Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿ ...

 

 

322.0085.030907

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         09           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32207315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

23 ապրիլի 2007 թվականի N 85-Ն

 

i

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով, 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1530-Ն որոշման 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Գեոդեզիական կետերի կատալոգների կազմման և հրատարակման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է`

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2007թ. ապրիլի 23-ի

N 85-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Կատալոգները նախատեսված են տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական, կադաստրային և ինժեներահետազննական աշխատանքների համար` ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության և պաշտպանության շահերից:

1.2. Կատալոգները կազմվում են 1984 թվականի համաշխարհային գեոդեզիական և այլ կոորդինատային համակարգերում 1: 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզների անվանակարգով (նոմենկլատուրայով) և սյունակավորման այլ համակարգում չի նախատեսվում:

1.3. Յուրաքանչյուր կատալոգում ընդգրկվում է այն տարածքի տեղագրական քարտեզի անվանակարգը (նոմենկլատուրան), որի համար կազմվել է:

1.4. Կատալոգը պարունակում է`

ա/ կազմ և տիտղոսաթերթ (կազմի և տիտղոսաթերթի վրա պետք է լինի դրոշմագիրը),

բ/ ցանկ,

գ/ բացատրագիր,

դ/ գեոդեզիական կետերի կենտրոնների գծագրեր,

ե/ կետերի կոորդինատների և բարձրությունների ցուցակ (պետական, արբանյակային և խտացման գեոդեզիական ցանցերի),

զ/ գեոդեզիական կետերի այբբենական ցանկ,

է/ գեոդեզիական ցանցի սխեմա:

1.5. Կատալոգում տրվում է գեոդեզիական կետերի ուղղանկյուն կոորդինատները` հաշվարկված Գաուս-Կրյուգերի պրոյեկցիայի հարթության վրա վեց աստիճանային գոտիներում, երկրակենտրոն տարածական կոորդինատները 1984 թվականի համաշխարհային գեոդեզիական համակարգում:

Գեոդեզիական կետերի բարձունքային նիշերը տրվում են Բալթյան 1977թ. համակարգում, իսկ 1984 թվականի համաշխարհային գեոդեզիական համակարգում` երկրակենտրոն համակարգում:

1.6. Կետերի կոորդինատների և բարձունքային նիշերի ցուցակն ընդգրկում է`

ա/ պետական գեոդեզիական ցանցի կետերը, գեոդեզիական խտացման ցանցի կետերը,

բ/ արբանյակային գեոդեզիական 0-ական, 1-ին և 2-րդ դասի ցանցի կետերը 1984 թվականի համաշխարհային համակարգում,

գ/ պետական գեոդեզիական ցանցի հետ ոչ պակաս, քան երկու ընդհանուր կետերով կապակցված ցանցերի 1, 2, 3 և 4 դասերի կետերը,

դ/ խտացման գեոդեզիական ցանցերի կետերը (ԽԳՑ):

1.7. ՊԳՑ կետերի հարակից կետերի միմյանց նկատմամբ տեղադիրքի որոշման միջին քառակուսային սխալը կազմում է +-0.05մ, հեռու գտնվող կետերի համար`+-0.02\/S, որտեղ S-ը կետերի միջև եղած հեռավորությունն է, իսկ արբանյակային դիտարկումներով ստացված կետերինը` +-0.021 մ:

1.8. Կատալոգում տրվում են սույն հրահանգի 1.6. կետի պահանջին համապատասխան և տեղանքում կենտրոններով ամրացված երկարաժամկետ պահպանման բոլոր գեոդեզիական կետերը:

 

2. ԿԱՏԱԼՈԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Կազմ, տիտղոսաթերթ, բովանդակություն, բացատրագիր և կենտրոնների գծագրեր

2.1.1. Կատալոգի կազմի վրա տրվում է կատալոգը կազմող կազմակերպության անվանումը, դրոշմագիրը, օրինակի համարը, անվանակարգը (նոմենկլատուրան), հրատարակման վայրը և տարեթիվը:

2.1.2. Տիտղոսաթերթի վրա տրվում է կազմի վրա զետեղված տեղեկությունները, նշվում է կոորդինատային համակարգը, բարձունքային համակարգը, վեց աստիճանային գոտու հիմնական համարն ու դրա առանցքային միջօրեականի մեծությունը, թերթի տեղաբաշխման սխեման:

2.1.3. Կատալոգին կից բացատրագրում տրվում է`

ա/ տեղեկություններ կատալոգի բովանդակության մասին,

բ/ կատալոգում ընդգրկված գեոդեզիական աշխատանքների ցանկը, որտեղ նշվում է աշխատանքի համարը`

ըստ կատալոգի և աշխատանքի համարը, աշխատանքի տեսակը և դասը, օբյեկտի (տարածաշրջանի) անվանումը,

դաշտային աշխատանքների իրականացման տարեթիվը և աշխատանքները կատարող կազմակերպության անվանումը, կատարված աշխատանքների դասի համապատասխանությունն իր ստանդարտին,

գ/ գեոդեզիական կետերի խտությունների աղյուսակ` ըստ 1:100 000 մասշտաբի քարտեզների թերթերի:

1:100 000 մասշտաբի քարտեզների թերթերի վրա գեոդեզիական կետերի խտությունները նշվում են «1:100 000 մասշտաբի քարտեզների թերթերի վրա ՊԳՑ, ԱԳՑ և ԽԳՑ կետերի խտությունների աղյուսակում»: Աղյուսակում տրվում է ՊԳՑ, ԱԳՑ և ԽԳՑ կետերի քանակը, ՊԳՑ, ԱԳՑ և ԽԳՑ մեկ կետի համար ընդգրկված տարածքի մակերեսը (քառ.կմ), 1:100 000 մասշտաբի քարտեզների թերթերի վրա կետերի ընդհանուր քանակը: Քարտեզի թերթի մակերեսը վերցվում է 1:100 000 մասշտաբի քարտեզների թերթերից միջինը, մինչև 10 քառ.կմ ճշտությամբ: Մեկ կետին ընկնող մակերեսի հաշվարկի ժամանակ 1:100 000 մասշտաբի քարտեզի թերթի մակերեսից հանվում են ջրային տարածքները, եթե դրանք գերազանցում են 20 քառ.կմ,

դ/ տեղեկություններ տեղանքում կետի ամրացման մասին,

ե/ տեղեկություններ ծովի մակերևույթից կետերի և նիշերի բարձրությունների վերաբերյալ,

զ/ տեղեկություններ չափված ուղղությունների դիրեկցիոն անկյունների մասին,

է/ ընդունված հապավումների ցանկ:

2.1.4. Ընդունված հապավումների ցանկը կազմվում է համաձայն հաստատված ձևի, ընդ որում, դրանում ընդգրկվում են միայն այն անվանումները, որոնք առկա են կազմվող կատալոգում, ներառյալ կենտրոնների գծագրերը և սխեմաները:

Կրճատ անվանումները ցուցակում տրվում են այբբենական կարգով:

2.1.5. Գեոդեզիական կետերի համար տեղադրվող կենտրոնների գծագրերը պատկերվում են պայմանական նշաններով:

Յուրաքանչյուր կետի կենտրոնի տեսակի համարը սահմանվում է ըստ ստանդարտի: Եթե որևէ կետի կենտրոնը չի համապատասխանում ստանդարտում նախատեսված ոչ մի տեսակին, ապա դրա մասին տեղեկությունները պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ստանդարտում այն ընդգրկելու համար: Դրոշմանիշի փոխարեն մոնոլիտում կենտրոնի (ցցաձողի, կետանշման) առկայությունը հիմք չի հանդիսանում կենտրոնի տեսակին այլ համար շնորհելու: Եթե կենտրոնի պատրաստման նյութը բետոնի փոխարեն կամ աղյուս է, կամ քար, կենտրոնին շնորհվում է նույն համարը, ինչ որ բետոնե կենտրոնին, իսկ նկարի վրա ցույց է տրվում ստույգ նյութը:

Կատալոգում միանման կենտրոնների տեսակներով կետերի առկայության դեպքում, որոնք տարբերվում են առանձին մասերով, գծագրի վրա պատկերվում է կենտրոնի տարբերակներից մեկը:

Կենտրոնների գծագրերը համակարգվում են շնորհված համարների աճման կարգով: Դրոշմանիշներ (ցցաձողեր, կետանշան և այլն) ունեցող կենտրոնի բաղկացուցիչ մասերը, որոնք դասավորված են մեկ ուղղաձիգ գծի վրա, համարակալվում են հռոմեական թվերով (I, II, III և այլն)` սկսած վերևի դրոշմանիշից: Ժայռի մեջ տեղադրված դրոշմանիշը (ցցաձողը, կետանշանը) հանդիսանում է կենտրոնի մաս և համարակալվում է որպես կենտրոնի մաս:

Կենտրոնի վերևում տեղադրված ճանաչման մոնոլիտները (սյուները, աշտարակները) կենտրոնների գծագրերի վրա նշվում են կրճատ` ճ. մ. (ճ.սյ., ճ. աշտ.):

Եթե կան տեղեկություններ կենտրոնի վերին մոնոլիտի կորստի կամ վերատեղադրման մասին, կետին շնորհվում է կենտրոնի այլ համար (տառ):

 

2.2. Պետական գեոդեզիական, խտացման գեոդեզիական և արբանյակային

գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատների և բարձրությունների

ցուցակ

 

2.2.1. Սկզբում տրվում է պետական գեոդեզիական ցանցի (այսուհետ` ՊԳՑ) կամ արբանյակային գեոդեզիական ցանցի (այսուհետ` ԱԳՑ) կետերի ցուցակը, որում թերթերը խմբավորվում են ըստ 1: 50 000 մասշտաբի քարտեզների թերթերի անվանակարգի աճման: Յուրաքանչյուր խմբի սկզբում նշվում է 1:50 000 մասշտաբի թերթի անվանակարգը: Յուրաքանչյուր թերթի սահմաններում կետերը տեղաբաշխվում են աբսցիսների (x) նվազման կարգով:

ՊԳՑ և ԱԳՑ կետերի ցուցակի ավարտից հետո զետեղվում է խտացման գեոդեզիական ցանցի (այսուհետ` ԽԳՑ) կետերի ցուցակը: ԽԳՑ կետերի խմբավորումը և տեսակավորումն իրականացվում է նույն կանոններով, ինչ որ ՊԳՑ և ԱԳՑ կետերը:

Ցուցակում ընդգրկված բոլոր կետերը համարակալվում են հերթականությամբ` սկսած N 1 - ից:

2.2.2. Կազմվում է ՊԳՑ, ԽԳՑ և ԱԳՑ կետերի կոորդինատների և բարձրությունների ցուցակը:

ՊԳՑ կետերի համար տրվում է հետևյալ տեղեկությունը` հերթական համարը, կետի անվանումը, նշանի տեսակը, նշանի բարձրությունը, կենտրոնի տեսակը, դրոշմանիշի (կետի) համարը, աշխատանքի համարը (ըստ կատալոգին կից բացատրագրի ցուցակի), կետի դասը (0,1, 2, 3, 4, ԽԳՑ), կոորդինատները (x, y), միջօրեականների մերձեցումը, բարձրությունը ծովի մակերևույթից, դիրեկցիոն անկյունները և կողմերի երկարությունները ցանցում և կողմնորոշիչ կետերի վրա` ըստ չափված ուղղությունների:

ԱԳՑ 0-ական, 1-ին, 2-րդ դասի և ԽԳՑ կետերի համար տրվում է նույն տեղեկությունը, բացի դիրեկցիոն անկյուններից և կողմերի երկարություններից:

ԱԳՑ 1 դասի ցանցի կետերի համար տրված են դրանց կողմնորոշիչ կետերի անվանումները, նշանների տեսակը, բարձրությունը, կենտրոնների տեսակը, կոորդինատները:

Եթե կետի համար տեղադրված են երկուսից ավելի կողմնորոշիչ կետեր, ապա կատալոգի մեջ ընդգրկվում են միայն դրանցից երկուսը, որոնք գտնվել կամ տեղադրվել են գեոդեզիական կետերի վերջին հետազոտման և վերականգնման ժամանակ:

Կատալոգից հանված են ոչնչացված կետերն իրենց բոլոր տվյալներով:

2.2.3. ՊԳՑ, ԽԳՑ և ԱԳՑ կետերի կոորդինատների և բարձրությունների ցուցակում տրվում է կետի այն անվանումը, որն անվանվել է դաշտային աշխատանքների իրականացման ժամանակ, իսկ դրա տառադարձումը համաձայնեցվում է վերջին տարվա հրատարակված 1: 50 000 մասշտաբի տեղագրական քարտեզի հետ:

Գեոդեզիական կետերի անվանումների տառադարձությունն անհրաժեշտ է ճշտել հաշվի առնելով նաև պաշտոնական հրատարակության նորմատիվ բառարանների և աշխարհագրական անվանումների վերաբերյալ հրահանգների պահանջները` օգտվելով վարչական տեղեկատուների վերջին թողարկումներից:

Եթե գեոդեզիական կետին տարբեր կազմակերպությունների կողմից կամ տարբեր տարիներում վերագրվել է տարբեր անվանումներ, ապա վերջնական անվանումը որոշվում է քարտեզով: Եթե դա անհնար է կատարել, պահպանվում է ավելի ուշ իրականացված աշխատանքների ժամանակ վերագրված մեկ անվանումը, կամ երկուսը, որոնցից մեկը` փակագծում:

Կետերի անվանումները չեն հոլովվում:

Եթե 1:50 000 մասշտաբի քարտեզի թերթի վրա կան նույն դասի միևնույն անվանումով և նիշերի տեսակով երկու կամ ավելի կետեր, ապա կետի անվանմանը կցվում է լրացուցիչ անվանում` ելնելով դրա տեղադիրքից (կախված դրանց տեղաբաշխումից), օրինակ`

Արլ Երևան,

Հս Երևան:

Կետի անվանումից հետո լրացվում է նշանի տեսակի կրճատ անվանումը, իսկ ներքևում` նշանի բարձրությունը:

2.2.4. Եթե կետի հետազոտման կամ գեոդեզիական ցանցի հետագա զարգացման ժամանակ պարզվում է, որ կետի արտաքին նշանը չի պահպանվել, ապա կատալոգում տրվում է տեղեկություններ նոր նշանի միայն բարձրության և տեսակի մասին: Հին նշանի տեսակը չի նշվում:

Գեոդեզիական նշանի բարձրությունը տրվում է մինչև 0.1մ I մոնոլիտի (համաձայն կենտրոնների գծագրերի) վերին սահմանագծից մինչև գլանային դիտոցի վերևը: Եթե նշանը չունի գլանային դիտոց, ապա բարձրությունը տրվում է մինչև գործիքի սեղանի բարձրությունը, որի մասին նշվում է:

2.2.5. Նշանի բարձրության արժեքի ներքևում, տրվում է տեղեկություններ կետի վրա տեղադրված կենտրոնի տեսակի մասին: Կենտրոնի տեսակի կողքին նշվում է (փակագծերում) I մոնոլիտի մեջ տեղադրված դրոշմանիշի համարը, կամ դաշտային աշխատանքներ կատարելիս` կետի մակերևույթին դրված համարը, եթե այդպիսի տվյալներ կան:

2.2.6. Այնուհետև փակագծերում նշվում է կատարված աշխատանքների համարները` ըստ բացատրագրում բերված ցանկի` ելնելով տվյալ կետի կոորդինատների որոշման համար կատարված աշխատանքներից:

Եթե տվյալ կետի կոորդինատների որոշման համար չեն օգտագործվել այս կամ այն աշխատանքի չափման արդյունքները, ապա այդպիսի աշխատանքի համարը ցուցակի մեջ չի ընդգրկվում:

2.2.7. Ցուցակում ՊԳՑ կետերի կոորդինատները տրվում են մինչև 0.01մ, ԽԳՑ կետերինը` մինչև մետր, իսկ ԱԳՑ կետերի համար երկրակենտրոն գեոդեզիական կոորդինատները տրվում են 0.01//, ուղղանկյուն կոորդինատները 0.001 մ ճշտությամբ:

I, II, III և IV դասերի երկրաչափական նիվելիրացումից որոշված կետերի բարձրությունները ծովի մակերևույթից տրվում են մինչև 0.01մ: Եռանկյունաչափական և տեխնիկական նիվելիրացումից որոշված բարձրությունների արժեքները բերվում են մինչև 0.1մ:

Միջօրեականների մերձեցումը տրվում է մինչև 0.1// ճշտությամբ:

Բարձրությունները, բերված վերատեղադրված կենտրոնների` որպես նախկին բարձրության և հին ու նոր մոնոլիտի միջև վերազանցումների տարբերություն, բերվում են մինչև 0.1մ:

Որպես կանոն կետերի բարձրությունները վերաբերում են I մոնոլիտի վերևին (վերին մոնոլիտին): Եթե բարձրությունը վերաբերում է այլ կետի, կատարվում է համապատասխան նշում (բարձրության արժեքի տակ):

Եթե բարձրությունը վերաբերում է իրական համար ունեցող դրոշմանիշին, բարձրության արժեքի տակ տրվում է դրոշմանիշի համարը: Եթե համարը համընկնում է 2.2.5 կետում նշված համարին, ապա որպես բարձրության արժեք, այն նորից չի տրվում: Եթե նշանի տեղը հայտնի չէ, բարձրությունը չի տրվում:

2.2.8. Յուրաքանչյուր ՊԳՑ կետից տրվում են դիրեկցիոն անկյունները և կողմերի երկարությունները` հավասար կամ ավելի բարձր դասի ընդհանուր կապեր ունեցող կետերի հետ: Չպահպանված կետերից և տեղանքում չպահպանված կետերի վրա դիրեկցիոն անկյունները և կողմերի երկարությունները չեն տրվում: Միակողմանի ուղղություններով դիրեկցիոն անկյունները և կողմերի երկարությունները տրվում են մեկ անգամ այն կետից, որտեղից կատարվել է դիտարկումը:

ՊԳՑ 2, 3, և 4 դասերի կետերի դիրեկցիոն անկյունները տրվում են մինչև 0.1// ճշտությամբ, իսկ կողմերի երկարությունները` մինչև 0.01մ:

Գեոդեզիական կետերի դիրեկցիոն անկյունները տեղաբաշխվում են` ըստ անկյունների մեծությունների աճման կարգի:

2.2.9. Յուրաքանչյուր ՊԳՑ և ԱԳՑ կետից մինչև կողմնորոշիչ կետերը տրվում են դիրեկցիոն անկյունները և կողմերի երկարությունները, եթե այդպիսիք կան:

ՊԳՑ կետից մինչև կողմնորոշիչ կետեր կողմերի երկարությունները տրվում են մինչև 1մ ճշտությամբ:

Եթե դեպի կողմնորոշիչ կետեր դիրեկցիոն անկյունների որոշումն իրականացվել է 6// ճշտությամբ, ապա կատալոգում այդպիսի անկյունները տրվում են մինչև 1// ճշտությամբ, եթե չափման ճշտությունը 10// -15// է, ապա մինչև 0.1/ ճշտությամբ:

Եթե հեռավորությունը մինչև կողմնորոշիչ կետ 250 մ-ից պակաս է, ապա այդ կետի համար դիրեկցիոն անկյունը պետք է տալ մինչև 0.1/ ճշտությամբ: Կատալոգում տրվում են տեղեկություններ միայն այն կողմնորոշիչ կետերի մասին, որոնց հեռավորությունը չի գերազանցում 3 կմ:

Եթե որպես կողմնորոշիչ կետ ընդունված է ավելի ցածր դասի կամ հիմնական կետի հետ դիտարկումներով չկապված այլ կետ, կամ կողմնորոշիչ կետն ունի դրոշմանիշ, ապա դրա դիրեկցիոն անկյունը տրվում է կողմնորոշիչ կետերի անկյունների թվում` մինչև 1// ճշտությամբ: Այդպիսի կետերի անվանումները տրվում են հետևյալ կերպ`

Կողմն.կետ (Տաշիր, բուրգ),

Կողմն.կետ (2 պոլիգ.կետ),

Կողմն.կետ (N 345),

Կողմն.կետ (եկեղ.զ. Նորաշեն գյուղում):

ԽԳՑ յուրաքանչյուր կետից դեպի կողմնորոշիչ կետեր դիրեկցիոն անկյունները և կողմերի երկարությունները տրվում են նույն կարգով, եթե այդպիսիք առկա են:

Կողմերի երկարությունները մինչև կողմնորոշիչ կետեր տրվում են 1մ ճշտությամբ:

Դիրեկցիոն անկյունները տրվում են չափումների ճշտությամբ այսինքն` ԽԳՑ - 15 մինչև 0.1/, ԽԳՑ - 30 և 60 մինչև 1/: Աստղագիտական և ծանրաչափական չափումներ ունեցող կետերի համար` մինչև 1// ճշտությամբ:

Կողմնորոշիչ կետերի դիրեկցիոն անկյունները տեղաբաշխվում են` ըստ անկյունների մեծությունների աճման կարգի:

2.2.10. Եթե որպես գեոդեզիական կետ է ծառայում տեղափոխված կենտրոնով տեղանքի առարկան (զանգակատուն աշտարակ, շենքի վրայի գեոդեզիական նշան և այլն) կատալոգում տրվում են և՛ տեղանքի առարկան, և՛ տեղափոխված կենտրոնը: Ինչպես տեղանքի առարկային, այնպես էլ տեղափոխված կենտրոնին` ըստ կատալոգի համար է շնորհվում, անվանման սյունակում դրա կողքին գրվում է, օրինակ, «Նորաշեն կետի իջեց.կենտր.»: Եթե այդ թերթի վրա կան միևնույն անվանումով մի քանի կետեր, ապա որպես լրացուցիչ ստուգման միջոց թե որ կետին է վերաբերում այդ տեղափոխված կենտրոնը, ծառայում է տեղափոխված կենտրոնի համարը:

Կատալոգում ընդգրկվում են միայն տեղանքում հուսալի ամրացված և պահպանված տեղափոխված կենտրոնները:

Տեղափոխված կենտրոնից դիրեկցիոն անկյունը դեպի պահպանված տեղանքի առարկան տրվում է մինչև 0.1// և կողմի երկարությունը մինչև 0.01մ:

2.2.11. Տեղանքի առարկաների բարձրությունները տրվում են իջեցված կենտրոններից մինչև դիտարկման կետերը: Բարձրությունները ծովի մակերևույթից տրվում են ինչպես դիտարկման կետերի, այդպես էլ տեղափոխված կենտրոնների համար:

2.2.12. Կատալոգում լրացուցիչ կենտրոններն ընդգրկվում են համանման տեղափոխված կենտրոններին (տե՛ս կ. 2.2.10):

 

2.3. Վերածածկման գոտում պետական գեոդեզիական ցանցի և խտացման

գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների ցուցակ

 

2.3.1. Կազմվում է վերածածկման գոտում պետական գեոդեզիական ցանցի և հատուկ գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների ցուցակը: Սկզբում ընդգրկվում են ՊԳՑ կետերի ցուցակը, այնուհետև ԽԳՑ կետերի ցուցակը:

2.3.2. Վերածածկման գոտում գեոդեզիական կետերի ցուցակը կատալոգում տեղաբաշխվում է ըստ համարների աճման կարգի:

2.3.3. Վերածածկման գոտում բոլոր թվային տվյալները տրվում են այն ճշտությամբ, ինչ որ հիմնական գոտում:

2.3.4. Պետական գեոդեզիական ցանցի կետում դիրեկցիոն անկյունները ցանցի կապակցման և դեպի կողմնորոշիչ կետեր տեղաբաշխվում են համաձայն 2.2.8. և 2.2.9 կետերի:

 

2.4. Գեոդեզիական կետերի այբբենական ցանկ

 

2.4.1. Կազմվում է գեոդեզիական կետերի այբբենական ցանկը:

2.4.2. Այբբենական ցանկում տրվում են կատալոգում ընդգրկված պետական գեոդեզիական ցանցի և խտացման գեոդեզիական ցանցի բոլոր կետերի անվանումները, նշանների տեսակները և համարներն ըստ կատալոգի:

Երկու բառից բաղկացած անվանումները, որոնցից առաջինները միանման են, խմբավորվում են երկրորդ բառերի սկզբնական տառերի այբբենական կարգով, օրինակ`

Արմ Նորաշեն,

Հս Նորաշեն:

Միանման հապավումներով սկսվող կետերի անվանումները (սև. փոքր, նոր, հին և այլն) կամ երկբառ անվանումները խմբավորվում են առաջին բառերի այբբենական կարգով, իսկ խմբերի ներսում տեղաբաշխվում են` ըստ երկրորդ բառերի սկզբնատառերի, օրինակ`

    Նոր Աստղաձոր,           Փոքր Ակնասար,

    Նոր Գեղի,               Փոքր Սպիտակասար:

Նոր Խարբերդ:

2.4.3. Այն գեոդեզիական կետերը, որոնց համար անվանումներ են ծառայում կազմակերպությունների, գործարանների և այլ ընդունված կրճատ անվանումները, տեղաբաշխվում են նույնպես այբբենական կարգով, օրինակ`

ԹԲՖ Արզնի,

ԿԱՖ,

ԽԲՖ:

2.4.4. Կետերը, որոնց դաշտային աշխատանքներն իրականացնելիս անվանումների փոխարեն շնորհված են համարներ, զետեղվում են այբբենական ցանկի վերջում` համարների աճման կարգով:

 

2.5. Գեոդեզիական ցանցի սխեմա

 

2.5.1. Որպես «Գեոդեզիական ցանցի սխեմա»-ի հիմք օգտագործվում են 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները:

2.5.2. Գեոդեզիական ցանցի սխեմաների բնօրինակների վրա տեղադրվում են`

ա/ սխեմայի անվանումը և քարտեզի անվանակարգը,

բ/ 1:200 000 մասշտաբի քարտեզի թերթի շրջանակի անկյունները,

գ/ պետական գեոդեզիական ցանցի կետերը, դրանց անվանումները և համարներն ըստ կատալոգի,

դ/ պետական գեոդեզիական ցանցում բոլոր երկրաչափական կապերը,

ե/ կատալոգի շրջանակից դուրս գտնվող կետերի երկրաչափական կապերը, որոնք տրվում են միայն մինչև շրջանակի գիծը,

զ/ հեշտ ընթերցման համար կետերի բարձր խտության դեպքում թույլատրվում է 3, 4 դասերի ՊԳՑ կետերի մի մասը չտեղադրել սխեմայի վրա. այդ դեպքում տրվում է ծանոթություն` «Բարձր խտության պատճառով կետերի մի մասը սխեմայի վրա ցույց չեն տրված»,

է/ հատուկ գեոդեզիական ցանցերի կետերը և դրանց համարները` ըստ կատալոգի,

ը/ պայմանական նշանները (հարավային շրջանակից դուրս):

 

3. ԿԱՏԱԼՈԳԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

 

3.1. Նախապատրաստական աշխատանքներ

 

3.1.1. Կատալոգի կազմման հիմնական եղանակն ավտոմատացված տեխնոլոգիան է` ստորև տրված գեոդեզիական տվյալների հիման վրա:

3.1.2. Կատալոգի կազմմանը նախորդող նախապատրաստական աշխատանքներն են`

ա/ աշխատանքների պլանավորումը,

բ/ տարածքի տեղագրագեոդեզիական ապահովվածության ուսումնասիրումը,

գ/ ելակետային նյութերի հավաքումը, ուսումնասիրումը և համակարգումը,

դ/ գեոդեզիական տվյալների լրացումը և ճշգրտումը:

3.1.3. Կոորդինատների կատալոգների կազմումը իրականացվում է կատալոգների թողարկման պլանի հետ: Կատալոգների թողարկման պլանավորման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նույն տարում տարբեր կազմակերպությունների կողմից կազմված հարակից կատալոգների հետ համապատասխանությունը:

Կատալոգի կազմման պլանին համապատասխան կատարվում են կատալոգում չընդգրկված հիմնային գեոդեզիական կետերի հավասարակշռում` հաշվի առնելով նախկինում հրատարակված կատալոգների սահմաններով հավասարակշռումների արդյունքները: Այդ դեպքում նպատակահարմար է ՊԳՑ-ի հատվածները միասին հավասարակշռել բոլոր հարակից կատալոգների համար:

3.1.4. Տվյալ կատալոգով գեոդեզիական աշխատանքներով ծածկվող տարածքի ապահովվածությունը որոշվում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի տվյալներով:

3.1.5. Կատալոգների կազմման համար ելակետային նյութեր են հանդիսանում`

ա/ գեոդեզիական տվյալները (պետական և հատուկ գեոդեզիական ցանցեր),

բ/ վերջին հրատարակման 1:50 000 - 1:200 000 մասշտաբների տեղագրական քարտեզները,

գ/ վերջին տարիներին հրատարակված տվյալ անվանակարգի գեոդեզիական կետերի կատալոգը (եթե հրատարակումից հետո կատալոգը կրկին պատրաստվել է հրատարակման, բայց տպաքանակը դեռ լույս չի տեսել, ապա օգտագործվում է քարտային կատալոգը և դրա լրացումը),

դ/ օբյեկտների դաշտային աշխատանքների տեխնիկական հաշվետվությունները, կոորդինատների և բարձրությունների քարտային կատալոգների հետազոտման և վերականգնման նյութերը,

ե/ նիվելիրային կետերի բարձրությունների ամփոփ կատալոգը (լրացումներով) վերջին տարվա հրատարակված տվյալ անվանակարգի քարտեզի համար,

զ/ տվյալ տարածքի գեոդեզիական ցանցի հավասարակշռման նյութերը:

3.1.6. Կատալոգների կազմման ժամանակ օգտագործվում են հետևյալ փաստաթղթերը`

ա/ տեխնիկական առաջադրանքը,

բ/ տեղեկություններ հարակից հրատարակված կատալոգների և հրատարակման նախապատրաստված կատալոգների մասին,

գ/ կենտրոնների և հենանիշների տեսակների ստանդարտը և դրա լրացումը,

դ/ կատալոգների կազմման և հրատարակման հրահանգը:

3.1.7. Մինչև կատալոգի կազմումը ճշտվում է գեոդեզիական ցանցերի և դրանց հավասարակշռման արդյունքների տեղեկությունների առկայությունը:

 

3.2. Կատալոգների կազմում

 

3.2.1. Գեոդեզիական կետերի ավտոմատացված կատալոգի կազմման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները`

ա/ աշխատանքների պլանավորում և կոորդինացում,

բ/ չափագրական և նկարագրման տեղեկությունների նախապատրաստում,

գ/ նոր տեղեկատվության ընդունում,

դ/ տվյալների լրացում ու ճշգրտում, դրանց պահպանման ապահովում,

ե/ համագործակցություն մյուս կազմակերպությունների հետ, որոնք պահպանում և մշակում են գեոդեզիական չափումների վերաբերյալ տեղեկատվություն,

զ/ գեոդեզիական ցանցի հավասարակշռում,

է/ գեոդեզիական ցանցի սխեմայի կազմում,

ը/ կատալոգի ավտոմատացված կազմման և ձևավորման գործողությունների կատարում,

թ/ կատալոգի վերջնական խմբագրման և ընդունման իրականացում:

3.2.2. Տեխնիկական ապահովվածությունը

Գեոդեզիական կետերի ավտոմատացված կատալոգի կազմումն իրականացվում է համակարգչով` ծրագրային փաթեթների օգնությամբ:

Համակարգիչը և դրա համալրումը պետք է ապահովի`

ա/ տվյալների մուտքագրումը,

բ/ հավասարակշռման հաշվարկները,

գ/ տվյալների մշակումը` ըստ կատալոգի կազմման տեսքի,

դ/ միջանկյալ փաստաթղթերի տպագրումը,

ե/ կատալոգի տեքստային մասի հրատարակչական բնօրինակների տպագրումը,

զ/ սխեմաների հրատարակչական բնօրինակների պատրաստումը:

Հիմնական տեխնոլոգիական գործընթացները

Ավտոմատացված տեխնոլոգիան հիմնված է տվյալների բանկի օգտագործման վրա, որտեղ կուտակված է տեղեկություն պետական գեոդեզիական ցանցի և խտացման գեոդեզիական ցանցերի մասին:

Գեոդեզիական կետերի կատալոգների կազմման ժամանակ իրականացվում են հետևյալ հիմնական գործընթացները`

ա/ ելակետային փաստաթղթերի ուսումնասիրում (տե՛ս 3.1.5.),

բ/ տվյալների լրացումներ և ճշգրտումներ,

գ/ տեղամասի ցանցի հավասարակշռում, որն ընդգրկում է ՊԳՑ կետերը կազմվող և հարակից կատալոգների տարածքի վրա,

դ/ խտացման գեոդեզիական ցանցերի կետերի մասին տեղեկությունների ընտրում ֆայլերից, որոնք ստացվել են փոխանակման ֆորմատով ռազմատեղագրական ծառայությունից, կետերի և դիրեկցիոն անկյունների վերահաշվարկում և այդ կետերի ներգրավում տվյալների բազա,

ե/ ՊԳՑ, ԱԳՑ և ԽԳՑ կետերի կոորդինատների և բարձրությունների ցուցակի, այբբենական ցանկի կազմում և դրանց խմբագրում,

զ/ կատալոգի բացատրագրի կազմում և խմբագրում,

է/ կենտրոնների տեսակների գծագրերի ընտրություն, ձևակերպում և խմբագրում,

ը/ գեոդեզիական ցանցի սխեմայի կազմում և խմբագրում,

թ/ կազմի, տիտղոսաթերթի և գլխացանկի ձևավորում,

ժ/ կատալոգի պատրաստում փոխանակման ֆորմատով:

3.2.3. Ավարտելով կատալոգի կազմումը, կատարողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա/ կատալոգի բնօրինակը,

բ/ գեոդեզիական ցանցի սխեմայի բնօրինակը:

3.2.4. Կատալոգի կազմումը պետք է ապահովի հետևյալ տեղեկությունների հավաստիությունը`

ա/ կատալոգի աշխատանքների ցանկի համընկեցումը հարակից կատալոգներով տրված համապատասխան ցանկերի հետ,

բ/ քարտեզի շրջանակից դուրս կետերի անվանումների և նշանների տեսակների, դիրեկցիոն անկյունների և կողմերի երկարությունների կապերի համընկեցումը հարակից կատալոգների հետ,

գ/ կետերի կոորդինատների համապատասխանությունը դիրեկցիոն անկյուններին և կողմերի երկարություններին փոխհակադարձ ուղղություններով` ցուցակներում և սխեմայի վրա,

դ/ կոորդինատների, դիրեկցիոն անկյունների և կողմերի երկարությունների մի գոտուց մյուսին անցման ճշտությունը,

ե/ կետերի խմբավորման ճշտությունը 1:50 000 մասշտաբի քարտեզների թերթերի ցուցակներում` ըստ անվանահամարների աճման կարգի և յուրաքանչյուր թերթի սահմաններում` ըստ աբսցիսների նվազման,

զ/ յուրաքանչյուր կետի աշխատանքների համարների համապատասխանությունը աշխատանքների ցանկի համարներին,

է/ կետերի անվանումների ճիշտ դասավորությունը այբբենական ցանկում:

3.2.5. Սխեմաների կազմման ընթացքում օգտագործվում են ելակետային տեղեկատվությունների տվյալները:

Համակարգչում նախապես ստուգվում և ճշգրտվում են սխեմայի հատվածները: Հետո թողարկվում է սխեմայի փորձնական օրինակը:

3.2.6. Այստեղ նկարագրված ծրագրային համալիրներում կարող են օգտագործվել այլ կատալոգներ, եթե դրանք իրենց բովանդակությամբ և որակով բավարարում են նշված պահանջները:

 

3.3. Կատալոգի խմբագրում

 

3.3.1. Կատալոգի կազմման աշխատանքներն ավարտվում են խմբագրմամբ: Ստուգվում են բովանդակությունը, հատկապես պետական գեոդեզիական ցանցի, խտացման գեոդեզիական ցանցերի և արբանյակային գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատների ու բարձրությունների ցուցակների թվային մասը, ելակետային փաստաթղթերի և հավելվածների բնօրինակների ճիշտ ձևակերպումը:

3.3.2. Խմբագրման ընթացքում, կատալոգում հայտնաբերված սխալները և դիտողությունները գրանցվում են:

Խմբագրումից հետո կատալոգը վերադարձվում է կազմողին ուղղումներ կատարելու համար:

3.3.3. Կատալոգի խմբագրման ընթացքում ստուգվում է`

ա/ ստացված ելակետային նյութերի ամբողջականությունը և որակը,

բ/ գեոդեզիական կետերի կոորդինատների և բարձրությունների ցուցակները,

գ/ գեոդեզիական ցանցի սխեմայի բնօրինակը,

դ/ կատալոգի տեքստային մասը,

ե/ կատալոգի փորձնական օրինակի ձևավորման ճշգրտությունը:

3.3.4. Ելակետային նյութերի ամբողջությունը և որակը ստուգվում է` ըստ դաշտային ու գրասենյակային հաշվետվությունների: Կատալոգում սահմանվում է աշխատանքների ընդգրկման հիմնավորումը, կետերի դասակարգման ճշգրտությունը` յուրաքանչյուր աշխատանքի և այլ հարցերի լուծման համար:

3.3.5. Գեոդեզիական կետերի կոորդինատների և բարձրությունների ցուցակների ստուգման ժամանակ կատարվում են հետևյալ գործողությունները`

ա/ ստուգվում է գեոդեզիական կետերի հետազոտման և վերականգնման արդյունքների ներառման ճշտությունը և կատալոգի ամբողջականությունը,

բ/ ստուգվում է ծովի մակերևույթից կետերի բարձրություններում հայտնաբերված անհամաձայնությունների վերացման ճշտությունը տեղագրական քարտեզի հետ:

3.3.6. Գեոդեզիական սխեմայի բնօրինակի վրա ստուգվում է հատուկ բեռնվածության և արտաշրջանակների ձևավորման ճշտությունը:

3.3.7. Ստուգվում է կազմի և տիտղոսաթերթի ձևավորումը, կատալոգի հատվածների վերնագրերի համապատասխանությունը անվանացանկին, բացատրագրի ամբողջականությունը և դրա տվյալների համապատասխանությունը կատալոգի աղյուսակային մասին, գեոդեզիական ցանցերի ճշտության գնահատականի տվյալների ամբողջականությունը և ճշգրտությունը, կենտրոնների գծագրերի ճշտությունը և գծագրման որակը:

3.3.8. Կատալոգի խմբագրված հրատարակչական օրինակը ընդունվում է բաժնի ղեկավարի և կազմակերպության փոխտնօրենի կողմից, որից հետո այն ներկայացվում է հաստատման և հրատարակման:

 

3.4. Կատալոգների հրատարակումը

 

3.4.1. Հրատարակված կատալոգի բլոկի ձևաչափը պետք է ունենա 13.0x20.2 սմ չափը: Պատկերումն առանց թվացուցակի պետք է ունենա 10.8x17.2 սմ չափը, լուսանցքները (բլոկը կտրելուց հետո)` 2.0 (կռնակայինը), 2.0 (վերևինը) և 2.0 սմ (ներքևինը):

3.4.2. Կենտրոնների գծագրերը տպագրվում են սև գույնով: Դրանք ներառվում են որպես բացատրագրի էջեր և համապատասխանաբար համարակալվում: Գեոդեզիական ցանցի սխեման տպագրվում է անվանակարգի քարտեզի վրա սև և կարմիր գույներով:

3.4.3. Կատալոգի տպագրված օրինակը կազմվում է շապիկով:

3.4.4. Կատալոգի հրատարակման հերթականությունը որոշվում է սույն հրահանգով:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
23.04.2007
N 85-Ն
Հրաման