Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ         Քաղաքացիական գործ թիվ 3-1695 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2567

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

դատավորներ` Գ. Մատինյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մ. Եղիյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ Մ. Եղիյանի հայցի ընդդեմ «Շատրվան» ՍՊԸ-ի, «Վան-Արյան» ՍՊԸ-ի, Աշոտ Հարությունյանի` վտարման, գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Աշոտ Հարությունյանի հակընդդեմ հայցի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Մ. Եղիյանը պահանջել է «Շատրվան» ՍՊԸ-ին, «Վան-Արյան» ՍՊԸ-ին, Աշոտ Հարությունյանին վտարել Մ. Բաղրամյան 54 հասցեի տարածքից և Ա. Հարությունյանից բռնագանձել 10.300.000 դրամ:

Հակընդդեմ հայցով Ա. Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Մ. Եղիյանին շուկայական գներով հատուցել Մ. Բաղրամյան թիվ 54 հասցեում գտնվող խանութ-սրահի ձեռքբերման կապակցությամբ կատարված ծախսերը` որպես պատճառված վնաս:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն: Վճռվել է Մ. Եղիյանի կողմից «Շատրվան» ՍՊԸ-ին 4.700.000 դրամ փոխհատուցելու միջոցով «Շատրվան» ՍՊԸ-ին, «Վան-Արյան» ՍՊԸ-ին, Աշոտ Հարությունյանին վտարել Երևան քաղաքի Մ. Բաղրամյան 54 հասցեում գտնվող ընդհանուր սեփականության իրավունքով Մ. Եղիյանին պատկանող հողամասից: Մ. Եղիյանի հայցը` 10.300.000 դրամ Ա. Հարությունյանից բռնագանձելու մասով մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն: Վճռվել է Մ. Եղիյանի կողմից «Շատրվան» ՍՊԸ-ին 11.100.000 դրամ փոխհատուցելու միջոցով «Շատրվան» ՍՊԸ-ին, «Վան-Արյան» ՍՊԸ-ին, Աշոտ Հարությունյանին վտարել Երևան քաղաքի Մ. Բաղրամյան 54 հասցեում գտնվող ընդհանուր սեփականության իրավունքով Մ. Եղիյանին պատկանող հողամասից: Մ. Եղիյանի հայցը` 10.300.000 դրամ Ա. Հարությունյանից բռնագանձելու մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մ. Եղիյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ա. Հարությունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Երևան քաղաքի Մ. Բաղրամյան 54 հասցեում գտնվող հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Մ. Եղիյանին, որին հողամասի մյուս սեփականատերերի համաձայնությամբ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 28.02.1991 թվականի թիվ 1/22 որոշմամբ թույլատրվել է Մ. Բաղրամյան 54 հասցեի բակում կառուցել «Մասիս» արտադրական միավորման կոշիկի թիվ 4 ֆաբրիկային կից խանութ-սրահ:

20.04.1993 թվականին «Շատրվան» ՍՊԸ-ի և Մ. Եղիյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով Մ. Եղիյանը նույն հողամասի տարածքից պարտավորվել է առանձնացնել 80 քմ տարածք, որից 30 քմ մակերեսով տարածքը` 5 տարով, իսկ 50 քմ մակերեսով տարածքը` երեք տարով, վարձակալությամբ հանձնել ընկերությանը` խանութ-սրահ կառուցելու նպատակով: Նշված պայմանագրի պայմանագրի 3-րդ պարբերության համաձայն, եթե պայմանագիրը լուծվի Մ. Եղիյանի մեղքով, ապա նա պարտավոր է շուկայական գներով փոխհատուցել շինարարության հետ կապված բոլոր կատարված ծախսերը: Պայմանագրի ժամկետն ավարտվել է 1998 թվականին, այսինքն` պայմանագրի դադարման մեջ Մ. Եղիյանը մեղավոր չէ: Հետևաբար, կատարված շինարարության հետ կապված ծախսերի շուկայական գներով հատուցման պարտավորություն Մ. Եղիյանը չպետք է կրի:

Վերաքննիչ դատարանը հղում կատարելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.06.1999 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռին` Ա. Հարությունյանի հակընդդեմ հայցը բավարարել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ նշված 11.100.000 դրամի չափով: Մինչդեռ, Ա. Հարությունյանի կողմից խանութ-սրահի կառուցման կապակցությամբ կատարված ծախսերի շուկայական գներով հատուցման վերաբերյալ հանգամանք Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.1999 թվականի վճռով չի հաստատվել, այլ հաստատվել է պայմանագրի դադարման դեպքում փոխհատուցում տալու վերաբերյալ հանգամանք: Նկատի ունենալով, որ «Կառուցագետ» ՍՊԸ-ի եզրակացության համաձայն` խանութ-սրահի իրական արժեքը կազմում է 4.700.000 դրամ, ուստի հակընդդեմ հայցը պետք է բավարարվեր 4.700.000 դրամի չափով, ինչն արվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռին կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ տրվել է ինչպես կառույցի շուկայական արժեքը, այնպես էլ նմանատիպ խանութ-սրահ կառուցելու համար անհրաժեշտ ծախսերը: Իսկ «Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է խանութ-սրահի թերի հետազոտություն և գնահատում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը իրավացիորեն հակընդդեմ հայցը բավարարել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ նշված խանութ-սրահի, շուկայական արժեքի` 11.100.000 դրամի չափով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 28.02.1991 թվականի թիվ 1/22 որոշմամբ Մ. Եղիյանին թույլատրվել է Մ. Բաղրամյան 54 հասցեում կառուցել «Մասիս» արտադրական միավորման կոշիկի թիվ 4 խանութ-սրահ (գ.թ. 9):

2) Մ. Եղիյանի (վարձատու) և Ա. Հարությունյանի (վարձակալ) միջև 20.04.1993 թվականին կնքված վարձակալության պայմանագրով Մ. Եղիյանը պարտավորվել է ընդհանուր սեփականությամբ իրեն պատկանող հողամասից առանձնացնել 80 քմ մակերեսով տարածք և դրանից 30 քմ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով, իսկ 50 քմ մակերեսով տարածքը` 3 տարի ժամկետով, խանութ-սրահ կառուցելու համար վարձակալությամբ հանձնել Ա. Հարությունյանին, իսկ Ա. Հարությունյանը պարտավորվել է վարձավճարի դիմաց վարձակալած 80 քմ մակերեսով տարածքից 10 քմ մակերեսով տարածք 3 տարի ժամկետով տրամադրել Մ. Եղիյանին (գ.թ. 7):

3) Մ. Բաղրամյան 54 հասցեում գտնվող խանութ-սրահի իրական արժեքն` առանց դրա ներքո գտնվող հողատարածքի արժեքի ներառման և առանց տեղակայման հաշվառման կազմում է 4.700.000 դրամ (գ.թ. 146-153):

4) 09.03.2005 թվականի թիվ 03360507 եզրակացության համաձայն` վիճելի խանութ-սրահի շուկայական արժեքը` առանց հողատարածքի արժեքի ներառման, կազմում է 11.100.000 դրամ (գ.թ. 79-82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելիս` Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել «Կառուցագետ» ՍՊԸ-ի 20.02.2007 թվականի եզրակացությունը, համաձայն որի` վիճելի խանութ-սրահի իրական արժեքը` առանց դրա ներքո գտնվող հողատարածքի արժեքի ներառման և առանց տեղակայման հաշվառման կազմում է 4.700.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելիս հիմք է ընդունել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 09.03.2005 թվականի եզրակացությունը, ըստ որի` վիճելի խանութ-սրահի շուկայական արժեքն` առանց հողատարածքի արժեքի ներառման, կազմում է 11.100.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.1999 թվականի վճռին, եզրահանգել է, որ փոխհատուցումը պետք է տրվի շուկայական գներով: Մինչդեռ, Մ. Եղիյանի և Ա. Հարությունյանի միջև 20.04.1993 թվականին կնքված պայմանագրով նախատեսված` պայմանագրի դադարման դեպքում շուկայական գներով Մ. Եղիյանի կողմից փոխհատուցում տրամադրելու մասին դրույթը վերաբերել է պայմանագրով սահմանված ժամկետում Մ. Եղիյանի մեղքով պայմանագրի դադարման դեպքին: Իսկ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է 1998 թվականին: Այսինքն, պայմանագիրը դադարել է ժամկետի ավարտմամբ, հետևաբար Մ. Եղիյանի մեղքը պայմանագրի դադարման հարցում բացակայում է: Նշվածից հետևում է, որ պայմանագրի դադարեցման և վարձակալի վտարման դեպքում Մ. Եղիյանը ներկա պահին գույքի արժեքի շուկայական գներով փոխհատուցման պարտավորություն չի կարող կրել: Իսկ Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.1999 թվականի վճռով հաստատվել է ոչ թե Մ. Եղիյանի մեղքով պայմանագրի դադարման դեպքում շուկայական գներով վնասների հատուցման վերաբերյալ հանգամանքը, այլ պայմանագրի գործողության ժամկետում դրա դադարեցման դեպքում փոխհատուցում տալու վերաբերյալ հանգամանքը:

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 09.03.2005 թվականի թիվ 03360507 եզրակացության համաձայն` վիճելի խանութ-սրահ շուկայական արժեքն` առանց հողատարածքի արժեքի ներառման, կազմել է 11.100.000 դրամ:

Փաստորեն, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված փորձաքննությամբ գնահատվել է խանութ-սրահի շուկայական արժեքը խանութ-սրահի գտնվելու վայրի, այսինքն` տեղակայման գործոնի ազդեցությամբ: Հետևաբար, նշված փորձաքննության եզրակացությունը չի արտացոլում խանութ-սրահի իրական արժեքը: Մինչդեռ, «Կառուցագետ» ՍՊԸ-ի 20.02.2007 թվականի թիվ Կ-07/015-01 եզրակացության համաձայն` վիճելի խանութ-սրահի արժեքն` առանց դրա ներքո գտնվող հողատարածքի արժեքի ներառման և առանց տեղակայման հաշվառման, կազմում է 4.700.000 դրամ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերը նշված ապացույցները պատշաճ գնահատման չի արժանացրել, որի արդյունքում հանգել է սխալ հետևության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը վճռի բեկանման հիմք է, եթե դա հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով` վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը գտնում է հիմնավոր և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է դիտում:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը պետք է բեկանել և օրինական ուժ տալ երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռին, որը պատճառաբանված է և հիմնավորված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2007
N 3-1695(ՎԴ)
Որոշում