Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0715.280907

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 սեպտեմբերի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Հ. Հարությունյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում` ելնելով մասնակից պետությունների կողմից ահաբեկչության կանխարգելմանն ուղղված ջանքերի համախմբման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2005թ. նոյեմբերի 17-ին:

Կոնվենցիայի նպատակն է նպաստել ահաբեկչության կանխարգելմանն ուղղված Կողմերի ջանքերին` ահաբեկչության և մարդու իրավունքների, մասնավորապես կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետևանքները կանխելու նպատակով, թե' ազգային, թե' միջազգային համագործակցության մակարդակում ձեռնարկվող քայլերի միջոցով` հաշվի առնելով Կողմերի միջև առկա բազմակողմ կամ երկկողմ պայմանագրերը և համաձայնագրերը:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ահաբեկչության հանցագործությունները և դրանց բացասական հետևանքները կանխելու նպատակով ազգային մարմինների միջև համագործակցությունը զարգացնելու համար տեղեկատվության փոխանակման, անձանց և շինությունների ֆիզիկական պաշտպանության կատարելագործման, քաղաքացիական արտակարգ իրավիճակների համար վերապատրաստման և համակարգման ծրագրերի կատարելագործման ոլորտներում,

- նպաստել հանդուրժողականությանը` խրախուսելով միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը, ներգրավելով, համապատասխան դեպքերում, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության այլ տարրերը` նպատակ ունենալով կանխել լարվածությունը, որը կարող է նպաստել ահաբեկչական հանցագործությունների իրականացմանը,

- ընդունել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել կոնվենցիայում նշված ապօրինի և միտումնավոր ահաբեկչական հանցագործություն կատարելուն ուղղված հրապարակային սադրանքը, ահաբեկչական նպատակներով ապօրինի և միտումնավոր հավաքագրումը, ուսուցանումը ՀՀ օրենսդրությամբ քրեական հանցագործություն ճանաչելու համար,

- ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, ՀՀ իրավական սկզբունքներին համապատասխան, կոնվենցիայում հիշատակված հանցագործություններին մասնակցելու համար իրավաբանական անձանց քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվություն սահմանելու համար, ինչպես նաև երաշխավորել, որ նման պատասխանատվությունը չի ազդի հանցագործություններ կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության վրա,

- երաշխավորել, որ կոնվենցիայի համաձայն քրեական պատասխանատվության սահմանումը, իրականացումը և կիրառումն իրականացվեն` հարգելով մարդու իրավունքներին առնչվող պարտավորությունները, մասնավորապես` խոսքի ազատության, միավորումներ կազմելու ազատության և դավանանքի ազատության իրավունքը` սահմանված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան ՀՀ ստանձնած այլ պարտավորություններում,

- ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել կոնվենցիայում հիշատակված հանցագործությունների նկատմամբ ՀՀ իրավազորությունը հաստատելու համար` այն դեպքերում, երբ հավանական հանցագործը գտնվում է ՀՀ տարածքում, և ՀՀ-ն չի հանձնում նրան այն մասնակից պետությանը, որի իրավազորությունը հիմնված է ՀՀ օրենքում հավասարապես առկա իրավազորության կանոնի վրա,

- ստանալով տեղեկատվություն այն մասին, որ անձը, որը կատարել է կոնվենցիայում հիշատակված հանցագործություն կամ կասկածվում է այն կատարելու մեջ, կարող է գտնվել ՀՀ տարածքում` ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ՀՀ օրենսդրությանը համապատասխան այդ տեղեկատվության մեջ պարունակվող փաստերը հետաքննելու համար,

- մասնակից մյուս պետություններին ցուցաբերել փոխադարձ առավելագույն աջակցություն կոնվենցիայում նշված հանցագործությունների քրեական հետաքննությունների կամ քրեական կամ հանձնման ընթացակարգերի առումով և այլն:

3. Կոնվենցիայով ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 3 և 9 հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 սեպտեմբերի 2007 թվականի

ՍԴՈ-715

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.09.2007
N ՍԴՈ-715
Որոշում