Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...

 

 

020.0705.030707

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 313 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 հուլիսի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող` քաղաքացի Ա. Հակոբյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արշալույս Հակոբյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղ. Ա. Հակոբյանի 05.03.2007թ. դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող Ա. Հակոբյանի և պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. հուլիսի 28-ին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածը սահմանում է.

«1. Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

2. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերից մեկով, ապա մյուս կողմը տուժողին վերադարձնում է գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը հատուցում է դրամով: Գործարքով մյուս կողմից տուժողի ստացած գույքը, ինչպես նաև մյուս կողմից նրան հասանելիքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գույքը բնեղենով պետությանը հանձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը բռնագանձվում է դրամով: Բացի դրանից, մյուս կողմը տուժողին հատուցում է նրան պատճառած իրական վնասը»:

2. Ըստ վերջնական դատական ակտի` Ա. Վահրադյանը և Ա. Թումասյանը դիմողից 2002 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին վերցրել են 4900 ԱՄՆ դոլար գումար, որը չի վերադարձվել, և վերջինս կրել է վնասներ: Ա. Վահրադյանի մայրը` Ա. ՈՒմրոյանը պարտավորվել է վերադարձնել պարտքի մի մասը, բայց հետագայում հրաժարվել է: ՈՒստի դիմողը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` 4.414.850 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին: Հակընդդեմ հայցով Ա. ՈՒմրոյանը պահանջել է անվավեր ճանաչել պարտավորագիրը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 10-ի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը մերժվել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 4-ի վճռով ևս հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Ա. ՈՒմրոյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր 26.10.2006թ. որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասի հիմքով, Ա. ՈՒմրոյանի պարտավորագիրն անվավեր է ճանաչել:

3. Քաղ. Ա. Հակոբյանը 05.03.2007թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, գտնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 14 հոդվածի, 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 42 հոդվածի 2-րդ մասի և 47 հոդվածի 1-ին մասի պահանջներին, և դրանք անհրաժեշտ է անվավեր ճանաչել:

Դիմող կողմը մասնավորապես մատնանշում է, որ վիճարկվող իրավական ակտի` 313 հոդվածում բացահայտված չեն «չարամիտ համաձայնությամբ կնքված գործարք» և «ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններ» հասկացությունները: Ըստ դիմող կողմի` «... նորմից դժվար է կռահել, թե ինչ չափանիշներով են որոշվելու ծանր հանգամանքներն ու ծայրահեղ ոչ ձեռնտու պայմանները, ինչ չափի և բնույթի պետք է դրանք համապատասխանեն, որպեսզի որակվեն «ծանր հանգամանքների բերում» և «ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններ»»: Դիմող կողմը գտնում է, որ այս նորմն ընդունելիս օրենսդիրը դրան իրավական որոշակիություն չի հաղորդել, և դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, իրավական որոշակիությունը բացակայում է նաև տուժողի հայցով դատարանի կողմից գործարքն անվավեր ճանաչելու ձևակերպման մեջ:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի թիվ 630 որոշման 11-րդ կետի 6-րդ պարբերությունում տրված սահմանադրական դատարանի դիրքորոշումը, ըստ որի` «Տվյալ օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»: Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշման հիման վրա դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի դրույթները չեն կարող ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 1-ին մասի իմաստով դիտարկվել որպես օրենք, ուստի այն հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին և 8 հոդվածի 1-ին մասին:

Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը սահմանափակվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի բովանդակությամբ, քանի որ սեփականատերը նախապես չգիտի իր դրամական միջոցներն այլ անձի հանձնելիս ինչ ծանր հանգամանքների և ծայրահեղ ոչ ձեռնտու ինչ պայմանների առկայության դեպքում նա կզրկվի իր սեփականությունը հետ ստանալու իրավունքից, այսինքն` ապօրինի կերպով սահմանափակվում է նրա սեփականության իրավունքը:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, և դիմումը ենթակա է մերժման հետևյալ նկատառումներով:

Հայաստանի Հանրապետությունը համարվելով ռոմանագերմանական իրավական համակարգին հարող իրավական ավանդույթներ ունեցող երկիր, որտեղ դատարաններն առաջնորդվում են բացառապես օրենքներով, ենթադրվում է, որ օրենքները պետք է լինեն որոշակի և հնարավորինս կանխատեսելի: Բայց դա չի նշանակում, որ օրենքները պետք է կարգավորեն բոլոր մանրամասնությունները, իսկ դատարանները` մեխանիկորեն կատարեն դրանց հանձնարարականները:

Ըստ պատասխանողի` «Հասարակական հարաբերությունների դինամիկ զարգացման պայմաններում օրենսդրի համար բավականին դժվար է ստեղծել այնպիսի իրավական նորմեր, որոնք կգործեն երկարատև ժամանակահատվածում և համապարփակ կկարգավորեն բոլոր հասարակական հարաբերությունները` բացարձակ որոշակիությամբ: ...

Հետևաբար, ոչ մի օրենք չի կարող հաշվի առնել իրավական կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների բազմազանությունը և հստակ կանոնակարգել քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների այս կամ այն վարքագիծը»:

Պատասխանող կողմը փաստում է նաև, որ այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է. «Որքան էլ նորմը հստակ ձևակերպվի իրավունքի ցանկացած համակարգում ... դատական մեկնաբանման տարրն անխուսափելի է: Միշտ գոյություն կունենա խրթին դրվագների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին հարմարվելու անհրաժեշտություն»: Հիշյալ առումով պատասխանող կողմը գտնում է, որ միանգամայն իրավացիորեն օրենսդիրը դատարանին ընձեռել է որոշում կայացնելու դիսպոզիտիվ հնարավորություն, ինչը պայմանավորված է վիճարկվող դրույթի կազուիստիկ (դիպվածաբանական) բնույթով:

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասը սահմանում է գործարքի անվավերության այնպիսի հիմքեր, ինչպիսիք են խաբեությունը, բռնությունը, սպառնալիքը, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությունը կամ ծանր հանգամանքների բերումով անձի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմանները:

Գործարքները քաղաքացիների կամ իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարեցմանը: Քաղաքացիական օրենսդրության կարևոր սկզբունքներից մեկն իրավահարաբերության մասնակիցների կամքի ազատ իրականացման սկզբունքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3 հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքներ ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների խախտված իրավունքների վերականգնումն ապահովելը, դրանց դատական պաշտպանությունը ևս օրենսդիրը դիտում է իբրև հիմնարար սկզբունք: Հենց այդ սկզբունքների իրագործմանն են նպատակաուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ բաժնի 18-րդ գլխի «Գործարքների անվավերությունը» վերտառությամբ 2-րդ պարագրաֆի 303-317 հոդվածներում պարունակվող իրավանորմերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասում հստակ շարադրված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը տուժողի հայցով կարող է անվավեր ճանաչել գործարքը: Դիմողի այն փաստարկը, որ վիճարկվող նորմը զուրկ է իրավական որոշակիությունից, քանի որ դրանում բացահայտված չեն «ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններ» հասկացությունը, հիմնավոր չէ: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ, օրենսդրական տեխնիկայի առումով, անհնարին է նկարագրել բազմաթիվ ու բազմաբովանդակ բոլոր այն դեպքերը, երբ անձն, իր կամքին հակառակ, ստիպված է լինում կնքել իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածում նշված հիմքերով գործարքների անվավերության հարցի լուծումը նախատեսում է միայն դատական կարգով: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատարանն է որոշում` արդյոք կնքված գործարքն ստրկացուցիչ է, թե` ոչ: Մասնավորապես, դատարանը գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով գնահատում է, թե տեղի ունեցել է խաբեություն, բռնություն, սպառնալիք, կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնություն, ինչ հանգամանքներում է կնքվել գործարքը, այդ հանգամանքները ծանր են եղել, թե` ոչ, գործարքի պայմանները հայցվորի համար ծայրահեղ ոչ ձեռնտու են եղել, թե` ոչ: Այս հարցերը պարզելուց հետո միայն դատարանը կարող է հանգել եզրակացության` խախտվել է, արդյոք, կամքի ազատ արտահայտության և ի շահ իրեն իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու` քաղաքացիական օրենսդրության սկզբունքը:

Ինչ վերաբերում է դիմող կողմի այն պնդմանը, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 14 հոդվածի, 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 42 հոդվածի 2-րդ մասի և 47 հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա պետք է նկատել, որ վիճարկվող հոդվածը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածներին, այլև կոչված է սահմանադրական այդ դրույթների իրական ապահովմանն այն առումով, որպեսզի քաղաքացիական իրավահարաբերություններում բացառվեն խաբեությունը, բռնությունը, սպառնալիքը, չարամիտ համաձայնությունը, ինչպես նաև ծանր հանգամանքներից օգտվելով` կողմի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարքների կնքումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածում սահմանված դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 հուլիսի 2007 թվականի

ՍԴՈ-705

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.07.2007
N ՍԴՈ-705
Որոշում