Սեղմել Esc փակելու համար:
{20.08.2011 - 20.06.2020} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{20.08.2011 - 20.06.2020} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

27.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.08.2011  -ից մինչեւ   20.06.2020  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

20/08/2011 - 20/06/2020

040.1543.091106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 3-ի

N 1543-Ն որոշման

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների (այսուհետ` կալանավորվածներին պահելու վայրեր և ուղղիչ հիմնարկներ) ներքին կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ), «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը համապատասխան, սահմանում և կանոնակարգում է կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների, ազատությունների ու պարտականությունների իրականացման կարգը, կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայր, դատապարտյալներին ուղղիչ հիմնարկ ընդունելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի կանոնները, կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկումն ու անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները, սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը և կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելը, կալանավորված անձանց և դատապարտյալների նյութական-կենցաղային ապահովումը, կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակը, փակ, կիսափակ, կիսաբաց ու բաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալներին և կալանքի դատապարտված դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկություններն ու կալանավորված անձանց և դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում պահելու պայմանների առանձնահատկությունները, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ անչափահաս` կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները, խուզարկություն, զննում և առգրավում կատարելու կարգն ու պայմանները, կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքը, կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը, գրքերից, ամսագրերից ու թերթերից օգտվելը, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից կրոնական ծեսերին մասնակցելը, տեսակցությունների տրամադրման կարգը, հանձնուքներ, ծանրոցներ, փաթեթներ ընդունելու և հանձնելու, դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ ներկայացնելը, նամակագրությունը, հեռախոսազրույցների տրամադրման կարգը, կալանավորված անձի և դատապարտյալի լուսանկարման, տեսանկարահանման ու հարցազրույցի իրականացման կարգը, կարճաժամկետ մեկնումների տրամադրման կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների` քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու և ամուսնությունը գրանցելու կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների նյութական պատասխանատվությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի ու տույժի միջոցները և դրանք կիրառելու կարգը, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը, կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխադրելը, կալանավորված անձանց կալանքից և դատապարտյալներին պատժից ազատելու կարգն ու պայմանները, կալանավորված անձանց և դատապարտյալներին` իրենց մոտ ունենալ, հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով ստանալ կամ ձեռք բերել արգելվող իրերի, առարկաների ու սննդամթերքի ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնակարգից բխող այլ հարաբերություններ:

2. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կալանավորված անձանց պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ այցելող այլ անձանց համար:

Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

3. Կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են այն մեղադրյալները և ամբաստանյալները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, ինչպես նաև` այն դատապարտյալները, ովքեր այլ քրեական գործերով պատասխանատվության են ենթարկվել, և որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՈՒղղիչ հիմնարկներում պահվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք:

4. Կալանավորվածներին պահելու վայրերում ազատազրկման ձևով պատիժ են կրում կալանավորվածներին պահելու վայրերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները:

 

II. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

5. Կալանավորվածներին պահելու վայր բերված կալանավորված անձի և ուղղիչ հիմնարկ բերված դատապարտյալի ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում և, որպես կանոն, իրականացվում է ժամը 10.00-20.00-ը` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:

Կարանտինային բաժանմունքը գտնվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի առանձնացված հատվածում` այնպես, որպեսզի բացառվի մյուս խցերում կամ կացարաններում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը` բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի:

i

6. Կալանավորվածներին պահելու վայրի պատասխանատու հերթապահն ստուգում է կալանավորվածներին պահելու վայր բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` նկարով` անձը հաստատող այլ փաստաթուղթ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ձերբակալված լինելու դեպքում` ձերբակալելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը և սահմանված կարգով տրված` դատվածության մասին տեղեկանքը:

ՈՒղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահն ստուգում է ուղղիչ հիմնարկ բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ, դատավճիռը, ինչպես նաև դատարանի որոշումը կատարման հանձնելու մասին կարգադրությունը: Եթե անձն ուղղիչ հիմնարկ է բերվում կալանավորվածներին պահելու վայրից կամ այլ ուղղիչ հիմնարկից, ապա ստուգվում է նաև նրա անձնական գործը:

ՈՒղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահը կազմում է հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրություն, եթե անձը չի բերվում այլ ուղղիչ հիմնարկից:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատասխանատու հերթապահը, համոզվելու համար, որ փաստաթղթերը լրացված են տվյալ կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ, անցկացնում է անձնական տվյալների վերաբերյալ ստուգողական հարցում և դրա արդյունքները համեմատում իրեն ներկայացվող փաստաթղթերում առկա տվյալների հետ:

Սույն կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ չի ընդունվում:

(6-րդ կետը փոփ. 15.03.07 թիվ 293-Ն որոշում)

i

7. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ:

Երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում երեխան կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ չի ընդունվում, և դրա մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հայտնում է իրավասու մարմիններին: Մինչև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ իրավասու մարմինների կողմից երեխային վերցնելը` երեխան պահվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում:

(7-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 25-Ն որոշում)

8. Կալանավորված անձանց` կալանավորվածներին պահելու վայր և դատապարտյալներին ուղղիչ հիմնարկ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) տեղեկություններ կալանավորված անձի կամ դատապարտյալի մասին (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը).

2) կալանավորման կամ դատապարտման հիմքերը.

3) կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր և դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:

Կալանավորվածներին պահելու վայր տարանցումով բերված կալանավորված անձը կամ դատապարտյալն ընդունվում և նշանակման վայր է ուղարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այսուհետ` քրեակատարողական վարչություն) պետի հրամանով:

9. Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալն ուղղիչ հիմնարկ ընդունվելիս նախնական բժշկական զննությունը սահմանված կարգով անցնում են կարանտինային բաժանմունքում:

10. Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալն ուղղիչ հիմնարկ ընդունվելուց հետո բժշկական հետազոտություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պայմաններին ծանոթանալու նպատակով` մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում են կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցերում:

11. Կարանտինային բաժանմունքի խցում տեղավորվելուց անմիջապես հետո` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը նրա իրավունքների և պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու դեպքերի մասին տեղեկացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը (N 1 ձև) կցվում է նրա անձնական գործին:

12. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կարանտինային բաժանմունքում անձն ապահովվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պահելու համար սահմանված անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և սույն կանոնակարգով նախատեսված այլ իրերով, օգտվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի համար օրենքով և սույն կանոնակարգով նախատեսված բոլոր իրավունքներից, ինչպես նաև կրում է օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պարտականություններ: Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարանտինային բաժանմունքում պահվում է նվազագույնը նույն պայմաններում, ինչպիսի պայմաններում կալանավորված անձը կամ դատապարտյալը պահվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի այլ խցում կամ կացարանում:

13. Կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձը և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալը սույն կանոնակարգով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ նրանց իրերը` զննության:

Կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձը և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալը ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման:

14. Այն անձինք, ովքեր կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ են բերվում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով կամ հիվանդությամբ, ուղարկվում են համապատասխան բժշկական ուղղվածություն ունեցող` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ, իսկ եթե այդ հիմնարկում նրանց պահելը նույնպես վտանգավոր է կյանքի համար, ապա կալանավորված անձինք կամ դատապարտյալները սահմանված կարգով ուղարկվում են քաղաքացիական հիվանդանոց:

Անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

15. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների` կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում նրանք տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների, որտեղ կալանավորված անձինք կամ դատապարտյալները փոխադրվում են կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով ավարտվելուց հետո: Կալանավորված անձինք ըստ խցերի տեղաբաշխվում և կալանավորվածներին պահելու վայրերում անջատ են պահվում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի համաձայն` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

16. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին առողջական վիճակի հիմքով անջատ պահելու դեպքերում նրանք տեղաբաշխվում են բժշկական սպասարկման համապատասխան ստորաբաժանման ղեկավարի եզրակացության հիման վրա:

Անչափահասները, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք կարող են տեղավորվել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող խցերում կամ կացարաններում:

 

III. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

17. Կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագծի կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նրա հիմնական իրավունքներից ու պարտականություններից:

18. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ժամանակը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

19. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ «քաղաքացուհի» կամ, համապատասխանաբար, «կալանավորված» կամ «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը: Կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:

20. Կալանավորված անձանց և դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով:

21. Կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար սահմանվում է հերթապահություն:

22. Դատապարտյալը պարտավոր է հագուստի վրա (վերնազգեստի վերին ձախ հատվածում) կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան (90 մմ x 55 մմ չափսի)` բացառությամբ անչափահաս կամ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի: Կրծքանշանը պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից, լինում է ցանկացած գույնի` բացի կարմիր, սև կամ կապույտ գույներից: Կրծքանշանի վրա գրվում է դատապարտյալի ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը և խմբի համարը, իսկ եզրերով անցնում է 5 մմ լայնությամբ եզրագիծ:

23. Կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում են`

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգի N 2 ձևով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.

4) փչացնել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից, սարքավորումներից.

6) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ (անչափահաս դատապարտյալների համար ուղղիչ հիմնարկի տարածքում կարող են կազմակերպվել կենդանի բնության անկյուններ).

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ և թմրանյութեր, զբաղվել մոլախաղերով.

8) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը, վարագուրել այն.

9) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.

10) հակաճառել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում պահպանություն և հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից.

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ.

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.

13) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` դուրս գալ արտադրական և բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.

14) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, խցերում և արտադրական գոտիներում.

15) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.

16) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.

17) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, արտադրամասերի, շինությունների և այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.

18) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` լքել աշխատանքային վայրը և այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.

19) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.

20) աշխատավայրում պահել սննդամթերք.

21) առանց կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

Սույն կետի 8-րդ և 15-րդ ենթակետերով սահմանված արգելքները չեն տարածվում բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների վրա:

24. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից ընդունված որոշման մեջ նշվում են դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով դատապարտվել է դատապարտյալը, պատժի փաստացի կրած ժամանակը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը:

Որոշումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

25. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի անցագիր (N 3 ձև): Կալանավորված անձանց պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած դատապարտյալի անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատիժը կրելու սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ գործողության ժամկետի երկարաձգման մասին:

Մինչև անցագիր տալը` դատապարտյալը ծանուցվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնների մասին: Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին արձանագրություն (N 4 ձև), որն ստորագրվում է նաև դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

26. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:

27. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը բնակվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող` իրեն հատկացված վայրում:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է:

28. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում: Նրա նկատմամբ տարածվում են ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի համար սույն կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնների պահանջները:

29. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի որոշման հիման վրա դատապարտյալը զրկվում է առանց պահախմբի կամ ուղեկցորդման կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած դատապարտյալի կողմից վարքագծի կանոնների խախտման կամ աշխատանքի բնույթը փոխվելու դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտյալի անվանական տվյալները և առանց պահախմբի կամ ուղեկցորդման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտյալի անցագիրը հետ է վերցվում և կցվում դատապարտյալի անձնական գործին:

30. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`

1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը,

2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին,

3) կալանավորված անձանց պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց հետո այն հանձնել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչին,

4) աշխատանքային ժամերին չլքել աշխատավայրը,

5) անցագիրը չտրամադրել այլ անձանց:

31. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:

 

IV. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

32. Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկման և անձնական հիգիենայի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմաններն ապահովվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հասարակական համակեցության կանոնների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համաձայն:

34. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է հանդիսանում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքի, շենքերի և շինությունների, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների, կենցաղային իրերի ու պարագաների ամենօրյա մաքրության ապահովումը:

35. Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են ապահովել իրենց անձնական հիգիենայի պահպանման կանոնների պահանջների կատարումը, որոնց պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից:

36. Յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ պատասխանատու է իր բնակելի խցի կամ կացարանի մաքրության պահպանման համար: Նա պետք է մաքուր և առանձնացված պահի իրեն հատկացված հիգիենայի անհրաժեշտ պարագաները, հագուստն ու կենցաղային իրերը, լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, հետևի իրեն, ունենա կոկիկ արտաքին տեսք և մաքուր քնելատեղ:

37. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պայմանները և կանոնները պահպանելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով:

 

V. ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

38. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կարող է իր հաշվին ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ:

i

39. Կալանավորներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը պայմանագիր է կնքում առևտրային կազմակերպությունների հետ (այսուհետ` մատակարար), կալանավորված անձանց և դատապարտյալների համար անկանխիկ ձևով լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ մատակարարելու վերաբերյալ:

(39-րդ կետը փոփ. 20.05.10 թիվ 599-Ն որոշում)

i

39.1. Հիմնարկի կրպակն սպասարկող աշխատողը (այսուհետ` կրպակավար) հիմնարկի ֆինանսական ստորաբաժանումից տեղեկանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում առկա գումարի մասին` ստանալով հայտի ձևաթուղթ (ձև N 2.1) (այսուհետ` հայտ), որտեղ լրացված են հայտի 1-ին մասում պահանջվող տվյալները:

(39.1-րդ կետը լրաց. 20.05.10 թիվ 599-Ն որոշում)

39.2. Կրպակավարը`

1) մատակարարի կողմից ներկայացված գնացուցակը ծանոթացնում է անձնական հաշվում գումար ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին և նրան տրամադրում հայտը` 2-րդ մասի 2-րդ և 3-րդ սյունակներն անձամբ լրացնելու համար.

2) ամփոփում է հայտերն ըստ ապրանքատեսակների քանակի և գումարի ու հանձնում հիմնարկի ֆինանսական ստորաբաժանմանը` գումարը մատակարարին փոխանցելու համար.

3) մատակարարից ամփոփ ցուցակի համաձայն ստացված ապրանքները համապատասխանաբար անձամբ հանձնում է հայտեր ներկայացրած կալանավորված անձանց և դատապարտյալներին.

4) հայտերի հավաքումը, ամփոփումը և ապրանքների տրամադրումը կախված անհրաժեշտությունից կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում` շաբաթական պարբերությամբ:

(39.2-րդ կետը լրաց. 20.05.10 թիվ 599-Ն որոշում)

39.3. Հայտ ներկայացրած կալանավորված անձը կամ դատապարտյալը`

1) անձամբ լրացնում է իր հայտի 3-րդ մասի պահանջվող տվյալները և ստորագրում` դրանով հավաստելով ապրանքների ստացումը.

2) ստորագրելով քրեակատարողական հիմնարկի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում` տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտք եղած աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ գումարների և ըստ հայտերով ելքագրված գումարների մասին:

(39.3-րդ կետը լրաց. 20.05.10 թիվ 599-Ն որոշում)

40. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակի կամ խանութի միջոցով ձեռք բերելու սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ` դրանք կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակով:

41. Կալանավորված անձինք իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու հետևյալ լրացուցիչ վճարովի կենցաղային ծառայություններից`

1) կենցաղային իրերի վարձույթ կամ տրամադրում,

2) լվացքատան, քիմմաքրման ծառայություններ,

3) լրացուցիչ լոգանք ընդունելու հնարավորություն,

4) կոշկակարի, դերձակի ծառայությունների տրամադրում:

Կալանավորված անձինք և դատապարտյալներն իրավունք ունեն իրենց հաշվին օգտվելու նաև այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից:

42. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորվածներին պահելու վայրի կրպակի կամ խանութի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի որոշած այլ միջոցով ապահովում է համապատասխան պայմաններ` կալանավորված անձանց կամ դատապարտյալների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունքի իրականացման համար:

 

VI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

43. Կալանավորված անձին կամ դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`

1) մահճակալ,

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն,

3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե),

4) սույն կանոնակարգով սահմանված միասնական նմուշի հագուստ (կալանավորված անձանց միասնական նմուշի հագուստ տրամադրվում է անհրաժեշտության դեպքում),

5) անձնական հիգիենայի պարագաներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:

Նշված գույքը կալանավորված անձին կամ դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին անձնական օգտագործման նպատակով կարող է տրամադրվել նաև այլ գույք:

i

44. Ելնելով խցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր խցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ զառով խաղերի), խցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տրվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

(44-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1032-Ն որոշում)

45. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալն ստանում է երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ և իրեր:

46. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով, ռադիոընդունիչով և աղբամանով:

Խցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:

47. Կալանավորված անձի կամ դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե:

48. Կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը, իսկ նրանց ցանկության դեպքում ապահովվում են տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան` դատապարտյալների համար նախատեսված միասնական նմուշի հագուստով:

49. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստի և անկողնային պարագաների լվացումը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից, կամ կալանավորված անձանց և դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու լվացքատնից, համապատասխան կենցաղային տեխնիկայից և չորանոցից:

50. Դատապարտյալն ապահովվում է միասնական նմուշի հագուստով` ըստ տարվա եղանակի, կլիմայական պայմանների, ինչպես նաև` հաշվի առնելով նրա սեռը:

Դատապարտյալի հագուստը չպետք է որևէ կերպ ճնշի կամ նվաստացնի նրան:

51. Արական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) ձմեռային գլխարկ` կազմված է գլխարկի գագաթամասից, հովհարից, կարված է սև գույնի արհեստական մորթուց: Ականջապանակներով և ծածկակալով գլխարկները կարված են մուգ մոխրագույն մահուդից,

2) ամառային գլխարկ` սև բամբակյա գործվածքից է, կազմված է հովհարից, օվալաձև հատակից, ուղղանկյուն կողքամասից,

3) կիսավերարկու` սև բամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

4) բամբակաբաճկոն` սև բամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, կանգուն օձիքով, կոճկվում է կոճակներով,

5) տաբատ` սև բամբակյա գործվածքից է, տաք ներդիրով, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով,

6) բամբակյա հագուստի կուրտկան սև կտորից է, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, տաբատը` մուգ մոխրագույն կտորից, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով,

7) վերնաշապիկ` սև բամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, թևքերը` թևքածալով:

52. Իգական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`

1) գլխաշորեր` կիսաբրդյա, սև կամ մուգ կապույտ գույնի բամբակյա, նկարազարդ,

2) կիսավերարկու` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

3) բաճկոն` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով,

4) տաբատը նկարագրությամբ և ձևով նման է սույն կանոնակարգի 51-րդ կետի 5-րդ ենթակետում նկարագրված տաբատին,

5) զգեստ-կոստյումի ժակետը կարված է սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, կանացի անթև զգեստը սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, Y-աձև կտրվածքով,

6) զգեստ` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, ծալովի օձիքով, կիսաթև,

7) բլուզ` սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, երկարաթև, կոճկվում է կոճակներով:

 

VII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

53. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:

54. Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության և այլ ժամերը:

55. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (N 5 ձև) հաստատվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի հրամանով և տեղեկացվում է որպես ի գիտություն` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, կալանավորված անձանց, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակը փակցվում է խցերում և կացարաններում:

56. Կալանավորված անձանց սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` խցերում:

57. Դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում` խցերում, իսկ կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում` ճաշարաններում:

Տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում ներգրավված դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կարող են սնունդն ընդունել առանձին:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման` ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս սահմանված կարգով գտնվող դատապարտյալի սննդի ընդունումը կարող է կազմակերպվել դաշտային ճաշարաններում:

58. Կալանավորվածներին պահելու վայրի տարածքում խցերից դուրս, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալների` խցերից դուրս տեղաշարժն իրականացվում է վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով` բացառությամբ զբոսանքի վայրերի:

Խցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

59. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի տեղաշարժն իրականացվում է ազատ` այդ նպատակով նախատեսված վայրերում, իսկ ուղղիչ հիմնարկի մյուս տարածքներում` վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով և թույլտվությամբ:

60. Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց:

61. Կալանավորված անձի և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

62. Կալանավորված անձը կամ փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Կալանավորված անձի կամ դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում (N 6 ձև):

63. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ:

64. Զբոսանքն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:

 

VIII. ՓԱԿ, ԿԻՍԱՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ԵՎ ԲԱՑ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

65. Փակ, կիսափակ, կիսաբաց, բաց և բուժական ուղղիչ հիմնարկների շենքերում և շինություններում, ելնելով դատապարտյալներին պահելու` օրենքով նախատեսված պայմանների առանձնահատկություններից, պարտադիր տեղակայվում են բնակելի կացարանները կամ խցերը, հիմնարկի վարչակազմի աշխատասենյակները, ճաշարանը, կրպակը կամ խանութը, բուժկետը, դպրոցը, զբաղվածության, մշակութային միջոցառումների անցկացման և տեսակցության սենյակները, գրադարանը, բաղնիքը, լվացքատունը, պատժախցերը և անձնական իրերի պահախցերը:

66. Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկի սահմանների մասին տեղեկացվում են կարանտինային բաժանմունքում գտնվելու ժամանակ, ինչի մասին կազմվում է արձանագրություն (N 7 ձև)` դատապարտյալի ստորագրությամբ, և կցվում նրա անձնական գործին:

67. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, օրինապահ վարքագիծ դրսևորող և դրական բնութագրվող դատապարտյալը, եթե ամուսնացած է և ունի հիմնական աշխատանք, հիմնարկի պետի թույլտվությամբ կարող է բնակվել նաև իր ընտանիքի հետ` հիմնարկի սահմաններում գտնվող, նշված նպատակի համար նախատեսված հանրակացարանում:

68. Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկում պահվում են առանց պահախմբի:

69. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ գումար և թանկարժեք իրեր:

70. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կրթությունը կարող է կազմակերպվել ստացիոնար ձևով, որը չպետք է խոչընդոտի պատիժը կրելու կարգը և պայմանները:

71. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկում անջատ պահելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական և առողջապահական խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:

72. Առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները բուժական ուղղիչ հիմնարկում պահվում են հատուկ առանձնացված և խցային հիվանդասենյակներում:

73. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության դեպքերի պատճառով, ապա բուժական ուղղիչ հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:

74. Բուժական ուղղիչ հիմնարկի օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ: Կալանավորված անձանց և դատապարտյալների ներկայությունն ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական 2 անգամից ոչ պակաս:

75. Երկարատև տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումները:

76. Կալանավորված անձի կամ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բուժական ուղղիչ հիմնարկի պայմաններում նրան համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:

i

77. Անձնական կամ այլ շահադիտական դրդումներով ինքնախեղման և հիվանդության ձևացման դիմած կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված տույժի միջոցները: Ինքնախեղման և հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով համապատասխան մասնագետի տված եզրակացության հիման վրա:

(77-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 25-Ն որոշում)

78. Կալանքի դատապարտված անձը պահվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն կանոնակարգով փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի համար սահմանված կարգին և պայմաններին համապատասխան` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված առանձնահատկությունները:

 

IX. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

79. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում տեղավորվում են այնպես, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը:

Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ, յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը կամ կացարաններն ապահովվում են տաք ջրով:

80. Կալանավորված կամ դատապարտյալ կինը ծննդաբերության նպատակով պետք է փոխադրվի համապատասխան բաժանմունք ունեցող` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ: Եթե դա հնարավոր չէ, ապա ծննդկանին կարող են տեղավորել կալանավորվածներին պահելու վայրին կամ ուղղիչ հիմնարկին առավել մոտ տեղակայված առողջապահական հաստատությունում` սահմանված կարգով ապահովելով համապատասխան հսկողություն: Կալանավորված անձին ծննդատուն տեղափոխելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դրա մասին տեղյակ է պահում քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին:

81. Հղի կանայք կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն: Բացի դրանից` պետք է ապահովվի մանկական սնունդ` առողջապահության համակարգի մանկական հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված նորմերով: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ստանում են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:

82. Երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:

83. Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների ծանր հիվանդության, ինչպես նաև նրանց կողմից ծնողական պարտականությունների բարեխղճորեն չկատարման, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների պարբերաբար խախտման դեպքերում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրավունք ունի երեխային ժամանակավորապես ազգականներին կամ այլ անձանց հանձնելու կամ մանկական հաստատությունում տեղավորելու մասին միջնորդություն ներկայացնելու դատարան:

Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալը երեխային կարող է ազգականներին կամ այլ անձանց հանձնել` սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է ամեն կերպ աջակցել նրան:

84. Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է կալանավորված անձից կամ դատապարտյալից ճշտել, թե ով կարող է իր վրա վերցնել երեխայի խնամքը: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալն ազգականներ չունի, ապա կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխային ժամանակավորապես մանկական հաստատություն հանձնելու համար:

85. Անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ:

86. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի ազատ ժամանակը նպատակաուղղված կազմակերպելու ուղղությամբ:

87. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների, զանազան խաղերով ու սպորտով զբաղվելու համար:

 

X. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ԶՆՆՈՒՄ ԵՎ ԱՌԳՐԱՎՈՒՄ

 

88. Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի (N 2 ձև) ներթափանցումը, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայր և ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ և առգրավումներ:

Սույն կետում նշված գործողությունները կատարվում են առնվազն երկու քրեակատարողական ծառայողի մասնակցությամբ:

Անձնական խուզարկությունը կատարվում է անձի պատիվն ու արժանապատվությունը չոտնահարելու սկզբունքով` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը:

Արգելվում է անձնական խուզարկություն կատարելը` հակառակ սեռի ներկայացուցչի կողմից:

i

89. Կալանավորված անձը կամ դատապարտյալն անձնական խուզարկության ենթարկվում է կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունվելիս և ազատվելիս, դրա տարածքից իրավական ցանկացած այլ հիմքով դուրս գալիս, տեսակցությունից առաջ և հետո, խուց, կացարան կամ պատժախուց տեղափոխվելիս, քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց կամ պաշտպանի հետ հանդիպելուց առաջ և հետո:

(89-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1032-Ն որոշում)

90. Այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ և հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը և իրենց մոտ գտնվող իրերը: Անհրաժեշտության դեպքում քրեակատարողական ծառայողի պահանջով տրամադրվում է հագին եղած հագուստը` այն զննելու նպատակով` առանց նսեմացնելու կամ նվաստացնելու խուզարկման ենթարկվողի անձը:

Այլ անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է մեկուսացված սենյակում, որտեղ առկա է բավարար լուսավորություն և անհրաժեշտ ջերմաստիճան: Անձնական խուզարկությանը չպետք է ներկա գտնվեն հակառակ սեռի անձինք:

Անձնական խուզարկությունից առաջ համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից առաջարկվում է ինքնակամ ներկայացնել խուզարկվողի մոտ գտնվող իրերը և առարկաները, իսկ արգելված իրերի կամ առարկաների առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել:

91. Խուզարկության ավարտից հետո խուզարկվողի մոտ թողնվում են միայն այն առարկաները և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:

92. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավման ենթակա առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն արգելված իրերի հայտնաբերման և առգրավման մասին: Արձանագրությունն ստորագրվում է խուզարկություն կատարող անձանց և խուզարկության ենթարկված անձի կամ զննման ենթարկված իրեր ունեցող անձի կողմից: Վերջինիս կողմից արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

i

93. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից չհանված` առգրավված իրերը կամ առարկաներն ի պահ են հանձնվում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ հայտնաբերված դրամը փոխանցվում է համապատասխանաբար կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին:

(93-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1032-Ն որոշում)

94. Եթե կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավվել են այնպիսի տեսակի կամ այնպիսի քանակությամբ արգելված իրեր կամ առարկաներ, որոնք կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին ի պահ հանձնելը նպատակահարմար չէ, ապա կալանավորված անձին կամ դատապարտյալին առաջարկվում է դրանք իր հաշվին ուղարկել իր մատնանշած անձին:

95. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավված` քաղաքացիական շրջանառությունից հանված իրերը կամ առարկաները հանձնվում են իրավասու մարմիններին:

96. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ առգրավված այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, ուղարկվում են համապատասխան մարմիններ, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:

97. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումն իրականացվում է պարտադիր կարգով, իսկ հագուստը ենթակա է զննության, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ վերջինիս կողմից փորձ է արվում արգելված իր կամ առարկա անցկացնելու: Նշված անձանց հագուստի զննումն իրականացվում է նույն սեռին պատկանող քրեակատարողական ծառայողի կողմից:

98. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված իրերի ու առարկաների ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:

i

98.1. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից հատուկ տեխնիկական միջոցներով (անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով) զննվելու արդյունքում արգելված իրեր չհայտնաբերվելու, ինչպես նաև դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածի բացակայության դեպքում չեն իրականացվում սույն կանոնակարգի 99-րդ կետով նախատեսված գործողությունները:

(98.1-ին կետը լրաց. 04.06.2020 թիվ 882-Ն որոշում)

i

99. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան տեխնիկական միջոցներով զննվելուց հետո, դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածներ լինելու կամ տեխնիկական միջոցների բացակայության դեպքում համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ`

1) հացաբուլկեղենը կտրատվում է,

2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ,

3) ձուկը կտրատվում է մասերի,

4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների,

5) սորուն մթերքները (շաքարավազ, աղ և այլն) լցվում են մեկ այլ տարայի մեջ,

6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են,

7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների,

8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ,

9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:

Զննումը կատարվում է այնպես, որպեսզի մթերքները և իրերը չկորցնեն նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները:

(99-րդ կետը փոփ. 04.06.2020 թիվ 882-Ն որոշում)

100. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

101. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից հանված իրերի կամ առարկաների հայտնաբերման դեպքում դրանք առգրավվում են համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից` կազմելով դրանց հայտնաբերման և առգրավման մասին արձանագրություն:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ առգրավված իրերը կամ առարկաները հանձնվում են իրավասու մարմիններին:

102. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ առգրավված այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, հանձնվում են համապատասխան մարմիններին, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:

103. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում հայտնաբերված տիրազուրկ գույքի տնօրինման հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2006
N 1543-Ն
Որոշում