Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-ՐԴ, 275...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-ՐԴ, 275-ՐԴ, 317-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1920 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                     2006թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-2268/2006թ.

Նախագահող դատավոր` Վ.Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կորյուն Օհանյանի, Շահեն Սարգսյանի ներկայացուցիչ Դ.Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև դատարան) 17.07.2006 թվականի թիվ 06-2268 վճռի դեմ` ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի (այսուհետ` նաև հայցվոր) ընդդեմ Շահեն Սարգսյանի (այսուհետ` նաև պատասխանող), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է Սիսիանի քաղաքապետարանի և Շահեն Սարգսյանի միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծել, անվավեր ճանաչել Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի օտարման պայմանագիրը, ինչպես նաև անվավեր ճանաչել Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.03.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Սիսիանի քաղաքապետարանի և Շահեն Սարգսյանի միջև 26.08.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` Շահեն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի անվամբ 29.08.2002 թվականին տրված թիվ 929820 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, Շահեն Սարգսյանի, Կարինե Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Կորյուն Օհանյանի անվամբ 23.09.2002 թվականին տրված թիվ 929881 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողի ներկայացուցիչ Դ.Գրիգորյանը և երրորդ անձ Կ.Օհանյանը:

Բողոք բերած անձինք խնդրել են բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.07.2006 թվականի թիվ 06-2268 վճիռը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ և 504-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածը:

Դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածը վկայակոչելով, գտել է, որ գնորդ Կորյուն Օհանյանը կրում է Շահեն Սարգսյանի բոլոր պարտավորությունները և Սիսիանի քաղաքապետարանը նրանից էլ իրավունք ունի հետ պահանջել իր մոտ գրավի տակ գտնվող ապառիկ վաճառքի առարկա հանդիսացող գույքը: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նման եզրահանգման հնարավորություն չի տալիս: Հետևաբար, տվյալ նորմի ճիշտ մեկնաբանման արդյունքում կարելի է հանգել հետևության, որ գրավով ծանրաբեռնված գույքի ձեռքբերողը հանդիսանում է գրավատու` հայցվորի հանդեպ պատասխանողի պարտավորությունների մասով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածը կիրառելու դեպքում դատարանը կեզրակացներ, որ գրավով ապահովված պարտավորությունը խախտելու դեպքում գրավառուն չի կարող գրավի առարկան վերցնել, այլ միայն կարող է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սեփականատիրոջն իրավունք է տալիս իր տիրապետումից դուրս եկած գույքը հետ պահանջել միայն օրենքով հստակ որոշված դեպքերում: Երրորդ անձ Կորյուն Օհանյանը հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող, քանի որ վերջինս չգիտեր և չէր կարող իմանալ, որ պայմանագրի առարկա հանդիսացող շինությունը ծանրաբեռնված է գրավով: Ավելին, 25.09.2002 թվականին հայցվոր Սիսիանի քաղաքապետարանը, երրորդ անձին վարձակալության պայմանագրով հանձնելով գույքը և նրա հարակից հողամասը, վերջինիս չի տեղեկացրել տվյալ գույքի` գրավով ծանրաբեռնված լինելու մասին:

3) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ և 335-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Դատարանը հայցային վաղեմության ժամկետ կիրառելու մասին ներկայացված միջնորդությունը մերժել է: Այն ենթակա էր բավարարման նշված հոդվածների ուժով:

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը` սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասը:

Դատարանը վճռում չի նշել այն իրավական նորմը, որով ղեկավարվելով վճիռ է կայացրել պայմանագրերն անվավեր ճանաչելու մասին: Դատարանը, կիրառելով այս նորմը, անվավեր է ճանաչել պայմանագիրը, այնինչ` կիրառված հոդվածը վերաբերվում է պայմանագրի լուծմանը և փոփոխմանը:

5) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել 25.09.2002 թվականի հողամասի վարձակալության պայմանագիրը, Սիսիանի քաղաքապետարանի 25.09.2005 թվականի որոշումը, 19.09.2002 թվականի Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայցվոր Սիսիանի քաղաքապետարանի և պատասխանող Շահեն Սարգսյանի միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 3.1-րդ կետով նախատեսվել է գնված գույքի համար վճարել 3 փուլով` մինչև 25.08.2004 թվականը:

2) Շահեն Սարգսյանը 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրից ծագող իրավունքները գրանցել է 29.08.2002 թվականին և ստացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 929820 վկայականը:

3) Շահեն Սարգսյանը խախտել է 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի 3.1-րդ կետով սահմանված վճարումների ժամանակացույցը: Չի վճարել պայմանագրով նախատեսված 6000000 (վեց միլիոն) ՀՀ դրամ գումարից 3.245.000 (երեք միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամը:

4) Շահեն և Կարինե (Շահեն Սարգսյանի կնոջ) Սարգսյանների ու Կորյուն Օհանյանի միջև 19.09.2002 թվականին կնքվել է 2002 թվականի օգոստոսի 26-ին ձեռք բերված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

5) Կորյուն Օհանյանի վերոհիշյալ պայմանագրից ծագող սեփականության իրավունքը 20.09.2002 թվականին ստացել է պետական գրանցում, և նրան տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 929881 վկայականը:

6) Սիսիանի քաղաքապետի 25.09.2002 թվականի թիվ 56 որոշմամբ որոշվել է Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի «Հացատան» կից տարածքը 6500 քմ. մակերեսով ժամանակավոր վարձակալությամբ հատկացնել Կորյուն Օհանյանին:

7) Պատասխանողը դատաքննության ժամանակ պատրաստակամություն է հայտնել կատարելու իր դրամային պարտավորությունը և նշել, որ արդեն սկսել է կատարել որոշակի վճարումներ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) 505-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-ից 6-րդ մասերով նախատեսված կանոնները: Օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Սիսիանի քաղաքապետարանի և պատասխանող Շահեն Սարգսյանի միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 3.1-րդ կետով նախատեսվել է գնված գույքի համար տարաժամկետ վճարում:

Պայմանագրի` տարաժամկետ վճարման մասին դրույթը, տվյալ դեպքում, առաջացրել է Օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հետևանք: Այսինքն, անշարժ գույքը Շահեն Սարգսյանին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվել է Սիսիանի քաղաքապետարանի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու պարտավորության կատարման: Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի ուժով անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա էին պետական գրանցման: Տվյալ դեպքում գրանցման ենթակա էր նաև Սիսիանի քաղաքապետարանի և Շահեն Սարգսյանի միջև 26.08.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածի 2-րդ մասի և 504-րդ հոդվածի 6-րդ մասից բխող` անշարժ գույքի նկատմամբ առաջացած գրավի իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության: Նման գործարքներն առոչինչ են: Օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ:

Վերոշարադրյալից բխում է, որ անշարժ գույքի նկատմամբ Սիսիանի քաղաքապետարանի գրավի իրավունքը պետական գրանցում չունենալու հետևանքով չի ծագել, հետևաբար պատասխանող Շահեն Սարգսյանը ունեցել է տվյալ գույքը երրորդ անձին վաճառելու իրավական հնարավորություն:

Վերոգրյալ պատճառաբանությամբ դատարանի կողմից սույն գործով կիրառման ենթակա չէր Օրենսգրքի 242-րդ հոդվածը, իսկ Օրենսգրքի 248-րդ հոդվածի չկիրառելու մասով վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ:

 

2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` գույքը կարող է հետ պահանջվել այն ձեռք բերած անձից, եթե տվյալ գույքը օտարողը դրա իրավունքը չի ունեցել, ինչպես նաև առկա են վերոհիշյալ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշակի նախապայմաններ:

Տվյալ դեպքում Կորյուն Օհանյանը ձեռք է բերել գրավով չծանրաբեռնված գույք` այն օտարելու իրավունք ունեցող անձից:

 

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Պատասխանողի ներկայացուցիչը միջնորդել է /գ.թ. 149/ կիրառել հայցային վաղեմության ժամկետ` Շահեն և Կարինե Սարգսյանների ու Կորյուն Օհանյանի միջև 19.09.2002 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ: Դատարանն առանց պատճառաբանության մերժել է հայցային վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդությունը, սոսկ հղում կատարելով վճռի այն պատճառաբանություններին, որոնք վերաբերում են Օրենսգրքի 470, 504, 242, 466 հոդվածներին և որևէ ձևով չեն առնչվում հայցային վաղեմության ժամկետի կիրառումը մերժելու հիմքերին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շահեն և Կարինե Սարգսյանների ու Կորյուն Օհանյանի միջև 19.09.2002 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ժամկետը, քանի որ գործով հաստատված փաստերից ակնհայտ երևում է, որ Սիսիանի քաղաքապետարանը դեռևս 25.09.2002 թվականին տեղյակ էր այդ գործարքի մասին և հետևաբար կարող էր իմանալ իր իրավունքի հնարավոր խախտման մասին: Սույն գործով հայցադիմումը ներկայացվել է դատարան 02.12.2004 թվականին, այսինքն` հայցային վաղեմության ժամկետի լրանալուց հետո:

Նշված պատճառաբանությամբ հիմնավոր է նաև Օրենսգրքի 335-րդ հոդվածը դատարանի կողմից չկիրառելու մասին վճռաբեկ բողոքի հիմքը:

 

4) վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքն անվավեր կարող է ճանաչվել միայն Օրենսգրքով սահմանված հիմքերով: Հայցադիմումով հայցվորը պահանջել է լուծել Սիսիանի քաղաքապետարանի և Շահեն Սարգսյանի միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը և անվավեր ճանաչել Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի օտարման պայմանագիրը և Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականը: Դատարանը, իր վճռի պատճառաբանական մասում մեկնաբանելով Օրենսգրքի 466-րդ հոդվածի (պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը) 2-րդ մասը, դատական ակտով (դրա եզրափակիչ մասում) չի կիրառել այդ նորմը: Փոխարենը անվավեր է ճանաչել Սիսիանի քաղաքապետարանի և Շահեն Սարգսյանի միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը, Շահեն Սարգսյանի, Կարինե Սարգսյանի ու Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը, Շահեն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի անվամբ 29.08.2002 թվականին տրված թիվ 929820 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և Կորյուն Օհանյանի անվամբ 23.09.2002 թվականին տրված թիվ 929881 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռում պետք է նշվեն այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Գործարքներն անվավեր ճանաչելու մասով դատարանի վճռում նշված չեն այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնց հիմքով դատարանը ղեկավարվել է գործարքներն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս:

Օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Սիսիանի քաղաքապետարանի և Շահեն Սարգսյանի միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի 2.1.2-րդ կետով նախատեսված է, որ վաճառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը, երբ գնորդը հրաժարվում է օբյեկտն ընդունելուց և դրա համար վճարելուց: Այսինքն, Սիսիանի քաղաքապետարանի մոտ պայմանագրից բխող նման իրավունքը կարող էր ծագել այն դեպքում միայն, երբ Շահեն Սարգսյանը կհրաժարվեր օբյեկտն ընդունելուց և չէր վճարի դրա համար: Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա գնորդն ընդունել է «օբյեկտը», սակայն վճարումները կատարել է մասնակի, հետևաբար պայմանագրի լուծում պահանջելու պայմանագրով սահմանված իրավունքը Սիսիանի քաղաքապետարանի մոտ չի ծագել, և վերջինս կարող էր նման պահանջ ներկայացնել միայն պայմանագրի էական խախտման հիմքով:

Օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որը զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հայցվորը հայցադիմումում, որպես նման վնաս նշել է պատասխանողի կողմից վճարումների մասնակի կատարումը:

Օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրի պայմանի էական խախտման առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով պետք է ապացուցվի պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնող անձի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «էական խախտում» հասկացության գնահատականը պետք է տալ` ելնելով Օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից, գործի փաստերի հիման վրա: Մասնավորապես, էական կարող է լինել պայմանագրի այնպիսի խախտումը, որն առաջացնում է մյուս կողմի համար պայմանագրի նպատակին հասնելու անհնարինություն, կամ ասենք, երկարատև գործողություն ունեցող պայմանագրերի խախտման դեպքում` տվյալ պայմանագրի գործողության մեջ մնալու հետևանքով անձը կկրի վնասներ: Ընդ որում, վնասները պետք է պատճառահետևանքային կապ ունենան պայմանագրի խախտման հետ:

Սույն գործով Սիսիանի քաղաքապետարանը պահանջել է լուծելու այն պայմանագիրը, որի մյուս կողմը մասնակիորեն չի կատարել իր վճարման պարտավորությունը, այն պայմաններում, երբ Սիսիանի քաղաքապետարանը զրկված չէր դատական կարգով պահանջելու պայմանագրային պարտավորությունների կատարում, առավել ևս, պայմանագրում Օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան տոկոսներ պահանջելու վաճառողի իրավունքի առկայության պայմաններում հնարավորություն ուներ դատական կարգով պահանջել նաև դրանց վճարում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման փաստերի առկայությունը թույլ է տալիս եզրակացնել որ առուվաճառքի պայմանագրով վճարման պարտավորությունը մասնակիորեն չկատարելը Սիսիանի քաղաքապետարանին զգալիորեն չէր զրկում այն բանից, ինչը նա կարող էր ակնկալել պայմանագիրը կնքելիս:

 

5) վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքի նախորդ հիմքերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել ներկայացված ապացույցները, ինչի արդյունքում հանգել է վեճի սխալ լուծման:

 

Այսպիսով, վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողի ներկայացուցիչ Դ.Գրիգորյանի և երրորդ անձ Կ.Օհանյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակի:

Սույն քաղաքացիական գործի վարույթը` Շահեն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի անվամբ 29.08.2002 թվականին տրված թիվ 929820 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և Կորյուն Օհանյանի անվամբ 23.09.2002 թվականին տրված թիվ 929881 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Շահեն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի անվամբ 29.08.2002 թվականին տրված թիվ 929820 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և Կորյուն Օհանյանի անվամբ 23.09.2002 թվականին տրված թիվ 929881 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտ է հանդիսանում անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումը (գրառումը): Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Պատասխանողի ներկայացուցիչ Դ.Գրիգորյանի և երրորդ անձ Կ.Օհանյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` Սիսիանի քաղաքապետարանի և Շահեն Սարգսյանի միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված և Շահեն Սարգսյանի, Կարինե Սարգսյանի ու Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Շահեն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի անվամբ 29.08.2002 թվականին տրված

թիվ 929820 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և Կորյուն Օհանյանի անվամբ 23.09.2002 թվականին տրված թիվ 929881 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1920(ՎԴ)
Որոշում