Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ N 3-1555(ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                 2006թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏՎ-85\2006թ.

Նախագահող դատավոր` Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

դատավորներ` Ռ.ՀԱԿՈԲՅԱՆ

Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Լոտոս» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) անվճարունակության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի (այսուհետ` կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2006թ. վճռի դեմ` ըստ կառավարչի հայցի ընդդեմ Կոոպերատիվի անդամներ Էդուարդ Ասատրյանի, Սվետլանա Խալաթյանի և Ռիմա Աղասարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով ՀՀ տնտեսական դատարան կառավարիչը` խնդրել է պատասխանողներից յուրաքանչյուրից հօգուտ կոոպերատիվի բռնագանձել 2 520 050 ՀՀ դրամ` որպես չկատարած պարտավորությունների փոխհատուցում:

ՀՀ տնտեսական դատարանի 27.01.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

Հայցվորի 04.03.2005 թվականի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2005 թվականի որոշումով ՀՀ տնտեսական դատարանի 27.01.2005 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ տնտեսական դատարանի 03.08.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

Հայցվորի 22.08.2005 թվականի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 23.09.2005 թվականի որոշումով ՀՀ տնտեսական դատարանի 03.08.2005 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` վճռվել է ««Լոտոս» արտադրական կոոպերատիվի անդամներ Էդուարդ Ասատրյանից, Սվետլանա Խալաթյանից և Ռիմա Աղասարյանից հօգուտ «Լոտոս» արտադրական կոոպերատիվի համապարտության կարգով բռնագանձել 500.000 դրամ` որպես պետական տուրքի գումար և 65.000 դրամ` որպես անվճարունակության գործով կառավարչի վարձատրության գումար, ընդամենը` 565.000 դրամ: Մնացած մասով հայցը մերժել»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել կառավարիչը:

Պատասխանողները ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չեն ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:

ՀՀ տնտեսական դատարանի 27.09.2004 թվականի որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում հաստատված հարկային տեսչության 6.073.152 ՀՀ դրամ պահանջի չափը հարկային պարտավորություն է և առնչություն չունի կոոպերատիվի անդամների` տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու պարտավորության հետ:

i

2) դատարանը չի կիրառել «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 31-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ անվճարունակ ճանաչվելուց հետո հարկային մարմինները որևէ իրավական հիմք չունեն պահանջ ներկայացնելու կոոպերատիվին, քանի որ այդ լիազորությունները վերը նշված իրավական ակտերի ուժով անցել է կառավարչին:

Բողոք բերած անձը նշված խախտումը պատճառաբանել է հետևյալ կերպ. հարկային մարմինները որևէ իրավական հիմք չունեն պահանջ ներկայացնելու կոոպերատիվին, քանի որ այդ լիազորությունների իրականացման իրավունքը համաձայն «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 24 և 31-րդ հոդվածների` անցել են կառավարչին:

Բողոք բերած անձը խնդրել է հետաձգել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և այդ հարցը լուծել կայացվելիք որոշմամբ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2006 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր Մյասնիկյանի հարկային տեսչության հայցի հիման վրա 09.07.2004 թվականին ՀՀ տնտեսական դատարանի վճռով Կոոպերատիվը ճանաչվել է անվճարունակ,

2) ՀՀ տնտեսական դատարանի 26.07.2004 թվականի որոշմամբ անվճարունակության գործով կառավարիչ է նշանակվել Լ.Պետրոսյանը.

3) ՀՀ տնտեսական դատարանի 08.10.2004 թվականի որոշմամբ Կոոպերատիվը լուծարվել է.

4) 27.09.2004 թվականի որոշմամբ հաստատվել է Կոոպերատիվի պարտատերերի ցուցակը.

5) ՀՀ տնտեսական դատարանի 08.10.2004 թվականի որոշմամբ սահմանվել է կառավարչի հավելյալ վարձատրություն` սնանկության հատուկ հաշվում պարտապանի գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից գոյացած միջոցների տասը տոկոսի չափով.

6) Կոոպերատիվի անդամներ (հիմնադիրներ) են պատասխանողներ Է. Ասատրյանը, Ս. Խալաթյանը և Ռ. Աղասարյանը` հավասար բաժնեմասերի իրավունքով.

7) Կոոպերատիվի պարտքը կազմում է ընդամենը 7.560.152 ՀՀ դրամ, այդ թվում`

* 500.000 ՀՀ դրամ` պետական տուրք (անվճարունակ ճանաչելու պահանջի մասին գործով).

* 6.073.152 ՀՀ դրամ` հարկային պարտավորություններ.

* 65.000 ՀՀ դրամ` կառավարչի վարձատրություն.

* 657.000 ՀՀ դրամ` կառավարչի հավելյալ վարձատրություն.

* 25.000 ՀՀ դրամ` գործատուի սոցիալական վճար.

* 240.000 ՀՀ դրամ` այլ ծախսեր (գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում և այլն):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/ 118-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Կոոպերատիվի անդամները պարտավոր են տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով փակել առաջացած վնասները: Այս պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերերի պահանջով կոոպերատիվը կարող է լուծարվել դատական կարգով: Օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով: Անվճարունակ (սնանկ) ճանաչված պարտապանի լուծարման ընթացակարգը (այդ թվում` հիմքերը) սահմանված են «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքով:

Սույն գործով կոոպերատիվը անվճարունակ (սնանկ) է ճանաչվել պարտատեր` ՀՀ կառավարությանն առընթեր Մյասնիկյանի հարկային տեսչության հայցի հիման վրա, այսինքն` վրա է հասել Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքը` «... պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերերի պահանջով կոոպերատիվը կարող է լուծարվել դատական կարգով»:

Սակայն, սահմանված ժամկետում (տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում) լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չկատարելը չի ազատում Կոոպերատիվի անդամներին Կոոպերատիվի պարտավորությունների համար օրենքով սահմանված պատասխանատվությունից:

i

Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորությունները ծագում են նաև «... սույն օրենսգրքով նշված այլ հիմքերից»: Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` Կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար (լրացուցիչ) պատասխանատվություն են կրում Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում:

i

Կոոպերատիվը ՀՀ տնտեսական դատարանի 09.07.2004 թվականի վճռով իր պարտավորությունները չկատարելու համար ճանաչվել է անվճարունակ, իսկ հետագայում 08.10.2004 թվականի որոշմամբ լուծարվել է, ինչը վկայում է այն մասին, որ Կոոպերատիվի անդամները չեն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված` լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու իրենց պարտականությունը: Այն պայմաններում, երբ սահմանված ժամկետում (տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում) լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չկատարելու հետևանքով անհնար է որոշել կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասը, վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված` լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու Կոոպերատիվի անդամների պարտականությունը ներառում է մինչև Կոոպերատիվի անվճարունակ ճանաչվելը գոյացած բոլոր պարտավորությունները: Հակառակ պարագայում կարող է խախտվել Կոոպերատիվի պարտատերերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը:

2. բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ 1-ին հոդվածի համաձայն` անվճարունակության (սնանկության) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածը կիրառելի չէ տվյալ վեճի նկատմամբ, քանի որ Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` անվճարունակության գործով կառավարիչը դիմում է դատարաններ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման ժամանակ գործում է իր անունից: Հետևաբար, նման կարգավորման պայմաններում անվիճելի է կոոպերատիվի պարտապանների դեմ պահանջներով դատարան դիմելու կառավարչի իրավունքը:

Օրենքի 24-րդ հոդվածի չկիրառման մասին բողոքի հիմքը հիմնավոր չէ, քանի օրենքի այդ դրույթը, որը կարգավորում է կառավարչի նշանակման, փոխարինման և ազատման հետ կապված հարաբերությունները, սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ:

i

Բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

i

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Սահմանադրության և Կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Տնտեսական դատարանի դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը` ելնելով իր այն եզրահանգումից, որ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված` լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու Կոոպերատիվի անդամների պարտականությունը ներառում է մինչև Կոոպերատիվի անվճարունակ ճանաչվելը գոյացած բոլոր պարտավորությունները, միաժամանակ գտնում է, որ այդ պարտավորությունը չի կարող ներառել Կոոպերատիվի անվճարունակ ճանաչվելուց հետո գոյացած պարտքերը, մասնավորապես անվճարունակության պահանջի մասին դատական վեճով պետական տուրքի, կառավարչի հավելյալ վարձատրություն և դրանից բխող այլ պարտավորություններից ծագող պարտքերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի. բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2006 թվականի վճիռը` փոփոխելով այն.

«Լոտոս» արտադրական Կոոպերատիվի անդամներ Էդուարդ Ասատրյանից, Սվետլանա Խալաթյանից և Ռիմա Աղասարյանից հօգուտ «Լոտոս» արտադրական կոոպերատիվի համապարտության կարգով բռնագանձել 6 138 152 ՀՀ դրամ, որից 6 073 152 ՀՀ դրամ` հարկային պարտավորություններ, 65 000 ՀՀ դրամ` կառավարչի վարձատրություն:

«Լոտոս» արտադրական Կոոպերատիվի անվճարունակության գործով կառավարչի հայցադիմումը 500 000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք, 657 000 ՀՀ դրամ` կառավարչի հավելյալ վարձատրություն, 25 000 ՀՀ դրամ` գործատուի սոցիալական վճար, 240 000 ՀՀ դրամ` այլ ծախսեր, ընդամենը` 1 422 000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով մերժել:

«Լոտոս» արտադրական Կոոպերատիվի անդամներ Էդուարդ Ասատրյանից, Սվետլանա Խալաթյանից և Ռիմա Աղասարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 277 533.44 ՀՀ դրամ պետական տուրքը:

«Լոտոս» արտադրական Կոոպերատիվից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 100 474.51 ՀՀ դրամ պետական տուրքը որպես դատական ծախսեր գրանցել «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1555(ՏԴ)
Որոշում