Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 

i

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԵՆՔ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՍ, ԼԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

 

փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքի, տղամարդու և կնոջ, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն արդարությունն ու դաշինքներից և միջազգային իրավունքի այլ աղբյուրներից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, և ավելի մեծ ազատության պայմաններում խթանել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումը,

 

Եվ հանուն այդ նպատակների

 

ցուցաբերել հանդուրժողություն ու միմյանց հետ ապրել խաղաղությամբ, որպես բարի դրացիներ, և միավորել մեր ուժերը միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար, և համապատասխան սկզբունքների ընդունման և մեթոդների սահմանման միջոցով երաշխավորել զինուժի գործադրումը բացառապես ընդհանուր շահերին համապատասխան, և միջազգային լծակները գործադրել բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական առաջընթացը խթանելու համար,

 

Որոշել ենք միավորել մեր ջանքերն այդ նպատակներին հասնելու համար

 

ըստ այդմ, մեր համապատասխան կառավարությունները, ժողովված Սան Ֆրանցիսկոյում, բավարար ու պատշաճ կերպով իրենց լիազորությունները փաստած ներկայացուցիչների միջոցով համաձայնել են ընդունել Միավորված ազգերի կազմակերպության սույն Կանոնադրությունը և հիմնում են Միավորված ազգեր անվանումով միջազգային կազմակերպությունը:

 

ԳԼՈՒԽ 1
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 1

 

Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են.

1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել` կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:

2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման և խրախուսման գործում` անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից, և

4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:

 

Հոդված 2

 

Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն.

1. Կազմակերպությունը հիմնվում է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա:

2. Բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն Կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները:

3. Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը:

4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:

5. Բոլոր անդամները համակողմանի օժանդակություն են ցուցաբերում Միավորված ազգերի կազմակերպությանը նրա նախաձեռնած բոլոր գործողություններում, որոնք համապատասխանում են սույն Կանոնադրությանը և ձեռնպահ են օժանդակելուց որևէ պետության, որի նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպությունը կանխարգելիչ կամ հարկադրական գործողություն է ծավալում:

6. Կազմակերպությունն ապահովում է, որպեսզի այն պետությունները, որոնք նրա անդամ չեն, գործեն համաձայն վերոհիշյալ սկզբունքների այնքանով, որքանով դա կարող է անհրաժեշտ լինել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար:

7. Սույն Կանոնադրության և ոչ մի դրույթ Միավորված ազգերի կազմակերպությանը չի լիազորում միջամտել որևէ պետության ներքին իրավասության հարցերին և չի պահանջում անդամներից նմանօրինակ հարցերը ներկայացնել լուծման սույն Կանոնադրության կարգով, սակայն այս սկզբունքը չի վերաբերում VII գլխով նախատեսված հարկադրական միջոցների կիրառմանը:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 3

 

Միավորված ազգերի կազմակերպության սկզբնական անդամներ են հանդիսանում այն պետությունները, որոնք, մասնակցելով Սան Ֆրանցիսկոյում միջազգային կազմակերպության ստեղծման Միավորված ազգերի խորհրդաժողովին կամ նախապես ստորագրելով Միավորված ազգերի` 1942 թ. հունվարի 1-ի Հռչակագիրը` ստորագրել են սույն Կանոնադրությունը և վավերացել 110-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 4

 

1. Միավորված ազգերի կազմակերպության անդամությունը բաց է մյուս բոլոր խաղաղասեր պետությունների համար, որոնք կստանձնեն սույն Կանոնադրությունը բովանդակող պարտավորությունները և կազմակերպության կարծիքով, կարող են և կամենում են կատարել այդ պարտականությունները:

2. Ցանկացած նման պետության` Միավորված ազգերի կազմակերպություն ընդունվելն իրականացվում է Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` Անվտանգության խորհրդի հանձնարարականով:

 

Հոդված 5

 

Եթե կազմակերպության որևէ անդամի նկատմամբ կիրառվել են կանխարգելիչ կամ հարկադրական գործողություններ Անվտանգության խորհրդի կողմից, Գլխավոր ասամբլեան կարող է Անվտանգության խորհրդի հանձնարարականով կասեցնել նրա անդամության իրավունքներն ու արտոնությունները: Այդ իրավունքներն ու արտոնությունները կարող են վերականգնվել Անվտանգության խորհրդի կողմից:

 

Հոդված 6

 

Կազմակերպության այն անդամը, որը պարբերաբար խախտում է սույն Կանոնադրությունում բովանդակող սկզբունքները, կարող է Անվտանգության խորհրդի հանձնարարականով վտարվել կազմակերպությունից Գլխավոր ասամբլեայի կողմից:

 

ԳԼՈՒԽ 3
ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 7

 

1. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններն են` Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Միջազգային դատարանը և Քարտուղարությունը:

2. Անհրաժեշտության դեպքում, համաձայն սույն Կանոնադրության, կարող են հիմնվել այլ օժանդակ մարմիններ:

 

Հոդված 8

 

Միավորված ազգերի կազմակերպությունը որևէ սահմանափակում չի դնում իր գլխավոր և օժանդակ մարմիններում ցանկացած մակարդակով և հավասարության պայմաններում տղամարդկանց ու կանանց մասնակցության իրավունքի վրա:

 

ԳԼՈՒԽ 4
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱ ԿԱԶՄԸ

 

Հոդված 9

 

1. Գլխավոր ասամբլեան բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներից:

2. Յուրաքանչյուր անդամ Գլխավոր ասամբլեայում ունի հինգից ոչ ավելի ներկայացուցիչ:

 

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 10

 

Գլխավոր ասամբլեան կարող է քննարկել սույն Կանոնադրության սահմաններում կամ սույն Կանոնադրությամբ որևէ մարմնի լիազորություններին ու գործառույթներին վերաբերող ցանկացած հարց կամ գործ, բացառությամբ 12-րդ հոդվածով նախատեսվածների, ցանկացած նման հարցի կամ գործի վերաբերյալ հանձնարարականներ ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության անդամներին կամ Անվտանգության խորհրդին և կամ երկուսին միաժամանակ:

 

Հոդված 11

 

1. Գլխավոր ասամբլեան կարող է քննարկել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում համագործակցության հիմնական սկզբունքները, ներառյալ զինաթափումը և սպառազինությունների կարգավորումը պայմանավորող սկզբունքները, և կարող է այդ սկզբունքների առնչությամբ հանձնարարականներ ներկայացնել անդամներին կամ Անվտանգության խորհրդին և կամ երկուսին միաժամանակ:

2. Գլխավոր ասամբլեան, համաձայն 35-րդ հոդվածի 2-րդ կետի և բացառությամբ 12-րդ հոդվածով նախատեսվածների, կարող է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կամ Անվտանգության խորհրդի և կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետության առաջարկությամբ քննարկել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող ցանկացած հարց, կարող է այդ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ ներկայացնել շահագրգիռ պետությանը կամ պետություններին, Անվտանգության խորհրդին կամ բոլորին միաժամանակ: Ցանկացած հարց, որի առնչությամբ անհրաժեշտ է նախաձեռնել գործողություն, նախքան քննարկումը կամ քննարկումից հետո Գլխավոր ասամբլեան փոխանցում է Անվտանգության խորհրդին:

3. Գլխավոր ասամբլեան կարող է Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել այն իրավիճակների վրա, որոնք կարող են սպառնալ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

4. Գլխավոր ասամբլեայի` սույն հոդվածում թվարկված լիազորությունները չեն կարող սահմանափակել 10-րդ հոդվածի հիմնական իմաստը:

 

Հոդված 12

 

1. Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որևէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն Կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որևէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով:

2. Անվտանգության խորհրդի համաձայնությամբ Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Գլխավոր ասամբլեային նրա յուրաքանչյուր նստաշրջանում միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն առնչվող ցանկացած հարցի մասին, որը քննարկում է Անվտանգության Խորհուրդը, և երբ Անվտանգության խորհուրդը դադարեցնում է նման հարցերի քննարկումը, անմիջապես տեղեկացնում է Գլխավոր ասամբլեային, իսկ եթե վերջինս նստաշրջանում չէ, Միավորված ազգերի կազմակերպության անդամներին:

 

Հոդված 13

 

1. Գլխավոր ասամբլեան ուսումնասիրություններ է կազմակերպում և հանձնարարականներ ներկայացնում հետևյալ նպատակներով.

ա) աջակցություն միջազգային համագործակցությանը քաղաքականության բնագավառում և միջազգային իրավունքի առաջադիմական զարգացման ու դրա կոդիֆիկացիայի խրախուսում,

բ) աջակցություն միջազգային համագործակցությանը տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և առողջապահության ասպարեզներում և օժանդակություն բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների իրականացմանը` առանց ցեղային, սեռային, լեզվի և դավանանքի տարբերակման:

2. Վերոհիշյալ 1.բ կետում նշված հարցերի առնչությամբ Գլխավոր ասամբլեայի պարտականությունները, գործառույթները և լիազորությունները շարադրված են 9-րդ և 10-րդ գլուխներում:

 

Հոդված 14

 

12-րդ հոդվածի դրույթների համաձայն, Գլխավոր ասամբլեան կարող է միջոցառումներ հանձնարարել ցանկացած իրադրության խաղաղ կարգավորման համար` անկախ դրա ծագումից, որը, ըստ իրեն, կարող է սպառնալ ընդհանուր բարօրությանը կամ ազգերի միջև բարեկամական հարաբերություններին, ներառյալ այն իրադրությունները, որոնք առաջանում են Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն ու սկզբունքները շարադրող սույն Կանոնադրության դրույթները խախտելու հետևանքով:

 

Հոդված 15

 

1. Գլխավոր ասամբլեան ստանում և քննարկում է Անվտանգության խորհրդի ամենամյա և հատուկ զեկույցներ, որոնք պարունակում են հաշվետվություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար Անվտանգության խորհրդի ձեռնարկած կամ ձեռնարկելիք միջոցառումների մասին:

2. Գլխավոր ասամբլեան ստանում և քննարկում է Միավորված ազգերի կազմակերպության մյուս մարմինների զեկույցները:

 

Հոդված 16

 

Գլխավոր ասամբլեան Խնամակալության միջազգային համակարգի նկատմամբ իրականացնում է այնպիսի գործառույթներ, որոնք վերապահված են իրեն 12-րդ և 13-րդ գլուխներով, ներառյալ ռազմավարականների շարքը չդասվող տարածքների խնամակալության վերաբերյալ համաձայնագրերի հաստատումը:

 

Հոդված 17

 

1. Գլխավոր ասամբլեան քննարկում և հաստատում է կազմակերպության բյուջեն:

2. Կազմակերպության ծախսերը հոգում են անդամները` ըստ Գլխավոր ասամբլեայի սահմանած մասնաչափերի:

3. Գլխավոր ասամբլեան 57-րդ հոդվածում նշված մասնագիտացված գործակալությունների հետ քննարկում և հաստատում է ցանկացած ֆինանսական կամ բյուջետային համաձայնություն, ինչպես նաև ստուգում է վերոհիշյալ մասնագիտացված գործակալությունների վարչական բյուջեները, որպեսզի հանձնարարականներ ներկայացնի շահագրգիռ գործակալություններին:

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 18

 

1. Գլխավոր ասամբլեայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

2. Կարևոր հարցերով Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունում ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Այդ հարցերի թվում են` միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը վերաբերող հանձնարարականները, Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրությունը, տնտեսական ու սոցիալական խորհրդի անդամների ընտրությունը, համաձայն 86-րդ հոդվածի գ. կետի` Հոգաբարձության խորհրդի անդամների ընտրությունը, նոր անդամների ընդունելությունը Միավորված ազգերի կազմակերպություն, անդամության իրավունքների և արտոնությունների դադարեցումը, անդամների հեռացումը, խնամակալության համակարգի գործառնությանն առնչվող ու բյուջետային հարցեր:

3. Այլ հարցերի վերաբերյալ որոշումները, ներառյալ երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվող հարցերի լրացուցիչ կատեգորիաների սահմանումը, վճռվում են ներկա քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 19

 

Միավորված ազգերի կազմակերպության այն անդամը, որը կազմակերպությանը վճարվող անդամավճարի պարտք ունի, զրկվում է Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, եթե պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է վերջին երկու լրիվ տարիների համար այդ անդամից ստանալիք անդամավճարի ընդհանուր գումարը: Սակայն Գլխավոր ասամբլեան կարող է թույլատրել այդպիսի անդամին քվեարկել, եթե վերջինս հավաստիացնի, որ ուշացումը տեղի է ունեցել իրենից անկախ հանգամանքների բերումով:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 20

 

Գլխավոր ասամբլեան կանոնավոր կերպով գումարում է ամենամյա նստաշրջաններ, ինչպես նաև հանգամանքների բերումով` արտահերթ նստաշրջաններ: Արտահերթ նստաշրջանները Անվտանգության խորհրդի կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամների մեծամասնության պահանջով հրավիրում է Գլխավոր քարտուղարը:

 

Հոդված 21

 

Գլխավոր ասամբլեան սահմանում է ընթացակարգի սեփական կանոնները: Ամեն նստաշրջանի համար նա ընտրում է իր նախագահին:

 

Հոդված 22

 

Գլխավոր ասամբլեան կարող է ստեղծել այլ օժանդակ մարմիններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի իր գործառույթներն իրականացնելու համար:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԸ

 

Հոդված 23

 

1. Անվտանգության խորհուրդը բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության տասնհինգ անդամներից: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Չինաստանի Հանրապետությունը և Ֆրանսիան Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Գլխավոր ասամբլեան Միավորված ազգերի կազմակերպության տասը այլ անդամների ընտրում է որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ` մասնավորապես ըստ արժանվույն ուշադրություն դարձնելով առաջին հերթին անդամի ունեցած մասնակցությանը միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման և կազմակերպության այլ նպատակներին հասնելու գործում, ինչպես նաև աշխարհագրական արդարացի համամասնությանը:

2. Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով: Ոչ մշտական անդամների առաջին իսկ ընտրություններում, Անվտանգության խորհրդի անդամների թիվը տասնմեկից մինչև տասնհինգ հասնելուց հետո, չորս լրացուցիչ անդամներից երկուսն ընտրվում են մեկական տարի ժամկետով: Անվտանգության խորհրդի ժամկետը սպառած անդամը անմիջապես վերընտրության ենթակա չէ:

3. Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ներկայացուցիչ:

 

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 24

 

1. Միավորված ազգերի կազմակերպության արագ և արդյունավետ գործողությունները ապահովելու համար նրա անդամները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը վերապահում են Անվտանգության խորհրդին և համաձայնության են գալիս, որ այդ պատասխանատվությունից բխող իր պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է իրենց անունից:

2. Այդ պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է Միավորված ազգերի նպատակների ու սկզբունքների համաձայն: Այդ պարտավորությունները կատարելու համար Անվտանգության խորհրդին տրված հատուկ լիազորությունները շարադրված են 6-րդ, 7-րդ, 8-րդ և 12-րդ գլուխներում:

3. Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային ներկայացնում է ամենամյա զեկույցներ և ըստ անհրաժեշտության` հատուկ զեկույցներ:

 

Հոդված 25

 

Սույն Կանոնադրության համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության անդամները համաձայնության են գալիս ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշումներին և կատարել դրանք:

 

Հոդված 26

 

Միջազգային խաղաղության ու անվտանգության հաստատմանն ու պահպանմանը նպաստելու նպատակով սպառազինման համար համաշխարհային նվազագույն մարդկային ուժեր ու տնտեսական պաշարներ ներգրավելով` Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում 47-րդ հոդվածում նշվող Ռազմական անձնակազմի կոմիտեի օժանդակությամբ սպառազինությունների կարգավորման համակարգ ստեղծելու վերաբերյալ նախագծեր ձևակերպելու և դրանք Միավորված ազգերի կազմակերպության անդամներին ներկայացնելու համար:

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 27

 

1. Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

2. Ընթացակարգի հարցերին վերաբերող Անվտանգության խորհրդի որոշումներն ընդունվում են ինը անդամների կողմ ձայներով:

3. Բոլոր այլ հարցերի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշումներն ընդունվում են ինը անդամների կողմ ձայներով, ներառյալ բոլոր մշտական անդամների համընկնող ձայները, ընդ որում 6-րդ գլխի և 52-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա որոշումներն ընդունելիս վեճին մասնակցող անդամը պետք է ձեռնպահ մնա քվեարկությունից:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 28

 

1. Անվտանգության խորհուրդը կազմակերպվում է այնպես, որ կարողանա գործել անընդմեջ: Այդ նպատակով Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է մշտապես ներկայացված լինի Միավորված ազգերի կազմակերպության նստավայրում:

2. Անվտանգության խորհուրդը գումարում է պարբերական նիստեր, որոնց ժամանակ նրա յուրաքանչյուր անդամ կարող է իր հայեցողությամբ ներկայացվել կառավարության անդամի կամ հատուկ նշանակված որևէ այլ ներկայացուցչի միջոցով:

3. Անվտանգության խորհրդի նիստերը կարող են տեղի ունենալ ոչ միայն կազմակերպության նստավայրում, այլև ցանկացած այլ վայրում, որը, ըստ խորհրդի, առավել նպաստավոր է իր աշխատանքի համար:

 

Հոդված 29

 

Անվտանգության խորհուրդը կարող է հիմնադրել այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ կհամարի իր գործառույթների իրականացման համար:

 

Հոդված 30

 

Անվտանգության խորհուրդը հաստատում է ընթացակարգի սեփական կանոնները, ներառյալ իր նախագահին ընտրելու կարգը:

 

Հոդված 31

 

Միավորված ազգերի կազմակերպության` Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած անդամ կարող է, առանց ձայնի իրավունքի, մասնակցել Անվտանգության խորհրդում ցանկացած հարցի քննարկմանը բոլոր այն դեպքերում, երբ Անվտանգության խորհուրդը համարում է, որ մասնավորապես շոշափվում են տվյալ անդամի շահերը:

 

Հոդված 32

 

Միավորված ազգերի կազմակերպության` Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած անդամ կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որը Անվտանգության խորհրդում քննարկվող վեճի կողմ է հանդիսանում, հրավիրվում է, առանց ձայնի իրավունքի, մասնակցելու այդ վեճին վերաբերող քննարկմանը: Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետության մասնակցության համար Անվտանգության խորհուրդը սահմանում է այնպիսի պայմաններ, որոնք արդարացի է համարում:

 

ԳԼՈՒԽ 6
ՎԵՃԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 33

 

1. Ցանկացած վեճի մասնակցող կողմերը, որի շարունակվելը կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, պետք է ամենից առաջ ձգտեն լուծել այն բանակցությունների, հարցադրումների, միջնորդությունների, հաշտեցման, արբիտրաժի, դատավարությունների, տարածքային մարմիններին կամ համաձայնություններին դիմելու և կամ իրենց ընտրությամբ այլ խաղաղ միջոցներով:

2. Անվտանգության խորհուրդը, երբ հարկ է համարում, կողմերին կոչ է անում վեճը կարգավորել նման միջոցներով:

 

Հոդված 34

 

Անվտանգության խորհուրդը իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:

 

Հոդված 35

 

1. Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին:

2. Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունը կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել ցանկացած վեճի մասին, որի կողմն է հանդիսանում ինքը, եթե նախապես սույն Կանոնադրությամբ նախատեսվող խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնում տվյալ վեճի առնչությամբ:

3. Սույն հոդվածի հիման վրա ստացված գործերի կարգավորումը Գլխավոր ասամբլեան իրականացնում է համաձայն 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթների:

 

Հոդված 36

 

1. 33-րդ հոդվածում նշված բնույթի վեճի կամ համանման իրավիճակի ցանկացած փուլում Անվտանգության խորհուրդը իրավասու է հանձնարարել կարգավորման համապատասխան ընթացակարգ կամ եղանակ:

2. Անվտանգության խորհուրդը տվյալ վեճը կարգավորելու համար նկատի է առնում ցանկացած ընթացակարգ, որը արդեն ընդունվել է կողմերի կողմից:

3. Սույն հոդվածի հիման վրա հանձնարարականներ տալիս Անվտանգության խորհուրդը նկատի է առնում նաև, որ կողմերն իրավական բնույթի վեճերը ընդունված կարգով պետք է հանձնեն Միջազգային դատարանին` համաձայն այդ դատարանի կանոնակարգի դրույթների:

 

Հոդված 37

 

1. Եթե 33-րդ հոդվածում նշված բնույթի վեճերի կողմերը այդ հոդվածում նշված միջոցներով կարգավորման չեն հասնում, ապա ներկայացնում են այն Անվտանգության խորհրդին:

2. Եթե Անվտանգության խորհուրդը համարում է, որ վեճի շարունակվելն իրոք կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, որոշում է` գործել արդյոք 36-րդ հոդվածի համաձայն կամ իր հայեցողությամբ հանձնարարել կարգավորմանը պատշաճ պայմաններ:

 

Հոդված 38

 

Չանտեսելով 33-37-րդ հոդվածների դրույթները, Անվտանգության խորհուրդը, վեճի բոլոր կողմերի խնդրանքով, կարող է կողմերին ներկայացնել վեճի խաղաղ կարգավորման հանձնարարականներ:

 

ԳԼՈՒԽ 7
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՄԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ԱԳՐԵՍԻԱՅԻ, ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

 

Հոդված 39

 

Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար:

 

Հոդված 40

 

Իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով Անվտանգության խորհուրդը նախքան հանձնարարականներ տալը կամ 39-րդ հոդվածով նախատեսված միջոցներին դիմելու որոշումը կարող է պահանջել շահագրգիռ կողմերից կատարելու այն ժամանակավոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի կհամարի: Նման ժամանակավոր միջոցառումները չպետք է լինեն ի վնաս շահագրգիռ կողմերի իրավունքներին, հավակնություններին կամ դիրքին: Անվտանգության խորհուրդը հարկ եղած կերպով նկատի է առնում նման ժամանակավոր միջոցառումները չկատարելը:

 

Հոդված 41

 

Անվտանգության խորհուրդը կարող է որոշել, թե զինուժի գործածությունից զերծ ինչ միջոցների պետք է դիմել իր որոշումներն իրականացնելու համար և պահանջել Միավորված ազգերի կազմակերպության անդամներից կիրառել այդ միջոցները: Դրանք կարող են ընդգրկել տնտեսական հարաբերությունների, երկաթուղային, ծովային, օդային, փոստային, հեռագրային, ռադիո և հաղորդակցության այլ ձևերի լիակատար կամ մասնակի ընդհատումը և դիվանագիտական հարաբերությունների խզումը:

 

Հոդված 42

 

Եթե Անվտանգության խորհուրդը համարում է, որ 42-րդ հոդվածով նախատեսված միջոցները անբավարար կլինեն կամ արդեն իսկ անբավարար են, կարող է օդային, ծովային կամ ցամաքային ուժերով նախաձեռնել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կհամարվեն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար: Դրանք կարող են ներառել Միավորված ազգերի կազմակերպության անդամների օդային, ծովային կամ ցամաքային զինուժի ցուցադրություններ, շրջափակում և այլ գործողություններ:

 

Հոդված 43

 

1. Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամները միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը նպաստելու համար պարտավորվում են, Անվտանգության խորհրդի կոչով և հատուկ համաձայնագրի կամ համաձայնագրերի համաձայն, նրան տրամադրել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն անհրաժեշտ զինուժ, օժանդակություն և համապատասխան միջոցներ, ներառյալ սահմանն անցնելու իրավունքը:

2. Նման համաձայնագիրը կամ համաձայնագրերը սահմանում են տրամադրվող զինուժի քանակը և տեսակը, պատրաստականության աստիճանը և ընդհանուր տեղաբաշխումը, ինչպես նաև օժանդակության ու մատուցվող ծառայությունների բնույթը:

3. Համաձայնագիրը կամ համաձայնագրերը կնքելու բանակցությունները Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ ձեռնարկվում են հնարավորինս կարճ ժամկետում: Դրանք կնքվում են Անվտանգության խորհրդի և կազմակերպության անդամների կամ Անվտանգության խորհրդի և կազմակերպության անդամների խմբերի միջև և ենթակա են վավերացման ստորագրող պետությունների կողմից` համաձայն իրենց սահմանադրական կարգի:

 

Հոդված 44

 

Երբ Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում ուժ կիրառելու մասին, ապա նախքան Անվտանգության խորհրդում չներկայացված անդամից պահանջելը զինուժ տրամադրել 43-րդ հոդվածի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար, այդ անդամի ցանկությամբ Անվտանգության խորհուրդը հրավիրում է նրան մասնակցելու իր զինված ուժերի զորախմբերի օգտագործմանը վերաբերող քննարկումներին:

 

Հոդված 45

 

Միավորված ազգերի կազմակերպության համար անհապաղ ռազմական միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություններ ապահովելու նպատակով կազմակերպության անդամները պետք է կազմ ու պատրաստ պահեն իրենց ազգային ռազմաօդային ուժերի զորամիավորումները համատեղ հարկադրական գործողությունների համար: Այդ զորամիավորումների քանակը և պատրաստության աստիճանը, ինչպես նաև համատեղ գործողությունների պլանները Անվտանգության խորհրդի կողմից որոշվում են Ռազմական անձնակազմի կոմիտեի օժանդակությամբ` 43-րդ հոդվածում նշված հատուկ համաձայնագրում կամ համաձայնագրերում հաստատված սահմաններում:

 

Հոդված 46

 

Զինված ուժերի կիրառման պլանները կազմվում են Անվտանգության խորհրդի կողմից Ռազմական անձնակազմի կոմիտեի օժանդակությամբ:

 

Հոդված 47

 

1. Ստեղծվում է Ռազմական անձնակազմի կոմիտե, որպեսզի խորհրդատվություն և օգնություն ցուցաբերվի Անվտանգության խորհրդին այն բոլոր հարցերում, որոնք առնչվում են Անվտանգության խորհրդի ռազմական կարիքներին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար, նրա տրամադրության տակ դրված զորքերի օգտագործմանն ու ղեկավարմանը, ինչպես նաև սպառազինությունների կարգավորմանն ու հնարավոր զինաթափմանը:

2. Ռազմական անձնակազմի կոմիտեն բաղկացած է Անվտանգության խորհրդի մշտական. անդամների անձնակազմերի պետերից կամ նրանց ներկայացուցիչներից: Կոմիտեում մշտապես չներկայացված Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ համագործակցության է հրավիրում կոմիտեի կողմից, եթե կոմիտեի պարտականությունների արդյունավետ իրականացումը պահանջում է այդ անդամի մասնակցությունը տվյալ աշխատանքին:

3. Լինելով Անվտանգության խորհրդի ենթակայության տակ` Ռազմական անձնակազմի կոմիտեն պատասխանատվություն է կրում Անվտանգության խորհրդի տրամադրության տակ դրված ցանկացած զինված ուժերի ռազմավարական ղեկավարության համար: Այդպիսի զինուժի հրամանատարությանը վերաբերող հարցերը պետք է մշակվեն ավելի ուշ:

4. Ռազմական անձնակազմի կոմիտեն Անվտանգության խորհրդի լիազորությամբ և համապատասխան տարածաշրջանային մարմինների հետ խորհրդակցությունից հետո կարող է հիմնադրել իր տարածաշրջանային ենթակոմիտեները

 

Հոդված 48

 

1. Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման համար պահանջվող գործողությունները` հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման, նախաձեռնվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների կամ դրանց մի մասի կողմից` ըստ Անվտանգության խորհրդի հայեցողության:

2. Այդպիսի որոշումները Միավորված ազգերի կազմակերպության անդամները կատարում են անմիջականորեն, ինչպես նաև միջազգային այն համապատասխան գործակալությունների միջոցով, որոնց անդամակցում են:

 

Հոդված 49

 

Միավորված ազգերի կազմակերպության անդամները պետք է միավորվեն փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար Անվտանգության խորհրդում որոշված միջոցառումներն իրականացնելու համար:

 

Հոդված 50

 

Եթե Անվտանգության խորհուրդը կանխարգելիչ կամ հարկադրական միջոցներ է ձեռնարկում որևէ պետության դեմ, ցանկացած այլ պետություն, լինի Միավորված ազգերի կազմակերպության անդամ, թե ոչ, որի համար վերոհիշյալ միջոցների կիրարկման հետևանքով հատուկ տնտեսական խնդիրներ են առաջանում, իրավունք ունի դրանց լուծման վերաբերյալ խորհրդակցել Անվտանգության խորհրդի հետ:

 

Հոդված 51

 

Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ: Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են Անվտանգության խորհրդին և, սույն Կանոնադրության համաձայն, ոչ մի կերպ չեն ազդում Անվտանգության խորհրդի հեղինակության ու լիազորության վրա` ցանկացած ժամանակ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար:

 

ԳԼՈՒԽ 8
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 52

 

1. Սույն Կանոնադրությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում տարածաշրջանային համաձայնությունների կամ մարմինների գոյությունը լուծելու համար միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն առնչվող այնպիսի հարցեր, որոնք պատշաճ են տարածաշրջանային մակարդակի գործողություններին, պայմանով, որ նման համաձայնությունները կամ մարմինները և նրանց գործողությունները համատեղելի լինեն Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

2. Միավորված ազգերի կազմակերպության` նման համաձայնությունների եկող և նման մարմիններ կազմող անդամները պետք է այդ տարածաշրջանային համաձայնությունների կամ մարմինների օգնությամբ ամեն ջանք գործադրեն տեղական վեճերի խաղաղ կարգավորման համար նախքան դրանք Անվտանգության խորհրդին հղելը:

3. Անվտանգության խորհուրդը շահագրգիռ պետությունների կամ իր նախաձեռնությամբ պետք է քաջալերի նման տարածաշրջանային համաձայնությունների կամ նման տարածաշրջանային մարմինների օգնությամբ տեղական վեճերի խաղաղ կարգավորման զարգացումը:

4. Սույն հոդվածը ոչ մի կերպ չի խոչընդոտում 34-րդ և և 35-րդ հոդվածների կիրառումը:

 

Հոդված 53

 

1. Անվտանգության խորհուրդը, այնտեղ, որտեղ դա տեղին է, նման տարածաշրջանային համաձայնությունները և մարմինները օգտագործում է իր ղեկավարությամբ հարկադրական գործողություններ ձեռնարկելու համար: Սակայն առանց Անվտանգության խորհրդի լիազորության, տարածաշրջանային համաձայնությունների արդյունքում կամ տարածաշրջանային մարմինների կողմից չեն կարող նախաձեռնվել նման հարկադրական գործողություններ, բացառությամբ, նախատեսված 107-րդ հոդվածով, ցանկացած թշնամի պետության դեմ ձեռնարկվածներից, ինչպես սահմանված է սույն հոդվածի 2-րդ կետում, կամ տարածաշրջանային համաձայնություններով նախատեսվածներից, որոնք ուղղված են որևէ այդպիսի պետության կողմից ագրեսիվ քաղաքականության նորոգման դեմ, քանի դեռ շահագրգիռ կառավարությունների խնդրանքով կազմակերպության վրա չի դրվել այդպիսի պետության կողմից հետագա ագրեսիայի կանխման պատասխանատվությունը:

2. «Թշնամական պետություն» տերմինը, որը գործածված է սույն հոդվածի 1-ին կետում, վերաբերում է ցանկացած պետության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է սույն Կանոնադրությունը ստորագրող ցանկացած պետության թշնամի:

 

Հոդված 54

 

Անվտանգության խորհուրդը պետք է լիակատար կերպով տեղեկացված լինի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված տարածաշրջանային համաձայնությունների կամ տարածաշրջանային մարմինների ձեռնարկած կամ նախատեսվող գործողությունների մասին:

 

ԳԼՈՒԽ 9
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 55

 

Հետամուտ լինելով բարեկեցության ու կայունության պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են ազգերի միջև խաղաղ ու բարեկամական հարաբերությունների համար` հիմնված հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքի վրա, Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է`

ա) կենսամակարդակի բարձրացմանը, բնակչության լրիվ զբաղվածությանը և տնտեսական ու սոցիալական առաջընթացի ու զարգացման պայմաններին,

բ) միջազգային տնտեսական, սոցիալական, առողջապահական և համանման հարցերի լուծմանը, մշակույթի ու կրթության բնագավառներում միջազգային համագործակցությանը,

գ) բոլորի հանդեպ և բոլորի համար մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների համընդհանուր հարգանքին և պահպանմանը` անկախ ռասայից, սեռից, լեզվից կամ դավանանքից:

 

Հոդված 56

 

Կազմակերպության բոլոր անդամները պարտավորվում են 55-րդ հոդվածում նշված նպատակներին հասնելու համար ձեռնարկել համատեղ և ինքնուրույն գործողություններ` կազմակերպության հետ համագործակցելով:

 

Հոդված 57

 

1. Զանազան մասնագիտացված գործակալությունները, որոնք ստեղծվում են միջկառավարական համաձայնություններով և իրենց հիմնադիր փաստաթղթերում սահմանված միջազգային լայն պարտավորություններ ունեն տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահության և համանման ոլորտներում, Միավորված ազգերի կազմակերպության հետ կապի մեջ կմտնեն համաձայն 63-րդ հոդվածի դրույթների:

2. Նման գործակալությունները, որոնք Միավորված ազգերի կազմակերպության հետ կապի մեջ են նշված կերպով, այսուհետ կանվանվեն «մասնագիտացված գործակալություններ»:

 

Հոդված 58

 

Կազմակերպությունը հանձնարարականներ է ներկայացնում մասնագիտացված գործակալությունների քաղաքականության և գործունեության համակարգման համար:

 

Հոդված 59

 

Կազմակերպությունը հարկ եղած դեպքում նախաձեռնություն է ցուցաբերում, որպեսզի շահագրգիռ պետությունները բանակցություններ վարեն նոր մասնագիտացված գործակալություններ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ կլինեն 55-րդ հոդվածում նշված նպատակներին հասնելու համար:

 

Հոդված 60

 

Կազմակերպության` սույն գլխում շարադրված գործառույթների իրականացման պատասխանատվությունը կրում է Գլխավոր ասամբլեան, ինչպես նաև Գլխավոր ասամբլեայի ղեկավարությամբ` Տնտեսական և սոցիալական խորհուրդը, որին այդ նպատակով տրվում են լիազորություններ` նշված 10-րդ գլխում:

 

ԳԼՈՒԽ 10
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԸ

 

Հոդված 61

 

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրված հիսունչորս անդամներից:

2. Առաջնորդվելով 3-րդ կետում շարադրված դրույթներով` Տնտեսական և սոցիալական խորհրդի տասնութ անդամ ընտրվում է ամեն տարի երեք տարի ժամկետով: Ժամկետը սպառած անդամը կարող է վերընտրվել անմիջապես:

3. Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջին ընտրություններում անդամների թիվը քսանյոթից հիսունչորսի հասնելուց հետո, ի հավելումն պաշտոնավարության ժամկետը տարեվերջին սպառող ինը անդամների փոխարեն ընտրվողների, ընտրվում է ևս քսանյոթ լրացուցիչ անդամ: Այս քսանյոթ լրացուցիչ անդամներից իննի պաշտոնավարության ժամկետը սահմանվում է մինչև առաջին տարվա վերջը, իսկ մյուս ինն անդամների ժամկետը` համաձայն Գլխավոր ասամբլեայի որոշման, մինչև երկրորդ տարեվերջը:

4. Տնտեսական և սոցիալական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ներկայացուցիչ:

 

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 62

 

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը լիազորված է ուսումնասիրություններ կատարել կամ զեկուցագրեր պատրաստել միջազգային տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական և համանման հարցերի վերաբերյալ կամ շահագրգռել այդ հարցերով ուրիշներին, ինչպես նաև ցանկացած այդպիսի հարցով հանձնարարականներ ներկայացնել Գլխավոր ասամբլեային, Միավորված ազգերի կազմակերպության անդամներին և շահագրգիռ մասնագիտացված գործակալություններին:

2. Խորհուրդը լիազորված է հանձնարարականներ ներկայացնել բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքն ու դրանց պահպանումը խրախուսելու համար:

3. Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր պատրաստել Գլխավոր ասամբլեային ներկայացնելու համար:

4. Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Միավորված ազգերի կազմակերպության սահմանած կանոնների համաձայն, կարող է հրավիրել միջազգային խորհրդաժողովներ իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ:

 

Հոդված 63

 

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է համաձայնություններ կնքել 57-րդ հոդվածում նշված ցանկացած գործակալության հետ` սահմանելով այն պայմանները, որոնցով տվյալ գործակալությունը հարաբերություններ հաստատի Միավորված ազգերի կազմակերպության հետ: Նման համաձայնությունները ենթակա են Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Խորհուրդը կարող է համակարգել մասնագիտացված գործակալությունների գործողությունները նրանց հետ խորհրդակցություններ անցկացնելու և հանձնարարականներ տալու, ինչպես նաև Գլխավոր ասամբլեային ու Միավորված ազգերի կազմակերպության անդամներին հանձնարարականներ ներկայացնելու միջոցով:

 

Հոդված 64

 

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել մասնագիտացված գործակալություններից պարբերաբար զեկուցագրեր ստանալու նպատակով: Խորհուրդը կարող է համաձայնություններ կնքել Միավորված ազգերի կազմակերպության անդամների և մասնագիտացված գործակալությունների հետ իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի առնչությամբ իր հանձնարարականները և Գլխավոր ասամբլեայի հանձնարարականները կատարելու համար նրանց ձեռնարկած միջոցառումների մասին զեկուցագրեր ստանալու նպատակով:

2. Խորհուրդը կարող է այդ զեկուցագրերի վերաբերյալ իր դիտողությունները հայտնել Գլխավոր ասամբլեային:

 

Հոդված 65

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է տեղեկատվություն տրամադրել Անվտանգության խորհրդին և, Անվտանգության խորհրդի առաջարկությամբ, պարտավոր է օգնել նրան:

 

Հոդված 66

 

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդն իր իրավասության շրջանակներում իրականացնում է այնպիսի գործառույթներ, որոնք առնչվում են Գլխավոր ասամբլեայի հանձնարարականների կատարմանը:

2. Խորհուրդը, Գլխավոր ասամբլեայի հավանությամբ, կարող է ծառայություններ մատուցել Միավորված ազգերի կազմակերպության անդամների և մասնագիտացված գործակալությունների խնդրանքով:

3. Խորհուրդն իրականացնում է այնպիսի այլ գործառույթներ, որոնք թվարկված են սույն Կանոնադրության այլ հատվածներում կամ հանձնարարվում են իրեն Գլխավոր ասամբլեայի կողմից:

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 67

 

1. Տնտեսական և սոցիալական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

2. Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշումներն ընդունվում են ներկա և քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 68

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը հիմնադրում է տնտեսական, սոցիալական ոլորտների և մարդու իրավունքները խրախուսող հանձնաժողովներ, ինչպես նաև իր գործառույթների իրականացմանն անհրաժեշտ այլ հանձնաժողովներ:

 

Հոդված 69

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի, առանց ձայնի իրավունքի, մասնակցելու իր քննարկումներին ցանկացած հարցով, որը մասնավոր հետաքրքրություն է ներկայացնում տվյալ անդամի համար:

 

Հոդված 70

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է քննարկումներ կազմակերպել խորհրդում կամ իր ստեղծած գործակալություններում մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, առանց ձայնի իրավունքի, ինչպես նաև քննարկումներ կազմակերպել մասնագիտացված գործակալություններում խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հոդված 71

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ոչ կառավարական այն կազմակերպությունների հետ խորհրդատվություն անցկացնելու համար, որոնք շահագրգիռ են իր իրավասությանը վերաբերող հարցերում: Նման միջոցառումները կարող են համաձայնեցվել միջազգային, հարկ եղած դեպքում նաև ազգային կազմակերպությունների հետ Միավորված ազգերի կազմակերպության շահագրգիռ անդամի հետ խորհրդակցելուց հետո:

 

Հոդված 72

 

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը սահմանում է ընթացակարգի սեփական կանոնները, ներառյալ իր նախագահ ընտրելու կարգը:

2. Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, համաձայն իր կանոնների, որոնք պետք է ընդգրկեն անդամների մեծամասնության խնդրանքով նիստ գումարելու մասին դրույթը:

 

ԳԼՈՒԽ 11
ՀՌՉԱԿԱԳԻՐ ՈՉ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 73

 

Միավորված ազգերի կազմակերպության անդամները, որոնք պատասխանատվություն են կրում կամ ստանձնում այնպիսի տարածքների կառավարման համար, որոնց ժողովուրդները դեռևս չեն հասել լիակատար ինքնակառավարման, ընդունում են այն սկզբունքը, որ տվյալ տարածքների բնակչության շահերն առաջնահերթ են և, իբրև նվիրական պարտականություն, պատասխանատվություն են ստանձնում սույն Կանոնադրությամբ հաստատված միջազգային խաղաղության և անվտանգության համակարգի շրջանակներում առավելագույնս նպաստել այդ տարածքների բնակչության բարօրությանը և այդ նպատակով`

ա) այդ ժողովուրդների մշակույթի հանդեպ պատշաճ հարգանք դրսևորելով` ապահովել նրանց քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական առաջընթացը, նրանց նկատմամբ արդարացի վերաբերմունքն ու նրանց պաշտպանությունը չարաշահումներից,

բ) զարգացնել ինքնակառավարումը, պատշաճ կերպով հաշվի առնել այդ ժողովուրդների քաղաքական ձգտումները և օժանդակել նրանց ազատ քաղաքական հաստատությունների առաջադիմական զարգացմանը` ըստ յուրաքանչյուր տարածքի և նրա ժողովրդի մասնավոր հանգամանքների և զարգացման տարբեր աստիճանների,

գ) ամրապնդել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը,

դ) առաջ մղել զարգացման կառուցողական միջոցառումները, խրախուսել հետազոտությունները, համագործակցել միմյանց հետ և, ուր և երբ հարկ է, միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ` հանուն սույն հոդվածում շարադրված սոցիալական, տնտեսական ու գիտական նպատակների գործնական իրականացման և

ե) տեղեկատվության նպատակով և այնպիսի սահմանափակումներով, որոնք կարող են պահանջվել անվտանգության և սահմանադրական նկատառումներով, պարբերաբար Գլխավոր քարտուղարին հաղորդել վիճակագրական և տեխնիկական բնույթի այլ տեղեկություններ իրենց պատասխանատվության ներքո գտնվող տարածքների տնտեսական, սոցիալական և կրթական պայմանների վերաբերյալ, բացառությամբ այն տարածքների, որոնց վերաբերում են 11-րդ և 12-րդ գլուխները:

 

Հոդված 74

 

Միավորված ազգերի կազմակերպության անդամները համաձայնվում են նաև, որ սույն հոդվածին վերաբերող տարածքների նկատմամբ իրենց քաղաքականությունը, ոչ պակաս, քան իրենց բուն տարածքների դեպքում, պետք է հիմնված լինի բարիդրացիության սկզբունքի վրա` հաշվի առնելով մնացած աշխարհի շահերն ու բարօրությունը սոցիալական, տնտեսական և առևտրական գործերում:

 

ԳԼՈՒԽ 12
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 75

 

Միավորված ազգերի կազմակերպությունը իր ղեկավարության ներքո ստեղծում է խնամակալության միջազգային համակարգն այն տարածքների կառավարման ու վերահսկման համար, որոնք կներգրավվեն իր մեջ հետագա անհատական համաձայնություններով: Այդ տարածքներն այսուհետև կոչվում են խնամարկյալ տարածքներ:

 

Հոդված 76

 

Խնամակալության համակարգի հիմնական խնդիրները, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության` սույն Կանոնադրության 1-ին հոդվածում շարադրված նպատակների, հետևյալն են.

ա) ամրապնդել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը.

բ) նպաստել խնամարկյալ տարածքների բնակչության քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական առաջընթացին և նրանց առաջադիմական զարգացմանն ինքնակառավարման կամ անկախության ուղղությամբ` համաձայն յուրաքանչյուր տարածքի և դրա բնակչության մասնավոր հանգամանքների և այդ ժողովուրդների ազատ արտահայտած ցանկության, ինչպես նաև յուրաքանչյուր խնամակալության համաձայնագրով նախատեսված պայմանների:

գ) խրախուսել հարգանքը մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ

բոլորի համար` անկախ ռասայից, սեռից, լեզվից կամ դավանանքից, ինչպես նաև խրախուսել փոխադարձ կախվածության ընդունումը աշխարհի ժողովուրդների կողմից,

դ) ապահովել հավասար վերաբերմունքը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների և նրանց քաղաքացիների հանդեպ սոցիալական, տնտեսական և առևտրական ոլորտներում, ինչպես նաև հավասար վերաբերմունքը վերջիններիս հանդեպ արդարադատության իրականացման հարցում` չխոչընդոտելով վերը շարադրված նպատակների իրականացումը և հավատարիմ մնալով 80-րդ հոդվածի դրույթներին:

 

Հոդված 77

 

1. Խնամակալության համակարգը վերաբերում է ստորև թվարկվող այն տարածքներին, որոնք կարող են ընդգրկվել իր մեջ` համաձայն խնամակալության համաձայնագրերի.

ա) տարածքներ, որոնց վրա ներկայումս տարածվում է մանդատը.

բ) տարածքներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով կարող են օտարվել թշնամի պետությունների կողմից, և

գ) տարածքներ, որոնց կառավարման պատասխանատվությունը ստանձնած պետությունները կամավոր հանձնել են համակարգին:

2. Այն հարցը, թե վերը թվարկված տարածքներից որոնք և ինչ պայմաններով կընդգրկվեն խնամակալության համակարգում, հետագա համաձայնության առարկա է:

 

Հոդված 78

 

Խնամակալության համակարգը չի վերաբերում Միավորված ազգերի կազմակերպության անդամներ դարձած այն երկրներին, որոնց հարաբերությունները պետք հիմնված լինեն ինքնավար հավասարության սկզբունքը հարգելու վրա:

 

Հոդված 79

 

Խնամակալության համակարգում ընդգրկվելիք յուրաքանչյուր տարածքի խնամակալության պայմանները, այդ թվում և բոլոր փոփոխություններն ու ճշգրտումները սահմանվում են անմիջականորեն շահագրգիռ պետությունների համաձայնություններով, ներառյալ մանդատով օժտված երկրները, այն դեպքում, երբ տարածքները Միավորված ազգերի կազմակերպության անդամներից մեկի մանդատի ներքո են և հաստատվում են 83-րդ և 85-րդ հոդվածներում սահմանված կարգով:

 

Հոդված 80

 

1. Բացառությամբ այն դեպքերի, որոնք կարող են համաձայնեցվել խնամակալության առանձին համաձայնագրերով` ամրագրվելով 77-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածների համաձայն, որոնցով յուրաքանչյուր տարածք ընդունվում է խնամակալության համակարգ, մինչ այդ համաձայնագրերի կնքումը սույն գլխում զետեղված ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած պետության կամ ժողովրդի որևէ իրավունքի որևէ փոփոխություն կամ գոյություն ունեցող միջազգային պայմանագրերի պայմանների փոփոխություն, որոնց մասնակիցները համապատասխանաբար կարող են լինել Միավորված ազգերի կազմակերպության անդամները:

2. Սույն հոդվածի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել իբրև մանդատային կամ այլ տարածքները խնամակալության համակարգում ընդգրկելու շուրջ բանակցությունների ուշացման կամ հետաձգման հիմք, ինչպես որ նախատեսված է 77-րդ հոդվածով:

 

Հոդված 81

 

Ամեն առանձին դեպքում խնամակալության համաձայնագիրը պետք է ընդգրկի այն պայմանները, որոնցով կառավարվելու է խնամարկյալ տարածքը, ինչպես նաև պետք է սահմանի իշխանությունը, որը պետք է իրականացնի խնամարկյալ տարածքի կառավարումը: Այդ իշխանությունը, որ այսուհետև կոչվելու է վարչական իշխանություն, իրենից կարող է ներկայացնել մեկ կամ ավելի պետություններ և կամ ինքնին Միավորված ազգերի կազմակերպությունը:

 

Հոդված 82

 

Խնամակալության ցանկացած համաձայնագրում կարող են նշվել ռազմավարական նշանակություն ունեցող շրջանը կամ շրջանները, որոնք կարող են ընդգրկել համաձայնագրի առարկա հանդիսացող խնամարկյալ տարածքի մի մասը կամ ամբողջ տարածքը` չխախտելով 43-րդ հոդվածի համաձայն կնքված որևէ հատուկ համաձայնագիր կամ համաձայնագրեր:

 

Հոդված 83

 

1. Միավորված ազգերի կազմակերպության` ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններին առնչվող բոլոր գործառույթները, ներառյալ խնամակալության համաձայնագրերի և դրանց փոփոխությունների կամ լրամշակումների հաստատումը, իրականացնում է Անվտանգության խորհուրդը:

2. 76-րդ հոդվածում շարադրված հիմնական նպատակները վերաբերում են ռազմավարական նշանակություն ունեցող յուրաքանչյուր շրջանի ժողովրդին:

3. Հետևելով խնամակալության համաձայնագրերում զետեղված դրույթներին և չխախտելով անվտանգության պահանջները` Անվտանգության խորհուրդն օգտվում է Հոգաբարձուների խորհրդի օժանդակությունից իրականացնելու համար, խնամակալության համակարգին համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության այն գործառույթները, որոնք վերաբերում են ռազմավարական շրջանների քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրթական հարցերին:

 

Հոդված 84

 

Վարչական իշխանության պարտականությունն է ապահովել, որպեսզի խնամարկյալ տարածքն իր դերը կատարի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում: Այս նպատակով վարչական իշխանությունը կարող է օգտագործել խնամարկյալ տարածքի կամավոր զինված ուժերը, ծառայությունները և օգնությունը Անվտանգության խորհրդի առջև այդ առնչությամբ իր ստանձնած պարտավորությունները կատարելիս, նմանապես տեղական ինքնապաշտպանության և խնամարկյալ տարածքի սահմաններում ներքին կարգուկանոնը պահպանելու համար:

 

Հոդված 85

 

1. Միավորված ազգերի կազմակերպության` ռազմավարական շրջանների շարքին չպատկանող խնամարկյալ բոլոր տարածքների վերաբերյալ համաձայնագրերին առնչվող գործառույթները, ներառյալ խնամակալության համաձայնագրերի և դրանց փոփոխությունների կամ լրամշակումների հաստատումը, իրականացնում է Գլխավոր ասամբլեան:

2. Խնամակալության խորհուրդը, գործելով Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո, օգնում է Գլխավոր ասամբլեային` իրականացնելու այդ գործառույթները:

 

ԳԼՈՒԽ 13
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԸ

 

Հոդված 86

 

1. Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության հետևյալ անդամներից.

ա) խնամարկյալ տարածքներ կառավարող անդամներ,

բ) 23-րդ հոդվածում հանվանե հիշատակված այն անդամները, որոնք խնամարկյալ տարածքներ չեն կառավարում,

գ) Գլխավոր ասամբլեայի կողմից երեքական տարի ժամկետով ընտրվող այնքան այլ անդամներ, որքան անհրաժեշտ կլինեն, որպեսզի Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվում հավասարապես պահպանվի Միավորված ազգերի կազմակերպության` խնամարկյալ տարածքներ կառավարող և չկառավարող անդամների համամասնությունը:

2. Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ հատուկ որակավորում ունեցող մեկ անձի նշանակում է իր ներկայացուցիչ Հոգաբարձուների խորհրդում:

 

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 87

 

Գլխավոր ասամբլեան և իր ղեկավարության տակ գտնվող Հոգաբարձուների խորհուրդը իրենց գործառույթներն իրականացնելիս լիազորվում են`

ա) քննարկել վարչական իշխանության ներկայացրած զեկուցագրերը,

բ) ընդունել և քննության առնել խնդրագրեր` խորհրդակցելով վարչական իշխանության հետ,

գ) վարչական իշխանության հետ համաձայնեցված ժամկետներում պարբերական այցելություններ կատարել համապատասխան խնամարկյալ տարածքներ, և

դ) ձեռնարկել նշված և այլ գործողություններ խնամակալության համաձայնագրերի պայմաններին համապատասխան:

 

Հոդված 88

 

Հոգաբարձուների խորհուրդը մշակում է խնամարկյալ յուրաքանչյուր տարածքի բնակիչների քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրթական առաջընթացի վերաբերյալ հարցաթերթիկ, իսկ Գլխավոր ասամբլեայի իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր խնամարկյալ տարածքի վարչական իշխանությունը այդ հարցաթերթիկի հիման վրա ամենամյա զեկուցագրեր է ներկայացնում Գլխավոր ասամբլեային:

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 89

 

1. Խնամակալության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

2. Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են ներկա և քվեարկող անդամների մեծամասնությամբ:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 90

 

1. Հոգաբարձուների խորհուրդն ընդունում է ընթացակարգի սեփական կանոնները, ներառյալ իր նախագահին ընտրելու կարգը:

2. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, համաձայն իր ընթացակարգային կանոնների, որոնք պետք է ներառեն անդամների մեծամասնության պահանջով նիստ գումարելու մասին դրույթը:

 

Հոդված 91

 

Հոգաբարձուների խորհուրդը հարկ եղած դեպքում դիմում է Տնտեսական և սոցիալական խորհրդի և մասնագիտացված գործակալությունների օժանդակությանը այն հարցերի առնչությամբ, որոնցում վերջիններս համապատասխանաբար շահագրգռված են:

 

ԳԼՈՒԽ 14
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

 

Հոդված 92

 

Միջազգային դատարանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր դատական մարմինն է: Այն գործում է համաձայն կից ներկայացվող կանոնագրի, որը հիմնված է Միջազգային արդարադատության մշտական պալատի կանոնագրի վրա և սույն Կանոնադրության անբաժան մասն է կազմում:

 

Հոդված 93

 

1. Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամները Միջազգային դատարանի կանոնագրի ipso facto կողմեր են:

2. Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունը կարող է դառնալ Միջազգային դատարանի կանոնագրի մասնակից այն պայմաններով, որոնք սահմանվում են յուրաքանչյուր առանձին դեպքում Գլխավոր ասամբլեայի կողմից Անվտանգության խորհրդի հանձնարարականով:

 

Հոդված 94

 

1. Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել Միջազգային դատարանի վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում:

2. Եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար:

 

Հոդված 95

 

Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խոչընդոտում Միավորված ազգերի կազմակերպության անդամներին, համաձայն արդեն գոյություն ունեցող կամ հետագայում կնքվելիք համաձայնագրերի, վստահելու իրենց տարաձայնությունների լուծումը այլ դատարանների:

 

Հոդված 96

 

1. Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը կարող են ցանկացած իրավական հարցի վերաբերյալ Միջազգային դատարանից խորհրդակցական կարծիք հայցել:

2. Գլխավոր ասամբլեայի կողմից ցանկացած ժամանակ նման լիազորություն ստացած Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններն ու մասնագիտական գործակալությունները նույնպես կարող են իրենց գործունեության սահմաններում ծագող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդակցական կարծիք հայցել Միջազգային դատարանից:

 

ԳԼՈՒԽ 15
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 97

 

Քարտուղարությունը բաղկացած է Գլխավոր քարտուղարից և Միավորված ազգերի կազմակերպության համար անհրաժեշտ այլ աշխատակազմից: Գլխավոր քարտուղարը նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից` Անվտանգության խորհրդի հանձնարարականով: Նա հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան:

 

Հոդված 98

 

Գլխավոր քարտուղարը` որպես այդպիսին, հանդես է գալիս Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի, Տնտեսական և սոցիալական խորհրդի և Հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերում, ինչպես նաև կատարում է բոլոր այն գործառույթները, որոնք վստահված են իրեն նշված մարմինների կողմից: Գլխավոր քարտուղարը կազմակերպության աշխատանքի մասին ամենամյա զեկուցագրեր է ներկայացնում Գլխավոր ասամբլեային:

 

Հոդված 99

 

Գլխավոր քարտուղարը իրավասու է Անվտանգության խորհրդի ուշադրությանը ներկայացնել ցանկացած հարց, որը, իր կարծիքով, կարող է սպառնալ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

 

Հոդված 100

 

1. Իրենց պարտականությունները կատարելիս Գլխավոր քարտուղարը և քարտուղարության աշխատակազմը կարգադրություններ չեն ակնկալում կամ ստանում կազմակերպության համար կողմնակի որևէ կառավարությունից կամ իշխանությունից: Նրանք ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը կարող է անդրադառնալ իրենց` որպես միմիայն կազմակերպության առջև պատասխանատու միջազգային պաշտոնյա անձանց, դիրքի վրա:

2. Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է հարգել Գլխավոր քարտուղարի և քարտուղարության աշխատակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չպետք է փորձի ներգործել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ընթացքում:

 

Հոդված 101

 

1. Քարտուղարության աշխատակազմը նշանակվում է Գլխավոր քարտուղարի կողմից, Գլխավոր ասամբլեայի հաստատած կանոնների համաձայն:

2. Տնտեսական և սոցիալական խորհրդին, Հոգաբարձուների խորհրդին և, եթե անհրաժեշտ է, Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններին հատկացվում է մշտական աշխատակազմ: Այդ աշխատակազմերը Քարտուղարության մասն են կազմում:

3. Աշխատակազմին աշխատանքի ընդունելիս և ծառայության պայմանները սահմանելիս հարկ է գերազանցապես առաջնորդվել աշխատունակության բարձր մակարդակ, բանիմացություն և բարեխղճություն ապահովելու անհրաժեշտությամբ: Հարկ է պատշաճ ուշադրություն դարձնել հնարավորինս լայն աշխարհագրական ընդգրկումով աշխատակազմ հավաքագրելու կարևորությանը:

 

ԳԼՈՒԽ 16
ՏԱՐԲԵՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 102

 

1. Սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կնքած բոլոր պայմանագրերն ու միջազգային համաձայնագրերը պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում գրանցվեն Քարտուղարությունում և հրապարակվեն նրա կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չարձանագրված որևէ դաշինքի կամ միջազգային համաձայնագրի կողմերը չեն կարող Միավորված ազգերի կազմակերպության որևէ մարմնում վկայակոչել այդ դաշինքը կամ միջազգային համաձայնագիրը:

 

Հոդված 103

 

Այն դեպքում, երբ Միավորված ազգերի կազմակերպության անդամի` սույն Կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները հակասում են ցանկացած այլ միջազգային համաձայնագրերով նրա ստանձնած պարտավորություններին, ապա գերակայում են սույն Կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները:

 

Հոդված 104

 

Միավորված ազգերի կազմակերպությունն իր յուրաքանչյուր անդամի տարածքում օգտվում է այնպիսի իրավասությունից, որպիսին կարող է անհրաժեշտ լինել իր գործառույթներն ու նպատակներն իրականացնելու համար:

 

Հոդված 105

 

1. Միավորված ազգերի կազմակերպությունն իր յուրաքանչյուր անդամի տարածքում օգտվում է այնպիսի արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են իր նպատակներն իրականացնելու համար:

2. Միավորված ազգերի կազմակերպության անդամների ներկայացուցիչները և նրա պաշտոնյաները նույնպես օգտվում են այնպիսի արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են կազմակերպության գործունեության հետ. կապված իրենց գործառույթներն ինքնուրույն իրականացնելու համար:

3. Գլխավոր ասամբլեան կարող է հանձնարարականներ ներկայացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի կիրառության մանրամասները սահմանելու նպատակով, ինչպես նաև նույն այդ նպատակով համաձայնագրեր առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության անդամներին:

 

ԳԼՈՒԽ 17
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 106

 

Մինչ 43-րդ հոդվածում հիշատակված հատուկ համաձայնագրերի ուժի մեջ մտնելը, որոնք, Անվտանգության խորհրդի կարծիքով, հնարավորություն են տալիս իրեն սկսելու 42-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունների կատարումը, 1943 թ. հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված Չորս տերությունների հռչակագրի մասնակիցները, ինչպես նաև Ֆրանսիան, այդ հռչակագրի 5-րդ կետի համաձայն, պետք է խորհրդակցեն միմյանց հետ, հարկ եղած դեպքում նաև Միավորված ազգերի կազմակերպության այլ անդամների հետ` նպատակ ունենալով կազմակերպության անունից դիմել այնպիսի համատեղ գործողությունների, որոնք կարող են անհրաժեշտ դիտվել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար:

 

Հոդված 107

 

Սույն Կանոնադրությունը որևէ կերպ չի զրկում իրավաբանական ուժից այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով նման գործողությունների պատասխանատվություն կրող կառավարությունների կողմից ցանկացած պետության նկատմամբ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թշնամի է եղել սույն Կանոնադրությունը ստորագրած ցանկացած պետության, ինչպես նաև չի խոչընդոտում նման գործողությունները:

 

ԳԼՈՒԽ 18
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 108

 

Սույն Կանոնադրության փոփոխությունները Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների համար ուժի մեջ են մտնում Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդով ընդունվելուց և Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների, ներառյալ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամ պետությունների երկու երրորդի կողմից, համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի, վավերացնելուց հետո:

 

Հոդված 109

 

1. Սույն Կանոնադրության վերանայման նպատակով հրավիրված Միավորված ազգերի կազմակերպության անդամների խորհրդաժողովի կազմակերպման վայրն ու ժամանակը սահմանվում են Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդով և Անվտանգության խորհրդի ցանկացած ինը անդամների ձայներով: Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ խորհրդաժողովում ունի մեկ ձայն:

2. Սույն Կանոնադրության ցանկացած փոփոխություն` առաջարկված խորհրդաժողովի մասնակիցների ձայների երկու երրորդով, ուժի մեջ է մտնում Գլխավոր ասամբլեայի անդամների երկու երրորդի, ներառյալ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների կողմից վավերացվելուց հետո` համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի:

3. Եթե սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մինչև Գլխավոր ասամբլեայի տասներորդ ամենամյա նստաշրջանը նման խորհրդաժողով չի գումարվում, ապա այդ խորհրդաժողովն անցկացնելու առաջարկությունները մտնում են Գլխավոր ասամբլեայի այդ նստաշրջանի օրակարգ, և խորհրդաժողովը գումարվում է Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների պարզ մեծամասնության և Անվտանգության խորհրդի ցանկացած յոթ անդամների ձայների որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 19
ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

 

Հոդված 110

 

1. Սույն Կանոնադրությունը այն ստորագրող պետությունների կողմից վավերացվում է համաձայն վերջիններիս սահմանադրական ընթացակարգի:

2. Վավերագրերը ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որը բոլոր ստորագրող պետություններին, ինչպես և, նշանակվելուց հետո, Գլխավոր քարտուղարին ծանուցում է ի պահ հանձնվող յուրաքանչյուր վավերագրի մասին:

3. Սույն Կանոնադրությունը ուժ մեջ է մտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Հանրապետության, Ֆրանսիայի, ինչպես նաև ստորագրող մյուս պետությունների մեծամասնության կողմից վավերագրերը ի պահ հանձնելուց հետո: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կազմում է ի պահ հանձնված վավերագրերի արձանագրությունները, որոնց պատճեններն ուղարկում է Կանոնադրությունը ստորագրող բոլոր պետություններին:

4. Սույն Կանոնադրությունը ստորագրող այն պետությունները, որոնք վավերացնում են այն ուժի մեջ մտնելուց հետո, դառնում են Միավորված ազգերի կազմակերպության սկզբնական անդամներ համապատասխան վավերագրերը ի պահ հանձնելու օրվանից:

 

Հոդված 111

 

Սույն Կանոնադրության չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր բնագրեր են, պահպանվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արխիվներում: Կանոնադրության պատշաճ կերպով վավերացված պատճենները այդ կառավարության կողմից առաքվում են ստորագրող մյուս կառավարություններին:

Ի հավաստումն որի` Միավորված ազգերի կազմակերպության կառավարությունների ներկայացուցիչները ստորագրել են սույն Կանոնադրությունը:

Կատարված է Սան Ֆրանցիսկո քաղաքում հազար ինը հարյուր քառասունհինգ թվականի հունիսի քսանվեցերորդ օրը:

 

* Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև):

 

 

pin
ՄԱԿ
26.06.1945
Կանոնադրություն