Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական և  զինվորական գործերով      Քրեական Գործ ՎԲ-234/06

վերաքննիչ դատարանի որոշում

Քրեական գործ N 281//2005թ.

 

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ժ.Հովսեփյան

դատավորներ` Ե.Դարբինյան, Ա.Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հոկտեմբերի 2006թ. ք. Երևան

 

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ Մ.Խաչատրյանի

                   դատավորներ     Դ.Ավետիսյանի

                                  Հ.Ասատրյանի

                                  Հ.Ղուկասյանի

                                  Ս.Օհանյանի

                   քարտուղար      Ք.Մարտիրոսյանի

                   մասնակցությամբ

                   դատախազ        Գ.Ջհանգիրյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Հասմիկ Գուրգենի Կուրղինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. մարտի 18-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005թ. հունիսի 1-ի դատավճիռների դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Հասմիկ Գուրգենի Կուրղինյանի և մյուսների կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ 2001թ. դեկտեմբերի 18-ին հարուցվել է սույն քրեական գործը 1961թ. մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում` 2002թ. փետրվարի 18-ին, որոշումներ են կայացվել Հասմիկ Կուրղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին: Նույն օրվա որոշմամբ գործի վարույթը կասեցվել է:

2004թ. փետրվարի 11-ին Հասմիկ Կուրղինյանը ձերբակալվել է ՌԴ Խաբարովսկ քաղաքում, 2004թ. օգոստոսի 13-ին էտապավորվել է Երևան քաղաք և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

i

2004թ. օգոստոսի 13-ին գործի վարույթը վերսկսվել է, Հ.Կուրղինյանին մեղսագրված արարքը համապատասխանեցվել է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին, և նրան մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ 2004թ. հոկտեմբերի 7-ին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. Հասմիկ Կուրղինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նշված հոդվածներով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

i

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. մարտի 18-ի դատավճռով Հասմիկ Կուրղինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց տուգանքի: Պատժի կրման սկիզբը հաշվարկվել է 2004թ. փետրվարի 11-ից:

Հասմիկ Կուրղինյանի կողմից արդարացման դատավճիռ կայացնելու հիմքով բերված վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2005թ. հունիսի 1-ի դատավճռով թողել է առանց բավարարման, առաջին ատյանի դատարանի դատավճիռը` անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի 07.08.06թ. որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` տրամադրելով մեկ ամսյա ժամկետ վճռաբեկ բողոքը օրենսդրությանը համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 11.09.06թ. որոշմամբ վարույթ է ընդունվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

Հասմիկ Կուրղինյանը դատապարտվել է այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով սույն գործով դատապարտյալ Անժելա Քիլինքարովայի հետ, տուժող Անահիտ Ալբերտի Պետրոսյանին և նրա անչափահաս որդուն` Հայկ Արայիկի Եղիազարյանին, Հունաստան ուղարկելու պատրվակով, չարաշահելով տուժողի վստահությունը` 2001թ. հուլիս-օգոստոս ամիսներին Անահիտ Պետրոսյանից վերցրել են խոշոր չափերի` 1.390.000 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար և խաբեությամբ տիրացել այդ գումարին:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Սույն գործի նախաքննության ընթացքում Հասմիկ Կուրղինյանը ներգրավված է եղել որպես մեղադրյալ 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և քննությունից թաքնվելու պատճառով հայտարարված է եղել հետախուզում: 11.02.2004թ. Հ.Կուրղինյանը հայտնաբերվել է ՌԴ Խաբարովսկ քաղաքում, ձերբակալվել է և 13.08.2004թ. էտապավորվել Հայաստանի Հանրապետություն: Էտապավորման հարցը լուծելիս ՌԴ գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել վերջինին քրեական պատասխանատվության ենթարկել 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, որն էլ համապատասխանում է 2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասին: Սակայն էտապավորելուց հետո Հ.Կուրղինյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածին, փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավճիռներով Հ.Կուրղինյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Արդյունքում դատարանների կողմից անտեսվել են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ ՌԴ գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել Հ.Կուրղինյանին քրեական պատասխանատվության ենթարկել 1961թ. ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, որն էլ համապատասխանում է 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասին: Փաստորեն Հ.Կուրղինյանն առանց ՌԴ համապատասխան մարմինների համաձայնության ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի մինչև հանձնելը կատարած այն հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:

Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Հասմիկ Կուրղինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. մարտի 18-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005թ. հունիսի 1-ի դատավճիռները, Հ.Կուրղինյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանելով ազատազրկում 1 տարի ժամկետով և այն կրած լինելու կապակցությամբ նրան ազատել պատժի կրումից:

Բողոքում նշվել է նաև, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտն էական նշանակություն կունենա քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի, այնպես էլ միջազգային նորմերի միատեսակ կիրառության համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթն իրականացվում է այդ օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

Նույն օրենսգրքի 480-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում գտնվող անձինք` Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Նշված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կանոնները` համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները, այն է` առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որի կապակցությամբ նա չի հանձնվել:

Համանման դրույթ է պարունակում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` քրեական հետապնդումը շարունակելու համար Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանը հանձնված անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել:

Սույն գործի նյութերից երևում է, որ Հասմիկ Կուրղինյանը նախաքննության մարմնի 2002թ. փետրվարի 18-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ 1961թ. մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով` առանց որակյալ հատկանիշի խարդախություն կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում, և գործի վարույթը կասեցվել է:

2004թ. փետրվարի 11-ին Հասմիկ Կուրղինյանը ձերբակալվել է ՌԴ Խաբարովսկ քաղաքում:

Հասմիկ Կուրղինյանին Հայաստանի Հանրապետություն էտապավորելու հարցը լուծելու համար ՌԴ գլխավոր դատախազությանը հայտնվել է, որ վերջինս մեղադրվում է 1961թ. մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, որով և ստացվել է հանձնող կողմի համաձայնությունը:

2004թ. օգոստոսի 13-ին Հասմիկ Կուրղինյանը էտապավորվել է Երևան քաղաք և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Նույն օրը գործի վարույթը վերսկսվել է, Հ.Կուրղինյանի մեղադրանքը համապատասխանեցվել է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին, և նրան մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ 2004թ. հոկտեմբերի 7-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. Հասմիկ Կուրղինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախության համար:

Նշված հոդվածներով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. մարտի 18-ի դատավճռով Հասմիկ Կուրղինյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության համար: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005թ. հունիսի 1-ի դատավճռով թողնվել է անփոփոխ:

Դատարանների կողմից դատավճիռ կայացնելիս անտեսվել է, որ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի համաձայն` ՌԴ գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել Հ.Կուրղինյանին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին` 1961թ. մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որն էլ համապատասխանում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Փաստորեն տվյալ դեպքում Հասմիկ Կուրղինյանն առանց ՌԴ համապատասխան մարմինների համաձայնության ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի մինչև հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել:

Սույն գործի քննության ընթացքում միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը` 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառումը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 480-րդ և 499-րդ հոդվածների խախտումները, որոնք ազդել են դատավճռի օրինականության վրա, նույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի, 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն, հիմք են հանդիսանում Հասմիկ Գուրգենի Կուրղինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. մարտի 18-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005թ. հունիսի 1-ի դատավճիռները բեկանելու և փոփոխելու համար, քանի որ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները տալիս են նման հնարավորություն, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտն էական նշանակություն կունենա ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, այնպես էլ 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի վերը նշված նորմերի միատեսակ կիրառության համար:

i

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` ՀՀ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Հասմիկ Գուրգենի Կուրղինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. մարտի 18-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005թ. հունիսի 1-ի դատավճիռները բեկանել և փոփոխել` Հասմիկ Կուրղինյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանելով ազատազրկում 1 տարի ժամկետով, և նրան ազատել պատժի կրումից:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Մ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.10.2006
N ՎԲ-234/6
Որոշում