Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 227-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Արագածոտնի մարզի                    Քաղաքացիական գործ թիվ 3-1106(Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                   2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-482/2006 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի        

                                              

2007 թվականի օգոստոսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարանցով Ավագյանի և Սամվել Հեբոյանի վճռաբեկ բողոքն ըստ Սարգիս Մկրտչյանի դիմումի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին թիվ 2-482 քաղաքացիական գործով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ս. Մկրտչյանը պահանջել է հաստատել 15.01.1991 թվականին կնքված պայմանագրով «Եռյակ» անասնապահական մթերքների արտադրության կոոպերատիվին վաճառված` Վերին Սասնաշեն համայնքում գտնվող անասնագոմն իր կողմից սեփականության իրավունքով տիրապետման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել են Վ. Ավագյանը և Ս. Հեբոյանը

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Վերին Սասնաշեն համայնքում սեփականաշնորհում չի կատարվել և տնտեսության ամբողջ գույքը` որպես համայնքային սեփականություն, անցել է համայնքին: Համայնքի ավագանու 02.10.1997 թվականի որոշմամբ վիճելի անասնագոմը վարձակալությամբ տրվել է Վ. Ավագյանին և Ս. Հեբոյանին:

Դատարանը գործի քննությանը չի ներգրավել Վերին Սասնաշեն համայնքի ղեկավարին և վիճելի անասնագոմը շուրջ 11 տարի փաստացի տիրապետողներ` Վարանցով Ավագյանին և Սամվել Հեբոյանին, որոնց իրավունքների վերաբերյալ վճիռ է կայացվել:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ Գերագույն խորհրդի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին» 1991 թվականի փետրվարի 4-ին ընդունված թիվ 0251-1 որոշումը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Համայնքի գույքը սեփականաշնորհվում է սեփականաշնորհման հանձնաժողովի միջոցով: Սեփականաշնորհման գործընթացը ավարտվել է 1995 թվականին: Համայնքում սեփականաշնորհում չի կատարվել, հետևաբար, վիճելի գույքը համարվում է համայնքային սեփականություն, իսկ համայնքի սեփականությունը կարող է օտարվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի թիվ 2-482 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ բողոքի հիմքն անհիմն է, քանի որ «Եռյակ» կոոպերատիվն անասնագոմը գնել է Վերին Սասնաշեն համայնքի անասնապահական խորհտնտեսությունից: Այդպիսի պայմաններում, եթե անասնագոմերը համայնքի սեփականություն չեն հանդիսանում, և չկա համայնքի հաշվեկշռում դրանց գտնվելու վերաբերյալ որևէ ապացույց, ապա տվյալ դեպքում գյուղապետարանին դատավարությանը մասնակից չդարձնելը դատավարական կարգի խախտում չէ: Հետևաբար, չեն խախտվել նաև «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին 1991 թվականի փետրվարի 4-ին ընդունված թիվ 0251-1 որոշումը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջները, քանի որ անասնագոմը համայնքի սեփականությունը չի հանդիսացել:

Սկսած 1994 թվականից Սարգիս Մկրտչյանը բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետում և օգտագործում է Վերին Սասնաշեն համայնքում գտնվող անասնագոմը: Բացի այդ, Վարանցով Ավագյանն ապօրինի է օգտագործել վիճելի անասնագոմի հյուսիսային մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 08.10.1990 թվականին «Եռյակ» կոոպերատիվի կողմից 50.000 խորհրդային ռուբլի է փոխանցվել խորհրդային տնտեսության հաշվին` խոշոր եղջերավոր անասուններ գնելու նպատակով:

2) 15.01.1991 թվականին անասնապահական մթերքների արտադրության «Եռյակ» կոոպերատիվի և Թալինի շրջանի Վերին Սասնաշեն անասնապահական խորհտնտեսության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պայմանավորվել են, խորհտնտեսության հաշվին փոխանցված գումարը չվերադարձնել, և այն ձևակերպել որպես վաճառվող անասնագոմերի արժեք:

3) Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետարանի 20.03.2007 թվականի թիվ 437 գրության` համայնքի գույքը, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին 1991 թվականի փետրվարի 4-ին ընդունված թիվ 0251-1 որոշման, սեփականաշնորհվում է սեփականաշնորհման հանձնաժողովի միջոցով, որի գործընթացը ավարտվել է 1995 թվականին: Վերին Սասնաշեն համայնքում սեփականաշնորհում չի կատարվել, և գույքը տեխնիկայի հետ միասին անցել է համայնքին որպես սեփականություն:

4) 02.17.1997 թվականի քաղվածքի թիվ 4 արձանագրությամբ որոշվել է հյուսիսային կողմի անասնագոմը մինչև դրա սեփականաշնորհումը վարձակալությամբ տրամադրել Ս. Հեբոյանին և Վ. Ավագյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը անասնագոմի նկատմամբ ճանաչել է բարեխիղճ տիրապետողներից մեկի սեփականության իրավունքը, սակայն բողոք բերած անձինք Վճռաբեկ դատարանին ներկայացրել են ապացույցներ այն մասին, որ 1996 թվականին Հ. Հակոբյանը և Վ. Ավագյանը վերանորոգել են հյուսիսային կողմի անասնագոմը, և 02.17.1997 թվականի քաղվածքի թիվ 4 արձանագրությամբ որոշվել է հյուսիսային կողմի անասնագոմը սահմանված վարձավճարով մինչև սեփականաշնորհումը տրամադրել Հ. Հակոբյանին և Վ. Ավագյանին, և տվյալ դեպքում Դատարանի կողմից անասնագոմի նկատմամբ Սարգիս Մկրտչյանի սեփականության իրավունքը ճանաչելն ուղղակիորեն առնչվում է իրենց իրավունքներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված խախտումը հանգեցրել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման (իրավական հիմնավորումները տե՛ս` 26.01.2007 թվականի թիվ 3-11(Ա) քաղաքացիական գործն ըստ «Կրեդիտ-Երևան» բանկի «Նորք» մասնաճյուղի հայցի ընդդեմ Գուրգեն Վարդանյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի և անձնական գույքի վրա տարածելու պահանջների մասին):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը հայցը կամ դրա մի մասը թողնում է առանց քննության, եթե հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ բացակայում է նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է, տվյալ գործի հանգամանքներից ելնելով, պարզել, թե արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձանց իրավունքների ծավալի վրա: Եթե հատուկ վարույթի կարգով հաստատվող փաստը առնչվում է այլ անձանց քաղաքացիաիրավական իրավունքներին կամ պարտականություններին (թեկուզ առերևույթ), ապա նշանակում է` առկա է իրավունքի մասին վեճ: Այսինքն` իրավունքի մասին վեճի առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար պարտադիր չէ անձանց միջև տվյալ պահին իրական իրավական վեճի առկայությունը կամ բացակայությունը, այլ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «իրավունքի մասին վեճի ծագում» արտահայտությունն իր մեջ ներառում է նաև իրավունքի մասին վեճի ծագման իրական հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը միշտ առկա է այն դեպքերում, երբ հաստատվող իրավաբանական փաստը առնչվում է այլ անձանց իրավունքներին և պարտականություններին և կարող է ազդել դրանց ծավալի չափի կամ դրանց իրականացման հնարավորության վրա

(իրավական հիմնավորումները տե՛ս` Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-215(Ա) որոշումը` կայացված ըստ դիմումի Սաշա Պարոնյանի` ժառանգության

ընդունման փաստը հաստատելու պահանջի մասին քաղաքացիական գործով):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճ է ծագել իրավունքի մասին, քանի որ քաղաքացիական գործի փաստերի համաձայն` դատարանի 01.09.2006 թվականի վճռով հաստատվել է Սարգիս Մկրտչյանի սեփականության իրավունքով գույքի տիրապետման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը: Իսկ սույն վճռաբեկ բողոքը բերած անձինք վիճարկում են այդ փաստը:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկանելով դատական ակտը և գործով ներկայացված դիմումը թողնելով առանց քննության:

2) Վճռաբեկ դատարանը դիմումը առանց քննության թողնելու պայմաններում սույն բողոքի երկրորդ հիմքին անդրադառնալը նպատակահարմար չի համարում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու, այն է` առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2007
N 3-1106 (Ա)
Որոշում