Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-951 (ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                 2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-326

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճռի դեմ` ըստ հայցի Ծառայության Խորհրդային հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ «ՈՒրարտու-Ալեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` 811 350 (ութ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 811 350 (ութ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 2007 թվականի փետրվարի 19-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 524 250 (հինգ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասով, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար առաջադրված տուգանքը բռնագանձելու մասով հայցը մերժվել է` ստուգման արդյունքում կազմված ակտն Ընկերության ղեկավարին չներկայացնելու պատճառաբանությամբ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ստուգման հանձնարարագիրը ստուգողների կողմից ներկայացվել է պատասխանողին, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել այն:

2) Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ստուգման ակտում նշված է խախտված իրավական նորմը` ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի թիվ 298 որոշումը, իսկ ստուգման ակտը ստուգողների կողմից ներկայացվել է պատասխանողին, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել ակտը և ստանալ դրա մեկ օրինակը: Այս մասին ստուգող տեսուչների կողմից 2003 թվականի հուլիսի 23-ին կազմվել է արձանագրություն:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճիռը` հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության պետի 2003 թվականի հուլիսի 21-ի թիվ 205733 հանձնարարագրի համաձայն` հանձնարարվել է Ընկերությունում կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում:

2) 2003 թվականի հուլիսի 23-ի թիվ 205733 ստուգման ակտով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանք:

3) Ստուգման ակտով` որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտված իրավական ակտ, նշվել են ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշումը և ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 01/58 հրամանը:

4) 2003 թվականի հուլիսի 23-ին կազմվել է արձանագրություն այն մասին, որ ստուգման ընթացքում Ընկերության տնօրեն Ս. Ասլանյանը բացակայել է:

5) Գործում բացակայում է 2003 թվականի հուլիսի 23-ի թիվ 205733 ստուգման ակտն Ընկերության ղեկավարին ներկայացնելու, այդ թվում` փոստի միջոցով հանձնելու մասին ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

Դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալ հոդվածը, եզրակացրել է, որ օրենսդիրը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանության ստուգումն իրականացնելու համար սահմանել է որոշակի կարգ, այն է` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ստուգման անցկացման մասին ծանուցելը, որը պետք է կատարվի եթե ոչ երեք աշխատանքային օր առաջ, ապա գոնե ստուգումը սկսելուց անմիջապես առաջ:

Վերոնշյալ եզրահանգումը հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությանը և չի համապատասխանում հոդվածի պահանջներին հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը տնտեսավարող սուբյեկտին հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն չի նախատեսում: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածով նախատեսված հանձնարարագրի մեկ օրինակի վրա տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրելու դրույթին, որը նախատեսվում է որպես ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից ստուգման մասին ծանուցված լինելը հավաստող հանգամանք, և որը Դատարանի կողմից մեկնաբանվել է որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման վերաբերյալ ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն, ապա իրականում հոդվածի այդ կարգավորումը հանդիսանում է ստուգումների անցկացման ընդհանուր կանոնի տրամաբանական շարունակությունը և չի վերաբերում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների ստուգման դեպքերի համար նախատեսված բացառությանը:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը պետք է մեկնաբանվի` հաշվի առնելով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանության հետ կապված ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը:

Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված խախտումների բացահայտումը պահանջում է վարչական մարմնի արագ գործելու անհրաժեշտություն, հետևաբար, նման ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու դեպքում անհնար կդառնա օրենքով նախատեսված ստուգման նպատակների իրագործումը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական հարցադրումը որևէ նշանակություն չունի սույն գործի լուծման տեսանկյունից, քանի որ տվյալ դեպքում ներկայացվել է գումարի բռնագանձման հայցապահանջ, և ներկայացված պահանջի շրջանակում դատարանի կողմից քննարկման է ենթակա բացառապես այն իրավական հարցը, թե արդյոք առկա է գումարի վճարման պարտավորություն, թե ոչ.

 

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոք բերած անձի պատճառաբանությունները Դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելու առնչությամբ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով 2003 թվականի հուլիսի 23-ի թիվ 205733 ստուգման ակտն ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից չի ստորագրվել:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում տեղ գտած այն փաստարկին, որ ստուգման ակտն ստուգողների կողմից ներկայացվել է պատասխանողին, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել ակտը և ստանալ դրա մեկ օրինակը, որի համար ստուգող տեսուչների կողմից 2003 թվականի հուլիսի 23-ին կազմվել է արձանագրություն, ապա այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ ստուգող պաշտոնատար անձանց կողմից 2003 թվականի հուլիսի 23-ին կազմված արձանագրության համաձայն` ստուգմանն Ընկերության տնօրեն Ս. Ասլանյանը բացակայել է:

Նշված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք չեն կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ստուգման արդյունքում կազմված ակտն ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ներկայացնելու պարտավորությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Նույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ (տես «Իզի Ստարտ» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2238/ՏԴ

(Հարկային տեսչության 20.07.2006 թվականի թիվ 2305600 ակտն անվավեր ճանաչելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ

366-371) արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վերոնշյալ հոդվածներով անձի` վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում (երաշխավորվում) է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով: Դրանց համաձայն` այդ իրավունքի խախտման հետևանք է վարչական ակտն այն ստանալու հաջորդող օրն ուժի մեջ մտնելը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը չկատարելու հետևանքով վարչական մարմինը կրում է վարչական ակտի ուշ ուժի մեջ մտնելու արդյունքում առաջացող իրավական հետևանքի ռիսկը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Ծառայության կողմից ստուգման ակտն Ընկերությանը հանձնելու (ներկայացնելու) մասին ապացույց դատարանին չի ներկայացվել, հետևաբար, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների ուժով ստուգման ակտն ուժի մեջ չի մտել: Ծառայության` ուժի մեջ չմտած ակտը չի կարող իրավական հետևանքներ առաջացնել, այսինքն` հիմք հանդիսանալ այդ ակտով առաջադրված տուգանքը բռնագանձելու համար (տես օրինակ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ընդդեմ «Վագրա» ՍՊԸ, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-1714/ՏԴ (500.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու և տեղեկատվություն ներկայացնելուն պարտադրելու պահանջներով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 163-167):

Դատարանի եզրահանգումը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի խախտման վերաբերյալ, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանի վճռով նշվել է, որ ստուգող պաշտոնատար անձինք, խախտելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, չեն նշել այն իրավական նորմը, որի պահանջները չեն կատարվել: Մինչդեռ Դատարանը նման եզրակացության է հանգել` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ 2003 թվականի հուլիսի 23-ին կազմված թիվ 205733 ստուգման ակտով որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտված իրավական ակտ նշվել է նաև խախտումը հայտնաբերելու դրությամբ գործող ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 01/58 հրամանը (ուժը կորցրել է 2004 թվականի դեկտեմբերի 11-ին):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի առաջին հիմքը և մասնակիորեն երկրորդ հիմքը հիմնավոր են, սակայն դրանք բավարար չեն Դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի տրամաբանությամբ` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված լինելն ինքնին հիմք չէ դատական ակտը բեկանելու համար:

Այսպիսով, սույն քաղաքացիական գործով Ծառայության` վճռաբեկ բողոքով վիճարկվող գումարն Ընկերությունից բռնագանձելու իրավական հիմքերի բացակայության պայմաններում սույն վճռաբեկ բողոքի առաջին և մասնակիորեն երկրորդ հիմքերում նշված Դատարանի կողմից թույլ տրված խախտումների առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է ոչ բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2007
N 3-951 (ՏԴ)
Որոշում