Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

010.0199.021105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով`

«4.1. Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով` բացառապես անտառային տնտեսության կարիքների համար:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածում «սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ կետը «տարածքներում,» բառից հետո լրացնել «իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 46. ՀՈՂԱՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:

Արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը: Նման հողամասերը կարող են փոխանցվել միայն սեփականության իրավունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սեփականատիրոջ կողմից հողամասի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը կարող է տրամադրվել պայմանագրով սահմանված կարգով` կառուցապատման իրավունքով կամ առանց դրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-րդ հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 48.1. ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:

2. Կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել` փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի` համապարփակ իրավահաջորդության կարգով:

3. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

4. Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով և չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

5. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով և 48-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաև սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի դեպքերում:

Սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի դեպքերում սույն օրենքի ուժով ձեռք է բերվում կառուցապատման իրավունք:

7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով` սույն օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով սահմանված կարգով:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում «պայմանով» բառը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքը բացառելու պայմանով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 57-րդ հոդվածը «մարզպետները» բառից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Պետական կամ համայնքային սեփականության հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի հատակագծերը հաստատում են համայնքների ղեկավարները, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի հատակագծերը` մարզպետները (Երևանում` Երևանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու պարբերություններով`

«Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով և այլ իրավական ակտերով:

Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով, բացառությամբ օրենքով սահմանված` հողամասերի անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերի:»:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետում`

ա) «օրենքով» բառից հետո ավելացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերի» բառերը.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:»:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է, համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 76-րդ հոդվածում 1-5-րդ կետերը «վարձակալության» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 77-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «վարձակալություն» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքով» բառերով.

բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերից հետո լրացնել «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը» բառերով.

գ) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով.

դ) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «վարձավճարի մեկնարկային գինը» բառերը փոխարինել «վճարի մեկնարկային չափը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը «վարձակալելու» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 80-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով.

բ) 1-ին կետը «մարզպետի» բառից հետո լրացնել «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձի» բառերով.

գ) 1-ին և 2-րդ կետերը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «վարձակալման» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքի» բառերով.

բ) 1-ին կետի «համար» բառը փոխարինել «իրավունքով» բառով, իսկ «վարձակալության» բառից հետո ավելացնել «և (կամ) կառուցապատման» բառերը.

գ) 3-րդ կետը «վարձավճարի» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքի վճարի» բառերով.

դ) 5-րդ կետից հանել «վրա ամրակցված շենքի, շինության» բառերը, իսկ «վարձակալության» բառից հետո ավելացնել «և (կամ) կառուցապատման իրավունքի» բառերը.

ե) 6-րդ կետը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 87-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս պետք է օտարվեն նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար:

2. Արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Սույն կետով սահմանված շենքերը և շինությունները կարող են օտարվել միայն համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի պահպանմամբ:

3. Ստորաբաժանված շենքերում, շինություններում, այդ թվում` բազմաբնակարան շենքերում առանձին տարածքի (անշարժ գույքի միավորի) օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Ընդ որում, հողամասի մյուս մասնակիցները չունեն գնման նախապատվության իրավունք:»:

 

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 88. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԻՓՈԹԵՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության հողամասերը կարող են հանդիսանալ հիփոթեքի առարկա:

2. Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը տարածվում է նաև այդ հողամասում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա:

3. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից` որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասերի:

4. Պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը չեն կարող հիփոթեքի առարկա լինել:

5. Հողամասերի հիփոթեքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով`

«7.1. Գյուղատնտեսական նշանակության հողամասերն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով:»:

 

ՀՈԴՎԱԾ 21. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա կառուցված են այդ շենքերը, շինությունները:»:

 

ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 23. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ` օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)` սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են`

1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաև բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը.

2) հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը` անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում` գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում` անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

Սույն կետի պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:

Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հողամասերի վրա չի տարածվում օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

3. Հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի վարձակալները կամ օգտագործողները, իրենց ցանկությամբ, մեկ տարվա ընթացքում հողամասերի նկատմամբ կարող են ձեռք բերել սեփականության իրավունք` հողամասի կադաստրային արժեքն ամբողջությամբ` միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:

Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է սույն կետով նախատեսված հողամասերի կադաստրային արժեքի վճարի անդորրագիրը և հողամասի վարձակալի կամ օգտագործողի դիմումը:

Սեփականության իրավունք նրանք կարող են ձեռք բերել ինչպես ամբողջ հողամասի, այնպես էլ դրա մասի նկատմամբ, պայմանով, որ հողամասը նախօրոք` սեփականատիրոջ կողմից սահմանված կարգով, բաժանվի առանձին գույքային միավորների, իսկ դրանց նկատմամբ սեփականատիրոջ և համապատասխան օգտագործողի իրավունքները գրանցվեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Սույն կետով սահմանված կարգով մեկ տարվա ընթացքում սեփականության իրավունք ձեռք չբերած, ինչպես նաև օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի օգտագործման իրավունք ունեցող անձինք պահպանում են վարձակալության կամ անհատույց օգտագործման իրենց իրավունքը` հողամասի, իսկ շենքերի, շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետներում: Պայմանագրով սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերած անձինք` իրենց ցանկությամբ, կարող են վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքն ամբողջությամբ` միանվագ` վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմին:

Սույն կետով սահմանված կարգով հողամասի կամ դրա մասի նկատմամբ տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարումն ազատում է հողամասերը հետագա ձեռք բերողներին սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կադաստրային արժեքի վճարումից` անկախ այդ արժեքի փոփոխությունից:

5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ անհատույց` սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձինք ազատվում են դրանց` որպես անհատույց ստացված ակտիվի համար հաշվարկվող շահութահարկից և եկամտահարկից:

6. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վարձակալության կամ օգտագործման տրամադրման մրցույթներ` մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ պայմանագրեր կնքելու և դրանցից բխող իրավունքները գրանցելու նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվում է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի` առանց մրցույթի վարձակալության կամ օգտագործման տրամադրման վերաբերյալ սահմանված կարգով համայնքի ղեկավարի, մարզպետի, Երևանում` Երևանի քաղաքապետի կողմից մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունված որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե պայմանագիրը կնքվում է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը:

Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի կամ շինությունների օտարման տրված հրապարակային սակարկությունների հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է մինչ 2006 թվականի ապրիլի 1-ը:

Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը, օրենքի համաձայն, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի կամ շինությունների ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը:

Սույն կետում նշված պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի նորմերը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչ 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունված` պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության ուղղակի վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման և սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած պետական գույքի մրցույթով վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն` մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը տրված մրցույթի հրապարակային ծանուցման արդյունքում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության օտարման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման և սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները:

8. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջը տարածվում է նաև սահմանված կարգով չգրանցված, սակայն հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց վրա, որոնց օգտագործվող հողի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում օգտագործվող հողամասի նկատմամբ` օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելուց հետո:

9. Եթե կառուցված կամ կիսակառույց բազմաբնակարան կամ ստորաբաժանված այն շենքերի, որոնց կառուցապատողները մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ունեին կառուցապատման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք, բնակարանները կամ ստորաբաժանված շինության մասն օտարել են առանց համապատասխան հողամասի կամ ընդհանուր բաժնային սեփականության գույքի, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ձեռք բերված բնակարանների կամ շինության մասերի սեփականատերերին սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման և սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը:

10. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար հողամասի վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված է վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը գնել վարձակալված կամ օգտագործվող հողամասը, ապա`

ա) մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարան շենքի բնակարաններ գնած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման և սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը, սակայն դրանով չի վերանում հողամասի համար պայմանագրով նախատեսված վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը.

բ) տվյալ շենքի չվաճառված բնակարանների մասով բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի նկատմամբ կառուցապատողը սեփականության իրավունք է ձեռք բերում միայն համապատասխան հողամասը դրա հատկացման որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված կարգով գնելուց հետո:

11. Սույն հոդվածի 1-ին կետի նորմը չի տարածվում մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի վրա: Նշված հողամասերի վրա տարածվում են սույն հոդվածի 10-րդ կետի նորմերը:

Սույն հոդվածի 1-ին կետի նորմը չի տարածվում նաև ցանցերի միջոցով մատակարարվող ջրային, ջեռուցման, էլեկտրական էներգիայի, գազի, ջրահեռացման, հեռահաղորդակցության համակարգերի կառուցման ու սպասարկման համար վարձակալության կամ անհատույց օգտագործման հատկացված հողամասերի վրա:

12. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված ինքնակամ կառույցների կամ ինքնակամ զբաղեցված հողամասերի օգտագործողների հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները, եթե այդ պայմանագիրը կնքվել է մինչև 2006 թվականի մարտի 1-ը:

Եթե «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված այն ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերը, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ենթակա են փոխանցման սեփականության իրավունքով, ապա այդ փոխանցումն իրականացվում է առանց «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրի կնքման ու այդ պայմանագրի նոտարական վավերացման:

(23-րդ հոդվածը փոփ. 15.12.05 ՀՕ-241-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

2 նոյեմբերի 2005 թվականի

ՀՕ-199-Ն

 

 

pin
ՀՀ 04.10.2005
N ՀՕ-199-Ն օրենք