Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ Ա ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն Կոնվենցիայի կողմերը,

նկատի առնելով տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի վրա այդ գործունեության ազդեցության փոխկապակցվածությունը,

հաստատելով էկոլոգիապես ներդաշնակ և կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը,

պատրաստակամ լինելով զարգացնել միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում, մասնավորապես` անդրսահմանային ենթատեքստում,

նկատի առնելով կանխողական քաղաքականության մշակման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա, մասնավորապես` դրա անդրսահմանային ենթատեքստում, վնասակար ազդեցությունների կանխման, նվազեցման և մոնիտորինգի անհրաժեշտությունն ու կարևոր նշանակությունը,

մտաբերելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության, Մարդու միջավայրի հիմնախնդիրներին նվիրված Ստոկհոլմի խորհրդաժողովի հռչակագրի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի /ԵԱՀԽ/ եզրափակիչ ակտի և ԵԱՀԽ անդամ պետությունների ներկայացուցիչների Մադրիդում և Վիեննայում կայացած հանդիպումների ամփոփիչ փաստաթղթերի համապատասխան դրույթները,

բարձր գնահատելով պետությունների կողմից իրականացվող` իրենց ազգային իրավական և վարչական համակարգերի և ազգային քաղաքականության հիման վրա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կատարումն ապահովող միջոցառումները,

գիտակցելով որոշումների կայացման սկզբնական փուլում էկոլոգիական գործոններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը` ընդունելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը բոլոր համապատասխան վարչական օղակներում որպես որոշում կայացնող մարմիններին տրամադրվող տեղեկատվության որակի բարձրացման համար անհրաժեշտ միջոց, որպեսզի այդ մարմինները կարողանան ընդունել էկոլոգիապես հիմնավորված որոշումներ, որոնցում հաշվի է առնվում վնասակար ազդեցությունը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը, մասնավորապես` անդրսահմանային ենթատեքստում.

նկատի առնելով միջազգային կազմակերպությունների ջանքերն` ուղղված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակի վրա օգտագործման խրախուսմանը, և հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հովանու տակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում կատարվող աշխատանքը, մասնավորապես` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման սեմինարի (1987 թվականի սեպտեմբեր, Վարշավա, Լեհաստան) աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նշելով Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի ղեկավարների խորհրդի կողմից ընդունված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նպատակներն ու սկզբունքները և Կայուն զարգացման մասին նախարարական հռչակագիրը (1990 թվականի մայիս, Բերգեն, Նորվեգիա),

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

i) «Կողմեր», եթե տեքստում այլ կերպ նշված չէ, սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերն են,

ii) «ծագման Կողմ» սույն Կոնվենցիայի այն Պայմանավորվող կողմն է (Կողմերն են), որի իրավազորության ներքո նախատեսվում է իրականացնել պլանավորված գործունեությունը,

iii) «ազդեցության ենթարկված Կողմ» սույն Կոնվենցիայի այն Պայմանավորվող կողմն է (Կողմերն են), որը կարող է ազդեցության ենթարկվել պլանավորված գործունեության անդրսահմանային հետևանքների արդյունքում,

iv) «շահագրգիռ Կողմեր» ծագման և ազդեցության ենթարկված Կողմերն են, որոնք սույն Կոնվենցիային համապատասխան իրականացնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը,

v) «պլանավորված գործունեություն» այն գործունեությունն է կամ որևէ գործունեության մեջ զգալի փոփոխությունների կատարումն է, որի վերաբերյալ իրավասու մարմինը պետք է որոշում կայացնի ընդունված ազգային ընթացակարգին համապատասխան,

vi) «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» շրջակա միջավայրի վրա պլանավորված գործունեության հնարավոր ազդեցության գնահատման ազգային ընթացակարգն է,

vii) «ազդեցությունը» շրջակա միջավայրի համար պլանավորված գործունեության հետևանքներն են` ներառյալ մարդկային առողջության և անվտանգության, բուսական և կենդանական աշխարհների, հողի, օդի, ջրի, կլիմայի, բնապատկերի, պատմական հուշարձանների և նյութական մշակույթի այլ օբյեկտների համար, կամ այդ գործոնների փոխկապակցվածությունն է. այն նաև ներառում է հետևանքները մշակութային ժառանգության կամ սոցիալ-տնտեսական պայմանների համար, որոնք հանդիսացել են այդ գործոնների փոփոխությունների արդյունքները,

viii) «անդրսահմանային ազդեցություն» որևէ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում պլանավորված գործունեության արդյունքում առաջացող ազդեցությունն է, որի ֆիզիկական աղբյուրը ամբողջովին կամ մասնակիորեն գտնվում է որևէ այլ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում,

ix) «իրավասու մարմին» որևէ Կողմից նշանակվող ազգային մարմին է կամ մարմիններ են, որոնք կատարում են սույն Կոնվենցիայով սահմանված գործառույթները, կամ այն մարմինն է կամ մարմինները, որոնց որևէ Կողմ օժտում է պլանավորված գործունեության վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությամբ,

x) «հանրություն» մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կողմերը անհատական կամ կոլեկտիվ կարգով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ և արդյունավետ միջոցները պլանավորված գործունեության արդյունքում ներգործվող զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության կանխման, ինչպես նաև դրա նվազեցման և վերահսկման համար:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության այն տեսակների համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ հավելվածով նախատեսված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված փաստաթղթերի պատրաստումը:

3. Ծագման Կողմն ապահովում է, որ, սույն Կոնվենցիային համապատասխան, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կատարվի մինչև 1-ին հավելվածում ընդգրկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության տեսակի իրականացման կամ իրականացումը թույլատրող որոշման ընդունումը:

4. Ծագման Կողմը սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ապահովում է ազդեցության ենթարկված Կողմերի ծանուցումը 1-ին հավելվածում ընդգրկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության մասին:

5. Շահագրգիռ Կողմերը այդ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ անց են կացնում խորհրդակցություններ, որտեղ քննարկվում է 1-ին հավելվածում չընդգրկված պլանավորված գործունեության տեսակներից որևէ մեկի կամ մի քանիսի կողմից զգալի անդրսահմանային ազդեցություն գործելու հավանականությունը և թե արդյոք գործունեության այդ տեսակները պետք է դիտարկվեն որպես 1-ին հավելվածում ընդգրկված: Ըստ այդ Կողմերի պայմանավորվածության, գործունեության այդ տեսակները կարող են դիտարկվել, որպես 1-ին հավելվածում ընդգրկված տեսակներ: Զգալի վնասակար ազդեցությունը բնորոշող չափանիշների սահմանման ընդհանուր սկզբունքները ներկայացված են 3-րդ հավելվածում:

6. Ծագման Կողմը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն, հնարավորություն է ստեղծում հանրության համար մասնակցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացմանը և ապահովում է, որ ազդեցության ենթարկված Կողմի հանրությանն ընձեռնված այդ հնարավորությունը համահավասար լինի ծագման Կողմի հանրությանն ընձեռնվող հնարավորությանը:

7. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները կատարվում են, որպես նվազագույն պահանջ, պլանավորված գործունեության օբյեկտների մակարդակով: Հնարավորության դեպքում, Կողմերը նաև ձգտում են կիրառել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքները քաղաքականության, նախագծերի և ծրագրերի մշակման ժամանակ:

8. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը կիրառել ազգային օրենսդրությունը, կանոնակարգերը, վարչական դրույթները կամ ընդունված իրավական պրակտիկան, որոնք նախատեսում են այնպիսի տեղեկատվության գաղտնիության պահպանումը, որի տրամադրումը կարող է խախտել արտադրական կամ առևտրային գաղտնիքը կամ վնաս հասցնել ազգային անվտանգության շահերին:

9. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը երկկողմ կամ բազմակողմ համաձայնությամբ կիրառել ավելի խիստ միջոցներ, քան սույն Կոնվենցիայով նախատեսվածները:

10. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում միջազգային իրավունքին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները գործունեության այնպիսի տեսակների նկատմամբ, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն գործել:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

1. 1-ին հավելվածում նշված պլանավորված գործունեության այն տեսակի վերաբերյալ, որը կարող է զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն գործել, ծագման Կողմը, 5-րդ հոդվածին համապատասխան, արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում, ծանուցում է այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, սակայն ոչ ուշ, քան այն կտեղեկացնի իր երկրի հանրությանը պլանավորված գործունեության մասին:

2. Ծանուցման մեջ նշվում են.

ա/ տեղեկություններ պլանավորված գործունեության տեսակի մասին` ներառյալ դրա հավանական անդրսահմանային ազդեցության մասին ցանկացած առկա տեղեկությունները,

բ/ հնարավոր որոշման բնույթը, և

գ/ այն ժամկետը, որի ընթացքում սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն պահանջվում է պատասխան ներկայացնել` հաշվի առնելով պլանավորված գործունեության բնույթը,

ինչպես նաև կարող է պարունակել սույն հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկությունները:

3. Ազդեցության ենթարկված Կողմը ծագման Կողմին պատասխանը ներկայացնում է ծանուցման մեջ նշված ժամկետներում` հաստատելով ծանուցման ստացումը, և նշում է, թե արդյոք մտադրված է մասնակցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգին:

4. Եթե ազդեցության ենթարկված Կողմը նշում է, որ մտադրված չէ մասնակցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգին, կամ եթե այն պատասխան չի ներկայացնում ծանուցման մեջ նշված ժամկետներում, ապա սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ կետերի և 4-ից 7-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվում: Այս հանգամանքներում ծագման Կողմի` իր ազգային օրենսդրության և պրակտիկային համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտությունը որոշելու իրավունքը չի սահմանափակվում:

5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգին մասնակցելու իր մտադրության մասին ազդեցության ենթարկված Կողմի պատասխանն ստանալուց հետո, ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմին տրամադրում է, եթե նախկինում արդեն չի տրամադրել.

ա/ համապատասխան տեղեկություններ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգի վերաբերյալ` նշելով նաև դիտողությունների ներկայացման ժամկետները,

բ/ համապատասխան տեղեկություններ պլանավորված գործունեության և դրա հավանական զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության մասին:

6. Ծագման Կողմի խնդրանքով ազդեցության ենթարկված Կողմը առաջինիս տրամադրում է իր իրավազորության ներքո գտնվող տարածքում պոտենցիալ ազդեցության ենթարկված շրջակա միջավայրի մասին առկա տեղեկությունները, եթե դրանք անհրաժեշտ են շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ փաստաթղթերի պատրաստման համար: Այդ տեղեկությունները տրամադրվում են անհապաղորեն և, անհրաժեշտության դեպքում, համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է:

7. Եթե որևէ Կողմ համարում է, որ այն ազդեցության կենթարկվի 1-ին հավելվածում նշված պլանավորված գործունեության տեսակի զգալի վնասակար ազդեցության արդյունքում, և եթե, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ոչ մի ծանուցում չի ստացվել, ապա ազդեցության ենթարկված Կողմի խնդրանքով շահագրգիռ Կողմերն իրականացնում են տեղեկատվության փոխանակում` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության առաջացման հավանականության հարցի քննարկման նպատակով: Եթե այդ Կողմերը համաձայնում են, որ վնասակար անդրսահմանային ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, ապա կիրառվում են սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթները: Եթե Կողմերն այն հարցի շուրջ, որ վնասակար անդրսահմանային ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, համաձայնության չեն գալիս, ապա այդ Կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ հարցը 4-րդ հավելվածի դրույթներին համապատասխան ներկայացնել հարցումների հանձնաժողովի քննարկմանը` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության հավանականության վերաբերյալ իր կարծիքին ծանոթանալու նպատակով, եթե Կողմերը համաձայնության չեն եկել, այդ հարցը որևէ այլ եղանակով կարգավորելու մասին:

8. Շահագրգիռ Կողմերն ապահովում են, որ ազդեցության ենթարկված Կողմի հանրությունն այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն տեղեկացված լինի և հնարավորություն ունենա իր դիտողություններն ու առարկությունները ներկայացնել պլանավորված գործունեության վերաբերյալ, և որ այդ դիտողություններն ու առարկությունները փոխանցվեն ծագման Կողմի իրավասու մարմնին` ուղղակիորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ծագման Կողմի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ներկայացվում են ծագման Կողմի իրավասու մարմնին, պարունակում է, նվազագույնը, 2-րդ հավելվածում նկարագրված տեղեկությունները:

2. Ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմին, համապատասխան կերպով` համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է, ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը: Շահագրգիռ Կողմերն ապահովում են այդ փաստաթղթերի տարածումը ազդեցության ենթարկված Կողմի մարմինների և հանրության միջև այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն, ինչպես նաև դիտողությունների ուղղակիորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ծագման Կողմի միջոցով փոխանցումը ծագման Կողմի իրավասու մարմնին` մինչև պլանավորված գործունեության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը հարմար ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ծագման Կողմը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը պատրաստելուց հետո և առանց չհիմնավորված հետաձգումների, խորհրդակցություններ է կազմակերպում ազդեցության ենթարկված համապատասխան Կողմի հետ մասնավորապես պլանավորված գործունեության պոտենցիալ անդրսահմանային ազդեցության հարցերի և այդ ազդեցության նվազեցման կամ վերացման շուրջ: Խորհրդակցությունները կարող են վերաբերել.

ա/ պլանավորված գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների մշակմանը` ներառյալ որևէ գործողության չդիմելու տարբերակը, և պլանավորված գործունեության զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության նվազեցման հնարավոր միջոցներին և ծագման Կողմի միջոցների հաշվին իրականացվող` այդ միջոցների կիրառման արդյունքների մոնիտորինգին,

բ/ պլանավորված գործունեության ցանկացած տեսակի զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության նվազեցման նպատակով ցուցաբերվող փոխադարձ աջակցության այլ ձևերի մշակմանը, և

գ/ պլանավորված գործունեության հետ առնչվող ցանկացած այլ հարցերին:

Այդպիսի խորհրդակցությունների կազմակերպման նախնական փուլում Կողմերը համաձայնեցնում են դրանց անցկացման ժամկետները: Ցանկացած այդպիսի խորհրդակցություն կազմակերպվում են համապատասխան համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

1. Կողմերն ապահովում են, որ պլանավորված գործունեության վերաբերյալ վերջնական որոշման մեջ համապատասխան կերպով հաշվի առնվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները` ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը և 3-րդ հոդվածի 8-րդ կետի և 4-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան ստացված դիտողությունները, ինչպես նաև 5-րդ հոդվածում նշված խորհրդակցությունների արդյունքները:

2. Ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմին հայտնում է պլանավորված գործունեության վերաբերյալ ընդունված որոշման և դրա համար հիմք ծառայած պատճառների և նկատառումների մասին:

3. Եթե պլանավորված գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չէր այդ գործունեության վերաբերյալ որոշում ընդունելու պահին և որը կարող էր զգալիորեն ազդել այդ որոշման վրա, հայտնի է դառնում շահագրգիռ Կողմին այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ, ապա այդ Կողմն այդ մասին անհապաղորեն տեղեկացնում է այլ շահագրգիռ Կողմին կամ Կողմերին: Ցանկացած շահագրգիռ Կողմի խնդրանքով կարող են խորհրդակցություններ կազմակերպվել այդ որոշումը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԵՏԾՐԱԳՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հաշվի առնելով գործունեության այն տեսակի հավանական վնասակար անդրսահմանային ազդեցությունը, որի համար սույն Կոնվենցիային համապատասխան իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, շահագրգիռ Կողմերը` դրանցից մեկի խնդրանքով, որոշում են կայացնում հետծրագրային վերլուծության անցկացման անհրաժեշտության, իսկ անցկացման դեպքում` դրա ծավալների վերաբերյալ: Հետծրագրային ցանկացած վերլուծություն ներառում է, մասնավորապես, հսկողության իրականացում տվյալ գործունեության նկատմամբ և ցանկացած վնասակար անդրսահմանային ազդեցության բնորոշում: Այդպիսի հսկողությունը և բնորոշումը կարող են անցկացվել 5-րդ հավելվածում նշված նպատակներին հասնելու համար:

2. Եթե հետծրագրային վերլուծության արդյունքում ծագման Կողմը կամ ազդեցության ենթարկված Կողմը բավարար հիմքեր ունեն համարելու, որ տեղի է ունեցել զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն կամ հայտնաբերվել են գործոններ, որոնք կարող են հանգեցնել նման ազդեցության, նա այդ մասին անհապաղորեն տեղեկացնում է այլ Կողմին: Շահագրգիռ Կողմերն խորհրդակցություններ են կազմակերպում ազդեցության նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցներ մշակելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Կողմերը կարող են շարունակել հետևել գործող համաձայնագրերին և կնքել նոր երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և այլ պայմանավորվածություններ սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման նպատակով: Այդպիսի համաձայնագրերը կամ այլ պայմանավորվածությունները կարող են հիմնված լինել 6-րդ հոդվածում թվարկված տարրերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձնում հատուկ հետազոտական ծրագրերի մշակմանը կամ ավելի ակտիվ իրականացմանը, ինչն ուղղված է.

ա/ պլանավորված գործունեության հետևանքների քանակական և որակական գնահատականի որոշման գործող մեթոդների կատարելագործմանը,

բ/ պատճառահետևանքային կապերի և շրջակա միջավայրի ռացիոնալ համալիր կառավարման գործում դրանց դերի ավելի խորը իմացությանը,

գ/ պլանավորված գործունեության վերաբերյալ որոշումների կատարման արդյունավետության վերլուծության և մոնիտորինգի իրականացմանը` ազդեցությունը նվազագույնի հասցնելու կամ կանխելու նպատակով,

դ/ պլանավորված գործունեության տեսակների, արտադրության և սպառման կառուցվածքների էկոլոգիապես հիմնավորված այլընտրանքներ փնտրելու համար արդիական մոտեցումների խթանման մեթոդների մշակմանը,

ե/ մակրոտնտեսական մակարդակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքների կիրառման մեթոդաբանության մշակմանը:

Կողմերը կատարում են վերը նշված ծրագրերի իրականացման արդյունքների փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Սույն Կոնվենցիայի հավելվածները հանդիսանում են Կոնվենցիայի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԿՈՂՄԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

 

1. Կողմերի ժողովները գումարվում են որքան հնարավոր է ԵՏՀ երկրների Կառավարությունների շրջակա միջավայրի և ջրային պաշարների խնդիրներով ավագ խորհրդականների ամենամյա նիստերի կապակցությամբ: Կողմերի առաջին ժողովը անց է կացվում ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո: Հետագայում դրանց անցկացման անհրաժեշտությունը և ժամկետները որոշվում են ըստ Կողմերի պայմանավորվածության կամ համաձայն Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ դիմումի մասին Կողմերին ծանուցելու օրվանից վեց ամսվա ընթացքում այն կարժանանա Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի հավանությանը:

2. Կողմերը մշտապես վերահսկում են սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման ընթացքը և այդ նպատակով.

ա/ իրականացնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ Կողմերի քաղաքականության և մեթոդաբանական մոտեցումների դիտարկումներ` անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգերի հետագա կատարելագործման նպատակով,

բ/ կատարում են տեղեկատվության փոխանակում անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օգտագործման մասին երկկողմ կամ բազմակողմ այն համաձայնագրերի կամ այլ պայմանավորվածությունների ոլորտում կուտակված փորձի վերաբերյալ, որոնց անդամ է հանդիսանում Կողմը կամ Կողմերը,

գ/ անհրաժեշտության դեպքում, օգտվում են իրավասու միջազգային մարմինների կամ գիտական կոմիտեների ծառայություններից` սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման ընթացքում ծագող մեթոդաբանական կամ տեխնիկական հարցերի լուծման նպատակով,

դ/ իրենց առաջին ժողովի ընթացքում քննարկում և, փոխհամաձայնության հիմունքներով, ընդունում են իրենց ժողովների անցկացման կանոնակարգերը,

ե/ քննարկում և, անհրաժեշտության դեպքում, ընդունում են սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ,

զ/ քննարկում և ձեռնարկում են սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած լրացուցիչ միջոց:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:

2. Որպես սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր կանոնի բացառություն, տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն օգտվում են իրենց ձայնի իրավունքից իրենց իրավասության շրջանակներում գտնվող հարցերի քննարկման ժամանակ` ունենալով սույն Կոնվենցիայի կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների ձայների քանակին հավասար ձայների քանակ: Այդ կազմակերպությունները կորցնում են իրենց ձայնի իրավունքը, եթե այն կիրառվում է իրենց անդամ պետությունների կողմից, և հակառակը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը կատարում է հետևյալ քարտուղարական պարտականությունները`

ա/ գումարում և նախապատրաստում է Կողմերի ժողովները,

բ/ Կողմերին է փոխանցում սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ստացված զեկույցները և այլ տեղեկատվությունը,

գ/ կատարում է սույն Կոնվենցիայով նախատեսված կամ Կողմերի սահմանած այլ պարտականություններ:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:

2. Առաջարկվող փոփոխությունները գրավոր տեսքով ներկայացվում են քարտուղարությանը, որը դրանք ուղարկում է բոլոր Կողմերին: Առաջարկվող փոփոխությունները քննարկվում են Կողմերի հերթական ժողովին` պայմանով, որ քարտուղարությունն այդ փոփոխությունները Կողմերին է ուղարկել այդ ժողովից առնվազն իննսուն օր առաջ:

3. Կողմերը ձեռնարկում են բոլոր ջանքերը` սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկության շուրջ փոխհամաձայնության միջոցով համաձայնություն ձեռք բերելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնությունն այդպես էլ ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ:

4. Ավանդապահը սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան ընդունված փոփոխությունները ներկայացնում է բոլոր Կողմերին` վավերացման, հաստատման կամ ընդունման համար: Այդ փոփոխությունները դրանք վավերացրած, հաստատած կամ ընդունած Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից Կողմերի առնվազն երեք քառորդի վավերացման, հաստատման կամ ընդունման մասին ծանուցագրերն ստանալու պահից իննսուներորդ օրը: Հետագայում ցանկացած այլ Կողմի համար այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց վավերացման, հաստատման կամ ընդունման մասին Կողմի փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

5. Սույն Կոնվենցիայի իմաստով, «ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերն» այն Կողմերն են, որոնք ներկա են գտնվում ժողովին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

6. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված քվեարկության կարգը նախադեպ չի ստեղծում հետագա համաձայնագրերի համար, որոնք կարող են կնքվել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ:

2. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ, կամ դրանից հետո ցանկացած պահին, Կողմը կարող է ավանդապահին ներկայացնել գրավոր դիմում այն մասին, որ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան չկարգավորված վեճի առնչությամբ այն վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսն էլ ճանաչում է պարտադիր` նման պարտավորություն ստանձնած ցանկացած այլ Կողմի համար.

ա/ վեճի հանձնում Միջազգային դատարան,

բ/ վեճի հանձնում իրավարարության` ըստ 7-րդ հավելվածով սահմանված կարգի:

3. Եթե Կողմերն սույն հոդվածի 2-րդ կետում նշված վեճի կարգավորման եղանակներից երկուսն էլ ընդունում են, ապա վեճը կարող է հանձնվել միայն Միջազգային դատարան, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

 

Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Էսպոյում (Ֆինլանդիա)` 1991 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 1-ը, ապա` Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակներում` մինչև 1991 թվականի սեպտեմբերի 2-ը Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների կողմից, Տնտեսական և սոցիալական խորհրդի 1947 թվականի մարտի 28-ի թիվ 36 (IV) որոշման 8-րդ կետին համապատասխան Եվրոպական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցական կարգավիճակ ունեցող պետությունների կողմից, ինչպես նաև Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ինքնիշխան անդամ պետությունների նախաձեռնությամբ ստեղծված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնց իրենց անդամ պետությունները օժտել են լիազորություններով սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ, այդ թվում` նշված հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու լիազորություններով:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՄԻԱՑՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

2. Սույն Կոնվենցիան բաց է 16-րդ հոդվածում նշված պետությունների կողմից միանալու համար 1991 թվականի սեպտեմբերի 3-ից:

3. Վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը կատարում է ավանդապահի պարտականությունները:

4. 16-րդ հոդվածում նշված ցանկացած կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով, այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Նման դեպքերում ինչպես այն կազմակերպությունն, այդպես էլ իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:

5. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում, 16-րդ հոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները նաև ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տասնվեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

2. Սույն հոդվածի իմաստով, տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթուղթը չի դիտարկվում որպես այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը լրացնող փաստաթուղթ:

3. 16-րդ հոդվածում նշված ցանկացած պետության կամ կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան, կամ միանում է դրան` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տասնվեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

Տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից չորս տարին անցնելուն պես այդ Կողմը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Սույն Կոնվենցիայից դուրս գալը չի ազդում Կոնվենցիայի 3-ից 6-րդ հոդվածների կիրառման վրա պլանավորված գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնց առնչությամբ մինչև լուծարման ուժի մեջ մտնելու պահը 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցում է կատարվել կամ, 3-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, հարցում է արվել:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՏԵՔՍՏԵՐ

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Էսպո քաղաքում /Ֆինլանդիա/` 1991 թվականի փետրվարի 25-ին:

 

Հավելված 1

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Նավթավերամշակման գործարաններ /բացառությամբ հում նավթից միայն քսուքանյութեր արտադրող ձեռնարկությունների/ և գազացման և ածխի կամ բիտումային թերթաքարերի հեղուկացման օբյեկտներ, որոնց արտադրական հզորությունը հասնում է օրական 500 տոննայի և ավելին:

2. Ջերմային էլեկտրակայաններ և այրման այլ կայանքներ 300 մեգավատտ և ավելին ջերմային հզորությամբ, ինչպես նաև ատոմային էլեկտրակայաններ և միջուկային ռեակտորներով սարքավորված այլ օբյեկտներ (բացառությամբ ճեղքվող և վերարտադրվող նյութերի արտադրության և կոնվերսիայի համար օգտագործվող հետազոտական սարքերի, որոնց առավելագույն հզորությունը չի գերազանցում անփոփոխ ջերմային բեռնվածության 1 կիլովատը):

3. Բացառապես միջուկային վառելիքի արտադրության և հարստացման, բանեցրած միջուկային վառելիքի վերականգնման կամ հավաքման, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների հեռացման և վերամշակման համար նախատեսված ձեռնարկություններ:

4. Դոմնային և մարտենյան հալման խոշոր սարքեր և գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ:

5. Ասբեստի ստացման և ասբեստի ու ասբեստ պարունակող նյութերի վերամշակման և վերափոխման սարքեր. ասբեստացեմենտային արտադրանքի համար` պատրաստի արտադրանքի 20.000 տոննայից ավելի տարեկան արտադրությամբ, շփման նյութերի համար` պատրաստի արտադրանքի 50 տոննայից ավելի տարեկան արտադրությամբ, ասբեստ պարունակող այլ արտադրությունների համար` տարեկան 200 տոննային ավելի օգտագործմամբ:

6. Քիմիական կոմբինատներ:

7. Ավտոմայրուղիների, ճեպընթացիկ ավտոճանապարհների *, հեռավոր հաղորդակցության երկաթուղիների և 2.100 մետր և ավելի երկարությամբ հիմնական թռիչքավայրէջքային ուղի ունեցող օդանավակայանների կառուցում:

8. Մեծ տրամագծով նավթատար կամ գազատար խողովակաշարեր:

9. Առևտրային նավահանգիստներ, ինչպես նաև ներքին ջրային ուղիներ և ներքին նավարկության նավահանգիստներ, որոնք նախատեսված են 1.350 տոննայից ավելի ջրածավալ ունեցող նավերի մուտքի համար:

10. Թափոնների ոչնչացման սարքեր` թունավոր կամ վտանգավոր թափոնների այրման, քիմիական վերամշակման կամ թաղման համար:

11. Խոշոր ամբարտակներ և ջրամբարներ:

12. Ստորերկրյա ջրերի դուրս հանումը` եթե դուրս մղվող ջրի տարեկան ծավալը կազմում է 10 միլիոն խորանարդ մետր և ավելին:

13. Թաղանթանյութի և թղթի արտադրություն` օրական 200 մետրիկ տոննա և ավելին օդային չորացում անցած արտադրանքի ստացմամբ:

14. Մետաղի հանքանյութի և ածխի լայնածավալ արդյունահանում, միևնույն վայրում կատարվող ստացում և հարստացում:

15. Ածխաջրածինների արդյունահանում մայրցամաքային ելուստի վրա:

16. Նավթային, նավթաքիմիական և քիմիական մթերքի խոշոր պահեստներ:

17. Լայնածավալ անտառահատումներ:

* Սույն Կոնվենցիայի իմաստով, «ավտոմայրուղին» հատուկ ավտոմեքենաների երթևեկության համար նախագծված և կառուցված ճանապարհ է, որը չի ծառայում իր երկայնքով տեղաբաշխված օբյեկտների նպատակների համար և որը.

ա/ ապահովված է, բացառությամբ որոշակի հատվածների կամ ժամանակավորապես, առանձին ուղիներով երթևեկության երկու ուղղությունների համար, որոնք միմյանցից տարանջատվում են երթևեկության համար չնախատեսված բաժանիչ գծով կամ, առանձին դեպքերում, այլ եղանակներով,

բ/ նույն մակարդակի վրա չի խաչվում ոչ մի այլ ճանապարհի, երկաթգծի կամ տրամվայի գծի, կամ էլ հետիոտնի ճանապարհի հետ,

գ/ ունի հատուկ տարբերակիչ նշաններ:

«Ճեպընթաց ավտոճանապարհը» ավտոմոբիլային երթևեկության համար նախատեսված ճանապարհ է, որի մուտքը գտնվում է հատուկ հատման կետերում և վերահսկվող միացումներում և որի ուղիների վրա մեքենան կանգնեցնելն արգելվում է:

 

Հավելված 2

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

4-րդ հոդվածին համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերում նշվող տեղեկությունները նվազագույնը պետք է պարունակեն.

ա/ պլանավորված գործունեության նկարագրությունը և նպատակները,

բ/ անհրաժեշտության դեպքում, պլանավորված գործունեության ընդունելի այլընտրանքային տարբերակների /օրինակ, աշխարհագրական կամ տեխնոլոգիական բնույթի/ նկարագրությունն ներառյալ այդ գործունեության իրականացումից հրաժարվելու տարբերակը,

գ/ շրջակա միջավայրի այն տարրերի նկարագրությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, զգալի ազդեցության կենթարկվեն պլանավորված գործունեության կամ դրա այլընտրանքային տարբերակների իրականացման արդյունքում,

դ/ շրջակա միջավայրի վրա պլանավորված գործունեության կամ դրա այլընտրանքային տարբերակների ազդեցության հնարավոր եղանակների նկարագրությունը և այդ ազդեցության ծավալների գնահատումը,

ե/ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը հնարավորինս նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցների նկարագրությունը,

զ/ կանխատեսման մեթոդների և դրանց հիմքում ընկած ելման դիրքերի նշում, ինչպես նաև օգտագործվող համապատասխան տվյալները շրջակա միջավայրի վերաբերյալ,

է/ պահանջվող տեղեկատվության կուտակման ընթացքում հայտնաբերված թուլությունները և անորոշությունները,

ը/ անհրաժեշտության դեպքում, մոնիտորինգի և կառավարման ծրագրերի, ինչպես նաև հետծրագրային վերլուծության բոլոր պլանների համառոտ բովանդակությունը,

թ/ անհրաժեշտության դեպքում, ոչ տեխնիկական բնույթի համառոտագիր նյութերի ներկայացման վիզուալ միջոցների /քարտեզների, գրաֆիկների/ օգտագործմամբ:

 

Հավելված 3

 

1-ԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Պլանավորված գործունեության այն տեսակների քննարկման ժամանակ, որոնց նկատմամբ կիրառվում են 2-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, շահագրգիռ Կողմերը կարող են քննարկել այն հարցը, թե կարող է արդյոք գործունեության տվյալ տեսակը զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն գործել, մասնավորապես` ստորև թվարկված մի կամ մի քանի չափանիշների հիման վրա.

ա/ ծավալներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնց ծավալները գործունեության տվյալ տեսակի համար խոշոր են,

բ/ շրջան. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք իրականացվում են էկոլոգիայի տեսակետից հատկապես զգայուն կամ կարևոր շրջաններում կամ դրանց անմիջական հարևանությամբ (օրինակ, Ռամսարյան կոնվենցիայով սահմանված խոնավ հողերը, ազգային այգիները, բնական արգելանոցները, հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող գոտիները, հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանները). նաև պլանավորված գործունեության տեսակներ այն շրջաններում, որտեղ պլանավորված տնտեսական գործունեության առանձնահատկությունները կարող են զգալի ազդեցություն գործել բնակչության վրա,

գ/ հետևանքներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք գործում են հատկապես բարդ և պոտենցիալ վնասակար ազդեցություն, այդ թվում` այնպիսի ազդեցություն, որը լուրջ հետևանքներ է առաջացնում մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակների և օրգանիզմների համար, սպառնալիք են հանդիսանում ազդեցության ենթարկված շրջանի ներկայիս կամ հետագա օգտագործման համար և հանգեցնում են լրացուցիչ բեռնվածության առաջացմանը, որը գերազանցում է արտաքին ազդեցությունների հանդեպ շրջակա միջավայրի կայունության մակարդակը:

2. Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը քննարկում են պլանավորվող գործունեության այն տեսակները, որոնք իրականացվում են միջազգային սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև պլանավորված գործունեության այն տեսակները, որոնք իրականացվում են ավելի հեռավոր շրջաններում և որոնք կարող են զգալի անդրսահմանային ազդեցություն գործել տնտեսական գործունեության իրականացման վայրից մեծ հեռավորության վրա:

 

Հավելված 4

 

ՀԱՐՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

1. Հարցող Կողմը կամ Կողմերը քարտուղարությանը ծանուցում է այն մասին, որ նա սույն հավելվածի դրույթներին համապատասխան ստեղծվող հարցումների հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այն հարցը, թե արդյոք 1-ին հավելվածում ընդգրկված պլանավորված գործունեության տեսակներից որևէ մեկը կարող է զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն գործել: Ծանուցման մեջ նշվում է հարցման առարկան: Քարտուղարությունն անմիջապես ծանուցում է սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին այդ հարցման մասին:

2. Հարցման հանձնաժողովը կազմված է երեք անդամից: Հարցող Կողմը և հարցման ընթացակարգին առնչություն ունեցող այլ Կողմը նշանակում են մեկական գիտական կամ տեխնիկական փորձագետ, և այդ կերպով նշանակված երկու փորձագետները, փոխադարձ համաձայնությամբ, նշանակում են երրորդ փորձագետին, որը դառնում է հարցման հանձնաժողովի նախագահը: Վերջինս չի հանդիսանում հարցման ընթացակարգին առնչություն ունեցող որևէ Կողմի քաղաքացի, մշտապես չի բնակվում այդ Կողմերից որևէ մեկի տարածում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ չի գտնվում և տվյալ գործին ոչ մի այլ կերպ առնչություն չի ունեցել:

3. Եթե երկրորդ փորձագետին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում հարցման հանձնաժողովի նախագահ չի նշանակվում, ապա նրան Կողմերից մեկի խնդրանքով հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:

4. Եթե հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերից մեկը քարտուղարությունից ծանուցում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում փորձագետ չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը նշանակում է հարցման հանձնաժողովի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես, հարցման հանձնաժողովի նախագահը դիմում է փորձագետ չնշանակած Կողմին մեկ ամսվա ընթացքում փորձագետ նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես, նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այդ փորձագետին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:

5. Հարցման հանձնաժողովի կանոնակարգերը սահմանում է ինքը` հանձնաժողովը:

6. Հարցման հանձնաժողովը կարող է ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցներն իր պարտականությունների կատարումն ապահովելու համար:

7. Հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերը օժանդակում են հարցման հանձնաժողովի աշխատանքներին` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները.

ա/ հանձնաժողովին են տրամադրում համապատասխան փաստաթղթերը և տեղեկությունները, ապահովում են համապատասխան պայմաններով,

բ/ անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովին հնարավորություն են ընձեռում կանչել վկաներ կամ փորձագետներ և լսել նրանց ցուցմունքները:

8. Կողմերը և փորձագետներն ապահովում են իրենց կողմից հանձնաժողովի աշխատանքների ընթացքում գաղտնի կերպով ստացված բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:

9. Եթե հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերից մեկը չի ներկայանում հարցման հանձնաժողով կամ չի կարողանում ներկայացնել իր գործը, ապա այլ Կողմը կարող է հարցման հանձնաժողովին դիմել, որպեսզի այն շարունակի քննությունը և ավարտին հասցնի իր աշխատանքը: Հարցման հանձնաժողովում Կողմերից մեկի բացակայությունը կամ սեփական գործը չներկայացնելը խոչընդոտ չեն հանդիսանում հարցման հանձնաժողովի աշխատանքները շարունակելու և ավարտելու համար:

10. Եթե հարցման հանձնաժողովը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա հանձնաժողովի ծախսերը` ներառյալ անդամների վարձատրությունը, Կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Հարցման հանձնաժողովը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:

11. Ցանկացած Կողմ, որը հարցման գործում ունի իր շահերը կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի հանձնաժողովի համաձայնությամբ մասնակցելու հարցման քննությանը:

12. Կանոնակարգերի մասին հարցումների հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Հարցումների հանձնաժողովի վերջնական կարծիքն արտացոլում է իր անդամների մեծամասնության կարծիքը և իր մեջ է ներառում ցանկացած հատուկ կարծիք:

13. Հարցումների հանձնաժողովն իր վերջնական կարծիքը ներկայացնում է իր ձևավորման օրվանից երկու ամսվա ընթացքում, եթե միայն նա անհրաժեշտ չհամարի այդ ժամկետն երկարաձգել ոչ ավելին, քան երկու ամսով:

14. Հարցումների հանձնաժողովի վերջնական կարծիքը հիմնվում է համընդհանուր գիտական սկզբունքների վրա: Հարցումների հանձնաժողովն իր վերջնական կարծիքն ուղղում է հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերին և քարտուղարությանը:

 

Հավելված 5

 

ՀԵՏԾՐԱԳՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Նպատակները ներառում են.

ա/ գործունեության տվյալ տեսակի իրականացման թույլտվությամբ նախատեսված կամ հաստատման ժամանակ սահմանված պայմանների կատարման և ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցների արդյունավետության վերահսկումը,

բ/ ազդեցության եղանակի վերլուծությունը` կառավարման համապատասխան մակարդակի առկայությունը և անորոշության պայմաններում համապատասխան գործողությունների իրականացումն ապահովելու նպատակով,

գ/ նախորդ կանխատեսումների ստուգումը` կուտակված փորձն ապագայում գործունեության համանման տեսակների իրականացման ժամանակ օգտագործելու նպատակով:

 

Հավելված 6

 

ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

 

1. Շահագրգիռ Կողմերը կարող են անհրաժեշտության դեպքում ստեղծել ինստիտուցիոնալ մեխանիզմներ կամ ընդլայնել գործող ինստիտուցիոնալ մեխանիզմների լիազորությունները երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում` սույն Կոնվենցիայի դրույթների լիարժեք կիրառման նպատակով:

2. Երկկողմ և բազմակողմ համաձայնագրերը և այլ պայմանավորվածությունները կարող են ներառել.

ա/ սույն Կոնվենցիայի կիրառման համար լրացուցիչ պահանջների սահմանում` հաշվի առնելով համապատասխան ենթաշրջանում առկա պայմանները,

բ/ ինստիտուցիոնալ, վարչարարական և այլ բնույթի այնպիսի պայմանավորվածությունների մշակում, որոնք հիմնված են փոխադարձության և համահավասարության սկզբունքների վրա,

գ/ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրենց քաղաքականության և կիրառվող միջոցների ներդաշնակեցում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանն առնչվող նորմերը և մեթոդները համանմանության առավելագույն աստիճանի հասցնելու նպատակով,

դ/ ազդեցության բնորոշման, չափման, կանխատեսման և գնահատման, ինչպես նաև հետծրագրային վերլուծության իրականացման մեթոդների մշակում, կատարելագործում և/կամ ներդաշնակեցում,

ե/ շրջակա միջավայրի որակական հատկանիշներին վերաբերվող համեմատելի տվյալների հավաքագրման, վերլուծության, պահպանման և յուրաժամանակ տարածման մեթոդների և ծրագրերի մշակում և/կամ կատարելագործում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար ելակետային տվյալների առկայությունն ապահովելու նպատակով,

զ/ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակա պլանավորված գործունեության իրականացման վայրի, բնույթի և ծավալների հետ կապված անդրսահմանային ազդեցության նշանակությունը բնորոշող շեմային մակարդակների և ավելի հստակ չափանիշների սահմանում, ինչպես նաև անդրսահմանային աղտոտման կրիտիկական մակարդակի սահմանում,

է/ անհրաժեշտության դեպքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության համատեղ գնահատում, մոնիտորինգի ծրագրերի համատեղ մշակում, մոնիտորինգի համար օգտագործվող սարքերի աստիճանանշման միասնականացում ու ստացվող տվյալների և տեղեկատվության համատեղելիությունն ապահովող մեթոդների ներդաշնակեցում:

 

Հավելված 7

 

ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայցվոր Կողմը կամ Կողմերը քարտուղարությանը ծանուցում են այն մասին, որ Կողմերը պայմանավորվել են վեճը սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հանձնել միջնորդ դատարան: Ծանուցման մեջ նշվում է իրավարարական հետաքննության առարկան` ներառյալ սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնց մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագել է վեճը: Քարտուղարությունը փոխանցում է այս կերպ ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:

2. Միջնորդ դատարանը կազմված է երեք անդամներից: Ինչպես հայցվոր Կողմը կամ Կողմերը, այնպես էլ վեճի մեջ ընդգրկված այլ Կողմը կամ Կողմերը, նշանակում են մեկական իրավարար, և այս կերպ նշանակված երկու իրավարարները նշանակում են երրորդին, որը կատարում է միջնորդ դատարանի նախագահի պարտականությունները: Վերջինս չի կարող վեճի մեջ ընդգրկված որևէ Կողմի քաղաքացի հանդիսանալ, մշտապես բնակվել այդ Կողմերից որևէ մեկի տարածում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ գտնվել և տվյալ գործին որևէ կերպ առնչություն ունենալ:

3. Եթե երկրորդ իրավարարին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում միջնորդ դատարանի նախագահ չի նշանակվում, ապա նրան Կողմերից մեկի առաջարկությամբ հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:

4. Եթե վեճի մեջ ընդգրկված Կողմերից մեկը առաջարկությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում իրավարար չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը նշանակում է միջնորդ դատարանի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես, միջնորդ դատարանի նախագահը դիմում է իրավարար չնշանակած Կողմին երկու ամսվա ընթացքում փորձագետ նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես, նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այդ իրավարարին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:

5. Միջնորդ դատարանն իր որոշումներն ընդունում է միջազգային իրավունքի նորմերին և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

6. Սույն հավելվածին համապատասխան հիմնադրվող ցանկացած միջնորդ դատարան սահմանում է իր սեփական կանոնակարգերը:

7. Միջնորդ դատարանի ինչպես ընթացակարգային հարցերով, այնպես էլ գործի բնույթով որոշումներն ընդունվում են դրա անդամների ձայների մեծամասնությամբ:

8. Դատարանը կարող է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները փաստերը բացահայտելու համար:

9. Վեճի կողմերը օժանդակում են միջնորդ դատարանի աշխատանքներին` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները.

ա/ դատարանին տրամադրում են համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ, ապահովում են համապատասխան պայմանների առկայությունը,

բ/ անհրաժեշտության դեպքում, դատարանին հնարավորություն են ընձեռում կանչել վկաներ կամ փորձագետներ և լսել նրանց ցուցմունքները:

10. Կողմերը և փորձագետներն ապահովում են իրենց կողմից իրավարարական հետաքննության ընթացքում գաղտնի կերպով ստացված բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:

11. Միջնորդ դատարանը կողմերից մեկի խնդրանքով կարող է առաջարկել ժամանակավոր պաշտպանական միջոցներ ձեռնարկել:

12. Եթե վեճի կողմերից մեկը չի ներկայանում միջնորդ դատարան կամ չի կարողանում մասնակցել իր գործի հետաքննությանը, ապա այլ կողմը կարող է դատարանին դիմել, որպեսզի այն շարունակի հետաքննությունը և վերջնական որոշում կայացնի: Միջնորդ դատարանում կողմերից մեկի բացակայությունը կամ սեփական գործի հետաքննությանը չմասնակցելը խոչընդոտ չեն հանդիսանում հետաքննության համար: Մինչև վերջնական որոշում կայացնելը միջնորդ դատարանը պետք է համոզվի հայցի փաստացի և իրավաբանական հիմնավորվածության մեջ:

13. Միջնորդ դատարանը կարող է լսել նաև անմիջականորեն վեճի առարկայից ծագող հակադարձ հայցերը և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ:

14. Եթե միջնորդ դատարանը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա դատական ծախսերը` ներառյալ դատարանի անդամների վարձատրությունը, վեճի կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Միջնորդ դատարանը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:

15. Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ, որը վեճի առարկայում ունի իր շահերը կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի դատարանի համաձայնությամբ մասնակցելու հետաքննությանը:

16. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է հիմնադրման օրվանից հինգ ամսվա ընթացքում, եթե միայն անհրաժեշտ չի համարում այդ ժամկետը երկարաձգել հինգ ամիսը չգերազանցող ժամանակահատվածով:

17. Միջնորդ դատարանի որոշումն ուղեկցվում է պատճառների բացատրությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր է վեճի բոլոր կողմերի համար: Միջնորդ դատարանն իր որոշման մասին տեղեկացնում է վեճի անդամներին և քարտուղարությանը: Քարտուղարությունն ուղարկում է ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:

18. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել կողմերի միջև դատարանի որոշման մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ, կարող է հանձնվել այդ որոշումն ընդունած միջնորդ դատարան կամ, վերջինիս ծառայություններից օգտվելու անհնարինության դեպքում` մեկ այլ դատարան, որը հիմնադրվում է համաձայն միևնույն կարգի և միևնույն նպատակների համար, ինչ առաջին դատարանը:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի սեպտեմբերի 10-ից:

 

 

pin
25.02.1991
Կոնվենցիա