Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶ ...

 

 

020.0733.050208

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5 ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115 ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 փետրվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող քաղ. Ա. Հարությունյանի ներկայացուցիչ Հ. Ալումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Աշոտ Հարությունյանի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հունիսի 13-ին ընդունված` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի և 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղ. Ա. Հարությունյանի` սահմանադրական դատարանում 03.07.2007թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով վեճի առարկա օրենքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2005 թվականի հունվարի 18-ին, ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 10-ին: Օրենսգրքի վիճարկվող 115 հոդվածը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. հունիսի 13-ին ընդունված` «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով, որը ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2006թ. հունիսի 16-ին և ուժի մեջ է մտել 2006թ. հուլիսի 21-ին: Նշված օրենքով օրենսգրքի 115 հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Այն փոփոխվել է նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-268-Ն օրենքով, որը ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 8-ին և ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է 2007թ. դեկտեմբերի 19-ին:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. հունիսի 13-ին ընդունված` «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա օրենսգրքի վեճի առարկա 115 հոդվածը վերնագրված է. «ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»: Հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդագրի հետ ներկայացվում է նաև դատապարտյալի անձնական գործը:

3. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշումը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի` հավանություն չտալու մասին որոշումն ստանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը քննարկում է հավանություն չստանալու որոշումը կայացվելուց երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացվելուց վեց ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

4. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները օրենսդրությանը հակասելու դեպքում կարող են բողոքարկվել դատական կարգով: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ»:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007թ. նոյեմբերի 13-ին նույնպես փոփոխություններ են կատարվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի` քննության առարկա գործի հետ անմիջական առնչություն ունեցող 114 և 115 հոդվածներում և օրենսգիրքը լրացվել է նոր` 115.1 հոդվածով: Համաձայն այդ փոփոխությունների` օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասում «Դատապարտյալին» բառը փոխարինվել է «Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին» բառերով: Այդ մասը լրացվել է նաև հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115.1-րդ հոդվածին համապատասխան»:

Օրենսգրքի 115 հոդվածի վերնագիրը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը»: Նույն հոդվածի 4-րդ մասից հանվել է «օրենսդրությանը հակասելու դեպքում» բառերը:

Օրենսգրքի 115.1 հոդվածը վերնագրված է «Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը»: Այն նախատեսում է.

«1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում կարգապահական գումարտակի հրամանատարը մեկամսյա ժամկետում պարտադիր միջնորդագիր է ներկայացնում դատարան` կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի հետ դատարան է ներկայացվում նաև դատապարտյալի անձնական գործը:

3. Դատարանի կողմից միջնորդությունը մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել դատարան` մերժման որոշումը կայացվելուց հետո ոչ շուտ, քան վեց ամիս անց:

4. Կարգապահական գումարտակի հրամանատարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չկատարելը կարող է բողոքարկվել դատական կարգով»:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-67-Ն օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի հունիսի 13-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հունիսի 16-ին, ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 21-ին: Օրենքի 5 հոդվածով փոփոխության է ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434 հոդվածը, որի 1-ին մասից հանվել է հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունը. «Պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան կարող են ներկայացնել նաև դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-91-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի մայիսի 25-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հունիսի 20-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 8-ին, նույնպես կատարվել է (հոդվ. 107) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434 հոդվածի ճիշտ նույնաբովանդակ փոփոխություն: Պատասխանող կողմի բացատրությամբ դա ընդունվել է «... ժամանակային փոքր տարբերությամբ» և «... ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկման առարկա հանդիսացող դրույթի առումով իրավական հետևանք չի առաջացնում»: Սահմանադրական դատարանը, երևույթն արտառոց գնահատելով հանդերձ, գտնում է, որ նման իրավիճակում սահմանադրականության հարցով դատարանի կողմից ընդունվող որոշումը հավասարապես պետք է վերաբերի օրենքի հիշյալ երկու փոփոխություններին:

2. Դիմող կողմը վիճարկում է նշված ՀՀ ՀՕ-67-Ն օրենքի 5 և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին, 19 հոդվածի 1-ին մասին և 20 հոդվածի 4-րդ մասին` համակցված 43 և 44 հոդվածների հետ, այն հիմքով, որ վիճարկվող հոդվածների դրույթներով դատապարտյալները զրկվել են վաղաժամկետ ազատելու միջնորդագրով անմիջականորեն դատարան դիմելու հնարավորությունից:

Դիմող կողմն օրենսգրքի 115 հոդվածի սահմանադրականությունը վիճարկում է նաև այն հիմքով, որ այն ոչ միայն դատապարտյալին զրկում է անմիջականորեն դատարան դիմելու հնարավորությունից` ստեղծելով երկակի միջնորդավորված կարգ, այլ նաև այն հիմքով, որ թույլ չի տալիս բողոքարկել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները:

Դիմող կողմը գտնում է, որ ոչ միայն խախտվել է Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասում ամրագրված իր իրավունքը, այլև հաշվի չեն առնվել նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2003) 22 հանձնարարականի պահանջները` պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը հնարավորություն չի տալիս դատապարտյալին անմիջականորեն դիմել դատարան, իսկ նույն հոդվածի 4-րդ մասն անձին զրկում է իր իրավունքների ու ազատությունների «... ենթադրյալ խախտումը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից»: Ըստ դիմողի` վիճարկվող օրենքները հակասում են Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին, 19 հոդվածի 1-ին մասին և 20 հոդվածի 4-րդ մասին, որոնք պետության վրա պոզիտիվ պարտավորություն են դնում ապահովելու դատապարտյալի` նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքի խախտման դեպքում` արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրելու իրավունքը: Դա ենթադրում է, որ պետք է լինի մարմին, որն իրավասու է քննարկել պատիժը մեղմացնելու հարցը, իսկ այն դեպքում, եթե հարցը քննարկելու ժամանակ խախտվել են անձի իրավունքները և (կամ) ազատությունները, ապա` մարմին, որն իրավասու է վերականգնել խախտված իրավունքները: Ըստ դիմողի` այդ մարմինները դատարաններն են, սակայն վեճի առարկա օրենքները դատարաններին զրկել են այդ լիազորություններից:

3. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկների դեմ` գտնում է, որ ՀՀ Սահմանադրության հիշատակվող նորմերի պահանջները հստակ ապահովվում են ՀՀ օրենսդրությամբ: Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասով երաշխավորված իրավունքը «... պետության կողմից ստեղծված իրավասու մարմիններին դիմելու յուրաքանչյուր դատապարտյալին ընձեռված հնարավորություն է», իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածը նախատեսում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշում ընդունող մարմինը դատարանն է: Միաժամանակ, ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը սահմանում են այդ հարաբերությունների բոլոր մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Ըստ պատասխանողի` մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ գլուխը նվիրված է պատժից ազատելու ինստիտուտին և հստակ սահմանված են ինչպես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, այնպես էլ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հիմքերը:

Պատասխանող կողմի կարծիքով, ՀՀ Սահմանադրությունը, ամրագրելով յուրաքանչյուր դատապարտյալի` ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքը, ուղղակիորեն չի նշում, թե ում է ուղղված խնդրանքը, առավել ևս չի նշում, որ խնդրանքն ուղղակիորեն դատապարտյալի կողմից պետք է ներկայացվի խնդրանքի լուծման իրավազորություն ունեցող մարմնին` նշված հարցի լուծումը թողնելով օրենսդրի կարգավորմանը:

Պատասխանողը գտնում է, որ «... եթե խախտվել է դատապարտյալի` ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու` Սահմանադրությամբ երաշխավորված խնդրանքի (և ոչ թե խնդրանքի բավարարման) իրավունքը (օրինակ, իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով չի ընդունել կամ քննել խնդրանքը կամ պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում չի լսել կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006թ.-ի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի 7-րդ կետով սահմանված կարգով ենթահանձնաժողովը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը չի այցելել պատիժ կատարող հիմնարկ, չի ծանոթացել դատապարտյալի անձնական գործին կամ մեկուսի չի հանդիպել նրա հետ), վերջինս միանշանակորեն կարող է օգտվել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից»:

i

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է յուրաքանչյուր դատապարտյալի` ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքը: Համաձայն այդ հոդվածի` ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքը վերապահված է յուրաքանչյուր դատապարտյալի: Սահմանադրության 43 հոդվածը 20 հոդվածի 4-րդ մասում ամրագրված իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: ՀՀ Սահմանադրության 44 հոդվածին համապատասխան` այդ իրավունքը չի կարող նույնիսկ օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

Ներման ինստիտուտն իրենից ներկայացնում է հանցագործություն կատարած անձի նկատմամբ` մարդու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, արդարության սահմանադրական սկզբունքների անմիջական գործողության դրսևորում: Ըստ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 17-րդ կետի` ներում շնորհելը ՀՀ Նախագահի բացառիկ իրավասությունն է:

Ներման դրսևորման ձևերը բացահայտված են ՀՀ քրեական օրենսգրքի 83 հոդվածում: Վերջինիս համաձայն` «հանցագործության համար դատապարտված անձը ներման ակտով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»: Հոդվածի բովանդակությունը վկայում է, որ օրենքը տարբերակում է ներման երկու տարատեսակ` լրիվ ներում (պատժից լրիվ ազատում, ներառյալ` հետևանքները) և մասնակի ներում (պատժից մասնակի ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով): Ներում շնորհելու գործընթացը կարգավորվում է ՀՀ Նախագահի 2003թ. նոյեմբերի 19-ի` «Ներման խնդրագրերի կարգը հաստատելու մասին» հրամանագրով:

Ներման ինստիտուտի կիրառման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման ուսումնասիրությունը վկայում է, որ ներում հայցելու իրավունքի իրացման համար որևէ նախապայման սահմանված չէ, ներում կարող է հայցել յուրաքանչյուր դատապարտյալ, ներումը կարող է շնորհվել յուրաքանչյուր դատապարտյալի` անկախ կատարված հանցագործության բնույթից, ծանրությունից ու այլ հանգամանքներից (մասնավորապես, պատժաչափից, պատժի կրած մասից): Ներում շնորհելու համար որևէ պարտադիր չափանիշ նախատեսված չէ, այն ամբողջությամբ թողնված է ՀՀ Նախագահի հայեցողությանը. Նախագահի` ներում շնորհելու իրավունքը սահմանափակված չէ ո՛չ դատապարտյալների շրջանակով, ո՛չ հանցագործությունների բնույթով, ո՛չ պատժատեսակներով ու պատժաչափերով:

Ներման ինստիտուտի օրենսդրական կարգավորումը վկայում է այն մասին, որ ներման խնդրանքի իրավունքի իրացման համար որևէ սահմանափակում նախատեսված չէ, հետևաբար, ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասի դրույթին համահունչ, ներում հայցելու իրավունքից կարող է օգտվել յուրաքանչյուր դատապարտյալ, և ՀՀ Նախագահը ներում կարող է շնորհել յուրաքանչյուր դատապարտյալի:

5. Մարդասիրության սկզբունքի դրսևորման ձևերից է նաև դատապարտյալին պատժից ազատելու քրեաիրավական ինստիտուտը: Այդ ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ հանցագործության համար դատապարտված անձը, քրեական օրենքով նախատեսված հիմքերով, կարող է դատարանի կողմից փաստացիորեն ազատվել պատժի հետագա կրումից: Պատժից ազատելու համար նյութական հիմք է հանդիսանում պատիժը կրելու աննպատակահարմարությունը կամ անհնարինությունը, հաշվի առնելով տվյալ դատապարտյալի` հանրորեն վտանգավոր լինելու հանգամանքի վերացումը, դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման փաստը կամ քրեական իրավունքի փոփոխությունը: Պատժից ազատելու ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ թույլ տալով անտեսել քրեական հարկադրանքի միջոցները, խթանում է դատապարտյալի վերադաստիարակումը, նպաստում է նրա ընտելացմանն իրավակարգի պահանջներին, սոցիալական վարքագծի կանոններին, ինչպես նաև բացառում է պատժի կիրառումն այն դեպքերում, երբ պատժի կիրառման նպատակներին հասնելը դառնում է ոչ իրական:

Այս ինստիտուտի դրսևորման` ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված ձևերն են` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը (ՀՀ ՔՕ 76 հոդված), պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը (ՀՀ ՔՕ 77 հոդված), հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը (ՀՀ ՔՕ 78 հոդված), պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով (ՀՀ ՔՕ 79 հոդված), պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով (ՀՀ ՔՕ 80 հոդված), ինչպես նաև պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով (ՀՀ ՔՕ 81 հոդված): Նշված ձևերից յուրաքանչյուրի կիրառման դեպքում դատապարտյալը պետք է բավարարի քրեական օրենսդրությամբ սահմանված որոշակի պայմաններ ու հիմքեր, որով սահմանափակվում է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ դրանք կարող են կիրառվել: Այսպես. ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածի համաձայն` պայմանական վաղաժամկետ ազատումը հնարավոր է միայն այնպիսի պատժատեսակների դեպքում, ինչպիսիք են ազատազրկումը և կարգապահական գումարտակում պահելը: Պայմանական վաղաժամկետ ազատումը հնարավոր է, եթե դատապարտյալը փաստացի կրել է դատարանի կողմից սահմանված պատժի որոշակի մասը: Ելնելով հանցագործության ծանրությունից` պայմանական վաղաժամկետ ազատման համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսել է տարբեր ժամկետներ: Պատժից ազատելու այս ձևը կիրառվում է, եթե դատարանը գտնում է, որ դատապարտյալն ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

ՀՀ ՔՕ 77, 80 հոդվածներում նախատեսված` պատժից ազատելու ձևերը կիրառելի են միայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկված դատապարտյալների նկատմամբ:

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ, ի տարբերություն պատժից ազատելու մնացած ձևերի, պատժից ազատելու խնդրո առարկա ձևն իր բնույթով հանդիսանում է պայմանական, քանի որ պատժից ազատվող դատապարտյալը գտնվում է վերահսկողության ներքո, նրա վրա դրվում են որոշակի պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին:

Պատժից ազատելու պայմանական բնույթը պայմանավորում է մեկ այլ առանձնահատկություն ևս (այս առանձնահատկությունը վերաբերում է նաև ՔՕ 78 հոդվածով նախատեսված` պատժից ազատելու ձևին), այն է` եթե պատժից ազատելու մյուս ձևերի կիրառման արդյունքում վերացվում են կատարված հանցագործության բոլոր հետևանքները, ապա պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալը մինչև դատարանի կողմից նշանակված պատժաժամկետի ավարտը շարունակում է համարվել դատվածություն ունեցող, ինչը հաշվի է առնվում փորձաշրջանում հանցագործություն կատարելու դեպքում պատիժ նշանակելիս (պատիժ նշանակվում է դատավճիռների համակցությամբ (ՔՕ հոդված 67)):

6. Ներման ինստիտուտի և պատժից ազատելու քրեաիրավական ինստիտուտի, այդ թվում` նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակության վերլուծությունը վկայում է, որ այդ երկու ինստիտուտների միջև հիմնական բովանդակային սկզբունքային տարբերությունը կայանում է նրանում, որ, ի տարբերություն ներման ինստիտուտի, պատժից ազատելու ինստիտուտի դրսևորման բոլոր ձևերի, այդ թվում` նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կիրառման համար նախատեսված են որոշակի պայմաններ և հիմքեր, որոնք սահմանափակում են այդ ձևերից օգտվելու հնարավորություն ունեցող դատապարտյալների շրջանակը, ինչի արդյունքում նման հնարավորությունը չի տարածվում յուրաքանչյուր դատապարտյալի վրա: Մինչդեռ ներում հայցելու իրավունքի իրացումը որևէ նախապայմանով պայմանավորված չէ, ինչի արդյունքում որևէ կերպ չի սահմանափակվում ներում հայցելու իրավունք ունեցող դատապարտյալների շրջանակը` անկախ պատիժը կրելու ժամկետից, և, հետևաբար, այդ իրավունքից կարող է օգտվել յուրաքանչյուր դատապարտյալ:

Ելնելով վերոշարադրյալից, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասում կիրառված` «նշանակված պատիժը մեղմացնել» եզրույթի այնպիսի մեկնաբանությունը, որի դեպքում այդ եզրույթը ներառում է նաև պատժից ազատելու ինստիտուտը, անհամատեղելի է այդ դրույթի բովանդակության հետ և դուրս է այդ դրույթի տրամաբանության շրջանակներից: Պատժից ազատելու ինստիտուտի ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ այն գործում է միայն որոշակի պայմանների և հիմքերի առկայության դեպքում, հետևաբար` նաև դատապարտյալների որոշակի շրջանակի համար: ՈՒստի պատժից ազատելու ինստիտուտի և դրա առանձին դրսևորումների տրամաբանությունն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասում ամրագրված դրույթի հետ, որտեղ «նշանակված պատիժը մեղմացնել» եզրույթն օգտագործված է և ենթակա է ընկալման մասնակի (պատիժը մեղմացնող) ներում իմաստով, ինչպես այն ներկայացված է ՀՀ քրեական օրենսգրքի 83 հոդվածում:

Ավելին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում օրենքը նախատեսում է նաև այն վերացնելու հնարավորություն: Պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքը ենթադրում է, որ այդ խնդրանքի բավարարումը պետք է լինի վերացման ոչ ենթակա: ՈՒստի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտն այս առումով ևս անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասի տրամաբանության հետ:

Հաշվի առնելով ներման և պատժից ազատելու ինստիտուտների, դրանց բովանդակության, էության, սոցիալական նշանակության և նպատակների միջև առկա սկզբունքային և անհամատեղելի առանձնահատկություններն ու տարբերությունները, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 4-րդ մասում խոսքը վերաբերում է ոչ թե ներման և պատժից ազատելու տարաբնույթ երկու առանձին ինստիտուտներին, այլ ներման ինստիտուտի գործադրման երկու տարատեսակներին` ներման լրիվ և մասնակի ձևերին:

Ինչպես հստակ նշվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003թ. սեպտեմբերի 24-ին ընդունած թիվ (2003) 22 հանձնարարականում, պայմանական վաղաժամկետ ազատումը չի ներառում համաներումը կամ ներումը: Այն ենթադրում է դատապարտված բանտարկյալներին ժամկետից շուտ ազատելը` ազատվելուց հետո ընկած ժամանակահատվածի անհատականացված պայմանների ներքո (հանձնարարականի հավելված, մաս առաջին, կետ 1-ին): Նույն հանձնարարականում որպես ընդհանուր սկզբունքներ են դիտարկվում, որ պայմանական վաղաժամկետ ազատման նպատակն է օգնել բանտարկյալներին «անցում կատարել բանտի կյանքից դեպի համայնքի օրինապահ կյանք»` միաժամանակ ապահովելով հանրության անվտանգությունը: Ընդ որում, եթե ներման կամ համաներման դեպքում խոսքը վերաբերում է ներմանը կամ նշանակված պատիժը մեղմացնելուն, ապա այս դեպքում գործ ունենք «պայմանական ազատման» ինստիտուտի հետ: Վերջինս ենթադրում է, նախ. օրենսդրությամբ նախատեսվող պայմաններ ու համապատասխան վերահսկողություն, ապա, այդ պայմանները չպահպանելու դեպքում` համապատասխան իրավական հետևանքներ:

7. ՀՀ գործող օրենսդրության, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 70 և 76 հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434 հոդվածի դրույթների վերլուծությունը վկայում է, որ

ա) պայմանական վաղաժամկետ ազատման և համապատասխան վերահսկողական պայմանների սահմանման իրավասությունը վերապահված է դատարանին` պատժի կիրառումն իրականացնող մարմնի միջնորդության դեպքում,

բ) այն իրականացվում է օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում և պայմանավորված չէ դատապարտյալների դիմումով կամ խնդրանքով, այլ վերաբերում է բոլոր այն բանտարկյալներին, որոնք համապատասխանում են օրինապահ քաղաքացիներ դառնալու նվազագույն երաշխիքներին,

գ) օրենքը տարբերակված մոտեցում է ցուցաբերում տարբեր հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ,

դ) նախատեսվում են ներգործուն միջոցներ` վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար,

ե) վաղաժամկետ ազատման նպատակը բոլոր դատապարտյալների համար նախապես հայտնի խրախուսելի հնարավորություն է` հանրային ազատ կյանքին սահուն անցում կատարելու համար, առանց վտանգելու հասարակական կարգն ու այլոց իրավունքներն ու ազատությունները,

i

զ) Հայաստանի Հանրապետությունը վաղաժամկետ ազատելու հարցը որոշելու համար որդեգրել է, այսպես կոչված, հայեցողական ազատման համակարգը, որն առկա է նաև եվրոպական շատ երկրներում: Այդ համակարգի բնորոշ առանձնահատկություններից ելնելով է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434, 437, 438 հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114, 115 և 115.1 հոդվածներով, ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 24-ի թիվ 1304-Ն որոշմամբ, ինչպես նաև ՀՀ Նախագահի 2006թ. հուլիսի 31-ի թիվ ՆՀ-163-Ն հրամանագրով սահմանվել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգերը:

8. Պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերոհիշյալ հանձնարարականը պարունակում է մի շարք սկզբունքային դրույթներ, որոնք էական նշանակություն ունեն իրավական պետությունում պայմանական վաղաժամկետ ազատման այս կամ այն մոդելի ընտրության հարցում: Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս բազմաթիվ այլ երկրների, որդեգրել է «հայեցողական ազատման» համակարգը, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաձայն վերոհիշյալ Հանձնարարականի` հայեցողական ազատման համակարգի դեպքում.

ա) նվազագույն ժամկետը, որը բանտարկյալները պետք է կրեն պայմանական վաղաժամկետ ազատվելուն ենթակա լինելու համար, պետք է սահմանված լինի օրենքով,

բ) պետք է ձգտել որոշումը կայացնել բանտարկյալի կողմից նվազագույն ժամկետը կրելուց հետո որքան հնարավոր է շուտ,

գ) պայմանական վաղաժամկետ ազատելու համար պահանջվող չափանիշները պետք է լինեն պարզորոշ և հստակ: Դրանք պետք է լինեն նաև իրական` այն իմաստով, որ պետք է հաշվի առնեն բանտարկյալների անձը, սոցիալական և տնտեսական հանգամանքները, ինչպես նաև վերաբնակեցման ծրագրերի առկայությունը,

դ) պայմանական վաղաժամկետ ազատելուց հետո աշխատանքի հնարավորությունների բացակայությունը կամ մշտական ապրելավայր ունենալու բացակայության հանգամանքը չպետք է հիմք հանդիսանան այն մերժելու կամ հետաձգելու համար,

ե) պայմանական վաղաժամկետ ազատելու չափանիշները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի ազատման թույլտվություն տրվի բոլոր այն բանտարկյալներին, որոնք համապատասխանում են օրինապահ քաղաքացիներ դառնալու նվազագույն երաշխիքներին: Միաժամանակ, իշխանությունները պարտավոր են ցույց տալ, որ բանտարկյալը չի համապատասխանում այդ չափանիշներին,

զ) եթե որոշում կայացնող մարմինը որոշում է մերժել պայմանական վաղաժամկետ ազատելը, այն պետք է սահմանի հարցը վերանայելու օր: Բոլոր դեպքերում, բանտարկյալները պետք է հնարավորություն ունենան կրկին դիմել որոշում կայացնող մարմնին` այն պահից, երբ իրենց իրավիճակն էականորեն փոխվել է հօգուտ իրենց:

ՀՀ գործող օրենսդրության համեմատական վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, պարզորոշ ու հստակ սահմանված չեն պայմանական վաղաժամկետ ազատելու համար պահանջվող չափանիշները: ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների, քրեական դատավարության օրենսգրքի ու քրեակատարողական օրենսգրքի` քննության առարկա դրույթների ու դրանց փոփոխությունների, համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համեմատական վերլուծությունը վկայում է, որ իրավաչափ կլիներ, որպեսզի պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ողջ գործընթացը (այդ թվում` ժամկետները, չափանիշները, պետական մարմինների գործունեության կարգը և հայեցական լիազորությունների շրջանակը)` ՀՀ կողմից որդեգրված կոնկրետ կարգի շրջանակներում, առավել հստակ սահմանվեր օրենսդրությամբ:

9. Դիմողի այն պնդումը, որ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով անմիջականորեն դատարան դիմելու հնարավորությունից զրկելը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի պահանջներին, հիմնավոր չէ: Նշված հարցով անմիջական դատարան դիմելու հնարավորությունը չի առնչվում դատական պաշտպանության իրավունքին: ՀՀ Սահմանադրության 18 հոդվածը երաշխավորում է դատական պաշտպանության իրավունքը, երբ առկա է խախտված իրավունքների պաշտպանության խնդիր: Մինչդեռ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման քրեաիրավական ինստիտուտի բովանդակությունը կազմում է պետության կողմից հումանիզմի դրսևորում հանդիսացող` դատապարտյալին տրվող իրավական հնարավորություն, այլ ոչ թե դատապարտյալի` պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք: Այդ մասին է վկայում այդ ինստիտուտի կիրառման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը. մասնավորապես, դատապարտյալն ինքը կամ նրա ներկայացուցիչը պատժից վաղաժամկետ ազատելու ներկայացման գործընթացի նախաձեռնությանը մասնակցություն չի ունենում. ներկայացման հարցն օրենքի ուժով, համապատասխան ժամկետը լրանալուց հետո, առանց դատապարտյալի խնդրանքի կամ դիմումի (սակայն նրա համաձայնությամբ), պարտադիր կարգով քննության է առնում քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը: Հետևաբար, այս դեպքում չի կարող խոսքը վերաբերել խախտված իրավունքին, հետևաբար` նաև դրա դատական պաշտպանությանը: Նման հարց կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խախտվել է պայմանական վաղաժամկետ ազատման` օրենքով սահմանված կարգը:

Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով անմիջականորեն դատարան դիմելու հնարավորությունից զրկելը հակասում է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին` խախտելով դատարանի մատչելիության իրավունքը, ապա հարկ է նշել, որ նշված հարցով դատարան դիմելու ոչ անմիջական հնարավորությունը չի առնչվում դատարանի մատչելիության իրավունքին: ՀՀ Սահմանադրության 19 հոդվածը երաշխավորում է դատարանի մատչելիության իրավունքը, երբ առկա է կամ խախտված իրավունքները վերականգնելու, կամ ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու անհրաժեշտություն: Մինչդեռ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դիմելու դեպքում հարցը չի առնչվում ո՛չ խախտված իրավունքների վերականգնմանը, ո՛չ էլ ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու անհրաժեշտությանը: Նման անհրաժեշտություն կարող է առաջանալ օրենքով նախատեսված կարգի խախտման, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման հարցում օրենքով սահմանված կարգով որոշակի լիազորություն իրականացնող հանձնաժողովների գործողությունների կամ անգործության բողոքարկման առնչությամբ, որի բողոքարկման կարգը նույնպես սահմանվում է օրենքով:

10. Դիմող կողմը վիճարկում է նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությամբ ամրագրված այն դրույթը, որի համաձայն` հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ:

Այս կապակցությամբ, հարկ է նախ անդրադառնալ հանձնաժողովների կարգավիճակին ու գործունեության բովանդակությանը:

Հանձնաժողովներն իրենց բնույթով անկախ են և ընդգրկում են ինչպես պետական կառույցների` համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ հասարակայնության ներկայացուցիչներ: Հանձնաժողովների նախագահների և անդամների լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ ստեղծվում են հանձնաժողովի առնվազն երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովներ, որոնց անդամները պետք է փոխվեն ռոտացիոն կարգով, որպեսզի նույն անձը նույն քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարցերի նախապատրաստմանը մասնակցի ոչ ավելի, քան երեք ամիս անընդմեջ:

i

Անկախ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանող` ՀՀ Նախագահի հրամանագիրը (31.07.2006թ. թիվ ՆՀ-163-Ն) կարող է բողոքարկման առարկա լինել` դրա թե՛ օրենքին և թե՛ Սահմանադրությանը համապատասխան լինելու տեսանկյունից: Այդ հանձնաժողովը որևէ հարց չի կարող քննության առարկա դարձնել, եթե չկա պատիժը կատարող հիմնարկի վարչական հանձնաժողովի որոշումը (այն ստեղծվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասի հիման վրա` ՀՀ կառավարության որոշմամբ): Վարչական հանձնաժողովի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել` ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ մասի: Փաստորեն, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածի 3-րդ մասի հիման վրա ստեղծված անկախ հանձնաժողովը (այդ նորմի սահմանադրականությունը դիմող կողմը չի վիճարկել) իրականացնում է բացառապես վարչական հանձնաժողովի նկատմամբ վերահսկողական լիազորություն: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորվել է նաև իրավակիրառական պրակտիկայով, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդրով, օրենքով նախատեսված պատժամիջոցների իրավական նշանակությունը չիմաստազրկելու անհրաժեշտությամբ, երբ պայմանական վաղաժամկետ ազատումը դառնում է ձևական ու համատարած` առանց դրա իրավական նշանակության ու նպատակի հստակ երաշխավորման: Իսկ վերջինս անմիջականորեն առնչվում է նաև հասարակության անվտանգության և այլոց իրավունքների ու ազատությունների հարգման ու պաշտպանության խնդրին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2006թ. ընդունած` Լեգերն ընդդեմ Ֆրանսիայի վճռում, անդրադառնալով, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա է պայմանական վաղաժամկետ ազատման երեք հիմնական մոդել, այն է` հայեցողական համակարգ, պարտադիր ազատման համակարգ և խառը համակարգ, նշում է, որ հայեցողական համակարգը կիրառելի է անդամ պետությունների մեծամասնությունում: Այս համակարգն ուղղակիորեն կապված է անհատականացման սկզբունքի հետ, քանի որ թույլ չի տալիս ավտոմատ ազատումը:

Նման համակարգի կիրառման դեպքում հիմնական խնդիրներից է, որ տարբեր մարմինների որոշումների հնարավոր անհամապատասխանության հարցը լուծում ունենա: Տվյալ հարցին առնչվող ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ հնարավոր անհամաչափելիության խնդիրը կարող է միայն դատական կարգով իր լուծումն ստանալ, եթե նախապես օրենսդրորեն հստակեցված են այս հարցում տարբեր մարմինների լիազորություններն ու հայեցողության շրջանակները:

Ինչ վերաբերում է հիշատակված գործին, ապա Եվրոպական դատարանը մերժել է դիմողի պահանջը` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ «հասարակությանը հարմարվելու ջանքերի»` դիմողի կողմից մատնանշված չափանիշի կիրառումը ներպետական իշխանությունների կողմից ներպետական օրենսդրության դրույթների մեկնաբանման իրավասության շրջանակներում է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածի 3-րդ մասի հիման վրա ստեղծված հանձնաժողովին առնչվող հարց քննելիս` դատական վերահսկողության խնդիրը ոչ թե այդ մարմնի` օրենսդրությամբ սահմանված բացառիկ գործառույթների կրկնօրինակումը պետք է լինի, այլ նրա որոշումների` օրենսդրությանը համապատասխանելը վերահսկելը: ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի իմպերատիվ պահանջն է, որ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին»: Միայն դատարանը կարող է որոշել իրավական ակտը համապատասխանում է օրենքին, թե` ոչ: Սակայն դատարանը չի կարող իրացնել օրենքով անկախ հանձնաժողովին վերապահված լիազորությունը: Տվյալ պարագայում պետք է գործի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի 3-րդ մասի օրենսդրական կարգավորման այն տրամաբանությունը, որ երբ անկախ հանձնաժողովն իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, և դատարանը հանգում է այն հետևությանը, որ հանձնաժողովի հայեցողական լիազորություններն իրականացվել են օրենսդրությանը ոչ համապատասխան, ապա դատարանի վճռի եզրափակիչ մասը պետք է սահմանի հանձնաժողովի պատասխանատվությունը` իր որոշումն ընդունել կամ կատարել գործողություն` հիմք ունենալով դատարանի իրավական դիրքորոշումը և ապահովել կայացվող որոշման իրավաչափությունը` այն համապատասխանեցնելով օրենքի պահանջներին:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի վիճարկվող հոդվածում ամրագրված այն դրույթը, որը նախատեսում է պատիժը կրող հիմնարկի վարչակազմի որոշումները դատական կարգով բողոքարկելու հնարավորություն, իսկ անկախ հանձնաժողովի որոշումների դատական բողոքարկման հնարավորություն նախատեսում է միայն այն դեպքերում, երբ այդ որոշումը կայացվել է ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ և բացառում է նաև այդ որոշման դատական կարգով բողոքարկումը, եթե այն հակասում է օրենքին, ոչ հետևողական լուծում է և չի երաշխավորում միջազգայնորեն ընդունված և ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կարգի արմատավորում ՀՀ իրավական համակարգում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հունիսի 13-ին ընդունված` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

3. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ մասը` անկախ հանձնաժողովի որոշումն օրենքին հակասելու դեպքում դատական կարգով բողոքարկելը սահմանափակելու մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6, 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածներին հակասող և անվավեր:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

5 փետրվարի 2008 թվականի

ՍԴՈ-733

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.02.2008
N ՍԴՈ-733
Որոշում