Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Հ ...

 

 

115.0020.160306

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         03           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11506069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 փետրվարի 2006 թվականի N 20-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետով և N 3 հավելվածի 15-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, գործադիր մարմինների ատեստավորման անցկացման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և կազմի հաստատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2. ատեստավորման թերթի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006 թվականի փետրվարի 16-ի

N 20-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն), գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման անցկացման և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և կազմի հաստատման կարգը:

2. Ատեստավորումը` տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Սույն կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատուն նախարարության աշխատակազմի ղեկավարն է:

4. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են նախարարության աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Հանձնաժողովի տեղեկատվական և տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարության աշխատակազմը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովը ձևավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

7. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով` ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Նույն հրամանով նախարարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա նախարարի հրամանով հանձնաժողովի կազմից նշանակվում է համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

9. Ատեստավորումն անցկացվում է նախարարի հրամանով սահմանված ժամկետում:

10. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ տնօրենը ենթակա է ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

11. Ատեստավորման ենթակա անձինք ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

12. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ նախարարի տվյալ ոլորտը համակարգող տեղակալը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ատեստավորման ենթակա տնօրենի ծառայողական բնութագիրը, որը պետք է բովանդակի տվյալներ տնօրենի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Ատեստավորման ենթակա տնօրենը ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ ծանոթանում է իր ծառայողական բնութագրին:

13. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել տնօրենի ատեստավորման արդյունքների վրա:

14. Տնօրենը ատեստավորումից մեկ շաբաթ առաջ նախարարության աշխատակազմ է ներկայացնում տեղեկանք նախորդ 5 տարիների ընթացքում իր կատարած աշխատանքների մասին:

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Ատեստավորումն անցկացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ` փաստաթղթային ուսումնասիրության և հարցազրույցի միջոցով:

16. Տնօրենն ատեստավորման ներկայանալիս` ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:

17. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է տնօրենի անունը, ազգանունը և հայրանունը: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

18. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցը անցկացվում է հարցատոմսերի միջոցով: Հարցազրույցի ժամանակ կարող են տրվել հարցատոմսի մեջ չմտնող այլ հարցեր` սույն կարգի 20-րդ կետում նշված նպատակներով:

Հարցատոմսերը կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք,

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք,

դ) պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ատեստավորման համար` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

ե) փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ատեստավորման համար` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

զ) տվյալ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր:

19. Հարցատոմսերը ձևավորվում են համակարգչի միջոցով:

20. Հարցատոմսի մեջ չմտնող հարցերը կարող են տրվել.

ա) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողությունը ստուգելու նպատակով,

բ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը ստուգելու նպատակով,

գ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողությունը ստուգելու նպատակով,

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը ստուգելու նպատակով,

ե) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտությունը ստուգելու նպատակով:

21. Հարցազրույցը գրավոր արձանագրվում է:

22. Հարցազրույցի ընթացքում հարցատոմսերին տրված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հարցատոմսի մեջ չմտնող հարցերը գնահատվում են հարցը հնչեցնող հանձնաժողովի անդամի կողմից:

23. Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ատեստավորվող տնօրենի տված պատասխանը, ինչպես նաև հարակից բանավոր հարցերը և դրանց վերաբերյալ ատեստավորվող տնօրենի տված պատասխանները:

24. Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների և ատեստավորվող տնօրենի կողմից:

25. Ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումները`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

26. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

27. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ:

28. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ:

29. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնածողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

30. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթի հետ և ստորագրում:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈԻՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

31. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

32. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

ա) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

բ) ատեստավորվող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը, նրա վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումը:

33. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, կարող է ծանոթանալ հանձնաժողովի որոշումներին, ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկին: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ հանձնաժողովի որոշումների և ատեստավորման թերթի պատճենները:

34. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները տնօրենի կողմից կարող են գրավոր բողոքարկվել նախարարին` ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

35. Բողոքը նախարարը քննության է առնում այն աշխատակազմում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

36. Նախարարը բողոքը քննության առնելիս ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ) կոնկրետ տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:

37. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը նախարարության աշխատակազմը եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին:

Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև ատեստավորող հանձնաժողովի որոշումները և նիստի արձանագրությունները:

38. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին է հանձնում բաժնի կնիքը, ատեստավորման թերթերը, ատեստավորող հանձնաժողովի որոշումները, նիստի արձանագրությունները և տնօրենին վերաբերող մյուս բոլոր փաստաթղթերը:

39. Նախարարը տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոք լինելու դեպքում սույն կարգի 37-րդ կետի երկրորդ պարբերությունով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) տնօրենի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր,

բ) տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ապահովել ատեստավորվող անձանց համար իրենց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների դրսևորման հավասար հնարավորություններ, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) ապահովել անցկացվող ատեստավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

41. Հանձնաժողովը`

ա) նախարարության աշխատակազմից ստանում է ատեստավորմանը մասնակցող տնօրենի փաստաթղթերը, նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի կլոր կնիքը և ատեստավորմանը վերաբերող նյութերը.

բ) քննության է առնում փաստաթղթերի հավաստիությունը, ամբողջականությունը.

գ) ատեստավորվող անձի հետ անցկացնում է հարցազրույց.

դ) կազմում է քվեաթերթիկ.

ե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

զ) քվեարկության արդյունքում ատեստավորվողի վերաբերյալ կայացնում է որոշում.

է) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

ը) պաշտոնապես հրապարակում է ատեստավորման արդյունքները.

թ) իր գործառույթներն իրականացնելիս կարող է պետական և (կամ) այլ մարմիններից, կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

42. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

43. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

44. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

45. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորման անցկացման կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

46. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում և կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

գ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

դ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

ե) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվություն է ներկայացնում նախարարին.

զ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

47. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է մասնակիցներին հարցազրույցի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը.

դ) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

48. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

բ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

գ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

դ) ստորագրում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

ե) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

զ) հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում է հանձնաժողովի քարտուղարին.

է) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգի դրույթների խախտման դեպքում տվյալ տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարուց ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում:

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006 թվականի փետրվարի 16-ի

N 20-Ն հրամանի

 

Ձև

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

(Տնօրենի)

Ատեստավորման եղանակը.

հարցազրույցի

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն ....................................

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ................................

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը .................................................

......................................................................

......................................................................

4. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի .......... անդամներ, որոնց կողմ է քվեարկել ........... անդամ:

5. Հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը

......................................................................

......................................................................

......................................................................

 

Հանձնաժողովի նախագահ` ................... ..................

                            (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Հանձնաժողովի անդամներ` ................... ..................

                            (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

                           ...................  ..................

                           ...................  ..................

                           ...................  ..................

                           ...................  ..................

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
16.02.2006
N 20-Ն
Հրաման