Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

005.06.05.95

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ուկրաինայի կառավարությունը, ցանկանալով կնքել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու, հարկումից խուսափումը կանխելու վերաբերյալ Համաձայնագիրը և հաստատելով իրենց ձգտումը փոխադարձ տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու` պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ԱՆՁԻՆՔ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է եկամուտների և գույքային հարկերի վրա, որոնք գանձվում են Պայմանավորվող Պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության անունից, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ դրանց առանձին տարրերից, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտներից գանձվող, ձեռնարկության վճարած աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը տարածվում է, մասնավորապես հետևյալ գոյություն ունեցող հարկերի վրա.

ա) Ուկրաինայում.

(I) ձեռնարկությունների շահույթի հարկ,

(II) եկամտահարկ քաղաքացիներից,

(III) ձեռնարկությունների գույքի հարկ,

(IV) քաղաքացիների անշարժ գույքի հարկ,

(հետագայում «Ուկրաինական հարկ»)

 

բ) Հայաստանում.

(I) շահութահարկ,

(II) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,

(III) գույքահարկ,

(IV) հողի հարկ,

(հետագայում` «հայկական հարկ»)

 

4. Սույն Համաձայնագիրը տարածվում է նաև ցանկացած նույնական կամ բնույթով նման հարկերի վրա, որոնք գանձվելու են Պայմանավորվող Պետություններից մեկի կողմից, ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները ժամանակին կծանուցեն միմյանց հարկմանը վերաբերող իրենց օրենսդրությունում կատարված որևէ նշանակալի փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի ըմբռնման իմաստով, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «Պայմանավորվող Պետություն» տերմինը ենթատեքստից կախված նշանակում է Հայաստան կամ Ուկրաինա,

բ) «Ուկրաինա» տերմինը երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով նշանակում է Ուկրաինայի տարածքը, նրա մայրցամաքային շելֆը և նրա բացառիկ (ծովային) տնտեսական գոտին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ջրերի սահմաններից դուրս գտնվող որևէ այլ տարածք, որը միջազգային իրավունքին համապատասխան սահմանվում է, կամ կարող է հետագայում սահմանվել ինչպես տարածք, որի սահմաններում կարող են կիրառվել Ուկրաինայի իրավունքները ծովի հատակի, ընդերքի և բնական պաշարների նկատմամբ,

գ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործելիս նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ ներքին ջրերը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը միջազգային կարգի և ներքին օրենսդրության համաձայն ինքնիշխան իրավունքներ և իրավասություն է իրականացնում,

դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց յուրաքանչյուր այլ միավորում,

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է որևէ կոոպերատիվ կազմավորում կամ ցանկացած այլ կազմակերպում, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

զ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից շահագործող ծովային, գետային կամ օդային նավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցով ցանկացած փոխադրում, բացառությամբ, երբ այդպիսի նավերը կամ փոխադրամիջոցները շահագործվում են բացառապես Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող կետերի միջև,

ը) «ազգային անձ» տերմինը նշանակում է.

I) Պայմանավորվող Պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

(II) Պայմանավորվող Պետության գործող օրենսդրությամբ կարգավիճակը որպես այդպիսին ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն, գործընկերություն կամ ասոցիացիա,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է. Ուկրաինայի առնչությամբ` Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը, և Հայաստանի առնչությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը:

2. Սույն Համաձայնագիրը Պայմանավորվող Պետության կողմից կիրառելիս, Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի կիրառման վերաբերյալ, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագիրը, եթե այլ բան ենթատեքստից չի բխում, կամ եթե Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները չգան ընդհանուր կարծիքի համաձայն սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածով նախատեսված արարողակարգի:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՌԵԶԻԴԵՆՏ

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառելիս «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է անձ, որը այդ Պետության օրենսդրությամբ` այնտեղ ենթակա է հարկման բնակավայրի, գրանցման վայրի, մշտական ապրելավայրի, կամ այլ համանման չափանիշի հիման վրա: Այս տերմինը միևնույն ժամանակ, չի ներառում այդ Պետությունում հարկման ենթակա անձին, եթե այդ անձը ստանում է եկամուտ միայն այդ Պետության աղբյուրներից կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:

2. Եթե, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան: Եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չի որոշել այն Պայմանավորվող Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում էլ չունի մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է.

գ) եթե անձը սովորաբար բնակվում է երկու Պայմանավորվող Պետություններում էլ, կամ եթե ոչ մեկում էլ սովորաբար չի բնակվում, ապա նա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին նա հանդիսանում է,

դ) եթե նա հանդիսանում է Պայմանավորվող երկու Պետությունների քաղաքացի, կամ եթե չի հանդիսանում նրանցից ոչ մեկի քաղաքացին, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ հարցը փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու Պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որում նա ստացել է իր կարգավիճակը որպես այդպիսին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը, ամբողջությամբ կամ մասամբ, իրականացնում է Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. «Մշտական հաստատություն» արտահայտությունը մասնավորապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արհեստանոց,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր,

է) ապրանքների վաճառքի համար օգտագործվող պահեստ, կամ ուրիշ շինություն:

3. Շինարարական հրապարակը, հավաքման կամ տեղակայման օբյեկտը, կամ հիշատակված օբյեկտների հետ կապված վերահսկողական գործունեությունը, մշտական հաստատություն կազմում են միայն այն դեպքում, եթե նրանք գոյություն ունեն տասներկու ամսից ավել:

4. Չնայած սույն Հոդվածի նախորդ դրույթներին «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) շինությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով,

դ) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ա) - ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը պետք է կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած սույն հոդվածի 1 կամ 2 կետերի դրույթներին, եթե ձեռնարկության անունից գործող անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ, որի մասին խոսվում է 6-րդ կետում, ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, կամ պահում է ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարներ, որոնցից ձեռնարկության անունից իրականացվում է այդ ապրանքների կամ արտադրանքի կանոնավոր վաճառք, ապա այդ ձեռնարկությունը դիտարկվում է, որպես այդ Պետությունում մշտական հաստատություն ունեցող` ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ եթե այդ անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշված տեսակներով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, չի վերածում այդ գործունեության կայուն վայրը մշտական հաստատության` համաձայն այդ կետի դրույթների:

6. Ձեռնարկությունը Պայմանավորվող Պետությունում չի դիտարկվում որպես մշտական հաստատություն ունեցող միայն, եթե նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց ձեռնարկատիրական գործունեության սովորական շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը կամ հսկվում է նրա կողմից, կամ իրականացնում է այդ մյուս Պայմանավորվող Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի վեր ածում մյուսի մշտական հաստատության:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

 

1. Եկամուտները, որոնք ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (այդ թվում եկամուտները գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինը պետք է ունենա այն նշանակությունը, որը նա ունի Պայմանավորվող այն Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է հիշատակված գույքը: Ծովային, գետային կամ օդային նավերը, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվում են նաև անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտների նկատմամբ:

4. Եթե բաժնետոմսերի կամ ընկերության այլ կոոպերատիվ իրավունքների տնօրինումը այդպիսի բաժնետոմսերի կամ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերության անշարժ գույքի օգտագործման իրավունք, ապա այդ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալման տալուց կամ այդպիսի օգտագործման իրավունքի ցանկացած այլ ձևի օգտագործումից առաջացած եկամուտները կարող են հարկվել Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:

5. Սույն հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից կամ անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից եկամուտների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե այդպիսի ձեռնարկությունը Պայմանավորվող մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է այդ կերպ, ապա ձեռնարկության շահույթը հարկվում է մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերագրվում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3 կետի դրույթները, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում այդպիսի մշտական հաստատությանը կհաշվանցվի շահույթ, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ առանձին և ինքնուրույն ձեռնարկություն, նույնպիսի կամ նմանատիպ գործունեությամբ զբաղված նույնպիսի կամ նմանատիպ պայմաններում, և գործեր լիովին անկախ ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունը նա հանդիսանում է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերի հանում, ներառյալ ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, կատարված ընդհանուր առմամբ ձեռնարկության նպատակների համար, ինչպես Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ցանկացած դեպքում այդպիսի ծախքերը չպետք է ներառեն որևէ գումարներ, որոնք վճարվում են (այլապես, քան իրոք տեղի ունեցած ծախսերի հատուցում) մշտական ներկայացուցչության կողմից ձեռնարկությանը կամ նրա մյուս ստորաբաժանմանը` որպես ռոյալտի, հոնորար կամ այլ նմանատիպ վճարումներ պատենտների կամ ուրիշ իրավունքների օգտագործման համար, կամ որպես կոմիսիոն վարձատրություն կառավարման կամ տրամադրած հատուկ ծառայությունների համար, կամ բացառությամբ բանկերի, որպես տոկոսներ մշտական ներկայացուցչությանը ձեռնարկության կողմից տրամադրված փոխառության դիմաց:

4. Եթե Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատությանը վերաբերող շահույթը որոշվում է ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համաչափ բաշխման հիման վրա, ինչը հանդիսանում է սովորական պրակտիկա, ապա սույն հոդվածի 2 կետի դրույթները չեն հանդիսանա այդ Պայմանավորվող Պետության համար որոշել հարկվող շահույթը այդպիսի բաշխման միջոցով, ինչպես ընդունված է, բաշխման ընտրված ձևի արդյունքները պետք է լինեն սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին համապատասխան:

5. Ոչ մի շահույթ չի վերագրվում մշտական հաստատությանը` այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի միայն գնման հիման վրա:

6. Նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, բացառությամբ, եթե այն փոխելու համար կա բավարար ու ծանրակշիռ պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձնահատուկ նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի շահույթը, ստացված միջազգային փոխադրումներում ծովային, գետային կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից, հարկվում է միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

2. Սույն հոդվածի նպատակների համար միջազգային փոխադրումներում ծովային և օդային նավերի շահագործումից շահույթը ներգրավում է.

ա) եկամուտ ծովային կամ օդային դատարկ նավերի վարձակալությունից, և`

բ) շահույթ ապրանքների և արտադրանքի փոխադրումների համար օգտագործվող կոնտեյներների (ներառյալ տրելերներն ու կոնտեյներների փոխադրման համար ուղեկցող սարքավորումները) օգտագործումից, պահումից կամ վարձակալությունից:

Որտեղ, իրավիճակից կախված, այդպիսի վարձակալությունը կամ օգտագործումը, պահումը կամ վարձակալությունը հանդիսանում են միջազգային փոխադրումներում ծովային և օդային նավերը շահագործելու նկատմամբ կողմնակի:

3. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները կիրառվում են նաև այդպիսի նավեր կամ փոխադրման միջոցներ շահագործող միջազգային կազմակերպությունում, համատեղ ձեռնարկությունում կամ պուլում մասնակցությունից ստացված շահույթի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Այն դեպքում, երբ.

ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են և Պայմանավորվող Պետության ձեռնարկության և Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև` նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվանցվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվանցվել, կարող է Պայմանավորվող Պետության կողմից մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում մտցնում -և համապատասխանաբար հարկում է- մի շահույթ, որի նկատմամբ Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում հարկվում է, և այդ կերպ մտցված շահույթը կհաշվանցվեր առաջին նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կկատարի այդ շահույթի հարկի համապատասխան շտկում: Այդպիսի շտկումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

 

1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, ում ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի իրավունք ունի, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների ընդհանուր գումարի 5 %, եթե ընկերությունը շահաբաժինների փաստացի իրավունք ունի և այդ ընկերությունը տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադիր ֆոնդի առնվազն 25 %-ը,

բ) շահաբաժինների ընդհանուր գումարի 15 %, մնացած դեպքերում:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ այլ` շահույթին մասնակցության իրավունք տվող, պարտապահանջ չհանդիսացող, իրավունքներից, ինչպես նաև այլ կոոպերատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության հարկային օրենսդրությանը համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումը իրականացնող ընկերությունը:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի իրավունքներ ունեցող անձը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, ում ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները իրոք վերաբերում են նման մշտական հաստատությանը կամ նման հաստատուն բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Պայմանավորվող մյուս Պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է չգանձել այդ ընկերության վճարած շահաբաժիններից որևէ հարկեր, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում են այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չեն գանձվում, անգամ եթե շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս Պետությունում կազմավորվող շահույթից կամ եկամուտից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Տոկոսները, որոնք առաջանում են Պայմանավորվող Պետությունում և վճարվում են Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում, եթե այդպիսի ռեզիդենտը այդ տոկոսների փաստացի իրավունք ունի:

2. Սակայն, նման տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը տոկոսների փաստացի իրավունք ունի, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի տոկոսների ընդհանուր գումարի 10 % :

Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից, Պայմանավորվող Պետությունում առաջացած տոկոսները կազատվեն այդ Պետությունում հարկումից, եթե

ա) այդ տոկոսների փաստացի իրավունք ունի Պայմանավորվող մյուս Պետության կառավարությունը, կամ նրա վարչաքաղաքական ստորաբաժանումը, կամ իշխանության տեղական մարմինները, կամ այդ կառավարության, վարչաքաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների ցանկացած այլ մարմին, կամ

բ) այդ տոկոսների փաստացի իրավունք ունեն Ուկրաինայի Ազգային բանկը կամ Հայաստանի Կենտրոնական բանկը, կամ պետական արտահանման կամ ներմուծման վարկերը երաշխավորման կազմակերպությունները, կամ այլ կազմակերպությունները, որոնց համաձայն համապատասխան Պայմանավորված Պետության օրենսդրության, տրված են համապատասխան իրավունքներ:

4. «Տոկոսներ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից, պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից կամ պարտատոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի պարգևավճարներն ու շահումները:

5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում եթե տոկոսների փաստացի իրավունք ունեցող անձը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ առաջացել են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում, այնտեղ գտնվող հաստատուն բազայից և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք, վերաբերում է նման մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, նրա վարչաքաղաքական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինները կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, մշտական հաստատություն կամ հաստատուն բազա ունի Պայմանավորվող Պետությունում, որոնց գործունեության արդյունքում ստեղծվել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի իրավունք ունեցող անձի միջև, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին, որի հիման վրա դրանք վճարվում են, վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և այդ տոկոսները ստանալու փաստացի իրավունք ունեցող անձի միջև, նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն տոկոսների վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես կմնա հարկվող Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՌՈՅԱԼՏԻ

 

1. Պայմանավորվող Պետությունում առաջացած և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված ռոյալտին կարող է հարկվել միայն այդ մյուս Պետությունում, եթե այդպիսի ռեզիդենտը այդ ռոյալտիի փաստացի իրավունք ունի:

2. «Ռոյալտի» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է որպես փոխհատուցում ստացված ցանկացած տեսակի վճարումներ` գրականության, արվեստի կամ գիտության ստեղծագործության (ներառյալ կինոնկարները, ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների համար օգտագործվող ցանկացած նկարները կամ ժապավենները), ցանկացած պատենտի ապրանքային նշանի, դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ ցանկացած հեղինակային իրավունքների օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ ինֆորմացիայի («նոու-հաու») կամ օգտագործելու համար:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում, եթե այդ ռոյալտիի փաստացի իրավունք ունեցող անձը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալտին առաջացած Պայմանավորվող մյուս Պետությունում, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում, այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալտին, իրոք կապված են այդ մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն համաձայնագրի 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթները:

4. Եթե, վճարողի և ռոյալտիի փաստացի իրավունք ունեցող անձի միջև կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով ռոյալտիի գումարը, որը վճարվում է օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և ռոյալտիի փաստացի իրավունք ունեցող անձի միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած եկամուտները, Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող, սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված, անշարժ գույքի օտարումից, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտները, ստացած

ա) Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից ուղղակի կամ միջնորդաբար իրենց արժեքը կամ արժեքի մեծ մասը ստացած բաժնետոմսերի, կամ

բ) Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից մեծամասամբ կազմված ակտիվներ ունեցող գործընկերության փայերի կամ ինչպես վերը` ա) ենթակետում, սահմանված բաժնետոմսերի օտարումից կարող են հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մասը կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող Պետության ռեզիդենտին Պայմանավորվող մյուս Պետությունում կանոնավոր հասանելի հաստատուն բազային անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակների համար վերաբերող շարժական գույքի օտարումից եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ), կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների, կամ այդպիսի նավերի և փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից եկամուտները հարկվում են միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

5. Ի տարբերություն սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում նշված գույքից տարբերվող ցանկացած գույքի օտարումից եկամուտները, հարկվում է միայն Պայմանավորվող այն Պետությունում, ում ռեզիդենտն է հանդիսանում գույք օտարող անձը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ անկախ բնույթի գործունեությունից, հարկվում է միայն այդ Պետությունում, բացառությամբ, երբ նա այդ գործունեությունն իրականացնելու նպատակով Պայմանավորվող մյուս Պետությունում ունի կանոնավոր հասանելի հաստատուն բազա: Եթե նա այդպիսի հաստատուն բազա ունի, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերագրվող եկամտի մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, գեղարվեստական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, փաստաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների, աուդիտորների անկախ գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

 

1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածների դրույթները, աշխատավարձը և նման այլ վարձատրումները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում Պայմանավորվող մյուս Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է պայմանավորվող մյուս Պետությունում, ապա այդ կապակցությամբ ստացված վարձատրումները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Անկախ սույն Հոդվածի առաջին կետի դրույթներից, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն հիշատակված առաջին Պետությունում, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում օրացուցային տարվա ընթացքում ամբողջությամբ վերցրած 183 օրացուցային օր կազմող ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները չգերազանցող ժամկետում,

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող ձեռնարկատեր-վարձողի կողմից կամ նրա անունից,

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, որ մյուս Պետությունում ունի ձեռնարկատեր-վարձողը:

3. Չնայած սույն հոդվածի առաջին և երկրորդ դրույթներին,

ա) միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային կամ գետային նավում, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կարող է հարկվել Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում այդ նավերը կամ փոխադրամիջոցները շահագործող անձը:

բ) Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում մշտական հաստատություն չդիտարկվող օբյեկտներում վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կամ եկամուտը հարկվում է միայն առաջին հիշատակված Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

 

Տնօրենների հոնորարները և մյուս նմանատիպ վճարումները, որոնք ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը որպես Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի կամ այլ համանման ղեկավար մարմնի անդամ կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Անկախ սույն Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից, եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը որպես արվեստի աշխատող` թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության դերասան, երաժիշտ, կամ մարզիկ Պայմանավորվող մյուս Պետությունում կատարվող իր անհատական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացվող, անհատական գործունեությունից առաջացած եկամուտը հաշվանցվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պետությունում, որտեղ իրականացվում է այդ արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթներին, Պայմանավորվող Պետությունում արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունից ստացվող եկամուտը ազատվում է հարկումից այդ Պետությունում եթե այդ գործունեությունը ֆինանսավորվում է Պայմանավորվող որևէ Պետության հասարակական հիմնադրամի միջոցով, կամ եթե այդ գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող Պետությունների միջև կնքված մշակույթի համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Կենսաթոշակները և Պայմանավորվող Պետության կողմից ֆիզիկական անձին վճարվող այլ նմանատիպ վարձատրումները, սոցիալական ապահովագրման այլ վճարումները կապված նրա նախկին վարձու աշխատանքի հետ ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող Պետության, նրա վարչաքաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից վճարված ոչ կենսաթոշակի ձևով վարձատրումը որևէ ֆիզիկական անձին` այդ Պետությանը, նրա վարչա-քաղաքական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց կհարկվի միայն այդ Պետությունում: Սակայն այդպիսի վարձատրումը ենթակա է հարկման միայն Պայմանավորվող մյուս Պետությունում եթե ծառայություններն իրականացվում են տվյալ Պետությունում և ֆիզիկական անձը հանդիսանում է տվյալ Պետության ռեզիդենտ, որը.

ա) հանդիսանում է տվյալ Պետության ազգային անձ, կամ.

բ) տվյալ Պետության ռեզիդենտը չի դարձել միայն ծառայությունը իրականացնելու նպատակով:

2. Սույն Համաձայնագրի 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայության վարձատրության նկատմամբ, որի իրականացումը կապված է Պայմանավորվող Պետության, նրա վարչաքաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող առևտրային գործունեության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

 

1. Մինչև մի Պայմանավորվող Պետություն անմիջական ժամանելը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդպիսին հանդիսացող և բացառապես ուսում և կրթություն ստանալու նպատակով առաջին հիշատակված Պետությունում գտնվող ուսանողի, պրակտիկանտի կամ ուսումը շարունակող մասնագետի կողմից ստացվող վճարները` նախատեսված ապրելու, ուսանելու և կրթություն ստանալու համար, չեն հարկվում առաջին հիշատակված Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրները գտնվում են այդ Պետության սահմաններից դուրս:

2. Մինչև մի Պայմանավորվող Պետություն անմիջական ժամանելը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդպիսին հանդիսացող և բացառապես ուսում և կրթություն ստանալու նպատակով առաջին հիշատակված Պետությունում գտնվող ուսանողի, պրակտիկանտի կամ ուսումը շարունակող մասնագետի կողմից ստացվող եկամուտը ենթակա չի հարկման առաջին հիշատակված Պետությունում, եթե նա ստացված է այդ Պայմանավորվող Պետությունում իրականացվող գործունեությունից.

ա) ուսանողի առնչությամբ - այդ Պայմանավորվող Պետություն ժամանելու օրվանից սկսած մեկը մյուսին հաջորդող, ուսման համար անհրաժեշտ, 5 տարին չգերազանցող ժամանակաշրջանի ընթացքում,

բ) պրակտիկանտի կամ ուսումը շարունակող մասնագետի առնչությամբ այդ Պայմանավորվող Պետություն ժամանելու օրվանից սկսած 12 ամսյա ժամանակաշրջանի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց ծագման աղբյուրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում այլ եկամուտների նկատմամբ, քան 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտն է, եթե այդպիսի եկամուտներ ստացողը Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է և ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ մատուցում է այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ այնտեղ գտնվող հաստատուն բազայից և գույքը կամ իրավունքը որի հետ կապված վճարվել է եկամուտը, իրոք կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ԳՈՒՅՔ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքը, որը ներկայացված է որպես անշարժ գույք` ըստ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի, և գտնվում է Պայմանավորվող մյուս Պետությունում կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքը` ներկայացված որպես Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մաս հանդիսացող շարժական գույք կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտին Պայմանավորվող մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակով հասանելի հաստատուն բազային վերաբերող շարժական գույք կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքը, ներկայացված որպես միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, օդային նավեր, ավտոմոբիլային, երկաթուղային փոխադրամիջոցներ կամ, այդպիսի նավերի և փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույք, հարկվում է միայն այդ Պետությունում:

4. Գույքը` ներկայացված բաժնետոմսերի կամ, գլխավորապես Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված գույք ունեցող ընկերության այլ կոոպերատիվ իրավունքների ձևով, կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում:

5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

 

1. Հաշվի առնելով Ուկրաինայի օրենսդրության դրույթները Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող տարածքում վճարված հարկից ազատման վերաբերյալ (որոնք չի հակասի սույն կետի գլխավոր սկզբունքներին), Հայաստանի օրենսդրությամբ և սույն Համաձայնագրին համապատասխան Հայաստանի աղբյուրներից ուղղակի կամ հարկման ենթակա շահույթից, եկամուտներից կամ գույքից հատկացման ճանապարհով վճարվող հայկական հարկի վրա վարկի ձևով զեղչում կկատարվի նույն շահույթի, եկամուտի կամ գույքի վերաբերյալ հաշվարկված որևէ ուկրաինական հարկի դիմաց:

2. Հայաստանում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպ.

Եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Ուկրաինայում, Հայաստանը թույլ կտա.

ա) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Ուկրաինայում վճարված եկամտահարկին հավասար գումար,

բ) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Ուկրաինայում վճարված գույքահարկին հավասար գումար:

3. Այդպիսի հանումները, ցանկացած դեպքում, կախված հանգամանքներից չպետք է գերազանցեն եկամտահարկի կամ գույքահարկի մինչև այդ մյուս Պետությունում հարկման ենթակա եկամուտին կամ գույքին վերաբերող հանման տրամադրումը հաշվարկված մասը:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չպետք է ենթարկվեն Պայմանավորվող մյուս Պետությունում որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում, այդ մյուս Պետության ազգային անձինք:

2. Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի ռեզիդենտն համարվող քաղաքացիություն չունեցող անձինք չեն ենթարկվի Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում, այդ մյուս Պետության քաղաքացիները:

3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չի կարող պակաս բարենպաստ լինել այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այդ դրույթը չպետք է մեկնաբանվի, որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտներին շնորհել, հարկային անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր, որոնք այդ մյուս Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

4. Բացառությամբ դեպքերի, երբ կիրառվում են սույն Համաձայնագրի 9-րդ Հոդվածի առաջին կետի, 11-րդ Հոդվածի 7-րդ կամ 12-րդ Հոդվածի 4-րդ կետի դրույթները, տոկոսները, ռոյալտին և Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին կատարած այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով, պետք է հաշվառվեն նույն պայմաններով, որոնց համաձայն դրանք կվճարվեին առաջին նշված Պետության ռեզիդենտին: Նմանապես Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտք Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման նույն պայմաններով, ինչպես եթե նա պարտք լիներ առաջին նշված պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը, որի գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում, ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Պայմանավորվող մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է նշված առաջին Պետությունում ենթարկվի որևէ հարկման կամ դրա հետ կապված ցանկացած պարտավորությունների կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է քան հարկումն կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նշված առաջին Պետության այլ նման ձեռնարկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնի քննարկմանը, ում ռեզիդենտը հանդիսանում է, կամ, եթե նրա դեպքը վերաբերում է սույն Համաձայնագրի 24-րդ Հոդվածի 1-ին կետին, Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, ում ազգային անձը հանդիսանում է: Դիմումը պետք է ներկայացվի Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից երեք տարվա ընթացքում:

2. Իրավասու մարմինը, դիմումը հիմնավորված համարելու կամ գոհացուցիչ որոշման ինքնուրույն հանգելու ի վիճակի չլինելու դեպքում, կձգտի լուծել հարցը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ, նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակման:

3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ առաջացող բոլոր դժվարություններն ու կասկածները: Նրանք կարող են նաև, սույն Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն Համաձայնագիրը տարածում ունեցող հարկերի վերաբերյալ այն չափով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին, մասնավորապես հարկերի վճարումից խուսափումը կանխելու համար: Տեղեկությունների փոխանակումը սույն Համաձայնագրի առաջին Հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի նույն կերպ, ինչպես և այդ Պետության ներքին օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմինների (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկեր գնահատելով կամ գանձելով, հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն ստացած տեղեկությունը միայն այդ նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ իրավաբանական որոշումներ կայացնելիս:

2. Սույն Հոդվածի առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի օրենքներին կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չի ստանալ Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի օրենսդրության կամ սովորական վարչական գործավարության ընթացքի համաձայն.

գ) ներկայացնել որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասեր սահմանված գործավարությանը:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց օգնել և աջակցել սույն Համաձայնագիրը տարածում ունեցող հարկերի, ներառյալ հարկային օրենսդրությունը խախտելու համար նախատեսող տոկոսների, տույժերի և տուգանքների գանձման գործում:

2. Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հարցումը այդպիսի հարկերի գանձման գործում աջակցելու համար պետք է ընդգրկի այնպիսի լիազորություններով օժտված վկայականի հանձնումը, որ այդ Պետության օրենքների համաձայն, այդ հարկերը համարվեին վերջնականապես որոշված: Սույն հոդվածի նպատակների համար հարկը համարվում է վերջնականապես որոշված, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի սեփական ներքին օրենսդրության համաձայն, գանձել հարկերը, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:

3. Պայմանավորվող Պետության հարցումը ընդունված Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի կողմից, կկատարվի այդ մյուս Պետության կողմից այնպես, ինչպես կկատարեր սեփական հարկերին վերաբերող հարցումը:

4. Սույն Հոդվածի համաձայն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի գանձած գումարները պետք է փոխանցվեն Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնին: Ընդ որում, եթե Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները չեն գա այլ համաձայնության, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը կրում է առաջին հիշված պետությունը:

5. Ըստ սույն Հոդվածի պայմանների, եթե հարկերի գանձումը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ, ապա հարկերի գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:

6. Սույն Հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել, որպես Պայմանավորվող Պետություններից որևէ մեկին սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր միջոցների կիրառման կամ հասարակական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող պարտավորությունների հանձնարարական:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսային ծառայությունների անդամների միջազգային իրավունքի նորմերի կամ հատուկ համաձայնագրերի հիման վրա տրամադրված հարկային արտոնությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի մյուսին սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու վերաբերյալ ազգային օրենսդրության արարողակարգի ավարտի մասին: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումներից վերջինի օրը և նրա դրույթները ուժի մեջ կլինեն.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ - Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսած` վճարված գումարների նկատմամբ,

բ) եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ - Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար,

գ) գույքահարկերի առնչությամբ - Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ գոյություն ունեցող գույքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի կողմից նրա գործունեության դադարեցումը: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը ուժի մեջ մտնելու պահից 5 տարի անցնելուց հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 ամիս առաջ դիվանագիտական ուղիներով ծանուցելով դադարեցման մասին:

Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ - ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից սկսած վճարված գումարների նկատմամբ.

բ) եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ - ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար.

գ) գույքահարկի առնչությամբ - ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկի դրությամբ գոյություն ունեցող գույքի վրա:

Ի վկայություն որի համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարվել է ք. Երևանում 1996 թվականի մայիս ամսի 14-ին երկու բնօրինակով, հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

         ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ`             ԱՆՈՒՆԻՑ`

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ Համաձայնագիրը ստորագրման պահին, ներքոստորագրողները համաձայնվեցին, որ հետևյալ դրույթները կազմում են սույն Համաձայնագրի անբաժան մասը.

 

1. 5-րդ հոդվածում.

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար «անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը Պայմանավորվող Պետության ձեռնարկության առնչությամբ նշանակում է ֆիզիկական անձ, որը հանդիսանում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ և աշխատանքային հարաբերությունների մեջ չէ առաջին նշված Պետության ձեռնարկության հետ և որը իր գործունեության համար կրում է լիակատար պատասխանատվությունը կամ ռիսկը:

 

2. 13-րդ հոդվածում.

 

2-րդ բ) կետի դրույթները կտարածվեն նաև ըստ Հայաստանի օրենսդրության ստեղծված ընկերակցությունների վրա:

 

3. 14-րդ հոդվածում.

 

Առաջին կետի դրույթները անկախ բնույթի գործունեության վերաբերյալ տարածվում են նաև անհատ ձեռներեցների վրա (ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների), գրանցված Հայաստանի կամ Ուկրաինայի օրենսդրության համաձայն:

 

4. 19-րդ հոդվածում.

 

Առաջին կետի դրույթները կարող են տարածվել համապատասխան հիմնադրամներից կատարվող վճարումների վրա:

Կատարվել է ք. Երևանում 1996 թվականի մայիս ամսի 14-ին երկու բնօրինակով, հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              ՈՒԿՐԱԻՆԱՅԻ

        ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ`                ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ`

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
06.05.1995
Համաձայնագիր