Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0727.220108

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻԿԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի դեկտեմբերի 3-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2005 թվականի մայիսի 16-ին` Վարշավայում: Այն նպատակ ունի կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը)` անկախ վերջինիս դրսևորման ձևից և բնույթից, պաշտպանել թրաֆիկինգի զոհերի իրավունքները, ապահովել մարդկանց շահագործման փաստերի առնչությամբ հարուցված քննությունների և քրեական հետապնդումների արդյունավետությունը, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ոլորտում:

2. Հայաստանի Հանրապետությունը սույն կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

ա) համակարգել և/կամ ամրապնդել ներպետական մարմինների փոխհամագործակցությունը մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը) կանխարգելելու և դրա դեմ պայքարելու գործում, արդյունավետ միջոցների կիրառմամբ մշակել այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնցում առաջնային դիրքերում կլինեն մարդու իրավունքների, ներառյալ երեխաների շահերի պաշտպանությունը, գենդերային հավասարությունը,

բ) ձեռնարկել կամ ամրապնդել օրենսդրական, վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և այլ միջոցներ, որոնք կնպաստեն մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման բոլոր ձևերի պահանջարկի վերացմանը,

գ) բոլոր, այդ թվում օրենսդրական միջոցներով ուժեղացնել սահմանների վերահսկողությունը, չխախտելով անձանց ազատ տեղաշարժման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները,

դ) թրաֆիկինգը կանխարգելող և դրա դեմ պայքարող իրավասու մարմինները համալրել համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով, գործադրելով բոլոր հնարավոր միջոցները թրաֆիկինգի զոհերին հայտնաբերելու համար, անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև կոնվենցիայի մասնակից այլ պետությունների և համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, իսկ զոհին հայտնաբերելու դեպքում վերջինիս տրամադրել կացության թույլտվություն,

ե) պաշտպանել զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը, վերջիններիս վերաբերող անձնական տվյալները պահպանել և օգտագործել «Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակումից անձանց պաշտպանության մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

3. Կոնվենցիայում կարևորվում են նաև այնպիսի հարցեր, որպիսիք են` զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանը նպաստող օրենսդրական կամ այլ միջոցների կիրառումը, զոհին կացության կարգավիճակ տրամադրելը, զոհերի` անվճար իրավաբանական խորհրդատվություն և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, զոհի վնասների փոխհատուցման երաշխավորումն ապահովող օրենսդրական և այլ միջոցների ձեռնարկումը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև տուժած երեխաներին չվերադարձնել որևէ պետություն, եթե հիմք կա ենթադրելու, որ դա չի բխում երեխայի լավագույն շահերից, վերը թվարկված միջոցները կիրառելիս` խթանել գենդերային հավասարությունը և վարել գենդերային իրավահավասարությանն ուղղված քաղաքականություն:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձված մարդկանց շահագործման քրեականացմանը և դրա հետ կապված մի շարք հարցերի, ինչպիսիք են` իրավաբանական անձանց պատասխանատվությունը, պատժամիջոցների կիրառումը, ծանրացուցիչ հանգամանքների թվարկումը և այլն:

Նախատեսված է նաև մոնիտորինգի մեխանիզմ, որով ստեղծվելու է թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբ` իր կանոնակարգով, որը պետք է վերահսկի, թե Կողմերն ինչպես են իրականացնում սույն կոնվենցիան:

Կոնվենցիան սահմանում է նաև գնահատման ընթացակարգը, նախատեսում է տեղեկատվության փոխանակման, խնդրո առարկա փաստաթղթում փոփոխություններ կատարելու, վերջինիս ուժի մեջ մտնելու, դրան միանալու, միանալու մասին ծանուցելու, կոնվենցիան չեղյալ հայտարարելու կարգն ու ժամկետները:

4. Սույն կոնվենցիան լրացնում է միջազգային պայմանագրերի այն շարքը, որոնք արդեն իսկ վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը: Դրանք են. «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգի) կանխարգելման, արգելման և պատժի մասին», «Ցամաքով, ծովով կամ օդով մարդկանց ապօրինի սահմանահատման դեմ» արձանագրությունները, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից «Երեխաների առքուվաճառքի, մանկական մարմնավաճառության ու մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված հակամարտություններում երեխաների մասնակցության մասին» արձանագրությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2008 թվականի

ՍԴՈ-727

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2008
N ՍԴՈ-727
Որոշում