Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1

 

Միջազգային դատարանը, որը հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ` որպես Միավորված ազգերի կազմակերպության հիմնական դատական մարմին, կկազմավորվի և կգործի սույն Կանոնադրության դրույթներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 1
ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 2

 

Դատարանը բաղկացած է անկախ դատավորների կոլեգիայից, որոնք ընտրվում են, անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական հատկանիշներ ունեցող անձանցից, որոնք համապատասխանում են իրենց համապատասխան երկրներում բարձր դատական պաշտոնների նշանակման համար սահմանված չափանիշներին կամ միջազգային իրավունքի բնագավառում ճանաչված իրավաբաններ են:

 

Հոդված 3

 

1. Դատարանը բաղկացած է 15 անդամից, ընդ որում` նրա կազմում չպետք է լինի միևնույն պետության երկու քաղաքացի:

2. Անձը, որը Դատարանին անդամակցելու նպատակով համարվում է, որ ունի մեկից ավել պետության քաղաքացիություն, հանդիսանում է այն պետության քաղաքացի, որտեղ սովորաբար օգտվում է իր քաղաքացիական և քաղաքական իրավունքներից:

 

Հոդված 4

 

1. Դատարանի անդամները ընտրվում են Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից` այն անձանց ցուցակից, որոնք, հետևյալ դրույթներին համապատասխան, ցուցակում նշանակվում են Արբիտրաժային մշտական դատարանի ազգային խմբերի կողմից:

2. Ինչ վերաբերում է Արբիտրաժային մշտական դատարանում չներկայացված Միավորված ազգերի կազմակերպության անդամներին, ապա թեկնածուներին ներկայացնում են ազգային խմբերը, որոնք այդ նպատակի համար նշանակված են իրենց կառավարությունների կողմից, պահպանելով «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» 1907 թ. Հաագայի կոնվենցիայի 44-րդ հոդվածով Արբիտրաժային մշտական դատարանի անդամների համար սահմանված պայմանները:

3. Այն պայմանները, որոնց համաձայն սույն Կանոնադրության մասնակից պետությունը, որը, սակայն, չի մտնում Միավոր ազգերի կազմակերպության մեջ, կարող է մասնակցել Դատարանի անդամների ընտրությանը, սահմանվում են, հատուկ համաձայնագրի բացակայության դեպքում, Գլխավոր ասամբլեայի կողմից` Անվտանգության խորհրդի երաշխավորությամբ:

 

Հոդված 5

 

1. Ընտրությունների օրից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ Միավոր ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը դիմում է Արբիտրաժային դատարանի մշտական պալատի անդամներին, որոնք պատկանում են սույն Կանոնադրության մասնակից պետությունների թվին, և 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված ազգային խմբերի անդամներին գրավոր առաջարկությամբ այն մասին, որ յուրաքանչյուր ազգային խումբ որոշակի ժամկետի ընթացքում նշի այն թեկնածուներին, որոնք կարող են ստանձնել Դատարանի անդամների պարտականությունները:

2. Ոչ մի խումբ չի կարող առաջադրել չորսից ավել թեկնածու, ընդ որում` երկուսից ավել թեկնածու չեն կարող լինել խումբը ներկայացնող պետության քաղաքացիներ: Խմբի առաջադրած թեկնածուների թիվը ոչ մի դեպքում չի կարող երկու անգամ գերազանցել լրացման ենթակա տեղերը:

 

Հոդված 6

 

Երաշխավորվում է, որ յուրաքանչյուր խումբ մինչև թեկնածուների առաջադրումը կհայցի իր երկրի բարձրագույն դատական մարմինների, իրավաբանական ֆակուլտետների, իրավաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև իրավունքի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային ակադեմիաների ազգային բաժանմունքների կարծիքները:

 

Հոդված 7

 

1. Գլխավոր քարտուղարը այբբենական կարգով կազմում է բոլոր այն անձանց ցուցակը, որոնց թեկնածությունները առաջադրվել են: Բացառությամբ 12-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքի` միայն այդ ցուցակում առաջադրված անձինք կարող են ընտրվել:

2. Գլխավոր քարտուղարը այդ ցուցակը ներկայացնում է Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին:

 

Հոդված 8

 

Գլխավոր ասամբլեան և Անվտանգության խորհուրդը Դատարանի անդամների ընտրությունները անց են կացնում միմյանցից անկախ:

 

Հոդված 9

 

Ընտրության ժամանակ ընտրողները պետք է նկատի ունենան, որ ոչ միայն յուրաքանչյուր ընտրված առանձին պետք է բավարարի բոլոր ներկայացվող պահանջները, այլև դատավորների ամբողջ կազմը ամբողջապես պետք է ապահովի քաղաքակրթության գլխավոր ձևերի և աշխարհի հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչությունը:

 

Հոդված 10

 

1. Ընտրված են համարվում այն թեկնածուները, ովքեր ստացել են ձայների բացարձակ մեծամասնությունը և' Գլխավոր ասամբլեայում, և' Անվտանգության խորհրդում:

2. Անվտանգության խորհրդում ցանկացած քվեարկություն, ինչպես դատավորների ընտրության դեպքում, այնպես էլ 12-րդ հոդվածով նախատեսված` համաձայնեցնող հանձնաժողովի անդամների նշանակման դեպքում, կատարվում է Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների առանց որևէ տարբերակման:

3. Այն դեպքում, եթե ձայների բացարձակ մեծամասնությունը և՛ Գլխավոր ասամբլեայում, և՛ Անվտանգության խորհրդում տրվել է միևնույն պետության մեկից ավելի քաղաքացու, ընտրված է համարվում տարիքով ավագը:

 

Հոդված 11

 

Եթե ընտրությունների համար հրավիրված առաջին նիստից հետո մեկ կամ ավել տեղեր համալրված չլինի, կկայանա երկրորդ, և, անհրաժեշտության դեպքում, երրորդ նիստը:

 

Հոդված 12

 

1. Եթե երրորդ նիստից հետո մեկ կամ մի քանի տեղ լրացված չլինեն, ապա ցանկացած ժամանակ կա՛մ Գլխավոր ասամբլեայի, կա՛մ Անվտանգության խորհրդի պահանջով կարող է հրավիրվել համաձայնեցնող հանձնաժողով` բաղկացած 6 անդամից, երեքին նշանակում է Գլխավոր ասամբլեան, երեքին` Անվտանգության խորհուրդը, յուրաքանչյուր ազատ տեղի համար ձայների բացարձակ մեծամասնությամբ մեկ անդամ ընտրելու և նրա թեկնածությունը Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

2. Եթե համաձայնեցնող հանձնաժողովը միաձայն որոշում ընդունի որևէ թեկնածուի օգտին, որը կբավարարի ներկայացվող պահանջները, ապա նրա անունը կարող է ներառվել ցուցակներում` չնայած որ այն չի ներառվել 7-րդ հոդվածով նախատեսված թեկնածուների ցուցակներ:

3. Եթե համաձայնեցնող հանձնաժողովը հանգի եզրակացության, որ ընտրությունները չեն կարող կայանալ, ապա Դատարանի արդեն ընտրված անդամները Անվտանգության խորհրդի սահմանած ժամկետում ձեռնամուխ կլինեն ազատ տեղերի լրացմանը` Դատարանի անդամներ ընտրելով այն թեկնածուների ցուցակից, որոնց համար ձայներ են տրվել կա՛մ Գլխավոր ասամբլեայում, կա՛մ Անվտանգության խորհրդում:

4. Դատավորների ձայների հավասարության դեպքում տարիքով ավագի ձայնը վճռորոշ է:

 

Հոդված 13

 

1. Դատարանի անդամները ընտրվում են ինը տարով և կարող են վերընտրվել, սակայն այն պայմանով, որ Դատարանի առաջին կազմի 5 դատավորների լիազորությունների ժամկետը սպառվում է երեք տարուց, իսկ մյուս 5 դատավորների լիազորությունների ժամկետը` 6 տարուց:

2. Գլխավոր քարտուղարը առաջին ընտրությունների ավարտից հետո անհապաղ, ըստ վիճակահանության, որոշում է, թե դատավորներից ով է ընտրված համարվում վերոհիշյալ նախնական 3 և 6 տարի ժամկետներով:

3. Դատարանի անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները ընդհուպ մինչև իրենց պաշտոնաթողությունը: Նույնիսկ փոխարինումից հետո նրանք պարտավոր են ավարտել սկսած գործերը:

4. Դատարանի անդամի կողմից պաշտոնաթողության մասին հայտարարություն տրվելու դեպքում նրա հայտարարությունը հասցեագրվում է Դատարանի Նախագահին` Գլխավոր քարտուղարին փոխանցելու համար: Հայտարարությունը Վերջինիս ստանալու պահին տեղը համարվում է թափուր:

 

Հոդված 14

 

Թափուր տեղերը լրացվում են այն նույն կարգով, որը սահմանված է առաջին ընտրությունների համար` ներքոնշյալ կանոնի պահպանմամբ. թափուր տեղ բացվելուց մեկ ամսվա ընթացքում Գլխավոր քարտուղարը ձեռնամուխ է լինում 5-րդ հոդվածով նախատեսված հրավերների ուղարկմանը, իսկ ընտրությունների օրը որոշում է Անվտանգության խորհուրդը:

 

Հոդված 15

 

Դատարանի անդամը, որը ընտրվել է այն անդամի փոխարեն, որի լիազորությունների ժամկետը դեռ չի սպառվել, պաշտոնում մնում է մինչև իր նախորդի լիազորությունների ժամկետի ավարտը:

 

Հոդված 16

 

1. Դատարանի անդամները չեն կարող կատարել որևէ քաղաքական կամ վարչական պարտականություն և չեն կարող զբաղվել որևէ այլ մասնագիտական բնույթի գործունեությամբ:

2. Սույն հարցով տարակուսանքները կարգավորվում են Դատարանի որոշմամբ:

 

Հոդված 17

 

1. Դատարանի անդամներից ոչ մեկը ոչ մի գործում չի կարող կատարել ներկայացուցչի, հավատարմատարի կամ փաստաբանի պարտականություններ:

2. Դատարանի անդամներից ոչ մեկը չի կարող մասնակցել որևէ գործի կարգավորման, որին ինքը նախկինում մասնակցել է որպես կողմերից մեկի ներկայացուցիչ, հավատարմատար կամ փաստաբան կամ ազգային կամ միջազգային դատարանի, հետաքննական հանձնաժողովի անդամ կամ որևէ այլ ձևով:

3. Սույն հարցով տարակուսանքները կարգավորվում են Դատարանի որոշմամբ:

 

Հոդված 18

 

1. Դատարանի անդամը չի կարող զրկվել պաշտոնից` բացառությամբ, երբ, այլ անդամների միաձայն կարծիքով, նա դադարում է բավարարել ներկայացվող պահանջները:

2. Դրա մասին Դատարանի Նախագահը պաշտոնապես ծանուցում է Գլխավոր քարտուղարին:

3. Այդ ծանուցումը ստանալուն պես տեղը համարվում է թափուր:

 

Հոդված 19

 

Դատարանի անդամները դատական պարտականություններ կատարելիս օգտվում են դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

Հոդված 20

 

Դատարանի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մինչև պաշտոն ստանձնելը Դատարանի բաց նիստում հանդիսավոր հայտարարություն անել, որ ինքը պաշտոնավարելիս կլինի անկողմնակալ և բարեխիղճ:

 

Հոդված 21

 

1. Դատարանը ընտրում է իր Նախագահին և Փոխնախագահին 3 տարով: Նրանք կարող են վերընտրվել:

2. Դատարանը կնշանակի իր Քարտուղարին և կարող է միջոցներ ձեռնարկել նման այլ պաշտոնյաների նշանակման համար, ովքեր անհրաժեշտ կարող են լինել:

 

Հոդված 22

 

1. Դատարանի նստավայրը Հաագա քաղաքն է: Դա, այնուամենայնիվ, չի խոչընդոտում Դատարանին ցանկացած վայրում նիստեր անցկացնել և կատարել իր գործառույթները, երբ Դատարանը ցանկալի է համարում:

2. Դատարանի Նախագահը և Քարտուղարը պետք է բնակվեն Դատարանի նստավայրում:

 

Հոդված 23

 

1. Դատարանը մշտապես նիստեր է անցկացնում` բացառությամբ դատական արձակուրդների, որոնց ժամկետները և տևողությունը սահմանում է Դատարանը:

2. Դատարանի անդամները իրավունք ունեն պարբերաբար արձակուրդների, որոնց ժամկետները և տևողությունը սահմանում է Դատարանը` նկատի ունենալով Հաագայի և յուրաքանչյուր դատավորի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորությունը:

3. Դատարանի անդամները պետք է Դատարանի տրամադրության տակ գտնվեն ցանկացած ժամանակ` բացառությամբ արձակուրդում գտնվելու ժամանակի և հիվանդության կամ այլ լուրջ հիմքերով բացակայության պատճառով, որը պատշաճ կերպով պետք է բացատրվի Նախագահին:

 

Հոդված 24

 

1. Եթե ինչ-որ հատուկ պատճառով Դատարանի անդամը համարում է, որ ինքը չպետք է մասնակցի որևէ գործի դատաքննության, այդ մասին պետք է տեղեկացնի Նախագահին:

2. Եթե Նախագահը համարում է, որ ինչ-որ հատուկ պատճառով Դատարանի անդամներից որևէ մեկը չպետք է ներկա լինի որևէ գործի քննությանը, նա այդ մասին զգուշացնում է անդամին:

3. Եթե, ըստ այդմ, տարաձայնություն է առաջանում Դատարանի անդամի և Նախագահի միջև, ապա հարցը լուծվում է Դատարանի որոշմամբ:

 

Հոդված 25

 

1. Դատարանը նիստ անց է կացնում ամբողջ կազմով` բացառությամբ, երբ հստակորեն այլ բան է նախատեսված սույն Կանոնադրությունում:

2. Պայմանով, որ Դատարանում քվորում կազմելու դատավորների թիվը պակաս չէ տասնմեկից, Դատարանի կանոնները կարող են նախատեսել, որ մեկ կամ մի քանի դատավորներ, կախված հանգամանքներից, հերթականությամբ ազատվում են նիստերին մասնակցելուց:

3. Ինը դատավորներից քվորումը բավարար է դատական ներկայության կազմավորման համար:

 

Հոդված 26

 

1. Դատարանը կարող է, ըստ անհրաժեշտության, կազմավորել մեկ կամ ավելի պալատներ` բաղկացած երեք և ավելի դատավորներից, եթե Դատարանը այդպես որոշի, որոշակի տեսակի գործերի քննությունը վարելու համար. օրինակ` աշխատանքային գործեր և տարանցմանն ու հեռահաղորդակցությանը առնչվող գործեր:

2. Դատարանը կարող է ցանկացած պահի կազմավորել պալատ առանձին գործի դատաքննության համար: Նման պալատ կազմավորելու համար դատավորների քանակը սահմանում է Դատարանը` կողմերի համաձայնությամբ:

3. Գործերը լսվում և կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված պալատներում, եթե կողմերը այդպիսի խնդրանք են ներկայացնում:

 

Հոդված 27

 

26-րդ և 29-րդ հոդվածներում նախատեսված պալատների կայացրած որոշումը համարվում է Դատարանի կայացրած որոշում:

 

Հոդված 28

 

26-րդ և 29-րդ հոդվածներում նախատեսված պալատները, կողմերի համաձայնությամբ, կարող են նիստեր անցկացնել և իրենց գործառույթները կատարել Հաագայից բացի այլ վայրերում:

 

Հոդված 29

 

Գործերի կարգավորումը արագացնելու նպատակով Դատարանը ամեն տարի պալատ է կազմավորում` բաղկացած 5 դատավորներից, որը, կողմերի խնդրանքով, կարող է գործերը քննել և լուծել պարզեցված դատավարական կարգով: Այն դատավորների փոխարինման համար, ովքեր իրենց համար անհնար են համարում նիստերին մասնակցելը, լրացուցիչ հատկացվում է երկու դատավոր:

 

Հոդված 30

 

1. Դատարանը կանոններ է կազմում, որոնք սահմանում են իր գործառույթների իրականացման կարգը: Դատարանը, մասնավորապես, սահմանում է դատավարության կանոնները:

2. Դատարանի կանոններում կարող է նախատեսվել իրավախորհրդատուների մասնակցություն Դատարանի կամ նրա պալատներից որևէ մեկի նիստերին` առանց քվեարկելու իրավունքի:

 

Հոդված 31

 

1. Դատավորները, որոնք կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիներ են, իրավունք ունեն մասնակցելու Դատարանում լսվող գործի նիստերին:

2. Եթե դատավորների կազմում կա դատավոր, որը մի կողմի քաղաքացի է, ցանկացած այլ կողմ կարող է դատավարության համար որպես դատավոր ընտրել անձի` իր հայեցողությամբ: Այդ անձը գերազանցապես ընտրվում է այն անձանցից, որոնք առաջադրվել են որպես թեկնածուներ 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

3. Եթե դատավորների կազմում չկա կողմերի քաղաքացիություն ունեցող ոչ մի դատավոր, ապա այդ կողմերից յուրաքանչյուրը կարող է ընտրել դատավոր սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են 26-րդ և 29-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում: Այդ դեպքերում Նախագահը խնդրում է մեկ կամ, անհրաժեշտության դեպքում, պալատի կազմից Դատարանի երկու անդամների, որ նրանք իրենց տեղը զիջեն շահագրգիռ կողմերի քաղաքացիություն ունեցող Դատարանի անդամներին կամ, նմանների բացակայության կամ ներկա գտնվելու անհնարինության դեպքերում, կողմերի հատուկ ընտրած դատավորներին:

5. Եթե մի քանի կողմեր ունեն ընդհանուր շահ, ապա նրանք, քանի որ դա վերաբերում է նախորդ դրույթներին, դիտվում են որպես մեկ կողմ: Այս հարցի կապակցությամբ կասկածանքների դեպքում այն կարգավորվում է Դատարանի որոշմամբ:

6. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ընտրված դատավորները պետք է բավարարեն սույն Կանոնադրության 2-րդ հոդվածի, 17-րդ հոդվածի 2-րդ կետի, 20-րդ և 24-րդ հոդվածների պահանջները: Նրանք մասնակցում են որոշումների ընդունմանն իրենց գործընկերների հետ հավասար պայմաններով:

 

Հոդված 32

 

1. Դատարանի յուրաքանչյուր անդամ ստանում է տարեկան աշխատավարձ:

2. Նախագահը ստանում է տարեկան հատուկ հավելավճար:

3. Փոխնախագահը ստանում է տարեկան հատուկ հավելավճար այն յուրաքանչյուր օրվա համար, երբ նա կատարել է Նախագահի պարտականությունները:

4. 31-րդ հոդվածի համաձայն ընտրված դատավորները, որոնք չեն հանդիսանում Դատարանի անդամներ, պարգևատրում են ստանում իրենց գործառույթները կատարելու յուրաքանչյուր օրվա համար:

5. Այս աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները սահմանում է Գլխավոր ասամբլեան: Դրանք չեն կարող նվազեցվել պաշտոնավարության ընթացքում:

6. Դատարանի Քարտուղարի աշխատավարձը սահմանում է Գլխավոր ասամբլեան` Դատարանի առաջարկով:

7. Գլխավոր ասամբլեայի սահմանած կանոնները սահմանում են այն պայմանները, որոնց համաձայն Դատարանի անդամներին և Քարտուղարին կենսաթոշակները են նշանակվում նրանց պաշտոնաթողությունից հետո, և այն պայմանները, որոնց համաձայն Դատարանի անդամները և Քարտուղարը փոխհատուցում են ստանում իրենց ճանապարհորդական ծախսերի համար:

8. Վերոհիշյալ աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները ազատվում են ցանկացած տեսակի հարկումից:

 

Հոդված 33

 

Դատարանի ծախսերը հոգում է Միավորված ազգերի կազմակերպությունը այն ձևով, ինչպես որոշում է Գլխավոր ասամբլեան:

 

ԳԼՈՒԽ 2
ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 34

 

1. Դատարանում գործով կողմեր կարող են լինել միայն պետությունները:

2. Դատարանը, համաձայն իր կանոնների, կարող է խնդրել հասարակական միջազգային կազմակերպություններից իր վարույթում գտնվող գործերին առնչվող տեղեկություններ, ինչպես նաև ստանալ նման տեղեկություններ, որոնք տրամադրում են նշված կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ:

3. Եթե Դատարանը իր կողմից քննվող գործով պետք է մեկնաբանություն տա որևէ հասարակական միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթի կամ այդ փաստաթղթի ուժով կնքված միջազգային կոնվենցիայի, ապա Դատարանի Քարտուղարը պետք է ծանուցի տվյալ հասարակական միջազգային կազմակերպությանը և փոխանցի նրան ողջ գրավոր վարույթը:

 

Հոդված 35

 

1. Դատարանը բաց է սույն Կանոնադրության մասնակից պետությունների համար:

2. Այն պայմանները, որոնց համաձայն Դատարանը բաց է այլ պետությունների համար, սահմանում է Անվտանգության խորհուրդը` պահպանելով գործող պայմանագրերում առկա հատուկ դրույթները. այդ պայմանները ոչ մի դեպքում չեն կարող կողմերին անհավասար դրության մեջ դնել Դատարանի առջև:

3. Երբ Միավոր ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունը կողմ է հանդիսանում գործում, Դատարանը որոշում է այն գումարի չափը, որն այդ կողմը պետք է վճարի Դատարանի ծախսերը հոգալու համար: Այդ դրույթը չի կիրառվում, եթե տվյալ պետությունը արդեն մասնակցում է Դատարանի ծախսերին:

 

Հոդված 36

 

1. Դատարանի վարույթին վերաբերում են բոլոր այն գործերը, որոնք նրան փոխանցում են կողմերը, և այն բոլոր հարցերը, որոնք հատուկ նախատեսված են Միավոր ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ կամ գործող պայմանագրերով ու կոնվենցիաներով:

2. Սույն Կանոնադրության մասնակից պետությունները կարող են ցանկացած ժամանակ հայտարարել, որ իրենք առանց հատուկ համաձայնության, ipso facto, ճանաչում են նման պարտավորություն ընդունած ցանկացած այլ պետության նկատմամբ Դատարանի իրավազորությունը բոլոր իրավական հարցերով, որոնք վերաբերում են.

ա) պայմանագրի մեկնաբանմանը,

բ) միջազգային իրավունքի ցանկացած հարցի,

գ) փաստի առկայությանը, որը, եթե հաստատվի, իրենից կներկայացնի միջազգային պարտավորության խախտում,

դ) միջազգային պարտավորության խախտման համար փոխհատուցման բնույթին և չափերին:

3. Վերոնշյալ հայտարարությունները կարող են լինել առանց պայմանի կամ փոխադարձության հիման վրա` այս կամ այն պետության կողմից, կամ էլ` որոշակի ժամկետով:

4. Նման հայտարարությունները ի պահ են տրվում Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճենները փոխանցում է սույն Կանոնադրության մասնակիցներին և Դատարանի Քարտուղարին:

5. Միջազգային արդարադատության մշտական պալատի Կանոնադրության 36-րդ հոդվածի հիման վրա արված հայտարարությունները, որոնք շարունակում են մնալ ուժի մեջ, համարվում են, սույն Կանոնադրության մասնակիցների միջև հարաբերություններում, նրանց կողմից Միջազգային դատարանի իրավազորության ճանաչում այդ հայտարարությունների չավարտված ժամկետի ընթացքում և համաձայն դրանցում շարադրված պայմանների:

6. Դատարանին գործի ընդդատյա լինելու վեճի դեպքում հարցը կարգավորվում է Դատարանի որոշմամբ:

 

Հոդված 37

 

Բոլոր այն դեպքերում, երբ գործող պայմանագիրը կամ կոնվենցիան նախատեսում են գործի հանձնում Դատարանին, որը պետք է հիմնադրվեր Ազգերի լիգայի կողմից, կամ Միջազգային արդարադատության մշտական պալատին, սույն Կանոնադրության մասնակիցների կողմերի միջև գործը պետք է հանձնվի Միջազգային դատարանին:

 

Հոդված 38

 

1. Դատարանը, որը պարտավոր է իրեն հանձնված վեճերը կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա, կիրառում է.

ա) միջազգային կոնվենցիաները, ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ, որոնք սահմանում են վիճող պետությունների կողմից հստակորեն ճանաչված կանոններ,

բ) միջազգային սովորույթը` որպես համընդհանուր պրակտիկայի ապացույց` ճանաչված որպես իրավական նորմ,

գ) քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքները,

դ) 59-րդ հոդվածում նշված վերապահումով` տարբեր ազգությունների հանրային իրավունքի բնագավառի առավել որակյալ մասնագետների դատական որոշումները և հայեցակարգերը` որպես օժանդակ միջոց իրավական նորմերի սահմանման համար:

2. Այս դրույթը չի սահմանափակում Դատարանի իրավունքը գործը լուծել ex aequo et bono, եթե կողմերը դրան համաձայն են:

 

ԳԼՈՒԽ 3
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 39

 

1. Դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Եթե կողմերը համաձայնվում են, որ գործը պետք է վարվի ֆրանսերենով, ապա որոշումը ընդունվում է ֆրանսերենով: Եթե կողմերը համաձայնվում են, որ գործը պետք է վարվի անգլերենով, ապա որոշումը ընդունվում է անգլերենով:

2. Եթե համաձայնություն ձեռք չբերվի, թե որ լեզուն պետք է գործածվի, ապա յուրաքանչյուր կողմ կարող է դատական վիճաբանություններում օգտագործել այն լեզուն, որը գերադասում է. Դատարանի որոշումը հրապարակվում է ֆրանսերենով կամ անգլերենով: Այդ դեպքում Դատարանը միևնույն ժամանակ որոշում է, թե երկու տեքստերից որը պետք է համարվի գերակայող:

3. Դատարանը, կողմերից որևէ մեկի խնդրանքով, կլիազորի այդ կողմին ֆրանսերենից կամ անգլերենից տարբեր այլ լեզու օգտագործել:

 

Հոդված 40

 

1. Դատարանում գործերը հարուցվում են, կախված հանգամանքներից, կամ հատուկ համաձայնագրի ծանուցմամբ, կամ Քարտուղարի անվամբ կատարված գրավոր հայտարարությամբ: Երկու դեպքում էլ պետք է նշվեն վեճի առարկան և կողմերը:

2. Քարտուղարը հայտարարության մասին անմիջապես հայտնում է բոլոր շահագրգիռ անձանց:

3. Քարտուղարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով նաև տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության անդամներին, ինչպես նաև այլ պետությունների, որոնց համար Դատարանը հասանելի է:

 

Հոդված 41

 

1. Դատարանը իրավունք ունի նշելու, եթե, իր կարծիքով, դա պահանջում են հանգամանքները, ցանկացած ժամանակային միջոց, որը պետք ընդունվի` կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ապահովելու համար:

2. Մինչև վճռի կայացումը առաջարկվող միջոցների մասին հաղորդումը անհապաղ փոխանցվում է կողմերին և Անվտանգության խորհրդին` ի գիտություն:

 

Հոդված 42

 

1. Կողմերը հանդես են գալիս ներկայացուցիչների միջոցով:

2. Կողմերը Դատարանում կարող են օգտվել հավատարմատարների կամ փաստաբանների օգնությունից:

3. Դատարանում կողմերին ներկայացնող ներկայացուցիչները, հավատարմատարները և փաստաբանները օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականությունները ինքնուրույն կատարելու համար:

 

Հոդված 43

 

1. Դատավարությունը կազմված է երկու մասից` գրավոր և բանավոր դատավարություններից:

2. Գրավոր դատավարությունը կազմված է Դատարանին և կողմերին ուղղված հուշագրերից, հակահուշագրերից և, եթե պահանջվի, դրանց պատասխաններից, ինչպես նաև դրանք հաստատող բոլոր թղթերից և փաստաթղթերից:

3. Այդ հաղորդումները կատարվում են Քարտուղարի միջոցով` Դատարանի սահմանած կարգով և ժամկետներում:

4. Ցանկացած փաստաթուղթ, որը ներկայացրել է կողմերից մեկը, պետք է ներկայացվի մյուս կողմին հաստատված պատճենով:

5. Բանավոր դատավարությունը կայանում է Դատարանի կողմից վկաների, փորձագետների, ներկայացուցիչների, հավատարմատարների և փաստաբանների լսումների միջոցով:

 

Հոդված 44

 

1. Բացի ներկայացուցիչներից, հավատարմատարներից և փաստաբաններից` այլ անձանց բոլոր ծանուցումները փոխանցելու համար Դատարանը անմիջապես դիմում է այն պետության կառավարությանը, որի տարածքում ծանուցումը պետք է հանձնվի:

2. Այդ նույն կանոնը կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տեղում ապացույցներ ստանալու համար:

 

Հոդված 45

 

Գործի լսումը ընթանում է Նախագահի նախագահությամբ կամ, եթե նա չի կարող նախագահել, Փոխնախագահի. եթե ոչ մեկը, ոչ մյուսը չեն կարող նախագահել, նախագահում է ներկա դատավորներից տարիքով ավագը:

 

Հոդված 46

 

Գործի լսումը Դատարանում անցնում է հրապարակավ, եթե Դատարանը այլ որոշում չի ընդունում, և եթե կողմերը չեն պահանջում, որ հասարակությունը ներկա չլինի:

 

Հոդված 47

 

1. Յուրաքանչյուր դատավարության համար արձանագրություն է կազմվում, որը ստորագրում են Քարտուղարը և Նախագահը:

2. Միայն այդ արձանագրությունն է վավերական:

 

Հոդված 48

 

Դատարանը կարգադրություն է անում գործի լսման մասին, որոշում է այն ձևերը և ժամկետները, որոնց համաձայն յուրաքանչյուր կողմ պետք է վերջնականապես շարադրի իր փաստարկները, և ձեռնարկում է ապացույցների հավաքմանն առնչվող բոլոր միջոցները:

 

Հոդված 49

 

Դատարանը կարող է, նույնիսկ մինչև գործի լսումը, պահանջել ներկայացուցիչներից ցանկացած փաստաթուղթ կամ բացատրություն ներկայացնել: Մերժման դեպքում կազմվում է ակտ:

 

Հոդված 50

 

Դատարանը կարող է ցանկացած ժամանակ հանձնարարել քննության կամ փորձագիտության վարումը ցանկացած անձի, կոլեգիայի, բյուրոյի, հանձնաժողովի կամ, իր ընտրությամբ, այլ կազմակերպության:

 

Հոդված 51

 

Գործի քննության ժամանակ գործին առնչվող բոլոր հարցերը առաջարկվում են վկաներին և փորձագետներին` Դատարանի կողմից 30-րդ հոդվածում նշված կանոնակարգում սահմանված պայմանների պահպանմամբ:

 

Հոդված 52

 

Սահմանված ժամկետներում ապացույցներ ստանալուց հետո Դատարանը կարող է մերժել ընդունել բոլոր հետագա գրավոր և բանավոր ապացույցները, որոնք կողմերից մեկը կցանկանար ներկայացնել առանց մյուսի համաձայնության:

 

Հոդված 53

 

1. Եթե կողմերից մեկը չի կարող ներկայանալ Դատարան կամ չի ներկայացնի իր փաստարկները, ապա մյուս կողմը կարող է խնդրել Դատարանին վեճը լուծել իր օգտին:

2. Դատարանը պարտավոր է, նախքան այդ միջնորդությունը բավարարելը, ոչ միայն հավաստիանալ գործի իրեն ընդդատյա լինելու մասին, համաձայն 36-րդ և 37-րդ հոդվածների, այլև այն մասին, թե արդյոք նրանում այդ հավակնությունը ունի բավարար փաստացի և իրավական հիմք:

 

Հոդված 54

 

1. Երբ ներկայացուցիչները, փաստաբանները և հավատարմատարները Դատարանի ղեկավարության ներքո ավարտել են գործով իրենց բացատրությունները, Նախագահը հայտարարում է լսումը ավարտված:

2. Դատարանը հեռանում է որոշում ընդունելու համար:

3. Դատարանի խորհրդակցությունները անցկացվում են փակ նիստում և գաղտնի պայմաններում:

 

Հոդված 55

 

1. Բոլոր հարցերը լուծվում են ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:

2. Ձայները հավասար բաշխվելու դեպքում Նախագահի կամ նրան փոխարինող Դատավորի ձայնը գերակայում է:

 

Հոդված 56

 

1. Որոշման մեջ պետք է պարունակվեն այն նկատառումներ, որոնց վրա հիմնված է:

2. Որոշումը պարունակում է այն դատավորների անունները, որոնք մասնակցել են նրա ընդունմանը:

 

Հոդված 57

 

Եթե որոշումն ամբողջապես կամ մասնակիորեն չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա յուրաքանչյուր դատավոր իրավունք է ունենում ներկայացնելու իր անձնական կարծիքը:

 

Հոդված 58

 

Որոշումը ստորագրում են Դատարանի Նախագահը և Քարտուղարը: Այն հրապարակվում է Դատարանի բաց նիստում` կողմերի ներկայացուցիչներին պատշաճ կերպով ծանուցելուց հետո:

 

Հոդված 59

 

Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործով:

 

Հոդված 60

 

Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Որոշման բովանդակության կամ ծավալի մասին վեճի դեպքում դրա մեկնաբանումը տալիս է Դատարանը` ցանկացած կողմի պահանջով:

 

Հոդված 61

 

1. Որոշման վերանայման մասին խնդրանքը կարող է ներկայացվել միայն նոր բացահայտված հանգամանքների հիման վրա, որոնք իրենց բնույթով կարող են վճռական ազդեցություն ունենալ գործի վրա, և որոնք որոշում կայացնելիս հայտնի չեն եղել ոչ Դատարանի, ոչ վերանայում խնդրող կողմին. ընդ որում` այն պայմանով, որ նման անիրազեկությունը չի հանդիսացել անփութության հետևանք:

2. Վերանայման գործընթացը սկսվում է Դատարանի որոշմամբ, որտեղ որոշակիորեն սահմանվում է նոր հանգամանքի առկայությունը, որը հիմք է տալիս գործը վերանայելու, և հայտարարվում է վերանայման խնդրանքի ընդունման մասին:

3. Դատարանը կարող է պահանջել, որ որոշման պայմանները կատարվեն մինչև ինքը կսկսի գործի վերանայումը:

4. Վերանայման մասին խնդրանքը պետք է հայտարարվի նոր հանգամանքների բացահայտումից հետո վեց ամսվա ընթացքում:

5. Վերանայման մասին որևէ խնդրանք չի կարող արվել որոշման կայացումից 10 տարի հետո:

 

Հոդված 62

 

1. Եթե որևէ պետություն համարում է, որ գործի վերաբերյալ որոշումը կարող է շոշափել իրավական բնույթի իր որևէ շահը, ապա այդ պետությունը կարող է դիմել Դատարանին` գործին մասնակցելու խնդրանքով:

2. Նման խնդրանքի վերաբերյալ որոշումը կայացնում է Դատարանը:

 

Հոդված 63

 

1. Այն դեպքում, երբ հարց է ծագում կոնվենցիայի մեկնաբանման մասին, որին, բացի գործում շահագրգիռ կողմերից, մասնակցում են և այլ պետություններ, Դատարանի Քարտուղարը ծանուցում է բոլոր այդ պետություններին:

2. Նման ծանուցում ստացած պետություններից յուրաքանչյուրը իրավունք ունի մտնելու գործի մեջ, և, եթե նա օգտվի այդ իրավունքից, ապա որոշման մեջ պարունակվող մեկնաբանումը հավասար կերպով պարտադիր կլինի նաև նրա համար:

 

Հոդված 64

 

Դատարանի այլ որոշման բացակայության դեպքում յուրաքանչյուր կողմ հոգում է սեփական դատական ծախսերը:

 

ԳԼՈՒԽ 4
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 65

 

1. Դատարանը կարող է խորհրդատվական եզրակացություններ տալ ցանկացած իրավական հարցի վերաբերյալ, որը կարող է կատարել Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ կամ սույն Կանոնադրությամբ նման հարցումներ անելու լիազորված ցանկացած հաստատություն:

2. Այն հարցերը, որոնց վերաբերյալ հարցվում է Դատարանի խորհրդատվական եզրակացությունը, ներկայացվում են Դատարանին գրավոր հայտարարությամբ, որը պարունակում է այն հարցի ճշգրիտ շարադրանքը, որի վերաբերյալ պահանջվում է եզրակացություն. դրան կցվում են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են ծառայել հարցի բացատրմանը:

 

Հոդված 66

 

1. Դատարանի Քարտուղարը խորհրդատվական եզրակացություն պարունակող հայտարարության մասին անմիջապես հայտնում է Դատարանին դիմելու իրավունք ունեցող բոլոր պետություններին:

2. Բացի այդ` Դատարանի Քարտուղարը հատուկ և անմիջական ծանուցման միջոցով հայտնում է Դատարանին ընդդատյա յուրաքանչյուր պետության, ինչպես նաև ցանկացած միջազգային կազմակերպության, որոնք, Դատարանի (կամ նրա Նախագահի, եթե Դատարանը նիստ չի անցկացնում) կարծիքով, տեղեկություններ տալ տվյալ հարցով, որ Դատարանը պատրաստ է Նախագահի կողմից նշանակված ժամկետում ընդունել հարցին առնչվող գրավոր զեկույցներ կամ լսել այդ զեկույցները այդ նպատակի համար նշանակվող բաց նիստում:

3. Եթե նման պետությունը, որն ընդդատյա է Դատարանին, չի ստանա սույն հոդվածի 2-րդ կետում նշված հատուկ ծանուցում, ապա նա կարող է ցանկություն արտահայտել ներկայացնելու զեկույցը գրավոր կամ բանավոր. Դատարանը այդ հարցով որոշում է կայացնում:

4. Պետությունները և կազմակերպությունները, որոնք ներկայացրել են գրավոր կամ բանավոր զեկույցներ, կամ և դրանք, և մյուսները, թույլատրվում են մասնակցելու այլ պետությունների կամ կազմակերպությունների կողմից պատրաստված զեկույցների քննարկմանը այն ձևերով, շրջանակներում և ժամկետներում, որոնք ամեն առանձին դեպքում սահմանում է Դատարանը կամ, եթե նա նիստեր չի անցկացնում, Դատարանի Նախագահը: Այդ նպատակի համար Դատարանի Քարտուղարը պատշաճ ժամանակ բոլոր այդ գրավոր զեկույցները հաղորդում է այն պետություններին և կազմակերպություններին, որոնք իրենք են ներկայացրել նման զեկույցներ:

 

Հոդված 67

 

Դատարանը իր խորհրդատվական եզրակացությունները կայացնում է բաց նիստում, ինչի վերաբերյալ տեղեկացվում են Գլխավոր քարտուղարը և Միավորված ազգերի կազմակերպության` անմիջական շահագրգռվածություն ունեցող անդամների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

ՀոդվաԾ 68

 

Իր խորհրդատվական գործառույթները իրականացնելիս Դատարանը, բացի նշվածից, ղեկավարվում է սույն Կանոնադրության դրույթներով, որոնք վերաբերում են վիճելի գործերին այնքանով, որքանով Դատարանը դրանք ընդունում է կիրառելի:

 

ԳԼՈՒԽ 5
ՈՒՂՂՈՒՄՆԵՐ

 

Հոդված 69

 

ՈՒղղումները սույն Կանոնադրությունում կատարվում են այն նույն կարգով, որը նախատեսված է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սույն Կանոնադրությունում ուղղումներ կատարելու համար` պահպանելով, սակայն, բոլոր այն կանոնները, որոնք կարող է սահմանել Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհրդի երաշխավորությամբ, Միավորված ազգերի կազմակերպության անդամներ չհանդիսացող, սակայն Կանոնադրության մասնակից պետությունների մասնակցության առնչությամբ:

 

Հոդված 70

 

Դատարանն իրավունք ունի առաջարկելու ուղղումներ կատարել սույն Կանոնադրությունում, որոնք նա անհրաժեշտ կհամարի, գրավոր հայտնելով այդ մասին Գլխավոր քարտուղարին` 69-րդ հոդվածում շարադրված կանոններին համապատասխան հետագա քննարկման համար:

 

* Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև):

 

 

pin
ՄԱԿ
Կանոնադրություն