Սեղմել Esc փակելու համար:
«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՕԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅ ...

 

 

i

«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,

Բելգիայի Թագավորությունը,

Ֆրանսիայի Հանրապետությունը,

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը,

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը,

Նիդերլանդների Թագավորությունը,

համարելով, որ տուրբինային շարժիչով օդանավերի ընդհանուր շահագործման մեջ մտնելը և հետագա շահագործումը կարող է օդային փոխադրումների հսկողության կազմակերպման մեջ հետագա փոփոխություններ առաջացնել,

համարելով, որ շահագործման տեսանկյունից օդանավերի ժամանակակից տեսակները բնութագրվում են.

- բարձր արագությամբ,

- խնայողական շահագործման նկատառումներով, մինչև լավագույն օգտագործման բարձրության (ծովի մակերևույթից) արագ և անընդհատ վերելք իրականացնելու կարողության և այդ բարձրություններում մինչև ժամանման կետ հասնելը հնարավորինս մնալու անհրաժեշտությամբ,

համարելով, որ այդպիսի հատկանիշները ենթադրում են ոչ միայն գոյություն ունեցող հսկողության մեթոդների և ընթացակարգերի հարմարեցում կամ վերակազմավորում, այլ նաև հսկողության ոլորտների որոշակի մակարդակում, մասնակիորեն կամ ամբողջությամբ նոր կազմակերպված թռիչքային տարածքների ներգրավում,

համարելով, որ, նկատի ունենալով այդ օդանավերի տեխնիկական զարգացման արագ առաջընթացը, օդային փոխադրումների նկատմամբ հսկողությունը վերին օդային տարածքում չի կարող այլևս նախատեսվել, Եվրոպական երկրների մեծամասնության դեպքում, պետական սահմանների սահմանափակ շրջանակներում,

համարելով այսուհետ, որ ձեռնտու է ստեղծել միջազգային վերահսկող կազմակերպություն, որը կգործի մի պետության տարածքի սահմաններից դուրս տարածվող օդային տարածքի նկատմամբ,

համարելով, որ, այնքանով, որքանով պատկանում է ստորին օդային տարածությանը որոշակի դեպքերում կարող է առավելություն հանդիսանալ Պայմանավորվող կողմերի տարածքի մի մասում օդային փոխադրումների ծառայությունները վերապահել վերոհիշյալ միջազգային կազմակերպությանը կամ մեկ այլ Պայմանավորվող կողմի,

համարելով, բացի այդ, որ միջազգայնացված հսկողությունը ենթադրում է ընդհանուր քաղաքականության ընդունում և կանոնակարգերի ստանդարտացում` հիմնված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (I.C.A.O.) Ստանդարտների և երաշխավորված գործողությունների վրա, հաշվի առնելով ազգային պաշտպանության պահանջները,

համարելով, բացի այդ, որ մեծապես ցանկալի է համակարգել պետությունների կողմից ձեռնարկվող գործողությունները օդանավագնացության ծառայություններ մատուցող անձնակազմի պատրաստման և օդային փոխադրումների խնդիրների ուսումնասիրման և հետազոտման բնագավառում,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ամրապնդել իրենց համագործակցությունը օդանավագնացության ոլորտում և մասնավորապես բարձր օդային տարածքում ապահովել օդային փոխադրումների ծառայությունների ընդհանուր կազմակերպում:

2. Այդ նպատակով նրանք հիմնում են «Օդանավագնացության անվտանգության համար եվրոպական կազմակերպությունը» (ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ), այսուհետ` Կազմակերպություն: Կազմակերպությունը բաղկացած կլինի երկու մարմնից.

- Օդանավագնացության անվտանգության մշտական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով,

- Օդային փոխադրումների ծառայությունների գործակալություն, այսուհետ` Գործակալություն, որի Կանոնադրությունը սույն Կոնվենցիայի Հավելվածն է:

3. Կազմակերպության նստավայրը Բրյուսել քաղաքն է:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կարող է ցածր օդային տարածքի նկատմամբ, հաշվի առնելով պրակտիկ գործունեության պահանջները, Հանձնաժողովից խնդրել որոշում կայացնել, որ իր ցածր օդային տարածքի ամբողջ կամ մի մասի համար օդային փոխադրումների ծառայությունները վերապահվեն Կազմակերպությանը կամ մեկ այլ Պայմանավորվող կողմի:

2. Վերջինիս դեպքում երրորդ Պայմանավորվող կողմի` քվեարկությանը չմասնակցելը խոչընդոտ չի հանդիսանա Հանձնաժողովի կայացրած որոշման օրինականության համար` չնայած սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին:

3. Սույն հոդվածի դրույթները, որոնք վերաբերում են Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ընտրությանը, վերապահելու իր ցածր օդային տարածքի ամբողջ կամ մի մասի նկատմամբ օդային փոխադրումների ծառայությունները մեկ այլ Պայմանավորվող կողմի, չպետք է դիտվեն որպես Պայմանավորվող կողմերի` մեկ այլ Պայմանավորվող կողմի հետ նույն նպատակով երկկողմ համաձայնագրեր կնքելու իրավունքը սահմանափակող:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «օդային փոխադրումներ» արտահայտությունը ներառում է քաղաքացիական ավիացիան և այն ռազմական, մաքսային և ոստիկանական օդանավերը, որոնք ենթարկվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԳ) ընթացակարգերին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կազմակերպությունն ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Պայմանավորվող կողմերի տարածքում այն ունի լիակատար իրավունակություն, որի կորպորատիվ մարմինները գործում են ազգային օրենսդրության շրջանակներում. Կազմակերպությունը, inter alia, իրավունք ունի ձեռք բերելու կամ փոխանցելու շարժական կամ անշարժ գույք և դիմելու դատարանին: Այն կներկայացվի Գործակալության կողմից, որը կգործի Կազմակերպության անունից, բացառությամբ, եթե այլ բան է սահմանված սույն Կոնվենցիայում կամ դրան կից Կանոնադրությունում: Գործակալությունը կկառավարի Կազմակերպության սեփականությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հանձնաժողովը բաղկացած կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու երկու ներկայացուցչի, սակայն ունի միայն մեկ ձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Հանձնաժողովի նպատակն է, համագործակցելով ազգային ռազմական մարմինների հետ, խրախուսել միջոցների ընդունումը և այնպիսի հարմարանքների տեղակայումը և գործունեությունը, որոնց նպատակն է.

- ապահովել օդանավագնացության անվտանգությունը,

- ապահովել օդային փոխադրումների կանոնավոր և արագ աճը,

պայմանավորվող կողմերի ինքնիշխանության ներքո գտնվող սահմանված օդային տարածքի սահմաններում կամ այն օդային տարածքի սահմաններում, որոնց նկատմամբ օդային փոխադրումների ծառայությունները վերապահվել են այդ Կողմերին միջազգային համաձայնագրերին համապատասխան:

2. Այդ նպատակով Հանձնաժողովը պատասխանատու կլինի.

ա) օդային փոխադրումները կառավարող ազգային կանոնակարգերի ստանդարտացման և օդային փոխադրումների անվտանգությունն ու կանոնակարգումը երաշխավորելու համար պատասխանատու ծառայությունների գործողության ստանդարտացման ուսումնասիրման համար` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտների և երաշխավորված գործողությունների հիման վրա և, հաշվի առնելով ազգային պաշտպանության պահանջները,

բ) օդանավի անվտանգությունը երաշխավորելու համար նախատեսված ռադիոտեխնիկական սարքավորումների, հեռահաղորդակցության միջոցների և օդանավում օգտագործվող համապատասխան սարքավորումների առնչությամբ ընդհանուր քաղաքականության խրախուսման համար,

գ) օդանավագնացության ծառայություններին և շինություններին առնչվող ուսումնասիրությունների խրախուսման և համակարգման համար` հաշվի առնելով տեխնիկական առաջընթացը և, անհրաժեշտության դեպքում, Օդանավագնացության տարածաշրջանային ծրագրերում լրացումների ուսումնասիրումը, որոնք պետք է ներկայացվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության քննարկմանը,

դ) սույն Կոնվենցիայի 38-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` օդային տարածության կառուցվածքի սահմանման համար, որի հետ կապված` օդային փոխադրումների ծառայությունները վերապահվել են Գործակալությանը,

սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածով Հանձնաժողովին վերապահված լիազորությունների համար,

ե) օգտվողներին մատուցած ծառայությունների դիմաց վարձատրության առնչությամբ Գործակալության կողմից իրականացվելիք քաղաքականության որոշման համար և, երբ կիրառելի է, սակագների և Գործակալության կողմից սահմանված գների կիրառման պայմանների հաստատման համար,

զ) Գործակալության գործունեության համար պահանջվող ներդրումների ֆինանսավորումը հեշտացնելուն ուղղված միջոցների կամ ընդհանուր առմամբ օդանավագնացության անվտանգությունը երաշխավորելու աշխատանքում մասնակցող Պայմանավորվող կողմերի ծառայությունների ուսումնասիրման համար,

է) Գործակալության գործողությունների նկատմամբ ընդհանուր հսկողության լիազորությունների իրականացման համար` ի կիրառումն սույն Կոնվենցիայի 20-րդ հոդվածի և դրան կից Կանոնադրության 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, 13-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի, 14-րդ հոդվածի 2-րդ կետի, 17-րդ հոդվածի 2-րդ կետի, 23-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 28-րդ հոդվածի 3-րդ կետի, 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 30-րդ հոդվածի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին կետի և 37-րդ հոդվածի:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Իր խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովը.

ա) կձևակերպի հանձնարարականներ սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի շրջանակներում կարգավորվող դեպքերում,

բ) որոշումներ է ընդունում սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի, 9-րդ հոդվածի 2-րդ կետի, 12-րդ հոդվածի 2-րդ կետի և 13-րդ հոդվածի շրջանակներում կարգավորվող դեպքերում,

գ) հրահանգներ է տալիս Գործակալությանը սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «զ» ենթակետերի, 20-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի շրջանակներում կարգավորվող դեպքերում,

դ) կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք, սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետի համաձայն, փոխանցվում են նրան,

ե) անհրաժեշտության դեպքում վեճերը փոխանցում է արբիտրաժային դատարան, որի մասին դրույթը ամրագրված է սույն Կոնվենցիայի 33-րդ հոդվածի 1-ին կետում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Հանձնարարականները կձևակերպվեն Հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից: Շահագրգիռ Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները կառաջարկեն իրենց համապատասխան երկրների իրավասու մարմիններին Հանձնաժողովում իրենց ընդունած հանձնարարականների իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

2. Որոշումները կպահանջեն Հանձնաժողովի միաձայն քվեարկությունը: Դրանք պարտադիր կլինեն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար:

3. Հանձնաժողովի ցուցումները պահանջում են Պայմանավորվող կողմերի ձայների մեծամասնությունը, այսինքն.

- որ այդ ձայները ունեն կշիռ, որը նշված է ստորև` 9-րդ հոդվածի վարկանշային աղյուսակում, որը հիմնված է Պայմանավորվող կողմերի համախառն ներքին արտադրանքի վրա,

- որ այդ ձայները ներկայացնում են Պայմանավորվող կողմերի մեծամասնությանը:

4. Համաձայն 7-րդ հոդվածի «դ» և «ե» կետերի քննարկումներից ծագող եզրակացությունները կընդունվեն սույն հոդվածի 3-րդ կետում նշված կանոններին համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ տարբեր կանոնները կիրառելի են Կոնվենցիայի կամ դրան կից Կանոնադրության` հստակ արտահայտված դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Նախորդ հոդվածում նշված վարկանշային աղյուսակը հետևյալն է.

 

Վարկանշային աղյուսակ

Համախառն ներքին արտադրանք /ՀՆԱ/`

համաձայն գնային գործոնի և ընթացիկ գների`

ֆրանսիական նոր ֆրանկով /միլիոններով/

 

Ձայների քանակը

 

10-ից պակաս .......................................... 1

Ներառյալ 10-ից մինչև 20 ............................. 2

Ներառյալ 20-ից մինչև 30 ............................. 3

Ներառյալ 30-ից մինչև 46 2/3 ......................... 4

Ներառյալ 46 2/3-ից մինչև 63 1/3 ..................... 5

Ներառյալ 63 1/3-ից մինչև 80 ......................... 6

Ներառյալ 80-ից մինչև 110 ............................ 7

Ներառյալ 110-ից մինչև 140 ........................... 8

Ներառյալ 140-ից մինչև 200 ........................... 9

Ներառյալ 200-ից մինչև 260 ........................... 10

Ներառյալ 260-ից մինչև 320 ........................... 11

Ներառյալ 320-ից մինչև 380 ........................... 12

 

և այսուհետ մեկ լրացուցիչ ձայն վաթսուն միլիոն ֆրանսիական նոր ֆրանկով` յուրաքանչյուր լրացուցիչ ավելացման համար, կամ դրա բաժինների, վերևում նշված համախառն ներքին արտադրանքում (ՀՆԱ-ում):

2. Հաշվարկների համար օգտագործվող համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կստացվի Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպության (ԵՏՀԿ) կողմից հավաքված վիճակագրական տվյալներից կամ, այդ տվյալների չհերիքելու դեպքում, համանման երաշխիքներ ունեցող և Հանձնաժողովի որոշման հիման վրա ստեղծվող որևէ այլ մարմնի կողմից, որոնց համար այդ վիճակագրական տվյալները մատչելի են, թվաբանական հաշվարկներ կատարելով վերջին երեք տարիների համար: Համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) արժեքը կլինի այն, որը կհաշվարկվի գնային գործոնի և ընթացիկ գների հիման վրա:

3. Ձայների քանակը սկզբնապես պետք է հաստատվի վերոհիշյալ վարկանշային աղյուսակին և սույն հոդվածի 2-րդ կետում շարադրված կանոնին համապատասխան` համախառն ներքին արտադրանքը որոշելու համար, և այդպես սահմանված թվերը ուժի մեջ կմտնեն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Նոր պետության միանալու դեպքում Պայմանավորվող կողմերի ձայների քանակը կվերահաստատվի նույն ընթացակարգին համապատասխան:

5. Ձայների քանակը ամեն դեպքում կվերահաստատվի նույն պայմաններով, երբ երեք տարի կանցնի այդ թվերի` վերջին անգամ հաստատման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Հանձնաժողովը կստեղծի իր ընթացակարգի կանոնակարգերը, որոնք կընդունվեն միաձայնությամբ:

2. Այդ կանոնակարգերը կներառեն, inter alia, Նախագահի պաշտոնավարմանը, աշխատանքային խմբերի ստեղծմանը և Հանձնաժողովի աշխատանքային լեզուներին վերաբերող կանոններ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ անձնակազմը և պայմանները կապահովվեն Գործակալության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Հանձնաժողովը համապատասխան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կպահպանի անհրաժեշտ հարաբերություններ Կազմակերպության նպատակների իրականացման համար:

2. Միայն Հանձնաժողովը, սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն` Գործակալությանը վերապահված իրավունքներին համապատասխան, լիազորված կլինի Կազմակերպության անունից կնքելու միջազգային կազմակերպությունների, Կազմակերպության անդամ պետությունների կամ այլ պետությունների հետ համաձայնագրեր, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով իրեն վերապահված խնդիրների իրականացման և սույն Կոնվենցիայով հիմնադրված կամ սույն Կոնվենցիայի կիրառման նպատակների համար ստեղծված մարմինների գործունեության համար:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Համաձայնագրեր կարող են կնքվել Կազմակերպության և ցանկացած պետության միջև, որը սույն Կոնվենցիայի մասնակից չէ, բայց որը ցանկանում է օգտվել Գործակալության ծառայություններից: Նման դեպքերում Հանձնաժողովը գործողություններ կձեռնարկի Գործակալության կողմից ներկայացված զեկույցի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Պայմանավորվող կողմերը Գործակալությանը կվերապահեն սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի և 38-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված` օդային տարածքում օդային փոխադրումների ծառայությունները:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Հասարակական շահը անհրաժեշտության դեպքում կճանաչվի ազգային օրենսդրության և այդ օրենսդրությունից բխող հետևանքներին համապատասխան, որը վերաբերում է հասարակական շահերից բխող բռնագրավմանը` կապված Կազմակերպության շինությունների` տեղավորման համար անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերմանը` համաձայն շահագրգիռ Կառավարության հետ համաձայնության: Հասարակական շահերի համար բռնագրավման ընթացակարգերը կարող են իրագործվել շահագրգիռ պետության ազգային օրենսդրության համաձայն, նրա իրավասու մարմինների կողմից` նման գույք ձեռք բերելու նպատակով բարեկամական համաձայնության ձախողման դեպքում:

2. Այն Պայմանավորվող կողմերի տարածքներում, որտեղ նախորդ կետում հիշատակված ընթացակարգերը գոյություն չունեն, Կազմակերպությունը պարտադիր գնման այդ ընթացակարգերից կարող է եկամուտ ստանալ, որը կարող է օգտագործվել ի շահ քաղաքացիական ավիացիայի և հեռահաղորդակցության:

3. Պայմանավորվող կողմերը ճանաչում են Կազմակերպության եկամուտ ստանալու իրավունքը` կապված իրենց համապատասխան տարածքներում Կազմակերպության կողմից կառուցված որևէ շինության և մատուցված ծառայությունների հետ, անշարժ գույքի սեփականատերերի իրավունքների նկատմամբ այն սահմանափակումների հանդեպ ազգային օրենսդրության կիրառումից, որոնք կարող են հասարակական շահում գոյություն ունենալ` ի շահ նույն նպատակի համար ազգային ծառայությունների և մասնավորապես հասարակական շահի հարմարավետության համար:

4. Կազմակերպությունը կհոգա սույն հոդվածի դրույթների կիրառման հետ կապված ծախսերը` ներառյալ այն պետության օրենսդրության համաձայն վճարվող փոխհատուցումը, որի տարածքում գտնվում է գույքը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերը այն չափով, որքանով նրանք իրավասու են կատարել և, մասնավորապես, ռադիոհաճախականությունների բաշխման հետ կապված, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն երաշխավորելու համար, որ Կազմակերպությունը կարող է կատարել բոլոր այն գործողությունները, որոնք բավարարում են նրա նպատակը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Իր խնդիրների իրականացման համար Գործակալությունը օդային փոխադրումների հսկողության նպատակների համար կկիրառի Պայմանավորվող կողմերի տարածքներում և օդային տարածքում, որի հետ կապված նրանց են վերապահվել օդային փոխադրումների ծառայություններ, գործող կանոնակարգեր` նրանց մասնակցությամբ միջազգային համաձայնագրերին համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթների կիրառման դժվարության դեպքում Գործակալությունը հարցը կներկայացնի Հանձնաժողովին, որը երաշխավորություններ կներկայացնի Պայմանավորվող կողմերին` սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում սահմանված պայմաններին համապատասխան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հետ կապված:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Իր խնդիրների իրականացման համար և օդային փոխադրումների ծառայությունների ոլորտում վերապահված լիազորությունների շրջանակներում Գործակալությունը բոլոր անհրաժեշտ հրահանգները կներկայացնի օդանավերի հրամանատարներին: Օդանավերի հրամանատարները պարտավորված կլինեն պահպանել այդ հրահանգները` բացառությամբ նախորդ հոդվածում նշված կանոններում նախատեսված ֆորս-մաժորային հանգամանքների:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Օդանավագնացության կանոնակարգերի խախտումները, որոնք կատարվել են Գործակալությանը վերապահված օդային փոխադրումների ծառայությունների ապահովման օդային տարածքում, Գործակալության կողմից այդ նպատակի համար հատուկ լիազորված պաշտոնյաների կողմից կգրանցվեն զեկույցներում` առանց վնաս հասցնելու Պայմանավորվող կողմերի պաշտոնյաների ազգային օրենսդրությամբ սահմանված համանման բնույթի խախտումները զեկուցելու իրավունքին: Վերոհիշյալ զեկույցները ազգային դատարաններում կունենան այն նույն ազդեցությունը, ինչ համանման բնույթի խախտումները զեկուցելու համար պետական պաշտոնյաների կողմից կազմվածները:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Գործակալությունը, ի կիրառումն սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի դրույթներին համապատասխան ձևակերպված Հանձնաժողովի հրահանգների, կսահմանի այն գանձումների կիրառման սակագները և պայմանները, որոնք Կազմակերպությունը իրավասու է հավաքելու օգտվողներից: Գործակալությունը այդ սակագները և պայմանները կներկայացնի Հանձնաժողովի հավանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Կազմակերպությունը Պայմանավորվող կողմերի տարածքներում և այն պետությունում, որտեղ իր նստավայրն է գտնվում, կազատվի բոլոր տուրքերից, հարկերից և գանձումներից` կապված իր ստեղծման, կազմալուծման կամ վերացման հետ:

2. Կազմակերպությունը կազատվի ցանկացած տուրքից, հարկից և գանձումից` կապված իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերման հետ:

3. Կազմակերպությունը կազատվի իր սեփականության, ակտիվների և եկամտի նկատմամբ կիրառվող բոլոր ուղղակի հարկերից:

4. Կազմակերպությունը կազատվի բոլոր անուղղակի դրամական գանձումներից, որոնք փոխառությունների թողարկման և Կազմակերպությունում պատահարի հետևանք են:

5. Կազմակերպությունը կազատվի բացառիկ կամ խտրական բնույթի ցանկացած հարկումից:

6. Սույն հոդվածում նախատեսված բացառումները չեն կիրառվի հասարակությանը մատուցվող ծառայությունների համար հավաքված վճարումներից գանձվող հարկերի և գանձումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

1. Կազմակերպությունը կազատվի բոլոր մաքսային տուրքերից և հարկերից կամ հավասարազոր գանձումներից, բացառությամբ ցուցաբերված ծառայությունների հետ կապված գանձումների, և կազատվի Կազմակերպության պաշտոնական օգտագործման համար ներմուծված կամ արտահանված նյութերի, սարքավորումների, ռեսուրսների և այլ առարկաների նկատմամբ ցանկացած արգելանքից կամ սահմանափակումից, որոնք նախատեսված են Կազմակերպության շենքերի և շինությունների կամ նրա գործունեության համար:

2. Այդպես ներմուծված ապրանքները չեն կարող վաճառվել, փոխառության տրվել կամ փոխանցվել վճարումով կամ առանց դրա այն Կողմի տարածքում, որտեղ դրանք ներկայացվել են, բացառությամբ շահագրգիռ Պայմանավորվող կողմի Կառավարության կողմից ամրագրված պայմանների:

3. Ցանկացած հսկող միջոցառում նպատակահարմար կհամարվի ձեռնարկել` երաշխավորելու համար, որ 1-ին կետում նշված և Կազմակերպության համար ներմուծված նյութերը, սարքավորումները, ռեսուրսները և այլ առարկաները արդյունավետորեն առաքվեն Կազմակերպությանը և արդյունավետորեն օգտագործվեն նրա պաշտոնական շենքերի և շինությունների կամ գործունեության համար:

4. Բացի այդ` Կազմակերպությունը կազատվի բոլոր մաքսային տուրքերից և ներմուծման կամ արտահանման արգելանքից կամ սահմանափակումից` կապված կից Կանոնադրության 36-րդ հոդվածի շրջանակում հրատարակվող հրապարակումների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

1. Կազմակերպությունը կարող է ունենալ ցանկացած արժույթ և հաշիվներ պահել ցանկացած արժույթով` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր նպատակին ծառայող փոխանցումների կատարման համար:

2. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են Կազմակերպությանը տրամադրել անհրաժեշտ լիազորություններ միջոցների բոլոր փոխանցումների համար, ազգային կանոնակարգերում և միջազգային համաձայնագրերում նշված պայմաններին համապատասխան, որոնք առաջանում են Կազմակերպության հիմնադրման և գործունեության կողմից, ներառյալ փոխառությունների թողարկումը և սպասարկումը, երբ այդ փոխառությունների թողարկումը լիազորված է եղել շահագրգիռ Պայմանավորվող կողմի Կառավարության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

1. Գործակալությունը ծառայության կարող է կանչել Պայմանավորվող կողմերի` որակավորում ունեցող քաղաքացիներին:

2. Պայմանավորվող կողմերը նախորդ կետում նշված անձանց նկատմամբ կկիրառեն արտագաղթին առնչվող կանոնակարգեր կամ օտարերկրացիների գրանցման վերաբերյալ այլ ձևականություններ այնպիսի ձևով, որ նշված կանոնակարգերը կամ ձևականությունները խոչընդոտ չլինեն երկիր մուտք գործելու, Գործակալության գործառույթների իրագործման կամ հայրենադարձության համար:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների նկատմամբ ոչ մի բացառություն չի կիրառվի` բացառությամբ պետական քաղաքականության, հասարակական անվտանգության կամ հասարակության առողջության պատճառներով կիրառվողների:

4. Կազմակերպության կողմից ծառայության վերցված անձինք`

ա) կազատվեն մաքսատուրքերից և գանձումներից` բացառությամբ անձնական ունեցվածքը, շարժական գույքը և այլ տնային առարկաներ ներմուծելիս մատուցված ծառայությունների, որոնք նոր չեն, բերվել են արտասահմանից նստավայր պետություն առաջին անգամ ժամանելիս, և այդ ունեցվածքի և շարժական գույքի հետ հայրենադարձության դեպքում, երբ նրանք ազատվում են իրենց պարտականություններից,

բ) Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում իրենց պարտականությունները կատարելիս կարող են ժամանակավորապես ներմուծել իրենց անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի և հետագայում` իրենց ծառայության ժամկետի ավարտից ոչ ուշ, վերարտահանել այդ ավտոմեքենան առանց մաքսատուրքի, այս կամ այն կերպ, այնուամենայնիվ, շահագրգիռ Պայմանավորվող կողմի Կառավարության կողմից յուրաքանչյուր անհատական դեպքում անհրաժեշտ համարվող ցանկացած պայմանի հաշվառումով:

5. Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն լինի ապահովել իրենց քաղաքացիներին վերոհիշյալ արտոնություններով:

6. Շահագրգիռ կառավարությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները չհարկվող աշխատավարձերի` առանց խոչընդոտ փոխանցումներն ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

1. Կազմակերպության պայմանագրային պատասխանատվությունը ենթակա է համապատասխան պայմանագրի նկատմամբ կիրառելի օրենքին:

2. Կապված ոչ պայմանագրային պատասխանատվության հետ` Կազմակերպությունը կփոխհատուցի իր մարմինների կամ պաշտոնական պարտականությունների շրջանակում իր ծառայողների կողմից անփութության հետևանքով պատճառված վնասը այնքանով, որքանով վնասը վերագրվում է նրանց: Նախորդ դրույթը չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության շրջանակներում փոխհատուցման իրավունքին:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Կազմակերպության շինությունները և արխիվները անձեռնմխելի են: Կազմակերպության գույքը և ակտիվները վարչական միջոցների կիրառմամբ ենթակա չեն առգրավման, սեփականազրկման կամ բռնագանձման:

2. Կազմակերպության գույքը և ակտիվները չեն կարող բռնագանձվել կամ կալանվել` բացառությամբ, երբ դա արվում է դատարանի կայացրած վճռի հիման վրա: Կազմակերպության շինությունները, այնուամենայնիվ, չպետք է բռնագանձվեն կամ կալանվեն:

3. Սույն հոդվածի դրույթները չեն խոչընդոտի Կազմակերպության շինություններ և արխիվներ` Կազմակերպության նստավայր պետության և այլ պետությունների, որտեղ նման շինություններ և արխիվներ կան, համապատասխան իշխանությունների կողմից մուտք գործելուն` դատական պահանջները ի կատար ածելու և իրենց համապատասխան տարածքներում դատական վճիռները կատարելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

1. Կազմակերպությունը մշտապես կհամագործակցի Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների հետ` արդարադատության իրականացմանը նպաստելու, հասարակական կարգի պահպանումը երաշխավորելու և սույն Կոնվենցիայում նշված արտոնությունների, անձեռնմխելիության, բացառումների կամ պայմանների խախտումը կանխելու նպատակով:

2. Կազմակերպությունը հնարավորության սահմաններում կնպաստի Պայմանավորվող կողմերի տարածքներում իր օգտագործման համար տեղակայված ցանկացած անշարժ գույքում կամ մերձակայքում հասարակական աշխատանքների իրագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

1. Իր խնդիրների իրականացման համար Գործակալությունը լիազորված կլինի կառուցելու շենքեր և շինություններ, որոնք նրան անհրաժեշտ են իրեն վերապահված օդային փոխադրումների ծառայությունները ուղղակիորեն ղեկավարելու համար:

2. Ներդրումային և վարչական ծախսերը կրճատելու նպատակով Գործակալությունը կարող է դիմել ազգային տեխնիկական ծառայություններին և օգտագործել գոյություն ունեցող ազգային շինությունները, երբ դա հնարավոր կլինի` կրկնօրինակումից խուսափելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Պայմանավորվող կողմերի տարածքներով թռիչքների թույլտվությանն ու անվտանգությանը առնչվող միջազգային համաձայնագրերը և ազգային կանոնակարգերը պարտավորեցնող կլինեն Գործակալության համար, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները նշված համաձայնագրերի և կանոնակարգերի կիրառումն ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Որպեսզի Պայմանավորվող կողմերը կարողանան հսկել, որ այդ ազգային կանոնակարգերը և միջազգային համաձայնագրերը կիրառվեն, Գործակալությունը, իրականացնելով իր գործառույթները, պարտավորված կլինի նման խնդրանքով հանդես եկող այդ Պայմանավորվող կողմերին տրամադրել նրանց իրավազորության ներքո գտնվող օդանավի վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

Հանձնաժողովի կողմից տրված հրահանգների շրջանակում այդ հարաբերությունները, որոնք կարևոր են օդային փոխադրումների համակարգման և Գործակալության ծառայությունների գործունեության համար, կարող են սահմանվել Գործակալության կողմից Պայմանավորվող կողմերի, ոչ պայմանավորվող պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հասարակական կամ մասնավոր համապատասխան տեխնիկական ծառայությունների հետ միասին: Այդ նպատակով բացառապես վարչական, տեխնիկական կամ առևտրային բնույթի կոնտրակտները, այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են Գործակալության գործունեության համար, Կազմակերպության անունից կարող են կնքվել Գործակալության կողմից` պայմանով, որ Գործակալությունը դրա մասին տեղյակ պահի Հանձնաժողովին:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Պայմանավորվող կողմերը գիտակցում են, որ Գործակալության համար անհրաժեշտ է հասնել ֆինանսական հավասարակշռության, և պարտավորվում են այն մատչելի դարձնել` հաշվի առնելով սույն Համաձայնագրին կից Կանոնադրությունում սահմանված չափերի և պայմանների շրջանակներում իրենց եկամուտների հաշվարկը, համապատասխան ֆինանսական ռեսուրսները:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

1. Սույն Կոնվենցիայի կամ նրա Հավելվածների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որ կարող է ծագել ինչպես Պայմանավորվող կողմերի, այնպես էլ Պայմանավորվող կողմերի և Հանձնաժողովի կողմից ներկայացվող Կազմակերպության միջև, և որը հնարավոր չէ կարգավորել անմիջական բանակցությունների կամ մեկ այլ միջոցով, կողմերից որևէ մեկի խնդրանքով կփոխանցվի արբիտրաժային դատարանին:

2. Այդ նպատակով կողմերից յուրաքանչյուրը ցանկացած գործով նշանակում է մեկ իրավարարի, և իրավարարները նշանակում են երրորդ իրավարարին: Եթե կողմերից որևէ մեկը մյուս կողմից խնդրանքը ստանալուց երկու ամսվա ընթացքում չի նշանակում իր իրավարարին, կամ եթե նշանակված իրավարարները չեն կարողանում երկու ամսվա ընթացքում ընտրել երրորդ իրավարարին, ապա կողմերից որևէ մեկը կարող է խնդրել Միջազգային դատարանի նախագահին` նշանակումները կատարելու համար:

3. Արբիտրաժային դատարանը կսահմանի իր ընթացակարգերը:

4. Յուրաքանչյուր կողմ կհոգա իր իրավարարի և դատարանում իր վարույթը ներկայացնելու հետ կապված ծախսերը. երրորդ իրավարարի և այլ ծախսերը հավասարապես կբաշխվեն վեճին մասնակցող կողմերի միջև: Արբիտրաժային դատարանը, ինչևէ, կարող է սահմանել ծախսերի բաշխման այլ կարգ, եթե նպատակահարմար համարի:

5. Արբիտրաժային դատարանի որոշումները պարտադիր կլինեն վեճին մասնակցող կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

1. Գործակալության Կանոնադրությունը, սույն Կոնվենցիայում և դրան կից Կանոնադրությունում շարադրված պայմաններին համապատասխան կատարված փոփոխություններով հանդերձ, կգործի և ուժի մեջ կլինի Պայմանավորվող կողմերի տարածքներում:

2. Կանոնադրության դրույթների ցանկացած փոփոխություն պետք է ստանա Հանձնաժողովի անդամների միաձայն հավանությունը:

3. Կոնվենցիայի 1-ին, 22-րդ և 26-րդ և դրան կից Կանոնադրության 30-րդ հոդվածների դրույթները չպետք է փոփոխությունների ենթարկվեն:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

Շահագրգիռ Պայմանավորվող կողմերի կառավարությունները կխորհրդակցեն միմյանց հետ` պատերազմի դեպքում սույն Կոնվենցիայի ամբողջի կամ մի մասի դրույթների կիրառման դժվարությունների հետ կապված միջոցներ ձեռնարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երաշխավորել հասարակական ծառայությունների շարունակականությունը երաշխավորելու համար սահմանված` Գործակալության նկատմամբ շրջանառության մեջ գտնվող սահմանված դրույթների կիրառումը:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է.

ա) i) 2-րդ Հավելվածում նշված Պայմանավորվող կողմերի, այդ Հավելվածում նշված նրանց տարածքների նկատմամբ,

ii) այլ Պայմանավորվող կողմերի, նրանց կողմից սահմանված տարածքների նկատմամբ` Կոնվենցիային այդ Կողմերի միանալու պահին միաձայն քվեարկությամբ` Հանձնաժողովի հետ համաձայնությամբ,

բ) ցանկացած այլ տարածքի նկատմամբ, որի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Պայմանավորվող կողմը, և որի վրա Կոնվենցիան տարածվել է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

2. ա) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը սույն Կոնվենցիան ստորագրելու կամ վավերացնելու ժամանակ կամ հետագայում` ցանկացած ժամանակ, Բելգիայի Թագավորության Կառավարությանը հասցեագրված գրավոր ծանուցմամբ կարող է հայտարարել, որ Կոնվենցիան կտարածվի Նեղուցային և Մեն կղզու ամբողջ կամ մի մասի վրա. Կոնվենցիան կտարածվի ծանուցագրում նշված տարածքների վրա այդ ծանուցագիրը ստանալու պահից կամ հետագայում նշված այլ ժամկետից:

բ) Հանձնաժողովի միաձայն համաձայնությամբ և Կազմակերպության հետ նախնական ֆինանսական համաձայնագրի կնքմամբ ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` ցանկացած ժամանակ, ընդլայնել Կոնվենցիայի կիրառումը ցանկացած տարածքի նկատմամբ, որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նա պետք է ծանուցի Բելգիայի Թագավորության Կառավարությանը այդպիսի ընդլայնման մասին. Կոնվենցիան կտարածվի ծանուցագրում նշված տարածքների վրա այդ ծանուցագիրը ստանալու պահից կամ այլ ժամկետից, որը կարող է համաձայնեցվել Հանձնաժողովի հետ:

3. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կտեղեկացնի բոլոր Պայմանավորվող կողմերին սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան Կոնվենցիայի գործողության որևէ ընդլայնման մասին և յուրաքանչյուր դեպքում կնշի ժամկետը, երբ Կոնվենցիայի գործողությունը կընդլայնվի:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

Գործակալությունը կապահովի օդային փոխադրումների ծառայություններ`

ա) նախորդ հոդվածում նշված տարածքների վերին օդային տարածքում և նաև նշված օդային տարածքներին սահմանակից վերին օդային տարածքներում, որոնց հետ կապված` միջազգային համաձայնագրով Պայմանավորվող կողմերին վերապահվել են օդային փոխադրումների ծառայություններ մատուցելու իրավունք` սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո` Հանձնաժողովի իրավունքներին համապատասխան,

բ) ցածր օդային տարածքում, ինչպես սահմանված է սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում,

գ) երրորդ պետությունների հետ կնքվող համաձայնագրերի առարկա հանդիսացող օդային տարածքներում` ի կիրառումն սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից կգործի 20 տարի ժամկետով:

2. Այդ ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հնգամյա ժամկետներով` պայմանով, որ որևէ Պայմանավորվող կողմ Բելգիայի Թագավորության Կառավարությանը ուղղված գրավոր ծանուցագրով ընթացիկ ժամկետից առնվազն երկու տարի առաջ չի հայտնի Կոնվենցիան չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:

3. Եթե, ի կիրառումն վերոհիշյալի, Գործակալությունը դադարեցնում է իր գործունեությունը, դա բավարար է համարվում նրա գործունեության դադարեցման նպատակների համար:

 

ՀՈԴՎԱԾ 40

 

1. Սույն Կոնվենցիան կվավերացվի:

2. Վավերագրերը ի պահ կհանձնվեն Բելգիայի Թագավորության Կառավարությանը:

3. Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վերջին ստորագրող պետության կողմից ներպետական ընթացակարգերի ավարտումը ծանուցող վավերագրի ի պահ հանձնմանը հաջորդող ամսվա առաջին օրից:

4. Այնուամենայնիվ, հենց որ Կոնվենցիան վավերացվի 4 ստորագրող պետությունների կողմից, որոնց տարածքները օդային փոխադրումների ծառայություններ մատուցող կազմակերպության տեսանկյունից կազմում են ներդաշնակ ամբողջություն, և դրանցից մեկը այն պետությունը լինի, որտեղ Կազմակերպության նստավայրն է, Բելգիայի Թագավորության Կառավարությունը կապ կհաստատի շահագրգիռ կառավարությունների հետ, որոնց հետ համաձայնության դեպքում, նկատի ունենալով անվտանգության պահանջները, Կոնվենցիան իրենց միջև անմիջապես ուժի մեջ մտցնելու համար: Այն դեպքում, երբ որևէ ստորագրող Պետության վավերագիր ի պահ չի տրվել նախքան Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, այդ Պետության համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի նրա և Կազմակերպության միջև ֆինանսական համաձայնագրի ստորագրման օրը:

5. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի մյուս ստորագրող պետությունների կառավարություններին ցանկացած վավերագրի ի պահ հանձնման և ուժի մեջ մտնելու ժամկետների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 41

 

1. Սույն Կոնվենցիային միանալը չստորագրած պետության կողմից պահանջում է Հանձնաժողովի` միաձայնությամբ ընդունված համաձայնությունը: Նման միացումը կկազմի չստորագրող պետության և Կազմակերպության միջև նախնական ֆինանսական համաձայնագրի առարկան` համաձայն կից Կանոնադրության 24-րդ հոդվածի:

2. Հանձնաժողովի նախագահը կծանուցի չստորագրած պետությանը միացումը ընդունելու իր որոշման մասին:

3. Միանալու մասին փաստաթուղթը ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարությանը, որը դրա մասին կծանուցի մյուս ստորագրած և միացած պետությունների կառավարություններին:

4. Միացումը ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

Բելգիայի Թագավորության Կառավարությունը սույն Կոնվենցիան կգրանցի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:

 

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո, ստորագրեցին սույն Կոնվենցիան և կնքեցին այն:

 

Կատարված է Բրյուսել քաղաքում 1960 թվականի դեկտեմբերի 13-ին, մեկ օրինակով` գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և հոլանդերեն, որը ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որն էլ հաստատված պատճենները կփոխանցի բոլոր ստորագրած պետություններին: Տարակարծության դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից

Բելգիայի Թագավորության կողմից

Ֆրանսիայի Հանրապետության կողմից

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կողմից

Նիդերլանդների Թագավորության կողմից

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Գործակալության կանոնադրությունը

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1960 թ. դեկտեմբերի 13-ին «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին հոդվածով հիմնադրված «Օդային փոխադրումների ծառայությունների գործակալությունը» կղեկավարվի սույն Կանոնադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Գործակալության նպատակն է ապահովել, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետին և 38-րդ հոդվածին համապատասխան, ամբողջ օդային տարածության սահմաններում օդային փոխադրումների ծառայություններ, այսինքն`

ա) կանխել օդանավերի բախումները,

բ) երաշխավորել օդային փոխադրումների կանոնավոր և արագ աճը,

գ) թռիչքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար ապահովել խորհրդատվություն և օգտակար տեղեկատվություն,

դ) օդանավերին առնչվող համապատասխան կազմակերպություններին ծանուցել որոնման և փրկության համար օգնության անհրաժեշտության վերաբերյալ և նման կազմակերպություններին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել:

2. Գործակալությունը կստեղծի անհրաժեշտ պայմաններ վերոհիշյալ թվարկված խնդիրների իրականացման համար և կերաշխավորի դրանց բավարար կատարումը:

3. Այդ նպատակով Գործակալությունը սերտորեն կհամագործակցի ռազմական մարմինների հետ օդային փոխադրումների պահանջները ըստ հնարավորության արդյունավետ և գործնական կերպով և ռազմական ավիացիայի հատուկ պահանջները բավարարելու նպատակով:

4. Գործակալությունը կարող է, inter alia, հիմնադրել օդային փոխադրումների ուսումնասիրման և փորձարարական կենտրոններ և ուսումնական դպրոցներ օդանավագնացության ծառայություններ մատուցող անձնակազմի վերապատրաստման և մասնագիտական որակավորման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կոնվենցիայով հիմնադրված` Օդանավագնացության անվտանգության համար մշտական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) վերապահված լիազորություններին համապատասխան` Գործակալությունը կղեկավարվի Կառավարիչների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և Տնօրենի կողմից: Տնօրենի լիազորությունները սահմանված են ներքոնշյալ 13-րդ հոդվածում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կոմիտեն բաղկացած կլինի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներից. երկու ներկայացուցիչ յուրաքանչյուր Կողմի համար: Երկու ներկայացուցիչներից միայն մեկը կունենա ձայնի իրավունք, և այդ ներկայացուցիչը կլինի իր երկրում օդանավագնացության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա: Յուրաքանչյուր ներկայացուցիչ կունենա փոխարինող, որը նրա բացակայության ժամանակ օրինականորեն կներկայացնի նրան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կոմիտեն իր անդամներից կընտրի Նախագահ և Փոխնախագահ երկու տարի ժամկետով: Այս պաշտոնյաները կկարողանան վերընտրվել: Կոմիտեն կնշանակի Քարտուղարի, որը պարտադիր չէ, որ լինի իր անդամներից: Եթե Նախագահը ի վիճակի չլինի ներկա գտնվելու, ապա Կոմիտեի նիստը կղեկավարի Փոխնախագահը կամ, վերջինիս բացակայության դեպքում` տարիքով ամենաավագ ներկա անդամը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից նրանք, ովքեր կարող են քվեարկել Կոմիտեի նիստերում, կազմում են քվորում:

2. Եթե քվորում կազմելու համար չկան բավարար թվով ներկայացուցիչներ, ապա քննարկումները հետաձգվում են մինչև նիստը ավելի ուշ ժամկետում կայանա, սակայն ոչ ուշ, քան նախորդ նիստից 10 օր հետո. Կոմիտեն կհավաքվի երկրորդ նիստին, եթե քվեարկության իրավունք ունեցող ներկայացուցիչների առնվազն կեսը քվորում կազմեն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Կոմիտեի որոշումները կընդունվեն Պայմանավորվող կողմերին տրամադրված ձայների մեծամասնությամբ, ինչը հասկացվում է, որ այդ ձայները ունեն այն նույն կշիռը, ինչ Պայմանավորվող կողմերի կողմից Կոնվենցիայի 9-րդ հոդվածին համապատասխան` Հանձնաժողովին վերապահված ձայները:

2. Այնուամենայնիվ, առաջարկությունը չի ընդունվի, մինչև նախորդ կետում նշված մեծամասնությունը չներկայացնի Պայմանավորվող կողմերի առնվազն կեսին:

3. Եթե առաջարկի համար «կողմ» և «դեմ» քվեարկել են հավասար թվով ձայներ, ապա Նախագահը պետք է որոշի, կամ նույն հանդիպման ընթացքում` կարճ դադարից հետո, կամ առանց դրա, անցկացնել երկրորդ քվեարկություն կամ քննարկման համար առաջարկը ներառել նոր հանդիպման օրակարգում, որի համար պետք է ժամկետ նշանակի: Եթե նոր հանդիպման ժամանակ առաջարկի համար «կողմ» և «դեմ» քվեարկել են կրկին հավասար թվով ձայներ, ապա Նախագահը պետք է վճռորոշ ձայն ունենա:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կոմիտեն կսահմանի իր կանոնակարգերը:

2. Այդ կանոնակարգերը, inter alia, կներառեն անիրավունակության վերաբերյալ դրույթներ: Ավելին, դրանք կսահմանեն, որ նիստերին հրավիրմանը վերաբերող գրությունները պետք է ուղարկվեն նամակով կամ, հրատապության դեպքում, հեռագրով և ներառեն օրակարգը:

3. Կանոնները ենթակա են Հանձնաժողովի հավանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Կոմիտեն որոշումներ կկայացնի Գործակալության տեխնիկական կազմակերպման մասին, որի հետ կապված առաջարկները Հանձնաժողովին կփոխանցվեն Տնօրենի կողմից:

2. Այն, այնուամենայնիվ, կներկայացնի Հանձնաժողովի հաստատմանը, որի հավանության համար կպահանջվի Հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությունը.

ա) հսկողության կամ թռիչքների մասին տեղեկատվական կենտրոնների թվին և տեղակայմանն ու դրանց գործունեության ոլորտներին վերաբերող պլանները,

բ) ուսումնական և փորձարարական կենտրոններ և առաջադեմ ու մասնագիտական վերապատրաստման դպրոցներ կամ այլ հաստատություններ հիմնելու համար միջոցներ, որոնք հիմնադրվում են ի կիրառումն սույն Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Յուրաքանչյուր տարի Կոմիտեն Հանձնաժողովին կտրամադրի Կազմակերպության գործունեության և ֆինանսական դրության մասին հաշվետվություն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Հանձնաժողովի խնդրանքով` Կոմիտեն կպատրաստի մի քանի տարի ընդգրկող` ներդրումային և գործողությունների ծրագրեր: Ծրագրերը պետք է հաստատվեն Հանձնաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կոմիտեն կկազմի կոնտրակտներ կնքելուն վերաբերող կանոններ, ներառյալ մրցույթների հրավերների որոշման պայմանները, որի կանոնները պետք է հաստատվեն Հանձնաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Տնօրենը կնշանակվի Կոմիտեի կողմից` հինգ տարի ժամկետով, սույն Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմաններին համապատասխան տրված ձայներով` պայմանով, որ հաշվարկվող մեծամասնությունը, վերոհիշյալ հոդվածի 1-ին կետի համաձայն, պակաս չէ քվեարկած ձայների 70 տոկոսից: Նրա պաշտոնավարման ժամկետը կարող է վերանորոգվել նույն պայմաններով:

2. Տնօրենը պետք է Կազմակերպությանը ներկայացնի դատավարություններում և բոլոր քաղաքացիական հարաբերություններում:

3. Բացի այդ, Կազմակերպության անունից և Կոմիտեի հիմնական ուղղություններին համապատասխան, սակայն առանց Կոմիտեին անհատական դեպքերը փոխանցելու անհրաժեշտության`

ա) նա կարող է նշանակել այն պաշտոնյաներին, որոնց տարեկան աշխատավարձի ընդհանուր գումարը պակաս է Կոմիտեի կողմից սահմանված և Հանձնաժողովի կողմից հաստատված գումարից, և կարող է դադարեցնել նրանց ծառայությունը անձնակազմի կանոնակարգերում սահմանված պայմաններին համապատասխան,

բ) նա կարող է մեկ տարին չգերազանցող ժամկետով պարտք վերցնել` պայմանով, որ այդ պարտքի ընդհանուր գումարը, հաշվի առնելով արդեն գործող վճարումները, չպետք է գերազանցի 200.000 ֆրանսիական նոր ֆրանկը (1),

գ) նա կարող է 350.000 նոր ֆրանսիական ֆրանկը (1) չգերազանցող գումարի չափով կոնտրակտներ կնքել: Այնուամենայնիվ, Գործակալությանը պատկանող շարժական գույքի արժեքավոր փոխհատուցման համար փոխանցումների դեպքում գումարը պետք է սահմանափակվի 50.000 ֆրանսիական նոր ֆրանկով (1),

դ) նա կարող է գնել կամ փոխանցել անշարժ գույք, երբ դրա արժեքը չի գերազանցում 200.000 ֆրանսիական նոր ֆրանկը (1):

Նա Կոմիտեին տեղյակ կպահի վերոհիշյալ լիազորությունների իրագործման համար ձեռնարկվող բոլոր միջոցների մասին:

Կոմիտեն կսահմանի այն պայմանները, որոնց համաձայն Տնօրենին փոխարինող կարող է նշանակվել, եթե Տնօրենը ի վիճակի չէ կատարելու իր պարտականությունները:

------------------------------

(1) Նշված գումարները կիրառվում են նոր ֆրանսիական ֆրանկի նկատմամբ, որը

պարունակում է 900 հարգի 200 միլիգրամ ոսկի: Դրանք կփոխարկվեն

յուրաքանչյուր ազգային արժույթի կլոր թվերով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Կոմիտեն կկազմի Գործակալության անձնակազմի կանոնակարգերը. դրանք, inter alia, կներառեն անձնակազմի քաղաքացիության, աշխատավարձի սանդղակի, պաշտոնից ազատման, մասնագիտական գաղտնիքի, ծառայության շարունակականության և խախտումների մասին զեկուցելու լիազորություններին վերաբերող դրույթներ, և դրանք կսահմանեն այն պաշտոնները, որոնք համատեղության կարգով այլ պաշտոնների հետ չեն կարող զբաղեցվել առանց Տնօրենի հատուկ թույլտվության:

2. Վերոնշյալ կանոնները Հանձնաժողովը կհաստատի միաձայն քվեարկությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Գործակալությունը կլիազորվի անձնակազմ հավաքագրել անմիջապես միայն այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերը ի վիճակի չեն լինի տրամադրելու որակյալ անձնակազմ:

2. Անձնակազմի անդամը, որին ներկայացրել է ազգային վարչակարգը, Գործակալությունում իր աշխատանքի ընթացքում ենթարկվում է Գործակալության անձնակազմի համար սահմանված կանոններին` առանց վնաս հասցնելու այն մասնագիտական օգուտների պահպանմանը, որոնք ազգային կանոնակարգերը երաշխավորում են այն վարչական ապարատի անդամներին, որին նա պատկանում է, եթե նրանց համար ազգային հասարակական մարմիններում աշխատանքը մատչելի է:

3. Ազգային վարչակարգի կողմից հատկացված անձնակազմը կարող է ցանկացած պահի հետ վերադարձվել այդ վարչակարգ, այդ հետ վերադարձը չկապելով կարգապահական միջոցների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Գործակալության բոլոր եկամուտների և ծախսերի հաշվարկները կպատրաստվեն յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար և կբաշխվեն կամ աշխատանքային բյուջեում, կամ ներդրումային բյուջեում:

2. Յուրաքանչյուր բյուջե հաշվեկշռված կլինի եկամուտների և ծախսերի միջև: Գործակալության եկամուտները և ծախսերը, որոնք առնչվում են սույն Կանոնադրության 2-րդ հոդվածին համապատասխան ստեղծվող հետազոտական և փորձարարական կենտրոններին, ուսումնական դպրոցներին և առավել ընդհանուր այլ հաստատություններին, մանրամասն կգրանցվեն հատուկ տեղեկագրում:

3. Պայմանները, ի տարբերություն ներքևում նշվածների, որոնց համաձայն եկամուտները և ծախսերը կհաշվարկվեն, ուժի մեջ կմտնեն և կվերահսկվեն ըստ սույն Կանոնադրության 30-րդ հոդվածի համաձայն ընդունված ֆինանսական կանոնակարգերի:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Բյուջետային ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում դեկտեմբերի 31-ին:

2. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հաշվարկները Կոմիտեն կներկայացնի Հանձնաժողովի հաստատմանը ամենաուշը մինչև ամեն տարվա հոկտեմբերի 31-ը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Գործող բյուջեում ներկայացված ծախսերը, inter alia, ներառում են.

ա) Կազմակերպության անձնակազմի, շինությունների պահպանման և գործունեության հետ կապված ծախսերը,

բ) Կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների համար վարձատրումները, ներառյալ գործունեության համար սարքավորումների կամ շինությունների օգտագործման հետ կապված ծախսերը, որոշ դեպքերում` տեղակայման վարձավճարները կամ գնման համար վճարները,

գ) փոխառությունների ապահովման հետ կապված ծախսերը, որոնք Կազմակերպությունը լիազորված է կնքելու,

դ) Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը:

2. Արդյունաբերական ամորտիզացիան կառավարող պայմանները, հաշվի առնելով ֆինանսական ամորտիզացիան, կսահմանվեն, եթե անհրաժեշտ է, բյուջետային ծախսերի և սույն Կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով մատուցված ծառայությունների արժեքները սահմանելու նպատակով, նշված հոդվածում հիշատակված ֆինանսական կանոնակարգերի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Ներդրումային բյուջեում տեղաբաշխված ծախսերը կներառեն սարքավորումների ծրագրի իրագործման հետ կապված ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Աշխատանքային բյուջեում տեղաբաշխված ծախսերը սահմանված կլինեն մեկ տարի ժամկետով: Համապատասխան վարկերը կդասակարգվեն ծախսերի բնույթին կամ նպատակին համապատասխան գլուխներով և կստորաբաժանվեն այնքանով, որքանով անհրաժեշտ է` համաձայն ֆինանսական կանոնակարգերի:

2. Սույն բյուջեի ներքո ցանկացած վարկ, ի տարբերություն անձնակազմի հետ կապված ծախսերը հոգալու համար տրամադրվող վարկերի, որը չի օգտագործվել ֆինանսական տարվա վերջում, կարող է փոխանցվել հաջորդ ֆինանսական տարի, բայց ոչ երկար ժամկետով` ֆինանսական կանոնակարգերի կողմից սահմանված պայմաններին և այդ կանոնակարգերի կողմից ամրագրված սահմանների համաձայն: Այդ կանոնակարգերը, մասնավորապես, կսահմանեն ծախսերի տոկոսային հարաբերակցությունը և բնույթը, որոնք կարող են առաջադրվել:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Ներդրումային ծախսերի համար դրույթը կներառի.

ա) ծախսերի նկատմամբ պարտավորությունների համար վարկերը, որոնք պետք է լրացնեն ավանդը, որը կազմում է յուրահատուկ միավոր և ձևավորում հաջորդական ամբողջություն,

բ) վճարումների համար վարկերը, որոնք կկազմեն ծախսերի վերին սահմանը, որի հետ կապված վճարները կարող են կատարվել ամեն տարի` վերոհիշյալ «ա» կետի համաձայն գործող պարտավորությունները ծածկելու համար:

2. Պարտավորությունների և վճարումների հաշվապահական գիրքը կկցվի Կոմիտեի կողմից առաջարկված համապատասխան բյուջեի նախագծին:

3. Ներդրումների ծախսերի համաձայն հատկացված վարկերը կդասակարգվեն ծախսերի բնույթին կամ նպատակին համապատասխան գլուխներով և կստորաբաժանվեն այնքանով, որքանով անհրաժեշտ է` համաձայն ֆինանսական կանոնակարգերի:

4. Վճարումների համար ցանկացած վարկ, որը մատչելի է ֆինանսական տարվա վերջին, կարող է փոխանցվել մյուս ֆինանսական տարի` Ֆինանսական կանոնակարգերով սահմանված պայմաններին համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Աշխատանքային բյուջեի եկամուտները բաղկացած կլինեն.

ա) սույն Կանոնադրության 23-րդ հոդվածին համապատասխան սահմանված` Պայմանավորվող կողմերի ավանդներից,

բ) Պայմանավորվող կողմերից գանձվող վճարներից, որոնք, սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, իրենց ստորին օդային տարածքի ամբողջի կամ մի մասով օդային փոխադրումների ծառայություններ մատուցելու համար վերապահվել են Կազմակերպությանը,

գ) Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող և Կոնվենցիայի 13-րդ հոդվածին համապատասխան` Կազմակերպության ծառայություններից օգտվող պետություններից գանձվող վճարներից,

դ) Կազմակերպության կողմից պետություններին ի շահ նրանց ստորին օդային տարածքում օդային փոխադրումների մատուցված ծառայությունների համար վարձատրումներից,

ե) սույն Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն հիմնված հետազոտական և փորձարարական կենտրոնների, ուսումնական դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վարձատրումների վճարներից,

զ) տարբեր վճարներից,

է) Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն սահմանված` օգտվողների կողմից վճարվող ցանկացած վճարից:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

1. Աշխատանքային բյուջեում Պայմանավորվող կողմերի տարեկան ավանդների հաշվարկման նպատակների համար վերին օդային տարածքի հսկողության հետ կապված` Կազմակերպության ծառայությունների ընդհանուր արժեքը պետք է հավասար դիտվի մեկ ֆինանսական տարվա բյուջետային ծախսերի և եկամուտների միջև տարբերությանը` սույն Կանոնադրության 22-րդ հոդվածի «բ»-»զ» կետերում հիշատակված նույն ֆինանսական տարվա առնչությամբ:

Ընդհանուր գումարը կսահմանվի համամասնորեն օգտվողների հետևյալ կատեգորիաներին մատուցվող ծառայությունների երկու բաժնի.

ա) ոչ մասնակից պետությունների քաղաքացիական օդանավեր և ռազմական, մաքսային և ոստիկանական օդանավեր,

բ) Պայմանավորվող կողմերի քաղաքացիական օդանավեր:

2. Հանձնաժողովը կսահմանի վերոհիշյալ բաժանումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար` վերին օդային տարածքում վերոհիշյալ օգտվողների կատեգորիաներին մատուցվող ծառայությունների չափի հիման վրա (վկայակոչելով նախավերջին և նախավերջին տարվան նախորդող տարիները):

Բոլոր Պայմանավորվող կողմերի տարեկան ավանդները առաջին բաժնի առնչությամբ կսահմանվեն այդ բաժնից պահումներ կատարելով օգտվողների համապատասխան կատեգորիայի կողմից Կազմակերպությանը վճարվող ցանկացած վճարման ընդհանուր գումարը:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի բաժնեմասը կհաշվարկվի համամասնորեն` Պայմանավորվող կողմերի համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) արժեքին, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 9-րդ հոդվածում:

4. Պայմանավորվող կողմերի միջև երկրորդ բաժինը կիսելու ձևաչափը հիմնված կլինի Կազմակերպության կողմից Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում գրանցված քաղաքացիական օդանավին մատուցվող ծառայությունների արժեքի վրա: Վերոնշյալ ձևաչափը կամրագրվի Հանձնաժողովի կողմից և կվերանայվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

5. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարեկան ավանդները կսահմանվեն, նրա բաժնեմասից պահումներով, հաշվարկվելով վերոհիշյալ ձևաչափի միջոցով` նրա տարածքում գրանցված քաղաքացիական օդանավի առնչությամբ շահագործողների կողմից վճարվող մուծումների գումարը:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Ներդրումային բյուջեի եկամուտները բաղկացած կլինեն.

ա) Կազմակերպության վերցրած փոխառություններից,

բ) այլ ռեսուրսներից. մասնավորապես նրանցից, որոնք Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո նոր պետության միանալու կամ ստորագրող պետության կողմից վավերացվելու դեպքում ծագում են Կոնվենցիայի 40-րդ և 41-րդ հոդվածների կիրառումից,

գ) վերոնշյալ բյուջեում բաշխված` Պայմանավորվող կողմերի ֆինանսական ավանդներից:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

1. Ֆինանսական կանոնակարգերը կսահմանեն ընթացակարգերը, որոնց համաձայն Կազմակերպությունը կարող է պարտք վերցնել և վճարել փոխառությունները:

2. Յուրաքանչյուր տարեկան բյուջե կսահմանի այն առավելագույն գումարը, որը Կազմակերպությունը այդ բյուջեով ծածկվող տարում կարող է պարտք վերցնել:

3. Կազմակերպությունը կարող է պարտք վերցնել միջազգային ֆինանսական շուկաներում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով:

4. Կազմակերպությունը կարող է պարտք վերցնել Պայմանավորվող կողմի ֆինանսական շուկաներում ներքին փոխառությունների վերաբերյալ սահմանված դրույթներին համապատասխան կամ, նման դրույթների բացակայության դեպքում, երբ Պայմանավորվող կողմը և Կազմակերպությունը, խորհրդակցելով միմյանց հետ, համաձայնում են Կազմակերպության կողմից քննարկվող փոխառության վերաբերյալ:

5. Սույն հոդվածի շրջանակներում ընդգրկվող դեպքերում Կազմակերպությունը կգործի Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների կամ հարցին առնչվող նրանց բանկերի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Ներդրումային բյուջեում Պայմանավորվող կողմերի ավանդները կսահմանվեն Կոնվենցիայի 32-րդ հոդվածին համապատասխան. այնպես, որ ծածկեն սույն Կանոնադրության 24-րդ հոդվածի «ա» և «բ» կետերում նշված բյուջետային ծախսերի և եկամուտների միջև տարբերությունը:

2. Պայմանավորվող կողմերի միջև այդ ավանդների բաշխումը համամասնորեն կլինի նրանց համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) արժեքին, որը հաշվարկվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Աշխատանքային և ներդրումային բյուջեները կարող են վերանայվել ֆինանսական տարվա ընթացքում, եթե հանգամանքները դա պահանջում են, դրանց պատրաստման և հաստատման համար սահմանված պայմաններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

1. Աշխատանքային և ներդրումային բյուջեներով կատարվող ծախսերը հաշվի կառնվեն տարվա բյուջեում, որի ընթացքում վճարումը ապացուցող փաստաթղթերը կփոխանցվեն Գործակալության հաշվապահի կողմից:

2. Եկամուտները հաշվի կառնվեն այն տարվա բյուջեում, որի ընթացքում դրանք ստացվել են Գործակալության կողմից:

3. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հաշվարկները կպատրաստի Հանձնաժողովը` ոչ ուշ, քան ֆինանսական տարվա ավարտից վեց ամիս հետո, և կփոխանցվեն Հանձնաժողովի հավանությանը, որը դրանց վերաբերյալ վերջնական որոշում կընդունի:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Բյուջետային բոլոր եկամուտների և ծախսերի հաշվարկները կստուգվեն ամեն տարի` վերահսկող մարմնի կողմից, որը բաղկացած կլինի Պայմանավորվող կողմերի` պետական ծառայության մեջ գտնվող երկու փորձագետ-պաշտոնյայից: Այդ պաշտոնյաները, ովքեր կունենան տարբեր քաղաքացիություններ, Հանձնաժողովի կողմից սույն Կանոնադրության 13-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված պայմաններին համապատասխան կատարված քվեարկությամբ, կնշանակվեն հինգ տարի ժամկետով: Վերահսկող մարմնի գործունեության հետ կապված ծախսերը կհոգա Կազմակերպությունը:

2. Աուդիտը, որը կկատարեն երաշխավորող անձինք, և, եթե անհրաժեշտ է, այն վայրում, որտեղ գտնվում են փաստաթղթերը, նպատակաուղղված կլինի սահմանելու եկամուտների և ծախսերի վավերականությունը և կանոնավորությունը և ստուգելու` բավարարու՞մ է արդյոք ֆինանսական կառավարումը: Վերոհիշյալ մարմինը յուրաքանչյուր ֆինանսական տարուց հետո կկազմի հաշվետվություն:

3. Հանձնաժողովը յուրաքանչյուր բյուջեի առնչությամբ Տնօրենին և Կոմիտեին կազատի իրենց պարտավորություններից:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

1. Գործակալության ֆինանսական կանոնակարգերը կամրագրվեն Հանձնաժողովի կողմից, որի նպատակով Գործակալության կողմից ներկայացված առաջարկները կընդունվեն Հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ:

2. Ի լրումն սույն Կանոնադրության 16-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 25-րդ և 31-րդ հոդվածներում նշված հարցերի` ֆինանսական կանոնակարգերը, inter alia, կսահմանեն.

ա) բյուջեների սահմանման ու գործարկման և հաշիվների փոխանցման ու վերստուգման պայմանները,

բ) այն ընթացակարգերը, որոնց համաձայն հիմնադրամների և ավանդների միջոցները մատչելի կդառնան Կազմակերպությանը,

գ) այն պայմանները, որոնց համաձայն վարկերը կարող են փոխանցվել բաժնից բաժին կամ ենթաբաժնից ենթաբաժին: Անձնակազմի հետ կապված որևէ ծախս, այնուամենայնիվ, կարող է ծածկվել այլ ծախսերը հոգալու համար նշանակված վարկերի փոխանցմամբ,

դ) այն պայմանները, որոնց համաձայն վարկեր կարող են բացվել Կազմակերպության համար, եթե աշխատանքային և ներդրումային բյուջեները չեն հաստատվել ֆինանսական տարվա սկզբում, և նաև ֆինանսական միջոցներ Կազմակերպությանը կարող են հատկացնել Պայմանավորվող կողմերը` ի հաշիվ ավանդների:

3. Ֆինանսական կանոնակարգերը կսահմանեն կանոններ, որոնց պետք է ենթարկվեն վճարումներ կատարելու համար լիազորված պաշտոնյաները և հաշվապահները, նման պաշտոնյաների պատասխանատվության մակարդակը և նրանց նկատմամբ հսկողությունը:

4. Ֆինանսական կանոնակարգերը կսահմանեն այն պայմանները, որոնց համաձայն Գործակալությունը մատուցվող ծառայությունների արժեքը ցուցադրող վերլուծական հաշվարկներ կկատարի և բյուջետային հսկողություն կսահմանի, որի միջոցով ֆինանսական տարվա ընթացքում վարկերի օգտագործումը կարող է կանոնավոր ստուգվել:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

1. Աշխատանքային և ներդրումային բյուջեները կկազմվեն այն երկրի արժույթով, որտեղ Կազմակերպության նստավայրն է:

2. Սույն Կանոնադրության 22-րդ հոդվածի «ա» կետում և 24-րդ հոդվածի «գ» կետում նախատեսված ֆինանսական ավանդները կվճարվեն այդ արժույթով: Ֆինանսական կանոնակարգերը, այնուամենայնիվ, կսահմանեն այն պայմանները, որոնց համաձայն Պայմանավորվող կողմերը կարող են վճարել իրենց ավանդների մի մասը ցանկացած արժույթով, որն անհրաժեշտ կլինի Կազմակերպությանը իր խնդիրների իրականացման համար:

3. Ֆինանսական կանոնակարգերը կսահմանեն այն հիմքերը, որոնք պետք է օգտագործվեն որոշելու համար վերահաշվարկի դրույքները և կանոնավորման ցանկացած միջոց, որոնք անհրաժեշտ կհամարվեն որպես արժույթի տատանումների արդյունք:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Որպես անցումային միջոց և բացառություն սույն Կանոնադրության 23-րդ հոդվածի` Պայմանավորվող կողմերի ավանդները աշխատանքային բյուջեում առաջին երեք ֆինանսական տարվա համար կբաշխվեն համախառն ներքին արտադրանքի չափանիշները կիրառելով, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 9-րդ հոդվածում, վերոհիշյալ Կանոնադրության 23-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ամբողջ տարբերության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

Որպես բացառություն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մինչև օրացուցային տարվա վերջը ծածկող նախնական բյուջեն կհաստատվի առաջին ֆինանսական տարվա համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երկու ամիս հետո: Պայմանավորվող կողմերը կհրավիրվեն` աշխատանքային հիմնադրամների համար կատարելու համապատասխան ավանդներ:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

1. Գործակալության վարչական կամ տեխնիկական ստուգումները կարող են իրականացվել, եթե դա պահանջվի, Հանձնաժողովի կողմից, որն այդ ստուգումները կարող է կատարել կամ իր նախաձեռնությամբ, կամ Կոմիտեի, կամ Տնօրենի խնդրանքով:

2. Նման ստուգումները կկատարվեն Պայմանավորվող կողմերի վարչակարգերի պաշտոնյաների կողմից: Յուրաքանչյուր ստուգող կոմիտե բաղկացած կլինի տարբեր ազգությունների պատկանող առնվազն երկու ներկայացուցիչներից և հնարավորության դեպքում կներառի ներկայացուցչի, որը մասնակցել է նախորդ ստուգմանը:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

1. Գործակալության կողմից օդային փոխադրումները վերահսկող գործողությունների համար կիրառվող լեզուն անգլերենն է` պայմանով, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից այն հետագայում ընդունվի որպես միջազգային օդանավագնացային լեզու: Այնուամենայնիվ, դրույթներ կնախատեսվեն օդաչուների համար իրենց ազգային տարածքով թռիչքի ընթացքում մայրենի լեզուն օգտագործելու համար: Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Գործակալության կողմից` շահագրգիռ Պայմանավորվող կողմերի խնդրանքով:

2. Կոմիտեն կսահմանի Գործակալության վարչական լեզուները:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

Գործակալությունը կհրապարակի նման նյութ, եթե այն անհրաժեշտ լինի իր գործունեության համար:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

Կոմիտեն Հանձնաժողովի հավանությանը կներկայացնի Կանոնադրության ցանկացած փոփոխություն, որն անհրաժեշտ կհամարվի Կոմիտեի կողմից` Կոնվենցիայի 34-րդ հոդվածում նշված պայմաններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

Սույն Կանոնադրությունը ուժի մեջ կմտնի այն նույն ժամանակ և նույն պայմաններով, ինչ Կոնվենցիան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

(Կոնվենցիայի 37-րդ հոդված)

 

      Պայմանավորվող կողմեր                  Տարածքներ

 

    Գերմանիայի Դաշնային                Գերմանիայի Դաշնային

    Հանրապետություն                    Հանրապետության տարածք

 

    Բելգիայի Թագավորություն            Բելգիայի Թագավորության տարածք

 

    Ֆրանսիայի Հանրապետություն          Ֆրանսիայի Հանրապետության`

                                       Եվրոպայում գտնվող դեպարտամենտներ

 

    Մեծ Բրիտանիայի և                   Մեծ Բրիտանիայի և  

    Հյուսիսային Իռլանդիայի             Հյուսիսային Իռլանդիայի տարածք

Միացյալ Թագավորություն

 

    Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն      Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության տարածք

 

    Նիդերլանդների Թագավորություն       Նիդերլանդների Թագավորության

                                       եվրոպական տարածք

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. մարտի 1-ին

 

 

pin
ԵՎրոպայի երկրներ
06.07.1970
Միջազգային պայմանագիր