Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ Ճ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնք կայացվել են այն պետության տարածքում, քան այն պետությունը, որում հայցվում է այդպիսի որոշումների ճանաչումը և կատարումը` այն վեճերով, որոնց կողմ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Այն կիրառվում է նաև այն արբիտրաժային որոշումների նկատմամբ, որոնք ներքին որոշումներ չեն համարվում այն պետությունում, որտեղ հայցվում է դրանց ճանաչումը և կատարումը:

2. «Արբիտրաժային որոշումներ» տերմինը ներառում է ոչ միայն յուրաքանչյուր առանձին գործով նշանակված արբիտրների կայացրած արբիտրաժային որոշումները, այլև արբիտրաժային այն որոշումները, որոնք կայացվել են մշտապես գործող այն արբիտրաժային մարմինների կողմից, որոնց դիմել են կողմերը:

3. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, կամ միացման, կամ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նախատեսված ծանուցման դեպքում, ցանկացած պետություն, փոխադարձության հիման վրա, կարող է հայտարարել, որ նա սույն Կոնվենցիան կիրառելու է միայն այն արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնք կայացվել են մյուս Պայմանավորվող պետության տարածքում: Նա կարող է նաև հայտարարել, որ սույն Կոնվենցիան նա կիրառելու է միայն պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններով ծագող այն վեճերի նկատմամբ, որոնք այդպիսի հայտարարություն կատարող պետության ազգային օրենքով համարվում են առևտրային:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ճանաչում է այն գրավոր համաձայնագիրը, ըստ որի պարտավորվում են արբիտրաժ փոխանցել բոլոր կամ որևէ վեճեր, որոնք, կապված որևէ կոնկրետ պայմանագրային կամ այլ իրավահարաբերության հետ, որի օբյեկտը կարող է արբիտրաժային քննության առարկա լինել, ծագել են կամ կարող են ծագել նրանց միջև:

2. «Գրավոր համաձայնագիր» տերմինը ներառում է Կողմերի միջև ստորագրված, կամ փոխանակված նամակներում կամ հեռագրերում պարունակվող պայմանագրի արբիտրաժային վերապահումը կամ արբիտրաժային համաձայնագիրը:

3. Պայմանավորվող պետության դատարանը, եթե նա հայց է ստանում այնպիսի հարցով, որի վերաբերյալ Կողմերը սույն հոդվածով նախատեսված համաձայնագիր են կնքել, պարտավոր է Կողմերից որևէ մեկի խնդրանքով, Կողմերին ուղարկել արբիտրաժ, եթե չգտնի, որ հիշատակված համաձայնագիրն անվավեր է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն արբիտրաժային որոշումները ճանաչում է որպես պարտադիր և դրանք կատարում է այն տարածքի դատավարական նորմերին համապատասխան, որում հայցվում է ճանաչումը և կատարումը` ներքոշարադրյալ հոդվածներով նախատեսված պայմաններով:

Արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, չպետք է կիրառել էապես ավելի ծանրաբեռնող պայմաններ կամ ավելի բարձր տուրքեր կամ գանձումներ, քան նրանք, որոնք գոյություն ունեն ներքին արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Նախորդ հոդվածում հիշատակված ճանաչումը և կատարումը ստանալու համար, ճանաչում և կատարում հայցող Կողմը այդպիսի խնդրանք փոխանցելիս, ուղարկում է.

ա) արբիտրաժային որոշման պատշաճ կերպով հաստատված իսկական օրինակը կամ նրա պատշաճ կերպով հաստատված պատճենը,

բ) 2-րդ հոդվածում հիշատակված համաձայնագրի իսկական օրինակը կամ նրա պատշաճ կերպով հաստատված պատճենը:

2. Եթե արբիտրաժային որոշումը կամ համաձայնագիրը շարադրված է ոչ այն երկրի պաշտոնական լեզվով, որտեղ հայցվում է այդ որոշման ճանաչումը և կատարումը, ապա Կողմը, որը խնդրում է որոշման ճանաչման և կատարման մասին ներկայացնում է այդ փաստաթղթերի այդ լեզվով թարգմանությունը: Թարգմանությունը հաստատվում է պաշտոնական կամ երդվյալ թարգմանչի, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը կարող է մերժվել այն Կողմի խնդրանքով, որի դեմ է այն ուղղված, եթե այդ Կողմը ճանաչման և կատարման վայրի իրավասու իշխանությանը ապացույցներ ներկայացնի առ այն, որ.

ա) 2-րդ հոդվածում նշված համաձայնագրի Կողմերը նրանց նկատմամբ կիրառվող օրենքի առնչությամբ որևէ չափով անգործունակ են եղել, կամ այդ համաձայնագիրն անվավեր է ըստ այն օրենքի, որին Կողմերը ենթարկել են այդ համաձայնագիրը, իսկ այդպիսի ցուցումի բացակայության դեպքում, ըստ այն երկրի օրենքի, որտեղ կայացվել է որոշումը, կամ

բ) Կողմը, որի դեմ որոշում է կայացվել արբիտրի նշանակման մասին կամ արբիտրաժային քննության մասին, կամ այլ պատճառներով չի կարողացել ներկայացնել իր բացատրությունները, կամ

գ) նշված որոշումը կայացվել է այն վեճով, որը չի նախատեսված կամ չի ընկնում արբիտրաժային համաձայնագրի կամ համաձայնագրի արբիտրաժային վերապահման պայմանի տակ, կամ էլ որոշումներ է պարունակում այնպիսի հարցերով, որոնք ընկնում են արբիտրաժային համաձայնագրի կամ պայմանագրի արբիտրաժային վերապահման շրջանակից դուրս` պայմանով, սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնագրով կամ վերապահումով ընդգրկված հարցերով լուծումները կարող են անջատվել նրանցից, որոնք չեն ընդգրկվում այդպիսի համաձայնագրով կամ վերապահումով, ապա արբիտրաժային որոշման այն մասը, որը լուծումներ է պարունակում այն հարցերով, որոնք ընդգրկված են արբիտրաժային համաձայնագրով կամ պայմանագրի արբիտրաժային վերապահումով, կարող է ճանաչել և կատարել, կամ

դ) արբիտրաժային մարմնի կազմը կամ արբիտրաժային վարույթը չեն համապատասխանել Կողմերի համաձայնագրին, կամ էլ դրա բացակայության դեպքում, չեն համապատասխանել այն երկրի օրենքին, որտեղ տեղ է գտել արբիտրաժային վարույթը, կամ

ե) որոշումը Կողմերի համար դեռևս վերջնական չի դարձել, վերացվել է կամ նրա կատարումը կասեցվել է այն երկրի իրավասու իշխանության կողմից, որտեղ այն կայացվել է, կամ այն երկրի, որի օրենքը կիրառվում է:

2. Արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը կարող է մերժվել նաև, եթե երկրի իրավասու իշխանություն, որում հայցվում է ճանաչումը և կատարումը, գտնի, որ.

ա) ըստ այդ երկրի օրենքների, վեճի առարկան չի կարող լինել արբիտրաժային քննարկման առարկա, կամ

բ) այդ որոշման ճանաչումը և կատարումը հակասում են այդ երկրի հասարակական կարգին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Եթե 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետում նշված իրավասու իշխանության առաջ միջնորդություն է հարուցվել արբիտրաժային որոշումը բեկանելու կամ դրա կատարումը կասեցնելու մասին, ապա այն իշխանությունը, որին դիմել են այդ որոշման ճանաչման և կատարման մասին խնդրանքով, կարող է, եթե նպատակահարմար գտնի հետաձգել այդ որոշումը կատարելու մասին հարցի լուծումը, և կարող է նաև այն Կողմի միջնորդությամբ, որը խնդրում է այդ որոշման կատարման մասին, մյուս Կողմին պարտավորեցնել ներկայացնելու պատշաճ ապահովում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի կնքած երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի վավերականությունը, և որևէ շահագրգիռ կողմի չեն զրկում ցանկացած արբիտրաժային որոշումից այն կարգով և սահմաններում օգտվելու իրավունքից, որոնք թույլատրվում են այն երկրի օրենքով և միջազգային պայմանագրերով, որտեղ հայցվում է այդպիսի արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը:

2. Արբիտրաժային գործերի մասին 1923 թվականի Ժնևյան Արձանագրությունը և Արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին 1927 թվականի Ժնևյան Կոնվենցիան Պայմանավորվող կողմերի միջև իրենց ուժը կորցնում են այն բանից հետո, երբ նրանց համար պարտադիր է դառնում սույն Կոնվենցիան, և այն սահմաններում, որոնցում նա նրանց համար պարտադիր է դառնում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Կոնվենցիան մինչև 1958 թվականի դեկտեմբերի 31-ը բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի համար, ինչպես նաև ցանկացած այնպիսի պետության անունից, որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա Միավորված ազգերի կազմակերպության որևէ մասնագիտացված հաստատության անդամ, կամ որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա Միջազգային դատարանի Կանոնադրության մասնակից, ինչպես նաև ցանկացած այլ պետության, որը կհրավիրվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերացման մասին փաստաթուղթը ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիան բաց է 8-րդ հոդվածում հիշատակված բոլոր պետությունների միանալու համար:

2. Միացումը ուժի մեջ է մտնում միացման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Ցանկացած պետություն կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ նրան միանալու ժամանակ հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր կամ որոշ այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար նա պատասխանատվություն է կրում: Այդպիսի հայտարարությունն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի` այդ պետության համար ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

2. Վերոհիշյալից հետո ցանկացած ժամանակ այդպիսի հայտարարություն կարող է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անվամբ ծանուցելու միջոցով, և ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից այդ ծանուցումն ստանալու օրվանից հաշված իննսուներորդ օրը, կամ տվյալ պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը` կախված այն բանից, թե որ ժամկետն է ավելի ուշ լրանում:

3. Ինչ վերաբերվում է այն տարածքներին, որոնց վրա սույն Կոնվենցիան չի տարածվելու դրա ստորագրման, վավերացման կամ դրան միանալու դեպքում, ապա յուրաքանչյուր շահագրգիռ պետություն պետք է քննարկի այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք անհրաժեշտ են նշված տարածքների նկատմամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածելու համար` այն տարածքների կառավարությունների համաձայնության պայմանով, որտեղ դա անհրաժեշտ է սահմանադրական հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Դաշնային կամ ոչ ունիտար պետությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) սույն Կոնվենցիայի այն հոդվածներով, որոնք վերաբերվում են դաշնային իշխանության օրենսդիր իրավասությանը, դաշնային կառավարության պարտավորությունները համապատասխան սահմաններում նույն են, ինչ այն Պայմանավորվող պետությունների պարտավորությունները, որոնք դաշնային պետություններ չեն հանդիսանում,

բ) ինչ վերաբերվում է սույն Կոնվենցիայի այն հոդվածներին, որոնք վերաբերվում են դաշնություն ձևավորող պետությունների կամ նահանգների օրենսդիր իրավասությանը, որոնք, դաշնության սահմանադրական համակարգի համաձայն, պարտավոր չեն օրենսդիր միջոցառումներ իրականացնել, ապա դաշնային կառավարությունը իր բարենպաստ երաշխավորությամբ այդ հոդվածները հնարավոր սեղմ ժամկետներում ի գիտություն է հայտնում պետությունների կամ նահանգների պատշաճ իշխանություններին,

գ) սույն Կոնվենցիային մասնակից դաշնային պետությունը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով փոխանցված ցանկացած մյուս Պայմանավորող պետության պահանջով, տեղեկանք է ներկայացնում սույն Կոնվենցիայի որևէ կոնկրետ դրույթի վերաբերյալ, դաշնության և նրա բաղկացուցիչ մասերի օրենսդրության և պրակտիկայի մասին` նշելով, թե ինչ չափով է այդ դրույթը կենսագործվել օրենսդրական և այլ միջոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման կամ միացման մասին երրորդ փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից հաշված իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացրել է սույն Կոնվենցիան կամ միացել է դրան վավերացման կամ միացման մասին երրորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերացման կամ միացման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով: Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից մեկ տարի հետո:

2. Յուրաքանչյուր պետություն, որը հայտարարություն կամ ծանուցում է կատարել 10-րդ հոդվածին համապատասխան, կարող է հետագայում ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիայի գործողությունը համապատասխան տարածքի նկատմամբ կդադարի Գլխավոր քարտուղարի կողմից այդ ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի հետո:

3. Սույն Կոնվենցիան կկիրառվի այն արբիտրաժային որոշումների նկատմամբ, որոնց ճանաչման կամ կատարման վերաբերյալ գործերը սկսվել են մինչև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Ոչ մի Պայմանավորվող պետության իրավունք չունի սույն Կոնվենցիայից օգտվելու ընդդեմ մյուս Պայմանավորվող պետությունների, ոչ այլ կերպ, քան այն սահմաններում, որոնցում նա պարտավոր է կիրառել սույն Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 8-րդ հոդվածում նշված պետություններին տեղեկացնում է հետևյալի մասին.

ա) 8-րդ հոդվածի համաձայն ստորագրությունների և վավերացումների մասին,

բ) 9-րդ հոդվածի համաձայն միացումների մասին,

գ) 1-ին, 10-րդ և 11-րդ հոդվածներից բխող հայտարարությունների և ծանուցումների մասին,

դ) 12-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու մասին,

ե) 13-րդ հոդվածի համաձայն գործողության դադարեցման և ծանուցումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի հաստատված պատճենները ուղարկում է 8-րդ հոդվածում նշված պետություններին:

Կատարված է Նյու Յորք քաղաքում, 1958 թվականի հունիսի 10-ին:

 

* Կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է հայտարարությամբ.

 

«1. Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան կկիրառի միայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունված արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան կկիրառի միայն իրավական հարաբերություններից բխող պայմանագրային կամ ոչ պայմանագրային անհամապատասխանությունների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան համարվում են տնտեսական»:

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 29-ից:

 

 

pin
10.06.1958
Կոնվենցիա