Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԾՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԿՐՈՂ ԱԶԴԱ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԿՐՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ
ՏԱՐԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պայմանավորվող պետությունները,

գիտակցելով, որ արբանյակների օգտագործումը ծրագրեր կրող ազդանշանների տարածման նպատակով արագ զարգացում է ապրում ինչպես ծավալների, այնպես էլ աշխարհագրական տարածման առումով,

անհանգստացած լինելով տարածող կազմակերպությունների կողմից արբանյակների միջոցով այդ տարածող կազմակերպությունների համար չնախատեսված ծրագրեր կրող ազդանշանների տարածումը կանխող գլոբալ համակարգի բացակայությամբ, և որ այդ բացակայությունը կարող է խոչընդոտել արբանյակային կապի օգտագործմանը,

գիտակցելով այս կապակցությամբ հեղինակների, դերասան-կատարողների, ձայնագրառումներ արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների շահերի պաշտպանության կարևորությունը,

համոզված լինելով այնպիսի միջազգային համակարգի ստեղծման անհրաժեշտության մեջ, որը կապահովի տարածող կազմակերպությունների կողմից արբանյակների միջոցով այդ տարածող կազմակերպությունների համար չնախատեսված ծրագրեր կրող ազդանշանների տարածման կանխումը,

անհրաժեշտ համարելով ոչ մի կերպ չխախտել գործող միջազգային համաձայնագրերն` այդ թվում Միջազգային հեռահաղորդակցության մասին կոնվենցիան և սույն Կոնվենցիային կից Ռադիոհաղորդակցության կանոնակարգերը և, մասնավորապես, ոչ մի կերպ չխոչընդոտել դերասան կատարողների, ձայնագրառումներ արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքները պաշտպանող 1961 թվականի հոկտեմբերի 26-ի Հռոմի կոնվենցիայի տարածման շրջանակների ընդլայնմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի իմաստով.

i) «ազդանշան»` էլեկտրոնային միջոցներով ձևավորվող կրող հաճախականություն է, որը կարող է ծրագրեր հեռարձակել,

ii) «ծրագիր»` պատկերներից և/կամ ձայներից կազմված` ուղղակիորեն կամ ձայնագրությամբ ստացվող նյութերի ամբողջություն է, որը հեռարձակվում է ազդանշանների միջոցով` հետագա տարածման նպատակով,

iii) «արբանյակ»` տիեզերական տարածության մեջ գտնվող ցանկացած սարք է, որը կարող է ազդանշաններ հեռարձակել,

iv) «արձակվող ազդանշան»` ծրագրեր կրող ցանկացած ազդանշան է, որն արձակվում է դեպի արբանյակ կամ անցնում դրա միջով,

v) «երկրորդային ազդանշան»` արձակվող ազդանշանի տեխնիկական բնութագրերի փոփոխության արդյունքում ստացվող ազդանշան է` միջանկյալ արձանագրմամբ կամ առանց դրան,

vi) «ծագման կազմակերպություն»` այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը սահմանում է, թե որ ծրագրերն են կրելու արձակվող ազդանշանները,

vii) «տարածող կազմակերպություն»` այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը սահմանում է, թե արդյոք կարող է կատարվել երկրորդային ազդանշանների հեռարձակում բնակչության լայն զանգվածներին կամ դրանց մի մասին,

viii) «տարածում»` այն գործողությունն է, որի միջոցով տարածող կազմակերպությունը հեռարձակում է երկրորդային ազդանշանները բնակչության լայն զանգվածներին կամ դրանց մի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել կանխելու համար իր տարածքում կամ իր տարածքից այն տարածող կազմակերպությունների կողմից ծրագրեր կրող ազդանշանների տարածումը, որոնց համար դեպի արբանյակ արձակված կամ արբանյակի միջով անցնող ազդանշանը նախատեսված չէ: Այդ պարտավորությունը կատարվում է այն դեպքում, երբ ծագման կազմակերպությունը գտնվում է որևէ այլ Պայմանավորվող պետության իրավազորության ներքո և տարածվող ազդանշանը երկրորդային է հանդիսանում:

2. Այն Պայմանավորվող պետություններում, որտեղ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պարտավորության կատարումը ժամանակային առումով սահմանափակված է, կատարման ժամկետի տևողությունը սահմանվում է այդ պետության օրենսդրությամբ: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ դրան միանալու ժամանակ պետք է գրավոր կերպով ծանուցի այդ ժամկետի տևողության մասին, կամ էլ, համապատասխան ազգային օրենքի հետագա ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու դեպքում` այդ օրենքի կամ դրանում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պարտավորությունները կատարման ենթակա չեն այնպիսի երկրորդային ազդանշանների տարածման դեպքում, որոնք ստացվել են տարածող կազմակերպության կողմից արդեն արձակված և այդ կազմակերպության համար նախատեսված ազդանշաններից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն դեպքում, երբ ազդանշաններն արձակվում են ծագման կազմակերպության կողմից կամ դրա անունից և նախատեսված են արբանյակների միջոցով բնակչության լայն զանգվածների կողմից ընդունման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ոչ մի Պայմանավորվող պետություն պարտավորված չի ձեռնարկել 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները, եթե տարածող կազմակերպության կողմից իր տարածքում տարածվող այդ կազմակերպության համար չնախատեսված ազդանշանը.

i) կրում է կարճատև հատվածներ ազդանշանների միջոցով հեռարձակվող ծրագրից, որոնք պարունակում են հաղորդագրություններ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, սակայն այնպիսի ծավալով, որն արդարացվում է այդպիսի հատվածների տեղեկատվական նպատակներով, կամ

ii) կրում է մեջբերումների բնույթ ունեցող կարճատև հատվածներ ազդանշանների միջոցով հեռարձակվող ծրագրից` պայմանով, որ այդ մեջբերումները համապատասխանում են արդարացի պրակտիկայի կանոններին և արդարացվում են դրանց տեղեկատվական նպատակներով, կամ

iii) կրում է ազդանշանների միջոցով հեռարձակվող ծրագիր` պայմանով, որ հեռարձակումն իրականացվում է բացառապես կրթական նպատակներով, այդ թվում` մեծահասակների կրթության նպատակով, կամ էլ գիտական հետազոտությունների նպատակով` այն դեպքերում, երբ նշված տարածքը հանդիսանում է այնպիսի Պայմանավորվող պետության տարածք, որը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունված պրակտիկային համապատասխան դիտարկվում է որպես զարգացող պետություն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ոչ մի Պայմանավորվող պետություն պարտավորված չէ սույն Կոնվենցիայի դրույթները կիրառել ցանկացած այնպիսի ազդանշանի նկատմամբ, որը հեռարձակվել է մինչև տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Կոնվենցիան ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել որպես հեղինակների, դերասան-կատարողների, ձայնագրառումներ արտադրողների կամ հեռարձակող կազմակերպությունների ազգային օրենսդրությամբ կամ միջազգային համաձայնագրերով սահմանված իրավունքները սահմանափակող կամ խախտող:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Կոնվենցիան ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած Պայմանավորվող պետության կողմից մենաշնորհների չարաշահումները կանխելու նպատակով իր ազգային օրենսդրությունը կիրառելու իրավունքը սահմանափակող:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ վերապահումները անել չի թույլատրվում:

2. Ցանկացած Պայմանավորվող պետություն` 1974 թվականի մայիսի 21-ի դրությամբ գործող իր ազգային օրենսդրության հիման վրա, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվող գրավոր ծանուցման միջոցով կարող է հայտնել, որ իր նպատակների համար 2-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված «երբ ծագման կազմակերպությունը գտնվում է որևէ այլ Պայմանավորվող պետության իրավազորության ներքո» բառերը պետք է մեկնաբանվեն որպես այնպիսի իրավիճակ, «երբ ազդանշանը արձակվում է մեկ այլ Պայմանավորվող պետության կողմից»:

3. ա/ Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը 1974 թվականի մայիսի 21-ի դրությամբ սահմանափակում է մետաղալարերով, մետաղամալուխով և կապի այլ նման միջոցներով բնակչության լայն զանգվածների համար ծրագրեր կրող ազդանշանների տարածման պաշտպանությունը կամ հրաժարվում է դրանից, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվող գրավոր ծանուցման միջոցով կարող է հայտնել, որ նա չի կիրառելի սույն Կոնվենցիան տարածման այդպիսի տարբերակների նկատմամբ այն ծավալով և այնքան ժամանակ, որքան ազգային օրենսդրությունը սահմանափակում է պաշտպանական միջոցները կամ հրաժարվում է դրանցից:

բ/ Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը ծանուցագիրն ի պահ է հանձնել համաձայն սույն հոդվածի «ա» ենթակետի, պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր կերպով ծանուցի իր ազգային օրենսդրության մեջ կատարված ցանկացած այնպիսի փոփոխությունների մասին` դրանց ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում, որոնք ընդունման արդյունքում սույն ենթակետին համապատասխան արվող վերապահումը դառնում է անընդունելի կամ սահմանափակվում է:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն բաց է լինելու ստորագրման համար մինչև 1975 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության, դրա մասնագիտացված կազմակերպություններից որևէ մեկի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ Միջազգային դատարանի ստատուսի անդամ հանդիսացող պետության կողմից:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման այն ստորագրած պետությունների կողմից: Այն բաց կլինի միանալու համար սույն հոդվածի 1-ին կետում նշված պետությունների կողմից:

3. Վավերագրերը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

4. Հասկանալի է, որ այն պահին, երբ որևէ պետություն ստանձնում է սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորություններն, այն պետք է ի վիճակի լինի կենսագործելու սույն Կոնվենցիայի դրույթներն իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից երեք ամիս հետո:

2. Ցանկացած այն պետության համար, որը սույն Կոնվենցիան վավերացնում, ընդունում կամ դրան միանում է հինգերորդ վավերագիրն, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում իր վավերագիրն, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց պահից երեք ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցագիրն ստանալու պահից տասներկու ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրվում է միակ բնօրինակով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում բոլոր չորս տեքստերն էլ հավասարազոր են:

2. Շահագրգիռ պետությունների հետ անցկացված խորհրդակցություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենը կմշակեն արաբերեն, հոլանդերեն, իտալերեն, գերմաներեն և պորտուգալերեն պաշտոնական տեքստերը:

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին և Հեռահաղորդակցության միջազգային միության Գլխավոր քարտուղարին.

i) սույն Կոնվենցիայի ստորագրման մասին,

ii) վավերագրերը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,

iii) 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,

iv) 2-րդ հոդվածի 2-րդ կետում կամ 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ցանկացած ծանուցումները և դրանց տեքստերն ի պահ հանձնելու մասին,

v) չեղյալ հայտարարման մասին ծանուցումներ ստանալու մասին:

4. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին ուղարկում է սույն Կոնվենցիայի հաստատված երկուական պատճենները:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Բրյուսել քաղաքում, 1974 թվականի մայիսի 21-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 13-ից:

 

 

pin
21.05.1974
Կոնվենցիա