Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1621(ՎԴ)

քաղաքացիական գործերով 2006թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-1942

Նախագահող դատավոր` Ա.Թումանյան

Դատավորներ` Ա.Խառատյան

Տ.Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Ռոլանդ Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` դատարան) 20.06.2006 թվականի թիվ 06-1942 վճռի դեմ` ըստ Ռոլանդ Ավետիսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով անհատույց սեփականության իրավունքով հողամաս հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրել հողամաս` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 21.03.2006 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Ռոլանդ Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, ինչի արդյունքում կիրառել է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը` 28.02.2005 թվականի խմբագրությամբ, որը չպետք է կիրառեր և չի կիրառել նույն օրենքի 6-րդ հոդվածը` մինչև 09.10.2003 թվականի խմբագրությամբ, որը պետք է կիրառեր: Դատարանը չի կիրառել նաև ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն` հետադարձ իրավական ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին, ինչպես նաև դրանցում կատարված համապատասխան փոփոխություններին, կիրառել է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքը 28.02.2005 թվականին կատարված փոփոխությամբ հանդերձ, որը սահմանել է, որ բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով տրամադրվում է հողամաս` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում բացի Երևան քաղաքից:

Հայցվորը 09.10.2003 թվականին անհատական բնակելի տան շինարարության նպատակով հողամաս հատկացնելու խնդրանքով դիմել է Երևան քաղաքի Աջափնյակի թաղապետարան: Աջափնյակի թաղապետը, հայցվորի դիմումի վերաբերյալ տալով դրական եզրակացություն, Երևանի քաղաքապետարանին հասցեագրված իր 16.03.2004 թվականի թիվ 28/Ա-265 գրությամբ առաջարկել է հայցվորին սեփականության իրավունքով անհատույց տրամադրել «Պրոմեթևս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հարևանությամբ գտնվող 870 քմ մակերեսով թիվ 23 հողակտորը: Սույն վեճի նկատմամբ կիրառելի է վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների ծագման պահին գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը` 09.10.2003 թվականի խմբագրությամբ, հետևաբար նույն հոդվածի 28.02.2005 թվականի խմբագրությունը սույն գործով կիրառելի չէ:

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներից մեկին համայնքի սահմաններում գտնվող հողամասերն անհատույց տրամադրում է համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ: Այս հանգամանքը հաշվի չառնելով` դատարանը նշել է, որ «...Ռոլանդ Ավետիսյանը հողհատկացման վերաբերյալ դիմում պետք է ներկայացներ ՀՀ կառավարության վերը նշված 31.10.2002 թվականի թիվ 1757-Ն որոշման «բ» կետով սահմանված կարգով` համապատասխան մարմնին»: Իրականում հողհատկացման մասին դիմում պետք է ներկայացվեր համայնքի ղեկավարին, ինչն էլ կատարվել է հայցվորի կողմից` 16.03.2004 թվականին դիմումը ներկայացվել է համայնքի ղեկավարին:

 

2) Դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1757-Ն որոշումը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

i

ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1757-Ն որոշումը սույն գործով կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է ոչ թե բռնադատվածներին ընդհանրապես, այլ` Հայաստանի Հանրապետությունում այլ հանրապետություններից բռնադատվածներին, իսկ որոշման անվանումը դատարանը սխալ է արձանագրել` «Հայաստանի Հանրապետությունում այլ հանրապետություններից բռնադատվածներին հողամաս տրամադրելու մասին» վերնագրի փոխարեն գրվել է «Բռնադատվածներին հողամաս տրամադրելու մասին» վերնագիրը: Կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1757-Ն որոշումը կիրառելի չէր տվյալ իրավահարաբերության նկատմամբ, քանի որ այն սահմանել է այլ հանրապետություններից բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար հողամասեր հատկացնելու կարգը, իսկ հայցվորը «այլ հանրապետություններից» բռնադատված չի հանդիսանում:

 

i

3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

i

Դատարանը գործում առկա մյուս ապացույցների հետ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտությամբ չի գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 14.07.2005 թվականի որոշումը, որով Երևանի քաղաքապետարանի գործողությունները հայցվորի նկատմամբ ճանաչվել են վերը թվարկված օրենքներին հակասող և այս առթիվ արձանագրվել են հայցվորի իրավունքների և ազատությունների խախտումներ: Պաշտպանի որոշումը չգնահատելով որպես հայցվորի պահանջը օրինական և բավարարման ենթակա լինելու մասին հանգամանքը հաստատող ապացույց, դատարանը խախտել է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, համաձայն որի` Մարդու իրավունքների պաշտպանը ինքնուրույն և անկախ պաշտոնատար անձ է, որը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի համաձայն, իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

 

4) Դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Հայցվորը դիմել է դատարան, ըստ էության, իր սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջով, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն` «սեփականություն» կարող են համարվել նաև որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի կատարման ենթակա պահանջի իրավունքը (Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 07.05.2002 թվականի վճիռը, Բեյելերն ընդդեմ Իտալիայի 05.01.2000 թվականի վճիռը): Նշված մոտեցումը ընդունվել և կիրառվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի կողմից` այդ առումով դառնալով ազգային նախադեպային իրավունքի բաղկացուցիչ մասը (Սերգեյ Գրիգորյան ընդդեմ ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի, թիվ 3-1260 գործով պալատի 30.06.2006 թվականի որոշումը):

Ըստ բողոք բերած անձի` սույն գործով ներկայացված պահանջը համահունչ է հիշատակված նախադեպային իրավունքին, քանզի հայցվորը` որպես բռնադատվածի առաջին հերթի ժառանգ, իրավահարաբերությունը կարգավորող ազգային օրենսդրության դրույթներից ելնելով, ունի սեփականության իրավունքի ձեռք բերման ողջամիտ ակնկալիք, որի իրականացումից նա մինչ օրս զրկված է պետական մարմնի տևական և ոչ իրավաչափ անգործության հետևանքով: Նմանօրինակ միջամտությունը խախտում է հետապնդվող հանրային շահերի և սեփականության իրավունքի պատշաճ պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը (Սպոռոնգը և Լոնրոտն ընդդեմ Շվեդիայի գործով 23.09.1982 թվականի վճիռը, պարագրաֆներ 69 և 73, Ջեյմսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը` պարագրաֆներ 50 և 54):

 

Բողոք բերած անձը վերը հիշատակված հիմքերով խնդրել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականի թիվ 06-1942 վճիռը բեկանել ամբողջությամբ և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) հայցվորը հանդիսանում է բռնադատվածի առաջին հերթի ժառանգ, օգտվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից, և միաժամանակ համարվում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող:

2) 09.10.2003 թվականին անհատական բնակելի տան շինարարության նպատակով հողամաս հատկացնելու խնդրանքով դիմել է Երևան քաղաքի Աջափնյակի թաղապետարան:

3) Աջափնյակի թաղապետը, հայցվորի դիմումի վերաբերյալ տալով դրական եզրակացություն, Երևանի քաղաքապետարանին հասցեագրված իր 16.03.2004 թվականի թիվ 28/Ա-265 գրությամբ առաջարկել է հայցվորին սեփականության իրավունքով անհատույց տրամադրել «Պրոմեթևս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հարևանությամբ գտնվող 870 քմ մակերեսով թիվ 23 հողակտորը:

4) Երևանի քաղաքապետարանը հայցվորին և Աջափնյակի թաղապետին ուղղված 12.04.2004 թվականի թիվ 2-2741 գրությամբ հայտնել է, որ նշված հարցին ընթացք տալու համար անհրաժեշտ է քաղաքապետարան ներկայացնել որոշակի փաստաթղթեր, որոնք սահմանված ժամկետում ներկայացվել են:

5) Երևանի քաղաքապետարանը հայցվորին և Աջափնյակի թաղապետին ուղղված 25.10.2004 թվականի թիվ 1-Ա-318 գրությամբ հայտնել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` պետության սեփականությունը հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրման ժամկետը երկու տարի է, հետևաբար դրա ժամկետն ավարտվում է 01.04.2004 թվականին, ուստի Ռ.Ավետիսյանի խնդրանքը բավարարելու իրավական հիմքերը բացակայում են:

6) 14.07.05 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հայցվորի դիմումի հիման վրա` խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին որոշում է կայացրել, որով Երևանի քաղաքապետարանին առաջարկել է դիմումատուի խախտված իրավունքները վերականգնելու նպատակով վերանայել անհատույց հողամաս տրամադրելու վերաբերյալ հայցվորի դիմումը և նկատի ունենալ, որ այն տրվել է սահմանված ժամկետում և նախկինում տրված մերժումն եղել է անհիմն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե օրենքով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

««Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 28.02.2005 թվականին ընդունված (ՀՕ-76-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքով նշված օրենքին հետադարձ ուժ չի տրվել` այն չի տարածվել մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: Նշված օրենքի ուժով 6-րդ հոդվածում կատարված փոփոխությունը սահմանափակում է հայցվորի իրավունքները այն ամենի նկատմամբ, ինչը նա իրավունք ուներ ստանալու «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի (09.10.2003 թվականի խմբագրությամբ) 6-րդ հոդվածի ուժով, մասնավորապես, վերացել է երևանաբնակ բռնադատվածների` Երևան քաղաքում բնակելի տան շինարարության նպատակով հողատարածք ստանալու իրավունքը: Հետևաբար, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի ուժով այդ նորմը չունի հետադարձ ուժ:

ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց տրամադրում է համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ, նույն օրենսգրքով սահմանված կարգով: Ռոլանդ Ավետիսյանը, հանդիսանալով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պետության սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց ստանալու իրավունք ունեցող անձ, 09.10.2003 թվականին անհատական բնակելի տան շինարարության նպատակով հողամաս հատկացնելու խնդրանքով օրենքով սահմանված կարգով դիմել է Երևան քաղաքի Աջափնյակի թաղապետին: Աջափնյակի թաղապետը, հայցվորի դիմումի վերաբերյալ տալով դրական եզրակացություն, Երևանի քաղաքապետարանին հասցեագրված 16.03.2004 թվականի գրությամբ առաջարկել է հայցվորին սեփականության իրավունքով անհատույց տրամադրել որոշակի հողակտոր:

Սույն գործով իրավահարաբերությունները ծագել են 2003-2004 թվականներին, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ կիրառելի է վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների ծագման պահին գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը` 09.10.2003 թվականի խմբագրությամբ, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասը:

 

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1757-Ն որոշումը սահմանել է այլ հանրապետություններից բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար հողամասեր հատկացնելու կարգը, իսկ հայցվորը չի հանդիսանում այլ հանրապետություններից բռնադատված, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության նշված որոշումը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ:

 

3) բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքի նախորդ հիմքերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել ներկայացված ապացույցները, ինչի արդյունքում հանգել է վեճի սխալ լուծման: Այսինքն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումն ըստ էության առկա է:

Ինչ վերաբերվում է բողոքի սույն հիմքում բողոք բերած անձի այն պնդմանը, որ վերաքննիչ դատարանը որպես գործով ներկայացված ապացույց չի հետազոտել և չի գնահատել մարդու իրավունքների պաշտպանի 14.07.2005 թվականի թիվ 1-1-0989 որոշումը և դրա հետևանքով չի կիրառել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ: Այն ընդամենը սահմանում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի էությունը, ինչից չի բխում դատարանի պարտականությունը` վեճի լուծման ժամանակ կիրառելու մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշումը:

 

4) բողոքը չորրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտումն այն հիմքով, որ չի պաշտպանվել հայցվորի` եվրոպական կոնվենցիայի իմաստով սեփականության իրավունքը, վճռաբեկ դատարանը գտնում է չհիմնավորված, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն` պահանջը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է որպես սեփականության իրավունք մեկնաբանվել, եթե այն իրականացվելիության (իրացվելիության) տեսակետից բավարար հիմնավորված է: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը այդպիսի «իրականացվելի» իրավունք է համարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված` անձի առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը (տես` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճիռը, կետ 40):

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի վկայակոչած` Բեյելերն ընդդեմ Իտալիայի 05.01.2000 թվականի վճռին, ապա դրա փաստական հանգամանքները էապես տարբերվում են սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքներից, ինչի պատճառով դրա շրջանակներում դատարանի արած եզրահանգումները սույն գործով կիրառելի չեն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվոր Ռ.Ավետիսյանի պահանջը` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդված իմաստով իրականացվելի համարելու տեսանկյունից բավարար հիմնավորված չի եղել, քանի որ այն իրենից ներկայացրել է ընդամենը իր իրավունքը պաշտպանելու` օրենքով նախատեսված հնարավորություն: Այդ իրավական հնարավորության իրականացման ժամանակ Ռ.Ավետիսյանի մոտ դեռևս առաջացած չի եղել որևէ իրականացվելի գույքային իրավունք:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բավարար հիմքեր չկան Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված` սեփականության իրավունքով հողամաս հատկացնելու պահանջը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի իմաստով սեփականության պահանջ համարելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը անհիմն է համարում վճռաբեկ բողոքի` եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտման փաստարկն այն առումով, որ չի պահպանվել հետապնդվող հանրային շահերի և սեփականության իրավունքի պատշաճ պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը, քանի որ հայցվորը Եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության իմաստով չի ունեցել սեփականության իրավունք, ինչի պատճառով էլ այն չէր կարող խախտվել, իսկ գործը չի վերաբերվում հանրային շահերի և մասնավոր անձի սեփականատիրական իրավազորության հարաբերակցության խնդրին:

 

i

Այսպիսով, վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվոր Ռոլանդ Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի առաջին, երկրորդ և երրորդ հիմքերը հիմնավոր են և դրանց առկայությունը բավարար հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով բողոքարկվող վճիռն ամբողջությամբ բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հայցվոր Ռոլանդ Ավետիսյանի լիազոր ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2006 թվականի թիվ 06-1942 վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1621(ՎԴ)
Որոշում