Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ դատարանում դատավճիռ          Քրեական գործ N ՎԲ - 231/06

կայացրած դատարանի կազմը

Նախագահող դատավոր` Ա.Հովհաննիսյան

Դատավորներ` Ե.Դարբինյան, Ա.Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,

 

նախագահությամբ Մ.Խաչատրյանի

                   դատավորներ     Դ.Ավետիսյան

                                  Հ.Ասատրյան

                                  Հ.Ղուկասյան

                                  Ս.Օհանյան

 

                   քարտուղար      Ք.Մարտիրոսյան

 

մասնակցությամբ

                   դատախազ        Վ.Գևորգյանի

 

2006 թվականի հոկտեմբերի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով դատախազ Վ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը Դավիթ Լեմսիկի Փաշինյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 30-ի դատավճռի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 13-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր Վ.Աբրահամյան) 30.05.2006թ. դատավճռով Դավիթ Լեմսիկի Փաշինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

i

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը, դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման: Վերաքննիչ դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 1-ին կետի «ա» ենթակետը և Դ.Փաշինյանին ազատել նշանակված պատժից:

Վճռաբեկ դատարանի 07.08.2006թ. որոշմամբ դատախազ Վ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և տրամադրվել մեկամսյա ժամկետ` վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Դատախազ Վ.Գևորգյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 13.09.2006թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

Դավիթ Լեմսիկի Փաշինյանը 2006 թվականի փետրվարի 18-ին, ժամը 21:30 -ի սահմաններում Միքայել Պողոսյանի հետ միմյանց քաշքշելու ընթացքում դանակով հարվածել է Մ.Պողոսյանի որովայնի շրջանին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով.

ա/ Պատիժ նշանակելիս խախտվել են պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի չի առնվել կատարված հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, և քրեադատավարական օրենքի էական խախտմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ:

բ/ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության համար, կդառնա նախադեպ և կձևավորի դատական պրակտիկա:

Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքերով խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատավճիռներն ու քրեական գործը վերադարձնել վերաքննիչ դատարան` Դ.Փաշինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով «ազատազրկման ձևով պատիժ սահմանելու» և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 1-ին կետի «ա» ենթակետի կիրառմամբ նրան նշանակված պատժից ազատելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Նշված հիմքերի սահմաններում քննելով վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 30-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 13-ի դատավճիռը պետք է բեկանել և փոփոխել հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»: Այս հոդվածի բովանդակությունից երևում է, որ խոսքը վերաբերում է տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան` վերջնականապես ուժի մեջ մտած դատավճռին: Դատավճիռը համարվում է վերջնականապես ուժի մեջ մտած, եթե բացակայում են պաշտպանության այլ միջոցները, կամ կողմերն սպառել են պաշտպանության այդպիսի միջոցները, կամ անցել է պաշտպանության այդ միջոցների կիրառման ժամկետը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածում 2006 թվականի հուլիսի 7-ի օրենքով կատարված փոփոխության համաձայն (որն ուժի մեջ է մտել 2006 թվականի օգոստոսի 5-ին)` «վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում»: Այսինքն` ՀՀ օրենքով սահմանվել է դատավճռի` վերջնական ուժի մեջ մտնելու 6-ամսյա ժամկետ: Հետևաբար, անձի վիճակի վատթարացման առումով բերված վճռաբեկ բողոքները կարող են քննության առարկա դառնալ, և Վճռաբեկ դատարանն իր իրավասությունների շրջանակում կարող է համապատասխան որոշում կայացնել:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` եթե դատարանը, ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Դավիթ Լեմսիկի Փաշինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով կայացված դատավճռում որպես հանցավորի անձը բնութագրող տվյալներ նշվել են, որ Դ.Փաշինյանը սովորում է Րաֆֆու անվան դպրոցի 10-րդ դասարանում, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, կամովին ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` նրա անչափահաս լինելը և մեղայականով ներկայանալը:

Պալատը գտնում է, որ հանցավորի անձը բնութագրող վերոհիշյալ տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքներն իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու այն հետևության, որ Դ.Փաշինյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: Ինչպես երևում է գործի նյութերից, Դավիթ Փաշինյանը տևական ժամանակ (ըստ իր ցուցմունքի մոտ մեկ ամիս) իր մոտ մշտապես պահել է 185 մմ երկարությամբ ծալովի դանակ, որով էլ չնչին առիթով հարվածել է Միքայել Պողոսյանի որովայնի շրջանին` նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Դ.Փաշինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի չեն առնվել կատարված արարքի ծանրությունը և վրա հասած վնասակար հետևանքները: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս բոլոր դեպքերում պետք է բազմակողմանի և օբյեկտիվ գնահատվեն պատասխանատվությունը մեղմացնող ու ծանրացնող բոլոր հանգամանքները և պարտադիր մատնանշվեն ընդունված որոշման շարժառիթները:

i

Պալատը գտնում է, որ Դավիթ Փաշինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը, համաձայն որի` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Բացի այդ, Դավիթ Փաշինյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածը, համաձայն որի` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Նկատի ունենալով, որ Դավիթ Փաշինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում օրենքի պահանջից, և այդ հիմքով վճռաբեկ բողոք է բերել դատախազը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա Դ.Փաշինյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատավճիռները պետք է բեկանել և փոփոխել` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-407-րդ, 415-419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Դավիթ Լեմսիկի Փաշինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 30-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 13-ի դատավճիռը բեկանել և փոփոխել` Դավիթ Լեմսիկի Փաշինյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 1-ին կետի «ա» ենթակետի և 12-րդ կետի հիման վրա Դավիթ Լեմսիկի Փաշինյանին ազատել նշանակված պատժից:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.10.2006
N ՎԲ-231/6
Որոշում