Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՆԻՆԱ ՀԱՑԱԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՆԻՆԱ ՀԱՑԱԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՄ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻ ...

 

 

020.0667.211106

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՆԻՆԱ ՀԱՑԱԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՄ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187 ԵՎ 280 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 նոյեմբերի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող Գ. Միրզոյանի, պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 32, 60 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Նինա Հացագարյանի և Գեղամ Միրզոյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187 և 280 հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ քաղաքացիներ Նինա Հացագարյանի և Գեղամ Միրզոյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, որոշել է դրանք միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Նինա Հացագարյանի և Գեղամ Միրզոյանի դիմումներն են սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի զեկուցագիրը, դիմող Ն. Հացագարյանի և պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, գործի մյուս նյութերը, լսելով դիմող Գ. Միրզոյանի պարզաբանումը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. հուլիսի 28-ին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:

2. Քաղ. Ն. Հացագարյանը, հիմք ընդունելով, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանն իր` 14.11.2003թ. և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր` 24.02.2004թ. վճիռներով, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատն իր` 27.05.2004թ. և 30.06.2006թ. որոշումներով իր նկատմամբ կիրառել են ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի 1-ին մասի և 280 հոդվածի դրույթները, դիմել է սահմանադրական դատարան` վիճարկելով այդ դրույթների սահմանադրականությունը:

Քաղ. Գ. Միրզոյանը, հիմք ընդունելով, որ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանն իր` 27.08.2002թ., 11.03.2003թ. և 09.03.2006թ. վճիռներով, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատն իր` 30.06.2006թ. որոշմամբ իր նկատմամբ կիրառել են ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը և 280 հոդվածի դրույթները, դիմել է սահմանադրական դատարան` վիճարկելով այդ դրույթների սահմանադրականությունը:

Քննության առարկա գործով Ն. Հացագարյանը վիճարկում է ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի 1-ին մասի և 280 հոդվածի, Գ. Միրզոյանը` 187 և 280 հոդվածների դրույթների սահմանադրականությունը:

Վիճարկելով ՀՀ քաղ. օր.-ի` քննության առարկա դրույթները, դիմողները գտնում են, որ դրանք հակասում են` ըստ Ն. Հացագարյանի դիմումի` ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերին, ըստ Գ. Միրզոյանի դիմումի` ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

3. ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Քաղաքացի Սարգյուլ Հակոբյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի ՍԴՈ-650 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 60 հոդվածի 1-ին կետը, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 43 հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 1-ին մասով գործի քննությունը կարճել:

Չնայած նշված գործով վիճարկվում էր ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, սակայն սահմանադրական դատարանն այլ նորմերի հետ համակարգային առումով փոխկապվածության համատեքստում գնահատական է տվել նաև ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասին` նշելով, որ այն հանդես է գալիս որպես «սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք» (ՍԴՈ-650, 5-րդ կետ և 6-րդ կետի 2-րդ ենթակետ): ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը»: Սույն գործի համատեքստում նույնպես սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասի դրույթները հանդես են գալիս որպես ՀՀ Սահմանադրության 8 և 31 հոդվածներում ամրագրված սեփականության իրավունքի ապահովման միջոց` այն դեպքում, երբ առկա է սեփականության իրավունքից հրաժարումը, սակայն այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ դեռևս սեփականության իրավունք ձեռք չի բերվել: ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասի հիմքով ոչ միայն շեշտվում է սեփականության իրավունքի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, այլև սեփականատիրոջ կողմից սեփականության իրավունքի իրացման հետ կապված պարտավորությունները:

4. ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի սահմանադրականության առնչությամբ դիմող Ն. Հացագարյանը նշում է. «...ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին պարբերությանը..., քանի որ սահմանափակել են իմ տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքը ինքնակամ կառույց հանդիսացող քարե ավտոտնակի և դրանով ծանրաբեռնված 32 ք/մ մակերեսով հողամասի նկատմամբ` դրա 28 ք/մ մակերեսի նկատմամբ ճանաչելով այլ անձի սեփականության իրավունքը: Ինձ անհիմն զրկել են 4 ք/մ մակերեսով հողատարածքի իմ սեփականության իրավունքից` խախտելով ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ պարբերության... և հողի նկատմամբ ճանաչելով այլ պետության քաղաքացու իրավունքները` խախտելով ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 4-րդ կետի պահանջները...»:

Դիմող Գ. Միրզոյանը ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու առնչությամբ նշում է, որ այդ հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին պարբերության և 31 հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների պահանջներին, «...քանի որ Մարգարյան 2-րդ նրբ. 12 շենք 34 բ. հասցեի բնակտարածությունը ձեռք եմ բերել առք ու վաճառքի պայմանագրով 1993թ.: ... Ես երբևէ չեմ հրաժարվել բնակտարածքի իմ իրավունքից այն օտարելով կամ ... այլ կերպ»:

5. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմողների հարցադրումը հիմնավոր չէ և ՀՀ քաղ. օր.-ի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Նախ. «Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունք ունենալու և այդ իրավունքի` պետության կողմից պաշտպանվելու սկզբունքները չեն կարող բացարձակ լինել»: Երկրորդ` ձեռքբերման վաղեմության ինստիտուտը նպատակ ունի իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին և նպաստել քաղաքացիական շրջանառության կայունությանը: Այդ ինստիտուտը կոչված է պաշտպանելու գույքի երկարատև, բացահայտ և անընդմեջ տիրապետողի իրավունքները և չի կարող համարվել հակասահմանադրական:

6. Առաջադրելով ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի սահմանադրականության հարցը, իրականում դիմողները հարցադրում են կատարում կոնկրետ գործով դրա ճիշտ կիրառման վերաբերյալ, ինչն ընդհանուր իրավասության դատարանների իրավազորության խնդիր է և ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածին անդրադառնալ ըստ էության` հիմք ընդունելով, որ դիմողները, չնայած պատշաճ հիմնավորման բացակայությանը, վիճարկում են, փաստորեն, ընդհանրապես ձեռքբերման վաղեմության ինստիտուտի (ՀՀ ՔՕ-ի 187 հոդված) սահմանադրականությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում:

Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում և օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզև` բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ և երկարատև, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք և այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք: Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները: ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն:

Ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իրավական կարգավորումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային այն առումով, որ այն նախապայմանները, որոնք սեփականության իրավունքի երաշխիք են հանդիսանում, ճանաչվում և գնահատվում են դատարանի կողմից: Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ` այն ոլորտներում, որտեղ չարաշահումների պոտենցիալ հնարավորությունը մեծ է կոնկրետ իրավիճակներում, և դա կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ ընդհանրապես ժողովրդավարական հասարակության համար, սկզբունքորեն ցանկալի է, որպեսզի հսկողական գործառույթներն իրականացնի դատարանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 60 հոդվածի 1-ին կետի պահանջների հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասով գործի քննությունը կարճել:

i

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

i

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 նոյեմբերի 2006 թվականի

ՍԴՈ-667

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.11.2006
N ՍԴՈ-667
Որոշում