է թույլատրել 13-ից 15 տարեկանների աշխատանքը միայն նրանց առողջության կամ զարգացման համար վտանգ չներկայացնող և դպրոց հաճախելուն չխանգարող թեթև աշխատանքների դեպքում:

3. Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են իրականացնել ազգային քաղաքականություն` ուղղված մանկական աշխատանքի արդյունավետ վերացմանը և զբաղվածության կամ աշխատանքի ընդունման նվազագույն տարիքի հետզհետե բարձրացմանն այն մակարդակի, որն առավելագույնս համապատասխանի դեռահասների մարմնական և մտավոր զարգացմանը:

Մասնակից պետությունների իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները կոնվենցիայի դրույթների արդյունավետ կատարումն ապահովելու համար:

4. Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, հայտարարում է, որ իր տարածքում զբաղվածության կամ աշխատանքի ընդունվելու և իր տարածքում գրանցված փոխադրամիջոցների ոլորտում աշխատանքի ընդունվելու նվազագույն տարիքը 16 տարեկանն է:

5. Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 32 հոդվածում ամրագրված սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1973թ. հունիսի 6-ին Ժնևում ստորագրված` Նվազագույն տարիքի մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 հունիսի 2005 թվականի

ՍԴՈ-579

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.06.2005
N ՍԴՈ-579
Որոշում