Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅ ...

 

 

040.1437.171207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1437-Ն

 

i

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1437-Ն որոշման

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1.1. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ընդհանուր նկարագիրը

 

Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պատմությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնանում է յուրահատուկ զարգացումներով, որոնք իրենց նշանակալի ազդեցությունն են թողնում երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա:

Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:

Որպես ՓՄՁ-ին ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հետևողական տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք` վերջին տարիներին արձանագրվեց ՓՄՁ-ն բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: Իրականացվող ծրագրերը նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է:

ՓՄՁ-ն նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում. ըստ 2006 թվականի տվյալների` ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 40.3 տոկոս:

Նշանակալի է ՓՄՁ-ի սուբյեկտների դերը նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Միայն 2006 թվականի ընթացքում ստեղծվել է ավելի քան 10 հազ. նոր ՓՄՁ-ի սուբյեկտ` ապահովելով շուրջ 14.5 հազ. նոր աշխատատեղ: Ընդ որում, 2006 թվականի ընթացքում նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծման, ինչպես նաև գործող ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության ընդլայնման արդյունքում ապահովվել է 20.3 հազ. նոր աշխատատեղ, որից 50.2 տոկոսն ապահովվել է Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ 49.8 տոկոսը` Երևան քաղաքում:

Ըստ 2006 թվականի տվյալների` անհատ ձեռնարկատերերի և առևտրային իրավաբանական անձանց ընդհանուր թվում ՓՄՁ-ի սուբյեկտները կազմել են շուրջ 98 տոկոս:

Երկրի արտահանման ծավալում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշիռը կազմել է 16.9 տոկոս, իսկ զբաղվածների ընդհանուր թվում ՓՄՁ-ի սուբյեկտներում ներգրավված աշխատողների տեսակարար կշիռը` 35.1 տոկոս:

Նշանակալի է ՓՄՁ-ի դերը նաև երկրի հարկաբյուջետային (ֆիսկալ) ցուցանիշների ձևավորման գործում. ըստ 2006 թվականի տվյալների` ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակարար կշիռն ընդհանուր բյուջետային եկամուտներում կազմել է 27.7 տոկոս:

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը` որպես ընդհանրական (ագրեգացված) տնտեսական ցուցանիշ, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով` ըստ 2006 թվականի տվյալների, կազմել է 237.2, ինչը 2002 թվականի համեմատությամբ ավելացել է շուրջ 4 անգամ (2002 թվականին ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը կազմել է 58.1, 2003 թվականին` 82.0, 2004 թվականին` 117.8, 2005 թվականին` 171.9):

ՓՄՁ-ի զարգացման միտումները պահպանվել են նաև 2007 թվականին:

Իրականացման փուլում է ՓՄՁ-ին պետական աջակցության 2007 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը (ավելի քան 90 տոկոսը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում ու տարածաշրջաններում տնտեսական և գործարար ակտիվության բարձրացմանը:

Ըստ նախնական գնահատականների` 2007 թվականի ընթացքում վարկային երաշխավորությունների տրամադրման, որակի կառավարման միջազգային ստանդարտների (համակարգերի), նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ապրանքների (ծառայությունների) շուկաներ առաջմղման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում` շուրջ 4500 սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտների:

ՓՄՁ-ի զարգացման և աջակցության համակարգի կայացման ուղղությամբ իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին ազգային տնտեսություն ներմուծել ՓՄՁ-ի պետական քաղաքականության հետևողական իրագործման համար անհրաժեշտ գրեթե բոլոր հիմնարար սկզբունքներն ու մեխանիզմները:

Այս ամենի արդյունքում ներկայումս ՓՄՁ-ի զարգացումը տեղափոխվել է որակապես նոր փուլ, երբ ձևավորվում և ամրապնդվում է այս ուղղությամբ պետական աջակցության համակարգը, ընդլայնվում են ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծավալներն ու աշխարհագրությունը, կատարելագործվում են դրանց տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:

Հայաստանում ՓՄՁ-ի աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմները հիմք են հանդիսանում ՓՄՁ-ի հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրություններին աջակցությանը. առաջավոր տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը և ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը: Այս զարգացումների համատեքստում կարևորվում է միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) ակտիվ ներգրավումը Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում:

ՓՄՁ-ին պետական աջակցության 2008 թվականի ծրագրային միջոցառումների (ծրագրային ուղղությունների) ընդլայնման նպատակով ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ 2008 թվականին կշարունակվի համագործակցությունը մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ, այդ թվում` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի, Հունաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ու արհեստագործության կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ:

 

1.2. ՓՄՁ-ի զարգացման հիմնախնդիրները

 

ՓՄՁ-ի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի սուբյեկտները: Այդ հիմնախնդիրները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությամբ, գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններով, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներով, ինչպես նաև սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների պակասով:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում վերջին մի քանի տարվա ընթացքում դրական փոփոխություններ են կատարվել ՓՄՁ-ի կառուցվածքում, որոնք որակապես նոր հարթություն են տեղափոխել ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանն առնչվող հիմնախնդիրները` դրանց դրսևորման և ՓՄՁ-ի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:

Չնայած նրան, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հիմնականում լուծվել են ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հիմնախնդիրներ` ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) և տեխնիկական աջակցության ուղղություններով, երկրում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտ են ՓՄՁ-ի հետագա զարգացման համար:

ՓՄՁ-ի զարգացման հիմնախնդիրները պայմանականորեն կարող են դասակարգվել ըստ օրենսդրական, ֆինանսական, տեխնիկական և ենթակառուցվածքային գործոնների, որոնք իրենց ազդեցությունն ունեն թե՛ սկսնակ և թե՛ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության վրա: Առկա հիմնախնդիրների դրսևորումները և սրությունը խիստ տարբերվում են նաև` կախված ՓՄՁ-ի սուբյեկտների գործելու վայրից (Երևան, Հայաստանի Հանրապետության մարզեր), հատկապես այդ տարբերությունները կտրուկ են արտահայտվում հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում:

ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող օրենսդրական բնույթի հիմնախնդիրները հանգում են հիմնականում ՓՄՁ-ի սուբյեկտների և պետական մարմինների միջև փոխհարաբերություններում դեռևս առկա մի շարք վարչարարական բնույթի խնդիրներին, մասնավորապես` կապված տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) ֆինանսական (հաշվապահական) հաշվետվությունները ներկայացնելու բարդացված ընթացակարգերի, տնտեսավարող սուբյեկտներում (ՓՄՁ-ի սուբյեկտներում) անհարկի ստուգումներ իրականացնելու հաճախականության փաստերի հետ և այլն:

ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող ֆինանսական բնույթի հիմնախնդիրները հանգում են հիմնականում ՓՄՁ-ի սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցներից օգտվելու անհնարինությանը` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարվանից ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությանը, ինչը լուրջ խնդիր է հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես, արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:

ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող առանձին հիմնախնդիր է նաև միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակը: Այս ենթատեքստում լուրջ խնդիրներ են տեղեկատվական հոսքերի մատչելիության, դրանց ընկալման, մշակման և փոխանակման խնդիրները, որոնց հետ անմիջականորեն կապված են ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման և շուկայավարման հարցերը:

ՓՄՁ-ի սուբյեկտների, հատկապես Երևան քաղաքից դուրս գործող ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների համար լուրջ հիմնախնդիր է իրենց բիզնեսի կազմակերպումն ու կառավարումը: Այս հիմնախնդրի լուծման ուղղությամբ խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերում (որոշ մարզերում նմանատիպ կառույցներ ընդհանրապես չեն գործում): Մյուս կողմից, առկա է ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից նման ծառայությունների կարևորության չգիտակցման փաստը: Այս համատեքստում որակյալ խորհրդատվական ծառայությունների կարիք ունեն հատկապես սկսնակ գործարարները և գործող այն ՓՄՁ-ի սուբյեկտները, որոնք փորձում են շուկայում ներկայացնել նորարարական արտադրանք կամ ծառայություն.

Հայաստանում ՓՄՁ-ի պետական աջակցությանն ու զարգացմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նշված հիմնախնդիրների լուծմանն են ուղղված 2008 թվականի ընթացքում նախատեսված ծրագրային միջոցառումները, ինչը կարևոր նախապայման է երկրի տնտեսական աճի, մայրաքաղաքի և մարզերի համամասնական տնտեսական զարգացման, բնակչության զբաղվածության ապահովման ու նրա սոցիալական վիճակի բարելավման և, ընդհանուր առմամբ, երկրում աղքատության հաղթահարման շարունակականության ապահովման գործում:

 

2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) 2007 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը,

2) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1768-Ն որոշմամբ հաստատված` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2007 թվականի ծրագիրը,

5) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշումը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 26-ի N 738-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակը պետական շարունակական աջակցությամբ ՓՄՁ-ի դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում:

Ծրագրի նպատակներն են`

1) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը,

2) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերին,

3) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,

4) ՓՄՁ-ի սուբյեկտների` գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը,

5) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես` սկսնակ գործարարների համար:

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացումը,

2) Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ՓՄՁ-ի սուբյեկտների թվի ավելացումը և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը,

3) Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող 80-100 ՓՄՁ-ի սուբյեկտի վարկային երաշխավորությունների տրամադրումը,

4) սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում 150-200 սկսնակ գործարարների աջակցության տրամադրումը,

5) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղությամբ 150-200 ՓՄՁ-ի սուբյեկտի աջակցության տրամադրումը,

6) շուրջ 4000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտի գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տրամադրումը,

7) Հայաստանի Հանրապետության մարզերում գործարար ակտիվության բարձրացմանը նպաստումը` աջակցության ավելի քան 90 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացման սկզբունքներն են`

1) ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) (համաձայնությամբ) և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող այլ կառույցների միջոցով.

2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և բարձր տեխնոլոգիաներ կիրառող, արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացմանը: Այլ հավասար պայմաններում առաջնայնությունը տրվում է գործազուրկներին, հաշմանդամներին և ազատամարտիկներին.

3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում` հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.

4) համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ին պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով.

5) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2008 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2008 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

 

5.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան

ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում

 

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման և աջակցության ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության էական ձեռքբերումներից է երկրում ՓՄՁ-ի զարգացման ու պետական աջակցության ծրագրերն իրականացնող հիմնական կառույցի` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ստեղծումն ու կայացումը` Երևան քաղաքում գործող կենտրոնական գրասենյակով և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող մարզային մասնաճյուղերով (առանձին մարզերում` նաև ներկայացուցչություններով):

Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ամրապնդմանն ու դրանց գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև նոր ներկայացուցչությունների ստեղծմանը:

Կարևորելով ՓՄՁ-ի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) ՓՄՁ-ին պետական աջակցության մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց:

Նախատեսվում է 2008 թվականին բարձրացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես նաև շարունակել աշխատանքները Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին տարածաշրջանների, բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2008 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս և Մարտունի քաղաքներում` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում 2007 թվականին հիմնադրված ներկայացուցչությունների ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին համայնքներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր ներկայացուցչությունների հիմնադրման ուղղությամբ` հիմնվելով նման ներկայացուցչությունների անհրաժեշտության բացահայտման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում 2008 թվականին պարբերաբար կկազմակերպվեն քննարկումներ և հանդիպումներ Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ քաղաքային ու գյուղական համայնքներում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` նրանց գործունեությանը խոչընդոտող հիմնախնդիրների հստակեցման և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը դրանց լուծմանն ուղղելու նպատակով:

2008 թվականին կանցկացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մոնիթորինգ, ինչը կնպաստի գործարարների հետ հետադարձ կապի հաստատմանը և իրականացվող ծրագրերի վերահսկելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Նշված միջոցառումները, ընդհանուր առմամբ, կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համակարգի կայացման և զարգացման գործընթացին:

 

5.2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման շրջանակներում կշարունակվի և կընդլայնվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Դրա հետ մեկտեղ կդիտարկվի ՓՄՁ-ի սուբյեկտներին լիզինգային ծառայություններից օգտվելու աջակցության ծրագիրը, կմշակվեն և կքննարկվեն այլ ծրագրային նախագծեր (մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի նախագիծը), որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար:

 

5.2.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների

տրամադրման ծրագիր

 

ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2008 թվականին կշարունակվի և կընդլայնվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, վարկավորման գործող տոկոսադրույքների իջեցմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը:

Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկային երաշխավորությունները հնարավորություն են ընձեռում վարկունակ գործարարներին վարկավորվելու գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչն առավել արդիական է երկրի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:

ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

Վարկային երաշխավորությունների առավելագույն ժամկետը կազմում է երեք տարի: Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 10 մլն դրամը: Ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 5 գործընկեր բանկերի (Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Արդշինինվեստբանկ, Անելիք բանկ, Ինեկոբանկ և Յունիբանկ) միջոցով, որոնց հետ փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:

Որպես երաշխավորագրերի ապահովման միջոց` գործընկեր առևտրային բանկերում ավանդադրվում են դրամական միջոցներ, որոնք, ըստ առանձին երաշխավորագրի, դեպոնացվում (գրավադրվում) են համապատասխան չափաքանակով:

2008 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում շահառուների մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ, որի արդյունքները հիմք կհանդիսանան սույն ծրագրի իրականացման մեխանիզմների և ընթացակարգերի կատարելագործման համար: Միաժամանակ, համագործակցության դաշտն ընդլայնելու և խորացնելու նպատակով 2008 թվականի ընթացքում բանակցություններ կվարվեն նոր առևտրային բանկերի հետ` ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրում ներգրավելու նպատակով:

ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը 2008 թվականի ընթացքում կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնայնությունը կտրվի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին: Երևան քաղաքում, որպես բացառություն, կդիտարկվի միայն նորարարական ծրագրեր ներկայացնող ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման հարցը, որոնց կողմից ներկայացվող հայտերը կդրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը:

 

5.2.2. ՓՄՁ-ի սուբյեկտներին լիզինգային ծառայություններից օգտվելու

աջակցության ծրագիր

 

Լիզինգը (ֆինանսական վարձակալությունը), ժամանակակից աշխարհում հանդիսանալով ձեռնարկությունների ֆինանսավորման արդյունավետ և ճկուն ձևերից (մեխանիզմներից) մեկը, Հայաստանի Հանրապետությունում դեռևս լայն տարածում չի գտել, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում:

ՓՄՁ-ի սուբյեկտներին լիզինգային ծառայություններից օգտվելու աջակցության (լիզինգային գործառնությունների զարգացման) ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության մարզերում արտադրության ոլորտում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման նպատակով նրանց աջակցություն ցուցաբերելը:

Ըստ փորձագիտական դիտարկումների` ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերում, լիզինգային ծառայությունների նկատմամբ առկա է բավական մեծ պահանջարկ, սակայն լիզինգային ծառայությունների տրամադրման պայմանները, մասնավորապես, միայն նոր սարքավորումների տրամադրումը, որոնք ունեն բավական մեծ արժեք, ինչպես նաև լիզինգային ծառայությունների մատուցման կարճ ժամկետայնությունը գործարարների, հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում գործող գործարարների համար լիզինգային ծառայություններից օգտվելը դարձնում են տնտեսապես ոչ նպատակահարմար: Այդ պատճառով ՓՄՁ-ի սուբյեկտների հիմնական մասն արտադրական հզորությունները և մեքենասարքավորումները ձեռք են բերում և վերազինում վարկային միջոցների հաշվին` ձեռք բերելով շահագործված (օգտագործված), սակայն գնային առումով առավել մատչելի սարքավորումներ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նշված խնդիրների լուծման ուղղությամբ կիրառվում են պետական աջակցության համապատասխան մեխանիզմներ` ՓՄՁ-ին աջակցության ծրագրերի շրջանակներում:

2008 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցության շրջանակներում կշարունակվեն իրականացվել աշխատանքներ Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին լիզինգային ծառայություններից օգտվելու աջակցության ծրագրի իրականացման մեխանիզմների մշակման, կատարելագործման և փորձարկման ուղղությամբ, որոնց փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար:

Դրա հետ մեկտեղ միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում կվարվեն բանակցություններ` նշված ծրագրում նրանց ներգրավման նպատակով:

 

5.3. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն

 

Միջազգային փորձը վկայում է, որ սկսնակ գործարարներից շատերի ձախողման պատճառները գրեթե նույնն են` շուկայի վերաբերյալ գիտելիքների պակասը, կառավարման ոչ բավարար մակարդակը (հատկապես` ֆինանսների գծով), գործարար ունակությունների ու հմտությունների և տեղեկատվության պակասը, գործարար խորհրդատվության և ֆինանսական ռեսուրսների անմատչելիությունը և այլն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սկսնակ գործարարներին համապատասխան աջակցություն ցուցաբերել բիզնեսի հիմնադրման և կայացման փուլում` նվազեցնելով վերջիններիս ձախողման ռիսկերը:

Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով աջակցություն կցուցաբերվի իրատեսական գործարար նախաձեռնություններով հանդես եկող սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությանն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրին:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի նպատակն է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը նպաստելը և նրանց աջակցություն ցուցաբերելը հիմնադրման և կայացման շրջանում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կիրականացվեն միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում, որպես նորաստեղծ բիզնեսի կայացման վերջնական արդյունք, լավագույն գործարար նախաձեռնությունների (գործարար ծրագրերի) իրականացման ուղղությամբ սկսնակ գործարարներին կցուցաբերվի ֆինանսական աջակցություն (վարկավորում)` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի միջոցով` առավելագույնը 1 մլն դրամ, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով: Լավագույն գնահատականի արժանացած գործարար ծրագրերը կներկայացվեն վարկավորման. ընդ որում, վարկային պարտավորությունը 100 տոկոսով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:

Ձևավորված դրամագլխի համալրման նպատակով ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ կշարունակվի միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների ու նրանց կողմից իրականացվող ծրագրերի հետ բանակցությունների վարման գործընթացը:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրում սկսնակ գործարարների ներգրավման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրով համապատասխան աջակցություն կարող են ստանալ նաև զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցում անցած և պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն ստացած անձինք` ներկայացվող պահանջներին համապատասխանելու դեպքում:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը կիրականացվի նաև «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/Միացյալ ազգերի զարգացման ծրագիր» համատեղ ծրագրի շրջանակներում: Հաշվի առնելով այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների գծով նախորդ տարիներին ձեռք բերված փորձը` 2008 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը կատարելագործելու և ընդլայնելու ուղղությամբ:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը 2008 թվականին կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում` մրցութային կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

 

5.4. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից

տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու դրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:

Այս ուղղությամբ կշարունակվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից մշակված փոքր և միջին ձեռնարկություններում նորարարությունների, նոր տեխնոլոգիաների և նոր արտադրատեսակների ներդրման հետազոտական և մշակման աշխատանքներին աջակցության ծրագրի իրականացման գործընթացը, որի շրջանակներում նախապես մշակված հարցաթերթիկների միջոցով կհավաքագրվեն ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացվող գործարար գաղափարներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում ինչպես գործող, այնպես էլ սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից իրատեսական նախաձեռնություններ ներկայացնելու պարագայում դրանց առևտրայնացման նպատակով վերջիններիս կցուցաբերվի տեխնիկական աջակցություն:

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ուղղությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման և նորարարական բաղադրիչ պարունակող նախաձեռնությունների իրագործմանը ֆինանսական աջակցության ցուցաբերման նպատակով 2008 թվականին բանակցություններ կվարվեն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ:

 

5.5. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող

ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջ մղելը:

Ելնելով նշված նկատառումներից` 2008 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի), սննդամթերքի արտադրության ոլորտում արդյունաբերական վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման և այլ միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման (խորհրդատվական կամ հավաստագրման աշխատանքներ), ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման համակարգերի բարելավման ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի: Աջակցությունն առավելապես կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման նպատակով ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելուն ուղղված աջակցությունը կիրականացվի նաև զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Բացի դրանից, համապատասխան միջոցառումներ կիրականացվեն նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, մասնավորապես, ճանաչված ինտերնետային կայքերում ՓՄՁ-ի սուբյեկտների և նրանց կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվության (մի քանի լեզուներով) տեղադրման ուղղությամբ, ինչը կխթանի տեղական և միջազգային շուկայում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) առաջմղումը, որն էլ, վերջին հաշվով, կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:

 

5.6. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական

աջակցություն

 

Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների կազմման ու ներկայացման, հարկային ու մաքսային ձևակերպումների և այլ կարևոր ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

2008 թվականին կշարունակվի Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի հիման վրա գործարարությանն առնչվող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների մասին ամփոփ տեղեկատվական նյութերի պատրաստման աշխատանքները: Ամփոփ տեղեկատվական նյութերը մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄ-ներ) կողմից փորձաքննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերին` ՓՄՁ-ի սուբյեկտներին համապատասխան տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2008 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մրցութային կարգով ընտրված ԳԾՄ-ների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտներին որակյալ գործարար խորհրդատվության տրամադրման ճանապարհով` վերջիններիս գործունեությանն առնչվող մի շարք կարևոր ուղղություններով, որոնց ընտրությունը կպայմանավորվի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերով, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործարար խորհրդատվության ուղղությամբ իրականացվող ՓՄՁ-ի սուբյեկտների կարիքների ուսումնասիրության արդյունքներով:

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման, ձեռնարկության տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, հաշվապահության վարման և ֆինանսների կառավարման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, իրավաբանական, հարկային և մաքսային ոլորտների, ինչպես նաև այլ ուղղություններով:

Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն խորհրդատվական աջակցության ծրագրերն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու ուղղությամբ, հատկապես` Հայաստանի Հանրապետության մարզերում: Մասնավորապես, կընդլայնվի խորհրդատվական աջակցության տարածաշրջանային ընդգրկվածությունը` ներգրավելով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին:

Բացի դրանից, 2008 թվականի ընթացքում միջոցառումներ կիրականացվեն արտադրության ոլորտում գործող և արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտների հետ երկարատև համագործակցության ապահովման ուղղությամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում նշված ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրելով համալիր գործարար ծառայություններ:

Ծրագրով նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և բիզնեսին աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:

Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում ԶԼՄ-ների միջոցով կապահովվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կշարունակվի հեռարձակվել «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարը, որի միջոցով գործարար համայնքին կներկայացվի տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին: Բացի դրանից, կներկայացվի նաև առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների առաջավոր փորձը: Տեղեկատվության հնարավորինս լայն տարածման նպատակով կպատրաստվեն և կցուցադրվեն նաև կարճ տևողությամբ գովազդային հոլովակներ: Իրականացվող ծրագրերի և միջոցառումների մասին տեղեկատվություն կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ների միջոցով:

2008 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար այլ տեղեկատվությամբ:

2008 թվականին կիրականացվեն աշխատանքներ Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մասին տեղեկատվական բազայի համալրման ուղղությամբ: Գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մասին հավաքագրված տեղեկատվությունը կամփոփվի մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, որը պարբերաբար կհամալրվի գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մասին նոր տեղեկատվությամբ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից յուրաքանչյուր ամիսը 1-2 անգամ, հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, կկազմակերպվեն խմբային հանդիպումներ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը, որոնց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի նաև գործարար համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչը հնարավորություն կտա իրականացվող աջակցության ծրագրերում ներգրավելու ՓՄՁ-ի սուբյեկտների լայն շրջանակ:

 

5.7. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն

 

Ծրագրի շրջանակներում գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով մրցութային կարգով ընտրված կազմակերպությունների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծ մասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները` հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:

Նման դասընթացներին մասնակցությունն սկսնակ գործարարներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ստանալու պարզաբանումներ և ուղեցույցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների, գործող հարկային և մաքսային համակարգերի, ֆինանսների կառավարման, գործարար ու զարգացման ծրագրերի կազմման վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ` կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի, բանակցությունների վարման, վաճառքի հմտության և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:

ՈՒսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով ծրագրի շրջանակներում վերջիններիս համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ` համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ:

Աջակցություն կցուցաբերվի նաև ՓՄՁ-ի սուբյեկտների հատուկ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների կատարելագործման ուղղությամբ` դրանց վերաբերյալ համապատասխան հայտերի առկայության պարագայում:

Ծրագրի շրջանակներում (համաֆինանսավորման սկզբունքով) աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովման ուղղությամբ:

Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչը կնպաստի այդ դասընթացների նկատմամբ պահանջարկի բարձրացմանը: Նշված դասընթացների կազմակերպման գործընթացում կներգրավվեն նաև Երևան քաղաքից դուրս, Հայաստանի Հանրապետության մարզերում գործող, տվյալ ոլորտում մասնագիտացված ԳԾՄ-ները, ինչը Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին հնարավորություն կընձեռի տեղերում մասնակցելու մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին: Բացի դրանից, Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում կկազմակերպվեն հատուկ մասնագիտացված դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Նման դասընթացների նկատմամբ Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների պահանջարկի բացահայտման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերը մարզային համայնքներում կկազմակերպեն գործարար հանդիպումներ, հարցումներ, քննարկումներ:

 

5.8. Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդում

 

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման գործընթացների արդյունավետ կառավարման և ուղղորդման նպատակով ծրագրի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Իրականացվող աջակցության ծրագրերում նպատակային ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավումը հնարավորություն կստեղծի հետագայում դրանց ներուժը տնտեսական զարգացման գործընթացներին ուղղորդելու համար: Այս ամենը հեռանկարում կապահովի տնտեսական աճի կառավարման լծակներ, ինչը թույլ կտա զարգացնել երկրի տնտեսության համար գերակա ուղղությունները և ոլորտները:

Բացի դրանից, ծրագրի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցությամբ ՓՄՁ-ի աջակցության միջոցառումների ընդլայնման և իրականացվող ծրագրերի որակի շարունակական բարելավման, ինչպես նաև Հայաստանի առանձին մարզերում միջազգային պրակտիկայում կիրառվող մեխանիզմների և տնտեսական զարգացման մոդելների, մասնավորապես, ֆինանսական միջոցների մատակարարման շղթաների, բիզնես-ինկուբատորների, կլաստերների ձևավորման և ներդրման ուղղությամբ:

 

5.9. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի

զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում

և իրականացում

 

2008 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ին պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Այս համատեքստում 2008 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:

2008 թվականին աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 

6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 450,000.0 հազ. դրամը:

Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով:

 

7. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |                Միջոցառումը                      |Կատարողը  |Կատարման|

|ը/կ|                                                 |          |ժամկետը |

|___|_________________________________________________|__________|________|

|1. |ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան     |Հայաստանի |2008 թ. |

|   |ենթակառուցվածքների ստեղծում և  ամրապնդում        |ՓՄՁ ԶԱԿ   |ընթաց-  |

|   |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի,      |(համաձայ- |քում    |

|   |մարզային մասնաճյուղերի և  ներկայացուցչությունների|նությամբ) |        |

|   |ամրապնդում ու դրանց գործունեության ընդլայնում,   |          |        |

|   |ինչպես նաև  նոր ներկայացուցչությունների ստեղծում |          |        |

|___|_________________________________________________|__________|________|

|2. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և  ներդրումային   |Հայաստանի |սկսած   |

|   |աջակցություն                                     |ՓՄՁ ԶԱԿ   |2008 թ. |

|   |ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների|(համաձայ- |1-ին    |

|   |տրամադրման ծրագիր                                |նությամբ) |եռամսյա-|

|   |ՓՄՁ-ի սուբյեկտներին լիզինգային ծառայություններից |          |կից     |

|   |օգտվելու աջակցության ծրագիր                      |          |        |

|___|_________________________________________________|__________|________|

|3. |Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն |Հայաստանի |սկսած   |

|   |                                                 |ՓՄՁ ԶԱԿ   |2008 թ. |

|   |                                                 |(համաձայ- |2-րդ    |

|   |                                                 |նությամբ) |եռամսյա-|

|   |                                                 |          |կից     |

|___|_________________________________________________|__________|________|

|4. |ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և        |Հայաստանի |2008 թ. |

|   |ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն |ՓՄՁ ԶԱԿ   |ընթաց-  |

|   |                                                 |(համաձայ- |քում    |

|   |                                                 |նությամբ) |        |

|___|_________________________________________________|__________|________|

|5. |ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի   |Հայաստանի |սկսած   |

|   |(մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն |ՓՄՁ ԶԱԿ   |2008 թ. |

|   |աջակցություն                                     |(համաձայ- |1-ին    |

|   |                                                 |նությամբ) |եռամսյա-|

|   |                                                 |          |կից     |

|___|_________________________________________________|__________|________|

|6. |ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և      |Հայաստանի |սկսած   |

|   |խորհրդատվական աջակցություն                       |ՓՄՁ ԶԱԿ   |2008 թ. |

|   |                                                 |(համաձայ- |1-ին    |

|   |                                                 |նությամբ) |եռամսյա-|

|   |                                                 |          |կից     |

|___|_________________________________________________|__________|________|

|7. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն    |Հայաստանի |սկսած   |

|   |                                                 |ՓՄՁ ԶԱԿ   |2008 թ. |

|   |                                                 |(համաձայ- |1-ին    |

|   |                                                 |նությամբ) |եռամսյա-|

|   |                                                 |          |կից     |

|___|_________________________________________________|__________|________|

|8. |Պետություն-մասնավոր հատված համագործակցության     |ՀՀ առևտրի |2008 թ. |

|   |ամրապնդում                                       |և         |ընթաց-  |

|   |                                                 |տնտեսական |քում    |

|   |                                                 |զարգացման |        |

|   |                                                 |նախարար-  |        |

|   |                                                 |ություն   |        |

|   |                                                 |ՀՀ        |        |

|   |                                                 |շահագրգիռ |        |

|   |                                                 |նախարար-  |        |

|   |                                                 |ություններ|        |

|___|_________________________________________________|__________|________|

|9. |Միջազգային և  օտարերկրյա դոնոր                   |ՀՀ առևտրի |2008 թ. |

|   |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ |և         |ընթաց-  |

|   |(համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում  |տնտեսական |քում    |

|   |և  իրականացում                                   |զարգացման |        |

|   |                                                 |նախարար-  |        |

|   |                                                 |ություն   |        |

|   |                                                 |ՀՀ        |        |

|   |                                                 |շահագրգիռ |        |

|   |                                                 |նախարար-  |        |

|   |                                                 |ություններ|        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1437-Ն
Որոշում