Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 880-ՐԴ, 881...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 880-ՐԴ, 881-ՐԴ ԵՎ 420-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-2334(ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                   2006թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-1810

Նախագահող դատավոր` Տ.Սահակյան

    դատավորներ         Ա.Խառատյան

                       Ա.Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Աշոտ Թորգոմյանի ներկայացուցիչ Արմեն ՈՒմրշատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 06-1810 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Աշոտ Թորգոմյանի հայցի ընդդեմ Գագիկ Գրիգորյանի` պարտավորության մայր գումարն ու հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվոր Աշոտ Թորգոմյանը պահանջել է պատասխանող Գագիկ Գրիգորյանից բռնագանձել 7700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտավորության մայր գումար և տոկոսներ` մինչև դրամական պարտավորության փաստացի կատարման պահը, բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկմամբ:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 9-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. որոշվել է պատասխանող Գագիկ Գրիգորյանից հօգուտ Աշոտ Թորգոմյանի բռնագանձել 7700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտավորության մայր գումար, ինչպես նաև 64 000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցապահանջը տոկոսների բռնագանձման մասով մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 16-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռի բովանդակությանը համահունչ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Աշոտ Թորգոմյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը առանց բավարար ապացույցների հիմնավորված է համարել այն հանգամանքը, որ պատասխանող Գագիկ Գրիգորյանը հայցվորին առաջարկել է վերադարձնել հիմնական պարտքի գումարը, սակայն հայցվոր Աշոտ Թորգոմյանը հրաժարվել է այն ընդունելուց:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածը, 880-րդ հոդվածի 3-րդ մասը և 411-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Օրենսգրքով նախատեսված նորմը պարտավորության կատարումը նախատեսում է փոխատուին գումարը վերադարձնելու միջոցով: Այսինքն` հստակորեն հետևում է, որ առաջանում է տոկոսագումարների վճարման պարտավորություն:

Բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հաշվարկված տոկոսների մասով, բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Պատասխանող Գագիկ Գրիգորյանի կողմից տրված գրավոր ստացականների համաձայն` հայցվոր Աշոտ Թորգոմյանը 2003 թվականի ապրիլի 10-ին Գագիկ Գրիգորյանին պարտքով տվել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2003 թվականի ապրիլի 25-ին` 1700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2003 թվականի մայիսի 16-ին` 3000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` յուրաքանչյուր դեպքում երկամսյա ժամկետում վերադարձնելու պայմանով:

2) Գագիկ Գրիգորյանը չի կատարել իր պարտավորությունները:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը:

Մեղքը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է, և անձը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն մեղքի առկայության դեպքում: ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված է այն ընդհանուր սկզբունքը, ըստ որի մեղքի բացակայությունը պետք է ապացուցի պարտավորությունը խախտող անձը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Տվյալ դեպքում քաղաքացիական գործում առկա գրավոր ապացույցներով` գրավոր ստացականներով, ապացուցված է պատասխանող Գագիկ Գրիգորյանի կողմից հայցվորից որոշակի ժամկետով գումար փոխառելու հանգամանքը, սակայն բացակայում է որևէ ապացույց, որով հաստատվում է այն վերադարձնելու փաստը:

Ապացուցված չէ նաև հայցվոր Աշոտ Թորգոմյանի մեղքով պարտավորության չկատարման կամ անպատշաճ կատարման հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ վերոնշյալ դրույթը կիրառելի չէ, քանի որ դատական պաշտպանության դիմելը իրավունքները խախտված անձի (տվյալ դեպքում` պարտատիրոջ) իրավունքն է և ոչ թե պարտականությունը: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Այսպիսով, պարտատիրոջ կողմից պարտավորության ծագման պահին կամ անմիջապես դրանից հետո դատարան չդիմելը չի կարող հանդիսանալ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելուն կամ անպատշաճ կատարելուն նպաստող հանգամանք, քանի որ պարտապանն ինքն է պարտավոր անհրաժեշտ հոգածություն և շրջահայացություն ցուցաբերել պարտավորության ժամանակին և պատշաճ կատարման համար: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքում դատարան դիմելը պետք է դիտել որպես պարտավորությունների կատարումն ապահովելուն ուղղված ողջամիտ գործողություն, և դա չի կարող ինքնին որևէ բացասական հետևանքներ առաջացնել պարտատիրոջ համար:

 

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Սույն գործով հաստատված չէ որևէ փաստ պարտատիրոջ կողմից կատարումն ընդունելուց խուսափելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Գործում առկա չէ որևէ ապացույց պատասխանողի կողմից պարտատիրոջ նկատմամբ առկա պարտավորությունը օրենքով սահմանված եղանակներով և ձևերով կատարելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը: Հետևաբար, հաշվի առնելով, որ քննարկվող դեպքում առկա է եղել փոխառության հարաբերություն, պարտապանի համար առաջ է գալիս պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության չափը որոշելու լրացուցիչ կանոն, այն է` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարի նկատմամբ հաշվեգրվող տոկոսներ վճարելու պարտավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դրամական գումար կամ արժեթղթեր նոտարի կամ դատարանի դեպոզիտ մուծելը պարտավորության կատարում է:

Հետևաբար, սույն գործով պարտապանը զրկված չի եղել պարտավորությունը ժամանակին և պատշաճ կատարելու` օրենքով իրեն ընձեռնված հնարավորությունից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.06.2006 թվականի թիվ 06-1810 վճիռը հաշվարկված տոկոսների բռնագանձման մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2006
N 3-2334(ՎԴ)
Որոշում