Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ դատարանում որոշում                        ՎԲ-212/07

կայացրած դատարանի կազմը`

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

Դատավորներ` Ա. Հովհաննիսյան, Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Տ. Սահակյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Մ. Սիմոնյանի

                                              Ս. Օհանյանի                    

                   քարտուղար                  Ա. Աբրահամյան          

 

                   դատախազ                    Շ. Տիգրանյան  

                   դատապարտյալ                Վ. Մուխսիխաչոյան

                   

2007 թվականի նոյեմբերի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը Վարդան Միգիչի Մուխսիխաչոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Վարդան Միգիչի Մուխսիխաչոյանը ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 18.06.1997 թ. դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 17-99 հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 17-5-99 հոդվածի 4-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով, 232-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով սահմանված կանոններով դատապարտվել է ազատազրկման 15 /տասնհինգ/ տարի ժամկետով, անձնական ամբողջ գույքի բռնագրավումով: Որոշվել է գործով դատապարտված 4 անձանցից համապարտության կարգով հօգուտ տուժողի ներկայացուցչի բռնագանձել 1.000.000 և 4.930.000 ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 22.08.2003 թ. որոշմամբ Վ. Մուխսիխաչոյանի արարքը համապատասխանեցվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 5-րդ կետերին, 34-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, 175-րդ հոդվածի 3-րդ մասին, 235-րդ հոդվածի 1-ին մասին: Նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ` ազատազրկում 15 /տասնհինգ/ տարի ժամկետով:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը 27.08.2007 թ. որոշում է կայացրել Վարդան Միգիչի Մուխսիխաչոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, որը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշմամբ թողնվել է անփոփոխ: Վարդան Մուխսիխաչոյանը պատժից կրել է 11 տարի 7 ամիս 22 օր, պատժի չկրած մասը կազմում է 3 տարի 4 ամիս 8 օր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը, 2007 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, բողոքն ընդունել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Վարդան Միգիչի Մուխսիխաչոյանը դատապարտվել է այն բանի համար, որ 1996 թ. հուլիսի 1-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով, կատարել են ավազակային հարձակում, որի ընթացքում նա օժանդակել է ավազակային հարձակման մյուս մասնակից Կ. Ղայրամանյանին` Կարինե Մխիթարյանին սպանելու, ինչպես նաև Թամարա Բախտիկյանին սպանելու փորձ կատարելու հանցավոր գործողություններում, ինչպես նաև ապօրինաբար պահել և կրել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ և ինքնաշեն ատրճանակ:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի չի առնվել, որ Վարդան Մուխսիխաչոյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն` առանձին դաժանությամբ և շահադիտական դրդումներով: Դատարանը Վարդան Մուխսիխաչոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս անտեսել է պատիժը կրելու սահմանված կարգի խախտումների համար 8 անգամ կարգապահական տույժի ենթարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Վարդան Մուխսիխաչոյանը տուժողի ներկայացուցչին ամբողջ ծավալով չի փոխհատուցել դատավճռով որոշված գումարը: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Բացի այդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում չի կիրառվում, «երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»: Բողոքաբերը նշում է նաև, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի տված բնութագրերը «կրել են ձևական բնույթ», «կատարված հանրօգուտ և շինարարական աշխատանքներին» Վարդան Մուխսիխաչոյանի մասնակցելը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:

Բողոքաբերը խնդրել է բեկանել Վ. Մուխսիխաչոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշումը, «փոփոխել դատական ակտը և «Կոշ» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը մերժել», «հաշվի առնելով, որ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները տալիս են հնարավորություն փոփոխելու դատական ակտը և դա բխում է արդարադատության շահերից»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի` ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

Իսկ ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի` «Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:

Ինչպես երևում է ներկայացված նյութերից, դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը: ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 18.06.1997 թ. դատավճռով որոշված 1.000.000 և 4.930.000 ՀՀ դրամ գումարները, որոնց հատուցումը համապարտության կարգով դրվել է դատապարտյալների վրա, տուժողի ներկայացուցչին ամբողջությամբ չի հատուցվել: Ինչպես երևում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումից, Վարդան Մուխսիխաչոյանի կողմից հօգուտ տուժողի ներկայացուցիչ Փայլակ Միքայելյանի մուծվել է 375.000 ՀՀ դրամ, 1.130.160 ՀՀ դրամ և 1.300.000 ՀՀ դրամ: Գործով մյուս դատապարտյալ Ա. Միրաբյանի կողմից մուծվել է 856.800 և 341.700 ՀՀ դրամ: Այսպիսով, դատավճռով որոշված հատուցման ենթակա գումարը տուժողի ներկայացուցչին ամբողջությամբ չի հատուցվել: Չնայած դրան, առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ նշելով, թե «դատապարտյալը հարթել է տուժողին պատճառված վնասը», որոշել է Վարդան Մուխսիխաչոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը հաշվի առնելու անհրաժեշտության վերաբերյալ, և խախտելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, որն ամրագրում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումն արգելող ուղղակի նորմ այն դեպքերի համար, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:

Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ Վարդան Մուխսիխաչոյանը ուղղվել է և պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը լուծելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը, պետք է նկատի ունենար, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն այն դատապարտյալի նկատմամբ, որը կրելով նշանակված պատժի` օրենքով սահմանված մասը, վարքով ապացուցել է իր ուղղված լինելը, հետևաբար` ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունենալը:

Դատապարտյալ Վարդան Մուխսիխաչոյանի անձնական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա չի ուղղվել, պատիժը կրելու ընթացքում թույլ է տվել իրավախախտումներ, որոնց համար ութ անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Վերոհիշյալ տույժերին նա ենթարկվել է հիմնարկի ներքին կանոնակարգը պարբերաբար խախտելու, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները չկատարելու, պարբերաբար անհարգելի պատճառով հաշվառման չներկայանալու, քաղաքացիական հագուստ կրելու, գիշերային ժամերին իրեն հատկացված տեղում չքնելու, իր գործողություններով մյուս դատապարտյալների վրա բացասական ազդեցություն թողնելու համար: Խրախուսանքի է արժանացել 2 անգամ` 30.12.2005 թ. հանվել է նախկինում ստացած տույժը, 03.07.2007 թ. հատկացվել է լրացուցիչ երկարատև տեսակցություն: Վերջին խրախուսանքը տրվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու գործընթացում: Նշանակված տույժերը համաձայն օրենքի մարվել են, սակայն դատապարտյալի վարքը գնահատելիս նրա կատարած իրավախախտումները ենթակա են ուսումնասիրության և գնահատման: Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատապարտյալի ուղղված լինելու մասին դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: Դատարանը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենքի պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ ապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը, այն է` պատժի ենթարկված անձին ուղղելը, սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը: Դատապարտյալի ուղղման մասին եզրակացությունը պետք է հիմնվի ոչ միայն պատժի կրման ընթացքում նրա վարքագծի, այլ նաև անձի և հանցագործության բազմակողմանի գնահատման վրա:

Այսպիսով, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը, Վարդան Միգիչի Մուխսիխաչոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ իր 27.08.2007 թ. որոշմամբ, և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը` այդ որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ իր 04.10.2007 թ. որոշմամբ, անտեսել են ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ուստի այդ որոշումները օրինական և հիմնավորված չեն:

Ելնելով վերը շարադրվածից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Միգիչի Մուխսիխաչոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա պետք է ամբողջությամբ բեկանել և փոփոխել` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառման օրենսդրական պայմանները Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է և այդ խնդրի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նաև Իշխան Հովսեփի Ռուշանյանի վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-179 որոշմամբ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Բեկանել դատապարտյալ Վարդան Միգիչի Մուխսիխաչոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը բավարարելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 27-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումները և «Կոշ» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը մերժել:

Վարդան Մուխսիխաչոյանին տեղափոխել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` պատիժը կրելու:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Տ. Սահակյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2007
N ՎԲ-212/07
Որոշում