Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 10-ՐԴ, 48-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում                 Գործ ՎԲ-195/07

դատավճիռ կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ռ. Ափինյան

դատավորներ` Հ. Տեր-Ադամյան, Ժ. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

           26 հոկտեմբերի 2007 թ.                       ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Տ. Սահակյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Մ. Սիմոնյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղար`                 Ք. Մարտիրոսյանի         

                   մասնակցությամբ

                   դատախազ`                   Գ. Ջհանգիրյանի

                   տուժողի և քաղհայցվորի

                   ներկայացուցիչ`             Լ. Սահակյան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Հրաչի Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Գագիկ Հրաչի Ազատյանը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կարգով նախորդ դատավճռով նշանակված պատժից մասնակիորեն` 3 ամիս ազատազրկումը գումարելով, Գ. Ազատյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալի շահերի պաշտպանը և քաղհայցվորի ներկայացուցիչը:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, պաշտպանի, տուժողի և քաղաքացիական հայցվորի ներկայացուցչի բողոքների հիման վրա վերստին քննելով գործը, 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի դատավճիռը թողել է անփոփոխ, վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Գագիկ Ազատյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

Ախթալայի լեռնահարստացման համակարգի վերականգնման և գունավոր մետաղների խտանյութի արտադրության կազմակերպման նպատակով 2000 թվականի մարտի 1-ին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ և «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի միջև կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր: Դրա համաձայն` վերջինիս կողմից ներդրված գումարներով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում 2000 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Գագիկ Ազատյանն իրականացրել է կոմբինատի վերակառուցման և վերականգնման աշխատանքներ: Կանխիկ գումարով սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն, գործով դատապարտյալ Գ. Ազատյանի հրամանով ստեղծվել է գնման հանձնաժողով: Նշված ծրագրի իրականացման ընթացքում Գ. Ազատյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ներդրված գումարներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ ձեռք բերված ապրանքանյութական արժեքների իրական գները գնման հանձնաժողովից թաքցնելով, հանձնարարել է հանձնաժողովի նախագահին իր կողմից ներկայացված և ձեռք բերվածից ավել նշված գների ցուցակով կազմել շուկայից ձեռքբերման միակողմանի գնման ակտեր և այդ միջոցով յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 9.155.500 ՀՀ դրամ:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ վճռաբեկ բողոքի` Գագիկ Ազատյանի հարազատները նրա կողմից հանցագործությամբ «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիային պատճառված 9.155.400 ՀՀ դրամի չափով նյութական վնասն ամբողջությամբ վերականգնել են, ներկայացնելով վճարման վերաբերյալ բանկային համապատասխան անդորրագիր, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն, հանդիսանում է պատիժը մեղմացնող հանգամանք: Բացի այդ, Գագիկ Ազատյանը ֆիզիկապես վատառողջ է, 3-րդ կարգի հաշմանդամ է:

Գագիկ Ազատյանի վերաբերյալ քրեական գործով բողոքի քննարկումը և բավարարումը էական նշանակություն կունենա պատիժ նշանակելիս հաշվի առնել հափշտակության վերաբերյալ գործերով հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցված լինելը:

Բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Գագիկ Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռները, Գագիկ Ազատյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառել` նրան ազատելով կալանքից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավճիռ կայացնելիս դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաջորդականությամբ լուծելով այն հարցերը, թե ենթակա է արդյո՞ք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար և ի՞նչ պատիժ պետք է նշանակվի նրա նկատմամբ, պետք է լուծի նաև այն հարցը, թե ամբաստանյալն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

Նշանակված պատիժը կրելու պարտականությունից ազատելու հնարավորություն է նախատեսում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված` պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի այն դրույթները, որոնք վերաբերում են պատժին և պատժի նպատակներին: Նշված դրույթներն են, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածները, որոնք սահմանում են պատժի նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Նշված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով գործի հանգամանքները` կատարած հանցագործության առանձնահատկությունները, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները միայն դատարանը կարող է հանգել որոշակի հետևության, թե հանցանք կատարած անձի կողմից պատիժը կրելն անհրաժեշտ պայման է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին հասնելու համար, թե ոչ:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման օրենսդրական պայմանները Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է և այդ խնդրի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192 որոշմամբ:

Սույն գործով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով լուծելով այն հարցերը, թե ենթակա է արդյո՞ք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար և ի՞նչ պատիժ պետք է նշանակվի նրա նկատմամբ, հանգել են ճիշտ հետևության` Գագիկ Ազատյանի նկատմամբ ընտրված պատժատեսակի և պատժաչափի հարցում: Սակայն դատարանները, անտեսելով լուծման ենթակա նաև այն հարցը, թե ամբաստանյալն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, քննարկման առարկա չեն դարձրել նշանակված պատիժը Գագիկ Ազատյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցը:

Ըստ գործի տվյալների` Գագիկ Ազատյանը նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է` տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ, 3-րդ կարգի հաշմանդամ է, համաձայն թիվ 0401002 վճարման հանձնարարականի հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է, ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը: Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները գործի նյութերում բացակայում են:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ սույն գործի փաստական տվյալները հնարավորություն են տալիս դատարանին գալ այն համոզման, որ տվյալ գործով դատապարտյալ Գագիկ Ազատյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

Նշված նկատառումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռները Գագիկ Ազատյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու մասով պետք է փոփոխել և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

Այսպիսով, դատարանները թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն հիմք է հանդիսանում Գագիկ Ազատյանի նկատմամբ կայացված դատավճիռները բեկանելու և փոփոխելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին որպես պատճառված վնասի հատուցում մուծված ՀՀ դրամ գումարը պետք է փոխանցել «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի հաշվին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` ՀՀ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Գագիկ Հրաչի Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռները բեկանել և փոփոխել. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

Գագիկ Հրաչի Ազատյանին անհապաղ ազատել ազատազրկման ձևով պատժի կրումից:

ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին մուծված 9.155.400 (ինը միլիոն մեկ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումարը փոխանցել «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի հաշվին` որպես պատճառված վնասի հատուցում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Տ. Սահակյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2007
N ՎԲ-195/07
Որոշում