Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ Դ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի` պատերազմական հանցագործներին հանձնելու և պատժելու մասին 1946 թ. փետրվարի 13-ի 3(I) և 1947 թ. հոկտեմբերի 31-ի 170 (II) բանաձևերը, Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի կանոնադրությամբ և Դատարանի դատավճռով ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքները հաստատող 1946 թ. դեկտեմբերի 11-ի 95 (I) բանաձևը և 1966 թ. դեկտեմբերի 12-ի 2184 (XXI) և 1966 թ. դեկտեմբերի 16-ի 2202 (XXI) բանաձևերը, որոնք, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, հստակ կերպով դատապարտում են, մի կողմից, տեղական բնակչության տնտեսական և քաղաքական իրավունքների խախտումը և, մյուս կողմից, ապարտեիդի քաղաքականությունը,

վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի` պատերազմական հանցագործներին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց պատժի մասին 1965 թ. հուլիսի 28-ի 1074 D (XXXIX) և 1966 թ. օգոստոսի 5-ի 1158 (XLI) բանաձևերը,

նշելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար հետապնդման և պատժի մասին հանդիսավոր հռչակագրերից, փաստաթղթերից կամ կոնվենցիաներից ոչ մեկը չի բովանդակում վաղեմության ժամկետին վերաբերող դրույթ,

համարելով, որ պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային իրավունքի համաձայն, ծանրագույն հանցագործություններ են,

համոզված լինելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար արդյունավետ պատիժը կարևոր գործոն է այդօրինակ հանցագործությունները կանխելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, վստահությունը խրախուսելու, ժողովուրդների միջև համագործակցությանն աջակցելու և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար,

նշելով, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի` սովորական հանցագործությունների վերաբերող ներպետական իրավական նորմերի կիրառումը համաշխարհային հասարակական կարծիքի լուրջ մտահոգության հարց է, քանի որ դա խոչընդոտում է այդպիսի հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց հետապնդմանն ու պատժին,

ընդունելով, որ անհրաժեշտ ու տեղին է սույն Կոնվենցիայի միջոցով միջազգային իրավունքում սահմանել պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու սկզբունքը և ապահովելու դրա համընդհանուր կիրառումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.

(ա) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945 թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946 թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, մասնավորապես, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում թվարկված «լուրջ խախտումների»,

(բ) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների` անկախ նրանից, կատարվել են պատերազմի, թե խաղաղ ժամանակ, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945 թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ. փետրվարի 13-ի 3(I) և 1946 թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, զինված հարձակման կամ բռնազավթման միջոցով արտաքսման և ապարտեիդի քաղաքականության հետևանքով անմարդկային գործողությունների ու ցեղասպանության հանցագործության, ինչպես սահմանված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948 թ. կոնվենցիայում, եթե անգամ այդ գործողությունները չեն համարվում այն երկրի ներպետական իրավունքի խախտում, որտեղ դրանք կատարվել են:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1-ին հոդվածում հիշատակված հանցագործություններից ցանկացածի կատարման դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են պետական իշխանության ներկայացուցիչների և առանձին անձանց նկատմամբ, որոնք, որպես հանցագործություն կատարողներ կամ հանցակիցներ, մասնակցում են կամ անմիջականորեն դրդում են այլ անձանց` կատարելու այդ հանցագործություններից ցանկացածը, կամ հրահրում են դրանց կատարումը` անկախ ավարտվածության աստիճանից, և այն պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, որը թույլ է տվել դրանց կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել օրենսդրական կամ այլ բնույթի բոլոր անհրաժեշտ ներպետական միջոցները` հնարավոր դարձնելու սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված անձանց հանձնումը միջազգային իրավունքի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են իրենց սահմանադրական ընթացակարգին համապատասխան ընդունել ցանկացած օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապահովելու, որ վաղեմության կամ այլ ժամկետները չկիրառվեն սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հանցագործությունների համար հետապնդման և պատժի նկատմամբ, և որպեսզի նման ժամկետները վերացվեն այնտեղ, որտեղ դրանք գոյություն ունեն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Կոնվենցիան մինչև 1969 թ. դեկտեմբերի 31-ը բաց է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության կամ նրա մասնագիտացված հաստատությունների ցանկացած անդամի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամի, Միջազգային դատարանի ստատուսի մասնակից ցանկացած պետության և ցանկացած այլ պետության համար, որը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հրավիրվել է դառնալու սույն Կոնվենցիայի մասնակից:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Կոնվենցիան բաց է միանալու 5-րդ հոդվածում նշված ցանկացած պետության համար: Միանալու փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է նրան տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո ցանկացած Պայմանավորվող պետություն ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել սույն Կոնվենցիայի վերանայման խնդրանք` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան որոշում է, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն այդպիսի խնդրանքի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի հաստատված պատճեններն ուղարկում է 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին տեղեկացնում է հետևյալի մասին.

(ա) սույն Կոնվենցիան ստորագրելու և 5, 6 և 7-րդ հոդվածներին համապատասխան ի պահ հանձնված վավերագրերի և միանալու վերաբերյալ փաստաթղթերի մասին,

(բ) սույն Կոնվենցիայի` 8-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին,

(գ) 9-րդ հոդվածին համապատասխան ստացված հաղորդումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, թվագրվում է 1968 թ. նոյեմբերի 26-ին:

Ի հավաստումն որի` այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 21-ից:

 

 

pin
26.11.1968
Կոնվենցիա