Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

 

005

 

i

1951 Թ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ*

 

i

Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և
ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված
Գլխավոր Ասամբլեայի 1950թ դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ

 

Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն

 

ՆԱԽԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԲԱՐՁՐ ԿՈՂՄԵՐԸ`

 

Հաշվի առնելով, որ Ընդհանուր Ժողովի կողմից 1948 թ. դեկտեմբերի 10-ին վավերացված Միացյալ Ազգերի Կանոնադրությունը և Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը հաստատել են այն սկզբունքը, ըստ որի բոլոր մարդիկ հիմնականում իրավունքներն ու ազատությունները վայելում են առանց խտրականության,

Հաշվի առնելով, որ Միացյալ Ազգերը տարբեր առիթներով իր խոր մտահոգությունն է արտահայտել փախստականների հանդեպ և ջանացել փախստականների համար այդ հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովել հիմնավոր ամենալայն իմաստով,

Հաշվի առնելով, որ ցանկալի է փախստականների կարգավիճակին վերաբերող միջազգային նախորդ համաձայնագրերի վերանայումն ու համախմբումը և նոր համաձայնագրի միջոցով նման միջոցառումների շրջանակի ու դրանցով ընձեռնված պաշտպանության ընդլայնումը,

Հաշվի առնելով, որ ապաստանի շնորհումը կարող է անբարեհարմար բեռ հանդիսանալ որոշ երկրների համար, և որ Միացյալ Ազգերի կողմից որպես միջազգային ընդգրկում և բնույթ ունեցող ճանաչված խնդիրը չի կարող բավարար լուծում ստանալ առանց միջազգային համագործակցության:

Ցանկություն արտահայտելով, որ բոլոր Պետությունները, ճանաչելով փախստականների խնդրի ընկերային և մարդասիրական բնույթը, գործադրեն իրենց ամբողջ կարողությունը, որպեսզի կանխեն այդ խնդրի պետությունների միջև լարվածության պատճառ դառնալը,

Նշելով, որ Միացյալ Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարը կոչված է վերահսկել Փախստականների պաշտպանությունն ապահովող միջազգային համաձայնագրերը և ընդունելով, որ այս խնդրի լուծմանն առնչվող միջոցառումների արդյունավետ համակարգումը կախված է Պետությունների և Գերագույն Հանձնակատարի համագործակցությունից,

Համաձայնել են հետևյալի մասին:

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆ» ԵԶՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Ա. Սույն Համաձայնագրի նպատակների համար «փախստական» եզրը կիրառելի է որևէ անձի հանդեպ, որը.

(1) Փախստական է համարվել ըստ 1926 թ. մայիսի 12-ի և 1928 թ. հունիսի 30-ի Պայմանագրերի կամ ըստ 1933 թ. հոկտեմբերի 28-ի և 1938 թ. փետրվարի 10-ի Համաձայնագրերի, 1939 թ. սեպտեմբերի 14-ի Արձանագրության կամ Փախստականների Միջազգային Կազմակերպության Սահմանադրությամբ:

Փախստականների Միջազգային Կազմակերպության կողմից իր գործունեության ընթացքում տրված անընդունելիության վճիռները չեն խոչնդոտում փախստականների կարգավիճակ ստանալ այն անձանց, ովքեր բավարարում են այս բաժնի երկրորդ պարբերության պայմաններին,

(2) 1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարների հետևանքով և ցեղի, կրոնի, ազգության, որոշակի ընկերային խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի պատճառով հալածանքի հիմնավորված երկյուղ կրելու կապակցությամբ գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և նման պատահարների հետևանքով գտնվելով իր նախկին սովորական բնակության երկրից դուրս, անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է այնտեղ վերադառնալ:

Այն անձի դեպքում, որն ունի մեկից ավելի քաղաքացիություն, «իր քաղաքացիության երկիր» արտահայտությունը պետք է նշանակի այդ երկրներից յուրաքանչյուրը, որոնց քաղաքացին է նա, և անձը չի համարվի իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը կորցրած, եթե առանց հիմնավորված երկյուղով պայմանավորված որևէ հիմնավոր պատճառի, չի ընդունում այն երկրներից մեկի պաշտպանությունը, որոնց քաղաքացին է ինքը:

Բ. (1) Սույն Համաձայնագրի նպատակների համար հոդված 1-ի Ա բաժնի «1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարներ» բառերը պետք է հասկացվեն`

(ա) «Եվրոպայում 1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարներ», կամ

(բ) «Եվրոպայում կամ այլուր 1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարներ» իմաստներից մեկով, և Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը պետք է ստորագրման, վավերացման կամ միացման պահին հայտարարություն կատարի, մատնանշելով, թե ինքն այդ իմաստներից որ մեկն է կիրառում սույն Համաձայնագրից բխող իր պարտավորությունների հանդեպ:

(2) Պայմանավորվող ցանկացած Պետություն, որն ընդունել է (ա) այլընտրանքը, կարող է ցանկացած ժամանակ իր պարտավորություններն ընդլայնել (բ) այլընտրանքի ընդունմամբ, այդ մասին Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին ծանուցագիր հասցեագրելու միջոցով:

Գ. Ա բաժնի սահմանման ոլորտն ընկնող ցանկացած անձի հանդեպ սույն Համաձայնագրի կիրառումը կդադարեցվի, եթե.

(1) Նա կամավոր կերպով վերընդունել է իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը, կամ

(2) Կորցրած լինելով իր քաղաքացիությունը, նա կամավոր կերպով վերաստանձնել է այն, կամ

(3) Նա ձեռք է բերել նոր քաղաքացիություն և օգտվում է իր նոր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ

(4) Նա կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից դուրս մնում էր հալածանքի երկյուղի պատճառով, կամ

(5) Նա այլևս չի կարող մերժել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը, որովհետև այն հանգամանքները, որոնց կապակցությամբ նա ճանաչվել էր որպես փախստական, դադարել են գոյություն ունենալ:

Պայմանով, որ այս կետը չպետք է կիրառվի սույն հոդվածի Ա (1) բաժնով սահմանվող փախստականի հանդեպ, որն ի վիճակի է նշել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը մերժելու անհաղթահարելի պատճառներ, որոնք բխում են նախկին հալածանքից,

(6) Լինելով քաղաքացիությունից զուրկ անձ, նա ի վիճակի է վերադառնալ իր նախկին սովորական բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց կապակցությամբ նա ճանաչված է եղել որպես փախստական, դադարել են գոյություն ունենալ,

Պայմանով, որ այս կետը չպետք է կիրառվի սույն հոդվածի Ա (1) բաժնով սահմանվող փախստականի հանդեպ, որն ի վիճակի է նշել իր նախկին սովորական բնակության երկրի պաշտպանությունը մերժելու անհաղթահարելի պատճառները, որոնք բխում են նախկին հալածանքից:

Դ. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում այն անձանց հանդեպ, ովքեր ներկայումս Միացյալ Ազգերի այլ մարմիններից կամ գործակալություններից, որոնք տարբերվում են Միացյալ Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարից, ստանում են պաշտպանություն և օժանդակություն:

Երբ այսպիսի պաշտպանությունն ու օժանդակությունը որևէ պատճառով դադարեցված են առանց նման անձանց դրության վերջնական վճռման, ըստ Միացյալ Ազգերի Ընդհանուր Ժողովի ընդունած համապատասխան որոշումների, այս անձինք ispo facto դառնում են սույն Համաձայնագրով նպաստի իրավունք ունեցող:

Ե. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում այն անձի հանդեպ, ով իր բնակություն հաստատած երկրի իրավասու իշխանությունների կողմից իրավունքներ և պարտականություններ ունեցող է ճանաչվել, ինչն այդ երկրի քաղաքացիություն ունենալու իմաստ է տալիս:

Զ. Սույն Համաձայնագրի պայմանները չպետք է կիրառվեն այն անձի հանդեպ, որի վերաբերյալ լուրջ պատճառներ կան համարելու, որ.

 

(ա) նա կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, ինչպես դա սահմանված է նման հանցագործություններին վերաբերող միջազգային փաստաթղթերում,

(բ) նա լուրջ ոչ քաղաքական հանցագործություն է կատարել ապաստան տված երկրից դուրս, նախքան որպես փախստական այդ երկիր ընդունվելը,

(գ) նա մեղավոր է Միացյալ Ազգերի նպատակներին և սկզբունքներին հակասող գործողություններ կատարելու մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Յուրաքանչյուր փախստական պարտականություններ ունի իրեն ապաստան տված երկրի հանդեպ, որոնք մասնավորապես պահանջում են, որ նա ենթարկվի այդ երկրի օրենքներին և կանոններին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Պայմանավորվող Պետությունները սույն Համաձայնագրի դրույթները փախստականների նկատմամբ պետք է կիրառեն առանց ցեղի, կրոնի, կամ ծագման երկրի մեջ խտրականություն դնելու:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ԿՐՈՆ

 

Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքներում կրոնական ազատության և զավակների կրոնական դաստիարակության ազատության հարցում փախստականների հանդեպ պետք է ցուցաբերեն առնվազն այնքան բարեհաճ վերաբերմունք, որքան ցուցաբերում են իրենց քաղաքացիների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԱՆԿԱԽ ՇՆՈՐՀՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չպետք է տեղիք տա Պայմանավորվող Պետության կողմից փախստականներին սույն Համաձայնագրից անկախ տրվող ցանկացած իրավունքների կամ նպաստների նվազեցման:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

«ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԵԶՐԸ

 

Սույն Համաձայնագրի նպատակի համար «միևնույն հանգամանքներում» եզրը նշանակում է, որ ցանկացած պահանջ (ներառյալ ժամանակավոր ապրելու կամ բնակության տևողությանը կամ պայմաններին վերաբերող պահանջները), որին տվյալ անհատը իրավունքից օգտվելու համար պետք է բավարարեր փախստական չլինելու դեպքում, պետք է բավարարվի նաև նրա կողմից, բացառությամբ այն պահանջների, որոնք իրենց բնույթով չեն կարող բավարարվել փախստականի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԱԶԱՏՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Համաձայնագիրն ավելի բարենպաստ պայմաններ է պարունակում, Պայմանավորվող Պետությունը փախստականների հանդեպ պետք է ցուցաբերի նույն վերաբերմունքը, ինչն ընդհանրապես ցույց է տրվում օտարերկրացիներին:

2. Երեք տարվա բնակությունից հետո, բոլոր փախստականները Պայմանավորվող Պետությունների տարածքում պետք է ազատվեն օրենսդրական փոխադարձությունից:

3. Պայմանավորվող յուրաքանչյուր Պետություն պետք է փոխադարձության բացակայությամբ շարունակի փախստականներին տրամադրել այն իրավունքներն ու նպաստները, որոնց իրավունքը նրանք արդեն ստացել էին այդ Պետությունում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին:

4. Պայմանավորվող Պետությունները պետք է բարեհաճ քննության առնեն փոխադարձության բացակայությամբ փախստականներին 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն տրված իրավունքներից ու նպաստներից ավելին տրամադրելու, ինչպես նաև 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված պայմաններին չբավարարող փախստականների վրա փոխադարձությունից ազատումը տարածելու հնարավորությունը:

5. 2-րդ և 3-րդ պարբերությունների դրույթները վերաբերում են ինչպես սույն Համաձայնագրի 13, 18, 19, 21 և 22 հոդվածներում նշված իրավունքներին ու նպաստներին, այնպես էլ այն իրավունքներին ու նպաստներին, որոնք սույն Համաձայնագրով չեն նախատեսվում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ԱԶԱՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ

 

Ինչ վերաբերում է արտակարգ միջոցառումներին, որոնք կարող են ձեռնարկվել օտար Պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի դեմ, ապա Պայմանավորվող Պետությունները չպետք է, զուտ քաղաքացիությունը նկատի առնելով, նման միջոցառումներ կիրառեն այն փախստականի դեմ, որը ձևականորեն տվյալ Պետության քաղաքացին է հանդիսանում: Պայմանավորվող այն Պետությունները, որոնց օրենսդրությունն արգելում է սույն հոդվածում արտահայտված ընդհանուր սկզբունքի կիրառումը, հարմար դեպքերում պետք է ազատում շնորհեն` հօգուտ նման փախստականների:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չպետք է Պայմանավորվող Պետությանն արգելի պատերազմի ժամանակ կամ ծանր ու արտակարգ պայմաններում որոշակի անձի նկատմամբ ձեռնարկել ժամանակավոր միջոցներ, որոնք անհրաժեշտ են համարվում ազգային անվտանգության տեսակետից, քանի դեռ Պայմանավորվող Պետության կողմից չի որոշվել տվյալ անձի իսկապես փախստական լինելու հարցը և քանի դեռ վերջինիս նկատմամբ նման միջոցների շարունակումն անհրաժեշտ է ազգային անվտանգության շահերի տեսակետից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Եթե փախստականը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի կերպով տեղահանվել և տեղափոխվել է Պայմանավորվող որևէ Պետության տարածք և բնակվում է այնտեղ, ապա նման ստիպողական բնակեցման ժամանակամիջոցը պետք է համարվի օրինական բնակություն` տվյալ տարածքում:

2. Եթե փախստականը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի կերպով տեղահանվել է Պայմանավորվող Պետության տարածքից և, նախքան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, վերադարձել է այնտեղ բնակությունը վերահաստատելու նպատակով, ապա նման ստիպողական տեղահանմանը նախորդած և հաջորդած բնակության ժամանակամիջոցները պետք է մեկ անընդմիջված ժամանակամիջոց համարվեն ցանկացած նպատակների համար, որոնք անընդհատ բնակություն են պահանջում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՓԱԽՍՏԱԿԱՆ ՆԱՎԱՍՏԻՆԵՐ

 

Եթե փախստականները կանոնավոր կերպով ծառայում են որպես Պայմանավորվող Պետության դրոշը կրող նավի անձնակազմի անդամներ, ապա այդ Պետությունը պետք է բարեհաճ կերպով քննության առնի իր տարածքում նրանց հաստատման, ինչպես նաև իր տարածքը նրանց ժամանակավոր ընդունման նպատակով ճամփորդական փաստաթղթերի շնորհման հարցը, մասնավորապես, նկատի ունենալով մեկ այլ երկրում նրանց հաստատումը հեշտացնելու խնդիրը:

 

ԳԼՈՒԽ II
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

1. Փախստականի անձնական կարգավիճակը պետք է կարգավորվի նրա մշտական բնակության երկրի օրենքով կամ, մշտական բնակության երկիր չունենալու դեպքում, նրա բնակության երկրի օրենքով:

2. Փախստականի նախկինում ստացած իրավունքները, որոնք կախված են նրա անձնական կարգավիճակից, մասնավորապես ամուսնության հետ կապված իրավունքները, պետք է հարգվեն Պայմանավորվող Պետության կողմից, անհրաժեշտության դեպքում դրանք հարմարեցնելով տվյալ Պետության օրենքով պահանջվող ձեռնարկություններին, այն պայմանով, որ քննարկվող իրավունքները կճանաչվեն այդ Պետության օրենքով, եթե նա փախստական չլիներ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ՈՒՆԵՑՎԱԾՔ

 

Պայմանավորվող Պետությունները պետք է փախստականին ցույց տան որքան հնարավոր է բարեհաճ վերաբերմունք, համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան ցույց է տրվում սովորաբար օտարերկրացիներին միևնույն հանգամանքներում, երբ խոսքը վերաբերում է շարժական և անշարժ ունեցվածքի ձեռքբերմանն ու դրան առնչվող այլ իրավունքներին, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի վարձակալությանն ու դրա հետ կապված այլ պայմանագրերին:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ինչ վերաբերում է արդյունաբերական սեփականության պաշտպանությանը, ինչպիսիք են գյուտերը, նախագծերը կամ մանրակերտները, ապրանքանշանները, ապրանքանունները, ինչպես նաև գրականության, արվեստի և գիտության բնագավառում ունեցած իրավունքներին, ապա փախստականին իր սովորական բնակության երկրում պետք է ցույց տրվի նույն պաշտպանությունը, ինչը ցույց է տրվում տվյալ երկրի քաղաքացիներին: Ցանկացած այլ Պայմանավորվող Պետության տարածքում նրան պետք է ցույց տրվի նույն պաշտպանությունը, ինչը այդ տարածքում ցույց է տրվում նրա սովորական բնակության երկրի քաղաքացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Ինչ վերաբերում է ոչ քաղաքական և ոչ եկամտաբեր միություններին և արհմիություններին, ապա Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն մնացող փախստականներին պետք է ցույց տան ամենաբարեհաճ վերաբերմունքը, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում օտարերկրացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԸՆՁԵՌՆՈՒՄԸ

 

1. Փախստականը պետք է կարողանա օրենքի դատարաններից ազատորեն օգտվել բոլոր Պայմանավորվող Պետությունների տարածքում:

2. Փախստականը, որը սովորական բնակություն ունի տվյալ Պայմանավորվող Պետությունում, պետք է այդ երկրի քաղաքացիների հետ միևնույն վերաբերմունքը վայելի Դատարանների ընձեռնման հարցում, ներառյալ իրավաբանական օժանդակությունը և ազատումը cautio judicatum solvi-ից (դատական ծախսերի վճարումից):

3. Պարբերություն 2-ում նշված հարցերում փախստականը իր սովորական բնակության երկրից դուրս պետք է վայելի նույն վերաբերմունքը, որին արժանանում է նրա սովորական բնակության երկրի քաղաքացին:

 

ԳԼՈՒԽ III
ՇԱՀՈՒՅԹ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ

 

1. Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն մնացող փախստականների հանդեպ աշխատավարձով աշխատանք ստանալու իրավունքի հարցում պետք է ցույց տան այն ամենաբարեհաճ վերաբերմունքը, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում օտարերկրացիներին:

2. Ամեն դեպքում ազգային աշխատանքի շուկան օտարերկրացիներից կամ օտարերկրյա աշխատուժից պաշտպանելու նպատակով, վերջիններիս վրա դրված սահմանափակող միջոցառումները չպետք է տարածվեն այն փախստականի վրա, որն արդեն դրանցից ազատ է տվյալ Պայմանավորվող Պետությունում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից, կամ որը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկին.

 

(ա) Նա լրացրել է տվյալ երկրում երեք տարվա բնակությունը,

(բ) Նա ունի իր բնակության երկրի քաղաքացի հանդիսացող ամուսին: Ամուսնուն լքելու դեպքում փախստականը չի կարող օգտվել սույն դրույթի արտոնությունից,

(գ) Նա ունի իր բնակության երկրի քաղաքացի հանդիսացող մեկ կամ ավելի զավակներ:

 

3. Պայմանավորվող Պետությունները պետք է բարեհաճ կերպով քննության առնեն աշխատավարձով աշխատանքի հարցերում բոլոր փախստականների իրավունքների և իրենց քաղաքացիների իրավունքների նմանեցման հնարավորությունը, հատկապես այն փախստականների, որոնք իրենց տարածք են մտել ի կատարումն աշխատուժի հավաքագրման կամ ներգաղթի ծրագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն գտնվող փախստականի հանդեպ, սեփական հաշվին գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, արհեստով կամ առևտրով զբաղվելու կամ առևտրական և արդյունաբերական ընկերություններ հիմնելու իրավունք շնորհելու հարցում, պետք է ցուցաբերեն հնարավորին չափ բարեհաճ վերաբերմունք և համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան այն, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում ընդհանրապես օտարերկրացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ԱԶԱՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Պետություն իր տարածքում օրինականորեն մնացող և այդ Պետության իրավասու իշխանությունների կողմից ճանաչված վկայական ունեցող փախստականների հանդեպ, ովքեր փափագում են զբաղվել ազատ մասնագիտությամբ, պետք է ցուցաբերի հնարավորին չափ բարեհաճ վերաբերմունք, և համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան այն, որը միևնույն հանգամանքներում ցույց է տրվում ընդհանրապես օտարերկրացիներին:

2. Պայմանավորվող Պետություններն իրենց օրենքների և սահմանադրությունների միջոցով պետք է հետևողականորեն ամեն ջանք գործադրեն, որպեսզի ապահովեն նման փախստականների հաստատումն իրենց բուն տարածքներից դուրս այն տարածքներում, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատվություն են կրում:

 

ԳԼՈՒԽ IV
ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՉԱՓՈՐՈՇՈՒՄ

 

Այնտեղ, որտեղ գոյություն ունի չափորոշման համակարգ, որը կիրառվում է ամբողջ բնակչության հանդեպ և կարգավորում է սակավաքանակ մթերքների բաշխումը, փախստականները պետք է նույն վերաբերմունքին արժանանան, ինչը ստանում են տվյալ Պետության քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

 

Ինչ վերաբերում է բնակարանի հատկացմանը, Պայմանավորվող Պետությունները, որքանով այդ հարցը կարգավորվում է օրենքներով և կանոններով կամ հանդիսանում հանրային իշխանությունների վերահսկողության առարկա, պետք է իրենց տարածքում օրինականորեն գտնվող փախստականների հանդեպ ցուցաբերեն հնարավորին չափ բարեհաճ վերաբերմունք, և համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան այն, որը միևնույն հանգամանքներում ցույց են տալիս ընդհանրապես օտարերկրացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

1. Տարրական կրթության հարցում Պայմանավորվող Պետությունները փախստականների հանդեպ պետք է ցուցաբերեն նույն վերաբերմունքը, ինչը և իրենց քաղաքացիների:

2. Պայմանավորվող Պետությունները տարրականից տարբեր կրթության և մասնավորապես ուսուցման ընձեռնման, արտասահմանյան դպրոցական վկայագրերի, վկայականների և գիտական աստիճանների ճանաչման, վարձերից և մուծումներից ազատման և կրթաթոշակների շնորհման հարցերում փախստականների հանդեպ պետք է ցուցաբերեն հնարավորին չափ բարեհաճ վերաբերմունք, և համենայն դեպս ոչ պակաս բարեհաճ, քան այն, որը միևնույն հանգամանքներում ցույց են տալիս ընդհանրապես օտարերկրացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Պայմանավորվող Պետությունները հանրային նպաստների հարցերում իրենց տարածքում օրինականորեն մնացող փախստականների հանդեպ պետք է ցուցաբերեն նույն վերաբերմունքը, ինչը և իրենց քաղաքացիների հանդեպ:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն մնացող փախստականների հանդեպ պետք է ցուցաբերեն նույն վերաբերմունքը, ինչը և իրենց քաղաքացիների հանդեպ, հետևյալ հարցերում.

 

(ա) Որչափով նման հարցերը կարգավորվում են օրենքներով և կանոններով կամ հանդիսանում վարչական իշխանությունների վերահսկողության առարկա, վարձատրության, ներառյալ ընտանիքի անդամների հատուցումները, երբ դրանք վարձատրության մաս են կազմում, աշխատաժամերի, արտաժամյա աշխատանքի կարգադրությունների, վարձատրվող արձակուրդի, տնայնագործ աշխատանքի սահմանափակումների, աշխատելու, աշակերտելու կամ վարժեցվելու նվազագույն տարիքի, կանանց և պատանեկան տարիքի անձանց աշխատանքի և հավաքական համաձայնության ընձեռնած առավելությունների հարցերում:

(բ) Ընկերային ապահովության (օրինական պայմանագրային փոխհատուցման աշխատանքային հաշմության, զբաղմունքային հիվանդությունների, մայրության, հիվանդության, անկարողության, ծերության, մահվան, գործազրկության, ընտանեկան պատասխանատվությունների և անակնկալ այլ հանգամանքների դեպքում, որոնք ըստ ազգային օրենքների կամ կանոնների փոխհատուցվում են ընկերային ապահովության ծրագրով) հարցերում, բացի հետևյալ սահմանափակումներից.

(I) Կարող են համապատասխան կարգադրություններ լինել ձեռք բերված իրավունքների և ձեռք բերվելու ընթացքում գտնվող իրավունքների պահպանման համար,

(II) Բնակության երկրի ազգային օրենքները և կանոնները կարող են սահմանել հատուկ կարգադրություններ այն նպաստների կամ նպաստների մասերի վերաբերյալ, որոնք ամբողջապես վճարվում են հանրային հիմնադրամների հաշվին, ինչպես նաև այն նպաստների վերաբերյալ, որոնք վճարվում են բնականոն կենսաթոշակի նշանակման համար նախատեսված վճարումների պայմաններին չբավարարող անձանց:

 

2. Աշխատանքային վնասվածքի կամ զբաղմունքային հիվանդության հետևանքով փախստականի մահվան դեպքում տրվող փոխհատուցման իրավունքը չպետք է փոխվի այն փաստի հիման վրա, որը փոխհատուցում ստացողի մշտական բնակավայրը գտնում է Պայմանավորվող Պետության տարածքից դուրս:

3. Պայմանավորվող Պետությունները պետք է փախստականների վրա տարածեն իրենց միջև կնքված կամ ապագայում կնքվելիք պայմանագրերով նախատեսվող նպաստները, որոնք վերաբերում են ընկերային ապահովության ասպարեզում ձեռք բերած իրավունքների և ձեռք բերվելու ընթացքում գտնվող իրավունքների պահպանմանը, ենթակա միայն այն պայմաններին, որոնք կիրառվում են նշված պայմանագրերն ստորագրող Պետությունների քաղաքացիների հանդեպ:

4. Պայմանավորվող Պետությունները պետք է բարեհաճ կերպով քննության առնեն Պայմանավորվող Պետությունների և Պայմանագրերի մեջ չմտած Պետությունների միջև երբևէ կնքվող նմանատիպ պայմանագրերով նախատեսված նպաստները փախստականների վրա հնարավորին չափ տարածելու հարցը:

 

ԳԼՈՒԽ V
ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 25

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Եթե իր իրավունքից փախստականի օգտվելը որպես կանոն կպահանջի օտար մի երկրի իշխանությունների աջակցություն, որի օգնությանը վերջինս դիմել չի կարող, ապա Պայմանավորվող Պետությունները, որոնց տարածքում նա բնակվում է, իրենց սեփական իշխանությունների կամ միջազգային որևէ հեղինակության միջոցով պետք է կարգավորվեն այդ աջակցության ստացումը:

2. Պարբերություն 1-ում նշված իշխանությունը կամ իշխանությունները պետք է փախստականներին տրամադրեն կամ իրենց վերահսկողությամբ տրամադրել տան այն փաստաթղթերը կամ վկայագրերը, ինչպես դրանք սովորաբար օտարերկրացիներին կտրամադրվեին իրենց ազգային իշխանությունների կողմից կամ միջոցով:

3. Նման ձևով տրամադրված փաստաթղթերը կամ վկայագրերը պետք է ծառայեն իբրև օտարերկրացիներին իրենց ազգային իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթեր, և, հակառակի ապացույցների բացակայության դեպքում, պետք է վստահության արժանանան:

4. Կարիքավոր անձանց բացառիկ վերաբերմունք ցույց տալու պայմանով վերոհիշյալ ծառայությունների դիմաց կարող է գին գանձվել, բայց այդ գինը պետք է լինի չափավոր և համապատասխանի նրան, որը նման ծառայությունների դիմաց գանձվում է այդ երկրի քաղաքացիներից:

5. Սույն հոդվածի դրույթները չպետք է խանգարեն 27 և 28 հոդվածների իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

ՇԱՐԺՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող Պետություն իր տարածքում օրինականորեն մնացող փախստականներին պետք է իրավունք տա ընտրել իրենց բնակության վայրը և ազատորեն տեղաշարժվել իր տարածքում, այն սահմանված կարգով, որը միևնույն հանգամանքներում կիրառվում է ընդհանրապես օտարերկրացիների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

 

Պայմանավորվող Պետությունները պետք է ինքնության վկայականներ տան իրենց տարածքում գտնվող ցանկացած փախստականի, որը վավերական ճամփորդական փաստաթուղթ չունի:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Պայմանավորվող Պետություններն իրենց տարածքում օրինականորեն մնացող փախստականներին պետք է ճամփորդական փաստաթղթեր տան իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով, եթե միայն այլ բան չի պահանջվում ազգային անվտանգության կամ հասարակական կարգի հետ կապված անհաղթահարելի պատճառներով, և նշված փաստաթղթերի նկատմամբ պետք է կիրառվեն սույն Համաձայնագրի Ցանկի դրույթները: Պայմանավորվող Պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ փախստականի, մասնավորապես, նրանք պետք է բարեհաճ կերպով քննության առնեն իրենց տարածքում այն փախստականներին նման ճամփորդական փաստաթուղթ տալու հարցը, որոնք ի վիճակի չեն ճամփորդական փաստաթուղթ ստանալ իրենց օրինական բնակության երկրից:

2. Նախորդ միջազգային պայմանագրերի համաձայն, դրանց մասնակիցների կողմից փախստականներին տրված ճամփորդական փաստաթղթերը Պայմանավորվող Պետությունների կողմից պետք է ճանաչվեն և արժանանան նույն վերաբերմունքին, ինչպես եթե դրանք տրված լինեին սույն հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետությունները չպետք է փախստականների վրա որևէ տեսակը մաքսեր, հարկեր կամ տուրքեր դնեն, որոնք տարբերվեն կամ գերազանցեն նրանցից, որոնք նման հանգամանքներում գանձվում են կամ պետք է գանձվեն իրենց քաղաքացիներից:

2. Նախորդ պարբերության մեջ ոչինչ չպետք է խանգարի փախստականների նկատմամբ կիրառել այն օրենքներն ու կանոնները, ըստ որոնց գանձումներ են կատարվում օտարերկրացիներին վարչական փաստաթղթեր, ներառյալ ինքնության վկայականներ տալու դիմաց:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունը պետք է, իր օրենքներին և կանոններին համապատասխան, փախստականներին թույլ տա իրենց հետ իր տարածքը բերած ունեցվածքը տեղափոխել մեկ այլ երկիր, որտեղ նրանք ընդունվել են վերաբնակեցման նպատակներով:

2. Պայմանավորվող Պետությունը պետք է բարեհաճ կերպով քննության առնի իրենց ընդունած մեկ այլ երկրում վերաբնակեցման նպատակով անհրաժեշտ սեփական ունեցվածքն այնտեղ տեղափոխելու վերաբերյալ փախստականների դիմումը, որտեղ էլ ունեցվածքը լինի:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

ՓԱԽՈՒՍՏԻ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԳՏՆՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետություններն ապօրինի մուտքի կամ ներկայության պատճառով չպետք է պատժի ենթարկեն այն փախստականներին, որոնք, ուղղակիորեն գալով մի տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգված է եղել Հոդված 1-ի իմաստով, առանց թույլտվության մուտք են գործում կամ գտնվում են այդ Պետությունների տարածքներում, պայմանով, որ նրանք անհապաղ ներկայանան իշխանություններին և իրենց ապօրինի մուտքի կամ ներկայության վերաբերյալ հիմնավոր պատճառներ ներկայացնեն:

2. Պայմանավորվող Պետությունները նման փախստականների տեղափոխությունների հանդեպ չպետք է կիրառեն այլ սահմանափակումներ, քան անհրաժեշտ է, և նման սահմանափակումները պետք է կիրառվեն միայն մինչև երկրում վերջիններիս կարգավիճակի կարգավորումը կամ մինչև նրանք մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանան: Պայմանավորվող Պետությունները պետք է նման փախստականներին բավարար ժամանակամիջոց և անհրաժեշտ հնարավորություններ տան մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

ՎՏԱՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունները չպետք է վտարեն իրենց տարածքում օրինականորեն գտնվող փախստականին, բացի ազգային անվտանգությամբ կամ հասարակական կարգի պահպանությամբ պայմանավորված դեպքերից:

2. Նման փախստականի վտարումը պետք է կատարվի միայն օրենքի համաձայն ընդունված որոշման հիման վրա: Բացի այն դեպքերից, երբ մեկ այլ բան կպահանջեն ազգային անվտանգության անհաղթահարելի պատճառները, փախստականին պետք է թույլ տրվի իրեն արդարացնող վկայություն ներկայացնել և այլ նպատակով դիմել և ներկայացվել իրավասու իշխանությանը կամ իրավասու իշխանության կողմից հատուկ նշանակված անձին կամ անձանց:

3. Պայմանավորվող պետությունները պետք է նման փախստականին բավարար ժամանակ տան, որպեսզի նա օրինականորեն մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանա: Պայմանավորվող Պետություններին իրավունք է վերապահվում այդ ընթացքում կիրառել այնպիսի ներքին միջոցներ, որոնք նրանք հարկավոր կհամարեն:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

ՎՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ («ՎԵՐԱՀԱՆՁՆՄԱՆ») ԱՐԳԵԼՈՒՄ

 

1. Պայմանավորվող ոչ մի Պետություն չպետք է փախստականին վտարի կամ որևէ կերպ վերադարձնի («վերահանձնի») այն տարածքների սահմանները, որտեղ վերջինիս կյանքին կամ ազատությանը վտանգ կսպառնար ցեղի, ազգության, որոշակի ընկերային խմբի անդամակցելու կամ քաղաքացիական կարծիքի պատճառով:

2. Սակայն սույն դրույթի արտոնությանը չի կարող հավակնել այն փախստականը, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում իր գտնված երկրի անվտանգության համար, կամ նա, ով, բացառիկ լուրջ հանցագործության համար վերջնական դատավճռով մեղավոր ճանաչվելով, վտանգ է ներկայացնում այդ երկրի հասարակության համար:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

ՀՊԱՏԱԿԱԳՐՈՒՄ

 

Պայմանավորվող Պետությունները պետք է հնարավորին չափ հեշտացնեն փախստականների միաձուլումն ու հպատակագրումը: Մասնավորապես նրանք պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի պարզեցնեն հպատակագրման գործավարությունը և նվազեցնեն նման գործավարության հետ կապված գանձումները և ծախսերը:

 

ԳԼՈՒԽ VI
ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 35

 

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ՀԵՏ

 

1. Պայմանավորվող Պետությունները պարտավորվում են համագործակցել Միացյալ Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակի կամ Միացյալ Ազգերի որևէ այլ գործակալության հետ, որն իր գործունեությամբ կփոխարինի վերջինիս, և մասնավորապես, պետք է հեշտացնեն սույն Համաձայնագրի դրույթների կիրառության վերահսկման վերջինիս պարտականությունները:

2. Որպեսզի Գերագույն Հանձնակատարի Գրասենյակին կամ Միացյալ Ազգերի դրան փոխարինած որևէ այլ գործակալությանը հնարավորություն տան զեկուցագիր պատրաստել Միացյալ Ազգերի իրավասու մարմինների համար, Պայմանավորվող Պետությունները պարտավորվում են համապատասխան ձևով նրանց ապահովել պահանջվող տեղեկություններով և վիճակագրական տվյալներով, որոնք վերաբերում են.

 

(ա) փախստականների վիճակին,

(բ) սույն Համաձայնագրի իրականացմանը, և

(գ) փախստականներին առնչվող գործող կամ հետագայում ուժի մեջ մտցվելիք օրենքներին, կանոններին և հրամանագրերին:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Պայմանավորվող պետությունները պետք է Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին հաղորդեն սույն Համաձայնագրի կիրառությունն ապահովելու նպատակով ընդունվող օրենքների և կանոնների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

ԿԱՊԸ ՆԱԽՈՐԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԵՏ

 

Առանց սույն Համաձայնագրի հոդված 28-ի 2-րդ պարբերությանը վնասելու, սույն Համաձայնագիրն իր մասնակիցների համար փոխարինում է 1922 թ. հուլիսի 5-ի, 1924 թ. մայիսի 31-ի, 1926 թ. մայիսի 12-ի, 1928 թ. հունիսի 30-ի, 1935 թ. հուլիսի 30-ի Կարգադրություններին, 1933 թ. հոկտեմբերի 28-ի, 1938 թ. փետրվարի 10-ի Համաձայնագրերին, 1939 թ. սեպտեմբերի 14-ի Արձանագրությանը և 1946 թ. հոկտեմբերի 15-ի Համաձայնությանը:

 

ԳԼՈՒԽ VII
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 38

 

ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի մասնակիցների միջև դրա մեկնաբանությանը կամ կիրառությանը վերաբերող ցանկացած վեճ, որը հնարավոր չէ լուծել այլ միջոցներով, վիճաբանող կողմերից ցանկացածի պահանջով ուղարկվում է Միջազգային Արդարության Դատարանին:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ, ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԻԱՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ստորագրման նպատակով պետք է բացվի Ժնևում` 1951 թ. հուլիսի 28-ին, իսկ դրանից հետո ի պահ տրվի Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին: Միացյալ Ազգերի Եվրոպական գրասենյակում այն ստորագրության համար պետք է բացվի 1951 թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 31-ը, ապա ստորագրության համար Միացյալ Ազգերի Կենտրոնակայանում վերաբացվելու է 1952 թ. սեպտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

2. Միացյալ Ազգերի Անդամ բոլոր Պետությունների, ինչպես նաև Փախստականների և Քաղաքացիությունից Զուրկ Անձանց Կարգավիճակին նվիրված Լիազոր Ներկայացուցիչների Խորհրդաժողովին հրավիրված կամ Ընդհանուր Ժողովի կողմից ստորագրման հրավեր ստացած ցանկացած այլ Պետության համար սույն Համաձայնագիրն ստորագրման նպատակով պետք է բաց մնա: Համաձայնագիրը ենթակա է վավերացման, որից հետո փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին:

3. 1951 թ. հուլիսի 28-ից սույն Համաձայնագիրը միացման համար բաց է սույն Հոդվածի պարբերություն 2-ում հիշատակված Պետությունների համար: Միացումը կատարվում է միացման փաստաթուղթը Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 40

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹ

 

1. Ստորագրման, վավերացման կամ միացման ժամանակ Ցանկացած Պետություն կարող է հայտարարել, որ սույն Համաձայնագիրը տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նման հայտարարությունն ուժ կստանա տվյալ Պետությունում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հետ:

2. Դրանից հետո ցանկացած ժամանակ նման ընդլայնումը պետք է իրականացվի Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով և ուժի մեջ կմտնի Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարի կողմից ծանուցումն ստանալուց հետո իննսուներորդ օրվանից կամ տվյալ Պետությունում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հետ, որ մեկն ավելի ուշ տեղի կունենա:

3. Ինչ վերաբերում է այն տարածքներին, որոնց վրա սույն Համաձայնագիրը չի տարածվել ստորագրման, վավերացման կամ միացման պահին, ապա հարցին առնչվող յուրաքանչյուր Պետություն պետք է քննության առնի սույն Համաձայնագրի կիրառությունն այդ տարածքների վրա տարածելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, պայմանով, որ ստացվի նման տարածքների կառավարությունների համաձայնությունը, եթե դա անհրաժեշտ է համարվում համաձայն սահմանադրության:

 

ՀՈԴՎԱԾ 41

 

ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Դաշնակցային կամ ոչ միակենտրոն Պետության դեպքում պետք է գործեն հետևյալ պայմանները.

 

(ա) Ինչ վերաբերում է սույն Համաձայնագրի այն հոդվածներին, որոնք մտնում են դաշնակցային օրենսդիր իշխանության իրավասության մեջ, Դաշնակցային Կառավարության պարտավորությունները նույնն են, ինչ Դաշնակցային Պետություն չհանդիսացող Մասնակիցները:

(բ) Ինչ վերաբերում է սույն Համաձայնագրի այն հոդվածներին, որոնք մտնում են Պետության մաս կազմող նահանգների, գավառների կամ «կանտոնների» օրենսդիր իշխանության իրավասության մեջ, որոնք ըստ դաշնակցային սահմանադրության պարտավոր չեն համապատասխան օրենսդիր որոշումներ ընդունել, Դաշնակցային Կառավարությունը պետք է հնարավոր ամենավաղ ժամկետին նման հոդվածները նպաստավոր հանձնարարականով ներկայացնի նահանգների, գավառների կամ «կանտոնների» համապատասխան իշխանությունների ուշադրությանը:

(գ) Սույն Համաձայնագրի Մասնակից Դաշնակցային Պետությունը պետք է, ցանկացած այլ Պայմանավորվող Պետության կողմից Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարի միջոցով փոխանցված խնդրանքին ի պատասխան, պաշտոնական հաղորդագրություն տրամադրի Դաշնակցության և նրա բաղկացուցիչ միավորների կողմից սույն Համաձայնագրի ցանկացած պայմանի առնչությամբ օրենքի և գործողությունների վերաբերյալ, որը պետք է ցույց տա, թե ինչ չափով է այդ պայմանն իրագործվել օրենսդրական կամ այլ գործողություններով:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

1. Ստորագրման, վավերացման կամ միացման ժամանակ ցանկացած Պետություն կարող է ցանկացած վերապահումներ անել Համաձայնագրի հոդվածների վերաբերյալ, բացի հոդվածներ 1-ից, 3-ից, 4-ից 16 (1)-ից, 33-ից և 36-ից 46-ը ներառյալ:

2. Ըստ սույն հոդվածի պարբերություն 1-ի, վերապահում անող ցանկացած Պետություն կարող է ցանկացած ժամանակ ետ վերցնել վերապահումը, Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 43

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միացման վեցերորդ փաստաթղթի հանձնմանը հաջորդող իննսուներորդ օրը:

2. Համաձայնագիրը վավերացնող կամ դրան միացնող յուրաքանչյուր Պետության համար վավերացման կամ միացման վեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ Պետության կողմից վավերացման կամ միացման իր փաստաթուղթն ի պահ հանձնելուն հաջորդող իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 44

 

ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

 

1. Ցանկացած Պայմանավորվող Պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով:

2. Չեղյալ հայտարարումը տվյալ Պայմանավորվող Պետության համար ուժի մեջ է մտնում Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարի կողմից ծանուցումը ստանալուց մեկ տարի անց:

3. Ցանկացած Պետություն, որը հոդված 40-ի առնչությամբ հայտարարություն կամ ծանուցում է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է, Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով, հայտարարել, որ Գլխավոր Քարտուղարի կողմից ծանուցումն ստանալուց մեկ տարի հետո Համաձայնագիրը դադարում է տարածվել տվյալ տարածքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 45

 

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

 

1. Ցանկացած Պայմանավորվող Պետություն կարող է Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով, ցանկացած ժամանակ պահանջել սույն Համաձայնագրի վերանայում:

2. Նկատի առնելով նման պահանջը, Միացյալ Ազգերի Ընդհանուր ժողովը, եթե հարմար համարի, կհանձնարարի համապատասխան քայլեր:

 

ՀՈԴՎԱԾ 46

 

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարը Միացյալ Ազգերի բոլոր Անդամներին և հոդված 39-ում հիշատակված ոչ անդամ Պետություններին պետք է տեղեկացնի.

 

(ա) Հոդված 1-ի Բ մասին համապատասխան հայտարարությունների և ծանուցումների մասին,

(բ) Հոդված 39-ին համապատասխան ստորագրությունների, վավերացումների և միացումների մասին,

(գ) Հոդված 40-ին համապատասխան հայտարարությունների և ծանուցումների մասին,

(դ) Հոդված 42-ին համապատասխան վերապահումների և վերապահումներից հրաժարման մասին,

(ե) Հոդված 43-ին համապատասխան այն ժամկետի մասին, երբ սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում,

(զ) Հոդված 44-ին համապատասխան չեղյալ հայտարարելու և ծանուցումների մասին,

(է) Հոդված 45-ին համապատասխան վերանայման պահանջների մասին:

 

Որի հավատով ներքոստորագրյալները, համապատասխան լիազորություններով, իրենց Կառավարությունների անունից ստորագրում են սույն Համաձայնագիրը:

Կատարված է Ժնևում, հազար ինը հարյուր հիսունմեկ թվականի հուլիսի քսանութերորդ օրը մեկ օրինակով, որի անգլերեն և ֆրանսերեն շարադրանքները հավասարապես վավերական են և որը պետք է մնա ի պահ Միացյալ Ազգերի արխիվում, և որի վավերացված իսկական պատճենները պետք է հանձնվեն Միացյալ Ազգերի բոլոր Անդամներին և Հոդված 39-ում հիշատակված ոչ անդամ Պետություններին:

 

ՑԱՆԿ

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 1

 

1. Սույն Համաձայնագրի Հոդված 28-ում հիշատակված ճամփորդական փաստաթուղթը պետք է նույնանման լինի ստորև կցված նմուշին:

2. Փաստաթուղթը պետք է պատրաստվի առնվազն երկու լեզուներով, որոնցից մեկը պետք է լինի անգլերեն կամ ֆրանսերեն:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 2

 

Կախված տվող երկրում ընդունված կանոններից, երեխաները կարող են մտցվել ծնողի կամ, բացառիկ դեպքերում, մեկ այլ անչափահաս փախստականի ճամփորդական փաստաթղթի մեջ:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 3

 

Փաստաթուղթ տալու համար գանձվող գինը չպետք է գերազանցի ազգային անձնագիր տալու համար գանձվող նվազագույն գինը:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 4

 

Բացառությամբ հատուկ կամ արտակարգ պարագաների, փաստաթուղթը պետք է օրինական դարձվի հնարավոր ամենամեծ թվով երկրների համար:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 5

 

Փաստաթուղթը պետք է օրինական լինի մեկ կամ երկու տարվա համար, ըստ այն շնորհող իշխանության հայեցողության:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 6

 

1. Փաստաթղթի օրինականության վերահաստատումը կամ երկարաձգումը այն շնորհող իշխանության իրավասության մեջ է, քանի դեռ փաստաթղթի տերը օրինական բնակություն չի հաստատել մեկ այլ տարածքում և դեռևս օրինական բնակվում է նշված իշխանության տարածքում: Նոր փաստաթղթի շնորհումը, միևնույն պայմաններով, նախորդ փաստաթուղթը տվող իշխանության իրավասության մեջ է:

2. Դիվանագիտական և հյուպատոսական հեղինակությունները, որոնք հատուկ լիազորված են այդ նպատակով, իրավունք ունեն իրենց կառավարությունների տված ճամփորդական փաստաթղթերի օրինականությունը երկարաձգել ոչ ավելի, քան վեց ամսով:

3. Պայմանավորվող Պետությունները պետք է բարեհաճորեն քննության առնեն ճամփորդական փաստաթղթերի օրինականության վերահաստատումը, երկարաձգումը կամ նորերի շնորհումը այն փախստականներին, որոնք այլևս օրինականորեն չեն բնակվում իրենց տարածքներում և վիճակի չեն ճամփորդական փաստաթուղթ ստանալ իրենց օրինական բնակության երկրից:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 7

 

Պայմանավորվող Պետությունները պետք է ճանաչեն ըստ սույն Համաձայնագրի Հոդված 28-ի պայմանների շնորհված ճամփորդական փաստաթղթերի օրինականությունը:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 8

 

Այն երկրի իրավասու իշխանությունները, ուր փախստականը ցանկանում է ուղևորվել, եթե պատրաստ են ընդունել նրան և եթե կա վիզայի անհրաժեշտություն, վիզան ամրացնում են նրան պատկանող փաստաթղթի վրա:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 9

 

1. Պայմանավորվող Պետությունները պարտավորվում են տարանցիկ վիզաներ տալ այն փախստականներին, որոնք իրենց վերջնական նպատակակետի որևէ տարածքի վիզա են ստացել:

2. Նման վիզաները կարող են մերժվել այն պատճառներով, որոնցով կարդարացվեր ցանկացած օտարերկրացու վիզան մերժելը:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 10

 

Ելքի, մուտքի կամ տարանցիկ վիզաների համար գանձվող գինը չպետք է գերազանցի օտարերկրյա անձնագրերի վիզայի համար նախատեսված նվազագույն չափը:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 11

 

Երբ փախստականն օրինական կերպով բնակություն է հաստատում Պայմանավորվող մեկ այլ Պետության տարածքում, Հոդված 28-ի դրույթներին և Պայմաններին համապատասխան, նոր փաստաթղթի շնորհման պատասխանատվությունն ընկնում է այդ տարածքի իրավասու իշխանության վրա, որին փախստականն իրավունք ունի դիմել:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 12

 

Նոր փաստաթուղթ շնորհող իշխանությունը պետք է վերցնի հին փաստաթուղթը և, եթե փաստաթղթում նշված է, որ այն ենթակա է վերադարձման, վերադարձնի այն շնորհող երկրին, հակառակ դեպքում փաստաթուղթը վերցվում է և ոչնչացվում:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 13

 

1. Պայմանավորվող յուրաքանչյուր Պետություն պարտավորվում է, որ ըստ սույն Համաձայնագրի Հոդված 28-ի շնորհված ճամփորդական փաստաթղթի տերը դրա օրինականության ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ ետ կընդունվի իր տարածքը:

2. Նախորդ ենթապարբերության պայմաններին համապատասխան, Պայմանավորվող Պետությունը կարող է փաստաթղթի տիրոջից պահանջել, որ ենթարկվի իր տարածքից ելքի կամ այնտեղ մտնելու համար նախատեսված ձևականություններին:

3. Պայմանավորվող Պետությունները իրավունք են վերապահում բացառիկ դեպքերում, կամ այն դեպքերում, երբ փախստականին արտոնված է մնալ հատուկ նշված ժամկետով, փաստաթուղթը շնորհելիս սահմանափակել այն ժամանակամիջոցը, որի ընթացքում փախստականն իրավունք ունի վերադառնալ, ոչ պակաս, քան մինչև երեք ամիս:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 14

 

Բացի պարբերություն 13-ի դրույթներից միայն, այս Ցանկի դրույթները ոչ մի ձևով չեն ազդում այն օրենքների ու կանոնների վրա, որոնք կառավարում են Պայմանավորվող Պետությունների տարածքի մուտքի թույլտվություն ստանալը, դրանով տարանցիկ անցնելը, այդ տարածքում բնակվելը կամ հաստատվելը կամ դրանից մեկնելը:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 15

 

Ոչ փաստաթղթի շնորհումը, ոչ էլ դրանում կատարված գրանցումները ոչ մի կերպ չեն սահմանում այն կրողի կարգավիճակը և ոչ էլ ազդում են դրա վրա` հատկապես քաղաքացիության առնչությամբ:

 

ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 16

 

Փաստաթղթի շնորհումը դրա տիրոջը որևէ կերպ այն տրամադրող երկրի դիվանագիտական կամ հյուպատոսական իշխանություններից պաշտպանության արտոնություն չի տալիս, և այդ իշխանություններին չի պարտադրում պաշտպանության իրավունք:

 

 

pin
ՄԱԿ
28.07.1951
Կոնվենցիա