Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԻՄՆԱՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱԿ-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆԱ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ - 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1990 ԹՎԱԿԱՆ

 

Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ կոնգրեսը`

 

i

վկայակոչելով Միլանի գործողությունների պլանը (139), որը ընդունվել է Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսի կողմից և Գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացել է 1985 թվականի նոյեմբերի 29-ի 40/32 բանաձևով,

վկայակոչելով նաև յոթերորդ կոնգրեսի 18 բանաձևը (140), որով կոնգրեսը անդամ պետություններին հանձնարարում է ապահովել գործնական իրավաբանների պաշտպանությունը անօրինական սահմանափակումներից ու ճնշումից` նրանց կողմից իրենց պարտականությունները կատարելիս,

գոհունակությամբ նշելով այն աշխատանքը, որ, ի կատարումն յոթերորդ կոնգրեսի, իրականացրել են Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեն, Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ կոնգրեսի միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցությունը` հանցագործությունների կանխման ու քրեական արդարադատության բնագավառի Միավորված ազգերի կազմակերպության նորմերի և ուղեցույց սկզբունքների ու դրանց կատարման և նոր նորմեր սահմանելու առաջնահերթ անելիքների ուղղությամբ (141), և ութերորդ կոնգրեսի տարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցությունները,

1. ընդունում է իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները, որոնք բովանդակում է սույն բանաձևի հավելվածը.

2. Հիմնարար սկզբունքները հանձնարարում է ազգային, տարածաշրջանային ու միջտարածաշրջանային մակարդակներով որոշումներ կայացնելու և իրականացնելու համար` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային պայմաններն ու ավանդույթները.

3. անդամ պետությունների առաջարկում է Հիմնարար սկզբունքները հաշվի առնել և կիրառել իրենց ազգային օրենսդրության ու գործունեության շրջանակներում.

4. անդամ պետություններին նաև առաջարկում է Հիմնարար սկզբունքները հասցնել ի գիտություն իրավաբանների, դատավորների, գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության մարմինների աշխատողների և, ամբողջությամբ վերցված, բնակչությանը.

5. անդամ պետություններին այնուհետև առաջարկում է 1992 թվականից սկսած, ամեն հինգ տարին մեկ, Գլխավոր քարտուղարին իրազեկ պահել Հիմնարար սկզբունքների իրականացման ընթացքի, այդ թվում` դրանց տարածման, ներքին օրենսդրության, գործունեության, ընթացակարգերի և քաղաքականության մեջ դրանց ընդգրկման, ազգային մակարդակով դրանք իրականացնելու հետևանքով ծագող խնդիրների և միջազգային հանրության կողմից հնարավոր պահանջվող օգնության մասին և Գլխավոր քարտուղարին խնդրում է համապատասխան զեկուցում ներկայացնել Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության իններորդ կոնգրեսին.

6. բոլոր կառավարություններին կոչ է անում խրախուսել ազգային և տարածաշրջանային մակարդակներով սեմինարներն ու դասընթացները` նվիրված իրավաբանների դերին և իրավաբանի մասնագիտության մատչելիության պայմանների հավասարության պահպանմանը.

7. հաստատակամորեն կոչ է անում հանցագործությունների կանխման և քրեական արդարադատության հարցերով զբաղվող տարածաշրջանային հանձնաժողովներին, տարածաշրջանային ու միջտարածաշրջանային հիմնարկներին, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մասնագիտացված հիմնարկներին ու մյուս մարմիններին, Տնտեսական ու սոցիալական խորհրդին առընթեր մյուս շահագրգիռ միջկառավարական կազմակերպություններին` եռանդագին մասնակցել Հիմնարար սկզբունքների իրականացմանը և Գլխավոր քարտուղարին իրազեկ պահել Հիմնարար սկզբունքների տարածման և իրականացման նպատակով արված աշխատանքի և դրանց իրականացման աստիճանի մասին և Գլխավոր քարտուղարին խնդրում է տվյալ տեղեկությունը զետեղել իններորդ կոնգրեսին ներկայացվելիք իր զեկույցի մեջ.

8. Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեին կոչ է անում նախնական կարգով քննարկել սույն բանաձևի արդյունավետ իրականացումն ապահովելու ուղիների ու միջոցների հարցը.

9. Գլխավոր քարտուղարին խնդրում է`

ա) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել` սույն բանաձևը հասցնելու ի գիտություն կառավարությունների և Միավորված ազգերի կազմակերպության բոլոր շահագրգիռ մարմինների և ապահովել Հիմնարար սկզբունքների հնարավորին չափ լայն տարածումը.

բ) Հիմնարար սկզբունքները զետեղել Միավորված ազգերի կազմակերպության «Մարդու իրավունքները. Միջազգային փաստաթղթերի ժողովածու» վերնագրով հրատարակության հերթական պրակում.

գ) կառավարություններին, իրենց խնդրանքով, փորձագետների և տարածաշրջանային ու միջտարածաշրջանային խորհրդատուների սպասարկումներ տրամադրել Հիմնարար սկզբունքների իրականացման գործում օգնություն ցույց տալու համար և իններորդ կոնգրեսին զեկուցում ներկայացնել գործնականորեն տրամադրված տեխնիկական օգնության ու նախապատրաստման մասին.

դ) Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեին` նրա տասներկուերորդ նստաշրջանում զեկուցում ներկայացնել սույն Հիմնարար սկզբունքների իրականացման նպատակով ձեռնարկված միջոցների մասին:

 

Հ ա վ ե լ վ ա ծ

 

Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները

 

Նկատի առնելով, որ աշխարհի ժողովուրդները Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հայտարարում են մասնավորապես այնպիսի պայմաններ ստեղծելու իրենց վճռականության մասին, որոնց դեպքում կարող է պահպանվել արդարությունը և, որպես իրենց նպատակներից մեկը, հռչակվում են միջազգային համագործակցության իրագործումը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումն ապահովելու և զարգացնելու խնդրում` առանց ռասայի, սեռի, լեզվի և կրոնի խտրության,

նկատի առնելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (142) հաստատված են օրենքի առաջ հավասարության սկզբունքները, անմեղության կանխավարկածը, այն իրավունքը, որ գործը քննվի հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անաչառ դատարանի կողմից, և հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ցանկացած մարդու պաշտպանության բոլոր անհրաժեշտ երաշխիքները,

նկատի առնելով, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (143) նույնպես հռչակվում է չարդարացված ձգձգմամբ դատվելու իրավունքը և օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի արդարացի և հրապարակային քննության իրավունքը,

նկատի առնելով, որ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում հիշեցվում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը նպաստելու պետությունների մասին,

նկատի առնելով այն հանգամանքը, որ որևէ ձևով ձեռբակալված կամ կալանքի ենթարկվող բոլոր անձանց պաշտպանելու սկզբունքների ժողովածուում (144) նախատեսվում է, որ կալանված անձն իրավունք ունի օգտագործել իրավախորհրդատուի օգնությունը, դիմել նրան և խորհրդակցել նրա հետ,

նկատի առնելով, որ Կալանավորների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններով (145) մասնավորապես հանձնարարվում է քննության մեջ գտնվող կալանավորների համար ապահովել իրավաբանական օգնություն և դատապաշտպանին գաղտնի դիմելու հնարավորություն,

նկատի առնելով, որ Մահապատժի դատապարտվածների իրավունքների պաշտպանությունը երաշխավորող միջոցառումներով (145) հաստատվում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14 հոդվածի համաձայն դատավարության բոլոր փուլերում համապատասխան իրավական օգնություն ստանալու այնպիսի հանցագործություն կատարելու մեջ յուրաքանչյուր կասկածվողի կամ մեղադրվողի իրավունքը, որի համար կարող է մահապատիժ կիրառվել,

նկատի առնելով, որ Հանցագործությունների և իշխանության չարաշահումների զոհերի համար արդարադատությանն հիմնարար սկզբունքների հռչակագրով (146) հանձնարարվում են միջազգային ու ազգային մակարդակներով ձեռնարկվելիք միջոցներ` հանցագործությունների զոհերի համար արդարադատության և արդարացի վերաբերմունքի մատչելիությունը, իրավունքների վերականգնումը, փոխհատուցումն ու օգնությունը դյուրացնելու նպատակով,

նկատի առնելով, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար, որոնցից պետք է օգտվեն բոլոր մարդիկ, անկախ այն բանից, թե այդ իրավունքները տնտեսական են, սոցիալական, մշակութային թե քաղաքացիական ու քաղաքական, անհրաժեշտ է, որ բոլոր մարդկանց իրոք մատչելի լինեն մասնագետ անկախ իրավաբանների կողմից տրամադրվող իրավաբանական ծառայությունները,

նկատի առնելով, որ իրավաբանների արհեստակցական միավորումներին հիմնարար դեր է հատկացվում հետապնդումից և անօրինական սահմանափակումներից ու ոտնձգություններից իրենց անդամներին պաշտպանելու մասնագիտական նորմերի ու բարոյականության կիրառումն ապահովելու, բոլոր կարիքավորներին իրավաբանական ծառայություններ տրամադրելու և արդարադատության նպատակների իրականացմանը օժանդակելու և պետական շահերը պաշտպանելու խնդրում կառավարման և այլ հիմնարկների հետ համագործակցելու մեջ,

ստորև բերված Իրավաբանների դերին վերաբերվող հիմնարար սկզբունքները, որոնք ձևակերպված են անդամ պետություններին օգնություն ցույց տալու համար` իրավաբանների պատշաճ իրականացնելիս, պետք է կառավարությունների կողմից կիրառվեն և հաշվի առնվեն իրենց ազգային օրենսդրության ու գործունեության շրջանակներում և պետք է հասցվեն իրավաբանների, ինչպես նաև այլ անձանց, ինչպես դատավորների, մեղադրողների, գործադիր և օրենսդիր մարմինների և, ամբողջությամբ վերցված, բնակչության ուշադրությանը: Այդ սկզբունքները, անհրաժեշտության դեպքում, կիրառվում են նաև այն անձանց նկատմամբ, որոնք իրավաբանների գործառույթներ են կատարում` չունենալով դրանց պաշտոնական կարգավիճակ:

 

Իրավաբանների և իրավաբանական ծառայությունների

մատչելիությունը

 

1. Ամեն մարդ իրավունք ունի դիմել ցանկացած իրավաբանի օգնությանը իր իրավունքների պաշտպանության ու պահպանման և քրեական քննության բոլոր փուլերում իր պաշտպանության համար:

2. Կառավարությունն ապահովում է իրավաբանների մոտ մուտք ունենալու արդյունավետ ու հավասար մատչելիության արդյունավետ ընթացակարգեր և ճկուն մեխանիզմներ` նրանց տարածքում գտնվող և նրանց իրավասությանը ենթակա բոլոր անձանց համար` առանց որևէ խտրության` անկախ ռասայից, մաշկի գույնից, էթնիկական ծագումից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային, տնտեսական կամ այլ վիճակից:

3. Կառավարություններն ապահովում են բավականաչափ ֆինանսական և այլ միջոցների տրամադրումը չքավորներին և, անհրաժեշտության դեպքում, անբարենպաստ վիճակում գտնվող այլ անձանց իրավաբանական ծառայություններ մատուցելու համար: Իրավաբանների արհեստակցական միավորումները համագործակցում են ծառայությունների, միջոցների և այլ ռեսուրսների կազմակերպման ու ապահովման գործում:

4. Կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկ պահելու ծրագրերի իրականացմանը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել չքավորներին և անբարենպաստ վիճակում գտնվող այլ անձանց օգնություն ցույց տալուն, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները և անհրաժեշտության դեպքում դիմել իրավաբանների օգնությանը:

 

Հատուկ երաշխիքներ քրեական արդարադատության

հարցերում

 

5. Կառավարություններն ապահովում են, որ իրավասու իշխանություններն անհապաղ յուրաքանչյուր մարդու իրազեկ պահեն ձերբակալվելու կամ կալանվելու, կամ էլ քրեական հանցագործության մեջ մեղադրելու դեպքում իր ընտրությամբ իրավաբանի օգնությունից օգտվելու նրա իրավունքի մասին:

6. Այն բոլոր դեպքերում, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, յուրաքանչյուր մարդ, որ իրավաբան չունի, իրավունք ունի այնպիսի իրավաբանի օգնության, որի փորձն ու մասնագիտացումը համապատասխանում են իրավախախտման բնույթին և որը նշանակվում է` նրան անվճար իրավաբանական արդյունավետ օգնություն տրամադրելու նպատակով, եթե նա բավականաչափ միջոցներ չունի իրավաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար:

7. Բացի այդ, կառավարություններն ապահովում են, որ բոլոր ձերբակալված կամ կալանված անձինք, անկախ այդ բանից, թե նրանց քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով ներկայացվել է թե ոչ, անհապաղ իրավաբանի հետ հանդիպելու հնարավորություն ստանան, համենայն դեպս ոչ ուշ, քան ձերբակալվելու կամ կալանվելու պահից քառասունութ ժամ անց:

8. Բոլոր ձեռբակալված, կալանված կամ բանտարկված անձանց տրամադրվում են պատշաճ հնարավորություններ, ժամանակ ու պայմաններ իրավաբանի այցելության, նրա հետ առնչվելու և խորհրդակցելու համար` առանց ձգձգման, միջամտության կամ գրաքննության և լիակատար գաղտնիության պահպանմամբ: Նման խորհրդատվություններ կարող են անցկացվել իրավակարգը պաշտպանող անձանց ներկայությամբ, բայց առանց նրանց կողմից լսվելու հնարավորության:

 

Կադրերի որակավորում և պատրաստում

 

9. Կառավարություները, իրավաբանների արհեստակցական միավորումները և ուսումնական հաստատություններն ապահովում են իրավաբանների պատշաճ որակավորումն ու պատրաստումը և նրանց կողմից մասնագիտական իդեալների ու բարոյական պարտականությունների, ինչպես նաև ազգային և միջազգային իրավունքով ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իմացությունը:

10. Կառավարությունները, իրավաբանների արհեստակցական միավորումները և ուսումնական հաստատություններն ապահովում են մասնագիտական իրավաբանական գործունեություն սկսելու կամ շարունակելու առումով ի վնաս որևէ անձի խտրականության բացակայությունը ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, էթնիկական ծագման, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային, դասային, տնտեսական կամ այլ դրության հատկանիշի, բացառությամբ այն հանգամանքի, որ պահանջը, որի համաձայն փաստաբանը պետք է համապատասխան երկրի քաղաքացի լինի, խտրականություն չի համարվում:

11. Այն երկրում, որտեղ գոյություն ունեն խմբեր, համայնքներ և տարածաշրջաններ, որոնց իրավաբանական ծառայությունների կարիքները չեն ապահովվում, հատկապես այնտեղ, որտեղ նման խմբերն ունեն ուրույն մշակույթ, ավանդույթներ կամ լեզու կամ խտրականության զոհեր են դարձել անցյալում, կառավարությունները, իրավաբանների արհեստակցական միավորումները և ուսումնական հաստատությունները պետք է առանձնահատուկ ջանքեր գործադրեն, որպեսզի այդ խմբերի թեկնածուներին հնարավորություն ընձեռեն իրավաբանի մասնագիտություն ստանալու, և ապահովեն, որ նրանք իրենց խմբերի պահանջմունքներին համապատասխան կրթություն ստանան:

 

Գործառույթներ և պարտականություններ

 

12. Իրավաբանները բոլոր հանգամանքներում պահպանում են իրենց մասնագիտությանը բնորոշ պատիվն ու արժանապատվությունը` որպես արդարադատության իրականացման բնագավառի պատասխանատու աշխատողներ:

13. Իրենց հաճախորդների նկատմամբ իրավաբանները կատարում են հետևյալ գործառույթները.

ա) խորհրդատվություն հաճախորդներին` նրանց իրավաբանական համակարգի աշխատանքի վերաբերյալ այն չափով, որքանով դա վերաբերում է հաճախորդների իրավաբանական իրավունքներին ու պարտականություններին.

բ) մատչելի բոլոր միջոցներով հաճախորդներին օգնություն ցույց տալը և նրանց շահերը պաշտպանելու համար օրենսդրական միջոցներ ձեռնարկելը.

գ) անհրաժեշտության դեպքում հաճախորդներին օգնություն ցույց տալը դատարաններում, տրիբունալներում կամ վարչական մարմիններում:

14. Իրենց հաճախորդների իրավունքները պաշտպանելիս և արդարադատության շահերը պահպանելիս իրավաբանները պետք է նպաստեն ազգային և միջազգային իրավունքներով ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազգությունների պաշտպանությանը և բոլոր պարագաներում գործեն անկախ ու բարեխղճորեն` օրենքին և ընդունված նորմերին ու իրավաբանի մասնագիտական բարոյականությանը համապատասխան:

15. Իրավաբանները միշտ խստիվ պահպանում են իրենց հաճախորդների շահերը:

 

Իրավաբանների կողմից իրենց պարտականությունների

կատարման երաշխիքները

 

16. Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները

ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում.

բ) կարողանան ուղևորություններ կատարել և իրենց հաճախորդների հետ անարգել խորհրդակցել երկրի ներսում և նրա սահմաններից դուրս.

գ) դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:

17. Այն դեպքերում, երբ իրենց գործառույթների կատարման հետևանքով սպառնալիք է ծագում իրավաբանների անվտանգության համար, իշխանությունները պահվում են նրանց պատշաճ պաշտպանությունը:

18. Իրենց գործառույթների կատարման արդյունքում իրավաբանները չեն նույնացվում իրենց հաճախորդների կամ նրանց շահերի հետ:

19. Ոչ մի դատարան կամ վարչական մարմին, որտեղ ճանաչվում է փաստաբանի իրավունքը, չի հրաժարվում դատարանում իր հաճախորդի շահերը պաշտպանելու իրավաբանի իրավունքները ճանաչելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավաբանին մերժված է ազգային իրավունքին ու գործելակերպին և սույն սկզբունքներին համապատասխան իր մասնագիտական պարտականությունները կատարելու իրավունքը:

20. Իրավաբնները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:

21. Իրավասու մարմինները պարտավոր են իրավաբանների համար ապահովել իրենց տրամադրության տակ կամ իրենց վերահսկողության ներքո գտնվող անհրաժեշտ տեղեկությունների, գործերի ու փաստաթղթերի բավականաչափ վաղօրոք մատչելիությունը, որպեսզի իրավաբանները հնարավորություն ունենան արդյունավետ իրավաբանական օգնություն ցույց տալու իրենց հաճախորդներին: Նման մատչելիություն պետք է ապահովվի` հենց որ դրա անհրաժեշտությունն առաջանա:

22. Կառավարությունները ընդունում և ապահովում են իրավաբանների և նրանց հաճախորդների ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` նրանց մասնագիտական առնչությունների շրջանակներում:

 

Համոզմունքների և միավորումների ազատությունը

 

23. Իրավաբանները, ինչպես մյուս քաղաքացիները, իրավունք ունեն ազատորեն արտահայտելու կարծիքներ, համոզմունքներ և մասնակցել ժողովների: Մասնավորապես նրանք իրավունք ունեն մասնակցելու իրավունքին, արդարադատության իրականացմանը և մարդու իրավունքների խրախուսմանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերի շուրջ անցկացվող հասարակական բանավեճերին և լինել տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպությունների անդամ, կամ ստեղծել այդպիսիք և մասնակցել դրանց նիստերին, չենթարկվելով իրենց մասնագիտական գործունեության սահմանափակման` իրենց օրինական գործողությունների կամ օրինական կազմակերպության անդամակցության հետևանքով: Այդ իրավունքներն իրականացնելիս իրավաբաններն իրենց գործողություններով միշտ առաջնորդում են իրավաբանի իրավունքով և ընդունված նորմերով ու մասնագիտական բարոյականությամբ:

 

Իրավաբանների արհեստակցական միավորումները

 

24. Իրավաբաններն իրավունք ունեն ստեղծել և լինել ինքնուրույն արհեստակցական միավորումների անդամներ, որոնք ներկայացնում են նրանց շահերը, նպաստում նրանց անընդհատ կրթությանն ու պատրաստությանը և պաշտպանում նրանց մասնագիտական շահերը: Արհեստակցական կազմակերպությունների գործադիր մարմինն ընտրվում է նրա անդամների կողմից և իր գործառույթները կատարում առանց արտաքին միջամտության:

25. Իրավաբանների արհեստակցական միավորումները համագործակցում են կառավարությունների հետ այն նկատառումով, որպեսզի բոլոր անձանց համար իրապես և հավասարապես մատչելի լինի իրավաբանական ծառայությունը, որպեսզի հնարավորություն ունենան առանց անօրինական միջամտության խորհրդակցելու և օգնություն ցույց տալու հաճախորդներին` օրենքին և ընդունված մասնագիտական ստանդարտներին ու բարոյական նորմերին համապատասխան:

 

Կարգապահական միջոցներ

 

26. Իրավաբանները, իրենց համապատասխան մարմինների կամ օրենսդիր մարմինների միջոցով, իրավաբանների մասնագիտական վարվելակերպի կանոնագրքեր են մշակում` ազգային օրենսդրությանն ու սովորույթներին և ճանաչված միջազգային ստանդարտներին ու նորմերին համապատասխան:

27. Իրենց մասնագիտական դերով հանդես եկող իրավաբանների հանդեպ մեղադրանքները կամ գանգատները ենթակա են շուտափույթ և օբյեկտիվ քննարկման` պատշաճ ընթացակարգին համապատասխան: Իրավաբաններն իրավունք ունեն գործի արդարացի քննության, ներառյալ իրենց ընտրությամբ իրավաբանի օգնության իրավունքը:

28. Իրավաբանների նկատմամբ կարգապահական միջոցները քննարկում են իրավաբանների կողմից ստեղծվող անաչառ կարգապահական կոմիտեի կողմից, օրենքով նախատեսված անկախ մարմնում կամ դատարանում, և ենթակա են անկախ վերահսկողության:

29. Կարգապահական բոլոր միջոցները սահմանվում են իրավաբանի մասնագիտական վարվելակերպի կանոնագրքին և մյուս ճանաչված ստանդարտներին ու մասնագիտական բարոյականությանը համապատասխան և սույն սկզբունքների լույսի ներքո:

 

139. Տես` Հանցագործությունների կանխմանը և իրավախախտումների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրես, Միլան, 16 օգոստոսի - 6 սեպտեմբերի, 1985 թվականի (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառքում թիվ R 86 IY 1-ին տակ), գլուխ I, բաժին Ա:

140. Նույն տեղում, բաժին Ե:

141. A/CONF. 144/IPM.5:

142. Գլխավոր ասամբլեայի 217 Ա (III) բանաձև:

143. Գլխավոր ասամբլեայի 43/173 բանաձև, հավելված:

145. Տես` Մարդու իրավունքները. Միջազգային պայմանագրերի ժողովածու (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառքում թիվ R.88. XIY.I-ի տակ), բաժին է:

146. Գլխավոր ասամբլեայի 40/34 բանաձև:

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
07.09.1990
Միջազգային պայմանագիր