Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0646.040806

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 օգոստոսի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2006 թվականի մարտի 1-ին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հոկտեմբերի 7-ին` Երևանում, նպատակ ունենալով խրախուսել Կողմերի տնտեսական համագործակցությունը և փոխադարձ ներդրումները` դրանց համար ստեղծելով բարենպաստ պայմաններ:

Այդ նպատակի շրջանակում Հայկական կողմը պարտավորվում է.

ա) մյուս Կողմի ներդրումների և դրանցից ստացված եկամուտների համար տրամադրել ոչ պակաս արդար և հավասար ռեժիմ, քան նախատեսված է իր կամ ցանկացած երրորդ պետության համար,

բ) ապահովել ներդրումների լիարժեք և մշտական պաշտպանությունը և անվտանգությունը,

գ) չխոչընդոտել մյուս Կողմի ներդրումների ընդլայնմանը, կառավարմանը, պահպանությանը, տնօրինմանը, տիրապետմանն ու օգտագործմանը, երաշխավորել իր տարածքում կատարված ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը,

դ) հրապարակել կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնել այն բոլոր նորմատիվային ակտերը, որոնք կարող են ազդել մյուս Կողմի ներդրումների վրա (հ.4):

Համաձայնագրում բերվում են Պայմանավորվող կողմերի ներդրումների առգրավման, ազգայնացման կամ նման իրավական հետևանքներ առաջացնող այլ միջոցների ձեռնարկման հիմքերը, նախատեսվում է ներդրումների օտարման հետ կապված, ինչպես նաև ընդունող Կողմի տարածքում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման կարգը:

Փաստաթուղթը սահմանում է նաև Կողմերի, ինչպես նաև Կողմի և ներդրողի միջև ծագած վեճերի լուծման կարգը: Վեճերը լուծող մարմինների շարքում նախատեսված է նաև Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (ICSID)` հիմնված «Պետությունների և այլ Պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում այդ կոնվենցիայի կողմ և, դա նկատի ունենալով, համաձայնագրում նշված է երկու Կողմերի մասնակցությունն այդ կոնվենցիային` որպես հիշյալ մարմնին դիմելու պայման:

2. Համաձայնագրում տեղ գտած որոշ ձևակերպումներ Կողմերի համար նույնանման չեն, ինչը համաձայնագրի կիրառման ընթացքում կարող է ստեղծել տարակարծություններ, մասնավորապես խոսքը վերաբերում է «իրավաբանական անձ», «ֆիզիկական անձ» հասկացություններին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2005 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 օգոստոսի 2006 թվականի

ՍԴՈ-646

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.08.2006
N ՍԴՈ-646
Որոշում