Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ, 172...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ, 172-ՐԴ, 562-ՐԴ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով          Քաղաքացիական գործ N 3-1923(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                 2006թ.

նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Ա. Խառատյան

Ա. Թումանյան

Քաղաքացիական գործ N 06-1946/2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով հայցվորի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006թ. վճռի դեմ ըստ Արմեն Գյուրջյանի հայցի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` կադաստր) և Երևանի քաղաքապետարանի` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան հայցվորը խնդրել է հարգելի համարել Երևանի քաղաքապետի 21.11.2005թ. թիվ 2471-Ա և 27.12.2005թ. թիվ 2860-Ա որոշումների հիման վրա Երևանի քաղաքապետարանի հետ կնքված 24.11.2005թ. և 29.12.2005թ. հողամասի առուվաճառքի պայմանագրերի պետական գրանցման բաց թողնված ժամկետը և պարտավորեցնել կադաստրին կատարել պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.03.2006թ. վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006թ. վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է հայցվորի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածը և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.1997թ. թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.15 կետի «բ» ենթակետը, որոնք չպետք է կիրառեր:

Նշված իրավական ակտերի դրույթները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ որևէ կապ չունեն նոտարական կարգով վավերացված հողամասի առուվաճառքի պայմանագրերից ծագող սեփականության իրավունքի գրանցման հարցերի հետ:

i

2) վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Նման կիրառման պայմաններում դատարանը կհանգեր եզրակացության, որ նշված հողամասի վրա առկա կառույցներն օրենքի ուժով պետական սեփականություն են և Երևանի քաղաքապետն իրավունք ուներ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողամասն օտարելու:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պատճառաբանելով, որ սույն գործով Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.03.2006թ-ի թիվ 2-1276 վճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի ճիշտ կիրառման արդյունքում, դա օրինական է և հիմնավորված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006թ. թիվ 06-1946 վճիռը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.03.2006թ. թիվ 2-1276 վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1. Ա.Գյուրջյանը, մասնակցելով պետական սեփականության ներքո գտնվող հողամասերի աճուրդային վաճառքին, ճանաչվել է հաղթող և ձեռք է բերել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Լենինգրադյան փողոցի «Նոյ» թաղամասի միջանկյալ թաղամասում գտնվող 635.0 քմ և 370.0 քմ մակերեսներով հողամասերը: Աճուրդների արդյունքները հաստատվել են Երևանի քաղաքապետի 21.11.2005թ. թիվ 2174-Ա և 27.12.2005թ. թիվ 2860-Ա որոշումներով (գ.թ.6-7, 11-12):

2. Երևանի քաղաքապետի նշված որոշումների հիման վրա ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրվել են համապատասխան գլխավոր հատակագծեր (գ.թ.10, 16):

3. Երևանի քաղաքապետի 21.11.2005թ. թիվ 2471-Ա որոշման հիման վրա կնքվել է նոտարական կարգով վավերացված հողամասի առուվաճառքի 24.11.2005թ. թիվ 787/5-ԱԳ պայմանագիրը (գ.թ.8):

4. Երևանի քաղաքապետի 27.12.2005թ. թիվ 2860-Ա որոշման հիման վրա կնքվել է նոտարական կարգով վավերացված հողամասի առուվաճառքի 29.12.2005թ. թիվ 865/5-ԱԳ պայմանագիրը (գ.թ.13):

5. Կադաստրի 29.12.2005թ. թիվ 1711 գրության համաձայն «աճուրդով գնված Ձեր հողամասը ընդգրկված է երկու տարբեր օգտագործողների կողմից պարսպապատված տարածքներում, որի պատճառով հողամասի չափագրում չի կատարվել: ՀՀ ԱԳԿ ՊԿ «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման» 17.04.2002թ. հրահանգի պահանջների համաձայն գույքի նկատմամբ իրավունքների պետ. գրանցման նպատակով գույքը չափագրվում և գանձվում է չափագրման համար վճարների ցանկում սահմանված վճարները: Քանի որ չափագրման վճար չի կարող գանձվել, ուստի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «բ» կետի պահանջների համաձայն` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժվում է» (գ.թ.17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող վերը նշված փաստական հանգամանքները և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 562-րդ և 563-րդ հոդվածների, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ. «ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման կողմից պետական գրանցումը մերժելու պատճառաբանությունն օրենքով, որպես այդպիսին չի դիտվում», «դատարանը գտնում է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանումը պարտավոր էր գրանցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության և հայցվորի միջև կնքված հողամասի առուվաճառքի մասին թիվ 787/5-ԱԳ և թիվ 865/5-ԱԳ պայմանագրերից բխող իրավունքները, հետևաբար նշված պայմանագրերով իրավունքների գրանցման համար նախատեսված 30-օրյա ժամկետը բաց է թողնվել ոչ հայցվորի մեղքով» (գ.թ.41):

i

Նույն փաստական հանգամանքների հիման վրա, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 43-րդ և 47-րդ հոդվածների պահանջները վկայակոչելով, վերաքննիչ դատարանը հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «դատաքննությամբ հիմնավորվեց, որ 24.11.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի մասին թիվ 787/5-ԱԳ և 29.12.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի մասին թիվ 865/5-ԱԳ պայմանագրերը չեն բխում ՀՀ Հողային օրենսգրքի 59 հոդվածի պահանջներից», «չեն բխում նաև ՀՀ Նախագահի 06.05.97թ. «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրահանգի 1.15 կետի «բ» ենթակետի պահանջներից», «դատարանը գտնում է, որ կադաստրի տարածքային ստորաբաժանումը չէր կարող չափագրման իր կողմից չկատարված աշխատանքի համար գումարներ գանձել, իսկ առանց այդ աշխատանքների համար սահմանված գանձումները կատարելու` պետական գրանցում իրականացնելը կհակասի վերոհիշյալ պահանջներին, ուստի տարածքային ստորաբաժանման կողմից հիրավի մերժվել է իրավունքների պետական գրանցման կատարումը» (գ.թ. 100-101):

ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածը վերաբերում է հողերի պահպանության նպատակներին և խնդիրներին, իսկ «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.1997թ. թիվ ՆՀ-727 որոշման 1.15 կետի «բ» ենթակետը` գյուղատնտեսության ու հողօգտագործման բնագավառներում Երևանի քաղաքապետի լիազորություններին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս նորմերը չեն վերաբերում նոտարական կարգով վավերացված հողամասի առուվաճառքի պայմանագրերից ծագող սեփականության իրավունքի գրանցման հարաբերություններին և սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը չի բխում ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջներից, քանի որ պայմանագրի վավերության կամ օրենքին նրա համապատասխանության մասին վեճի բացակայության պայմաններում դատարանը չէր կարող հանգել հիմնավոր եզրակացության պայմանագրի վավերականության կան օրենքին նրա համապատասխանության մասին:

Ինչ վերաբերում է կադաստրի չափագրման չկատարված աշխատանքի համար վճար գանձելու և նման վճար չգանձելու պատճառով չափագրման աշխատանքների կատարման անհնարինության մասին վերաքննիչ դատարանի կողմից հիմնավոր համարված պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն համարում է արհեստածին և չհիմնավորված, քանի որ չափագրման վճարի չվճարումը հետևանք է նույն կադաստրի կողմից նման չափագրումը չկատարելու:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերին նվիրված 172-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման, իսկ 563-րդ հոդվածի համաձայն անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

i

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ: Սույն գործի` վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում, երբ կադաստրին ներկայացվել են օրենքի պահանջներին համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես, Երևանի քաղաքապետի 21.11.2005թ. թիվ 2174-Ա և 27.12.2005թ. թիվ 2860-Ա որոշումները, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից հաստատված գլխավոր հատակագծերը, նոտարական կարգով վավերացված հողամասի առուվաճառքի 24.11.2005թ. թիվ 787/5-ԱԳ և 29.12.2005թ. թիվ 865/5-ԱԳ պայմանագրերը, կադաստրն իրավունք չուներ մերժելու նշված փաստաթղթերից ծագող սեփականության իրավունքի գրանցումը օրենքով չնախատեսված որևէ հիմքով, մասնավորապես, հողամասի չափագրման վճար գանձված չլինելու հիմքով, ինչը հետևանք է նույն կադաստրի կողմից նման չափագրում չկատարելու (գ.թ.17):

 

2) Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, այդ իսկ պատճառով հարկ չի համարում մանրամասն անդրադառնալ բողոք բերած անձի փաստարկներին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006թ. վճիռը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.03.2006թ. վճռին, որը պատճառաբանված է և հիմնավորված:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006թ. վճիռը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.03.2006թ. վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1923(ՎԴ)
Որոշում