Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ՆԱԽԱԲԱՆ

 

Բարձր պայմանավորվող կողմերը,

ընդունելով, որ վերջին ժամանակաշրջանի զինված ընդհարումների ընթացքում լուրջ վնաս է հասցվել մշակութային արժեքներին և որ ռազմական տեխնիկայի զարգացման հետևանքով դրանք գնալով ավելի ու ավելի են ենթարկվում ոչնչացման վտանգի,

համոզված լինելով, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը վնասում է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ավանդն է ներդնում համաշխարհային մշակույթի մեջ,

գտնելով, որ մշակութային ժառանգության պահպանումը մեծ նշանակություն ունի աշխարհի բոլոր ժողովուրդների համար, և որ կարևոր է այդ ժառանգության միջազգային պաշտպանությունն ապահովելը,

առաջնորդվելով զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության այն սկզբունքներով, որոնք հաստատվել են 1899 և 1907 թվականների Հաագայի կոնվենցիաներով և 1935 թ. ապրիլի 15-ի Վաշինգտոնի դաշնագրով,

ընդունելով, որ այդ պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ խաղաղ պայմաններում դրան ուղղված չեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կազմակերպչական միջոցառումներ,

որոշելով, ձեռնարկել մշակութային արժեքների պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ԳԼՈՒԽ 1
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշակութային արժեքներ», անկախ դրանց ծագումից ու սեփականատիրոջից, համարվում են.

(ա) յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ արժեքները, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, կրոնական կամ աշխարհիկ, հնագիտական տեղավայրերը, ճարտարապետական համալիրները, որոնք իբրև այդպիսին ներկայացնում են պատմական կամ գեղարվեստական հետաքրքրություն, արվեստի ստեղծագործությունները, ձեռագրերը, գրքերը, գեղարվեստական, պատմական կամ հնագիտական նշանակության այլ առարկաներ, ինչպես նաև գիտական հավաքածուները կամ գրքերի, արխիվային նյութերի կամ վերը նշված արժեքների վերարտադրությունների կարևոր հավաքածուները,

(բ) այն շենքերը, որոնց գլխավոր և իրական նպատակը (ա) ենթակետում նշված շարժական մշակութային արժեքների պահպանումն է կամ ցուցադրումը, ինչպիսիք են թանգարանները, խոշոր գրադարանները, արխիվների պահոցները, ինչպես նաև այն պատսպարանները, որոնք նախատեսված են զինված ընդհարման դեպքում (ա) ենթակետում նշված շարժական մշակութային արժեքների պահպանության համար,

(գ) այն կենտրոնները, որոնք ընդգրկում են (ա) և (բ) ենթակետերում նշված մշակութային արժեքների զգալի քանակություն, որոնք ճանաչված են որպես «հուշարձաններ պարունակող կենտրոններ»:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար, մշակութային արժեքների պաշտպանությունը ներառում է այդ արժեքների պահպանությունն ու հարգումը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքում գտնվող մշակութային արժեքների զինված ընդհարման հնարավոր հետևանքներից պահպանությունը նախապատրաստել դեռևս խաղաղ ժամանակ` ձեռնարկելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք նրանք համարում են անհրաժեշտ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՐԳՈՒՄԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարգել իրենց, ինչպես նաև մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները` արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն, և ձեռնպահ մնալով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտավորությունները կարող են չկատարվել միայն այն դեպքում, եթե դա ստիպողաբար պահանջվում է ռազմական անհրաժեշտությամբ:

3. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են, դրանից զատ, արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն: Նրանք արգելում են մեկ ուրիշ Բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող շարժական մշակութային արժեքների բռնագրավումը:

4. Նրանք ձեռնպահ են մնում փոխճնշման միջոցով մշակութային արժեքների դեմ ուղղված ցանկացած գործողություն ձեռնարկելուց:

5. Բարձր պայմանավորվող կողմը մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմի նկատմամբ սույն հոդվածով նախատեսված պարտավորություններից չի կարող ազատվել այն հիմնավորմամբ, թե վերջինս չի ձեռնարկել 3-րդ հոդվածով նախատեսված պահպանության միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԳՐԱՎՈՒՄԸ

 

1. Այն Բարձր պայմանավորվող կողմերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավել են մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմի տարածքը, հնարավորինս աջակցում են գրավյալ տարածքի ազգային իրավասու իշխանություններին` նրա մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու գործում:

2. Այն դեպքում, երբ գրավյալ տարածքում գտնվող և ռազմական գործողությունների ընթացքում վնասված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ է հրատապ միջամտություն, և եթե ազգային իրավասու իշխանությունները չեն կարող այդ ապահովել, գրավող պետությունը ձեռնարկում է, հնարավորության սահմաններում, այդ արժեքների պահպանության ամենաանհրաժեշտ միջոցները` սերտորեն համագործակցելով նշված իշխանությունների հետ:

3. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, որի կառավարությունը դիմադրության շարժման անդամների կողմից դիտվում է իբրև իրենց օրինական կառավարություն, հնարավորության դեպքում նրանց ուշադրությունը հրավիրում է Կոնվենցիայի` մշակութային արժեքների հարգմանը վերաբերող դրույթների պահպանման պարտավորություններին:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՇՈՒՄԸ

 

Մշակութային արժեքների ճանաչումը հեշտացնելու նպատակով դրանք կարող են նշվել տարբերանշաններով` 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց զինվորական կանոնադրություններում ու հրահանգներում դեռևս խաղաղ ժամանակ նախատեսել այնպիսի դրույթներ, որոնք ընդունակ են ապահովելու սույն Կոնվենցիայի պահպանումը, և իրենց զինված ուժերի անձնակազմին դաստիարակել բոլոր ժողովուրդների մշակույթի ու մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ոգով:

2. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց զինված ուժերում դեռևս խաղաղ ժամանակ նախապատրաստել և ստեղծել այնպիսի ծառայություններ կամ հատուկ անձնակազմ, որոնց նպատակը կլինի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ապահովումը և համագործակցությունն այդ արժեքների պահպանության համար պատասխանատու քաղաքացիական իշխանությունների հետ:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Հատուկ պաշտպանության ներքո կարող են վերցվել սահմանափակ քանակությամբ, զինված ընդհարման դեպքում շարժական մշակութային արժեքների պահպանման համար նախատեսված պատսպարանները, հուշարձաններ ընդգրկող կենտրոնները և շատ մեծ նշանակություն ունեցող այլ անշարժ մշակութային արժեքներ, պայմանով, որ`

(ա) դրանք բավականաչափ հեռու են գտնվում ցանկացած արդյունաբերական խոշոր կենտրոնից կամ խոցելի կետ հանդիսացող ռազմական ցանկացած կարևոր օբյեկտից, օրինակ, օդանավակայանից, ռադիոկայանից, ազգային պաշտպանության համար աշխատող ձեռնարկությունից, նավահանգստից, երկաթուղային խոշոր կայարանից կամ հաղորդակցության կարևոր գծից,

(բ) դրանք չեն օգտագործվում ռազմական նպատակներով:

2. Շարժական մշակութային արժեքների ապաստարանը, որտեղ էլ այն գտնվելիս լինի, նույնպես կարող է վերցվել հատուկ պաշտպանության ներքո, եթե կառուցվել է այնպես, որ, ամենայն հավանականությամբ, ռմբակոծությունը դրան վնասել չի կարող:

3. Հուշարձաններ ընդգրկող կենտրոնը համարվում է ռազմական նպատակներով օգտագործելի, եթե այն օգտագործվում է ռազմական անձնակազմի կամ նյութերի տեղափոխության համար, նույնիսկ տարանցիկ: Այդ կենտրոնը ռազմական նպատակներով օգտագործելի է համարվում նաև, եթե այնտեղ իրականացվում է այնպիսի գործունեություն, որն անմիջականորեն առնչվում է ռազմական գործողություններին, ռազմական անձնակազմի տեղաբաշխմանը կամ ռազմանյութերի արտադրությանը:

4. 1-ին կետում թվարկված մշակութային արժեքները ռազմական նպատակներով օգտագործելի չեն համարվում, եթե դրանք պահպանվում են դրա համար հատուկ նշանակված զինված պահազորով կամ եթե դրանց կողքին կան ոստիկանական ուժեր, որոնց սովորաբար հանձնարարվում է հասարակական կարգի ապահովումը:

5. Եթե սույն հոդվածի 1-ին կետում թվարկված մշակութային արժեքներից որևէ մեկը տեղավորված է նույն կետում նշված ռազմական կարևոր օբյեկտի մերձակայքում, այն այդուհանդերձ կարող է վերցվել հատուկ պաշտպանության ներքո, եթե այդ մասին խնդրող Բարձր պայմանավորվող կողմը պարտավորվում է զինված ընդհարման դեպքում այդ օբյեկտն ամենևին չօգտագործել և, մասնավորապես, եթե խոսքը նավահանգստի, կայարանի կամ օդանավակայանի մասին է, ցանկացած շարժում իրականացնել շրջանցումով: Նման դեպքում շրջանցումով շարժումը նախապատրաստվում է դեռևս խաղաղ ժամանակ:

6. Մշակութային արժեքներին հատուկ պաշտպանություն տրամադրվում է դրանք «Հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների միջազգային գրանցամատյանում» գրանցելու միջոցով: Այդ գրանցումը կատարվում է միայն սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ապահովել հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը` միջազգային գրանցամատյանում դրանց գրանցման պահից սկսած ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողությունից, ինչպես նաև նման արժեքներն ու հարակից տեղամասերը ռազմական նպատակներով օգտագործելուց, բացառությամբ 8-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՆՇՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքները զինված ընդհարման ժամանակ պետք է նշվեն 16-րդ հոդվածով նախատեսված տարբերանշանով և մատչելի լինեն միջազգային վերահսկողության համար, ինչպես սահմանված է Կոնվենցիայի գործադրման կանոնակարգում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՈՒՄԸ

 

1. Եթե Բարձր պայմանավորվող կողմերից մեկը հատուկ պաշտպանության ներքո գտնվող արժեքի նկատմամբ թույլ է տալիս 9-րդ հոդվածի համաձայն ստանձնած պարտավորությունների խախտում, հակառակ կողմն ազատվում է տվյալ արժեքի անձեռնմխելիությունն ապահովելու իր պարտավորությունից այնքան ժամանակ, քանի դեռ այդ խախտումը տեղի ունի: Սակայն ամեն անգամ, երբ դա հնարավոր է, վերջինս նախ պահանջում է խելամիտ ժամկետում տվյալ խախտմանը վերջ տալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված դեպքից բացի, հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքի անձեռնմխելիությունը կարող է դադարեցվել ռազմական անխուսափելի անհրաժեշտության բացառիկ դեպքերում միայն և այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդ անհրաժեշտությունը: Նման անհրաժեշտությունը կարող է հավաստվել զինվորական հրամանատարների կողմից` սկսած միայն դիվիզիայի կամ դիվիզիային համապատասխանող ստորաբաժանման հրամանատարից և ավելի բարձր: Բոլոր այն դեպքերում, երբ հանգամանքները թույլ են տալիս, անձեռնմխելիության դադարեցման մասին որոշումը հակառակ կողմին ծանուցվում է նախապես, խելամիտ ժամկետում:

3. Անձեռնմխելիությունը դադարեցնող կողմը հնարավորինս կարճ ժամկետում, գրավոր և նշելով պատճառները, այդ մասին տեղեկացնում է Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարին:

 

ԳԼՈՒԽ 3
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Բացառապես մշակութային արժեքների փոխադրության համար օգտագործվող փոխադրամիջոցները, լինի փոխադրումը տարածքի ներսում, թե մի տարածքից մյուսը, շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի խնդրանքով կարող են վերցվել հատուկ պաշտպանության ներքո այն պայմաններով, որոնք նախատեսված են Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով:

2. Հատուկ պաշտպանությունից օգտվող փոխադրամիջոցները գտնվում են Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված միջազգային վերահսկողության ներքո և նշվում են 16-րդ հոդվածում նկարագրված տարբերանշանով:

3. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ թշնամական որևէ գործողությունից հատուկ պաշտպանության ներքո գտնվող փոխադրամիջոցների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Եթե Բարձր պայմանավորվող կողմը գտնում է, որ մշակութային որոշ արժեքների անվտանգությունը պահանջում է դրանք փոխադրել և որ փոխադրումն այնքան հրատապ է, որ 12-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը հնարավոր չէ պահպանել, հատկապես զինված ընդհարման սկզբում, փոխադրամիջոցը կարող է նշվել 16-րդ հոդվածում նկարագրված տարբերանշանով, եթե միայն այդ փոխադրամիջոցին 12-րդ հոդվածի համաձայն անձեռնմխելիություն վերապահելու մասին խնդրանքն ավելի վաղ արդեն չի ներկայացվել ու մերժվել: Եթե հնարավոր է, փոխադրման մասին հակառակ կողմերը ծանուցվում են: Մեկ այլ երկրի տարածք մշակութային արժեքներ տեղափոխող փոխադրամիջոցը ոչ մի դեպքում չի կարող նշվել տարբերանշանով, եթե հատուկ կերպով նրան անձեռնմխելիություն չի հատկացվել:

2. Բարձր պայմանավորվող կողմերը հնարավորության սահմաններում ձեռնարկում են նախազգուշական անհրաժեշտ միջոցներ, որպեսզի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված և տարբերանշաններ կրող փոխադրամիջոցները պաշտպանված լինեն իրենց դեմ ուղղված թշնամական գործողություններից:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ, ՈՐՊԵՍ ԱՎԱՐ ԵՎ ՊԱՐԳԵՎ ՎԵՐՑՎԵԼՈՒՑ

 

1. Բռնագրավումից, որպես ավար և պարգև վերցվելուց անձեռնմխելիությամբ կարող են օգտվել`

(ա) 12-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության կամ 13-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքները,

(բ) բացառապես այդ մշակութային արժեքների փոխադրությամբ զբաղված փոխադրամիջոցները:

2. Սույն հոդվածում ոչինչ չի սահմանափակում այցելության և ուսումնասիրության իրավունքը:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

Մշակութային արժեքների պաշտպանության համար նախատեսված անձնակազմը պետք է, որքանով թույլատրում են անվտանգության պահանջները, վայելի հարգանք` ի շահ այդ արժեքների պահպանման, և, եթե այդ անձնակազմն ընկնում է հակառակորդի ձեռքը, նրան հնարավորություն է ընձեռնվում իրականացնելու իր գործառույթները, եթե հակառակորդի ձեռքն են ընկնում նաև մշակութային այն արժեքները, որոնց պահպանությունը հանձնարարվել է այդ անձնակազմին:

 

ԳԼՈՒԽ 5
ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 16. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆՇԱՆԸ

 

1. Կոնվենցիայի նշանն ստորին մասում սուր վահան է` բաժանված կապույտ ու սպիտակ գույնի չորս մասերի (վահանը բաղկացած է կապույտ քառակուսուց, որի անկյուններից մեկը ներգծված է վահանի սուր մասին, և քառակուսու վերևում գծված կապույտ եռանկյունուց. քառակուսին և եռանկյունին երկու կողմից սահմանազատվում են սպիտակ եռանկյունիներով):

2. Նշանը գործածվում է միապատիկ կամ եռապատիկ` եռանկյան տեսքով (մեկ նշանը` ներքևում), 17-րդ հոդվածում նշված պայմաններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Տարբերանշանը եռապատիկ կիրառվում է ճանաչելու համար միայն`

(ա) հատուկ պաշտպանության ներքո գտնվող անշարժ մշակութային արժեքները,

(բ) մշակութային արժեքներ փոխադրող փոխադրամիջոցները` 12-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին համապատասխան,

(գ) հանպատրաստից ստեղծված պատսպարանները` Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված պայմաններին համապատասխան:

2. Տարբերանշանը միապատիկ կարող է կիրառվել ճանաչելու համար միայն`

(ա) հատուկ պաշտպանության ներքո չգտնվող մշակութային արժեքները,

(բ) այն անձանց, որոնք պատասխանատու են վերահսկողության գործառույթների համար Կոնվենցիայի գործադրման կանոնակարգին համապատասխան,

(գ) մշակութային արժեքների պահպանության համար նախատեսված անձնակազմը,

(դ) Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված անձը հաստատող վկայականները:

3. Զինված ընդհարման ժամանակ արգելվում է տարբերանշանը կիրառել մնացյալ բոլոր դեպքերում, բացի նրանցից, որոնք հիշատակված են սույն հոդվածի նախորդ կետերում, կամ որևէ նպատակով կիրառել Կոնվենցիայի տարբերանշանին նմանվող այլ նշան:

4. Տարբերանշանով չի կարող նշվել որևէ անշարժ մշակութային արժեք` առանց միաժամանակ Բարձր պայմանավորվող կողմի իրավասու իշխանությունների` պատշաճորեն թվագրած և ստորագրած համապատասխան թույլտվություն փակցնելու:

 

ԳԼՈՒԽ 6
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Բացի այն դրույթներից, որոնք գործում են խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կիրառվում է հայտարարված պատերազմի կամ որևէ այլ զինված ընդհարման դեպքում, որը կարող է ծագել Բարձր պայմանավորվող կողմերից երկուսի կամ մի քանիսի միջև, անգամ եթե պատերազմական դրությունը չի ճանաչվել նրանցից մեկի կամ մի քանիսի կողմից:

2. Կոնվենցիան կիրառվում է նաև Բարձր պայմանավորվող կողմի ողջ տարածքի կամ նրա մի մասի գրավման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ գրավումը ռազմական որևէ դիմադրության չի հանդիպում:

3. Եթե ընդհարման մեջ գտնվող պետություններից մեկը սույն Կոնվենցիային չի մասնակցում, դրա կողմ հանդիսացող պետությունները, այնուամենայնիվ, իրենց փոխհարաբերություններում միմյանց հետ կապված են մնում Կոնվենցիայով: Նրանք Կոնվենցիայով կապված կլինեն նշյալ պետության նկատմամբ, եթե վերջինս հայտարարել է Կոնվենցիայի դրույթներն ընդունելու մասին և քանի դեռ կատարում է դրանք:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ

 

1. Միջազգային բնույթ չունեցող և Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ծագող զինված ընդհարման դեպքում ընդհարմանը մասնակից յուրաքանչյուր կողմ պարտավոր է կիրառել սույն Կոնվենցիայի` առնվազն մշակութային արժեքների հարգմանը վերաբերող դրույթները:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը ջանքեր կգործադրեն, որպեսզի հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դրվեն սույն Կոնվենցիայի բոլոր դրույթները կամ դրանց մի մասը:

3. Միավորված ազգերի կազմակերպության` Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը կարող է իր ծառայություններն առաջարկել ընդհարման մեջ գտնվող կողմերին:

4. Վերոնշյալ դրույթների կիրառումը չի վնասի ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակին:

 

ԳԼՈՒԽ 7
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 20. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիայի կիրառման կարգը սահմանվում է նրա բաղկացուցիչ մասը հանդիսացող` Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՀՈՎԱՆԱՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն Կոնվենցիան և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգը կիրառվում են Հովանավոր պետությունների աջակցությամբ, որոնք պատասխանատու են ընդհարման մեջ գտնվող կողմերի շահերի պաշտպանության համար:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՇՏԱՐԱՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Հովանավոր պետություններն իրենց բարի ծառայություններն են մատուցում բոլոր այն դեպքերում, երբ դա օգտավետ են համարում ի շահ մշակութային արժեքների պաշտպանության, առանձնապես, եթե ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնություններ կան սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի դրույթների կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ:

2. Այդ նպատակով Հովանավոր պետություններից յուրաքանչյուրը կարող է կողմերից մեկի, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի հրավերով կամ սեփական նախաձեռնությամբ ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկել` հրավիրել վերջինների ներկայացուցիչների, մասնավորապես, մշակութային արժեքների պաշտպանության համար պատասխանատու ներկայացուցիչների հանդիպում, ըստ հնարավորին պատշաճորեն ընտրված չեզոք տարածքում: Ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ հանդիպում հրավիրելու մասին նրանց արված առաջարկությանը: Այդ հանդիպմանը իբրև նախագահ մասնակցելու համար Հովանավոր պետություններն ընդհարման մեջ գտնվող կողմերի հավանությանն են ներկայացնում այնպիսի անձի, որը չեզոք պետության քաղաքացի է կամ առաջարկվել է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը կարող են դիմել Միավորված ազգերի կազմակերպության` Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը` խնդրելով տեխնիկական օգնություն իրենց մշակութային արժեքների պաշտպանությունը կազմակերպելու համար կամ սույն Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի կիրառումից բխող ցանկացած այլ հարցով: Կազմակերպությունն այդ օգնությունը տրամադրում է իր ծրագրի ու հնարավորությունների սահմաններում:

2. Կազմակերպությունն իրավունք ունի Բարձր պայմանավորվող կողմերին տվյալ հարցով առաջարկություններ անել իր նախաձեռնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը կարող են կնքել հատուկ համաձայնագրեր բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք ըստ իրենց պետք է կարգավորվեն:

2. Չի կարող կնքվել որևէ հատուկ համաձայնագիր, որը կնվազեցնի սույն Կոնվենցիայի համաձայն մշակութային արժեքներին և նրանց պաշտպանությամբ զբաղվող անձնակազմին տրամադրվող պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ իրենց երկրներում ըստ հնարավորին լայնորեն տարածել սույն Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի տեքստը: Նրանք պարտավորվում են, մասնավորապես, դրանց ուսումնասիրությունը ներառել ռազմական և, հնարավորության դեպքում, քաղաքացիական ուսուցման ծրագրերում, որպեսզի Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի սկզբունքները հայտնի լինեն ողջ բնակչությանը, առանձնապես, զինված ուժերին և մշակութային արժեքների պաշտպանության համար նախատեսված անձնակազմին:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի միջոցով միմյանց փոխանցում են սույն Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի թարգմանությունների պաշտոնական տեքստերը:

2. Դրանից զատ, առնվազն չորս տարին մեկ նրանք Գլխավոր տնօրենին ուղարկում են զեկույց, որը պարունակում է սույն Կոնվենցիան և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգն իրագործելու համար իրենց վարչությունների կողմից ձեռնարկվող, նախապատրաստվող կամ ուսումնասիրվող միջոցառումների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք հաղորդելն իրենք նպատակահարմար են գտնում:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը կարող է, Գործադիր խորհրդի համաձայնությամբ, հրավիրել Բարձր պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների հանդիպումներ: Նման հանդիպմանը նա հրավիրվում է, եթե այդ մասին խնդրանք է ներկայացրել Բարձր պայմանավորվող կողմերի ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ հինգերորդ մասը:

2. Սույն Կոնվենցիայով և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով հանդիպմանը վերապահված այլ գործառույթներից զատ, նրա խնդիրն է նաև ուսումնասիրել Կոնվենցիայի ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի կիրառման հետ կապված հիմնահարցերը և այդ կապակցությամբ տալ հանձնարարականներ:

3. Դրանից բացի, հանդիպումը կարող է, 39-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, վերանայել Կոնվենցիան ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգը, եթե այնտեղ ներկայացված է Բարձր պայմանավորվող կողմերի մեծամասնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց քրեական իրավազորության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հետապնդվեն և քրեական կամ կարգապահական պատժի ենթարկվեն սույն Կոնվենցիան խախտող կամ խախտելու հրաման տվող անձինք` անկախ նրանց քաղաքացիությունից:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 29. ԼԵԶՈՒՆԵՐԸ

 

1. Սույն Կոնվենցիան կազմվել է անգլերեն, իսպաներեն, ռուսերեն ու ֆրանսերեն. բոլոր չորս տեքստերը հավասարազոր են:

2. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն ապահովում է Կոնվենցիայի թարգմանությունը մնացյալ այն լեզուներով, որոնք նրա Գլխավոր խորհրդաժողովի պաշտոնական լեզուներն են:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

Սույն Կոնվենցիան թվագրվելու է 1954 թ. մայիսի 14-ի ամսաթվով և մինչև 1954 թ. դեկտեմբերի 31-ը բաց կլինի ստորագրության համար բոլոր այն պետությունների կողմից, որոնք հրավիրվել են 1954 թ. ապրիլի 21-ից մինչև մայիսի 14-ը Հաագայում անցկացված խորհրդաժողովին:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից` նրանց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

2. Վավերագրերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՄԻԱՆԱԼԸ

 

ՈՒժի մեջ մտնելու իսկ օրից սույն Կոնվենցիան միանալու համար բաց կլինի 30-րդ հոդվածում նշված բոլոր այն պետությունների համար, որոնք Կոնվենցիան չեն ստորագրել, ինչպես նաև ցանկացած այլ պետության համար, որը միանալու կհրավիրվի Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գործադիր խորհրդի կողմից: Միանալն իրականացվում է միանալու մասին փաստաթուղթը հիշյալ Կազմակերպության Գլխավոր տնօրենին ի պահ տալու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հինգ վավերագրերի ի պահ հանձնվելուց երեք ամիս անց:

2. Հետագայում Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար այն ուժի մեջ կմտնի երեք ամիս անց այն օրից, երբ այդ կողմն ի պահ է տալիս իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը:

3. 18-րդ և 19-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում ընդհարման մեջ գտնվող այն կողմերի համար, որոնք վավերացման կամ միանալու փաստաթղթերն ի պահ են տվել ռազմական գործողություններից կամ գրավումից առաջ կամ հետո, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի անմիջապես: Նման դեպքերում Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը 38-րդ հոդվածով նախատեսված հաղորդումները կատարում է արագացված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 34. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ

 

1. Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրից նրա մասնակից յուրաքանչյուր կողմ վեցամսյա ժամկետում ձեռնարկում է այն գործողության մեջ դնելու համար անհրաժեշտ միջոցառումներ:

2. Այս ժամկետը, վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ի պահ հանձնած պետության համար 6 ամիս է` հաշված վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ տալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է վավերացման կամ միանալու պահին կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին հղած ծանուցման միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիան կտարածվի ցանկացած տարածքի կամ այնպիսի տարածքի վրա, որի համար միջազգային հարաբերություններում ինքը պատասխանատու է: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց երեք ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՈՐԴ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ

 

1. Այն պետությունների հարաբերություններում, որոնք կապված են 1899 թ. հուլիսի 29-ի Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին (IV) և Պատերազմի ժամանակ ծովային ուժերով ռմբակոծության մասին (IX) կամ 1907 թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիաներով, և որոնք սույն Կոնվենցիայի կողմեր են, այս վերջին Կոնվենցիան կլրացնի վերոնշյալ (IX) Կոնվենցիային և վերոնշյալ (IV) Կոնվենցիայի հավելվածը կազմող Կանոնակարգը և վերոնշյալ (IX) Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նկարագրված նշանը կփոխարինի սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածում նկարագրված նշանով այն դեպքերի համար, երբ սույն Կոնվենցիան ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգը նախատեսում են այդ տարբերանշանի գործածությունը:

2. Այն պետությունների հարաբերություններում, որոնք կապված են Գիտության ու արվեստի հիմնարկների պաշտպանության մասին Վաշինգտոնի 1935 թ. ապրիլի 15-ի դաշնագրով (Ռերիխի դաշնագիր) և որոնք սույն Կոնվենցիայի կողմեր են, վերջին Կոնվենցիան կլրացնի Ռերիխի դաշնագիրը և նրա 3-րդ հոդվածում նկարագրված տարբերադրոշը կփոխարինի սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածում նկարագրված նշանով այն դեպքերի համար, երբ սույն Կոնվենցիան ու Կոնվենցիայի գործադրման կանոնակարգը նախատեսում են այդ տարբերանշանի գործածությունը:

 

ՀՈԴՎԱԾ 37. ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր անունից կամ միջազգային հարաբերություններում իր կողմից ներկայացվող ցանկացած տարածքի անունից չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:

2. Չեղյալ հայտարարելու մասին պետք է հայտարարվի գրավոր` Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթղթի ստացվելուց մեկ տարի հետո: Սակայն, եթե այդ տարվա ավարտին չեղյալ հայտարարող կողմը ներքաշված է զինված ընդհարման մեջ, չեղյալ հայտարարելն ուժի մեջ չի մտնում մինչև ընդհարման ավարտը կամ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել մշակութային արժեքներն այն երկիրը վերադարձնելու գործողությունները, որտեղից դուրս են բերվել:

 

ՀՈԴՎԱԾ 38. ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը 30-րդ և 32-րդ հոդվածներում նշված պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը տեղեկացնում է Կոնվենցիայի վավերացման, նրան միանալու կամ փոփոխությունների ու լրացումների ընդունման մասին, 31, 32 և 39-րդ հոդվածներով նախատեսված բոլոր փաստաթղթերի հանձնման, ինչպես նաև, համապատասխանաբար 35, 37 և 39-րդ հոդվածներով նախատեսված ծանուցումների ու չեղյալ հայտարարելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 39. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել սույն Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի փոփոխություններ ու լրացումներ: Առաջարկված ամեն մի փոփոխություն կամ լրացում հաղորդվում է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին, որն այն ուղարկում է Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին` խնդրանքով, որպեսզի այդ կողմը չորս ամսվա ընթացքում տեղեկացնի`

(ա) ցանկանում է նա արդյոք, որպեսզի առաջարկված փոփոխությունը կամ լրացումը քննարկելու համար հրավիրվի խորհրդաժողով,

(բ) համաձայն է նա արդյոք, որպեսզի առաջարկված փոփոխությունը կամ լրացումն ընդունվի առանց խորհրդաժողով հրավիրելու,

(գ) համաձայն է նա արդյոք, որպեսզի առաջարկված փոփոխությունը կամ լրացումը մերժվի առանց խորհրդաժողով հրավիրելու:

2. Գլխավոր տնօրենը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված պատասխանները հաղորդում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:

3. Եթե Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին իրենց կարծիքը նախատեսված ժամկետում հաղորդած բոլոր Բարձր պայմանավորվող կողմերը, ի կատարումն սույն հոդվածի 1 (բ) կետի, Գլխավոր տնօրենին ծանուցում են, թե իրենք համաձայն են փոփոխությունը կամ լրացումն առանց խորհրդաժողով հրավիրելու ընդունելու, ապա Գլխավոր տնօրենը նրանց որոշման ծանուցման մասին հաղորդում է 38-րդ հոդվածին համապատասխան: Փոփոխությունը կամ լրացումն ուժի մեջ է մտնում բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի համար այդ ծանուցումից 90 օր անց:

4. Առաջարկված փոփոխությունը կամ լրացումը քննարկելու համար Գլխավոր տնօրենը Բարձր պայմանավորվող կողմերի խորհրդաժողով է հրավիրում այն դեպքում, եթե այդ մասին խնդրում է կողմերի ընդհանուր թվի մեկ երրորդից ավելին:

5. Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի այն փոփոխություններն ու լրացումները, որոնք քննարկվում են նախորդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, ուժի մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ արժանանում են խորհրդաժողովին ներկայացված Բարձր պայմանավորվող կողմերի միաձայն հավանությանը և այն բանից հետո, երբ դրանք ընդունել է Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը:

6. Բարձր պայմանավորվող կողմերը Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի` 4-րդ և 5-րդ կետերում հիշատակված խորհրդաժողովի հավանությանն արժանացած փոփոխություններն ու լրացումներն ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու միջոցով:

7. Սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի փոփոխությունների ու լրացումների` ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի` այդ կերպ ուղղված տեքստն է միայն, որ բաց է մնում վավերացման կամ միանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 40. ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, սույն Կոնվենցիան գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում` Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից:

Ի հավաստիացումն որի` պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է 1954 թվականի մայիսի 14-ին, Հաագայում, մեկ օրինակով, որը պահպանվում է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվներում և որի հաստատված պատճեններն ուղարկվելու են 30-րդ և 32-րդ հոդվածներում նշված բոլոր պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը:

 

ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ

 

Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը կազմում է այն անձանց միջազգային ցուցակը, ում Բարձր պայմանավորվող կողմերն առաջադրում են մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարի գործառույթներն իրականացնելու համար: Միավորված ազգերի կազմակերպության` Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի նախաձեռնությամբ այդ ցուցակը պարբերաբար վերանայվելու է` հիմք ընդունելով Բարձր պայմանավորվող կողմերի պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հենց որ Բարձր պայմանավորվող կողմը ներքաշվում է զինված ընդհարման մեջ, որի նկատմամբ կիրառելի է Կոնվենցիայի 18-րդ հոդվածը.

(ա) նա նշանակում է իր տարածքում գտնվող մշակութային արժեքների գծով ներկայացուցիչ, եթե այդ կողմը գրավել է այլ տարածք, ապա նշանակում է այդտեղ գտնվող մշակութային արժեքների գծով ներկայացուցիչ,

(բ) այդ Բարձր պայմանավորվող կողմի հետ զինված ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմի Հովանավոր պետությունը նշանակում է առաջինին առընթեր պատվիրակներ` ներքոհիշյալ 3-րդ հոդվածին համապատասխան,

(գ) այդ Բարձր պայմանավորվող կողմին առընթեր, ներքոհիշյալ 4-րդ հոդվածին համապատասխան, նշանակվում է մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատար:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀՈՎԱՆԱՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

Հովանավոր պետությունն իր պատվիրակներին նշանակում է իր դիվանագիտական կամ հյուպատոսական անձնակազմի անդամներից կամ այն կողմի համաձայնությամբ, որին առընթեր նրանք կատարում են իրենց գործառույթները` այլ անձանցից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարը նշանակվում է անձանց միջազգային ցուցակից` ինչպես այն կողմի, որին առընթեր նա կատարում է իր գործառույթները, այնպես էլ զինված ընդհարման մեջ գտնվող կողմի Հովանավոր պետությունների համատեղ համաձայնությամբ:

2. Եթե կողմերն այդ հարցի շուրջ իրենց բանակցություններն սկսելուց հետո երեք շաբաթվա ընթացքում համաձայնության չեն գալիս, նրանք խնդրում են Միջազգային դատարանի նախագահին նշանակելու Գլխավոր հանձնակատար, որն իր պարտականությունների կատարումն ստանձնում է այն կողմի համաձայնության ստացումից հետո միայն, որին առընթեր նա պետք է իրականացնի իր գործառույթները:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հովանավոր պետությունների պատվիրակներն արձանագրում են Կոնվենցիայի խախտումներն այն կողմի համաձայնությամբ, որոնց առընթեր նրանք կատարում են իրենց գործառույթները, քննում են հանգամանքները, որոնց առկայությամբ տեղի են ունեցել այդ խախտումները, դրանց դադարեցնելու նպատակով տեղում ձեռնարկում են դեմարշներ, և, անհրաժեշտության դեպքում, դրանց մասին ծանուցում են Գլխավոր հանձնակատարին: Նրան տեղեկություններ են հաղորդում իրենց գործունեության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարն այն կողմի ներկայացուցչի, որին առընթեր կատարում է իր գործառույթները, և շահագրգիռ պատվիրակների հետ քննարկում է իրեն փոխանցվող բոլոր այն հարցերը, որոնք ծագում են Կոնվենցիայի կիրառման կապակցությամբ:

2. Սույն Կանոնակարգով նախատեսված դեպքերում նա կարող է որոշումներ ընդունել և նշանակումներ կատարել:

3. Այն կողմի համաձայնությամբ, որին առընթեր Գլխավոր հանձնակատարն իրականացնում է իր գործառույթները, նա իրավունք ունի հրամայել կատարելու քննություն կամ այդ քննությունը վարել անձամբ:

4. Նա զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի կամ դրանց Հովանավոր պետությունների առջև ձեռնարկում է բոլոր այն դեմարշները, որոնք ինքն Կոնվենցիայի կիրառման համար համարում է օգտակար:

5. Նա կազմում է զեկույցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Կոնվենցիայի կիրառման համար և դրանք հաղորդում է շահագրգիռ կողմերին, ինչպես նաև նրանց Հովանավոր պետություններին: Այդ զեկույցների պատճենները նա ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին, որը կարող է օգտագործել միայն դրանցում պարունակվող տեխնիկական տվյալները:

6. Այն դեպքում, երբ Հովանավոր պետություն չկա, Գլխավոր հանձնակատարն իրականացնում է Հովանավոր պետության` Կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված գործառույթները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

 

1. Երբ մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարն անհրաժեշտ է գտնում, կամ շահագրգիռ պատվիրակների խնդրանքի հիման վրա, կամ նրանց հետ խորհրդակցելուց հետո, այն պետության հաստատմանը, որին առընթեր հավատարմագրված է, ներկայացնում է մշակութային արժեքների գծով տեսուչի թեկնածությունը, որի վրա դրվում է որոշակի առաքելություն: Տեսուչը պատասխանատու է միայն Գլխավոր հանձնակատարի առջև:

2. Գլխավոր հանձնակատարը, պատվիրակներն ու տեսուչը կարող են դիմել փորձագետների ծառայություններին, որոնց թեկնածությունը ևս ներկայացվում է նախորդ կետում նշված կողմի հավանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Մշակութային արժեքների գծով հանձնակատարները, Հովանավոր պետությունների պատվիրակները, տեսուչներն ու փորձագետները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց գործառույթների շրջանակներից: Նրանք պետք է հատկապես ուշադրության առնեն այն Բարձր պայմանավորվող կողմի անվտանգության շահերը, որոնց առընթեր կատարում են իրենց գործառույթները, և բոլոր հանգամանքներում պետք է գործեն այն ռազմական իրավիճակի պահանջներին համապատասխան, որի մասին նրանց տեղեկացնում է Բարձր պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀՈՎԱՆԱՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

 

Եթե ընդհարման մեջ գտնվող կողմը չի օգտվում կամ դադարել է օգտվել Հովանավոր պետության ծառայություններից, կարելի է խնդրել չեզոք պետությանը, որպեսզի նա, համաձայն 4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի, ստանձնի մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատար նշանակելու Հովանավոր պետության գործառույթը: Այդ կերպ նշանակված Գլխավոր հանձնակատարը Հովանավոր պետությունների պատվիրակների` սույն Կանոնակարգով սահմանված գործառույթները հարկ եղած դեպքերում հանձնարարում է տեսուչներին:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԾԱԽՍԵՐԸ

 

Մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարի, տեսուչների և փորձագետների վարձատրությունն ու նրանց ծախսերի վճարումը կատարում է այն կողմը, որին առընթեր նրանք իրականացնում են իրենց գործառույթները. Հովանավոր պետությունների պատվիրակների վարձատրությունն ու ծախսերը ենթակա են համաձայնեցման այդ պետությունների և այն պետությունների միջև, որոնց շահերը նրանք պաշտպանում են:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ ՊԱՏՍՊԱՐԱՆՆԵՐ

 

1. Եթե Բարձր պայմանավորվող կողմը զինված ընդհարման ընթացքում չնախատեսված հանգամանքների բերումով պետք է ստեղծի հանպատրաստից պատսպարան և եթե ցանկանում է, որ այդ պատսպարանը վերցվի հատուկ պաշտպանության ներքո, նա այդ մասին անհապաղ տեղեկացնում է իրեն առընթեր գործառույթներ իրականացնող Գլխավոր հանձնակատարին:

2. Եթե Գլխավոր հանձնակատարը գտնում է, որ հանգամանքներն ու այդ հանպատրաստից պատսպարանում պահվող մշակութային արժեքների կարևորությունն արդարացնում են նման միջոցները, նա կարող է Բարձր պայմանավորվող կողմին թույլատրել` պատսպարանը նշելու Կոնվենցիայի 16-րդ հոդվածով սահմանված տարբերանշանով: Իր որոշման մասին նա անհապաղ տեղեկացնում է շահագրգիռ Հովանավոր պետությունների պատվիրակներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է երեսնօրյա ժամկետում պահանջել` անմիջապես հանելու այդ նշանը:

3. Հենց որ այդ պատվիրակները հայտնում են իրենց համաձայնությունը, կամ եթե երեսնօրյա ժամկետի լրանալուց հետո շահագրգիռ պատվիրակներից ոչ ոք չի հայտնում իր առարկության մասին, և եթե հանպատրաստից պատսպարանը, Գլխավոր հանձնակատարի կարծիքով, համապատասխանում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված պայմաններին, Գլխավոր հանձնակատարը Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին խնդրում է պատսպարանը գրանցել հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների գրանցամատյանում:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

1. Կազմվում է «Հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների միջազգային գրանցամատյան»:

2. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը վարում է այդ գրանցամատյանը: Նա դրա պատճենները հանձնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Բարձր պայմանավորվող կողմերին:

3. Գրանցամատյանը բաժանվում է բաժինների, յուրաքանչյուրը` Բարձր պայմանավորվող կողմերից մեկի անունով: Ամեն մի բաժին ստորաբաժանվում է երեք մասի` պատսպարաններ, հուշարձաններ ընդգրկող կենտրոններ և այլ անշարժ մշակութային արժեքներ: Գլխավոր տնօրենը որոշում է, թե յուրաքանչյուր բաժին ինչ մանրամասներ է ընդգրկում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին` իր տարածքում գտնվող որոշ պատսպարաններ, հուշարձաններ ընդգրկող կենտրոններ կամ այլ անշարժ մշակութային արժեքներ գրանցամատյանում գրանցելու մասին: Դիմումի մեջ կողմը տեղեկություններ է հաղորդում այդ արժեքների գտնվելու վայրի մասին և հավաստիացնում, որ դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված պայմաններին:

2. Գրավման դեպքում նման դիմում ներկայացնելու իրավունք ունի գրավող պետությունը:

3. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենն անմիջապես Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին է ուղարկում մշակութային արժեքները գրանցամատյանում գրանցելու մասին դիմումների պատճենները:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ուղղված նամակով առարկություն ներկայացնել մշակութային արժեքը գրանցամատյանում գրանցելու դեմ: Գլխավոր տնօրենն այդ նամակը պետք է ստանա չորսամսյա ժամկետում` հաշված այն օրից, երբ ինքն ուղարկել է տվյալ մշակութային արժեքը գրանցամատյանում գրանցելու մասին խնդրանքի պատճենները:

2. Նման առարկությունը պետք է լինի պատճառաբանված: Դրա համար կարող են բերվել միայն հետևյալ պատճառաբանությունները`

(ա) որ արժեքը մշակութային արժեք չէ,

(բ) որ արժեքը չի բավարարում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պայմաններին:

3. Գլխավոր տնօրենն առարկությունը բովանդակող նամակի պատճենն անմիջապես ուղարկում է Բարձր պայմանավորվող կողմերին: Անհրաժեշտության դեպքում նա հարցնում է Գեղարվեստական ու պատմական հետաքրքրություն ներկայացնող հուշարձանների, վայրերի և հնագիտական պեղավայրերի պաշտպանության միջազգային կոմիտեի, ինչպես և ցանկացած այլ իրավասու կազմակերպության կամ անձի կարծիքը:

4. Գլխավոր տնօրենը կամ մշակութային արժեքը գրանցամատյանում գրանցելու մասին դիմած Բարձր պայմանավորվող կողմը կարող են իրենց առարկությունների մասին հայտարարած Բարձր պայմանավորվող կողմերի նկատմամբ ձեռնարկել ցանկացած դեմարշ, որն անհրաժեշտ կհամարի, որպեսզի նրանք հրաժարվեն այդ առարկություններից:

5. Եթե Բարձր պայմանավորվող կողմը, որը խաղաղ ժամանակ դիմել է մշակութային արժեքը գրանցամատյանում գրանցելու համար, դառնում է զինված ընդհարման մասնակից նախքան գրանցամատյանում այդ մշակութային արժեքը գրանցելու վերաբերյալ դիմումն ուժի մեջ մտնելը, ապա Գլխավոր տնօրենը տվյալ մշակութային արժեքն անմիջապես ժամանակավորապես ներառում է գրանցամատյանում` մինչև ցանկացած առարկության հաստատվելը, հանվելը կամ չեղյալ հայտարարվելը, որը կարող է կամ կարող էր արվել:

6. Եթե 6 ամիս անց այն բանից հետո, երբ Գլխավոր տնօրենն ստանում է որևէ արժեք գրանցամատյանում գրանցելու դեմ առարկություն բովանդակող նամակ, այդ առարկության մասին հայտարարած Բարձր պայմանավորվող կողմից տեղեկություն չի ստանում առարկությունից հրաժարվելու մասին, արժեքը գրանցամատյանում գրանցելու համար դիմած Բարձր պայմանավորվող կողմը կարող է դիմել արբիտրաժ` հաջորդ կետով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

7. Արբիտրաժի մասին խնդրանքով պետք է դիմել ոչ ուշ, քան մեկ տարի անց այն օրից, երբ Գլխավոր տնօրենն ստանում է առարկություն բովանդակող նամակը: Վիճաբանող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկական արբիտր: Այն դեպքում, երբ գրանցամատյանում գրանցելու դեմ ներկայացվել է մի քանի առարկություն, դրանք ներկայացրած Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ նշանակում են մեկական արբիտր: Այդ երկու արբիտրները սույն Կանոնակարգի 1-ին հոդվածով նախատեսված միջազգային ցուցակից ընտրում են Գլխավոր արբիտր: Եթե նրանք չեն կարողանում համաձայնության գալ Գլխավոր արբիտրի ընտրության շուրջ, ապա Միջազգային դատարանի նախագահին խնդրում են նշանակել մեկ Գլխավոր արբիտր, որի ընտրությունը միջազգային ցուցակից պարտադիր չէ: Այդ կերպ ձևավորված արբիտրաժային դատարանը սահմանում է իր ընթացակարգը: Արբիտրաժային դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն:

8. Ցանկացած ժամանակ, երբ ծագում է վեճ, որի կողմը Բարձր պայմանավորվող կողմն է, վերջինս կարող է հայտարարել, որ ինքը չի ցանկանում կիրառել նախորդ կետերում նախատեսված արբիտրաժի ընթացակարգը: Այդ դեպքում Գլխավոր տնօրենը գրանցամատյանում գրանցելու դեմ առարկությունն ուղարկում է Բարձր պայմանավորվող կողմերին: Այդ առարկությունն ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, երբ հաստատվում է քվեարկող Բարձր պայմանավորվող կողմերի երկու երրորդի կողմից: Քվեարկությունը կարող է կատարվել հեռակա կարգով, եթե միայն Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենն անհրաժեշտ չի համարում Կոնվենցիայի 27-րդ հոդվածով իրեն տրված լիազորությունների հիման վրա խորհրդակցություն հրավիրել: Եթե Գլխավոր տնօրենը որոշում է քվեարկությունն անցկացնել հեռակա կարգով, Բարձր պայմանավորվող կողմերին խնդրում է վեցամսյա ժամկետում, հաշված խնդրանքը հղելու օրից, կնքված նամակով իրեն ուղարկել իրենց քվեները:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը, համարակալելով գրանցամատյանում գրանցում է մշակութային յուրաքանչյուր արժեք, որի վերաբերյալ գրանցամատյանում գրանցելու խնդրանք է արվել, եթե 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում առաջարկություններ չի ստացել:

2. Եթե ներկայացվել է առարկություն, ապա, բացառությամբ 14-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերի, Գլխավոր տնօրենը մշակութային արժեքը գրանցամատյանում գրանցում է միայն այն դեպքում, եթե առարկությունը հանվել է կամ հավանության չի արժանացել 14-րդ հոդվածի 7-րդ կետով կամ նույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

3. Սույն Կանոնակարգի 11-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերում Գլխավոր տնօրենն արժեքը գրանցում է գրանցամատյանում մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարի խնդրանքով:

4. Գլխավոր տնօրենը գրանցամատյանում կատարված յուրաքանչյուր գրանցման վավերացված պատճենն անմիջապես ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, Բարձր պայմանավորվող կողմերին և, գրանցամատյանում ընդգրկելու մասին դիմած կողմի խնդրանքով, Կոնվենցիայի 30-րդ և 32-րդ հոդվածներում նշված բոլոր պետություններին: Գրանցամատյանում արված գրանցումն ուժի մեջ է մտնում նշված պատճեններն ուղարկելուց երեսուն օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՀԱՆԵԼԸ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը մշակութային արժեքները գրանցամատյանից հանում է`

(ա) այն Բարձր պայմանավորվող կողմի խնդրանքով, որի տարածքում գտնվում է մշակութային արժեքը,

(բ) եթե որևէ արժեք գրանցամատյանում գրանցելու մասին դիմած Բարձր պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարել Կոնվենցիան և եթե այդ չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտել,

(գ) սույն Կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված դեպքերում, եթե առարկությունը հաստատվել է 14-րդ հոդվածի 7-րդ կամ 8-րդ կետերով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

2. Գլխավոր տնօրենը գրանցամատյանից հանելու յուրաքանչյուր փաստաթղթի վավերացված պատճենն անմիջապես ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և բոլոր այն պետություններին, որոնք ստացել էին արժեքները գրանցամատյանում գրանցելու մասին պատճենն: Հանելն ուժի մեջ է մտնում այդ պատճեններն ուղարկելուց երեսուն օր հետո:

 

ԳԼՈՒԽ 3
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված խնդրանքն ուղղվում է մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարին: Խնդրանքում պետք է շարադրվեն դրա պատճառները և փոխադրման ենթակա մշակութային արժեքների մոտավոր քանակությունն ու նշանակությունը, տվյալ պահին դրանց գտնվելու վայրը, ենթադրվող նոր տեղաբաշխումը, փոխադրամիջոցները, երթուղին, փոխադրման համար նախատեսված ամսաթիվը և ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկություն:

2. Եթե Գլխավոր հանձնակատարն այն կարծիքներն ստանալուց հետո, որոնք ինքն անհրաժեշտ է համարում, գտնում է, որ տվյալ փոխադրումն արդարացված է, այդ փոխադրման նախատեսված եղանակների շուրջ խորհրդակցում է Հովանավոր պետությունների շահագրգիռ պատվիրակների հետ: Նման խորհրդակցությունից հետո նա ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերին տեղեկացնում է փոխադրման մասին` իր հաղորդմանը կցելով անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

3. Գլխավոր հանձնակատարը նշանակում է մեկ կամ մի քանի տեսուչների, որոնք հավաստիանում են, որ փոխադրվում են միայն խնդրանքում նշված արժեքները, որ փոխադրումն իրականացվում է հավանության արժանացած եղանակով և որ փոխադրամիջոցն ունի տարբերանշան: Այդ տեսուչը կամ տեսուչները փոխադրամիջոցն ուղեկցում են մինչև նրա նշանակման վայրը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

 

Եթե հատուկ պաշտպանության ներքո փոխադրումն իրականացվում է դեպի այլ երկրի տարածք, այն կարգավորվում է ոչ միայն սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի և սույն Կանոնակարգի 17-րդ հոդվածի դրույթներով, այլև հետևյալ դրույթներով.

(ա) մշակութային արժեքներն այլ պետության տարածքում գտնվելու ժամանակ պետք է պահպանվեն այդ պետության կողմից: Դրանց մասին նա պետք է հոգա ոչ պակաս, քան սեփական նույնաբնույթ մշակութային արժեքների մասին,

(բ) պետությունը, որի պահպանության ներքո են հիշյալ արժեքները, դրանք վերադարձնում է միայն ընդհարման ավարտից հետո. արժեքների վերադարձն իրականացվում է այդ մասին խնդրանքից հետո վեցամսյա ժամկետում,

(գ) այդ արժեքների փոխադրման տարբեր գործողությունների ընթացքում և որևէ այլ պետության տարածքում գտնվելու ժամանակ դրանք չեն կարող բռնագրավել. հանձնող պետությունը և ի պահ ընդունող պետությունը չեն կարող ազատորեն տնօրինել դրանք: Սակայն երբ արժեքների պահպանությունն այդ է պահանջում, դրանք ի պահ ընդունած պետությունը կարող է արժեքներն ի պահ հանձնած պետության համաձայնությամբ դրանք փոխադրել երրորդ երկրի տարածք` սույն հոդվածով նախատեսված պայմաններով,

(դ) արժեքները հատուկ պաշտպանության ներքո վերցնելու մասին խնդրանքում պետք է նախատեսված լինի, որ պետությունը, որի տարածք փոխադրումը կատարվում է, ընդունում է սույն հոդվածի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԳՐԱՎՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ

 

Եթե մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմի տարածքը գրաված Բարձր պայմանավորվող կողմը մշակութային արժեքները փոխադրում է այդ տարածքի ուրիշ կետերում տեղադրված ապաստարաններ` ի վիճակի չլինելով պահպանելու Կանոնակարգի 17-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, նշված փոխադրումը չի դիտվում իբրև անհամապատասխան Կոնվենցիայի 4-րդ հոդվածի բովանդակությանը, եթե մշակութային արժեքների գծով Գլխավոր հանձնակատարը, արժեքների պաշտպանության անձնակազմի հետ խորհրդակցելուց հետո, գրավոր հավաստիացնում է, որ այդ փոխադրման անհրաժեշտությունը բխել է հանգամանքներից:

 

ԳԼՈՒԽ 4
ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 20. ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Տարբերանշանի տեղադրությունը և տեսանելիության աստիճանը վերապահվում են Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավասու իշխանությունների հայեցողությանը: Տարբերանշանը կարող է գտնվել դրոշների կամ թևկապերի վրա: Այն կարող է նկարված կամ ցանկացած այլ հարմար եղանակով պատկերված լինել որևէ առարկայի վրա:

2. Զինված ընդհարման ժամանակ Կոնվենցիայի 12-րդ և 13-րդ հոդվածներում նշված դեպքերում, փոխադրամիջոցների վրա տարբերանշանը պետք է (չբացառելով նշանակման ցանկացած այլ, առավել արդյունավետ եղանակների հնարավորությունը) տեղադրված լինի այնպես, որ ցերեկը պարզ տեսանելի լինի ինչպես օդից, այնպես էլ երկրի մակերևույթից:

Երկրի մակերևույթից այն պարզ տեսանելի պետք է լինի նաև այն դեպքերում, երբ տեղադրված է.

(ա) պատշաճ հեռավորությամբ, որը հնարավորություն կտա հստակորեն որոշել հատուկ պաշտպանության ներքո գտնվող հուշարձաններ ընդգրկող կենտրոնների սահմանները,

(բ) հատուկ պաշտպանության ներքո գտնվող այլ անշարժ մշակութային կենտրոնների մուտքի մոտ:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԱՆՁԱՆՑ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

1. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետի (բ) և (գ) ենթակետերով նախատեսված անձինք կարող են կրել տարբերանշանի պատկերով թևկապ, որոնք տրվում են իրավասու իշխանությունների կողմից ու կրում վերջինների դրոշմակնիքը:

2. Այդ անձինք ունեն անձը հաստատող հատուկ վկայականներ` տարբերանշանի պատկերով: Վկայականում նշվում են նրա տիրոջ, առնվազն անունն ու ազգանունը, ծննդյան թվականը, կոչումը կամ աստիճանը և պաշտոնը: Անձը հաստատող վկայականում տեղ է գտնում տիրոջ լուսանկարը, նրա ստորագրությունը կամ մատնահետքերը, կամ երկուսը միասին: Վկայականը կնքվում է իրավասու իշխանությունների դրոշմակնիքով:

3. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ սահմանում է անձը հաստատող վկայականի իր նմուշը` հիմք ընդունելով սույն Կանոնակարգի հավելվածում նշված ձևը: Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց են փոխանցում իրենց կողմից օգտագործվող նմուշը: Յուրաքանչյուր անձի վկայական պատրաստվում է, հնարավորության դեպքում, առնվազն երկու օրինակով, որոնցից մեկը պահվում է այն հանձնած պետությունում:

4. Վերոհիշյալ անձինք առանց օրինական հիմքերի չեն կարող զրկվել ոչ իրենց անձը հաստատող վկայականից, ոչ թևկապ կրելու իրավունքից:

Կատարված է Հաագա քաղաքում 1954 թվականի մայիսի 14-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

 

pin
ՄԱԿ
14.05.1954
Կոնվենցիա