Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով          Քաղաքացիական գործ թիվ 3-1409(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                   2006թ.

քաղաքացիական գործ թիվ 06-906/1900-2006թ.

նախագահող դատավոր` Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

դատավորներ` Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ

Կ.ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   Նախագահությամբ             Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մ.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2006 թվականի վճռի դեմ` ըստ Մուրադ Մխիթարյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` կադաստր), երրորդ անձանց ՀՀ ԱՆ Շիրակի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բաժնի (այսուհետ` հարկադիր կատարող) և «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերության (այսուհետ` ընկերություն)` գույքի պետական գրանցման մերժումն անվավեր ճանաչելու և ընկերության անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը 5,49 քմ մակերեսի չափով անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ ընկերության հայցի ընդդեմ Մուրադ Մխիթարյանի, հարկադիր կատարողի և երրորդ անձ Գյումրու տարածքային նոտարի` 5,49 քմ մակերեսով տարածքի մասով աճուրդը և պայմանագիրն անվավեր ճանաչելու, գույքն ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մ.Մխիթարյանը պահանջել է անվավեր ճանաչել կադաստրի կողմից անշարժ գույքի պետական գրանցման մերժումը, ընկերության անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 1994421 վկայականը` 5,49 քմ մակերեսի չափով և պարտավորեցնել կադաստրի մարմնին գրանցել 5,49 քմ մակերեսի նկատմամբ իր սեփականության իրավունքը:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 22.12.2005 թվականի վճռով Մ.Մխիթարյանի հայցը ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման բավարարվել է` մասնակի անվավեր է ճանաչվել «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի վկայականը ընկերության թիվ 1 մասնաշենքի 5.49 քմ մակերեսով տարածքի մասով: Անվավեր է ճանաչվել 22.03.2005 թվականի անշարժ գույքի կադաստրի Գյումրու տարածքային ստորաբաժանման Գյումրի Շահումյան փողոցի թիվ 137 հասցեում գտնվող 5.49 քմ մակերեսով ընկերությանը պատկանած թիվ 1 մասնաշենքը Մ.Մխիթարյանի անվամբ գրանցման մերժումը և ԱԳԿ-ի Գյումրու ստորաբաժանմանը պարտավորեցվել է նշված մասնաշենքը գրանցել Մ.Մխիթարյանի անվամբ:

Դիմելով դատարան` ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 15.02.2005 թվականի կայացած աճուրդը և հարկադիր կատարողի ու Մ.Մխիթարյանի միջև 03.03.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև գույքը վերադարձնել ապօրինի տիրապետումից:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 06.04.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 25.04.2006 թվականի որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2006 թվականի վճռով Մ.Մխիթարյանի հայցը մերժվել է, իսկ ընկերության հայցը` բավարարվել: Վճռվել է Մ.Մխիթարյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Գյումրու տարածքային ստորաբաժանման, երրորդ անձանց ՀՀ ԱՆ Շիրակի մարզի ԴԱՀԿ ծառայության բաժնի և «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերության` գույքի պետական գրանցման մերժումն անվավեր ճանաչելու և «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերության անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը 5.49 քմ մակերեսի չափով անվավեր ճանաչելու պահանջի մասին` մերժել: «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերության հայցը բավարարել: 5.49 քմ մակերեսով տարածքի մասով անվավեր ճանաչել ՀՀ Շիրակի մարզի ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող` Արտուշ Ասատրյանի և Մուրադ Մխիթարյանի միջև կնքված թիվ 1349 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերությանը վերադարձնել Մուրադ Մխիթարյանի կողմից զբաղեցված «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերությանը պատկանող 5.49 քմ մակերեսով տարածքը: Որպես անվավերության հետևանք պարտադրվել է Մ.Մխիթարյանին վերադարձնել վերջինիս կողմից վճարված 1.601.000 /մեկ միլիոն վեց հարյուր մեկ հազար/ դրամ գումարը:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Մ.Մխիթարյանը:

Ընկերությունը, կադաստրը, հարկադիր կատարողը և նոտարը ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չեն ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

1/ Դատարանը սխալ է կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր:

Այս պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ կերպ: Դատարանը հաստատված է համարել, որ հարկադիր կատարողն իրեն ներկայացված գույքի ցանկից ընտրել է անշարժ գույքը, որով խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջներն այն մասին, որ պարտապան իրավաբանական անձի անշարժ գույքի վրա բռնագանձում տարածվում է ամենավերջում: Այնինչ, նույն օրենքի համաձայն` պարտապանն իրավունք ունի առաջարկելու իր գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը, ինչն էլ կատարվել է ընկերության կողմից` ընկերության գործադիր տնօրենի 27.12.2004 թվականի գրությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը ներկայացվել է 20 անվանում հիմնական միջոցների ցանկ /այդ թվում` վիճելի գույքը/:

 

i

2/ Դատարանը սխալ է կիրառել «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր:

Սույն հիմքը բողոք բերող անձը հիմնավորել է ներքոհիշյալ փաստարկով: «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը վերաբերում է մասնավորեցման ընթացքի վերահսկմանն ու վերլուծմանը: 23.09.2004 թվականի թիվ 1490-Ն որոշման 4.8-րդ կետի համաձայն` մասնավորեցման արդյունքում գնորդը հանդիսանում է նաև գնահատման պահից հետո առաջացած իրավունքների և պարտականությունների իրավահաջորդը: Իսկ դատարանի այն պնդումը, որ պետական լիազոր մարմինը, որը տվյալ դեպքում հանդիսանում է պետական գույքի կառավարման վարչությունը և որի անունից վիճելի ժամանակահատվածում հանդես է եկել Տ.Մխիթարյանը, իրավունք չուներ պետական մասնավորեցման ծրագրերի մեջ ընդգրկված, արդեն գնահատված, ակտիվների և պասիվների չափը վաղուց որոշված ընկերության անշարժ գույքը մասնատելու և այն օտարման ենթակա գույքի ցանկում ընդգրկելով ներկայացնելու ԴԱՀԿ մարմիններին օտարելու նպատակով` անհիմն է, քանի որ զուրկ է իրավական հիմնավորումից:

 

i

3/ Դատարանը վճիռ կայացնելիս չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 417-րդ, 418-րդ և 464-րդ հոդվածների, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 53-րդ և 55-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Նշված հիմքը վճռաբեկ բողոքում փաստարկված չէ, բացակայում են դրա հիմնավորումները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 22.12.2005 թվականի և 06.04.2006 թվականի վճիռներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

ա/ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 23.11.2004 թվականի թիվ 2-3430 և թիվ 2-3436 վճիռների հիման վրա տրված կատարողական թերթերով հարկադիր կատարողի 13.01.2005 թվականի որոշմամբ ընկերության արգելադրված գույքը ներկայացվել է աճուրդ-վաճառքի:

բ/ 15.02.2005 թվականին կայացված աճուրդում հաղթող է ճանաչվել Մ.Մխիթարյանը, ինչի վերաբերյալ կազմվել է թիվ 6 արձանագրությունը, իսկ 03.03.2005 թվականին Մ.Մխիթարյանի և հարկադիր կատարողի միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիր` Գյումրու Շահումյան փողոցի թիվ 137 հասցեում գտնվող ընկերությանը պատկանող 5,49 քմ մակերեսով թիվ 1 մասնաշենքը 1.601.000 ՀՀ դրամով գնելու մասին: Անշարժ գույքի ընդունման-հանձնման ակտի համաձայն` հարկադիր կատարողը հանձնել է, իսկ Մ.Մխիթարյանն ընդունել է նշված գույքը:

գ/ Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման արդյունքների մասին արձանագրության համաձայն` 25.02.2005 թվականին բաժնետոմսերը ներկայացվել են մրցութային եղանակով մասնավորեցման:

դ/ Մրցութային հանձնաժողովը 01.03.2005 թվականին որոշել է ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթի հաղթող ճանաչել «Մետթրեյդ» ՍՊ ընկերությանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վեճի առարկա հանդիսացող գործարքի կնքման /հարկադիր աճուրդի/ օրվա դրությամբ գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում «պարտապանն իրավունք ունի առաջարկել իր գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը: Այդպիսի առաջարկության բացակայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը»: Սույն հոդվածի հիշատակված մասը հետագայում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2005 թվականի և 23.05.2006 թվականի ընդունված օրենքներով ենթարկվել է փոփոխությունների, որոնց արդյունքում պարտապանի` կատարողական վարույթի ընթացքում իր գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականություն առաջարկելու իրավունք այլևս չի նախատեսվում:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Սույն գործի նյութերով հաստատված է, որ 27.12.2004 թվականի գրությամբ ընկերության գործադիր տնօրեն Տ.Մխիթարյանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանն է ներկայացրել ընկերության կողմից առաջարկվող գույքի ցանկը` հարկադիր կարգով բռնագանձում տարածելու նպատակով, որում ներառնված է եղել նաև վիճելի գույքը` որպես առանձին միավոր: Պարտապանի կողմից առաջարկված գույքը արգելադրվել է և հարկադիր կատարողի 13.01.2005 թվականի որոշմամբ ներկայացվել աճուրդ-վաճառքի: Աճուրդի անցկացման օրվա վերաբերյալ հաղորդագրությունը հրապարակվել է «Հարկադիր կատարողի տեղեկագրի» 03.02.2005 թվականի համարում: Աճուրդի մասին ընկերությունը տեղեկացվել է հարկադիր կատարողի 03.02.2005 թվականի գրությամբ: Նախապես ծանուցվել է, և 15.02.2005 թվականին անցկացված աճուրդին ներկա է գտնվել ընկերության ներկայացուցիչը, որը աճուրդի անցկացման կարգի վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել:

Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե սույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը` ներկա խմբագրությամբ, սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն գործողության մեջ է մտել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2005 թվականին ՀՀ օրենքի ընդունման արդյունքում, որում ի դեպ, 43-րդ հոդվածի 4-րդ մասի հետադարձ ուժի մասին որևէ դրույթ առկա չէ:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածների համաձայն` սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը` մինչև 16.12.2005 թվականի գործողության մեջ եղած խմբագրությամբ, որը պարտապանի համար նախատեսել է կատարողական վարույթում պարտապանի` իր գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականություն առաջարկելու իրավունք:

i

Այսպիսով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռների հիման վրա տրված կատարողական թերթի համաձայն` ԴԱՀԿ ծառայությունն ընկերության սեփականությունն հանդիսացող թիվ 1 մասնաշենքի 5.49 քմ մակերեսով տարածքի հարկադիր աճուրդը կազմակերպել և իրականացրել է գործարքի կնքման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի պահանջների պահպանմամբ:

 

2/ Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ

«Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները և տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ:

Դատարանի այն պնդումը, թե ընկերության գործադիր տնօրենը պետական մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերության անշարժ գույքը օտարելու նպատակով ԴԱՀԿ մարմիններին ներկայացնելու իրավասություն չի ունեցել անհիմն է, քանի որ զուրկ է իրավական որևէ հիմնավորումներից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածների համաձայն` բաժնետիրական ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարման միջոցներից է պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով: Իսկ ՀՀ կառավարության 23.09.2004 թվականի թիվ 1490-Ն որոշման 4.8-րդ կետի համաձայն` մասնավորեցման արդյունքում գնորդը հանդիսանում է նաև գնահատման պահից հետո առաջացած իրավունքների և պարտականությունների իրավահաջորդը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումը, չի կարող հանգեցնել այլ անձանց առջև պարտավորությունների կատարումից /այդ թվում նաև հարկադիր կարգով/ ազատման:

 

3) Բողոքը երրորդ հիմքով անհիմն է, քանի որ բողոք բերած անձի կողմից այն հիմնավորող փաստարկներ չեն ներկայացվել:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2006 թվականի վճիռը բեկանելու և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 22.12.2005 թվականի և 06.04.2006 թվականի հիմնավորված և պատճառաբանված վճիռներին օրինական ուժ տալու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:

2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2006 թվականի վճիռը ամբողջությամբ և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի` ըստ Մուրադ Մխիթարյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման, երրորդ անձա նց ՀՀ ԱՆ Շիրակի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բաժնի և «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերության` գույքի պետական գրանցման մերժումն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով 22.12.2005 թվականին և ըստ «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲ ընկերության հայցի ընդդեմ Մուրադ Մխիթարյանի, հարկադիր կատարողի և երրորդ անձ Գյումրու տարածքային նոտարի` 5,49 քմ մակերեսով տարածքի մասով աճուրդը և պայմանագիրն անվավեր ճանաչելու, գույքն ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին քաղաքացիական գործով 06.04.2006 թվականին կայացված վճիռներին:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1409(ՎԴ)
Որոշում