Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ, 11-ՐԴ, 16- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3- 1782(ՎԴ)

վերաքննիչ դատարանի վճիռ 2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-1366/2006թ.

Նախագահող դատավոր` Ա.Խառատյան

Դատավորներ` Տ.Սահակյան

Ա.Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Զաքարյանի վճռաբեկ բողոքն ըստ դիմումի Հայկ Գևորգյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության` պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները վիճարկելու մասին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006թ. կայացրած վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Հայկ Գևորգյանը վիճարկել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները և պահանջել է անվավեր /չեղյալ/ ճանաչել իր անվամբ տրված ՀՀ քաղաքացու անձնագիրը:

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.09.2005թ. վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.11.2005թ. վճռով դիմումը կրկին մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 10.02.2006թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ դատարանի 02.11.2005թ. վճիռը բեկանվել է, և գործը ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006թ. վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 30.06.2006թ. որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006թ. վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման:

Սույն գործով այլ հիմքերով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Զաքարյանը:

Դիմումատու Հ.Գևորգյանը վճռաբեկ բողոքին ներկայացրել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) Դատարանը սույն վեճի նկատմամբ կիրառել է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը, որը չպետք է կիրառեր:

Ըստ բողոք բերած անձի` «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը ծագած վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է մինչև 14 տարեկան երեխայի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու այն դեպքին, երբ երեխայի ծնողներից մեկը դառնում է ՀՀ քաղաքացի, իսկ մյուսը` ոչ:

2) Դատարանը չի կիրառել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 11-րդ և 17-րդ հոդվածները:

ՀԽՍՀ նախկին քաղաքացիները, տվյալ դեպքում` Հ.Գևորգյանի հայրը, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ինչի արդյունքում քաղաքացիություն է ձեռք բերել նաև Հ.Գևորգյանը: Դատարանը պետք է ղեկավարվեր օրենքի 11-րդ հոդվածով, քանի որ Հ.Գևորգյանի ծննդյան պահին նրա ծնողները հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ: Մինչև 14 տարեկան երեխայի ծնողների, տվյալ դեպքում` ծնողի, քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխան չի կորցնում ՀՀ քաղաքացիությունը, եթե նա ձեռք չի բերում այլ պետության քաղաքացիություն:

Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքերով խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006թ. վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն վերաքննիչ դատարանի վճռով հաստատված հետևյալ փաստերը`

1) Հ.Գևորգյանը ծնվել է 03 հունվարի 1985թ. Երևան քաղաքում, ազգությամբ հայ է:

2) Հ.Գևորգյանի ծնողները ազգությամբ հայ են, նրա ծննդյան պահին եղել են ՀԽՍՀ քաղաքացիներ:

3) Հ.Գևորգյանի մայրը` Հայկուշ Պատվականի Գևորգյանը, Խորհրդային շրջանի դատարանի 1991թ. սեպտեմբերի 4-ի վճռով զրկված է նրա նկատմամբ ծնողական իրավունքներից:

4) Հ.Գևորգյանը 03.02.2001թ. ներկայացրել է դիմում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը անձնագիր ստանալու համար:

5) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից 31.01.2001թ. Հ.Գևորգյանին տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը կիրառելի չէ սույն վեճի նկատմամբ, քանի որ այն վերաբերում է երեխայի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքերին, երբ նրա ծնողները (ծնողը) նոր են ձեռք բերում ՀՀ քաղաքացիություն: Նշված գործով Հայկ Գևորգյանը ծնվել է 03.01.1985թ., և այդ ժամանակ նրա ծնողներն արդեն իսկ եղել են ՀԽՍՀ քաղաքացիներ:

Այսպիսով, դատարանը «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը կիրառելիս թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի նորմի սխալ կիրառում:

 

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վերաքննիչ դատարանը չի կիրառել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես ապրող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` նույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Դիմումատու Հայկ Գևորգյանի հայրը` Ռաֆիկ Գևորգյանը, հանդիսանալով ՀԽՍՀ քաղաքացի և ձեռք չբերելով այլ պետության քաղաքացիություն, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժով ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Քանի որ դիմումատուի հայրը մինչև դիմումատուի 14 տարեկան դառնալը օրենքի ուժով դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետևաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել նաև դիմումատու Հայկ Գևորգյանը:

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն: Տվյալ դեպքում Հայկ Գևորգյանը ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն, հետևաբար չի կարող կորցված համարվել նրա ՀՀ քաղաքացիությունը, և վերջինս շարունակում է պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Մինչև Հ.Գևորգյանի 14 տարեկան դառնալը նրա հոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը չի հանգեցնում Հ.Գևորգյանի քաղաքացիությունը կորցնելուն, քանի որ նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը: Նշված դեպքերից որևէ մեկը սույն գործով առկա չէ:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը չկիրառելու մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն այդ մասով հիմնավոր չէ, քանի որ նշված հոդվածը կարգավորում է քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այն իրավահարաբերությունները, որոնք առաջանում են երեխայի ծննդյան պահով: Նշված հոդվածը տարածվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա և կիրառելի է այն դեպքերում, երբ երեխայի ծնվելու պահին նրա ծնողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

 

Այսպիսով, սույն բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանելու հիմք է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006թ. վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1782(ՎԴ)
Որոշում