Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ           Քաղաքացիական գործ թիվ 3-1946 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3328

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Նարինե Եղիազարյանի ընդդեմ Ընկերության` աշխատանքում վերականգնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը վերականգնել իրեն Ընկերության տնօրենի օգնականի պաշտոնում:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 30.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ գործի քննության ժամանակ դատարան չի ներկայացվել որևէ գրավոր ապացույց այն մասին, որ հայցվորն իր աշխատանքային կամ մասնագիտական ունակություններին կամ զբաղեցված պաշտոնին չի համապատասխանում: Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նման գրավոր ապացույց ներկայացնելու պահանջ չի նախատեսվում: Դատարանը առանց որևէ իրավական հիմքի գործատուից պահանջել է ներկայացնելու ապացույց կապված իր իրավունքի իրականացման հետ: Հրամանն ըստ էության հանդիսանում է միակ հիմնական և կարևոր ապացույցը, որով գործատուն իրականացրել է օրենքով իրեն վերապահված իրավունքը:

Բացի այդ, հայցվորի և ընկերության միջև լարվածությունն այնպիսին է, որ հնարավոր չէ պատկերացնել նրանց հետագա նորմալ աշխատանքային հարաբերությունները, հետևաբար, տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետը:

Սույն քաղաքացիական գործի դատավարության ընթացքում Նարինե Եղիազարյանի կողմից տարբեր օրաթերթերում տպագրվել են հոդվածներ, որոնք ըստ էության գործատուի վերաբերյալ վարկաբեկող տեղեկություններ են պարունակում, որի պայմաններում որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել աշխատողի աշխատանքային գործունեությունը գործատուի հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 30.07.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 04.01.2005 թվականին Ընկերության և Նարինե Եղիազարյանի միջև կնքվել է թիվ 34 ժամկետային աշխատանքային պայմանագիրը և վերջինս ընդունվել է աշխատանքի որպես աշխատակազմի տնօրենի օգնական:

2) Ժամկետային աշխատանքային պայմանագիրը ժամկետի ավարտից հետո շարունակվելու հիմքով դարձել է անորոշ ժամկետով կնքված:

3) Ընկերության տնօրենի 28.03.2007 թվականի թիվ 22-9 հրամանով լուծվել է աշխատանքային պայմանագիրը և Նարինե Եղիազարյանը 30.03.2007 թվականին ազատվել է աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և նույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հիմքով:

4) Նարինե Եղիազարյանը իրեն չի դրսևորել աշխատասեր, կարգապահ և կատարող, տնօրինության և աշխատակիցների հետ եղել է անհաշտ և անհանդուրժող:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքի հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետի սխալ կիրառման մասին հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատում է գործատուն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետում օրենսդիրը ամրագրել է «մասնագիտական ունակությունների» հասկացությունը, որը չի կարող նույնացվել նույն հոդվածի 1-ին կետում ամրագրված «մասնագիտական գիտելիքների անբավարարություն» հասկացության հետ: Նույն տրամաբանությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետով օրենսդիրը աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու հարցը վերապահել է գործատուին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետը, քանի որ գործով ապացուցված է գործատուի և հայցվորի միջև լարված հարաբերությունների փաստը, ինչպես նաև նորմալ աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության փաստը, որպիսի պայմաններում անհնարին է աշխատողի աշխատանքային պարտականությունների իրականացումը:

Այսպիսով, բողոքի հիմքի հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել` Նարինե Եղիազարյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2007
N 3-1946(ՎԴ)
Որոշում