Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԸՆ ...

 

 

020.0722.211207

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40.1. ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` «ԴԻՄՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԴԻՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ» ԴՐՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 դեկտեմբերի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դ.Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1. հոդվածի 3-րդ կետի` «Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից» դրույթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ռ.Թորոսյանի` սահմանադրական դատարանում 03.12.2007 թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի և պատասխանող կողմի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով վիճարկվող նորմը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Վիճարկելով ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1. հոդվածի 3-րդ կետի` «Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից» դրույթի սահմանադրականությունը, դիմողը սահմանադրական դատարան է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007թ. նոյեմբերի 26-ի վճիռը, որով մերժվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործության վիճարկման վերաբերյալ քաղ. Ռ. Թորոսյանի դիմումը, համաձայն որի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետը, չի արձագանքել էլեկտրոնային փոստով հանձնաժողովին հասցեագրած դիմողի առաջարկությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155 հոդվածի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ վճիռը, որպես վերջնական դատական ակտ, ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

2. ՀՀ ընտրական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999 թվականի փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1999 թվականի փետրվարի 17-ին և ուժի մեջ է մտել նույն թվականի փետրվարի 28-ին:

ՀՀ ընտրական օրենսգիրքը մի շարք օրենքներով փոփոխվել է:

ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1. հոդվածի` սույն գործով վիճարկվող դրույթը պարունակող նորմը (3-րդ կետի առաջին պարբերությունը) ներկայիս խմբագրությամբ սահմանում է. «Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չպարունակող կամ կեղծ տվյալներ պարունակող դիմումները չեն քննարկվում»:

3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի 3-րդ կետի` «Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից» դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածին, քանի որ անձը զրկվում է պետական մարմնին դիմելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքից:

Դիմողի կարծիքով` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգում (գործավարության կարգում) «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքից բխող նորմերի բացակայությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին չքննարկել ընտրախախտումների վերաբերյալ էլեկտրոնային փոստով ստացված դիմումները, ինչպես նաև խոչընդոտում է դիմողին պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 5-րդ կետով սահմանված երկօրյա ժամկետը:

Դիմողը գտնում է նաև, որ «հիմք ընդունելով ՀՀ քաղ.օր. 9-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվել ԸՕ 40-րդ հոդվածի 7 և 8-րդ կետերի պահանջներով և սույն դիմումը քննել ընտրությունների ժամանակահատվածի համար սահմանված ժամկետում»:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածում ամրագրված անձի իրավունքը բացարձակ չէ, քանի որ, ինչպես ցանկացած իրավունք, այդ թվում իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքը ենթադրում է իրականացման կանոնակարգեր:

Դիմումատուի կողմից դիմումի ստորագրումը դրա արժանահավատությունն ապահովող կարևորագույն պայման է, նպատակ ունի անձին նույնացնելու, պաշտպանելու փաստաթուղթը կեղծիքներից և աղավաղումներից: Ըստ պատասխանող կողմի` էլեկտրոնային ստորագրություններով փաստաթղթեր ուղարկելու կամ դրանք ընդունելու հնարավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ դիմումն ստորագրված լինելու` ՀՀ ընտրական օրենսգրքով ներկայացվող պահանջը ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու համար, քանի որ յուրաքանչյուր դեպքում անձը պահպանում է ձեռագիր ստորագրությամբ համապատասխան փաստաթղթերն իրավասու մարմնին ներկայացնելու հնարավորությունը:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումների հիման վրա անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության գնահատման կարգը և առանձնահատկությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով: Իր հերթին, ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով»: ՈՒստի անընդունելի է դիմող կողմի առաջարկությունը գործի քննության ժամկետների վերաբերյալ:

6. ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածում ամրագրված` անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին (հանրային իշխանության մարմիններին) ու պաշտոնատար անձանց դիմումներ, առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու անձի իրավունքը ժողովրդավարության դրսևորումներից մեկն է և կարևոր նախապայման` անձի հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 1, 2, 3 և մի շարք այլ հոդվածներում ամրագրված սահմանադրական կարգի հիմնական սկզբունքների անխախտելիությունը երաշխավորելու համար:

ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 1-ին կետի համաձայն` անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը սահմանվում են օրենքներով: Սահմանադրական այդ նորմի բովանդակությունից հետևում է, որ անձի ցանկացած, այդ թվում հանրային իշխանության մարմիններին դիմելու նրա իրավունքի իրացման խնդիրը ենթակա է օրենքով կարգավորման:

ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածի դրույթների իրացումը` կապված անձանց և հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց միջև ծագած հարաբերությունների հետ, կարգավորվում են մի շարք օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, որոնց վերլուծությունը վկայում է, որ.

ա/ անձնական, պետական և հասարակական կյանքի բնագավառներին վերաբերող տեղեկատվություն պարունակող (իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան լուծում պահանջող) անձանց դիմումները պետք է հասցեագրվեն հանրային իշխանության իրավասու մարմիններին (պաշտոնատար անձանց),

բ/ անձանց դիմումները պետք է համապատասխանեն իրավական ակտով նախատեսված ձևական պահանջներին (գրավոր ձև, հասցեագրված մարմնի անվանում, տեղեկություններ դիմողի վերաբերյալ, անձնական (էլեկտրոնային) ստորագրություն, դիմումի բովանդակության շարադրանք և այլն),

գ/ հանրային իշխանության իրավասու մարմինը (պաշտոնատար անձը) դիմումում բարձրացված հարցի առնչությամբ պետք է ձեռնարկի այն գործողությունները (սահմանված ժամկետում ու կարգով), որպիսիք նախատեսված են նորմատիվ իրավական համապատասխան ակտում:

Այլ կերպ, դիմումներին ներկայացված ձևական պահանջները նպատակ ունեն ոչ թե անձանց ծանրաբեռնել պարտականություններով, այլ նույնականացնել դիմումատուին, ապահովել դիմումների բովանդակության իսկությունը, հարցադրումների առարկայացումը, որպիսիք դիմումներում առաջադրված խնդիրների արագ, օբյեկտիվ և արդյունավետ լուծման երաշխիք են:

Այսպիսով, անձանց և հանրային իշխանության մարմինների միջև ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածի դրույթներից բխող հարաբերությունների օրենսդրական կարգավորման հիմքում ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխադարձության և դրանց ներդաշնակեցման միասնական իրավական սկզբունքի կիրառման առկայությունը` որպես սահմանադրական վերոհիշյալ նորմերի արդյունավետ իրացման նախապայման: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ հանրային իրավական (սահմանադրաիրավական) հարաբերություններում այդ սկզբունքի արդյունավետ գործադրման գրավականը ոչ միայն սուբյեկտիվ իրավունքների իրականացման պայմանների իրավական կարգավորումն է, այլև իրավունքի նորմերին համապատասխան սուբյեկտիվ վարքագիծ դրսևորելը:

7. Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1. հոդվածի` սույն գործով վիճարկվող նորմի սահմանադրականության խնդրին, ելնելով նաև հասարակական համասեռ հարաբերությունների իրավական կարգավորման վերը փաստված միասնական սկզբունքի բովանդակությունից, սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես հանրային իշխանության մյուս մարմիններին, այնպես էլ ընտրական հանձնաժողովներին և, մասնավորապես` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրված` անձանց դիմումների նկատմամբ անհրաժեշտաբար պետք է ներկայացվեն ձևական միասնական պահանջներ (այդ թվում` անձի ստորագրության, նրան առնչվող անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ)` ապահովելու համար ընտրական գործընթացներով պայմանավորված անձանց դիմումների արագ և արդյունավետ քննարկումը, որը նաև կարևոր երաշխիք է այնուհետև արդար և արդյունավետ դատաքննության իրականացման համար:

ՀՀ ընտրական օրենսգրքի 40, 40.1. և այլ հոդվածների վերլուծությունը վկայում է, որ ընտրական գործընթացներով պայմանավորված անձանց դիմումների նկատմամբ ձևական պահանջների ներկայացման հարցում օրենսդիրն առաջնորդվել է միասնական մոտեցմամբ:

Հետևաբար, անկախ այդ պահանջների նկատմամբ անձի դրսևորած սուբյեկտիվ վերաբերմունքից, լինելով համապարտադիր, դրանք կոչված են նպաստելու ժողովրդավարության ամրապնդման ու հետագա զարգացման սահմանադրական նպատակների իրագործմանը:

8. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել նաև ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածի նորմերի երաշխավորված գործադրման ապահովումը 2004թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում` պայմանավորված ընտրական գործընթացներով, նկատի ունենալով նաև վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ այդ օրենքի նորմերի կիրառման փաստը:

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան էլեկտրոնային թվային ստորագրության և դրանով պայմանավորված` ՀՀ հանրային իշխանության մարմինների միասնական էլեկտրոնային փաստաթղթաշարժի (այդ թվում` անձանց կողմից այդ մարմիններին էլեկտրոնային փոստով հասցեագրվող դիմումների) կազմակերպման իրավական հիմքերի սահմանումն է, որը կոչված է նպաստելու անձանց և հանրային իշխանության մարմինների միջև հարաբերությունների իրավական կարգավորման արդյունավետության բարձրացմանը: Այդ օրենքի գործողությունը ՀՀ գործադիր մարմինների (մասնավորապես` գանձապետարանի) տեղեկատվական համակարգում ապահովելու նպատակով ընդունվել են ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի մի շարք որոշումներ և գերատեսչական ակտեր:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած վերոհիշյալ օրենքի գործողությունը պետական իշխանության այլ մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում կրում է հայեցողական բնույթ, այնուամենայնիվ, այդ օրենքի դրույթների կիրառումն ապահովող անհրաժեշտ պայմանների ստեղծումը (մասնավորապես, էլեկտրոնային փաստաթղթերի ու էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման հստակ համակարգ նախատեսելու, և հավաստագրման գործընթացի պատշաճ կազմակերպման բնագավառներում) կնպաստեր անձանց և հանրային իշխանության մարմինների միջև ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածում ամրագրված նորմով պայմանավորված հարաբերությունների (այդ թվում` ընտրական գործընթացների հետ կապված) առավել արդյունավետ կարգավորմանը: Այսպես, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից սույն գործով ներկայացված տեղեկատվությունը, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում են, որ բացի ՀՀ բանկային համակարգից և մասամբ մի քանի այլ ոլորտներից, էլեկտրոնային թվային ստորագրության համակարգը հիմնականում չի գործում:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ մարդու իրավունքների իրականացումը չպետք է խաթարվի վարչակազմակերպչական բնույթի խոչընդոտների պատճառով: «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը...»:

Հիշյալ օրենքի և, մասնավորապես, դրա 4-րդ հոդվածի նշված նորմի գործողության պայմաններում, ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածում ամրագրված իր իրավունքի իրացմամբ, անձը պետք է ընտրի իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու ձևը (ձեռագիր կամ էլեկտրոնային ստորագրությամբ): Բոլոր այն դեպքերում, երբ օրենքով ներկայացվող փաստաթղթի (դիմումի) ստորագրված լինելու պայման է առաջադրված և պարտադիր չէ նոտարական կարգով անձի ստորագրության վավերականության հաստատում, ապա որևէ տարբերակում չպետք է դրվի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված կամ օրենքով սահմանված կարգին համապատասխանող էլեկտրոնային ստորագրությամբ պաշտպանված փաստաթղթերի միջև:

Ելնելով գործի քննության արդյունքներից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի` «Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 դեկտեմբերի 2007 թվականի

ՍԴՈ-722

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.12.2007
N ՍԴՈ-722
Որոշում