Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ`
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԵՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

ուշադրության առնելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, որոնք վերաբերում են միջազգային խաղաղության պահպանմանը և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության խթանմանը,

գտնելով, որ դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային պաշտպանությունից օգտվող այլ անձանց դեմ ուղղված հանցագործությունները, վտանգելով նրանց անվտանգությունը, լուրջ սպառնալիք են ստեղծում պետությունների միջև համագործակցության համար անհրաժեշտ միջազգային բնականոն հարաբերությունների պահպանման համար,

գտնելով, որ նման հանցագործությունների կատարումը միջազգային հանրության համար լուրջ մտահոգության խնդիր է,

համոզված լինելով, որ առկա է նման հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված համապատասխան ու արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու անհետաձգելի անհրաժեշտություն,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Միջազգային պաշտպանությունից օգտվող անձ» նշանակում է`

(ա) պետության գլուխ, այդ թվում` տվյալ պետության սահմանադրության համաձայն պետության գլխի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի ցանկացած անդամ, կառավարության գլուխ կամ արտաքին գործերի նախարար, որոնք գտնվում են օտարերկրյա պետությունում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նրանց,

(բ) պետության ցանկացած ներկայացուցիչ կամ պաշտոնատար անձ կամ միջկառավարական միջազգային կազմակերպության ցանկացած պաշտոնատար անձ կամ ներկայացուցիչ, որն իր անձի, պաշտոնական շենքերի, բնակարանի կամ փոխադրամիջոցների դեմ հանցագործության կատարման ժամանակ և վայրում, միջազգային իրավունքի համաձայն, օժտված է հատուկ պաշտպանությամբ իր անձի, ազատության և արժանապատվության, ինչպես նաև ընտանիքի` իր հետ բնակվող անդամների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից:

2. «Ենթադրյալ հանցագործ» նշանակում է անձ, որի վերաբերյալ առկա են բավարար ապացույցներ prima facie որոշելու համար, որ նա կատարել է 2-րդ հոդվածով սահմանված մեկ կամ ավելի հանցագործություններ կամ մասնակցել է դրանց կատարմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Դիտավորյալ կատարումը`

(ա) միջազգային պաշտպանությունից օգտվող անձի սպանության, առևանգման կամ նրա անձի կամ ազատության դեմ ցանկացած ոտնձգության,

(բ) միջազգային պաշտպանությունից օգտվող անձի պաշտոնական շենքի, բնակարանի կամ փոխադրամիջոցների վրա բռնի հարձակման, որը կարող է սպառնալ նրա անձին կամ ազատությանը,

(գ) ցանկացած նման հարձակում կատարելու սպառնալիքի,

(դ) ցանկացած նման հարձակում կատարելու փորձի, և

(ե) ցանկացած գործողության, որը հանդիսանում է նման հարձակմանը հանցակից մասնակցություն, յուրաքանչյուր մասնակից պետության կողմից իր ներպետական օրենսդրության համաձայն պետք է սահմանվի որպես հանցագործություն:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն նման հանցագործությունների համար սահմանում է համապատասխան պատիժներ` հաշվի առնելով դրանց ծանրության բնույթը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը մասնակից պետություններին որևէ կերպ չեն շեղում միջազգային պաշտպանությունից օգտվող անձի, նրա ազատության և արժանապատվության դեմ ուղղված այլ ոտնձգությունները կանխարգելող բոլոր համապատասխան միջոցառումները ձեռնարկելու միջազգային իրավունքի համաձայն ստանձնած պարտավորություններից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավազորությունը 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ հաստատելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում է հետևյալ դեպքերում.

(ա) երբ հանցագործությունը կատարվում է տվյալ պետության տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված նավում կամ օդանավում,

(բ) երբ ենթադրյալ հանցագործը տվյալ պետության քաղաքացի է,

(գ) երբ հանցագործությունը կատարվում է միջազգային պաշտպանությունից օգտվող անձի դեմ, ինչպես սահմանված է 1-ին հոդվածում, որն իր կարգավիճակից, որպես այդպիսին, օգտվում է տվյալ պետության անունից իր կողմից իրականացվող գործառույթների ուժով:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկում է նաև այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և ինքը 8-րդ հոդվածի համաձայն նրան չի հանձնում սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններից որևէ մեկին:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորություն, որն իրականացվում է ներպետական իրավունքի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Մասնակից պետությունները համագործակցում են 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխարգելման գործում, մասնավորապես.

(ա) ձեռնարկելով գործնականում հնարավոր բոլոր միջոցառումները, որպեսզի կանխարգելեն իրենց համապատասխան տարածքներում այդ հանցագործությունների կատարման նախապատրաստումն իրենց տարածքներում կամ դրանցից դուրս,

(բ) փոխանակելով տեղեկատվություն և համակարգելով վարչական ու այլ համապատասխան միջոցառումների ձեռնարկումը, որոնք անհրաժեշտ են նման հանցագործությունների կատարումը կանխելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Մասնակից պետությունը, որի տարածքում կատարվել է 2-րդ հոդվածում նշված հանցագործություններից ցանկացածը, եթե հիմքեր ունի համոզված լինելու, որ ենթադրյալ հանցագործը լքել է իր տարածքը, բոլոր այլ շահագրգիռ պետություններին, անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով, հաղորդում է կատարված հանցագործությանն առնչվող բոլոր փաստերը և ենթադրյալ հանցագործի ինքնության վերաբերյալ առկա ողջ տեղեկատվությունը:

2. Միջազգային պաշտպանությունից օգտվող անձի դեմ 2-րդ հոդվածում նշված ցանկացած հանցագործության կատարման դեպքում, յուրաքանչյուր մասնակից պետություն, որն ունի զոհերի և հանցագործության հանգամանքների վերաբերյալ տեղեկություն, ջանում է այն, իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված պայմաններով, ամբողջությամբ ու անհապաղ փոխանցել այն մասնակից պետությանը, որի անունից այդ անձն իրականացնում էր իր գործառույթները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Համոզվելով, որ հանգամանքներն արդարացնում են այդ, մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը, իր ներպետական օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում է պատշաճ միջոցառումներ` նրա ներկայությունը հետապնդման կամ հանձնման նպատակով ապահովելու համար: Այդ միջոցառումների մասին, անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով, անհետաձգելիորեն ծանուցվում է.

(ա) պետությանը, որի տարածքում կատարվել է հանցագործությունը,

(բ) պետությանը կամ պետություններին, որի (որոնց) քաղաքացին է ենթադրյալ հանցագործը, կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, այն պետությանը, որի տարածքում նա մշտապես բնակվում է,

(գ) պետությանը կամ պետություններին, որոնց քաղաքացին է միջազգային պաշտպանությունից օգտվող տվյալ անձը կամ որի անունից նա իրականացրել է իր գործառույթները,

(դ) բոլոր այլ շահագրգիռ պետությունների, և

(ե) միջազգային կազմակերպությանը, որի ներկայացուցիչը կամ պաշտոնատար անձն է միջազգային պաշտպանությունից օգտվող տվյալ անձը:

2. Ցանկացած անձ, որի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված միջոցառումները, իրավունք ունի.

(ա) անհապաղ հաղորդակցվելու այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը կամ որն այլ կերպ իրավասու է պաշտպանելու նրա իրավունքները, կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, այն պետության հետ, որին նա դիմում է խնդրանքով և որը համաձայն է պաշտպանելու նրա իրավունքները,

(բ) այցելելու այդ պետության ներկայացուցչին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Եթե մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը, նրան չի հանձնում, ապա առանց բացառությունների և առանց անհիմն ձգձգման, գործը փոխանցում է իր իրավասու մարմիններին` իր ներպետական օրենսդրության համաձայն հետապնդման նպատակի համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Եթե 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ ներառված չեն մասնակից պետությունների միջև հանձնման ցանկացած պայմանագրում, դրանք համարվում են որպես այդպիսին ներառված նման պայմանագրերում: Մասնակից պետությունները պարտավորվում են նման հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառել հանձնման վերաբերյալ իրենց միջև կնքվելիք ապագա ցանկացած պայմանագրում:

2. Եթե մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, այլ մասնակից պետությունից, որի հետ չունի հանձնման պայմանագիր, ստանում է հանձնման մասին խնդրանք, ապա կարող է, եթե որոշում է հանձնել, սույն Կոնվենցիան դիտել որպես իրավական հիմք` նման հանցագործությունների կապակցությամբ հանձնման համար: Հանձնումը ենթակա է խնդրանքն ստացած պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային դրույթներին և այլ պայմանների:

3. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, իրենց միջև հարաբերություններում նման հանցագործությունները որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ ճանաչում են խնդրանքն ստացող պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային դրույթներին և այլ պայմաններին համապատասխան:

4. Մասնակից պետությունների միջև հարաբերություններում, հանձնման նպատակի համար, յուրաքանչյուր հանցագործությանը վերաբերվում են այնպես, ինչպես եթե այն կատարված լիներ ոչ միայն այն վայրում, ուր տեղի է ունեցել, այլև այն պետությունների տարածքում, որոնք 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան պետք է հաստատեն իրենց իրավազորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ցանկացած անձի համար, ում նկատմամբ իրականացվում է 2-րդ հոդվածում նշված ցանկացած հանցագործության հետ կապված դատավարություն, երաշխավորվում է գործի արդարացի քննություն դատավարության բոլոր փուլերում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Մասնակից պետությունները 2-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունների առնչությամբ քրեական դատավարության կապակցությամբ միմյանց ցույց են տալիս առավել լիարժեք իրավական օգնություն, ներառյալ` իրենց տրամադրության տակ եղած և դատավարության համար անհրաժեշտ բոլոր ապացույցների տրամադրումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն ազդում ցանկացած այլ պայմանագրով սահմանված փոխադարձ դատական օգնության վերաբերյալ պարտավորությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Մասնակից պետությունը, որտեղ ենթադրյալ հանցագործը հետապնդվում է, դատավարության վերջնական արդյունքների մասին հաղորդում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը տեղեկատվությունն ուղարկում է մյուս մասնակից պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ազդում ապաստանի մասին պայմանագրերի կիրառման վրա, որոնք սույն Կոնվենցիայի ընդունման ժամանակ ուժի մեջ են այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջև, սակայն սույն Կոնվենցիայի մասնակից պետությունը չի կարող այդ պայմանագրերը վկայակոչել սույն Կոնվենցիայի այլ մասնակից պետության առնչությամբ, որն այդ պայմանագրերի մասնակից չէ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, եթե այն չի լուծվում բանակցությունների միջոցով, կողմերից մեկի խնդրանքով հանձնվում է արբիտրաժի: Եթե արբիտրաժի համար խնդրանքից հետո վեց ամսվա ընթացքում կողմերը չեն կարողանում համաձայնել արբիտրաժի կազմավորման շուրջ, յուրաքանչյուր կողմ կարող է վեճը հանձնել Միջազգային դատարան` Դատարանի ստատուսին համապատասխան:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիան ստորագրելու կամ վավերացնելու կամ նրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքն իրեն պարտավորված չի համարում սույն հոդվածի 1-ին կետով: Մյուս մասնակից պետությունները պարտավորված չեն սույն հոդվածի 1-ին կետով նման վերապահում կատարած ցանկացած մասնակից պետության նկատմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում կատարած ցանկացած մասնակից պետություն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել այդ վերապահումից` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման բոլոր պետությունների համար մինչև 1974 թ. դեկտեմբերի 31-ը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Նյու Յորքում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Կոնվենցիան բաց է մնում ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին քսաներկուերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեսուն օր անց:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը սույն Կոնվենցիան վավերացնում է կամ միանում նրան քսաներկուերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեսուն օր անց:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը բոլոր պետություններին inter alia տեղեկացնում է.

(ա) 14, 15 և 16-րդ հոդվածներին համապատասխան սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու, ինչպես նաև 18-րդ հոդվածի հիման վրա կատարված ծանուցումների մասին,

(բ) սույն Կոնվենցիայի` 17-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց հավաստված պատճեններն ուղարկում է բոլոր պետություններին:

Ի հավաստումն որի` իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման Նյու Յորքում, 1973 թվականի դեկտեմբերի 14-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիսի 17-ից:

 

 

pin
14.12.1973
Կոնվենցիա