Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 324-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 324-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Լոռու մարզի առաջին ատյանի Գործ ՎԲ-112/07

դատարանում դատավճիռ կայացրած

դատարանի կազմը`

նախագահող դատավոր` Վ. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հուլիսի 2007 թ. ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

  նախագահությամբ   Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ   Հ. Ղուկասյանի
  Մ. Սիմոնյանի
  Ս. Օհանյանի
 
քարտուղար   Ք. Մարտիրոսյանի
մասնակցությամբ դատախազ   Գ. Ջհանգիրյանի

                                                     

i

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Սամվել Սուրենի Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Անհայտ անձի կողմից Ադելինա Հակոբյանի պայուսակը բացահայտ հափշտակելու փաստի առթիվ 2006 թվականի նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:

2006 թվականի նոյեմբերի 18-ին ձերբակալվել է Սամվել Սուրենի Ռևազյանը, որը նոյեմբերի 21-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2007 թվականի հունվարի 9-ին Սամվել Ռևազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 1-ին մասով:

2007 թվականի հունվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Սամվել Ռևազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական սահմանվել է ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2006 թվականի նոյեմբերի 18-ից:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Սամվել Ռևազյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2006 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի 2-5 Ա տան դիմաց բացահայտ հափշտակել է Ադելինա Հակոբյանի` 15.000 ՀՀ դրամ արժեքով ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են 6000 դրամ, 15.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ «Սոնի Էրիկսոն» մակնիշի բջջային հեռախոս` խոսելաքարտով, 10.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ ոսկյա մատանի, 3100 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով բիժուտերիա հանդիսացող զարդեր, ինչպես նաև Ադելինա Հակոբյանի անձնագիրը, սոցիալական քարտը, փաստաբանի վկայականը և գրասենյակի ու տան բանալիները:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Գործի նյութերով հիմնավորվել է, որ Սամվել Ռևազյանը, նկատելով պայուսակը ձեռքին տուժողին, համոզված է եղել, որ այնտեղ կարող են լինել արժեքավոր իրեր, գումար և դրանց տիրանալու ուղղակի դիտավորությամբ բացահայտ հափշտակել է այն: Նա կողոպուտը կատարել է հիվանդանոցում գտնվող հորը ֆինանսական օգնություն ցույց տալու համար: Իր բոլոր ցուցմունքներում Ս. Ռևազյանը նշել է, որ պայուսակը հափշտակելուց և այնտեղ եղած արժեքավոր իրերն ու դրամը վերցնելուց հետո դրանում հայտնաբերել է նաև տուժողի փաստաթղթերը: Գիտակցելով վերջինիս համար այդ փաստաթղթերի կարևորությունն ու նշանակությունը, դրանք պայուսակի հետ գետը չի նետել, այլ պահել է տանը` հետագայում որևէ կերպ տուժողին հանձնելու նպատակով: Նա նշել է նաև, որ տուժողի փաստաթղթերն օգտագործելու նպատակ չի ունեցել: Չնայած վերը շարադրվածին, Ա. Հակոբյանի փաստաթղթերը հափշտակելու վերաբերյալ Ս. Ռևազյանի ուղղակի կամ անուղղակի դիտավորությունը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չբերելով, նախաքննության մարմինն անհիմն կերպով նրան մեղսագրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով արարքը: Ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարանը չեն հիմնավորել տուժողի փաստաթղթերը հափշտակելու Ս. Ռևազյանի դիտավորությունը: Հետևաբար Ս. Ռևազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտելու վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռն անօրինական է: Փաստորեն թույլ է տրվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ուստի բողոքի հեղինակը խնդրում է բեկանել և կարճել Սամվել Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և այդ մասով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ դատավճռի մնացած մասը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով թողնել անփոփոխ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանել փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու համար: Այն կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն է: ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը պարունակում է երկու ինքնուրույն հանցակազմ: Այս հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթղթեր հափշտակելու համար: Նշված հանցագործության անմիջական օբյեկտը անձնական փաստաթղթերի հետ վարվելու սահմանված կարգն է: Քաղաքացիներից կարևոր անձնական փաստաթղթերի հափշտակությունը տուժողի համար նրա օրինական իրավունքների և շահերի իրականացման դժվարություններ է ստեղծում:

Անձնագրից բացի, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առարկա կարող են լինել կարևոր այլ անձնական փաստաթղթերը (ծառայական վկայականը, կենսաթոշակային գրքույկը, աշխատանքային գրքույկը, ատեստատը, բարձրագույն կրթության վկայականը և այլն):

Այս հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթղթերը հափշտակելու` օրինական տիրապետողից ապօրինաբար և անհատույց վերցնելու մեջ: Փաստաթղթերի հափշտակության եղանակները նույնն են, ինչ որ գույքի հափշտակության դեպքում: Այն կարող է կատարվել ցանկացած ոչ բռնի միջոցով (գաղտնի, բացահայտ, խաբեության միջոցով և այլն): Փաստաթղթերը հափշտակելիս բռնության կիրառումը` կախված կիրառված բռնության բնույթից, պետք է լրացուցիչ որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ գլխի հոդվածներով (կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ):

Քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի անձը գիտակցի, որ հափշտակում է հատկապես կարևոր անձնական փաստաթղթեր և ցանկանում է կատարել դա: ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունը վրա է հասնում միայն անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթը հափշտակելու ուղղակի դիտավորության ապացույցների առկայության դեպքում: Տուժողի գույքի փոխարեն սխալմամբ կարևոր անձնական փաստաթղթեր հափշտակելը պետք է որակվի որպես անձնական գույքի հափշտակության փորձ: Եթե այդ փաստաթղթերը հափշտակվել են այլ իրերի հետ, օրինակ` գտնվել են հափշտակված հագուստի գրպանում, ապա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով կարող է որակվել միայն այն դեպքում, եթե հանցավորը տեղյակ է, որ իրերի հետ հափշտակում է նաև կարևոր փաստաթղթեր: Ինքնըստինքյան հափշտակված իրերի մեջ անձնագրի կամ կարևոր այլ փաստաթղթերի գտնվելը, եթե չի պարզվել դրանք հափշտակելու դիտավորությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն առաջ բերող հանգամանք չէ:

Այսպիսով` անձնական իրերի հետ կարևոր անձնական փաստաթղթերի հափշտակությունը, եթե բացակայում է այդ փաստաթղթերը հափշտակելու դիտավորությունը, չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Ինչպես երևում է գործի նյութերից, որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննվելիս Սամվել Ռևազյանը ցուցմունքներ է տվել, որ իրենց ընտանիքը գտնվել է նյութապես ծանր վիճակում, հիվանդանոցում բուժվող հորը դուրս գրելու համար գումար է պետք եղել, իր ծանոթներից չի կարողացել պարտքով գումար վերցնել և տուժողի պայուսակը հափշտակել է միայն գումար հայթայթելու համար: Պայուսակում եղած փաստաթղթերի մասին տեղյակ չի եղել և դրանք տեսնելով` մոլորվել է, սակայն գետը չի նետել` մտածելով, որ որոշ ժամանակ անց կտանի և աննկատ կգցի Հալաբյան փողոցում, որպեսզի կարողանան փաստաթղթերը գտնել: Դրա համար էլ այդ փաստաթղթերը պահել է տանը, սակայն իր մտադրությունը չի հասցրել իրականացնել: Ինքը չի իմացել, որ պայուսակում փաստաթղթեր կան, փաստաթղթեր հափշտակել չի ցանկացել, դրանք իրեն պետք չեն եղել և այդ փաստաթղթերից օգտվելու նպատակ չի ունեցել (գ/թ 38-43, 63-67):

Դատապարտյալի մայրը` Անահիտ Ռամազյանը նույնպես հայտնել է, որ իրենց ընտանիքը գտնվել է նյութապես ծանր վիճակում, իր ամուսինը երկար ժամանակ բուժվել է հիվանդանոցում, նրան դուրս գրելու համար գումար էր պետք, ընտանիքի ողջ հոգսը Սամվելի վրա էր (գ/թ 98-99):

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև դատապարտյալի եղբայր Արա Ռևազյանը (գ/թ 100-102):

Այսպիսով` դատապարտյալ Սամվել Ռևազյանը բացահայտ հափշտակել է տուժողի պայուսակը, որի մեջ այլ իրերի հետ (բջջային հեռախոս, ոսկյա մատանի, 6.000 ՀՀ դրամ, բիժուտերիա հանդիսացող զարդեր և այլն) եղել է նաև տուժող Ա. Հակոբյանի անձնագիրը, սոցիալական քարտը և փաստաբանի վկայականը: Ինչպես մինչև պայուսակը տուժողից հափշտակելը, այնպես էլ հափշտակման բուն պրոցեսում Ս. Ռևազյանը տեղյակ չի եղել պայուսակում անձնագրի կամ կարևոր այլ փաստաթղթերի առկայության մասին:

Փաստորեն Ս. Ռևազյանի գործողություններում բացակայում է Ա. Հակոբյանի անձնագիրը և կարևոր այլ փաստաթղթերը հափշտակելու սուբյեկտիվ կողմը` ուղղակի դիտավորությունը, ուստի նրա արարքում չկա ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը: Այս պայմաններում անհիմն կերպով Ս. Ռևազյանին վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են: Հետևաբար, անհրաժեշտ է Ս. Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի առաջին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը բեկանել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 408-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բողոքը բավարարել: Սամվել Սուրենի Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել և դադարեցնել քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատավճռի մնացած մասը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

  Նախագահող   Դ. Ավետիսյան
 
Դատավորներ Հ. Ղուկասյան
Մ. Սիմոնյան
Ս. Օհանյան

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.07.2007
N ՎԲ-112/07
Որոշում