Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ N 3-1787(ՏԴ)

    նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան                          2006թ.

Քաղաքացիական գործ N Տ4-194/2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով աշխատանքի պետական տեսչության Վայոց Ձորի մարզի տարածքային կենտրոնի (այսուհետ` տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006թ. վճռի դեմ ըստ տեսչության հայցի ընդդեմ «Թովմասյան Համլետ» ՍՊ ընկերության (այսուհետ` ընկերություն)` վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան հայցվորը խնդրել է պատասխանողից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ տուգանքի գումար:

ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006թ. վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է տեսչությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը և «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը:

Սույն խախտումը հիմնավորվում է հետևյալ կերպ.

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից»: Այս դեպքում գործատու է հանդիսանում ընկերությունը և ընկերության տնօրենը չի կարող լինել իրավաբանական անձ, իսկ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «գործատուն պատասխանատվություն է կրում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրառման ապահովման համար», այսինքն` ընկերությունը, այլ ոչ թե տնօրենը:

 

2) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Սույն խախտումը հիմնավորվում է հետևյալ կերպ.

Դատարանը գործի քննության ժամանակ հաշվի չի առել այն, որ տեսչության կողմից հայցադիմումը ներկայացվել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում, այն է 16.05.06թ. կապի կազմակերպության հանձնելու միջոցով, մինչդեռ, դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ անցել է 17.02.2006թ. կայացված N 12 որոշման կատարման եռամսյա վաղեմության ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի 02.02.2006թ. թիվ 148 հանձնարարագրի հիման վրա պատասխանողի մոտ անցկացվել է ծրագրային ստուգում, որի արդյունքում 17.02.2006թ. կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ N 12 որոշումը:

2. Տեսչության կողմից հայցադիմումը ներկայացվել է 16.05.06թ. կապի կազմակերպության միջոցով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտման հասկացությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածում, որի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Նշված հասկացության սահմանումից հետևում են վարչական իրավախախտման հետևյալ հատկանիշները`

1. հակահասարակական բնույթը,

2. հակաիրավական բնույթը,

3. մեղավորությունը,

4. արարքի պատժելիությունը:

Նշված հատկանիշներից սույն գործի հետ կապված անհրաժեշտ է առանձնացնել մեղավորության հատկանիշը, այսինքն` արարքի սուբյեկտիվ կողմը, որի հիմնական հատկանիշը` մեղքն է, անձի հոգեբանական վերաբերմունքը կատարված արարքի նկատմամբ: Այդ հոգեբանական վերաբերմունքը կարող է դրսևորվել երկու ձևով` դիտավորությամբ և անզգուշությամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածները սահմանում են համապատասխանաբար դիտավորությամբ և անզգուշությամբ արարքներ կատարելու առանձնահատկությունները: Այդ երկու հոդվածների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով:

Վարչական իրավախախտման սուբյեկտ չհանդիսանալու պայմաններում ընկերության նկատմամբ կայացված որոշումն ընդունվել է վարչական իրավախախտման կազմի բացակայությամբ, ինչը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված է որպես վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող հանգամանք:

 

Ինչ վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի այն հոդվածներին, որոնցով նախատեսված է վարչական պատասխանատվություն գործատուի նկատմամբ, ապա տվյալ պարագայում առկա է հակասություն օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի միջև, ինչի պայմաններում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով կիրառելի են օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

 

2) Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

Օրենքի սույն դրույթը կիրառման ենթակա է նաև քաղաքացիական դատավարության իրավահարաբերությունների նկատմամբ և հայցադիմումի հանձնումը կապի կազմակերպությանը համարվում է դատարանին հանձնված: Հետևաբար, տեսչության հայցադիմումը ՀՀ տնտեսական դատարան է ներկայացվել ոչ թե 18.05.2006 թվականին, այլ` 16.05.2006թ., քանի որ նշված օրը հայցադիմումը հանձնվել է կապի կազմակերպությանը: Այսինքն, տեսչությունը բաց չի թողել որոշման կատարման վաղեմության ժամկետը:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է, սակայն տնտեսական դատարանի ըստ էության ճիշտ վճիռը (վճռաբեկ բողոքի առաջին փաստարկի վերաբերյալ պատճառաբանությունների հիմքով) բեկանելու համար բավարար հիմք չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ տնտեսական դատարանի 26.06.2006թ. վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1787(ՏԴ)
Որոշում